Հայ տեսակի ընդհանրական բաղադրիչներն են ծագումը, հայրենիքը, ֆիզիկական և հոգեկան կազմը, անցյալը, լեզուն, կրոնը, պետությունը, արվեստը, որոնցով ամբողջականանում է ազգը:
Արայիկ Մկրտումյան
Ռուս-ուկրաինական պատերազմն ամեն ինչից բացի ունի նաև մի հետաքրքիր կողմ, որն առավելապես օգտագործվում է քարոզչական և հակաքարոզչական նպատակներով: Խոսքը գնում է ազգայնականության և ազգայնամոլության մասին: Այստեղ բավական խճճված խնդիր կա: Հարցն այն է, որ մարդկանց մեծ մասն իրարից չի տարբերում ազգայնականություն, ազգայնամոլություն, նացիզմ բառերը: Դրան շատ անգամ խառնում են ֆաշիզմ եզրույթը, իսկ շովինիզմ ասվածը սովորաբար ընկալվում է ինչ որ անհասկանալի երևույթ: Բնական է, որ անտեղյակության կամ թերտեղեկացվածության պայմաններում շատ հեշտ է մանիպուլյատիվ ստերով ողջ ժողովուրդների հանել իրար դեմ և ամեն խումբ համոզված է, որ ինքն ինչ որ համամարդկային արժեք է պահպանում, իսկ դիմացինը չարիքի ծառան է: Բնական է, որ պատերազմական ժամանակ քարոզչություն արվում է ոչինչ չխնայելով և ինչպես նշվում է աշխարհահռչակ «Սև հայելի» սերիալում. «Շատ ավելի հեշտ է կրակել, երբ հրեշի ես նշան բռնում»:
Աշխարհում չի եղել, չկա և չի լինի մի պատերազմ, որտեղ զինվորները գնան մեռնելու ու սպանելու առանց սեփական ճշմարտությանը հավատալու: Մենք նպատակ չունենք պատերազմի փիլիսոփայական վերլուծությամբ զբաղվելու և ոչ էլ խնդիր ունենք ռուս-ուկրաինական պատերազմում լավ ու վատ անելու, բայց քանի որ այդ պատերազմում ռուսները հայտարարել են, որ պայքարում են ուկրաինական նացիստների, իսկ ուկրաինացիները՝ ռուսական իմպերիալիզմի դեմ, արդեն որոշակիորեն հստակեցում է պահանջում: Ի դեպ նրանք երկուսն էլ ճիշտ են, ազգայնականը պայքարում է կայսրության դեմ:
Հիմա փորձենք որոշակի խորությամբ պատկերացում կազմել վերը հիշատակված եզրույթների մասին: Ստիպված եմ, որոշակիորեն գիտական ոճով խոսել, բայց այլ կերպ անհնար է բացատրել, այնպես որ զինվեք համբերությամբ:
Նախ մի քանի խոսք, թե ինչպես է ընթացել մարդկային ճակատագիրը:
Մարդկությունն իր պատմության ընթաքում 3 արմատական փուլ է անցելնախահողագործական, հողագործական և արդյունաբերական: Ինչ վերաբերում է որսորդական ու հավաքչական խմբին, ապա դրանք այնքան փոքր են եղել, որ դրանց մեջ աշխատանքի քաղաքական բաժանումը հնարավոր չէր, ուրեմն
հնարավոր չէր նաև, որ պետություն առաջանար: Իսկ հողագործական հասարակությունների մեծ մասը պետություն ունեցել են: Արդյո՞ք կարող ենք ասել, որ այդ պետությունները եղել են նացիոնալիստական: Իհարկե ոչ: Բանը դեռ ազգերին չէր հասել, բայց մարդիկ պայքարում էին սեփական տարածքը պաշտպանելու կամ մեկ ուրիշից իր տարածքը խլելու համար: Հիմա էլ նույնն է: Ինչքան էլ ժամանակակից դեմոկրատական լոզունգները փորձեն պատերազմին տալ ինչ որ հետաքրքիր անվանումներ, այն մնում է ամենասովորական պատերազմ, երբ մի խումբը պայքարում է մյուսի դեմ: Պատերազմը նույնն է, ինչ հարյուր տարի առաջ, հազար տարի առաջ, երեք հազար տարի առաջ: Փոխվել են միայն լոզունգներն ու զենքերը:
Մարդկության պատմության հողագործության շրջանում մի երևույթ կա, ինչն իր կորևորությամբ համեմատելի է հենց պետության ծննդի հետ: Այդ գրագիտության ծնունդն է ու հոգևորականության (քրմության) մասնագիտացված դասի կամ խավի, այսինքն հոգևորականության ծնունդը: Գրագիտությունը, այսինքն բավարար շարունակելի ու ստանդարտացված գիրը, նշանակում է, որ կա մշակութային ու ճանաչողական արժեքները կուտակելու ու կենտրոնացնելու բեղուն հնարավորություն: Արդյունաբերական հասարակության ընդհանուր ու կենտրոնական բնութագրերն են. համատարած գրագիտությունը, այս հասարակության անդամները շարժուն են` պատրաստ մի գործից մյուսին անցնելու, ունեն ընդհանուր կրթություն: Այդ ամենի հանրագումարը հնարավորություն տվեց մշակելու սեփական խմբային իդեալներն ու դրոշի գույները: Այլ կերպ ասած նախկին մարտական վայրենի աղաղակին փոխարինել է քաղաքական դաժանությունը:
Այս ամենը կարևոր է իմանալ մի քանի հարց հասկանալու համար: Երբ խոսում ենք նացիզմի կամ իմպերիալիզմի մասին, հարկավոր է հասկանալ, որ դրանք հենց այնպես երկնքից չեն ընկել, մեկ օրում չեն առաջացել: Շատ շատերը կդժվարանան ասել, թե արդյո՞ք հին Սպարտայում կարող էր նացիոնալիզմ լինել կամ արդյո՞ք Մեծ Մողոլների պետությունը իմպերիալիստական էր: Այդ իսկ պատճառով էլ շատ հաճախ անհեթեթ իրավիճակում ենք հայտնվում, երբ սխալ համեմատություններ ենք անում: Սխալ տրված հարցը միշտ էլ սխալ պատասխան ունի: Ինչպես Սևակն էր ասում. «երբ իզուր հարց չեն տալիս Սուտ պատասխան չեն ստանում»:
Հիմա, երբ մոտավոր գիտենք, թե ինչն է իրար կապում նախնադարյան քարանձավաբնակին ու փողկապով ավանտյուրիստին, փորձենք հասկանալ դրան հաջորդող մի քանի կարևոր երևույթներ: Այդ մեզ կօգնի ոչ միայն նացիզմ/ֆաշիզմի և այլնի տարբերակման, այլև ավելի համարձակ խոսել մեր ազգայինի մասին առանց վախենալու ժամանակակից պիտակավորումներից, քանի որ հիմա շատերը ընդհանրապես վախենում են ազգային բառից, կարծելով, որ դա ֆաշիզմի մի մասն է: Խոսքը գնալու է այդ երևույթի հայկական տարբերակի մասին:
Ազգայնականություն հայրենասիրություն երևույթը ուսումնասիրող արևմտյան գիտնականների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհում ամենաառաջին ազգերն առաջացել են Եվրոպայում` 16-19-րդ դարերում: Օրինակ Ուոքեր Քոննոնը, որը համարվում է էթնիկ ազգայնականության ծագման ու զարգացման ամենաառաջատար հետազոտողը, համաձայնում է իրենից ավելի վաղ ապրած, նույնպես հայտնի հեղինակ Էռնստ Բարքերիբոլորովին անհիմն այն մտքին, թե իբր ազգերի ինքնագիտակցությունը 19-րդդարում է կայացել: Եվրոպապաշտ մտքին բացարձակ համահունչ ու տիպիկ է 1992թ.-ին լույս տեսած Լիա Գրինֆելդի ուսումնասիրության համաշխարհային պատմութայն բացարձակ իմացությանը հակասող հետևյալ ինքնավստահ եզրակացությունը. <<Ազգի ամենաառաջին ժամանակակից գաղափարը առաջացել է 16-րդ դարի Անգլիայում, որն էլ աշխարհում ամենաառաջին ազգն է>>: Ավելի զուսպ ու պրագմատիկ Գյուստավ Լե Բոնը այլ կարծիք ունի և նրա մոտ բավական մատչելի կերպով ներկայացված է ազգերի ծագման քաղաքակրթական պատճառն ու հետևանքը, որից էլ տվյալ ազգը ունի կամ չունի կամ նոր պիտի ձևավորի ազգայնականություն, գլոբալիզմ կամ իմպերիալիզմ: Լե Բոնը առանց վախենալու պնդում է, որ ֆրանսիական ազգի վերջնական ձևավորումը կայացել է Ֆրանսիական Մեծ Հեղափոխությամբ, երբ ռեգիոնալ ֆրանկը վերջնականապես դարձավ ֆրանսիական քաղաքացի:
Հրեա պատմաբան Հարարին ընդհանրապես քարուքանդ արեց բոլոր տեսակետները՝ ներկայացնելով, որ այդ ամենը միանգամայն արհեստական բան է ու ստեղծված է միայն մենեջմենթի համար, ոչ ավելին:
Ազգայնականության արևմտյան հետազոտողների այս տեսակետները (բացառությամբ Լե Բոնի) փոքրիշատե հասկանալի կլինեն, եթե նկատի ունենանք, որ եվրոպական ազգերի ձևավորումն ու ազգային ինքնագիտակցության ձեռքբերումն իրոք տեղի են ունեցել 16-19-րդ դարերում:
Հին, միջնադարյան և ուշ միջնադարյան սկզբնաղբյուրները բացահայտում են հայերի ընդգծված ինքնությունը, դրան ուղեկցած ազգայնական հայրենասիրական մտայնությունն ու սրանց ծնած գաղափարաբանությունները: Հայկական հին և միջնադարյան ազգայնականությունը, իր ժամանակին և պայմաններին հատուկ ուրույն առանձնահատկություններով հանդերձ, ի հայտ է եկել եվրոպական իր նմանօրինակներից դարեր առաջ: Այն, մասնավորապես, եղել է պետության և ազգի շահերի համար զանգվածներին մոբիլիզացնող նույնպիսի գործոն, ինչպիսին է նոր ու նորագույն շրջանի եվրոպական ազգայնականությունը:
Խոսելով հայկական ազգայնականության մասին, կարելի է մեջբերել ժամանակակից ուսումնասիրողներից մեկի` պատմական գիտությունների դոկտոր Վ.Ա. Շնիրելմանի հետևյալ միտքը.<<Հայերի մոտ ընդհանրության զգացումը կապվում է, առաջին հերթին, էթնիկ հիմքով միավորված ազգի գաղափարի հետ>>:
Հայկական ազգայնականությունն առավելապես հիմնված է էթնիկության վրա, և հայության ներսում էթնիկ բաղադրիչներն ունեն ամուր հիմքեր։ Ըստ Լ.Շանթի՝ հայ տեսակի ընդհանրական բաղադրիչներն են ծագումը, հայրենիքը, ֆիզիկական և հոգեկան կազմը, անցյալը, լեզուն, կրոնը, պետությունը, արվեստը, որոնցով ամբողջականանում է ազգը։
Ըստ Գ.Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի՝ <<Ազգայնականության երկու ձևերիցազգայնական անհատապաշտություն և եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը։Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի և առաջադիմության բարձր սկզբունքներին>>։ Ցեղակրոնությունը մերժում է ազգայնական եսապաշտությունը՝ազգայնամոլությունը, և ողջունում բնական, առողջ ազգայնականությունն
իբրև համամարդկային արժեք։
Միաժամանակ, հայկական ազգայնականությունն ունի նաև պետական(քաղաքացիական) ազգայնականության տարրեր, քանի որ պետականությունն ընկալվում է որպես էթնիկ տեսակի պահպանման ևվերարտադրության լավագույն մոդել ինչպես մինչանկախացման, այնպես էլ հետանկախության շրջանում։ Բայց հայկական ազգայնականության հայեցակարգի պետական բաղադրիչն, անշուշտ, չի սահմանափակվում ներկայիս ՀՀ տարածքով, այլ ընդգրկում է ամբողջական հայրենիքը ողջ Հայկական բարձրավանդակը։
Այսպիսով, ելնելով ազգայնականության վերը բերված ընդհանուր դասակարգումից, պետք է ասել, որ հայկական ազգայնականությունը չի սահմանափակվում մեկ կամ երկու բաղադրիչներով։ Առավելապես լինելով էթնիկ` այն միաժամանակ ունի և տարածքային (որը պայմանավորված է բնական Հայրենիքի տարածքով), և՛ պետական (պայմանավորված ազգային պետությունն իբրև արդյունավետ միջոց ունենալու հանգամանքով) բաղադրիչներ: Հայկական ազգայնականությունը էթնիկապես և ազնիվ է և այս տեսակի ազգայնականությունը միշտ էլ հակադրվել է կայսերական գլոբալիզմին լինի այն պարսկական, հռոմեա-բյուզանդական, թուրքական կամ ռուսական ու բոլշևիկյան:
Այն ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, չափից ավելի թանձր է մեկ բառով բնութագրելու համար: Բայց մեկ բան հաստատ է: Ուկրաինական կողմը, ինչպես էլ նրանց անվանեն՝ նացիստներ կամ ազգայնամոլներ, նրանք այսօր բացահայտ անում են այն, ինչ ամաչելով հերքում է Եվրոպան: Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ռուսական ազգայնականությանը, ապա նրանցը տարբերվում է ուկրաինականից այնքանով, որ եթե ուկրաինականը նեղ ազգայնական տրամաբանություն ունի, ապա ռուսականը գլոբալ-կայսերական է:
Չմոռանանք, որ աշխարհի ամենամեծ գլոբալիստներից մեկը հենց ռուսներն են: Նրանց պետությունը միշտ խայտաբղետ ազգային պատկեր է ունեցել և ունի: Նախորդ հարյուրամյակներում այն կոչվում էր «Աստծո ողորմությամբ հաստատված Մոսկովյան իշխանություն և ռուսական կայսրություն», հետո՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, իսկ հիմա՝ՌԴ, իսկ ազգայնականությունը միշտ կտրուկ է գլոբալիզմի դեմ: