Սարգիս Զեյթլյանը եկավ հայության ու հայկական քաղաքական ինքնամեկուսացման այդ բացը լցնելու, հայության գաղափարական պառակտումը թույլ չտալու և նոր մակարդակի հասցնելու հայկական Սփյուռքի ինքնակազմակերպական ջանքերը
Մեր Ուղին
Կան մարդիկ, ովքեր ապրում են տասնամյակներով՝ չհասկանալով ո՛չ իրենց, ո՛չ աշխարհը, կան մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ միայն ի վիճակի են մթնոլորտ պղտորել և կան մարդիկ, որոնց կյանքն ու գործը միախառնված են ժամանակաշրջանի և դարի հետ: Նրանք գալիս են այն պահին, երբ այլևս ոչ մի ճար ու հնար չկա, գալիս են որովհետև աշխարհին պետք են, որովհետև առանց նրանց աշխարհում շատ կարևոր ու թանկ բաներ կկորչեն կամ կփոշիանան:
Այդ վերջին օրինակի մարդկանցից էր Սարգիս Զեյթլյանը:
Հաշվի առնելով նրա թողած հսկայական ժառանգությունը, հնարավոր չէ անգամ հասկանալ, թե նրա աշխատանքի որ հատվածի վրա ավելի կենտրոնանալ, իսկ որ մասը ավելի թեթև ներկայացնել: Անհնար է այն պատճառով, որ ամբողջական պատկերացում կազմելու համար հարկավոր է ուսումնասիրել Զեյթլյանի ողջ կյանքն ու գործը, իսկ լիարժեք նրա մասին խոսելու համար հարկավոր կլինի գոնե մեկ հաստափոր գիրք: Որովհետև խոսել նրա գործունեության մասին, նշանակում է չճանաչել Զեյթլյանին, խոսել նրա գործունեության միայն մի հատվածի մասին, նշանակում է չհասկանալ նրան ու իր նպատակները: Մինչդեռ շատ կարևոր է ճանաչել Զեյլթյանին որպես մարդ, որպես հայ, որպես գաղափարակիր և գաղափարադիր:
Նա պարզապես հասարակական գործիչ չէր կամ ուղղակի աչքի ընկնող կուսակցական, որ աչքի էր ընկել ինչ որ հետաքրքիր գործողություններով: Սարգիս Զեյթլյանը եկավ անելու այն, ինչ ուրիշ ոչ ոք չէր կարող անել:
Նախ և առաջ պետք է ասել, որ Զեյթլյանն իր դարի զավակն էր: Նա իր դարի վիրաբույժն էր ու իր դարի ախտորոշողը: Սարգիս Զեյթլյանի կերպարում հավասարաչափ միախառնված էր գաղափարականը, մարդը, հայը, կուսակցականը: Սրամիտ, մեղմաբարո, ցանկացած վեճը թեթև և հանգիստ քննարկման վերածող, ազնիվ, համեստ, բայց և միաժամանակ շատ խիստ ու պահանջկոտ: Նա պահանջկոտ էր և՛ ինքն իր հանդեպ, և՛ մյուս բոլորի:
Սարգիս Զեյթլյանն այլ կերպ չէր կարող: Նա եկել էր մի ժամանակ, երբ ՀՅԴ ավագ սերունդն արդեն չկար, նորը՝ դեռևս չէր կայացել, Սարգիս Զեյթլյանը եկավ հայության ու հայկական քաղաքական ինքնամեկուսացման այդ բացը լցնելու, հայության գաղափարական պառակտումը թույլ չտալու և նոր մակարդակի հասցնելու հայկական Սփյուռքի ինքնակազմակերպական ջանքերը: Ու դա հատկապես երևաց այդ դժոխային օրերում, երբ Մերձավոր Արևելքում կրկին պատերազմական հրդեհ էր և հայությունը կրկին համակված էր նոր կոտորածի վտանգով: Կոտորած էլ չլիներ, հայությունը կարող էր ենթարկվել քաղաքական, տնտեսական բարդ ճնշումների, կարող էր քայքայվել դեռևս չամրացած: Հայությունն այդ պատերազմում պարզապես կարող էր կորցնել ամեն ինչ: Սարգիս Զեյթլյանը եղավ այդ ամենի առաջ կանգնողներից: Նա եղավ նրանցից մեկը, ով ողջ լրջությամբ հասկացավ, թե ինչ նոր վտանգ է սպասում հայությանը: Հասկանում էր, որ պատերազմում ոտքի տակ ընկնելով լիբանանահայությունը կարող է կորցնել ամեն ինչ ու ստիպված տարագրվել: Առանց մեծ չափազանցության, կարելի է ասել, որ Զեյթլյանը լիբանանահայության փրկիչներից էր, ով Լիբանանի պատերազմի ամենածանր օրերին ջանք ու եռանդ չխնայեց, չհուսահատվեց ամենօրյա մերժումներից, չհասկացողությունից ու մշակութային ուծացման վտանգում հայտնված հոգեբանական խորթությունից:
Նրա կենսագրությունը շատ կարճ՝
Սարգիս Զեյթլյանը ծնվել է 1930 թվականին, Մուսա լեռան Խըդր-Բեկ գյուղում։ Մուսալեռցիների Լիբանան վերաբնակեցումից հետո, հաճախել է ազգային «Հառաջ» նախակրթարանը, այնուհետև Երուսաղեմիժառանգավորաց վարժարանը և «ՆշանՓալանճյան» ճեմարանի հայագիտականբաժինը, Լևոն Շանթի և ՍիմոնՎրացյանի տնօրենության օրերին։
1954 թվականին հրավիրվել է Կահիրե, իբրևօգնական խմբագիր Վահան Նավասարդյանիխմբագրած «Հուսաբեր» օրաթերթի։ Նապաշտոնավարել է նաև ազգային«Գալուստյան» վարժարանում, դասավանդելով հայագիտական նյութեր։
1958 թվականին նշանակվել է «Հուսաբեր»իխմբագիր մինչև 1962 թվականը, երբ իրընտանիքի հետ վերադարձել է Լիբանան, որտեղ նշանակվել է «Ազդակ»ի խմբագիր ևայդ պաշտոնը վարել է մինչև 1968 թվականը։ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակշաբաթօրյակ-Դրոշակ»ի հիմնադրությունիցհետո, մի շրջան իբրև օգնական խմբագիրպաշտոնավարելուց հետո, 1978 թվականիցսկսած գործել է խմբագրապետիհանգամանքով, մինչև իր առևանգումը՝մարտի 28-ին, 1985 թվականին։
Սարգիս Զեյթլյանը նախ և առաջ մարտահրավեր նետեց հայության մեջ քիչ քիչ հիմնավորվող երկբևեռությանը, հայությանը ներկայացրեց որպես գերագույն արժեք, ապրելով Հայաստանից դուրս միշտ ապրեց Հայաստանով:
«Առանց ժողովրդի՝ դաշնակցությունը ոչինչ է»,- ասում էր Զեյթլյանը՝ հավատալով ու հասկանալով կուսակցությունների դերի ու իմաստի հիմնական նշանակությունը: Ամեն ինչ միջող ու գործիք հանուն հայության:
Զեյթլյանը հավանաբար կզարմանար տեսնելով թե ինչով է զբաղված իր ՀՅԴ-ն, իր նվիրումի ու մաքառման օջախը, որ Լիբանանի պատերազմի օրերին մի ողջ պետության գործ էր անում, իսկ այսօր պայքարում է սեփական պետության իշխանությունների դեմ:
Եվ այստեղ զարմանալի ու տհաճ դիլեմա է հասունանում: Հետաքրքիր է, թե ի՞նչ կասեր Զեյթլյանը, տեսնելով, թե ում հետ է դաշնակցում Դաշնակցությունը, ի՞նչ կասեր եթե տեսեներ, որ իր պաշտած ՀՅԴ-ն գտնվում է դաշինքի մեջ մեկի հետ, ում համար Միութենական պետությունը նորմալ է, ընդունելի է: Ի՞նչ կասեր Զեյթլյանը, եթե տեսներ, որ ՀՅԴ ռեյտինգն այնքան է իջել, որ նույնիսկ ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը չի հայտարարում ու ԱԺ է անցնում մի կերպ, դաշինքով: Ի՞նչ կասեր: Հավանաբար կաթված ստանար, տեսնելով, թե ինչպես է կուսակցության ղեկավարությունը հեռացնում իր երիտասարդներին, ովքեր խոսելու և գործելու քաջություն ունեն, հավանաբար խելագարվեր տեսնելով, թե ինչպես է ՀՅԴ-ն հեռացնում տասնյակ անդամների, ովքեր մի ողջ կյանք են ապրել այնտեղ, դատի տալիս իր կուսակցականներին օտար հողում:
Գուցե Զեյթլյանը մտածեր, թե արդյոք ի՞նչը այսքան սխալ գնաց, որ միավորող Դաշնակցույթյունը դարձել է պառակտող, մեղադրող: Որ Դաշնակցությունը դարձել է ծաղրի առարկա, որ սուլթանների ու կայսրերի դեմ կռիվ տվող, հայակեր թուրքերից վրեժ լուծող, Թալեաթին ու իր հայակեր ավազակախմբին ոչնչացնող, անկախություն կերտող Դաշնակցությունը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կոալիցիոն թիկնոցը:
Ի՜նչ կասեր Սարգիս Զեյթլյանը: Գուցե միայն ապշահար ասեր, որ Հայաստանում այլևս Դաշնակցություն չկա, քանի որ այն այսօր Դաշնակցության անվամբ հանդես է գալիս, անգամ հեռավոր նմանություն չունի այն ՀՅԴ-ի հետ, որին հավատում էր ու որով ապրում էր:
«Տոնել մայիսի 28-ը, նշանակում է պրկել մեր աղեղը, նշանակում է պրկել մեր հոգին ու կամքը»: Այս խոսքերն իրենց մեջ արտացոլում են հավատավոր դաշնակցականի «զեյթլյանական» ոճի մի հզոր երանգ, գաղափարական վրձնահարված, որով Զեյթլյանը ոչ թե նշում էր մայիսի 28-ը որպես անցած գնացած օրերի հիշողություն, այլ անցյալի մեծ զոհաբերության և ապագայի ուխտի մի սրբազան խոստում-երկյուղ, որով պիտի ապրի ամեն մի հայ:
Բայց Զեյթլյանի ճակատագիրը ողբերգական եղավ: Ճակատագիրը կարծես չէր ուզում թողնի, որ այդ անհանգիստ մարդու կյանքը գոնե հանգիստ վերջ ունենա: Նրան առևանգեցին ու սպանեցին 1985թ. մարտի 28-ին: Նրան առևանգեցին մարդիկ, ովքեր անունով հայ էին, իսկ գործով ինչ որ ուրիշ մի բան:
Արդյո՞ք նրան սպանողները հասկանում էին իրենց արածի ողջ հրեշավոր անհեթեթությունը: Արդյո՞ք հասկանում էին, որ ուղղակի կուսակցական գործիչ չեն սպանում, ուղղակի թերթի խմբագիր չեն սպանում: Արդյո՞ք հասկանում էին, որ սպանում են լիբանանահայության ու մի մեծ, փառավոր կուսակցության հույսներից ու սյուներից մեկը: Հասկանո՞ւմ էին, որ սպանեցին ապագա, հույս և սկզբունք:
Հազիվ թե: Այլապես նրանք պարզապես չէին համարձակվի անգամ խեթ նայել այդ բարի ու միաժամանակ քաջասիրտ մարդու կողմ, ով մերժում էր թիկնապահների ուղեկցություն, լավ հասկանալով, որ տագնապի ու իրարամերժության այդ օրերին կարող է պատահել ամեն ինչ:
«Վահանով կամ վահանի վրա»,- ահա նրա նշանաբանը: Նշանաբան ու սկզբունք, որով ապրեց ու այդպես էլ վերջացրեց իր կյանքը՝ վահանի վրա:
Ու այդ ողբերգության ամենազարհուրելին այն էր, որ այդ ամենը կատարվեց հայերի ձեռքով: Հերթական անգամ հայը ինքը սպանեց իր մեծությանը:
Եվ վերջում՝ մամուլում գրեթե ոչինչ չասվեց Զեյթլյանի մասին: Անգամ իր հարազատ կուսակցության կողմից: Ինչ էլ ասվեց, ասվեց հապճեպ, շփոթված: Դժվար է ասել: Գուցե նրանք չեն կարող թեկուզ և այսքան տարվա հեռավորությունից դիմել նրան, խոսել մեկի հետ, ում ջանքերը իրենք իրենց ձեռքով ոչնչացրին:
Բայց ճշմարտությունը ասեղ չէ և պարկում չես թաքցնի: Իսկ Զեյթլյանն այն ճշմարտությունն է ով կար երեկ, այսօր և լինելու է վաղը: