ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ահա Թե Ինչ Տեղի ՈՒնեցավ. Մաս Ա

Թեորիապես ենթադրենք մենք տիրապետում ենք ամենանորագույն մոդեռնիզացիայի ՏՈՐ և ՊԱՆՑԻՐ հակաօդային պաշտպանության համակարգերին:

Վան Ահարոնյան

Վան Ահարոնյանը՝ Նախկին ՀՅԴ-ՆԱՈՒՄ-ական, Մարտական Եղբայրություն Միաբանության համահիմնադիր, 44-օրյա պատերազմի կամավոր-մասնակից եւ ծանր վիրավորումներ ստացած ազատամարտիկն է, որի հոդվածաշարի
գրառումն է՝

2020թ. Սեպտեմբերի 27-ից սկսած 44 օրյապատերազմը ճակատագրական և գերծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի և հայ ազգի վրա: Սակայն, արդեն իսկ տարիներ անց, դեռ չեն արվում անհրաժեշտ հետևություններ և դրան հաջորդող քայլեր: Ավելին, գոյանում են միֆեր՝ պարտության իրական պատճառները վերհանելու փոխարեն: Նմանատիպ միֆերից է օրինակ այն, որ Հայաստանը պարտվեց, որովհետև չուներ անհրաժեշտ քանակի և մոդեռնիզացիայի հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք պետք է «փակեին օդը»: Եվ ցավոք սրտի, այդ միֆին միգուցե և հավատում են պետական մակարդակով, որովհետև հակառակը եզրակացնելու միտումներ առայժմ չկան:  Եկեք հատիկ-հատիկ հասկանանք:

Իրոք, մոդեռնիզացիայի առումով որոշակի ճշմարտություն կա: Հայաստանյան հակաօդային մոտակա տրամագծի պաշտպանության կմախքում էին կանգնած ՕՍԱ – ԱԿ համակարգերը: Սակայն Արցախյան պատերազմը ցույց տվեց դրանց ժամանակավրեպ և անարդյունավետ լինելը: Առաջին փաստը, որը մենք պետք է իմանանք ՕՍԱ-ԱԿ համակարգի մասին այն է, որ նրա թիրախային խոցման առավելագույն բարձրությունը կազմում է 5 կմ: Հիմա նայում ենք թրքական արտադրության ԲԱՅՐԱՔԹԱՐ ՏԲ-2 անօդաչու թռչող սարքի տվյալները՝ 8.2 կմ առավելագույն բարձրություն, որից6.8 կմ միջին աշխատանքային: Սա էր հիմնական պատճառներից մեկը, որ ԱԹՍ-ները այդքան հեշտությամբ կարող էին խոցել ՕՍԱ-ԱԿ համակարգերը, չնայած կայն նաև այլ օբյեկտիվ պատճառներ: Պետք է ընդունենք, որ ՕՍԱ-ԱԿ ստեղծվել է դեռ խորհրդային տարիներին՝ ավելի կոնկրետ անցյալ դարի 70-ականներին, և առհասարակ նույնիսկ ակնարկով նախատեսված չի եղել ԱԹՍ-ների համար: Հաշվի առնելով Հայատանի զորավարժություններից ակտիվ տարածվող նյութերը՝ ռազմական ծառայության մեջ ՕՍԱ-ԱԿ համակարգերը դեռ կիրառվում են:

Ուրիշ խոսք օրինակ նույն էլի ռուսական, բայց ավելի թարմ արտադրության ՏՈՐ-ՄԿ2Մ հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց խոցման առավելագույն բարձրությունն է 10կմ, և ունի ռադիոթիրախավորման ավելի բարդ և կատարելագործված համակարգ՝ համեմատած ՕՍԱ-ԱԿ համակարգին, կամ էլի նույնպիսի օրինակ ՊԱՆՑԻՐ համակարգը՝ 15կմ բարձրության խոցելիությամբ: Ընթացիկ նշենք, որ ՏՈՐ-Մ2 տարբեր մոդիֆիկացիաներ ունեն միջինում մոտավոր 20 մլն դոլար արժողություն, իսկ ՊԱՆՑԻՐ-ը 15մլն՝ չհաշված լրացուցիչ ծախսեր՝ հրթիռներ, անձնակազմ, սպասարկում և այլն: Այսինքն նույնիսկ եթե Հայաստանը որոշի մեկին մեկ փոխարինել հնացած և իրենց դարն ապրած համակարգերը նորով, Հայաստանին՝ իր համեստ ռազմական բյուջեով պետք կլինի առնվազն մի քանի տասնամյակ, էլ չենք ասում այն բանի մասին, որ մի քանի տասնամյակում ՀՕՊ համակարգերը առհասարակ վտանգ ունեն ժամանակավրեպ համարվելու: Բայց գնանք ըստ հերթականության:

Հարց կհնչի՝ համաձայն պաշտոնական աղբյուրների Արցախում կիրառվել են նաև ավելի թարմ՝ օրինակ ՏՈՐ-ՄԿՄ և Ս-300ՊՍ տեսակի հակաօդային տեսակի համակարգերը, այդ դեպքում, ինչո՞ւ ճեղքվեց հակաօդային  պաշտպանությունը: Դրան կա օբյեկտիվ բացատրություն: Հիմա եկեք հաշվի առնենք մի փաստ, որը հանգիստ չի տա կարդացողին. զրահատեխնիկական ստորաբաժանումների, կուտակված կենդանի ուժի, հատուկ կարևորության օբյեկտների հակաօդային պաշտպանությանը ՀՕՊ համակարգերը չեն երաշխավորել և չեն էլ կարող երաշխավորել: Ես դեռ նույնիսկ հաշվի չեմ էլ առնում տեղափոխվող ԻԳԼԱ տեսակի կամ նման այլ ՀՕՊ համակարգերը, քանի որ մխոցային կամ էլեկտրական շարժիչներով աշխատող ԱԹՍ-ների պարագայում դրանք չեն էլ թիրախավորվում, կամ նույնիսկ եթե թիրախավորվեին էլ ԲԱՅՐԱՔԹԱՐ ՏԲ-2 տեսակի ԱԹՍ-երը 3կմ-ից սկսած բարձրության վրա ոչ լսվում են, ոչ էլ երևում: Բայց վերադառնանք ՏՈՐ և ՊԱՆՑԻՐ համակարգերին: 

Թեորիապես ենթադրենք մենք տիրապետում ենք ամենանորագույն մոդեռնիզացիայի ՏՈՐ և ՊԱՆՑԻՐ հակաօդային պաշտպանության համակարգերին: Հիմա ուշադիր. հենց դրանք հենց օդից խոցելու կա առնվազն գոնե երկու մեթոդ.

Ա. Խոցել անպատրաստ վիճակում: 

Եթե հաշվի առնենք Արցախին կից գրանցված ինչպես նաև սիրիական և լիբիական փորձը՝ ՊԱՆՑԻՐ Ս-1 համակարգը խոցվել է առնվազն 12 հրապարակված անգամ, որից 11 ոչ մարտական վիճակի բերված ժամանակ և միայն մեկ անգամ՝ գործելիս: Կթվա, թե այդքան էլ հեշտ չի մարտական վիճակում ՊԱՆՑԻՐ համակարգը խոցելը: Ուրեմն յուրաքանչյուր ՀՕՊ համակարգում գոյություն ունի«անդադար գործարկման մինչարգելակային ժամանակ» ինչը նշանակում է, թե համակարգը 24/7 ֆորմատում օգտագործելիս ինչքան ժամանակ կարիք չի ունենա տեխնիկական սպասարկման կամ կարճ ասած՝ ինչքան կաշխատի անդադար՝ մինչև շունչը փչելը: Տեխնիկական բնութագրմամբ ՊԱՆՑԻՐ Ս-1 համակարգի այդ գործակիցը կազմում է 800-ից 2000 ժամ առավելագույնը: Այսինքն նույնիսկ լավագույն սցենարով այն անընդմեջ կաշխատի մինչև 3 ամիս, հետո կունենա վերանորոգման կարիք, դե դա էլ արդեն հասկանում ենք, որ հերիք չի հեշտ գործ չի, մի հատ էլ ծախսատար ու ժամանակատար: Եվ այս պատճառով այդ համակարգը հաճախակիորեն բերվում էր ոչ մարտական վիճակի, որպեսզի երկարացվեր իր շահագործման ժամանակահատվածը: Այս էր գլխավոր պատճառը, թե ինչու համար էին այն համակարգերը խոցվում ոչ մարտական վիճակում թաքստոցներում, անգարներում և այլն: Եկեք չշրջանցենք նաև մարդկային գործոնը, որ անձնակազմը կարող է ուղղակի չհասցնել համակարգը մարտական վիճակի բերել: Կամ էլ, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից տարածած տեսանյութերից մեկում է երևում, համակարգը կարող է մտնել թաքստոց՝ ուղղակի նոր հրթիռներ լիցքավորելու համար կրակած հրթիռների փոխարեն:

Բ. Խոցել Զոմբի մեթոդով

Սա նշանակում է հակաօդային համակարգը գերլարել կեղծ և/կամ ոչ կեղծ թիրախներով, մինչև համակարգը էլ  կամ չհասցնի այլևս խոցել, կամ վերջանան հրթիռները և խոցվի հերթական ինքնաոչնչացող ԱԹՍ-ից:

Կթվա թե լուծում կարող է լինել էլ ավելի շատքանակով ՀՕՊ համակարգերի տեղակայումը: Եկեք մի պահ նայենք հարցը ֆինանսական տեսանկյունից, նաև քանի որ պատերազմը առաջին հերթին դա ֆինանս է: Այսպիսով՝ ադրբեջանի կողմից կիրառված ՀԱՌՈԲ տեսակի ինքնաոչնչացող ԱԹՍ-ների շուկայական արժեքն է 100.000$, համեմատենք 15.000.000$ արժողությամբ ՊԱՆՑԻՐ Ս-1 համակարգի հետ: Եթե մոռանանք մի պահ վրիպելու և անսարքության հանգամանքները, ՊԱՆՑԻՐ-ը օգտագործելով իր ողջ զենիթահրթիռային համակարգերը կարող է խոցել առավելագույնը 19 թիրախ, որից 12-ը հատը 40-50.000$ արժողությամբ հրթիռներով և 6-7-ը՝ չորս հատկրկնակի տեղակայմամբ հրանոթներով, այն էլ մինչ լիցքաթափվելը խիտ կրակահերթին (14վայրկյան)  խոցելու պարագայում: ՏՈՐ-ՄԿՄ էլ ավելի ստաբիլ կխոցի 16 թիրախ՝ յուրաքանչյուրը 100.000$ արժողությամբ հրթիռներով: Եվ սա հաշվարկվում է նաև առանց հաշվի առնելու հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքային առանձնահատկությունները՝ օրինակ, որ համակարգերը պետք է տեղակայվեն կամ բաց դիրքում, կամ բարձունքների վրա, որպեսզի բարձունքները և շենքները չխանգարեն հրթիռների մանևրմանը: Սա ևս խնդիր է ստեղծում, որովհետև այսպիսով դրանք նույնպես դառնում են տեսանելի և էլ ավելի խոցելի: Իսկ եթե հաշվի առնենք, որ բոլոր տեսակի MALE համակարգի ԱԹՍ-ները (ինչպիսին ԲԱՅՐԱՔԹԱՐՆ է) ունեն գիշերային և ջերմատեսահսկման համակարգեր, ինչպես նաև կարող են օդում կախված դիտարկել 1-2 օր, էլ ավելի անիմաստ է դարձնում ՀՕՊ համակարգերը թաքցնելու անբովանդակ ճիգերը: Սա էր նաև պատճառը, որ լեռնային առանձնահատկություններից ելնելով մենք չկարողացանք Հայաստանից ծածկել հակաօդային պաշտպանությամբ Արցախյան տարածքը:

Արցախյան պատերազմի օրերին տարբեր վերլուծաբանների տարբեր հաշվարկներով կարող ենք ստանալ հետևյալ մոտավոր, բայց համենայն դեպս իրողությունը որոշակիորեն նկարագրող պատկերը: Հայաստանը ուներ.• 2 դիվիզիոն ԲՈւԿ Մ2 համակարգ – 96 հրթիռ• 2 դիվիզիոն Ս-300 ՊՍ համակարգ – 128 հրթիռ• 8 զորամիավոր ՏՈՐ-ՄԿՄ համակարգ – 192 հրթիռ

և ընդհանուր 416 հրթիռ ընդդեմ ադրբեջանական 1800 ինքնաոչնչացող ԱԹՍ-ների և ԲԱՅՐԱՔԹԱՐ ՏԲ-2 ինքնակառավարվող հրթիռների: Շատ ասիմետրիկ պատկեր է: Կարող է ձևավորվել կարծիք, որ եթե հրթիռների քանակը լիներ հավասար, ադրբեջանական ուժերը չէին կարող նման հաջողություն ունենալ: Լավ, եկեք դիտարկենք մի իրավիճակ՝ օրինակով՝ դիցուք. պայմանականորեն ինչ-որ երկրում, որը պատկերեցինք նկարում, կա պայմանական 10 հատուկ պահպանության օբյեկտներ՝ օդանավակայն, ատոմակայան, զինապահեստներ, ռազմաբազաներ և այլն, դրանք կներկենք կարմիր եռանկյուններով, և այդ օբյեկտների ոչնչացման համար պայմանականորեն վերցնենք, որ 

ԻՆՉ-ՈՐ ԵՐԿԻՐ 

անհրաժեշտ է 10 միավոր ՀԱՐՈԲ տեսակի կամիկաձե-ԱԹՍ: Յուրաքանչյուր օբյեկտի մոտ տեղակայում ենք մեկական օրինակ ՏՈՐ ՄԿՄ, որը կարող է խոցել 16 թիրախ՝ պայմանով, որ յուրաքանչյուր համակարգը մյուսինց դրված է չշփման տրամագծում (դեղին գույնի շրջաններ նկարում): Այսինքն եթե ենթադրենք հավասար ուժեր,կստացվի 160 հրթիռ ընդդեմ 160 ԱԹՍ-ի: Դնենք մի կողմ վրիպելու կամ անսարք լինելու կամ աշխարհագրական կամ մարդկային կամ տեխնիկական բոլոր հանգամանքները և ենթադրենք, որ մեկից մեկ հրթիռը խոցելու է թիրախը: Այսինքն կարո՞ղ ենք ենթադրել, որ նման հավասար պարագայում օբյեկտները կլինեն ապահովված:

Պատասխանը վստահորեն ոչ է:

Բանն այն է, որ հակառակորդը կկենտրոնցնի յուրաքանչյուր օբյեկտի վրա ոչ թե 16, այլ 26 ԱԹՍ, և 156 ԱԹՍ կորցնելով կխոցի 6 օբյեկտ, կամ ողջ պահպանման օբյեկտների 60%-ը: Եթե սա լիներ պատերազմի ընթացքում, ապա հենց օպերացիայի օրվանից արդեն պարզ կլիներ պաշտպանվող կողմի անխուսափելի պարտության փաստը: Ոչի՞նչ չի հիշեցնում:

Ֆինանսական ծախսերի տեսանկյունից իրավիճակն էլ ավելի լացելու է թվում: 

Մեկ ՀԱՌՈՊ տեսակի ԱԹՍ արժե 100.000$, այսինքն ընդհանուր 16.000.000$:Յուրաքանչյուր ՏՈՐ-ՄԿՄ արժի 20.000.000$Այսինքն ընդհանուր՝ 2միլիարդ $Գումարած յուրաքանչյուր արձակված հրթիռը 100.000$, այնսինքն ընդհանուր 2.010.000.000$:Եւ սա դեռ հաշվի չի առնվում համակարգի սպասրկման, անձնակազմի, հրթիռների պահուստավորման հետ կապված ծախսերը:

Այստեղ ՀՕՊ համակարգերի ավագ պաշտպանները կարող են տարաձայնել, թե բա ո՞ւր են ՀՕՊ համակարգի հեռահար էշելոնները՝ օբյեկտների էշելոնային պաշտպանության համար: Լավ, իրավիճակը ավելի բարդացնեմ՝ իրենց սրտով:

Ենթադրենք՝  նույն վերոհիշյալ սկզբունքով և համամասնությամբ ավելացնում ենք Ս-300-ները(մուգ կապույտ շրջաններ նկարում) այնպես, որ թիրախավորման տարածքները իրար չշոշափեն, ենթադրենք 4-5 միավոր: Ս-300 արձակում է 8 հրթիռ, այսինքն ևս 40 հրթիռ: Կրկին նույն ուժերով հակառակորդը կիրառելով այս անգամ հարձակումը 34 ԱԹՍ կարողացավ ոչնչացնել 4 օբյեկտ, կամ պահպանվող օբյեկտների 40%ը: Եթե չուզենալով ավելացնենք, որ յուրաքանչյուր Ս-300 համակարգը արժե 200.000.000$, իսկ յուրաքանչյուր հրթիռը 500.000$, այսինքն բոլորը ընդհանուր 10 միլիարդ 25միլիոն ԱՄՆ դոլար, ապա թեման էլ ավելի է գնում միաբևեռ եզրակացության: 

Լավ, ամենադժվար իրավիճակը. ենթադրենք ինչ-որ մի հրաշքով այդ ինչ-որ մի երկիրը այդքան աստղաբաշխական փողերը գտնում է, հերիք չի, լցնում է տարածքը բոլոր տեսակի ԲՈՒԿ, ՊԱՆՑԻՐ, Ս-300, ՏՈՐ-Մ2 տեսակի համակարգերով: Հավասարեցնելու համար շանսերը, հարձակվող կողմը նույնպես կվերազինվի ԱԹՍ-ներով՝ պայմանով, որ ավել չի գերազանցի ծախսերը: Այսպես հարձակվող կողմը կվերազինվի էլ ավելի շատ ինքնաոչնչացող ԱԹՍ-ներով, ավելացնելով նաև MALE տեսակի թիրախավորող և ինքնակառավարվող հրթիռնով զինված հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև ավելացնում է մխոցային շարժիչով աշխատող ԱՆ-2 հնացած և հազիվ թե 1500-2000$ արժողություն ունեցող ինքնաթիռները: Ինչի՞ն են պետք վերջինները: Շատ պարզ. Նա բաց կթողնի դրանք պաշտպանվող երկրի օդային տարածք, իսկ հակառակորդը ընդունելով դրանք թշնամական ԱԹՍ-ի տեղ կսկսի խոցել, այնքան ժամանակ, մինչև չվերջացնի այդքան թանկարժեք հրթիռները և անպաշտպան դառնա ԱԹՍ-ների համար: Եվ ինչքան ուզում է ծախսեր և հնարքներ անի պաշտպանվող կողմը, միևնույն է, առավելությունը մնալու է հարձակվող կողմին՝ թե ֆինանսապես, թե խոցման արդյունավետությամբ:

Հենց այսպես գործեց ադրբեջանը Արցախյան Երկրորդ պատերազմում: Սա պետք է առաջինը հասկանա Հայաստանը, որ աշխարհը էլ վաղուց առաջվանը չէ, պատերազմները տեղափոխվել են նոր սերունդ, որին կամ պետք է ադապտացվել, կամ կուլ գնալ դժնդակ պարտությանը:

Եզրակացնելով վերոգրյալ վերլուծություններից.• ՀՕՊ համակարգերը չեն կարող պատերազմական առավելություն և նախաձեռնություն վերցնել, որովհետև գտնվում են հակառակորդի քայլերից սպասողական և կախյալ վիճակում• ՀՕՊ համակարգերը չեն կարող ավելի էժան կամ գոնե ֆինանսապես համարժեք լինել ԱԹՍ հարձակվողական ծախսերին• ՀՕՊ համակարգերը չեն կարող անթերի խոցելություն ունենալ• ՀՕՊ համակարգերը չեն կարող պատերազմում առաջացած խնդիրը վերացնել, ընդամենը կարող են ժամանակավոր լուծում տալ

Այս պատճառով, այն երկիրը, որը իր ռազմավարությունը կկառուցի միայն պաշտպանության և ՀՕՊ համակարգերի շուրջ, դատապարտված է դեգրադացման և անբեկանելի պարտության:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *