Ծայրահեղ թշվառությունը այն աստիճան խեղել է մեզ, որ անընդունակ ենք դառել գնահատելու արդեն կատարված իրողությունը և հավանական հեռանկարները:
Մեր կառավարական կազմի միջից կորցրինք ամենաուժեղ անդամը՝ Խաչիկ Կարճիկյանին, որը գուցե միակ պետական մարդն էր մեր մեջ: Նրանից հետո դաշնակցականներից մնում է միայն Արամը, Ալեքսանդր Խատիսյանը եւ Սիրական Տիգրանյանը: Արամը ուժեղ, եռանդուն, գործունյա, մասսաների մեջ ազդեցիկ մարդ է: Բայց նրան պակասում է պետական ըմբռնողություն, լայն հայացք, օրինականության զգացմունք, հետո նրան չեն կարող տանել բոլոր կուսակցությունները, բացի դաշնակցությունից, նույնիսկ դաշնակցության մի խոշոր թեւ բացասաբար է վերաբերվում, սա շատ է դժվարացնում թե՜ իր դրությունը, թե՜ կառավարության դրությունը, բայց ուրիշ մարդ չկա, որ կարողանար փոխարինել նրան: Ալեքսանդր Խատիսյանը անսպառ եռանդի եւ աշխատելու տարօրինակ ընդունակության տեր մարդ է, կարող է օրեկան 18 ժամ աշխատել առանց հոգնելու, ունի ձեռներեցություն (ինիցիատիվա), պինդ ջղեր, շուտ ըմբռնում է հարցերը, վարչական մեծ փորձառություն ունի, կարողանում է հարմարվել եւ գտնել միջին գիծը … Իմ այսօրվա կաբինետի մեջ ամենից գնահատելի անդամը նա է, դժբախտաբար բարոյական հեղինակություն չունի, չի ներշնչում հավատ եւ վստահություն դեպի իր անձնավորությունը, եւ սա շատ է խանգարում գործունեությանը: Չորրոդ դաշնակցականը իմ կաբինետի մեջ Սիրական Տիգրանյանն է (արտաքին գործերի մինիստր, նախկին անդամ Ռուսական Պետական դումայի եւ փոխնախագահ Անդրկովկասյան Սեյմի), բավականին պատրաստված, դատելու ընդունակ, բայց միաժամանակ աբստրակտ, անպտուղ եւ ապիկար մտքի տեր մարդ է, լավ դիրեկտոր կանցելյարի կլիներ, եւ ոչ արտաքին գործերի վարիչ, բայց նրանից լավը չկա:
Հայ ժողովրդական կուսակցությանը պատկանող մինիստրներից ամենից գնահատելին Արտաշես Էնֆիաճյանն է (ծխախոտի գործարանատերը), անկեղծ ու շիտակ մարդ է, խելքը գլխին, գործը հասկացող (ֆինանսների մինիստր է), բարեխղճորեն աշխատում է, բայց քաղաքական կյանքի մեջ նոր մարդ է, դժվար է կողմնորոշվում: Դրան հակառակ, Սամսոն Հարությունյանը (արդարադատության մինիստր) երկար տարիների ընթացքում եղել է հասարակական կյանքի մեջ, փորձառություն եւ եռանդ ունի, բայց աղքատ է թե՜ մտքով եւ թե՜ հոգով, մանր մարդ է, որ հաջողությամբ կարող է վարել մանր գործեր, բայց պետական մասշտաբը վեր է իր ընդունակություններից: Ի լրումն ամենայնի, խորամանկ է եւ ինտրիգան: Լեւոն Ղուլյանը (պարենավորման մինիստր) գործնականապես խելացի, շատ ճարպիկ եւ ընդունակ մարդ է, բայց անվստահելի, իրեն թունդ հայ է ձեւացնում, բայց իրոք մի Աստված ունի միայն՝ իր սեփական շահը: Չորրորդը՝ Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը (լուսավորության մինիստրը)՝ մեծամիտ, ինքնահավան, բայց ներքուստ դատարկ ու սնանկ մարդ է: Ունենք նաեւ պետական կոնտրոլյոր՝ Մինաս Բերբերյանը՝ բավականին խելացի եւ հասկացող մարդ է, հասարակական ջիղ ունի, ունի եւ փորձառություն, բայց … բանկիր է՝ այդ տիպին հատուկ գծերով:
Ահա մեր մինիստրները: Դրանց վրա ավելացրու ինձ, որ ամենեւին չեմ համապատասխանում իմ բարձր եւ պատասխանատու կոչմանը: Ո՜չ իմ գիտությունով եւ պատրաստությունով, ո՜չ իմ խելքով եւ ընդունակություններով, ո՜չ եռանդով եւ կամքի ուժով չեմ կարող վարել կառավարական ղեկը, այն էլ այսպիսի դժոխային պայմանների մեջ: Այդ ես շատ լավ գիտեի հենց սկզբից, բայց ես չէի կարող մերժել ինձ առաջարկած պաշտոնը, որովհետեւ տեսնում էի, որ ուրիշ ելք չկա: Այդ անելանելի դրությունը շարունակվում է մինչեւ այսօր: Մարդ չկա, որ ինձ փոխարինի. ահա իրողությունը: Որքան էլ թույլ, հոգնած ու անընդունակ եմ ես, այնուամենայնիվ, այսօր ես միակ մարդն եմ, որ կարող է կազմի եւ պահպանի մի կառավարություն: Եթե ես չլինեմ, ամեն բան կքանդվի, եթե այդ վախը չունենայի, ոչ մի րոպե չէի մնա տեղս: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ քաշելով ինձ վրա դրած անասելի ծանր լուծը, ես ամենամեծ անձնազոհությունն եմ անում: Պարտականության զգացմունքը եւ մեծ սերը դեպի վերածնվող հայրենիքը եւ հայ ժողովուրդը` ահա թե ինչն է պահում ինձ իմ տեղը: Որքա՜ն երջանիկ կլինեմ այն օրը, երբ հանգիստ խղճով կարողանամ քաշվել մի անկյուն, նվիրվել իմ համեստ գործին եւ իբրեւ շարքային, իբրեւ մեկը հազարներից, իմ փոքրիկ գործը կատարեմ նույն հայրենիքի համար:
Լինում են ժամեր, երբ հուսահատությունը կլանում է ինձ ամբողջովին: Լինում են ժամեր, երբ ուզում եմ բղավել՝ այլեւս չեմ կարող … բայց իսկույն սթափվում եմ: Տես մեր այսօրվա կացությունը հենց մինիստրական կազմի մեջ: Լ. Ղուլյանը 5 շաբաթ առաջ գնաց Թիֆլիս կառավարական գործերով, որ մի քանի օր պիտի տեւեր միայն, բայց մինչեւ այսօր չի վերադարձել, մնում է արգելված Թիֆլիսում: Նրանից առաջ գնաց իմ անմիջական օգնականը, մինիստրական գործերի կառավարիչ Գեւորգ Խատիսյանը, որ իսկույն պիտի վերադառնար, բայց որը նույնպես մինչեւ այսօր մնում է արգելված Թիֆլիսում: Ներքին գործերի մինիստր Արամը երկու շաբաթ է, որ պառկած է հիվանդ բծավոր տիֆով, շատ ծանր հիվանդ է, վաղը սպասվում է կրիզիսը, եթե դիմանա էլ կրիզիսին, մի ամիս անընդունակ կլինի աշխատանքի: Արտաքին գործերի մինիստր Ս. Տիգրանյանը բացակա է, գնացել է Կարս գործերով: Պետական կոնտրոլյոր Մ. Բերբերյանը մերձիմահ հիվանդ է բծավոր տիֆով: Մարդիկ չկան, բացակայում են, հիվանդ են: Իսկ գործերը օր-օրի վրա ավելանում ու բարդանում են եւ ամենից ծանրը այս րոպեիս այն է, որ դրամ չունենք, պետական սնդուկը դատարկ է … մեր փողերը մնացել են Թիֆլիս, վրացիների ձեռքում, իսկ որբերին պետք է պահել, քաղցածներին պետք է հաց բաժանել, հիվանդներին պետք է բժշկել, ծառայողներին պետք է ռոճիկ տալ, պետք է, բայց որտե՞ղից տանք …
Որ մտածում եմ, գլուխս պտույտ է գալիս: Գիտե՞ս ինչից է, որ կարողանում եմ այսքան երկար նամակ գրել: Երրորդ օրն է, որ իմ ընկերները արգելում են ինձ գործ անել, պահանջում են, որ հանգստանամ, եւ ահա 3 օր տանը նստած … հանգստանում եմ: Բոլորովին ուժասպառ եմ եղել: Այս վերջին 6 ամսվա շարունակ լարված դրությունը, ծանր հոգսերը, անվերջ մտածմունքները ինձ հալից գցել են: Մի քանի օր է, որ գլուխս սկսել է սաստիկ ցավել, մի բան, որ ինձ համար միանգամայն անծանոթ էր: Չեմ կարող ուշադրություն կենտրոնացնել մի բանի վրա, չեմ կարող արդյունավետ կերպով մտածել, լսել, հասկանալ, կարգադրել … բժիշկները անվանում են սուր գերհոգնածություն եւ պահանջում են, որ հանգստանամ: Բայց ինչպե՞ս, ահա 3 օր է, որ նստած եմ տանը, բայց ոչ մի թեթեւություն չեմ զգում: Գլուխս շարունակում է ճաքել ցավից: Գործ չեմ անում, ճի՜շտ է, բայց ինչպե՞ս հանեմ մտքիցս մտածմունքները, ինչպե՞ս ազատվեմ այն մտքից, որ պատասխանատու եմ իմ ամբողջ ժողովրդի առաջ, թե իմ սխալ քայլից կարող եմ վտանգվել այդ ժողովրդի ներկան եւ ապագան: Ես իրավունք չունեմ տկար եւ հիվանդ լինելու, ես իրավունք չունեմ հանգստանալու, ես պետք է դիմանամ – ահա թե ինչ եմ ասում ինձ ամեն օր, ամեն ժամ, պետք է դիմանամ, ինչպես դիմանում է այս մեռնող ժողովուրդը:
Մի մեծ լույս, հավատ կա հոգուս խորքում մեխված, որ արշալույսը մոտ է: Պետք է միայն դիմանալ, պետք է հավաքել ուժերի ամբողջ մնացորդը, պետք է վերջին ճիգը անել եւ ոտքերի վրա կանգնած մնալ: Ասում եմ այսքան զոհ տվել ենք արդեն, այսքան արյուն եւ արցունք թափել, այսքան տներ ավիրել, այսքան վառ օջախներ հանգցրել, պետք է, որ այս բոլորը գտնի իր վարձատրությունը: Ոչ մեզ համար, այլ մեր որդկերանց համար, թեկուզ էլի 10 հազար մարդ կոտորվի, ես էլ նրանց հետ, բայց գոնե նրանք, որոնք ողջ կմնան, մի օր տեսնեն, ազատ շունչ քաշեն, մարդավայել կյանքով ապրեն: Եվ այդ կլինի, այդ մոտ է լինելու:
Ծայրահեղ թշվառությունը այն աստիճան խեղել է մեզ, որ անընդունակ ենք դառել գնահատելու արդեն կատարված իրողությունը եւ հավանական հեռանակարները: Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրեւ քաղաքական միավոր` հեռավոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստ է արդեն: Թող որ այդ հանրապետությունը փոքր ու աղքատ լինի, թող ժողովուրդը ենթարկված լինի սովի ու համաճարակի, դա անցողակի բան է: Փաստը արդեն կատարվել է, եւ չկա աշխարհիս երեսին այն ուժը, որ կարողանա բնաջինջ անել պատմության էջերից կատարված փաստը: 500 տարի ստրուկ լինելուց հետո, մի ժողովուրդ վերածնվում է ազատ եւ ինքնուրույն կյանքի համար: Եթե ես նայում եմ մեր խղճուկ խորհրդին (պառլամենտին), կառավարությանը, մեր պաշտոնյաներին, մեր վարչական կազմին, ուզում եմ բոռալ հուսահատությունից: Բայց հետո մտածում եմ` չէ՞ որ սա այնուամենայնիվ ազատ Հայաստանի պառլամենտն է, չէ՞ որ սա Հայկական կառավարությունն է … երբ տեսնում եմ մեր զորքերը, որ անցնում են փողոցներով իրենց ցնցոտիների մեջ, ասում եմ` չէ՞ որ սա հայկական զորք է: Մեծ սիմվոլը արդեն իրականացել է, դարավոր անեծքը վերացել, մնացածը կգա իր կարգին: Երկու-երեք ամիս առաջ հաղթանակող Տաճկաստանը չոքել էր մեր կրծքին ու խեղդում էր: Մեր երկրի մեծ մասը տաճկի ոտի տակն էր: Ամբողջ Ախալքալակը, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի ու Երեւանի գավառների մի մասը, ամբողջ Սուրմալուն, Ղարսը, Կաղզվանը, Կողբը թուրքական էին: Թուրքը նստած էր Լոռի, Ջալալօղլի եւ Ղարաքիլիսա, ծածանվում էր տաճկական նզովյալ դրոշակը: Երեւանից 6-7 վերստ հեռավորության վրա կանգնած էր տաճկական բանակը իր թնդանոթներով: Ո՞ւր է այժմ տաճիկը: Չքացավ, ինչպես չքանում է ջուրը անապատի ավազների մեջ: Արագությամբ եկան ու հեղեղեցին մեր երկիրը, այսօր ավելի մեծ արագությամբ քաշվում են իրենց բնական սահմանները: Ալեքսանդրապոլը, Էջմիածինը, Երեւանը, Դարալագյազը, Սուրմալուն արդեն ամբողջովին մերն են, վաղվանից կսկսենք մտնել Ղարսի շրջանը, երկու շաբաթից հետո արդեն Ղարսում նստած կլինենք, կանցնի դարձյալ երկու շաբաթ եւ մենք կլինենք արդեն Սարիղամիշում եւ Ղարաուրգանում … երա՞զ է սա:
Մեծ պետությունները ճանաչել են մեզ իբրեւ պատերազմող կողմ եւ տեղ են տվել մեր պատվիրակներին համաշխարհային կոնգրեսի մեջ: Մեծ տերությունները պաշտոնական հարաբերությունների մեջ են մեզ հետ, մեզ մոտ ներկայացուցիչներ են ուղարկում, մեզ թղթեր են գրում՝ ուղղված ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանը, մինիստր-նախագահին, արտաքին գործերի մինիստրին՚ … երա՞զ է սա, եթե երազ է, ուրեմն թող մեռնենք այս երազի մեջ, առանց արթնանալու:
Նամակս ընդհատում եմ, որովհետեւ մի անգլիական սպա ուղեւորվում է այսօր Թիֆլիս եւ հնարավորություն կա ուղարկել նրա հետ: Արտ. Էնֆիաճյանը նույն մարդու հետ գնում է Թիֆլիս, որ իր գործարանից քեզ հասցնեն 1500 ռուբլի, եթե ստացար այդ փողը, տեղեկացրու ինձ: Եթե Արամի մասին որեւէ նոր տեղեկություն ունես, գրի՜ր: Գրի՜ր նույնպես, թե վրաց կառավարության կողմից որեւէ նեղություն չի՞ տրվում քեզ: Գուցե խուզարկե՞լ են կամ մի նման բան:
Բարեւներս եւ համբույրներս բոլորիդ, քո Օհաննես:
1919 թ., հունվար