Մենք շարունակեցինք ինքնասպանի անտարբերությամբ և մոլագարի համակվածությամբ ընթանալ դեպի անդունդ:
Զգուշացումներ արվել են շատ շատերի կողմից, անընդհատ և անընդմեջ: Զգուշացումներ բազմիցս արել է նաև երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով իր ողջ էությամբ զգում էր, թե ինչ հետևանքների է հասցնելու մեր այս փտած ու նեխած իրականությունը:
Այնպես ինչպես իրենց ժամանակին հայ մեծ մտավորականները, նրանցից հետո ուրիշները և հիմա էլ մեր ժամանակի հայրենասերները և պարզապես այն մարդիկ, որոնց աչքերին մեծամտության և անգրագիտության փառ չի կապել, զգուշացրել են ամեն օր: Ամեն ժամ: Զգուշացրել են բոլորիս: Առաջին հերթին այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ լծակներ ունեցել են ինչ որ բանի վրա ազդելու, ինչ որ բան փոխելու: Ովքեր հնարավորություն են ունեցել կանգնեցնելու արհավիրքներ:
Բայց ոչ: Ոչինչ էլ չարվեց: Մենք շարունակեցինք ինքնասպանի անտարբերությամբ և մոլագարի համակվածությամբ ընթանալ դեպի անդունդ:
Ու գնացինք:
Իսկ Սամվել Կարապետյանը զգուշացրեց, որ նոր եկող պատերազմը 100 լույս զավակներով չի գոհանալու 2016-ի նման, որ հազարներով էլ զոհեր տալով տակից դուրս չենք գալու: Պատերազմը եղավ, հազարավոր զոհերն էլ, Արցախն էլ…ու մենք իօրոք տակից դուրս չեկանք:
Հիմա, երբ սրտներս նեղված իրար ենք մեղադրում, իսկ նրանք, ովքեր իրենց բաժին առևտուրն արին այդ օրերին, ինքնագոհ մի կողմ են քաշվել, մենք նորից ու նորից կարդալով ու տեսնելով թե ինչպես են մեզ ժամանակին զգուշացրել, ահազանգել…մնում ենք կարկամած՝ այսքան պարզ ու այսքան բարդ իրականության առաջ:
Առաջարկում ենք ծանոթանալ «Սամվել Կարապետյան» անունով ֆեյսբուքյան էջի գրառմանը:
«Սամվել Կարապետյանի 2019 թ. դեկտեմբերի 20-ին գրի առած և, ցավոք, իրականություն դարձած մտորումներից.
«Հենց հիմա, ռազմաքաղաքական ո՛ր վերլուծաբանի, փորձագետի ուսումնասիրությունները, որ կարդում եմ (հայ կամ այլազգի), բոլորը միաբերան 2019-ի տարեվերջին Ադրբեջանի ծավալուն հարձակումն են կանխորոշում (դե գուցե կանխորոշված ժամկետից կարող է և ավելի շուտ կամ ուշ լինել, բայց դա չէ էականը): Նախապատերազմյան այսօրինակ կացության պարագայում միանգամայն բնական պիտի լիներ սևեռվել բոլոր այն աշխատանքների վրա, որոնց շնորհիվ կարող էինք գոնե նվազագույնի հասցնել պատերազմով պայմանավորված անխուսափելի կորուստները, սկսած ռմբակոծություններից փրկվելու համար ստորգետնյա ապաստարանների ինտենսիվ (աշխատանքային 3 հերթափոխով) կառուցումներից մինչև հայրենական գերժամանակակից զինատեսակների փորձարկումներն ու փորձարկվածների զանգվածային արտադրությունները: Մեզանում իրավիճակը մոտավորապես պետք է նմանվեր Լենինգրադի կամ Ստալինգրադի 1941-ի պաշտպանության կազմակերպման օրերին տարվող աշխատանքի եռուզեռին: Լավ հասկացե՛ք, այս պատերազմը 2016-ապրիլի նման 100 լույս զավակ գերեզմանելով չի ավարտվելու: Մեզ այսպես պահելու դեպքում գուցե հազարներով էլ տակից դուրս չենք գա: Մինչդեռ պատերազմից առաջ օրնիբուն իրականացված աշխատանքի շնորհիվ կարելի է նախահարձակ թշնամուն ոչ միայն մինչև վերջ փշրել, այլև հակահարձակումով ամբողջ ճակատի երկարությամբ էապես բարելավել մեր ճակատային բնագիծն ընդհուպ մինչև հայոց օրրան` Մեծ Հայքի արևելյան սահմանների վերականգնումը: Սակայն, նայե՛ք ձեր շուրջը, փորձե՛ք գնահատել, թե ինչո՞վ ենք զբաղված, որո՞նք են մեր առօրյա առաջնային հոգսերը…, այո՛ շարունակում ենք ապրել` այնպես, ինչպես ապրել ենք դարեր, ուստի և կկորցնենք այնպես, ինչպես մշտապես կորցրել ենք: Հասկացե՛ք վերջապես, մեր յուրաքանչյուր ճիշտ չապրած (կամ հենց այսպես ապրած) օրն ավելացնում է վաղվա պատերազմում մեզ պատճառվելիք զոհերի թիվը…»
Աղբյուրը՝ Facebook.com