Հայաշխարհ

Ի՞նչ Ենք Ուզում

Մենք իրական պետականությունը մի կողմ դրինք ու զբաղվեցինք քարտեզային հայրենասիրությամբ: 

Արայիկ Մկրտումյան

Ամեն մեծ ճգնաժամ իր հետ բերում է բազում սուր հարցեր, որոնք շատ հաճախ անպատասխան են մնում: Գոյություն ունեն այսպես կոչված «միջանկյալ» մակարդակներ, որտեղ սովորաբար փորձ է արվում խցկել և՛ հարցը, և՛ պատասխանը: Արդյունքում ձևափոխվում է հարցն էլ, պատասխանն էլ: Ու երբ փորձ է արվում պայքարել սեփական վախի դեմ, բայց ոչ թե քաջությամբ այլ ստով, միշտ էլ ի վերջո ստիպված ես լինում կանգնել արդեն խորացած խնդրի առաջ, որը սակայն այլևս չես կարողանում հասկանալ, քանի որ ժամանակին հարցին պատասխանելու փոխարեն այն վերաձևակերպել ես ու հիմա ոչ մի պատասխան չի բավարարում:

Մենք հենց հիմա այդ վիճակում ենք գտնվում: Ժամանակին խուսափել ենք հարցին ուղիղ նայելուց, փորձել ենք հիմարացնել ինքներս մեզ, իսկ երբ եկել է պատասխանը տալու ժամանակը, մենք ոչ հարցն ենք կարողանում հասկանալ, ոչ էլ պատասխանն է գոհացուցիչ:

Ինչ է չգիտեի՞նք, որ մի օր պատերազմը նորից բռնկվելու է: Գիտեինք: Արդյո՞ք հույս ունեինք, որ ադրբեջանցիները ուղղակի կմոռանան Արցախի մասին: Ո՛չ: Արդյո՞ք կարծում էինք, որ Թուրքիան մի օր հենց այնպես Արևմտյան Հայաստանը կվերադարձնի: Ո՛չ: Եվ բազում այդպիսի «արդյոքներ», որոնց համար նախատեսված «ոչը» մեզ դուր չեկավ, բայց մենք փոխանակ նորմալ ու հստակ մեր առաջ նայելու, նախընտրեցինք հետաձգել վաղվան: Ամեն ինչ այնքան թողեցինք վաղվա վրա, որ հիմա նայում ենք, թե երեկ ինչ կարող էինք անել, որ չարեցինք: Ու ինչքան էլ հիմա իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրեն իրար, դրանից ոչ մի հարցի պատասխանը չի փոխվում: Ավելին, այդ հարցերը երբեմն միանգամից վերանում են որպես երևույթ, իսկ մենք մտածում ենք, թե որ պատասխանն ավելի ճիշտ կլիներ:

Ու հիմա, երբ ոչ միայն Արցախը մերը չէ, այլև մեզ ստիպում են ճանապարհ տալ ադրբեջանցուն, իսկ վերջինս էլ ախորժակն ավելի է մեծացնում, մենք շփոթված սկսում ենք իրար վրա գոռալ, թե ով էր մեղավոր: Ու նույնիսկ այդ պահին չենք հասկանում, որ ճչոցներով հարց չենք լուծելու: Ու չենք էլ ուզում հասկանալ, թե ինչու այսպես եղավ: Չենք ուզում ընդունել, որ այնքան մեծամիտ եղանք, որ քանի դեռ ադրբեջանցիները զինվում էին, մենք զբաղված էինք ուրախանալով պատմական քարտեզներով: Բա իհարկե, թուրքն ինչ զիբիլ է, որ մենք մեր ծանր տեղը թեթևացնենք ու լրջանանք: Լրջացանք…լրջացրին:

Ադրբեջանցիների ամեն գնած զենքի նոր խմբաքանակին մենք պատասխանում էինք հայրենասիրական կենացով: Էլի ու էլի: Եվս մեկ կենաց զինվորի համար, ևս մեկ կենաց էլ Վիլսոնի համար, ով Հայաստանի սահմանները գծեց տվեց մեզ, մենք էլ ուրախացանք, դեռ մի բան էլ շլացած նայում էինք թղթի կտորին և հրճվում:

Մենք հիմա էլ ենք նայում այդ թղթին ու հրճվում: 

Ու էդպես էլ մենք մեզ չհարցրինք, թե ուզածն ինչ է: Անորոշ խոսքերից բացի: Լավ մենք ի՞նչ էինք ուզում: Հիմա ինչ ենք ուզում: Արևմտյան Հայաստա՞ն, Արցա՞խ, Նախիջևա՞ն: Այդ դեպքում ինչու ոչինչ չարեցինք ու նստած երբեմն երբեմն հայհոյում էինք թուրքերին, ավելի հաճախ՝ իրար: Ու այդ քաոսի մեջ չհասցրինք հասկանանք, որ հայերի թշնամին դարձել է մեկ ուրիշ հայ: Նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ ձեզ ատողները հայեր են ու դուք էլ ում ատում եք՝ հայ են: Սա ձեզ ոչինչ չի ասո՞ւմ:

Լավ, էմոցիան մի պահ մի կողմ դնենք: Ինչպես գիտենք, աշխարհում միայն մենք չէ, որ հողային խնդիրներ ունենք: Սիրիան, Պաղեստինը, Իսրայելը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Հունաստանը, Արգենտինան, Բրիտանիան, Կորեաները, Ռուսաստանը: Մի խոսքով շատ շատերը: Էլ չեմ ասում արևելյան Եվրոպայի փոքրիկ արյունալի քաոսները Հարավսլավական ժառանգության հաշվով: Իսկ ինչպե՞ս են այդ բոլորը փորձում լուծել այդ հարցերը: Եթե փորձենք մի քիչ մեր քթից այն կողմ նայել ու կտեսնենք, որ նույնիսկ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես հսկաներն անգամ չեն կարողանում իրենց հողային վեճերը լուծել հանգիստ: Ու չհասկացանք, որ մեզ համար էլ ավելի բարդ է լինելու, մանավանդ, որ մեր թշնամին ոչ թե ինչ որ անկարողներ են, այլ մեկը դարավոր թշնամի թուրքն է, որն ի դեպ աշխարհի ուժեղ երկրներից է և նրա փոքր եղբայր Ադրբեջանը: Իսկ ի՞նչ արինք մենք: Ոչինչ: Զրո: Օդ: Փուչիկ:

Հիմա հնարավոր է շատերը հուզվեն և գոռան, որ անձամբ իրենք օդ չեն, որ արել են, շատ են արել, պայքարել են, կռվել են, գրել են, խոսել: Շատերը զոհվել են, վիրավորվել: Իհարկե, բայց չէ որ դրսից չի երևում, որ Պողոսն արեց, իսկ Պետրոսը չարեց: Դրսից երևում է, որ Հայաստանն արեց, կամ Հայաստանը չարեց: Եվ անցյալ տարի էլ աշխարհը ասեց, որ ՀՀ-ն պարտվեց, ինչպես որ 1994թ. ասացին, որ Հայաստանը հաղթեց: Որովհետև նույնիսկ հիմա մենք «իմ ու քո» ենք անում՝ փոխանակ ասելու՝ ՄԵՆՔ: 

Իսկ հիմա մենք ունենք այս վիճակը:

Իսկ ինչպե՞ս են մյուսները փորձում լուծել իրենց հարցերը: Օրինակ ինչպե՞ս է փորձում իր հարցերը լուծել Թուրքիան: Կոպիտ ուժով և դիվանագիտությամբ:

Բայց վերցնենք ավելի կոնկրետ օրինակ: Ինչպե՞ս Իսրայելը լուծեց Գոլանի բարձունքների հարցը: Բավական պարզ ու հասկանալի կերպով:  Երբ Սիրիայում ուրբանիզացիան դատարկում էր Գոլանի սիրիական հատվածի բնակչությունը, իսրայելյան քաղաքականությունը հրեաների էր բնակեցնում իր հատվածում: Անցան տարիներ ու Գոլանն այն տեսքն ուներ, որ մի կողմից սիրիական կիսադատարկ գյուղերն էին, մյուս կողմից՝ իրայելական ամուր կահավորված ու խիտ բնակչությամբ տարածք: Իսրայելը վերցրեց Գոլանի բարձունքը հենց այդպես:  Ու դրանից հետո երբ ուղղակի մի օր իսրայելցի զինվորականները գնացին կանգնեցին այդտեղ ու հայտարարեցին, որ իրենցն է, սիրիացիների բողոքներն արդեն անիմաստ էին:

Ինչո՞ւ մենք չվերաբնակեցրինք Արցախը: Ինչու 1991թ. սկսած Հայաստանից մեկնեց ու չվերադարձավ մեկ մլն-ից ավել մարդ: Ինչու Արցախի 120 հազար բնակչությունը չդարձավ կես մլն, մեկ մլն: Որ այդ մեկ մլն բնակչությունն ունենար հարուստ և ուժեղ 200 հազարանոց բանակ: Ինչո՞ւ Հայաստանից մեկնեց այլ ոչ թե վերադարձավ մեկ մլն հայ: Ինչո՞ւ այդպես էլ հազարավոր գործարանները չվերաբացվեցին: Ինչո՞ւ մինչև հիմա մայրաքաղաք Երևանում բազմաթիվ ուրվական շենքեր կան, անբնակ տարածքներ, երբ ողջ աշխարհում մարդիկ մի պտղունց հողի համար արյուն են թափում: Մեր մտքով գուցե չանցավ, որ մենք չենք կարող Արևմտյան Հայաստան վերադարձնել, եթե անգամ մեկ քաղաք չենք կարողանում մաքուր և ամուր պահել:

Մենք իրական պետականությունը մի կողմ դրինք ու զբաղվեցինք քարտեզային հայրենասիրությամբ: Մենք մինչև հիմա հայհոյում ենք, եթե Արցախը քարտեզից հանվում է, բայց չենք ուզում հասկանալ, որ մենք Արցախը կորցրինք այն պահից սկսած, երբ արհամարհեցինք բոլոր կարևոր երևույթները, կորցրինք այն պահից սկսած, երբ Արցախից ու ՀՀ-ից մարդիկ սկսեցին մեկնել ու չվերադառնալ: Երբ բաժակ բարձրացրինք, երբ մեր ծանոթն ազատվեց բանակից, ընդ որում գժի թղթով: Մենք հպարտ հպարտ նայում էինք, թե ինչպես են կիսագրագետ երգչուհիները էրոտիկ շարժումներով հիմար երգեր երգում՝ «հանուն հայրենիքի»: Մենք վաստակավորի կոչում տվինք ում պատահի, մենք սկսեցինք ծաղրել հայերեն կիրթ խոսելը, դասը սովորող տղային, փողոցը կեղտոտելը դարձավ ինքնահարգանքի շեմ: Մենք դիպլոմներ գնեցինք ու խոթեցինք ուրիշի աչքը: Փչացրինք ու աղավաղեցինք գրեթե ամեն ինչ: Թույլ տվինք, որ 12-րդ դարի եկեղեցին քար առ քար քանդվի, բայց սկսեցինք ախ ու վախ անել, երբ թուրքերը ռմբակոծեցին Շուշիի Սպիտակավորը: 

Մենք ամեն ինչում հակառակեցինք իրար: Մենք սկսեցինք պայքարել ոչ թե հանուն միմյանց, այլ իրար դեմ: Մենք մի կողմ դրինք սթափությունն ու ռեալը, ընկանք ինչ որ երազների հետևից:

Եվ հիմա մենք այստեղ ենք:

Մի տհաճ օրինակ: Պատկերացրեք, որ դուք ավտոտնակում մեքենայի մեջ եք ու շարժիչը միացված է: Գազը լցվում է ամենուր և դուք խեղդվում եք: Իսկ եթե ինչ որ մեկը դուռը բացի՞: Միևնույն է դուք արդեք մահացել եք: Իսկ եթե ինչ որ մեկը հասցնի ժամանակին գալ: Ձեզ կփրկեն: Իսկ ի՞նչ է պետք անել հասցնելու համար: Շատ բան…կարելի էր անել սրանից քսան, կամ նույնիսկ տասը տարի առաջ: Իսկ հիմա վայելում ենք:

Որոշներն ասում են, որ դրությունն այնքան էլ անհուսալի չէ: Համաձայն եմ: Դրությունն անհուսալի է, երբ տունն այրվում է: Իսկ երբ տունն արդեն այրվել է, դրություն արդեն գոյություն չունի:

Ու ես չեմ պատրաստվում լավատեսության հերթական դոզայով քնեցնել ինձ ու շրջապատիս: Խնդիրն այն է, որ մենք՝ հայերս, ի ծնե լավատես ենք Հայաստանի հարցով: Մենք նստում ենք ու հավատում ենք, որ հենց այնպես ուղղակի լավ կլինի:

Եվ հիմա մենք այստեղ ենք:

Ու հիմա մեր երազանքների քարտեզում Արևմտյան Հայաստանի ու Նախիջևանի հետ միասին ավելացել է նաև Արցախը: 

Գտած փողը չեն ափսոսում: Ծախսում են: Մեզնից շատերի համար արցախյան պատերազմի հաղթանակը գտած փող էր, որ վատնեցինք: 

Մինչդեռ կարելի էր 30 տարում ստեղծել ուժեղ և ամուր Հայաստան:

Իսկ ի՞նչ է ուզում սովորական հասարակ քաղաքացին: Երբ նա մենակ է, երբ գոռալու և կեղծելու առիթ չկա: Նա հասկանո՞ւմ է, թե ինչ է ուզում և ինչու: Նա հիմա պատրա՞ստ է Արցախի և Ցեղասպանության ճանաչման համար պայքարել այնպես, ինչպես երկու տարի առաջ, թե մոտիվացիան կորել է: Սա հարց է, որին չենք ուզում անդրադառնալ, մինչդեռ հիմա մտածելու ամենաճիշտ պահն է: Մի կողմ դնել բոլոր կենացները, քարտեզները, երազները և սթափ գլխով նայել հայելուն ու հարցնել, թե ինչ ենք ուզում: Ուզո՞ւմ ենք հետ բերել Արցախը: Ուզո՞ւմ ենք հետ բերել Արևմտյան Հայաստանը: Ուրեմն եկեք սկսենք հենց հիմա: Որովհետև նույնիսկ հիմա կարելի է լավ աշխատել ու մի քանի տարի հետո ունենալ Հայաստան-Սփյուռք ուժեղ կապ: Ու կարելի է ընդամենը մի քանի տարում այնպես բորբոքել թուրքական ու ադրբեջանական անջատողականներին, որ այդ երկրները մասնատվեն իրենք իրենց: Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է: Ինչպես նաև հնարավոր է կորցնել ամեն ինչ, եթե շարունակենք այս հոտած ու նեխած տրամաբանությամբ:

Իսկ ինչի՞ց սկսել: Հավանաբար այն բանից, որ հասկանանք, որ քանի դեռ ուժեղն է հարցը փորձում լուծել: ՄԱԿ-ն էլ կլռի, Հաագան էլ Ստրասբուրգն էլ: Հասկանալ, որ մենք, միայն  մենք կարող ենք ու պիտի լուծենք մեր հարցերը: Ու սկսենք լուծել այդ հարցերը, որ հետո, երբ հերթական աղետը չոքի մեր առաջ, մենք շփոթված իրար չնայենք, հասկանալու համար, թե ով ինչ արեց, կամ ով ինչ չարեց:

Ու հիմա երբ Թուրքիան հինգերորդ սերնդի կործանիչ է սարքում, մենք չպիտի զարմանանք, եթե 6-7 տարի հետո թուրքական հրթիռներն իջնեն Երևան: Մինչդեռ ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք այնպես անել, որ հայկական հրթիռները հասնեն Բաքու: Եվ դա մեծախոսություն չէ: Եթե հնարավոր է դարձյալ ողջ մնալ մի քանի հազար տարվա այս աշխարհաքանդիչ կյանքի մեջ ուրեմն հնարավոր է նաև ավելի ուժեղանալ: Բայց ամեն ինչ կարելի է միայն այն դեպքում, երբ հասկանանք, թե ինչ ենք ուզում: Իրապես: Հոգով ու սրտով: Ողջ էությամբ, ոչ թե զուտ ցանկություն:

Ու լինել սթափ: Այնքան, որ հասկանալ, որ Աստծո հետ խոսելու համար հարկավոր է աղոթել, իսկ հայրենիքը պահելու համար՝ սիրել: 

Մենք կարո՞ղ ենք: Մենք ուզո՞ւմ ենք:

Դու ի՞նչ ես ուզում, հենց դու: Երբ միայնակ ես ու ոչ ոքի մոտ ձևացնելու անհրաժեշտություն չկա: Երբ հայելու առաջ ինքդ քեզ ես նայում, ո՞ւմ ես տեսնում՝ իր գոռոզությանը պարտված հայի՞, թե սթափ հայի, ով արդեն հասկացել է, թե ինչ պիտի անի Շուշիում նորից եռագույն ծածանելու համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *