Պատմական հրաշքով անկախացած երկիրը հզորացնելու փոխարեն ՀՀ առաջնորդները 30 տարում այն նորից դարձրին ռուսական գաղութի կարգավիճակի մի երկիր:
Արայիկ Մկրտումյան
Վերջին ժամանակներին ինտենսիվորեն զրույցներ են շրջանառվում միութենական հանրապետության մասին ու ամենատհաճն ու զայրացուցիչն այն է, որ դրա մասին որոշակի համակրությամբ խոսում են նաև Հայաստանում:
Միութենական հանրապետության թեման կրկին թեժացավ վերջերս, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի մասին ու ասել, որ մենք միևնույն է փախչելու տեղ չունենք ու ստիպված ենք համաձայնվելու: Սեփական երկիրը Ռուսաստանի անձնական օգտագործման բեսեդկա(բակի զրուցարան) դարձրած մեծ հակումներով փոքրիկ բռնապետին առանձնապես չեմ մեղադրում իր դուրս տված հիմարությունների համար: Բնական է, որ վերջինս չգիտի անկախության ու ինքնուրույնության գինը: Էհ, պիտի ունեցած լինեն, որ մի հատ էլ գնահատի: Բելառուս կոչված պետությունը, որ բոլշևիկները փազլի պես հավաքեցին Լեհաստանի ու Լիտվայի տարածքներից, այդպես էլ մնաց արհեստական պետություն: Այն, որ պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած պետության նախագահը իր անկախությունը չի գնահատում, իր գործն է: Խնդրեմ, կարող է նույնիսկ Բելառուս(սպիտակ ռուս) անունը փոխել դարձնել Չեռնառուս(սև ռուս), եթե դա իրեն հետաքրքիր է, բայց այն, որ Հայաստանում ևս կան քաղաքական շրջանակներ, որոնք դեմ չեն միութենականությանը, այդ դա արդեն նողկալի է: Ու դա արդեն մեր բոլորիս գործն է:
Հայաստանի անկախությունը մշտապես եղել է ու կա հայ ժողովրդի գլխավոր նպատակներից մեկը: Գաղտնիք չէ, որ այսօրվա Հայաստանը տնտեսական, ռազմական մեծ կախում ունի հյուսիսից, բայց դա դեռ չի նշանակում, որ անկախությունը կարելի է ծախսել փողոցում գտած հազար դրամանոցի նման՝ առանց հասկանալու և գնահատելու:
Հայ ժողովուրդն արդեն մեկ անգամ եղել է միութենական պետություն ու շատ լավ գիտենք թե այդ ամենն ինչ է նշանակում: Այդ ամենը նշանակում է ժամանակակից ստրկություն, նշանակում է արգելք ամեն ինչի նկատմամաբ: Նշանակում է կրկին վերադարձ 30-ականների մեծ տեռորի ժամանակաշրջան: Միութենական հանրապետություն՝ նշանակում է հրաժարում ամեն ինչից, բացառապես ամեն ինչից ու առաջին հերթին անկախությունից, Մեծ, Միացյալ Հայաստանից, այդ գաղափարից: Այո՛, այո՛, գիտեմ, որ ոմանց մոտ թերահավատության կամ նույնիսկ կարեկցանքի ժպիտ է առաջանում, ոմանք էլ դառնացած են, թե նման ծանր վիճակում ի՞նչ մեծ, ինչ միացյալ:
Բանն էլ հենց այն է, որ գաղափարը պիտի մնա: Գաղափարից չի կարելի հրաժարվել: Գաղափարը սկզբունք է և համոզմունք, գաղափարը էություն է, որով ձևակերպվում է ժողովրդի հավաքական նպատակն ու ցանկությունը: Եվ այո՛, այսօր թերահավատների համար դժվար է ընդունել Մեծ և Միացյալ Հայաստանի գաղափարը, քանի որ 2020թ. պարտությունից հետո շատ մեծ բարոյական ճգնաժամ է սկսվել: Բայց հրաժարվել Մեծ ու Միացյալ Հայաստանի գաղափարից, նշանակում է պարտվել նախ գաղափարապես, ապա՝ ֆիզիկապես: Բայց յադ գաղափարը վերջին բանն է, որ մենք ունենք և վերջին բանն է, որից կարող ենք հրաժարվել: Նրանք, ովքեր ամեն կերպ փորձում են ինչ որ չնչին արդարացումներով հիմնավորել միութենական հանրապետության «լավ» կողմերը, ոչինչ չեն հասկանում պետական ինստիտուտ ասվածից: Ոչինչ չեն հասկանում նախ՝ գաղափարական հարթակում, ապա՝ սկզբունքային: Հաշվի առնելով մեր գլոբալիստական ժամանակաշրջանը երբ ամեն կերպ փորձ է արվում ջնջել ազգայինի սահմանն ու դրա հակադրել տեխնոկրատական ռեժիմը, ավելի հասկանալի է դառնում, թե ինչպես կարող են մարդկանց գլխում ցանել այդ հիմար միտքը, որ միութենականը կարող է լավ լինել Հայաստանի համար: Նրանց, ովքեր նման բան են պնդում, ես մի հարց ունեմ: Պատկերացրեք, որ ձեր տունը կիսաքանդ է, շատ աշխատանք կա անելու, վերանորոգելու: Դուք համաձա՞յն եք ձեր տունը տալ ուրիշին և այդտեղ վարձով ապրել, եթե նա խոստանա, որ կվերանորոգի ձեր տունը: Նույնն էլ անկախությունն է: Հրաժարվեցիր՝ այլևս ոչինչ չունես:
Մենք, ինչպես արդեն ասացի, մի անգամ արդեն եղել ենք միութենական հանրապետության կազմում: Տեսել ենք, թե ինչ եղավ: Եվ թող չգովեն, թե հավի միսն էժան էր, կամ ապահով էր: ԽՍՀՄ օգտին բերված ամեն լավ բանի դիմաց կարող եմ տասը հակափաստարկ բերել: Ընդհանրապես միութենականի մասին խոսելիս նաև կարևոր է այն, որ այդ միութենականության հիմքը ռուսական ցեմենտով է ամրացվելու, իսկ դա շատ մեծ խնդիր է: Ընդհանրապես հայ ժողովուրդը բավական մեծ փորձ ունի ռուսական պետության հետ հարաբերությունների հարցում: Մենք եղել ենք նրանց դաշնակիցը, եղել ենք նրանց գաղութը, եղել ենք թշնամին, եղել ենք բարեկամը և շատ լավ գիտենք ռուսների հետ հարաբերությունների բոլոր մակարդակները, թող հեքիաթ չպատմեն: Իսկ նրանք, ովքեր դեռ պնդելու են, թե սովետի ժամանակ աշխատանք կար ու ապահով էր, ապա հիշեցնեմ, որ այդ աշխատանքն ու ապահովությունը պարտքով վերցրած վերարկուի նման էր, չտաքացրեց հերիք չէ, վերջում էլ խլեցին ձեռքներիցս: ԽՍՀՄ ընթացքում մեր կերած միսն ու խմած գինին լիուլի բերել են մեր քթից: 20-ականներից մինչև 50-ականների քաղաքական զարհուրելի ջարդերով ու աքսորներով, 60-80-ականների լճացմամբ ու ժողովրդին բարոյապես փչացնելով: Չմոռանանք, որ երկրորդ համաշխարհայինում հայ ժողովուրդը մասնակցեց դրան ու մի քանի հարյուր հազար զոհ տվեց, որովհետև «Ժողովուրդների Հայր» Ստալինն իր գերմանական ավանտյուրայի հետևանքով երկիրը տարավ թուլացման ճանապարհով ու հենց մեր «մեծ եղբոր» շնորհիվ էլ առաջին համաշխարհայինից ուշքի չեկած ժողովուրդը դրանից ընդամենը 30 տարի անց ստիպված էր նոր մսաղացի մեջ մտնել պաշտպանելու սոցիալիզմը, որ 30 տարի առաջ զոռով էին փաթաթել իր վզին: Ու այսքանից հետո նորից միութենակա՞ն: Ո՛չ, խորապես շնորհակալ ենք: Միութենական պետությունը Լուկաշենկոյին ու իր նման քաղաքական փնթիներին է պետք, որ ավտոմատն ուսին կրկես էր ցուցադրում փողոցներում՝ մոլեգնած շեֆի դեր տանելով(թե ասա, դու որ օրվա վազող կամ կրակողն ես):
Ռուսական քաղաքական կրկեսի պրիմադոննա Լուկաշենկոյի հիմարությունները սակայն բավական հաճելի եղան հայ քաղաքական որոշ շրջանակների և նրանցից մեկն էլ երեկ իր ասուլիսի ժամանակ այնպես ջերմեռանդ էր ռուսական շահերը պաշտպանում, որ նույնիսկ ռուսներն էին զարմացել, թեև գլուխները խառն էր Դոնբասի ավանտյուրայով:
Ինձ առավելապես հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեն այս մասին ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Երկու պատճառով, նախ այն, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես եղել է Հայաստանում ռուսական կողմնորոշման ամենից ջերմ պաշտպանողը և այն, որ հենց ՀՅԴ-ն էր գլխավորել 1921թ. Փետրվարյան փառահեղ ապստամբությունը:
Զարմացած եմ, թե ինչպես է ՀՅԴ-ն քաղաքական դաշինքի մեջ շարունակում գտնվել մի մարդու հետ, ում համար միութենական պետությունն էլ ընդունելի գաղափար է: Իսկ ո՞ւր մնաց Մեծ ու Միասցյալ Հայաստանի գաղափարը: Մի՞թե այն ավարտվեց 1920թ. դեկտեմբերի 2-ի ստորագրություններով: Իսկ գուցե ՀՅԴ-ն նո՞ւյնպես ավարտվեց: Ո՛չ իհարկե: Որովհետև եկու ամիս էլ չանցած ՀՅԴ-ն անում էր այն, ինչի համար ստեղծվել էր՝ հայության շահերի պաշտպանություն ու հենց ռուսների դեմ ռազմական պայքարով: Ինչևէ, դաշնակցականները բավական լուրջ մտածելու բան ունեն, հատկապես, թե ուր է իրենց տանում քոչարյանական ընթացքը, միայն թե հետո ոչ ոքի չմեղադրեն ազգայնականությունը զիջելու համար: Ի դեպ, քանի որ հանձնիս ՀՅԴ ու Քոչարյանի, խոսվեց ընդդիմության մասին, նույնը վերաբերվում է նաև իշխանությանը: Ոչ ոք թող չմտածի, թե ինքը տիրապետում է հայ ժողովրդին ու նրա ապագային: Բոլորս անցողիկ ենք, բայց հայրենիքը՝ մնայուն: Պատկերացրեք, թե վերջին երկու հազար տարում միայն քանի պոռոտախոս ու մեծամիտ քաղաքական դեմքեր են եկել, խոսել, սպառնացել…ու անհետացել: Նույնը սպասվում է ձեզ բոլորիդ:
Միացյալ ու Մեծ Հայաստանի գաղափարը ծաղրողներին ու չհավատացողներին խորհուրդ եմ տալիս հայոց պատմություն վերընթերցել: Հայոց պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ դրությունը ոչ թե այսօրվա նման է եղել, այլ տասնապատիկ ավելի վատ, բայց հայերը նվաճել են իրենց անկախությունը և արյունով պայքարել դրա համար:
Իսկ գուցե հիմա նման կերպ մտածելու պատճառն այն է, որ 1991թ. անկախությունը մենք չենք նվաճել, այլ ուղղակի ստացել ենք: Չէ՞ որ այդ ժամանակ մենք անկախության հասանք հանրաքվեով: Մենք անկախություն միշտ նվաճել ենք արյունով ու այս անգամ անկախությանը պետք էր այո կամ ոչ ասել: Իսկ դա երբեք այդպես չի լինում: Ու երբ ասում են, որ հայ ժողովուրդը միասնական կամքով ասաց այո՛ անկախությանը, մի տհաճ հարց է առաջանում: Իսկ կարո՞ղ էր ոչ ասել: Ի՞նչ էր լինելու, եթե ժողովուրդը ոչ ասեր: Ոչինչ: Մենք էլի անկախանալու էինք, որովհետև ԽՍՀՄ-ից բոլորը հրաժարվեցին, առաջին հերթին հենց Ռուսաստանը և Բելառուսը, որն էլ հիմա կարոտախտի մեջ ընկած միություն է տենչում: Մենք կարո՞ղ էին մնալ մի միության մեջ, որն էլ չկար: Ո՛չ: Անկախությունը մենք այս անգամ նվեր ստացանք, դրա համար էլ չգնահատեցինք ու չհասկացանք: Պատմական հրաշքով անկախացած երկիրը հզորացնելու փոխարեն ՀՀ առաջնորդները 30 տարում այն նորից դարձրին ռուսական գաղութի կարգավիճակի մի երկիր: Այ սա է աններելին ու երբ հերթական անգամ ինչ որ մեկը նորից փորձում է միութենականությունը առաջ հրել, կամ խոսել ԽՍՀՄ 2.0 վերսիայի մասին, մենք պետք է մի հարց տանք ինքներս մեզ, թե ո՞ւմ շահերն են պաշտպանում նրանք: Թեև արդեն իսկ պարզ է:
Իսկ Միացյալ ու Մեծ Հայաստանը հեքիաթ չէ: Այն դժվար, սարսափելի դժվար ձեռք բերվելիք է, բայց այն մեր գաղափարն է: Մենք այդ ամենին չենք հասել հանրաքվեով, մենք դրան հասել ենք միլիոնավոր զոհերով, տասնապատիկ ուժեղ հակառակորդի դեմ կռվելով ու սեփական արյունով ստորագրելով այդ Մեծ ու Միացյալ Հայաստանի քարտեզի տակ: Բնական է, որ այդ ամենը չեն կարողանում հասկանալ հանրաքվեով անկախություն ստացածներից շատերը, ովքեր մինչև հիմա չեն ազատվում ռուսական բարդույթից:
Հայոց պատմությունը մեր ժողովրդի ամենաիմաստուն գիրքն է: Այնտեղ ի թիվս այլոց կա մի սև ցուցակ, որտեղ նշվում է հերթական կայսրության վերացումը: Այդ ցուցակը շատ երկար է ու դեռ էլի է շարունակվելու: Իսկ ինչ որ քաղաքական մանրախնդրության համար ռուսական յուղով տապակվողները իզուր թող քավորություն չանեն: Հայ ժողովուրդը իր թերություններով հանդերձ՝ մեծ ուժ ու զարմանահրաշ պոտենցիալ ունի: Այն ապրել է Լենկ-Թեմուրի ու թուրքերի հետ, կդիմանա նաև ռուսական բարեկամությանն ու հայ քաղաքական ընդդիմության ու իշխանության հիմարություններին:
Okay Եթե աշխարհը մի օր կործանվի, վերջին քարը դնելու են հայերը: