ՄԵՐ ՈՒՂԻՆ

Տոն Թե Միտինգ

Առ այսօր ՀՅԴ լիդերների քաղաքական վարքագծի դեմ առաջինը թերեւս պետք է ընդվզեին շարքային դաշնակցականներն ու համակիրները, որովհետեւ լիդերների վարքագիծը առաջինը հարվածել է հենց այդ քաղաքական ուժի հեղինակությանը:

Հակոբ Բադալյան

Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ 131 ամյակի տոնակատարությունը: Բավական ճոխ կազմակերպված էր, մեծ թվով հյուրեր, ելույթներ, խոստումներ: 

Բոլորն էլ ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ ՀՅԴ 131 ամյակի տոնակատարումն իր ողջ էությամբ «նախկինների» հավաք էր: ՀՅԴ-ն զոհեց իր տոնակատարությունը, որպեսզի ՀՀ ընդդիմության որոշ հատվածը ևս մեկ անգամ քաղաքական ելույթ ունենա: Այն ավելի շատ ոչ թե 131 ամյակի տոնակատարումն էր, այլ ցույցի նման մի բան, որով ընդդիմությունը փորձեց իր միասնությունն ու վճռականությունը ցույց տալ իշխանությանը:

Այն, որ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունը միայն մի բան են անում՝ իրար հեռակա ինչ որ բաներ ապացուցել, մեղադրել ու «հասկացնել», հայտնի երևույթ է: Դրանից չխուսափեց նաև ՀՅԴ 131-ամյակի տոնակատարումը:

Մյուս կողմից էլ այդ տոնակատարումը շատերին հիշեցրեց, որ շուտով ՀՅԴ Ընդհանուր Ժողովն է, որի ժամանակ պիտի նոր բյուրո ընտրվի, հաշվետվություն պիտի ներկայացվի: Իսկ այս տոնակատարումն ասես դեմարշ լիներ բոլոր նրանց դեմ, ում հետ ներկայիս բյուրոն ու ԳՄ-ն չպարզված ու չվերջացած հաշիվներ ունեն:

Ամենից ակնառուն իհարկե տոնակատարության հյուրերն էին: Այնտեղ էր ՀՀ ընդդիմադիր ողջ էլիտան, իսկ նրանք իրենցով խորհրդանշում են Հայաստանի նախկին իշխանություններին: Սա ևս մեծ հաշվով ստվեր գցեց այդ տոնակատարության վրա:

Տոնակատարությունը շատ արագ քաղաքական միտինգի վերածվեց, որտեղ Իշխան Սաղաթելյանը հիմնականում խոսում էր իշխանությունների սխալների, վրիպումների, ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Տպավորությունն այն էր, որ փոխանակ վերարժեվորելու ՀՅԴ 131 տարիները, հասկանալու, ըմբռնելու, ավելի շատ զբաղված էին իշխանությանը քննադատելով: 

Սեփական սխալների մասին բնականաբար ոչ մի խոսք: Ոչ մի խոսք նաև այն մասին, թե ինչու ՀՅԴ-ն այս օրը հասավ: Ոչ մի տառ այն մասին, թե ինչու է ՀՅԴ ռեյտինգը ռեկորդային ցածր և իհարկե ոչ մի խոսք այն մասին, որ ներկայիս քաղաքական ընդդիմության այդ հատվածը դեռևս կենսունակ է միայն ու միայն պատերազմում պարտությունից հետո, քանի որ պատերազմի պարտության պաշտոնական պատասխանատվությունը կրում է իշխանությունը:

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ տոնակատարությունը վերածեց քաղաքական բեմի ու նորից 30 ամյա ամեն ինչի պատասխանատվությունը դրվեց իշխանության վրա:

Իշխան Սաղաթելյանի հաղթական և սպառնալից տոնը կարող էր սազել հաղթական կայսերական առաջնորդի, բայց ոչ պարտված երկրի մի կուսակցության առաջնորդի, մի կուսակցության, որը քիչ պատասխանատվություն չունի այդ պարտության մեջ: Որովհետև մեղադրելով հանդերձ, Իշխան Սաղաթելյանը հավանաբար մոռացավ նշել, որ 131 ամյակը նշող մարդկանցից ու հյուրերից շատ շատերն անմիջական ղեկավարներ ու պատասխանատուներ են եղել, որ նաև իրենց գործունեության հետևանքը եղավ թե 2018-ը, թե 2020-ը: Իշխան Սաղաթելյանի մտքով չանցավ կիսել պատասխանատվությունը: Նա միայն մեղադրեց և հայտարարեց, որ միևնույն է իշխանություններին հեռացնելու են:

Ի՞նչ կապ ուներ ՀՅԴ տարեդարձը քաղաքական օրակարգի հետ ընդհանրապես: 

ՀՅԴ 131 ամյակը քաղաքական մոնոլոգ դարձրած Իշխան Սաղաթելյանը խոսեց , որ Արցախը չի թուրքացվելու, որ Սյունիքը չի զիջվելու:

Իսկ ինչո՞ւ է Սաղաթելյանը  խոսում Արցախի թուրքացման մասին: Կամ ո՞վ է ասել, որ Սյունիքը զիջվելու է: Ի՞նչ հիմքերով է նա հայտարարում, որ Սյունիքը «հանձնվում է», ի՞նչ հիմքերով է պետական ու ազգային մասշտաբով աղետալի գուշակումներ անում և նորից մեղադրում ու նորից գրգռում մարդկանց:

Այդ առումով բավական հետաքրքիր է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Մեջբերում. «Այդ ամենի առնչությամբ խոսելու առիթներ լինում են պարբերաբար, բոլորիս համար: Օրինակ, մի շարք անգամներ կարծիք եմ հայտնել, որ այդ ժամանակահատվածի՝ եւ փաստացի առ այսօր ՀՅԴ լիդերների քաղաքական վարքագծի դեմ առաջինը թերեւս պետք է ընդվզեին շարքային դաշնակցականներն ու համակիրները, որովհետեւ լիդերների վարքագիծը առաջինը հարվածել է հենց այդ քաղաքական ուժի հեղինակությանը:»

Եվ իրոք, զարմանալին այն էր, որ ներկաները ցնծությամբ էին ընդունում այդ ամենը: Զարմանալի այն առումով, որ հենց շարքային դաշնակցականները պիտի փորձեին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում ու ՀՅԴ-ում: Որովհետև ՀՅԴ ռեյտինգի իջեցումը միայն Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի չունեցավ: Դեռ 2017-ին ՀՅԴ-ն «զոռով» հաղթահարեց անցողիկ տոկոսները: Սա բավարարո՞ւմ է շարքային դաշնակցականներին: Նրանք գոհ են ընդհանուր արդյունքներից: Նրանք իրո՞ք մտածում են, որ ամեն ինչի մեղավորը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է:

Պատճառ և հետևանք սկզբունքները հասկացողներից շատերին հեռացրել են կուսակցությունից, հարցեր տվողներին ու պատասխան պահանջողներից ևս: Փակել են բոլորի բերանը, ովքեր համաձայն չեն իրենց հետ և հիմա Իշխան Սաղաթելյանը որոշել է կուսակցական տոնակատարությունը դարձնել ևս մեկ գործիք, որով Նիկոլ Փաշինյանի ուսերին է բարդվում վերջին 30 տարիների ամբողջ պատասխանատվությունը:

Իշխան Սաղաթելյանը հավանաբար մոռացել է, որ 1998-ից մինչև 2018թ-ը, այսինքն մոտ 20 տարի ՀՅԴ-ն եղել է ՀՀ ԱԺ խմբակցություն, եղել է ընդդիմադիր ու կոալիցիա ու հիմա իր իսկ նախկին ու ներկա գործընկերներով որոշել են «մոռանալ», թե ինչով էին զբաղված այդ 20 տարիների ընթացքում: Նաև մոռանալ, թե ինչպես ազգային ուժը դարձավ քաղաքական կուսակցություն: Նաև մոռանալ այն, որ ՀՅԴ-ն խորհրդարանում դեմ ու կողմ լինելով չէր կարողանում որևէ հարց բարձրացնել կամ փոխել: Չար լեզուներն ասում են, որ ՀՅԴ-ն ուղղակի լեգիտիմացնում էր Սերժ Սարգսյանի ու  Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները, երբ մտնում էր կոալիցիայի մեջ:

Շատ շատ վատ է, որ նման տոնակատարությունը չի դառնում վերարժեվորման երեկո, այնտեղ չեն փորձում հասկանալ անցածը, գտածը, կորցրածը, ձեռքբերումները: Միայն պարծենկոտություն և մեղադրանք:

Գոնե մեկ բառ չնշվեց սեփական սխալի մասին: Ինչ էլ ասվեց, ասվեց արքայական ողորմածաբար բարեհոգությամբ: Նման կերպ կայսրերն են բարեհաճում ընդունել, որ երկրագունդը կլոր է ու դա համարվում է հանճարեղ միտք:

Ամեն դեպքում ՀՅԴ-ն դարձավ 131 տարեկան: Եվ ի՞նչ: ՀՅԴ-ն ի՞նչ նպատակ է դրել իր առջև: Հետաքրքիր է, թե արդյո՞ք ՀՅԴ-ն կդառնար 131 տարեկան, եթե ապրեր այն գործելակերպով, ինչ և հիմա:

Ո՞ւր էին համաշխարհային սոցիալիզմի  գաղափարական խոսքերը: Ո՞ւր էին խոսքերը հենց Դաշնակցության մասին: Ուր էին մտքերը անկախության ու ինքնիշխանության գաղափարի ու էության մասին:

Գուցե շատ չեն սխալվում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ սա ոչ թե տոնահանդես էր, այլ քաղաքական նպատակով կազմակերպված միջոցառում: Որ ավելի շատ ուղղված էր քաղաքական հակառակորդին, ոչ թե կուսակցական ընկերոջը, ավելի շատ ուղղված էր արդարանալու, քան թե հասկանալու, ավելի շատ մեղադրելու, քան ընդունելու: 

Սա ոչ թե ՀՅԴ 131 ամյակն էր, այլ հերթական անգամ կուսակցության անունը զոհաբերվեց հանուն տվյալ պահի քաղաքական կարճատև շահի: Եվ զավեշտալին այն է, որ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին ասացին ինչ ասես, բայց իրենց հավաքը ևս աչքի ընկավ բազմամարդությամբ:

Ու ի վերջո, մի՞թե ՀՅԴ-ն հանձինս Իշխան Սաղաթելյանի, որոշել է իր գաղափարական համոզմունքը ընկերվարությունից ու սոցիալիզմից փոխել ընդդեմ Փաշինյանի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *