ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հարցազրույց Ռուբեն Մեհրաբյանի Հետ

« Մեր Ուղին»ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

-Պարոն Մեհրաբյան, Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքին քաղաքական որակը, եթե համեմատենք 2020 և 2017թթ. հետ: Որո՞նք են հիմնական որակական տարբերությունները:

– Նախ, Ձեր պարբերականին առաջին հարցազրույցիս առիթով ուզում եմ ողջունել Ձեր խմբագրակազմին եւ լսարանին, շնորհակալությունս հայտնել նման հնարավորության համար։ Անցնելով բուն հարցի էությանը, պետք է ասել, որ որակի առումով մեծ փոփոխություններ կան 2020 և 2017թթ իրավիճակների միջեւ, եւ ըստ էության, չէր էլ կարող այդպես չլինել, քանզի քաղաքական դասը Հայաստանում 2018-ի հեղափոխության բերումով ենթարկվում է մասշտաբային քաղաքական սերնդափոխության։ Դա իր հետ բերում է միանգամայն այլ շարժառիթների մի ընդհանրություն, որը որակապես տարբերվում է անցյալից։ Ներկայիս քաղաքական դասը միտված է կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումների, կա կոնսենսուս, որ առկա իրերի դրությունը երկրի զարգացման համար խոչընդոտ է, եւ այն պետք է փոխվի, արդիականացվի։ Այլ է հարցը, որ միայն ցանկություն կամ շարժառիթ ունենալը բավարար չէ խնդիրը լուծելու համար, անհրաժեշտ են գիտելիքներ, փորձ, անհատական տվյալներ, քաղաքական կամք, հետեւողականություն, համակարգային մոտեցում եւ մտածողություն։ Ահա այդտեղ մենք ունենք լրջագույն չլուծված խնդիր։

– Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ներկայիս ԱԺ-ում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած իրար հետ խոսելու կուլտուրայի բացակայությունից մինչև հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել, նիստ հրավիրել և այլն: ԱԺ-ում հիմա իրար ավելի շատ են ծեծում ու հայհոյում, քան առաջ: Ո՞րն է դրա խորքային պատճառը:

– Հեռու եմ այն մտքից, որ պետք է բոլոր խնդիրներն, այդ թվում Ձեր կողմից նշված՝ դիտարկել «մեկ զամբյուղում», առանց դրա հիմնական պատճառա-հետեւանքային կապերը նշելու։ Այստեղ մենք ունենք երկու կողմ, որոնք գալիս են խորհրդարան միանգամայն հակառակ շարժառիթներով եւ նպատակներով։ Եթե իշխանական կողմը շահագրգռված է խնդիրներին արդյունավետորեն եւ աստիճանաբար լուծում տալ, ապա մյուս՝ այսպես կոչված «ընդդիմադիր» կազմն առաջնորդվում է «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով, ինչը բացառում է որեւէ ընդհանրություններ, որոնք անհրաժեշտ են համատեղ աշխատանքի համար։ Արդյունքում մենք ունենք մի կողմից սադրիչ պահվածք, մյուս կողմից էլ, ինչպես տեսնում ենք՝ շատ դեպքերում նյարդերը տեղի են տալիս։ Անշուշտ, քաղաքացին ականատեսն է դառնում ուրվագծվող պատկերին ամբողջությամբ, եւ հաճախ խորամուխ չի լինում տարբեր պատճառա-հետեւանքային կապերի մեջ, ստանալով ընդհանուր տպավորություն, որը, հասկանալիորեն, հեռու է դրականից։ Այո՛, մենք ունենալու ենք նման պատկեր, քանի խորհրդարանում առկա են ուժեր եւ տարրեր, առերեւույթ արտաքին՝ ոչ բարեկամական սուբյեկտների հետ փոխկապակցված, որոնք կապ չունեն մեր պետության եւ հասարակության շահերի հետ, ավելին, գործում են նրանց դեմ։ Նրանք տարիներով պարազիտանում էին մեր պետության եւ բանակի՝ 1990-94 թթ հաջողությունների վրա, իսկ հիմա նրանք հավակնում են պարազիտանալ նրանց՝ 2020թ անհաջողության վրա, որի «ճարտարապետն» ու «կնքահայրը» եւս նրանք են։ Ավա՜ղ, նախադրյալներ չեմ տեսնում, որ պատկերը կփոխվի մինչեւ նոր ընտրություններ, լինեն դրանք հերթական թե արտահերթ։

– Ներքաղաքական այս վիճակը հաշվի առնելով ինչպե՞ս եք գնահատում արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները:

Մեր անկախության հռչակումից երեսուն տարի անց մեր պետականությունը բախվում է գոյաբանական մակարդակի մարտահրավերների հետ, եւ իրավիճակը ծանրանում է մի քանի հավելյալ հանգամանքներով։ Նախ, պիտի արձանագրենք, որ միջազգային հարաբերություններում աշխարհակարգը դեգրադացվում է եւ այլասերվում, տեղ բացելով տարբեր կիսագրագետ, հավակնոտ եւ խավարամիտ բռնապետերի ռեժիմների, նրանց լկտիացման համար։ Եվ որպես կանոն, դա տեղի է ունենում ժողովրդավարությունների կամքի կաթվածի, ազատական ժողովրդավարության շարունակվող՝ գլոբալ ճգնաժամի ուղեկցությամբ, տալով այդ ռեժիմներին անպատժելիության պատրանք։ Դրա հետ մեկտեղ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ պատմության աղբանոցում հայտնված Ռուսական եւ Օսմանյան կայսրության ժառանգորդ պետություններում ռուսական եւ թուրքական շովինիզմը դրսեւորվում է առավել հոռի եւ այլանդակ ձեւերով, ստանալով պետական քաղաքականության կարգավիճակ։ Արդյունքում, մեր երկիրը հայտնվել է «ռուսական աշխարհ» եւ «թյուրքական աշխարհ»՝ իրենց էությամբ հետադիմական, հակաքաղաքակրթական, մարդու էությանը դեմ՝ նեոկայսերապաշտական դոկտրիններով պայմանավորված հետաքրքրությունների եւ այդ հենքով՝ նրանց հանցավոր համագործակցության թիրախում։ Հայաստանի անկախության շրջանի քաղաքական վերնախավերը, ցավոք, անցած տարիների ընթացքում դրսեւորել են դրամատիկ կարճատեսություն, մսխելով մեր ներքին կարողությունները, կարճաժամկետ եւ կասկածելի «օգուտների» դիմաց այդ ներուժը նվիրաբերելով Ռուսաստանին եւ անունը դնելով «դարավոր բարեկամություն»։ Մեր ներքաղաքական իրավիճակը, որին անդրադարձանք քիչ վերեւում, զգալիորեն պայմանավորված է հենց այս իրողություններով, եւ դա լրջագույն խնդիր է, քանզի անգամ եղած ներուժը գործարկելու մեծ դժվարություններ է ստեղծում։ Այս հարցի լուծման բանալին, անշուշտ, ե՛ւս մեր ներսում է, սա մշտական պայքար է՝ հանուն քաղաքակրթության եւ բարոյականության, որի ընթացքը եւ արդյունքն է մեծապես կանխորոշելու մեր վաղվա օրը։

– Ադրբեջանցիները մեր իշխանության և ընդդիմության ցանկացած խոսք միանգամից օգտագործում են սեփական քարոզչական նպատակներով, ինչն ավելի է խորացնում հասարակական լարվածությունը: Ինչպե՞ս կարելի է դադարեցնել այդ ամենը:

– Հարցն ինքնին՝ հետեւանք է, նաեւ ածանցյալ՝ այն հարաբերությունների, որոնք կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուստի Ալիեւի ռեժիմի նման պահվածքը ոչ միայն զարմանալի չէ, այլեւ թվում է միանգամայն օրինաչափական։ Այլ է հարցը, թե ինչո՞ւ է հայկական մեդիայի մի բավականին պատկառելի սեգմենտ միտումնավոր կերպով դրսեւորում նման «բարձր ընկալունակություն» Ալիեւյան պրոպագանդայի հանդեպ եւ այդ վնասակար խոսույթները հետ ներմուծում հայկական մեդիադաշտ։ Կարծում եմ, սա մեր հասարակական եւ պետական ինստիտուտների թերի կայացվածության արդյունք է, ինչպես նաեւ՝ մեր իրավաբանների, մեր իրավապահ մարմինների։ Սա խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին չէ։ Օրինակ, դժվար է պատկերացնել, որ, ասենք, 1942 թվականին ժողովրդավարական Բրիտանիայում BBC-ին կհեռարձակեր գեբելսյան պրոպագանդայի տեքստեր, կամ բրիտանական ինչ-որ պարբերական, նույնիսկ խիստ ընդդիմադիր, հենվելով այդ թունավոր նառատիվների վրա՝ կսկսեր թիրախավորել բրիտանական կառավարությանը։ Նման լրատվամիջոցը ուղղակի կգամվեր անարգանքի սյունին, նման պարբերականի «լրագրողներին» կվտարեին բոլոր մասնագիտական համքարություններից, նրանց հետ նույն տարածքում ոչ ոք չէր գտնվի, նրանց չէին էլ բարեւի։ Իրականում, նման դեպքեր եղել են նույնիսկ Բրիտանիայում․․․ Ինչեւէ։ Ասել կուզեմ, որ Ալիեւը չի դադարելու իր արտանետումները, եկեք դրա մասին մոռանանք։ Դա մենք պետք է իմունիտետ ձեռք բերենք դրա հանդեպ եւ շարժվենք առաջ։ 

– Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում հայ-ռուսական հարաբերությունների միակողմանիության մեջ: Եթե առաջ լայն մասսաների համար շատ տեսանելի չէր ռուսական գործողությունների որոշակի հատված, հիմա շատ-շատերը ռուսներին ոչ միայն դաշնակից չեն համարում, այլև ռուսների գործողությունները որակվում են հակահայկական: Արդյո՞ք պետք էր Արցախյան պատերազմն ու իր հետևանքները, դա հասկանալու համար, թե մեր «հակառուսական» տրամադրությունները պահի տակ արտահայտված հուզմունք են:

– Ռուսաստանը որպես պետություն, որը որպես «մեր դարավոր բարեկամ» է հորջորջվում, բռնազավթված է կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից եւ վերածված է իր քաղաքացիների՝ ռուսաստանցիների դեմ սերիական հանցագործությունների գործիքի։ Այդ պետությունն իր բնույթով բարեկամ չէ նույնիսկ ի՛ր ժողովրդին, ուր մնաց բարեկամ լինի մեզ։ Դրան գումարած, արձանագրված է, թե ինչպիսի հանցանքներ է այն գործել Ուկրաինայի, Վրաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների դեմ։ Եվ Արեւմուտքի հետ այսօրվա «գաղափարական» դիմակայության հիմքում հենց այդ ռեժիմի ինքնապահպանման հրամայականն է, իրականում այստեղ գաղափարական ոչինչ էլ չկա, նրանք համոզված շովինիստներ էլ չեն, ըստ էության։ Սակայն, այո՛, նրանք խոսում են հայ ժողովուրդի հետ դարավոր բարեկամության մասին, բայց նրանք ատում են մեր անկախ եւ ինքնիշխան պետականության գոյության փաստն իսկ, եւ ռուսական ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեր պետականությունը։ Մեր անկախության տարիներին ոչ մի երկիր, նույնիսկ Ադրբեջանը, մեր ներսից այդ աստիճան եւ այդ ծավալի չի հյուծել մեր ներուժը եւ արտաքին հարաբերություններում չի խափանել մեր պետության դիրքերը, ոնց որ Ռուսաստանն է դա արել եւ շարունակում է անել։ Նրանք ուզում են մինչեւ վերջին հայը «բարեկամություն» անել մեզ հետ, իսկ Ադրբեջանի Ալիեւյան ռեժիմն օգտագործել որպես ծանթ եւ բութ առարկա՝ մեր գլխին խփելու համար, ահա սա է ցավալի իրականությունը։ Բայց եւ այնպես, Ռուսաստանը չափազանց ազդեցիկ իրողություն է մեր իրականության մեջ, որպեսզի այն արհամարվի, պետք է հաշվի նստել այդ իրողության հետ եւ սեփական շահերը պաշտպանել այդ հարաբերություններում։

– Շատ քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ համաձայն լինելով հանդերձ, որ ռուսներից օր առաջ ազատվել է պետք, գտնում են, որ այս պահին դա անհնար է՝ պայմանավորված բազմաթիվ հայտնի գործոններով: Դա իրո՞ք այդպես է, թե ռուսներից մնացած «ահի» հոգեբանական մնացորդներն են:

– Մեր հասարակության տարբեր շերտերում շրջանառվում են տարբեր, որոշ դեպքերում նաեւ հակամետ խոսույթներ/դիսկուրսներ, ինչը հայկական քաղաքական մտքի հարստությունն է, եւ դա պետք է գնահատել, անկախ նրանից, թե ինչի հետ ենք մենք համաձայն կամ ոչ։ Ձեր նշված հարցադրումը եւս կա, եւ այն ուժգնացել է 44-օրյա պատերազմից հետո։ Այդ հարաբերություններն անամպ չէին սկսած անկախության առաջին օրերից, երբ ռուսական բանակն էր, որն Էլչիբեյի բանդաների հետ միասին՝ 1992-ի հուլիս-օգոստոսին ներխուժեց եւ գրավեց Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը, էլ չեմ խոսում մինչ այդ, «սովետի» վերջին ամիսներին Արցախում հաստատված՝ ռուս գեներալ Սաֆոնովի հակահայ, հանցագործ, ահաբեկչական ռեժիմը, «Կոլցո» օպերացիաները սովետական Ադրբեջանի տարածքում՝ ադրբեջանական քրեական խաժամուժի հետ միասին։ Հայ հասարակության մեջ հարցերը հստակեցվեցին արդեն 2013-ից, երբ Հայաստանը «բերման ենթարկվեց» ԵԱՏՄ կոչված հակաքաղաքակրթական ախոռը, որտեղ չկա ոչ Եվրոպա, ոչ Ասիա, ոչ տնտեսություն, ոչ էլ միություն, այլ կա միջնադարյան Մոնղոլական հորդային բնորոշ՝ Չինգիսխանի «յասա»-յով առաջնորդվող մի ժողովուրդների բանտ։ Այդ նվաստացումն էր, որ ճանապարհ բացեց Քառօրյա ապրիլյան պատերազմին, նաեւ այն ընկալմանը, որ մեզ պատած այս արատավոր շրջանը պետք է կտրել, այս ճահճի միջից, որի մեջ մենք թաթախվել ենք, պետք է դուրս գալ դեպի քաղաքակրթության լուսավոր ճանապարհ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ թաթախվելն այնքան խորն է, հարակից հանգամանքներն այնքան զորեղ, որ միայն ցանկությունը բավարար չէ։ Իսկ 44-օրյա պատերազմը, որը մեզ դրեց վատթարագույն վիճակի մեջ նաեւ այս համատեքստում՝ էլ ավելի է ընդգծում այդ իրողությունը, որ, նախ, մեզ իրատեսությունը չպետք է դավաճանի եւ, դրան զուգահեռ, չպետք է առաջնորդի վախը, լինի դա թուրքերի, թե ռուսների նկատմամբ։ Եվ շատ կարեւոր է, որ իշխանական պաշտոնյաների՝ հասկանալի կաշկանդվածության պայմաններում հասարակության մեջ գտնվել է այնքան ուժ, որպեսզի իրերը կոչվեն իրենց անուններով։ Նաեւ, մեզ չպետք է լքի իդեալիզմը (չշփոթել ռոմանտիզմի հետ), որը համադրվելով իրատեսության հետ՝ մեր առաջ կհարթի մեր ճանապարհը։ Համենայն դեպս, համոզված եմ, որ դա միանգամայն հնարավոր է, ես հավատում եմ Հայ ժողովրդի ներուժին։ Սա հետեւողական, հույսով եւ հավատով լցված աշխատանք է, որը պետք է կատարվի։

– Երբ մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, շատ է խոսվում ՀԱՊԿ-ԵԱՏՄ-ից պոկվելու և ՆԱՏՕ-ԵՄ գնալու մասին: Հայասատանն ունի՞ այդ հնարավորությունը, և եթե այո, մեզ վրա ի՞նչ կնստի այդ ամենը:

– Բացարձակապես ակնհայտ է, որ միայն Հայաստանի ցանկությունը, նույնիսկ եթե այն արտահայտվի պետական մակարդակով՝ բավարար չէ դրան հասնելու համար, այս «փողոցը» երկկողմանի երթեւեկությամբ է։ Օրինակը՝ Վրաստանը եւ Ուկրաինան։ Ակնհայտ է նաեւ, որ ՆԱՏՕ-ն իր ամբողջության մեջ պատրաստ չէ իր շարքերն ընդունել հետխորհրդային երկրներին, նույնիսկ նրանց, ովքեր պետականորեն ուղղակի նվիրված են Դաշինքի գաղափարին եւ սկզբունքների, քանզի նրանք պատրաստ չեն առճակատվելու Մոսկվայի հետ, որն, ինչպես տեսնում ենք, պատրաստ է ամենակոշտ միջոցներով դրան խանգարել։ Մյուս կողմից, հաշվի առնելով այդ իրողությունը, ՆԱՏՕ-ն եւ դրան անդամակցող երկրները միանշանակորեն դեմ են, որպեսզի Մոսկվան օրինականացնի եւ լեգիտիմացնի իր կողմից միջամտության «իրավունքը» հետխորհրդային երկրներում։ Հետեւաբար, այսօր հնարավորությունների «միջանցքը» դա է։ Երբ վաղը իրողությունները կփոխվեն, այդժամ էլ կխոսենք նոր հնարավորությունների մասին։ Սակայն այսօր տեսնում եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանը դիվերսիֆիկացնի/բազմազանեցնի իր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին, անվտանգության, արտաքին տնտեսական, պաշտպանական, միջազգային ռազմատեխնիկակական համագործակցության ճարտարապետությունը եւ բալանսավորի իր՝ ծանրացած միակողմանի կախվածությունը «դարավոր բարեկամից»։ Բայց նախանշաններ չեմ տեսնում, թե նման քաղաքական որոշում է ընդունված։ Իսկ սա, նախ եւ առաջ, մեր իշխանության գլխավոր առաջնահերթությունների շարքում պետք է լինի։

– Մի քանի տարի հետո լրանում է ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետը: Եթե Ադրբեջանը նոր գին պահանջի ռուսներից, նրանք ինչքա՞ն են պատրաստ զիջելու Հայաստանի հաշվին: Ո՞րը պիտի լինի մեր գործողությունն այսօր այդ առևտրում չճզմվելու համար:

– Անշուշտ, չորս տարուց պակաս ժամանակահատվածը պատմականորեն չնչին է, սակայն, հաշվի առնելով, թե ինչ արագություններով է ամեն ինչ փոխվում եւ դեռ կարող է փոխվել, դժվար է, գուցեեւ անիմաստ՝ ընկնել կանխատեսումների գիրկը։ Սակայն, բացարձակապես ակնհայտ է, որ մեր վարքն այդ «իքս» պահին պայմանավորված է լինելու նրանով, թե մենք մեր ներքին՝ տնային աշխատանքը երկրի ներսում ինչպես ենք կատարել։ Քանզի դրանով է պայմանավորված լինելու մեր դիմադրողականությունը եւ սեփական շահերը հետապնդելու կարողությունները։ Բաքուն չի էլ թաքցնում, որ ցանկանում է օր առաջ նախկին սովետական Ադրբեջանի տարածքում «վերջնականապես լուծել Հայկական հարցը», այնպես, ինչպես դա արեցին նացիստները հրեաների նկատմամբ Գերմանիայում (ի դեպ, եզրույթը նրանցն է), այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ողջ Ադրբեջանում, եւ այն, ինչ մնացել է Արցախից՝ միակ բացառությունն է։ Ակնհայտ է, որ ռուսական զորքը դիտարկվում է որպես դրա թիվ մեկ խոչընդոտ։ Ուստի մենք պետք է առավել արդյունավետությամբ այդ ժամանակահատվածն օգտագործենք՝ հավելյալ երաշխիքներ ձեւավորելով Արցախի համար։

– Ի՞նչ կասեք անընդհատ շրջանառվող 3+3, այնուհետև 3+2-ի մասին, հատկապես, որ օրերս Վրաստանի պահվածքը բավական մեծ հավանության է արժանացել մեր հասարակության կողմից:

– Դա մի դեռեւս չձեւավորված հարթակ է, որն իբր կոչված է տարածաշրջանային հարցերով բանավեճերը հանգուցալուծման տանելու համար, իր ձեւաչափով դա նույն՝ Կարսի եւ Մոսկվայի հանցավոր պայմանագրերին է կրկնում, եւ իրականում կոչված է Արեւմուտքին տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելուն, Հայաստանի եւ Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելուն եւ Հարավային Կովկասում Ադրբեջանի անվերապահ գերակայությունը՝ ռուս-թուրքական «տանիքի» ներքո ապահովելուն։ Բնականաբար, միանգամայն հասկանալի է, որ Վրաստանն, ունենալով առանձնաշնորհյալ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ պետք է մերժեր այդ անպարկեշտ առաջարկությունը, ինչն անվերապահ հավանության պետք է արժանանար հայ հասարակության քաղաքականացված սեգմենտում։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը, դուռը չշրխկացնելով, այնուամենայնիվ, հայտարարել է, որ չի քննարկելու այդ ձեւաչափում հարցեր, որոնց քննարկելու տեղն այլ ձեւաչափեր են։ Անշուշտ, դա իր մեջ որոշակի դժվարություններ է պարունակելու, հաշվի առնելով ցինիզմի այն ծավալը, որն առկա է Անկարայում եւ Մոսկվայում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է տեր կանգնել իր իսկ որդեգրած սկզբունքին եւ իր իսկ համար հավելյալ դժվարություններ ապագայի համար չստեղծել։

– Ինչպես հայտնի է ռուսները պատրաստակամ են օգնելու թուրքերին TF-X հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու հարցում, ինչպես նաև շարունակելու են վաճառել հակաօդային C-400 համակարգեր ու նաև դրանց համար նախատեսված պաշտպանական լրակազմեր: Միևնույն ժամանակ ռուսներից զենք գնելու պատճառով F-35-ի ծրագրից դուրս մնացած թուրքերն ամեն դեպքում օգտվում են ամերիկյան աջակցությունից, որոնք հայտարարել են, որ Թուրքիայի սահմանը՝ ՆԱՏՕ-ի սահմանն է ու պատրաստակամ են արդիականացնել թուրքական ողջ ավիացիան: Մենք ի՞նչ պահվածք պիտի դրսևորենք այս պարագայում:

– Իհարկե, մենք չէ, որ պետք է Վաշինգթոնին եւ Անկարային, նաեւ Մոսկվային բացատրենք, թե ո՞րն է իրենց շահը։ Ակնհայտ է, որ գնում է մեծ առեւտուր, որտեղ խաղադրույքները չափազանց բարձր են։ Բնականաբար, մեր շահերից է բխում, որպեսզի Թուրքիան մնա ԱՄՆ-ի ուղեծրում, քանզի դա ամենավճռական զսպող գործոնն է, որն Անկարայի նկատմամբ կարող է գոյություն ունենալ։ Եւ իհարկե, ռուս-թուրքական այս տեւական եւ խորը գնացող սիրախաղը խիստ վտանգավոր է մեզ համար։ Սրան համարժեք պահվածքը տեսնում եմ, կրկին, նրանում, որ Հայաստանն օր առաջ դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները, առաջին հերթին՝ խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ընդհանուր արժեքային հենքի վրա, «Ռազմավարական երկխոսություն» կոչվող ձեւաչափով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին օժտի ռազմավարական բովանդակությամբ։

– Սահմանազատման ու ապառազմականացման խոսելիս, մարդկանց ամենից շատ մտահոգում է միջանցք/ճանապարհ կոչվածն ու դրա հետևանքները: Մեր հասարակությունը չի վստահում այդ միջանցք/ճանապարհին և առ ոչինչ է համարում Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին կապվելու ապագան: Ստացվում է, որ թուրքերը օգտագործելու են իրենց հնարավորությունը, իսկ մենք՝ ոչ: Ինչպե՞ս է դասավորվելու մեր ծրագրերը այդ հարցի շուրջ:

– Պաշտոնական Երեւանն այստեղ որդեգրել է միանշանակ եւ սկզբունքային դիրքորոշում, ըստ որի՝ որեւէ լուծում, որը ենթադրում է հայկական ինքնիշխանության որեւէ սահմանափակում որեւէ հայկական տարածքում՝ անընդունելի է։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը համոզված կերպով միտված է փոխադարձության սկզբունքով բոլոր հաղորդակցությունների, առաջին հերթին՝ երկաթուղու ապաշրջափակմանը։ Այստեղ, բնականաբար, տեղ չունեն մերկապարանոց հռչակագրերը կամ դատարկ խոստումները, եւ փոխադարձ պարտավորությունները պետք է փաստաթղթավորվեն եւ ֆիքսվեն այնպես, որ տարընթերցումների հնարավորություն իսկ չմնա։ Համոզված եմ, որ այս որոշումը բխում է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի շահերից, ուստի կան բոլոր հիմքերը համարելու, որ հաջողության նախադրյալներն առկա են։

– Ո՞րն է լինելու մեր տրամաբանությունը Արցախի հետագա ճակատագրի հետ կապված:

– Այստեղ հակիրճ կլինեմ։ Արցախը պետք է լինի, մնա եւ շարունակի զարգանալ, որպես հայկական տարածք, որտեղ պետք է լինի հայկական, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն։ Մնացած հարցերն ածանցվում են այս տեսլականից։

– Ո՞րն եք համարում այս պահին ամենամեծ խնդիրը, որը քանի դեռ լուծված չէ, թույլ չի տալու մյուս խնդիրները ևս լուծել:

– Լինելով համոզված ինստիտուցիոնալիստ, պետք է շեշտեմ, որ գլխավոր խնդիրը՝ մեր պետական եւ հասարակական ինստիտուտների կայացած չլինելն է։ Այո՛, երեսուն տարին, ինչպես պարզվում է, բավարար չէ լիարժեք հասարակական-պետական կյանքը լավ պատկերացնող հասարակություն ունենալու համար։ Մեր կրթական համակարգը ե՛ւս դեռ ունակ չէ այդ խնդիրը լուծել պատշաճ կերպով։ Այո՛, խնդիրը՝ հասարակական-պետական կյանքին պատրաստ քաղաքացին է, որոնք կան, բայց դեռ քիչ են։ Առանց այդ խնդիրը լուծելու՝ մնացյալ խոսակցությունները դառնում են անիմաստ, իսկ տարրական հարցերի լուծումները չարդարացված չափով մեծ ջանք եւ ռեսուրս են խլելու մեզանից։ Ահա՛ դրանից պետք է սկսել, եւ այդ առումով կրթական համակարգի բարեփոխումների մասին որոշումները համարում եմ ռազմավարական կարեւորության, ոչ պակաս, քան մեր զինված ուժերինը կամ այլ ոլորտի։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *