Հայաստան

Բնական է Եւ Օրինաչափ

Էստեղ արդեն կա ոչ թե զուտ Ավագանու մեծամասնության ու քաղաքապետի հարց, այլ համապետական քաղաքական մեծամասնության ու քաղաքապետի հարց:

Հակոբ Բադալյան

Այս գրառումը քաղաքապետի մասին չէ, այս գրառումը նրան անվստահություն հայտնող  ուժի մասին չէ, այս գրառումը իրավիճակի քաղաքական տրամաբանության մասին է, հետեւաբար այս կամ այն կողմի պաշտպաններին կամ հակառակորդներին խնդրում եմ խնայել էներգիան այս պատի տակ եւ ծախսել ավելի թեժ պատերում:

 Մի փոքր անդրադարձ քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին:

Այն, ինչ կա, քաղաքական տեսանկյունից նորմալ է, որքան էլ չհնչի տարօրինակ: Մենք կարող ենք ամենատարբեր վերաբերմունք ունենալ Հայկ Մարությանի, Նիկոլ Փաշինյանի, քաղաքապետի կամ վարչապետի շրջապատի ցանկացած անհատի հանդեպ, բայց կա պարզ իրողություն՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունը, ինչպես ՏԻՄ որեւէ ընտրություն, քաղաքական է: Ընդ որում, հենց օրենսդրորեն է այն քաղաքականացվել, սահմանելով, որ դրան մասնակցում են քաղաքական միավորներ՝ կուսակցություններ, դաշինքներ:

Եթե քաղաքապետը ընտրվել է քաղաքական մի թիմով, որից հետո հրաժարվել է, ապա ստացվում է պարզ մի վիճակ՝ կամ այդ թիմն այլեւս չպետք է լինի քաղաքի ավագանու մեծամասնություն, կամ չպետք է լինի այդ ավագանու մեծամասնության հետ քաղաքական հարաբերությունը խզած քաղաքապետը:

Հայաստանի դեպքում այս հարցը ունի մեկ այլ առանձննահատկություն: Ֆորմալ առումով Երեւանը ՏԻՄ մակարդակ է, բայց դե ֆակտո՝ երկրի կեսը եւ հարաբերականորեն գուցե նույնիսկ ավելին: Հետեւաբար, էստեղ արդեն կա ոչ թե զուտ Ավագանու մեծամասնության ու քաղաքապետի հարց, այլ համապետական քաղաքական մեծամասնության ու քաղաքապետի հարց, հատկապես երբ այդ համապետական քաղաքական մեծամասնությամբ է ձեւավորվել քաղաքապետարանի մեծամասնությունն ու Ավագանիով ընտրվել քաղաքապետը:

Եվ, եթե ռեսուրսային առումով Հայաստանի կեսից ավելին հանդիսացող Երեւանի քաղաքապետը խզել է քաղաքական կապն այն ուժի հետ, որը պետք է տրամաբանորեն լինի իր հենարանը, ապա շատ բնականորեն առաջանում է հարցը՝ կամ այդ ուժը չպետք է լինի, կամ քաղաքապետը:

Պարզ է, որ անվստահության մնացյալ հիմնավորումները այսպես ասած ֆորմա են: Եթե Հայկ Մարությանը պահպաներ քաղաքական պատկանելությունը, ապա թերեւս չէր առաջանա նրա անվստահության հարց, ինչքան էլ լինեին այդ անվստահության «հիմքերը»:

Բայց, կրկնեմ, որ քաղաքական առումով տեղի ունեցողը օրինաչափ ու բնական է:

Ինչ վերաբերում է քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատանքին, ապա Մարությանի աշխատանքը բնականաբար գնահատվում է տարբեր կերպ: Ընդ որում, մարդիկ, որ երեկ նրան քննադատում էին որպես քաղաքի կառավարիչ, այսօր սատարում են ընդդեմ քաղաքական մեծամասնության: Դա էլ, նորմալ է: Ի վերջո, քաղաքապետի արդյունավետության պատասխանատվությունը նրա քաղաքական հենարանի վրա է:

Կլինի նոր քաղաքապետ, որն ավելի վա՞տ կաշխատի, դրա պատասխանատվությունը բնականաբար նստելու է քաղաքական մեծամասնության վրա եւ հանրությունն ավելի համոզիչ է ասելու, որ աշխատող քաղաքապետին փոխարինեցին վատ աշխատողով:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *