Հայաստան

Առաջընթա՞ց, թե կործանում

Այս մարդիկ հիմնականում զբաղված են հայերի ծագման և էթնիկության վրա հարձակվելով:

Աննա Աղամազյան

Կրթությունը ամեն ժողովրդի ու պետության առաջ տանող ուժն է: Կրթության շնորհիվ կարելի է ժողովրդին դարձնել հզոր և ուժեղ, ինչպես նաև սխալ կրթության շնորհիվ այդ նույն ժողովրդին կարելի է դարձնել կամազուրկ և գորշ զանգված: Հայաստանում արդեն տևական ժամանակ է, ինչ կրթական չափորշիչների հարցը մնում է աղմկոտ և անպատասխան: Ներկայացնում ենք բավական հետաքրքիր և ուշագրավ վերլուծություն-մեկնաբանություն

Աննա Աղամազյանն իր ֆեյսբուքում գրում ՝

Գործընթացը մեկնարկել է․ մեր ուսուցիչներին վերապատրաստում են«այլընտրանքային», «նորարարական» մեթոդներով դասավանդելուն պատրաստելու համար։ Իհարկե, ուսուցիչները կարիք ունեն վերապատրաստման, իսկ դպրոցը՝ նորարարության և առաջընթացի։ Բայց կարևոր է, որ դասասենյակ մտնելուց առաջ մեր ուսուցիչները տեղյակ լինեն մի քանի հայեցակարգային հարցերից, որոնք քննարկելու համար մեզ կօգնի Ժաննա Անդրեասյանի՝ թերևս ամենահայտնի ելույթը։ Եվ այսպես, երբ մոտ մեկ տարի առաջ լայնորեն տարածվեց այն տեսանյութը, որտեղ Անդրեսայանը նժդեհյան գաղափարախոսությունն անվանում է «ֆաշիստական», ԿԳՄՍՆ փոխնախարարն իրեն ուղղված հարցադրումներին տվեց այսպիսի պատասխան-արդարացում․

«Ձեր խոսքը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ եղած տեսանյութին, որն արվել է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ թեմայով, կոնկրետ կոնտեքստում և վերաբերել է ոչ թե Գարեգին Նժդեհի անձին, նրա գործունեությանը և նրա մեծ ավանդին մեր պատմության մեջ, այլ վերաբերել է նրան, թե ինչպես են ոմանք վարվում նրա թողած գաղափարների հետ, ինչպես են դրանք մանիպուլացնում և դարձնում դրոշակ՝ իրականում ծածկելու այն քանդող գործունեությունը, որը միշտ կարելի է ծածկել սիրուն բառերով»։ (2021 թ․, փետրվար):

Սա, մեղմ ասած, ջրից չոր դուրս գալու ձախողված փորձ էր։ Նախ՝ այն, որ ինչ-որ քաղաքական ուժ կարող է խոսքով որդեգրել նժդեհյան գաղափարախոսությունը, իսկ գործնականում չառաջնորդվել դրանով, դեռ չի նշանակում, որ նժդեհյան ուսմունքը մերժելի և արգահատելի է։ Երկրորդ այն, որ որևէ երկրի էլիտաները կարող են որևէ գաղափարախոսություն օգտագործել իրենց ժողովրդին մանիպուլացնելու և ծայրահեղության ծուղակը գցելու համար, դեռ չի նշանակում, որ երկրները պետք է հրաժարվեն առաջընթաց ապահովող կենսունակ գաղափարախոսություն որդեգրելու մտքից։
Երրորդ կետը հարց է. տիկի՛ն Անդրեասյան, եթե գաղափարները կարելի է օգտագործել ինչ-որ բան քանդելու նպատակով, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ուժեր, օրինակ, «ժողովրդավարություն» գաղափարը դարձնեն դրոշակ և այդ սիրուն բառով ծածկեն այն քանդող գործունեությունը, որն իրականացվում է նորանկախ Հայաստանում։
Իսկ մենք այդպես էլ կարոտ մնացինք պատասխանի, թե վերջապես ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ է նժդեհյան ուսմունքն անվանարկվում «ֆաշիստական» բառով։ Անդրեասյանը պարզապես «ջրեց» այս թեման՝ ձևացնելով, թե իբր սա անցած-գնացած պատմություն է և որևէ կապ չունի այսօր կատարվողի հետ։
Մինչդեռ, իրականում, «Հայ լինելու մշակույթը» վերնագրված այդ տեսանյութը ԾՐԱԳՐԱՅԻՆ ելույթ է, որտեղ դեռևս 2012 թվականին Ժաննա Անդրեասյանը կետ առ կետ ներկայացնում է այն հայեցակարգային հիմքը, որի վրա այսօր կառուցվում է (հանրա)կրթական ռեֆորմը։
Սույն վերլուծության 1-ին և 2-րդ մասերում կներկայացնեմ այդ ելույթի հիմնական թեզերը, որոնք միաբերան կրկնում են մի շարք այլ անձինք, ովքեր ներգրավված են կրթական ռեֆորմում։
Այսպես, Անդրեասյանն իր խոսքն սկսում է հետևյալ թեզով․ «Մենք պետք է հասկանանք, որ հայ լինելը դա ոչ թե էթնիկություն է, այլ դա մշակույթ է»։ (8:10 րոպե)


