Ռուս-թուրքական առևտրի դիմաց վճարում է Հայաստանը
Մի քանի օր առաջ Ա1+ -ին հարցազրույց է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:
Զրույցը հիմնականում ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման, իսկ ավելի կոնկրետ ապաշրջափակման ու ճանապարհների բացման մասին:
Արամ Սարգսյանը մանրամասն անդրադարձ է արել սպասվելիք բացվող երկաթուղային ճանապարհին՝ խոսելով, թե ինչպես, որ տարածքներով է նախատեսվում և ոչ միայն պարզապես նշել դրա ընթացքը, այլև թե ինչ նշանակություն ունի այդ ճանապարհը՝ հստակ նշելով, թե այդ ճանապարհը ինչ հսկայական ազդեցություն է ունենալու հենց մեզ համար:
Արամ Սարգսյանը մանրամասն բացատրեց, թե ինչ է այսօրվա աշխարհում նշանակում նման ճանապարհը: Նա առաջարկեց ավելի վեր կանգնել կենցաղային մակարդակի քննարկումներից՝ հստակ բացատրելով, որ կա իրականություն, որի հետ պետք է հարմարվել և նույնիսկ օգտվել այդ իրավիճակից:
Արամ Սարգսյանը ներկայացրեց, որ այսօրվա հաշվարկներով մեկ կմ երկաթգիծը արժե մոտ 11 մլն դոլար և Հայաստանով անցնող 55 կմ-ոց ճանապարհը արժենալու է մոտ 500 մլն դոլար, բայց բացի դրանից Հայաստանն ունի նաև լրացուցիչ ծախսեր: Որպես օրինակ բերվեց Մեղրու քանդված երկաթգիծը: Արամ Սարգսյանը նշեց, որ իր վարչապետ եղած ժամանակ արդեն իսկ քանդված էր և մետաղական ամբողջ մասը վաճառվեց ինչ որ անվտանգային կառույցի կողմից: Շարունակելով խոսքը, Արամ Սարգսյանը նշեց, որ ինքը փորձել է արգելել դրա վաճառքը, բայց հանդիպել է շատ մեծ խնդիրների՝ նախագահ Քոչարյանի կողմից: Հիմա այդ երկաթգիծը վերանորոգվելու ժամանակ Սյունիքի երեք գյուղի համար նորից պետք է ավտոճանապարհ կառուցվի, ինչն իր հերթին կապված է մեծ գումարների ծախսի հետ: Մենք կարող էինք խուսափել այդ ամենից, բայց վարչակարգը դուրս էր կագնած հայրենական գաղափարից:
Արամ Սարգսյանը նաև անդրադարձ կատարեց այդ ճանապարհի ու ընդհանրապես այս վերջին ժամանակների խնդիրների հետ՝ մատնանշելով, թե ովքեր են և ինչպես են օգտվում վիճակից: Ռուսները, որոնց դերը գնալով նվազում է, Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով փորձում են ազդել Հայաստանի վրա, նրան զոռով մտցնել միութենական ճամբար, բայց Եվրոպան էլ քնած չէ և Թուրքիային հստակ բացատրում է, թե ինչ չի կարելի անել: Ադրբեջանը, ով այսօր սերտ շփումներ ունի Ռուսաստանի հետ ու ըստ էության իրար հետ են աշխատում, Ռուսաստանից նոր պարգևներ է ստանում, իսկ Ռուսաստանը ստիպված է վճարել Ադրբեջանին, վճարել ճանապարհով, միջանցքով, Արցախով:
Արամ Սարգսյանը հիշեց պատմական դեպքեր, երբ ռուս-թուրքական միացյալ գործողություններով գլխատվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը և թե ինչպես մենք ստիպված էինք խնդրելու, որ Ռուսաստանը փրկի մեզ: Եվ հիմա էլ նույն բանն է, բայց հիմա 1920թ. չէ և մենք ինքներս կարող ենք որոշիչ դեր ունենալ այդ հարցում:
Արամ Սարգսյանը մեծագույն ափսոսանք հայտնեց, որ այսքան տարի ուշքի գալու և ոտքի կանգնելու փոխարեն մենք գերադասել ենք նեղ անձնական կյանքն ու գրպանները լցնելու կործանարար քաղաքականությունը; Քաղաքական կամք է պետք տեսնելու, հասկանալու և առաջ գնալու համար, մինչդեռ Հայաստանի նախորդ իշխանությունները տասնամյակներով մեզ պահել են այս լճացած ու ճգնաժամային վիճակում ու հասցրել նրան, որ այսօր Ռուսաստանը իր հարցերը փորձում է լուծել մեր հաշվին:
Արամ Սարգսյանն ամեն դեպքում լավատես էր և իր խոսքում ցույց տվեց, որ այս երկիրը իրապես սիրելու և այստեղ ապրելու դեպքում մենք կկարողանանք ոչ միայն հնարավորինս մեղմացնել մեզ ուղղված հարվածները, այլև ազատվել Հայաստանը կեղեքած ու արնաքամ արած անցյալից: Իսկ առջևում ապագան է, որին հասնելու համար շատ մեծ աշխատանք կա անելու:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: