26.5 C
Yerevan

Հովհաննես Քաջազնունու Նամակն Իր Կնոջը.(Մաս Ա)

Պետա­կան մարդիկ չունենք, սկսած ինձա­նից, որ պետության գլուխն եմ կանգնած:

Սիրելի՜ս, անձնա­պես եւ նյութա­պես ես ոչինչ զրկանք չեմ կրում, ունեմ բնա­կա­րան, սնունդ, շոր, ծխա­խոտ, նույնիսկ շաքար: Շատ հաճախ, (համարյա ամեն օր) ճաշի նստե­լիս ձեզ եմ հիշում: Գիտեմ, թե ինչ նեղության մեջ պիտի լինեք դուք, գիտեմ, որ ամեն մի պատառ հացը, ամեն մի կտոր միսը, ամեն մի կտոր փայտը հաշվով եւ խնա­յո­ղա­բար եք գործա­ծում: Գիտեմ, որ սենյակներդ ցուրտ է, սնունդներդ պակաս, շորերդ պակաս ու գիտեմ, թե անձնա­պես դու որքան հոգնած պիտի լինես շուկա գնա­լուց, խոհա­նո­ցում աշխա­տե­լուց, լվացք անե­լուց: Ես ստա­նում եմ 1300 ռ. ռոճիկ եւ 500 ռ.՝ «ներկա­յա­ցուցչության» համար: Այդ «ներկա­յա­ցուցչություն»  գլխա­վո­րա­պես՝ ստո­րագրություններ հօգուտ որբե­րին ու որբա­նոցնե­րին, գաղթա­կաննե­րին, զինվորնե­րին, հաշմանդամնե­րին եւ այլն, եւ այլն: Հավա­նա­կան է, որ հունվա­րից սկսած բոլոր պետա­կան ծառա­յողնե­րի ռոճի­կը ավե­լացվի 30 տոկո­սով. եթե այդ օրենքը ընդունվի խորհրդի կողմից, ես կստա­նամ 1733 ռ. … Հիշում եմ Հրաչյա­յին, Արա­մին, ապա հիշում եմ‘ ոչ չեմ հիշում, այլ աչքե­րիս առա­ջը տեսնում եմ այն ժողո­վուրդը, այն հարյուր հազա­րա­վոր մարդիկ, որոնց կառա­վա­րե­լը ինձ է վիճակված — հիշում եմ, մտա­ծում եւ խելա­գարվում եմ ցավից ու կսկի­ծից: 

Չգի­տեմ, արդյոք երբեւի­ցե, որեւէ ժողո­վուրդ եղե՞լ է այն օրհա­սա­կան, այն անե­լա­նե­լի կացության մեջ, որ ապրում է այսօր հայ ժողո­վուրդը, տեղե­կություն չունեմ, թե ի՞նչ դրության մեջ են մեր փախստա­կաննե­րը Հյուսի­սա­յին Կովկա­սում, Վրաստա­նում, Ազրբեյջա­նում, բայց մեր հանրա­պե­տության սահմաննե­րում ժողո­վուրդը հասել է ծայր աստի­ճան թշվա­ռության, ժողո­վուրդը հոգեւարքի մեջ է, հաց չունենք ուտե­լու, անո­թի ենք, տուն չունենք ապրե­լու, մեր գյուղե­րը քանդված ու ավերված են, այս ձմեռ ժամա­նակ մնա­ցել ենք բացօդյա, փլա­տակնե­րի եւ քարե­րի տակ, շոր չունենք հագնե­լու, մերկ ենք, սառում ենք ցնցո­տի­նե­րի մեջ, ուժասպառ ենք, հիվանդ, մահա­մերձ հիվանդ: Բծա­վոր տիֆը այնպի­սի ծավալ է ստա­ցել, որ ստա­տիստի­կան չի հիշում անցյալնե­րում: Երեւան քաղա­քում, որ ունի 60–65 հազար ազգաբնակչություն, այսօր ավե­լի քան 2000 հիվանդ կա, 30 մարդուց մեկը պառկած է՝ հիվանդ բծա­վոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածնե­րից կեսը հիվանդ պառկած է կամ մեռած, հիվանդա­նոցներ չունենք, դեզինֆեկցիա­յի միջոցներ չունենք, վառե­լիք չունենք, որ բաղնիքնե­րը տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլնե­րից ազա­տենք, սապոն չունենք, որ լվացք անենք (ֆունտը 15–20 ռուբլի է), փող չունենք, մեր փողե­րը վրա­ցիք ձերբա­կա­լել են Թիֆլի­սում, հաղորդակցության միջոցներ չունենք, երկա­թուղա­յին գիծը ավերված է, չունենք նյութ եւ միջոցներ, որ վերա­կանգնենք, չունենք շոգե­կառքեր եւ վագոնններ, եղածնե­րը քայքայված են, եւ չենք կարող նորո­գել, որովհե­տեւ արհեստա­նոցներ չունենք, չկա նավթ, որ տաքացնենք շոգե­կառքե­րը, ֆուրգոններ եւ սայլեր չենք կարող բանեցնել, որովհե­տեւ ձիե­րը սատկում են անո­թությունից, իսկ եզնե­րը մորթում են ուտե­լու համար 


Այդ է մեր կացությունը: Միայն հայի անսահման տոկունությունն է, որ կարող է դեռեւս դիմա­նալ: Մեր զորքե­րը, որ Լոռիում այդպես քշե­ցին վրա­ցի­նե­րին, մերկ են եւ քաղցած: Պետա­կան որբա­նոցնե­րում տասը հազա­րից ավե­լի որբ ունենք, որոնց կիսա­քաղց գոյությունը պահպա­նե­լու համար օրա­կան 100 ռուբլի է պահանջվում, մոտ 300 հազար տնա­վեր գաղթա­կա­նություն ունենք, որոնք մեռնում են մեր աչքի առաջ եւ որոնց ոչ մի օգնություն չենք կարող անել: Պետա­կան մեխա­նիզմը չենք կարող կարգի բերել, որովհե­տեւ միջոց չունենք վարձատրե­լու: Ընդհա­նուր թշվա­ռության վրա ավե­լա­նում է նաեւ կաշա­ռա­կե­րություն, գողություն, թալան, ավա­զա­կություն, շանտաժ, որոնց դեմ հնար չունենք կռվե­լու: 

Հետո — արտա­քին բարդություննե­րը: Վրաստա­նը իր անվերջ լրբություննե­րով մեզ ստի­պեց պատե­րազմի դիմել, մի բան, որից ամեն կերպ աշխա­տում էինք մենք խույս տալ: Այժմ բարդություններ կարող են ծագել թուրքե­րի հետ Ղազա­խում, Շարուրում, Նախի­ջեւա­նում: Մի կողմից, մենք չենք կարող ամեն տեղ զիջել, ամենքի առաջ խոնարհվել, համբե­րել ու ետ նահանջել, որովհե­տեւ դրա­նով մեծա­պես վտանգում ենք մեր պետության ապա­գան, մեր քաղա­քա­կան դրությունը, մեր ինքնուրույնությունը, մեր ազա­տությունը — այն ամե­նը, որի համար այդքան ահռե­լի զոհեր ենք տվել, այդքան գերմարդկա­յին ճիգեր ենք թափել, դարե­րով եւ սերունդնե­րով ապրել ենք, մյուս կողմից ուժասպառ ենք այն աստի­ճան, որ ի վիճա­կի չենք շարունա­կել կռի­վը, դիմադրել, դիմա­նալ, նոր զոհա­բե­րություններ անել, իսկ արտա­քին օգնությունը (Ամե­րի­կա­յի կամ Անգլիա­յի կողմից), որի վրա դրել ենք մեր ամբողջ հույսը, դանդա­ղում է, չի արտա­հայտում իրեն շոշա­փե­լի ձեւով: 

Այդ է մեր դրության տրա­գե­դիան: Կառա­վա­րությունը լարում է բոլոր ուժե­րը՝ մի ելք գտնե­լու, բայց անզոր է: Անզոր է եւ արտա­քին պայմաննե­րի շնորհիվ, եւ ներքին գիտության, փորձա­ռության եւ տաղանդնե­րի պակա­սության պատճա­ռով: Պետա­կան մարդիկ չունենք, սկսած ինձա­նից, որ պետության գլուխն եմ կանգնած: Մինչեւ հիմա չենք կարո­ղա­ցել կազմա­կերպել կենտրո­նա­կան վարչությունը՝ մինիստրություննե­րը եւ մինիստրնե­րի խորհուրդը: Իմ նախկին կաբի­նե­տը, որ կազմված էր դաշնակցա­կաննե­րից (Արամ, Կարճիկյան) եւ չեզոքնե­րից (գեն. Հախվերդյան, Պետրոսյան), չդի­մա­ցավ, որովհե­տեւ մեծա­մասնություն չուներ իր ետեւը՝ խորհրդի (պառլա­մենտի) մեջ: Ստիպված եղա նոր կաբի­նետ կազմել հայ ժողովրդա­կան կուսակցության մասնակցությամբ: Սրա­նով մի մեքե­նա­յա­կան մեծա­մասնություն ստեղծվեց խորհրդի մեջ (24 ձայն 43-ից), բայց ներքուստ անհա­մա­ձայնությունը, անվստա­հությունը, անտա­գո­նիզմը, նույնիսկ փոխա­դարձ ատե­լությունը չվե­րացվեց: 

Որքա՜ն աշխա­տանք, որքա՜ն լարված ուշադրություն, որքա՜ն կոմպրո­միսներ պահանջվում է ինձա­նից, որպեսզի կարո­ղա­նամ գոնե միա­ժա­մա­նակ, գոնե արտա­քուստ պահել համա­ձայնությունը: Ամեն օր սպա­սում եմ կատաստրոֆա­յի, ամեն օր կարող է պայթել թե՜ պառլա­մենտը, թե՜ կառա­վա­րությունը, եւ այն ժամա­նակ ամեն բան տակնուվրա կլի­նի, կսկսվի մի անարխիա, որ վերջնա­կա­նա­պես կխորտա­կի մեր մանուկ պետությունը: 

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