Ուշադրություն դարձրեք, որ այս միտքը հնչեցվում է 98% մոնոէթնիկ Հայաստանում։ Հայաստանո’ւմ, որն անթիվ լրջագույն հիմնախնդիրներ ունի լուծելու, էթնիկության հարցը ներկայացվում է որպես առաջնահերթ մի հարց։ Եվ ուրեմն, ո՞րն է այս պնդման տեսական հիմքը, ինչո՞ւ է այն հրապարակ նետվում և ինչպե՞ս է այն կապվում կրթական ռեֆորմի հետ։
Սրանով Անդրեասյանը, ըստ էության, ներկայացնում է կոնստրուկտիվիզմը։ Ըստ այդ տեսության՝ ազգերը կոնստրուկտներ են կամ «արհեստական ձևագոյացություններ», որ ստեղծվել են գաղափարական էլիտայի կողմից։ Կոնստրուկտիվիստական տեսանկյունից՝ էթնիկ ինքնությունը ոչ թե օբյեկտիվորեն գոյություն ունեցող, այլ «սոցիալապես կառուցված և փոփոխվող մի բան է», իսկ էթնիկ խմբերը «ձևավորվում են որոշակի սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացների արդյունքում» (Williams, 2015):
https://www.mcser.org/…/ajis/article/viewFile/5964/5735
Ի դեպ, հենց այս տեսության շրջանակներում է, որ բրիտանացի սոցիոլոգ Բենեդիկտ Անդերսոնը ազգն անվանում է «երևակայական հանրույթ»։ (Սրա մասին Ժաննա Անդրեասյանն ունի մեկ ամբողջական դասախոսություն՝

Անդերսոնը հայտնի տեսաբան է, բայց նշեմ, որ էթնիկության և ազգակերտման հարցերը քննող շարք այլ տեսություններ կան, սակայն Անդրեասյանը կենտրոնանում է հենց կոնստրուկտիվիզմի վրա, իր «դասախոսության» մեջ քննադատորեն չի մոտենում այդ տեսության դրույթներին և շրջանցում է այն հարցը, թե ինչով է նպատակահարմար դրա արծարծումը հենց Հայաստանի դեպքում։
Գանք 2014 թվական։ Տպագրվում է մեթոդական ուղեցույց՝ «Հարավային Կովկասում պատմության դասավանդման և դասագրքերի պատրաստման խնդիրները և հեռանկարները» վերնագրով, որի հեղինակների շարքում են մեզ քաջածանոթ Լիլիթ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Ֆիլիպ Գամաղելյանը և այլք։ Հիշեցնեմ, որ «հեղափոխությունից» հետո Լիլիթ Մկրտչյանը գլխավորեց հասարակագիտական առարկաների չափորոշիչների մշակման աշխատանքները, որոնց հիման վրա պետք է ստեղծվեին նոր դասագրքերը։
Թեև Լիլիթ Մկրտչյանը և իր ընկերները քննում են պատմության դասավանդման հարցերը, բայց, արի ու տես, որ նրանց նո՛ւյնպես հուզում են ազգակերտման և էթնիկության թեմաները։ Նրանք գրքի նախաբանում հստակեցնում են, որ իրենց «հատկապես հետաքրքրում են, թե ինչ նորարարություններ կան էթնիկություն, ազգ, ազգայնականություն և հայրենասիրություն երևույթներին նվիրված հետազոտություններում» (էջ 11)։

Նրանք, շարունակելով Ժաննա Անդրեասյանի բռնած գիծը, նույնպես հանդես են գալիս որպես կոնստրուկտիվիզմի պաշտպաններ՝ նշելով, որ Բենեդիկտ Անդերսոնին քննադատողները պարզապես «բավարար խորությամբ ծանոթ չեն» այս տեսաբանի առաջ քաշած կոնցեպտին (էջ 38):

Ստիպված ենք մի փոքր էլ առաջ անցնել։ 2019-20 թվականներ։ Մշակվում և հրապարակվում է հայեցակարգային մի փաստաթուղթ՝ սպասարկելու համար հանրակրթական ոլորտի հասարակագիտական առարկաների բովանդակային փոփոխությունը (փաստաթուղթը վերնագրված է այսպես. «Քննադատական և ստեղծագործական մտածողություն, մասնակցային մշակույթ և քաղաքացիական համերաշխություն»)։ ՀեղինակներԱշոտ Ոսկանյան, Հրաչ Բայադյան, Վահրամ Սողոմոնյան։ http://diskurs.am/…/07/Krtutyun2020-Concept-armFINAL.pdf

Նրանք հենց սկզբից բողոքում են, որ Կրթության և գիտության նախարարությունը պատվեր է տալիս դասագրքերի հեղինակներին՝ գրելու «հայակենտրոն, ազգայնական պատմություն» (էջ 7), ապա դժգոհություն են հայտնում, որ անկախությունից ի վեր «Հայաստանում տեղի է ունեցել կրթական պատումների հարաճուն ազգայնացում և էթնիկականացում» (էջ 11), որից հետո բացահայտում են իրենց հավատարմությունը կոնստրուկտիվիզմին՝ նշելով, որ անհրաժեշտ է «հրաժարվել էթնոսի և ազգի բնականացումից» (էջ 11): Ինչպես նկատեցիք, այս մարդիկ հիմնականում զբաղված են հայերի ծագման և էթնիկության վրա հարձակվելով (այսինքն, ազգակերտման հարցում էթնիկության գործոնը մերժելով), բայց քանի որ այդպես էլ չեն հստակեցնում, թե վերջապես ԻՆՉ ԳՈՐԾՈՆՆԵՐ են ազդել մեր ազգային ինքնության ձևավորման վրա, անեմ մեկ լրացում։ Հայկական ինքնությունը ձևավորած մի շարք գործոններ կան, որոնց քննությանն է նվիրված պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի աշխատություններից մեկը, որտեղ հեղինակն առաձնացնում է երեք հիմնաքարային գործոն կամ «ազգային համակարգեր», որոնք ՈՐՈՇԻՉ դեր են ունեցել հայկական ինքնության ձևավորման մեջ։ Դրանք են՝ հայոց լեզուն, հայկական պետությունը և հայոց բանակը։

http://www.ararat-center.org/upload/files/Himnakarer.pdf

«Հայկական հստակ ինքնությունն արդեն կայացած էր առնվազն Ք. ա. 1-ին հազարամյակում»,-իր աշխատության մեջ ապացուցում է Այվազյանը։ Հեղինակն ավելացնում է, որ «ավելի ուշ հայերի ձեռք բերած մշակութային երկու գերնվաճում,․․․ այն է քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն 301 թվականին և հայկական այբուբենի ստեղծումը 405 թվականին՝ չափազանց արդյունավետ միջոց էին խթանելու համար արդեն իսկ հիմնավորապես ազգայնական հայկական քաղաքակրթության առաջխաղացումը» (էջեր 121-122)։

http://www.ararat-center.org/upload/files/Himnakarer.pdf
Հետևաբար, չպաշտպանել այս համակարգերը կամ կազմակերպված աշխատանքով հարձակում գործել սրանցից որևէ մեկի վրա, նշանակում է քանդել ազգային ինքնագիտակցության հիմքերը։ Թե ինչքանով են ժաննաանդրեասյանները մտահոգված նշված ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ պահպանմամբ և հզորացմամբ, մենք կտեսնենք ստորև։ Այս պահին միայն հստակ ամրագրենք հետևյալը՝ ազգակերտման և ազգային ինքնության հարցերն այսօր մեծապե՛ս ուշադրության կենտրոնում են։


ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Գլոբալացվող աշխարհում կոնստրուկտիվիստական տեսությանը մեծ ուշադրություն է հատկացվում, ինչը պատահական չէ։ Բանն այն է, որ կոնստրուկտիվիզմը գլոբալիզացիոն խոսույթի «օրգանական բաղադրիչն է» (Պալան, 2004)։ Այս տեսությունը կարևոր դրույթներ է մատակարարում՝ օգնելով բացատրելու մի շարք գործընթացներ։
Առաջին՝ ներկայումս, երբ երկրներին «քշում են» դեպի բաց հասարակություններ և ազատ շուկայական հարաբերություններ, տարբեր էթնիկ խմբերի, ազգերի, մշակույթների, ռասաների ներկայացուցիչներ «հավաքվում են» մեկ ընդհանուր պետության մեջ, ինչն անխուսափելիորեն ազդում է մարդկանց անհատական և հավաքական ինքնության վրա։ Այս ամենն ազդում է նաև հենց պետության մոդելի վրա (առաջ է գալիս այնպիսի հարց, ինչպես, օրինակ, ի՞նչ է իրենից ներկայացնում ազգ-պետությունը (nation-state)):
Այստեղ հաջորդ հարցը։ Տիկի՛ն Անդրեասյան, եթե ազգը և ազգային ինքնությունը սոսկ կոնստրուկտներ են, այսինքն՝ կառուցված, երևակայված բաներ, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ բազմաբարդ տեխնոլոգիաների կիրառմամբ որոշ ուժեր կարող են նախ քանդել մեր ազգային ինքնությունը, իսկ հետո տեղը ԿԱՌՈՒՑԵԼ իրե՛նց ուզածը։ Որպես սոցիոլոգ՝ Դուք այսպիսի գործընթացներում ի՞նչ թակարդներ և մարտահրավերներ եք տեսնում։ Հնարավո՞ր է «սիրուն բառերով ծածկել այն քանդող գործունեությունը», որ որոշ ուժեր իրականացնում են ազգ-պետությունների, այդ թվում՝ Հայաստանի դեմ:
Երկրորդ՝ այսօրվա աշխարհում կարևոր օրակարգ է առանձին պետությունների ինտեգրումը ՎԵՐազգային (supranational) կառույցներին (ինչպիսին է, օրինակ, Եվրամիությունը)։ Իսկ մեկ ընդհանուր քաղաքական-տնտեսական համակարգի մեջ ներառումը կրկին առաջ է բերում ինքնության հարցեր (օրինակ՝ Ֆրանսիայի՞ քաղաքացի, թե՞ Եվրոպայի քաղաքացի, կամ՝ Գերմանիայի դպրոցներում պետք է սովորեն Գերմանիայի՞ պատմություն, թե՞ Եվրոպայի պատմություն)։
Երրորդ՝ վերազգային և անդրազգային (transnational) տարբեր կառույցների ստեղծմամբ՝ պետություններն այսօր միջազգային հարաբերություններում հաճախ ներկայանում են ոչ թե որպես առանձին ազգ-պետություններ, այլ որևէ կառույցի անդամներ (այդպիսի կառույցներից է, օրինակ, ՆԱՏՕ-ն)։
Հետևաբար, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՈՒԺԻ ԲԱՇԽՄԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հարցերը սերտորեն փոխկապակցված են։ Տեղին է մեջբերել պատմաբան Արմեն Այվազյանի մեկ այլ կարևոր դիտարկում․ «Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման և ամրապնդման գործընթացում, իսկ դրա լղոզումը բնավ չի նպաստում համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի ու հասարակության միավորմանը, ընդհակառակը՝ խոչընդոտում է դրան»։

https://hayrenater.livejournal.com/8470.html

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Անցնենք Անդրեասյանի թեզի երկրորդ մասին (այն է՝ հայ լինելը մշակութային է) և պարզենք, թե ինչ օրակարգ կա դրված ա՛յս դրույթի տակ։ Ենթադրենք, որ հայ լինելը ՄԻԱՅՆ մշակութային է (այսինքն՝ որևէ գենետիկ ընդհանրություն չկա իմ և այս պահին ինձ ընթերցողների միջև, կամ իմ և Հայկական լեռնաշխարհում, օրինակ, չորս հազար տարի առաջ ապրած մարդկանց միջև)։ Մի պահ ենթադրենք, որ այդպես է։ Ուրեմն, իմ հայ լինելու կարևորագույն, և թերևս միակ, գրավականը հայկական մշակույթը կրելն է։
Բա եթե հայ լինելը մշակութային է, հարգելի՛ փոխնախարար, ապա ինչո՞ւ «հեղափոխությունից» հետո՝ 2019 թվականի սկզբին, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ կարևորություն ունեցող ՄՇԱԿՈՒՅԹԻ նախարարությունը չեզոքացվեց․ ինչո՞ւ այն խցկվեց-տարրալուծվեց նորաստեղծ անհասկանալի նախարարության մեջ։

https://www.azatutyun.am/a/29701420.html
Ենթադրում եմ Դուք բողոքել եք այս որոշման դեմ և պնդել եք, որ փակելու փոխարեն պետք է հզորացնել Մշակույթի նախարարությունը։ Որտե՞ղ կարող ենք ծանոթանալ այդ բողոքին։ Ինչ խոսք, նորանկախ Հայաստանում տարվող հակամշակութային քաղաքականության մասին կարելի է հատորներ գրել, բայց այս պահին թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ ռազմավարական ԾՐԱԳՐՈՎ է մշակութապես ՀԱՅ լինելը պաշտպանվում այսօր և պաշտպանվելու վաղը։
Բա եթե հայ լինելը մշակութային է, հարգելի՛ փոխնախարար, ապա ինչո՞ւ «հեղափոխությունից» հետո բուհական քննությունների և դասավանդվող առարկաների ցանկում ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակություն ունեցող ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ հանվեց պարտադիրի ցանկից։

https://armeniasputnik.am/…/hayoc-lezun-shat-texerum…

Ավելին, Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականին կրծքով պաշտպանում էր ԲՈՒՀ-երի ոչ հումանիտար ֆակուլտետներում հայագիտական առարկաների դասավանդման կրճատումըանհիմն ու ծանծաղ համեմատություն անելով հայաստանյան բուհերի և Հարվարդի ու Քեմբրիջի համալսարանների միջև։

https://lurer.com/?p=343532&l=am

Ձեզ հայտնի չէ՞, որ առանց հայոց լեզվի չկա՛ հայկական մշակույթ։ Կնշե՞ք, թե բոլոնյան գործընթացի աքցանի մեջ հայտնված Հայաստանը ինչպե՞ս է բոլոր մակարդակներում պահպանելու հայ ինքնության գրավականի՝ հայոց լեզվի ԱՌԱՋՆԱՅԻՆ տեղն ու դերը։ Եթե կան ընթերցողներ, ում թվաց, թե Անդրեասյանն ի նկատի ունի այն, որ ՀԱՅԿԱԿԱՆ մշակույթի շուրջ կարող ենք հավաքել ամբողջ հայությանը և ընդհանուր նպատակներ դնելով՝ առաջ քայլել, շտապեմ հիասթափեցնել։ Պարզվում է, որ 2019-2020 թթ․ին մշակված հայեցակարգային փաստաթղթում, անդրադառնալով ՍՓՅՈՒՌՔԻ խնդիրներին, Ոսկանյան-Բայադյան-Սողոմոնյան հեղինակային խումբը հստակ հայտարարում է․ «Այս նուրբ խնդրին մոտենալիս, կարևոր է խուսափել «ազգային մի¬աս¬նու-թյան» մերկապարանոց հուզական կոչերից, ինչպես նաև «¬մեկ ազգ – մեկ մշակույթ» մտացածին թեզից» (էջ 28)։

http://diskurs.am/…/07/Krtutyun2020-Concept-armFINAL.pdf

Փաստորեն, ազգային ինքնությունից նրանք հանում են նաև ազգը միավորող հայկական մշակույթի գործոնը, իսկ հայոց լեզուն թողնում են բոլոնյան մեքենայի ուղղորդող և համահարթեցնող անիվների տակ։ Կարծես պղտոր ջուրն սկսում է զուլալվել․․․ Ստացվում է, որ Անդրեասյանի առաջ քաշած թեզը սերտորեն կապված է էթնոգիտակցության հարցերի, գլոբալիզացիայի, ինտեգրացիոն գործընթացների, ազգամիջյան կոնֆլիկտների «լուծման», ռազմական անվտագության, տվյալ երկրում տարվող ժողովրդագրական քաղաքականության, ինչպես նաև հասարակագիտական առարկաների (հատկապե’ս պատմության) դասավանդման հետ։ Ուրեմն, սոցիոլոգ Անդրեասյանը գիտի, թե ինչու է սկսում իր խոսքը հենց ա՛յս թեզով։ Ինչպես ասում են, աղվեսը լավ գիտի հավաբնի տեղը…

ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ (ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ)

Անդրեասյանը նաև գիտի, թե ինչու է հաջորդիվ սրի քաշում հայրենասիրություն գաղափարը՝ այն անվանելով ուղղակի․․․«փուչիկ»։ Խնդրեմ․ Չկա հայրենասիրության կոնցիպցիա։ Հայրենասիրության կոնցեպցիան դա փուչիկ է (!)։ Հայրենասիրությունն անհրաժեշտ է որպես մոբիլիզացիոն գաղափար։ Հայրենասիրությունը ինքը վտանգավոր գաղափար է, որովհետև թույլ է տալիս աբստրակտը սիրելով, չսիրել կոնկրետը (?!)։ Այ էդ հայրենիքը, որը ոչ ոք չգիտի՝ ինչ է, որտեղ է սկսվում և ավարտվում (!)․․․ Դա թույլ է տալիս, որ մենք չսիրենք մեր կողքի մարդուն, մեր փողոցը, մեր բակը, մեր խանութի վաճառողին։ Շատ վտանգավոր գաղափարներ են տարածում (?!), որոնցով շատ հեշտ է տարվել և գնալ դրանց հետևից։ (19:00 ր) Ձեզ տարօրինակ չի՞ թվում հայրենասիրության գաղափարի այսպիսի վայրենի ժխտումը։ Չէ՞ որ նույնիսկ եթե խոսում ենք ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ քաղաքացիական դաստիարակության մասին, ապա հայրենասիրությունը ժխտելու նպատակն անհասկանալի է մնում։ Հայրենասիրությունը քաղաքացիական գիտակցության հետ համադրելու, դրա առաջմղիչ հատկանիշներից օգուտ քաղելու փոխարեն այն ուղղակի ժխտվում է։ Բայց այստեղ ուշադրություն դարձրեք, որ հայրենասիրությունը «փուչիկ» անվանելուց անմիջապես հետո Անդրեասյանն ասում է, որ հայրենասիրությունը ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ գաղափար է։ Ուրեմն Անդրեասյանին (և նրա օտար տերերին) հուզողն ընդամենը հայրենասիրության մոբիլիզացիո՛ն ներուժն է։ Մենք չենք կարող չհամաձայնել նրանց հետ։ Իհարկե, հայրենասիրությունը վտանգավոր գաղափար է։ Պարզապես, նայած ՈՒՄ համար… Էլ ինչի՞ց պետք է վախենան օտար և թշնամի կենտրոնները, եթե ոչ մեր՝ հայերիս մոբիլիզացիայից։ Եվ ինչո՞ւ միայն հայերի։ Ցանկացած այլ ժողովրդի, որ համախմբվում է ռազմավարական հստակ նպատակների շուրջ և դիմադրում է ավելի հզոր ուժերի (սողացող) գաղութացմանը։

Իսկ նրանք, ովքեր «չգիտեն», թե որտեղ է սկսվում և ավարտվում մեր հայրենիքը, տարիներ շարունակ հստակ ծրագրով քայլել են դեպի «խաղաղության դարաշրջան»։ Չէ՞ որ նույն Ժաննա Անդրեասյանը 2019 թվականին «Սոցիոսկոպ» ՀԿ-ի մի ծրագրի շրջանակներում բանախոսություն էր ներկայացնում, որը հետաքրքիր խորագիր ուներ՝ «ռազմԱկանացման և անՎտանգության միջև»։ Այս մարդկանց համար զինված հայը ական է՝ ռո’ւմբ, դրված «խաղաղության» դարաշրջանի տակ։
Դառնանք Լիլիթ Մկրտչյանին և իր ընկերներին։ 2014 թվականին լույս տեսած գրքում նրանք հաստատում են մեր պնդումը, որ իրենց դարդն ու ցավը հայրենասիրության մոբիլիզացիոն ուժն է և երկրի ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ։ Մկրտչյանները և գամաղելյանները հայրենասիրություն դաստիարակելու կարևորությունը հրում-դուրս են շպրտում դպրոցից՝ դրա փոխարեն թողնելով միայն «քաղաքացիական սոլիդարությունը»։ Նրանք պնդում են, որ մինչև հիմա լուրջ ջանքեր չենք ներդրել՝ հասկանալու համար, թե պատմություն առարկայի դասավանդումը «սոլիդարության ի՞նչ տեսակ և քաղաքացիական ի՞նչ զգացմունքներ պետք է զարգացնի»: Թերևս դեմքի լուրջ արտահայտությամբ նրանք հարց են բարձրացնում․ ի՞նչ տարբերություն կա հայրենասիրության միլիտարիստական (!) և ժողովրդավարական տեսակների միջև (էջ 13)։
Հայրենասիրությունն ինքնանպատակ, անատամ ու անարմատ մի բան լինել չի կարող։ Այն քաղաքացուն իր հայրենիքի հետ կապող խորքային գիտակցություն է, որտեղ կա նա’և զինվելը և հայրենաՏԵՐ լինելը։ Ուստի, այսպիսի կեղծ և շինծու հակադրություն ստեղծելն ընդամենը քարոզչական պարզունակ հնարք է։
Ոսկանյան-Բայադյան-Սողոմոնյան հեղինակային խումբն ավելի առաջ է անցնում և հայտարարում է, որ «պատմության դասագրքերի միլիտարիզմը խանգարում է ներկա հակամարտությունների լուծմանը» (!!) (էջ 13): http://diskurs.am/…/07/Krtutyun2020-Concept-armFINAL.pdf


Դժվար է արձագանքել այս հանճարեղ մտքին, որի հեղինակներն, իբր, անտեղյակ են, թե ԻՆՉՈՒ չի լուծվում հայ-թուրք-ադրբեջանական հակամարտությունը։ Այս պահին միայն առաջարկեմ հետևյալը․ նրանք, ովքեր համարում են, որ հայկական դպրոցի պատմության դասագրքերում առկա էր միլիտարիզմ, իսկ դա խանգարում էր հայ-թուրք-ադրբեջանական հակամարտության լուծմանը, թող ծանոթանան հետևյալ վերլուծությանը և տեսնեն, թե հենց այսօր ի՛նչ դասագրքերով են ուսումնառություն ստանում Թուրքիայում․

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1276872866085260&id=100012876762586

Վերլուծությանը ծանոթանալուց հետո առաջարկում եմ գուշակել՝ կկարգավորվի՞ հայ-թուրք-ադրբեջանական հակամարտությունը, երբ մեր պատմության դասագրքերից քերած-հանած կլինեն «միլիտարիզմը»։
Եթե այս ամենն անխափան մուտք գործի դպրոցական ծրագրի բովանդակության մեջ, ապա այս «բարե»փոխիչները մեր ազգային ինքնագիտակցությունից կփորձեն պոկել նաև հայոց բանակի սյունը, ինչը նշանակելու է ծանր, եթե ոչ ջախջախիչ հարված հասցնել հավաքական հայ ժողովրդին և հայոց պետականությանը։

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Նորարարություն ներմուծող Ժաննա Անդրեասյանը նաև մատ է թափ տալիս մեզ վրա և տեղեկացնում, որ այսօրվա աշխարհում հզորանալու համար մենք պետք է «ճկուն» լինենք և փոխենք ազգի մասին մեր «կոնցեպցիան», այլապես հետ կմնանք աշխարհի հզորներից։ «Այն ազգերը, այն հասարակությունները, որոնք զարգանում են, ազգի կոնցեպցիան նրանց մոտ շատ ճկուն ա» (7:40 րոպե):

Եվ այստեղ նա բերում է ԱՄՆ-ի օրինակըիր ունկնդրի աչքը կոխելով այն, որ ԱՄՆ-ում ցանկացած ոք, անկախ իր էթնիկ պատկանելությունից, կարող է դառնալ ամերիկացի։ Մեծ համարձակություն և երևակայություն պետք է ունենալ Հայաստանը ԱՄՆ-ի հետ համեմատելու համար։ Փաստորեն, անդրեասյանների կարծիքով, եթե հայ ժողովուրդը փոխի ազգի մասին իր «կոնցեպցիան», ապա, ինչպես ԱՄՆ-ում, հազարներով այլազգիներ հերթ կկանգնեն ՀՀ քաղաքացի և մշակութապես հայ դառնալու համար։

Նույնիսկ չարժե ժամանակ ծախսել՝ բացատրելու համար, թե ինչու ԱՄՆ-ը հնարավոր չէ՛ համեմատել Հայաստանի հետ, և թե ինչու է ծիծաղելի որևէ գերտերություն տնտեսապես և քաղաքականապես շատ ավելի թույլ երկրների հետ համեմատելը։ Անդրեասյանը երևի չգիտի, որ գերտերություններն ունեն հսկայական ռեսուրսներ և լծակներ՝ բռնի կամ փափուկ ուժի կիրառմամբ ուշ թե շուտ կուլ տալու ավելի փոքրերին և թույլերին։ Դա մի ծանրաձող է, որ ներկայիս Հայաստանը բարձրացնել չի կարող։ Մինչդեռ առանց ռազմավարական լուրջ մեխանիզմների ներդրման «բազմազանության» առաջ դռները բացելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել գաղափարական, քաղաքական, տնտեսական փլատակների տակ․․․

Փլատակների տակ մենք կարող ենք հայտնվել նաև ժողովրդագրական՝ դեմոգրաֆիկ առումով, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ համար։ Մինչև հիմա մենք չունենք ԾՐԱԳՐԱՅԻՆ պատասխաններ, թե ժողովրդագրական մասով ի՞նչ քաղաքականություն է վարում և վարելու Հայաստանը։ Կա՞ն կարմիր գծեր, որոնք մենք չպետք է անցնենք։ Ուսումնասիրվա՞ծ է այն երկրների փորձը, որոնք, բացելով դռները բազմակերպության առաջ, կանգնել են ժողովրդագրական և այլ ահագնացող խնդիրների առջև։ Մեր տարածաշրջանը որոշակի առանձնահատկություններ ունի՞, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք՝ անկախ նրանից, թե ինչ են անում ԱՄՆ-ում, Կանադայում կամ Ավստրալիայում։

Իսկ տիկին փոխնախարարին տեղեկացնենք, որ Հայաստանը հզորացնելու կարևորագույն առաջնահերթություններից մեկը եղել և մնում է հայերի՛ զանգվածային ներգաղթի համար պայմաններ ստեղծելն ու այդ ՆԵՐԳԱՂԹԸ փուլերով կազմակերպելը։ (Ի դեպ, ցույց կտա՞ք ԳԵԹ ՄԵԿ օրինակ, որ Անդրեասյանն ու իր համախոհները խոսում են հայերի ներգաղթ կազմակերպելու կարևորության մասին)։

Ավելին ասելու փոխարեն տեղին է հիշեցնել մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի խոսքերը․ «Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»»:

Ցավոք, անդրեասյաններին դուրս հրավիրող չի եղել և չկա․․․ Այսօր արդեն որոշում կայացնողների շարքերում հայտնված Ժաննա Անդրեասյանը տասը տարի առաջ նաև վախենում էր, որ մենք կմնանք «աբորիգեն», և իր խոսքն ավարտում է (երևի իր տերերից ստացած) սպառնալիք-նախազգուշացումով․ «Եթե մենք չենք պատասխանում ժամանակակից աշխարհի հիմնական տենդենցներին (բազմակերպություն, բազմազանություն), մենք դադարելու ենք ռեալ լինել որպես ազգ։ Մեզ գալու են նայեն որպես աբորիգենների, որոնք կարող էին ապրել Ամազոնի անտառներում։ Մեզ մոտ գերիշխող հերոսները, գաղափարախոսությունները, դրանք հենց աբորիգենային են»։ 28:30 ր

Ազգայինն անպայման պետք է հաղորդակցվի նորարարությանը, հարաբերվի այսօրվա հետ, որպեսզի բարենորոգվի և կատարի իր առաքելությունը։ Իրական ազգային գործիչները, լայն իմաստով, հենց սրան էլ նվիրում են իրենց կյանքն ու գործունեությունը։ Բայց երբ ներկա քաղաքական և քաղաքակրթական տեկտոնիկ շարժերի հորձանուտում հայտնվում են նման մտքեր արտահայտող ժաննաանդրեասյաններ, ակամայից սարսափում ես, թե ի՞նչ ռազմավարական ծրագրով դեպի ո՞ւր են տանում Հայաստանը։

Նորից դիմենք փոխնախարարին։ Տիկի՛ն Անդրեասյան, ի՞նչ է իրականում կատարվում մեր կրթական համակարգի հետ։ Հիմնավոր տպավորություն է, որ բովանդակային այս ռեֆորմով և նոր չափորոշիչներով դուք դնում եք այն հիմքը, որով հայի համար կառուցելու եք «նոր», «արդիականացված» ինքնություն։ Վերապատրաստումների ժամանակ մեր ուսուցիչներին բաց և հստակ ասվելո՞ւ է այս մասին։ Հստակ պարզաբանելո՞ւ եք ինչ «ռեստարտի» եք ուզում ենթարկել հայկական ինքնությունը։ Թափանցիկ աշխատելաոճը մտնո՞ւմ է ժողովրդավարական սկզբունքների մեջ, թե՞ ժողովրդավարական սկզբունքների մեջ մտնում է ժողովրդից թաքուն օրակարգեր առաջ բրդելն ու ժողովրդին թիկունքից հարվածելը։

Ավարտեմ՝ վերջին հարցն ուղղելով կրթական այս ռեֆորմի առաջամարտիկներին․ տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք չեք դադարում խոսել ու գրել քննադատական մտածողության, երևույթներին տարբեր կողմերից նայելու և բազմաձայնության մասին, սակայն հենց դո՛ւք տարիներով և տասնամյակներով զբաղված եք ՆՈՒՅՆ թեզերը կրկնելով և վերարտադրելով։ Ինչպե՞ս հասկանալ ձեզ չլքող այսպիսի դոգմատիկ միաձայնությունը։ Մեր ընթերցողին ժամանակ տանք խորհելու այս հարցերի շուրջ և տեղեկացնենք, որ Անդրեասյանն իր ելույթում շարունակում է զարգացնել կոնստրուկտիվիստական մոտեցման դրույթները և շատ «պատահական» անցնում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ դաշտ․․․

Վերջ Առաջին Մասի

Շարունակելի․․․

Աղբյուրը՝ facebook.com:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *