ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ապակուսակցական Սփյուռք


Իրար հակընդդեմ գործող լրատվական գործակալություններն իրոք հասկանում են զանգվածային քարոզչության իրական ծավալները թե ոչ, բայց բամբասանքի մակարդակում ծվարած միակողմանի լրատվությունը հայության մի հատվածը հանում է մյուսի դեմ: Այդպես է Հայաստանում, այդպես է Սփյուռքում։

Արայիկ Մկրտումյան


Հայ Սփյուռքի մեծ խնդիրներից է շարունակում մնալ ապատեղեկացվածության, այսպես ասած՝ տեղեկատվական միակողմանիության հարցը: Մեկ այլ խնդիր է, որ Սփյուռքին շատերն են փորձում «սեփականաշնորհել» ու հանդես գալ նրանց անունից, կամ հայտարարություններ անել սփյուռքյան ժառանգության շուրջ:

Թե մեկ, թե մյուս դեպքերում իրավիճակի սրացումը տանում է պառակտման: Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ամենևին էլ փայլուն վիճակում չեն: Հարկավոր է մի կողմ դնել հեքիաթներն ու չարդարացված վստահությունը և իրոք խոստովանել, որ մենք կորցրել ենք կապն իրականության հետ, իսկ հիմա էլ վերջնականապես ենք մոռացության մատնում առկա խնդիրները: Դրա հետևանքն իհարկե մի օր տեսնելու ենք և բավական ցավոտ հետևանքներով, բայց առայժմ, քանի դեռ այդ խնդիրները խորանում են, որպես հետևանք-բարդություն առաջ են գալիս օրինակ ապատեղեկատվությունն ու միակողմանիությունը:

Այսօր Հայաստանում մի այնպիսի իրավիճակ է, որ քաղաքական շահերով պայմանավորված, շատերն են փորձում իրավիճակը ներկայացնել իրենց ձեռնտու տեսանկյունից: Հայաստանում տեղեկատվության մատուցման ձևը դարձել են մանիպուլյատիվ հնարքներն ու պրովոկացիոն մեկնաբանությունները:

Կարելի էր չխորանալ, եթե բոլոր կարմիր գծերը հերթականությամբ խախտված չլինեին: Այսօր Սփյուռքը, ինչքան էլ որ զարմանալի է, մեծ հաշվով տեղյակ չէ հայաստանյան իրադարձություններին այնպես, որ ի վիճակի լինի մանրամասն և ռացիոնալ եզրահանգումներ կատարելու: Ստացած տեղեկատվության հիմնական մասը ստացվում է քաղաքական ընդդիմադիրների կողմից՝ իրենց իսկ մեկնաբանությամբ: Եթե խոսքը գնար միայն քաղաքական նեղ շրջանակների աշխատանքի և մրցակցության մասին, կարելի էր ինչ որ օրինաչափություններ գտնել և համարել, որ իրավիճակն ընդհանուր առմամբ հսկողության տակ է, միայն թե որոշակի սրացումներ կան: Բայց հիմա ոչ թե ինչ որ նման մակարդակի բաներ են, այլ պետական դավաճանության  մեղադրանքներ, պատերազմ սանձազերծելու, դիտավորյալ պարտվելու, երկիրը թուրքական գործակալներով լցված լինելու մասին լուրեր են: Նույնիսկ ավելին: Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ընդդիմությունը բազմանշանակ, իսկ ոմանք էլ ուղիղ տեքստով խոսում են, որ հայկական կողմի պատվիրակ Ռուբեն Ռուբինյանը թուրքական գործակալ է:

Հարց է առաջանում: Ի՞նչ անել նման դեպքում, երբ լսում ես նման աղմկոտ մեղադրանքներ: Բնականաբար հավատալ ու խուճապի մատնվել, եթե չունես տեղեկատվական այլընտրանքներ: Իսկ Սփյուռքն այնքան էլ մաքուր տեղեկատվություն չի ստանում: Ինքն իր մեջ պառակտված և իրար հետ թշնամություն անող խմբերի բաժանված Սփյուռքը էլ ավելի է պառակտվում ինքն իր մեջ ու մեծացնում թշնամանքը միմյանց մեջ ու խորացնում պատկերացումների արհեստականությունը Հայաստանի նկատմամբ:

Անընդհատ միակողմանի տեղեկություն ստացող Սփյուռքը(իսկ որոշ խմբեր այնտեղ հստակ պաշտպանում են այստեղի քաղաքական շահեր) սկսում է իրոք հավատալ, որ Հայաստանյան իշխանությունները իրոք դավաճանների ու գործակալների մի մեծ խումբ է, որի նպատակն է վերջ տալ հայ ժողովրդին: Թե ինչու իշխանությունն ինքը չի հետևում տեղեկատվական հիգենիային, դժվար է ասել: Նրանք կամ լավ չգիտեն, թե իրենց ինչպես են ներկայացնում դրսում, կամ էլ չեն հասկանում այդ ամենի լրջությունը:

Վերադառնանք գործակալության թեմային: Ես, որպես հասարակ քաղաքացի, ով ոչ մի կուսակցության անդամ չէ, պետական պաշտոն չի զբաղեցնում և չի զբաղեցրել, մեծահարուստ չէ, ամեն օր լսում է, որ այսինչ այսինչյանը թուրքական լրտես է, դավաճան է: Ես, չունենալով դրա հերքումը, կարող եմ իրոք հավատալ, որ այսինչ այսինչյանը թուրքի գործակալ է: Իսկ, ինչպես ասում են, ապացույցներ պետք չեն հավատալու համար: Կամ էլ ես սկսում եմ ընդհանրապես չհավատալ, ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ինձ համար միևնույն է դառնում, թե ով ում ինչում կմեղադրի: Մեծ հաշվով երկուսն էլ: Իշխանական ճամբարում քիչ չեն պարբերաբար հիմարություններ դուրս տվողներն ու կիսալկտի ագրեսիվները և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Ես սկսում եմ բոլորին դավաճան համարել: 

Ավելի վատ վիճակում է Սփյուռքը: Այնպես ինչպես դաշնակցականներն ու հնչակյաններն են շարունակում արտասահմանում ատել միմյանց, այնպես էլ նրանցից ամեն մեկը փորձում է ապացուցել ողջ Սփյուռքի անունից խոսելու իր լեգիտիմությունը: Տապալվում են երկուսն էլ, բայց այդ ընթացքում ունենում ենք բավական հուզված ու տեղեկատվական աղբով թունավորված սփյուռքահայեր, ովքեր արդարացիորեն տագնապած զանգ են հնչեցնում, որ Հայաստանն «էսօր-էգուց է»: 

Ես չգիտեմ, թե արդյո՞ք իրար հակընդդեմ գործող լրատվական գործակալություններն իրոք հասկանում են զանգվածային քարոզչության իրական ծավալները թե ոչ, բայց բամբասանքի մակարդակում ծվարած միակողմանի լրատվությունը հայության մի հատվածը հանում է մյուսի դեմ: Այդպես  է Հայաստանում, այդպես է Սփյուռքում: 

Ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի խոսել հայ ժողովրդի հավաքական անունից և ասել, որ հայ ժողովուրդն այս է ուզում, կամ այն է ուզում: Կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի նաև խոսելու ողջ Սփյուռքի անունից և հայտարարել, որ այսպես է կամ այնպես:

Գատնիք չէ, որ երկար տարիներ Սփյուռքում հայապահպանության դերը տևական ժամանակ իրենց ուսերին են վերցրել հայկական ավանդական կուսակցություններն ու նրանց դուստր-կազմակերպությունները՝ տարբեր հիմնադրամներ, հկ-ներ և այլն: Ողբերգությունն այն է, որ կուսակցախեղդ եղած հայ ժողովուրդը տառապում է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Սփյուռքը, որ չունի սեփական պետական կառավարման համակարգը, երկփեղկված է մի կողմից ազգային շահերի մասին խոսող խմբերի, մյուս կողմից տվյալ երկրի օրենսդրության և  կանոնակարգի մեջ:

Սփյուռքը պառակտված է և՛ մարդուժով, և՛ ֆինանսատնտեսական առումով, և՛ գաղափարապես:

Սփյուռքը, որի հավաքական նպատակը պիտի լինի Հայաստան երևույթը, այսօր ավելի շատ զբաղված է մանր մունր կուսակցական ինտրիգներով ու սկանդալներով:

Սփյուռքն այսօր իր էներգիան վատնում է այս կամ այն կուսակցական քաղաքական շահերի պաշտպանության գործով, երբեմն ինքն էլ դա չգիտակցելով:

Երբևէ հարց չի՞ առաջանում, որ օրինակ Ռուբեն Ռուբինյանը, որին այսօր ոմանք բացեիբաց մեղադրում են պետական դավաճանության մեջ, պետք է վաղուց այս հարցը լուծած լիներ: Եթե ընդդիմադիրները վստահ են, ապացույցներ ունեն, որ Ռուբինյանը թուրքական գործակալ է, ապա նրան պիտի չեզոքացրած լինեին վաղուց, թեկուզ և անօրինակա մեթոդներով: Ո՛չ, ես չեմ առաջարկում սպանել Ռուբինյանին կամ որևէ այլ մեկին, այլ ուզում եմ հասկանալ քաղաքական այրերի կողմից հնչող քաղաքական մեղադրանքների շարունակության տրամաբանությունը: Եթե մեղադրողները իրոք փաստացի գիտեն, որ Ռուբինյանը դավաճան է ու գործակալ, այդ դեպքում Ռուբինյանը վաղուց պետք է այն աշխարհում լիներ: Մանավանդ, որ մեղադրող կողմում է նաև ՀՅԴ-ն, ով իր թշնամիների հետ հաշիվ մաքրելու բավական մեծ փորձ ունի: Իսկ եթե անընդհատ պնդում են, որ Ռուբինյանը դավաճան է, բայց միայն անում են հայհոյանքի ու քաշքշուքի մակարդակում, ապա կամ ընդդիմադիրներն էլ թքած ունեն, որ Ռուբինյանը դավաճան է, կամ էլ թույլ են տալիս, որ նա շարունակի իրականացնել իր «հակահայ դավաճանական քաղաքականությունը»:

Այսինքն ի՞նչ պիտի մտածեմ ես: Ինձ ասում են, որ այսինչը դավաճան է և ոչինչ չի կատարվում: Իսկ միգուցե բոլորն էլ խաբո՞ւմ են: 

Դեռևս անցյալ դարի երկրորդ կեսերին ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ուսանողները բավական հետաքրքիր տեսակետներ առաջ քաշեցին տեղեկատվական ահաբեկչության մասին, իսկ Ժան Բոդրիարն էլ  ավելի խորացրեց թեման՝ խոսելով գովազդային տեռորի և տեղեկատվական հիգիենայի(մաքրություն) մասին: Մենք իհարկե դրա մասին ոչինչ չգիտենք:

Իրականում, եթե Սփյուռքն ուզում է գիտենալ իր իրական կարևորության մասին, ապա նա առաջին հերթին պիտի ապակուսակցականացվի: Քանի դեռ Սփյուռքում մասնավոր շահեր պաշտպանող խմբերը տիրապետող են, ապա այնտեղ երբեք միասնական նպատակ չի լինի: Իսկ պառակտված Սփյուռքը ևս մեկ հարված է Հայաստանին: Հարված Հայաստանին՝ հասցված հայերից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *