Հայաստան

Պատերազմ Հանուն Անկախության

Փոքրամասնությունը, որը մի կողմից հասկանում է, թե ինչ է իրականում կատարվում մեր շուրջ և մեզ հետ, և մյուս կողմից բավականաչափ հոգեբանական ուժ ունի ընդունելու իրականությունն այնպես, ինչպես դա կա, պետք է գիտակցի պատմական պատասխանատվության իր բաժինը:

Հրանտ Տէր- Աբրահամյանի

Հայաստանյան լսարանի համար, ցավոք, խորթ ու տարօրինակ է հնչելու, բայց 2020 թվականի մեր և այսօրվա՝ ուկրաինական պատերազմն էությամբ նույնն են: Մեծ պատկերի մեջ երկուսն էլ մեկ մեծ պատերազմի երկու առանձին դրվագներն են: Կամ, եթե կուզեք՝ նույն կինոյի երկու առանձին սերիաներն են:

Նախ՝ երկու պատերազմներն էլ միևնույն՝ միջազգային և տարածաշրջանային մեծ անկայունացման մասն են:

Անկայունացում, որի սկիզբը դրվեց 2010-ականների սկզբին, և որը սկզբում մեզ այդքան խորթ ու հեռու էր թվում, չնայած դրա սկզբնական դրսևորումները մեզ շատ մոտ էին՝ Մերձավոր Արևելք, նույն Ուկրաինա՝ 2014-ից և այլն: Անկայունություն, որը նախազգուշական թակեց մեր դուռը 2016-ին, և ամբողջ ուժով հարվածեց 2020-ին: Բայց որից նույնիսկ դրանից հետո ոչինչ չսովորեցինք:

Բայց միայն մեկ մեծ անկայունության մաս լինելը քիչ է երկու պատերազմները նույնացնելու համար: Անկայունությունն ընդհանուր միջավայրն է, որը ծնում է պատերազմները, դարձնում նրանց, այսպես ասած, եղբայրներ, բայց դեռ չի նույնացնում դրանք:

Երկու պատերազմները նույնացնում է այն մեծ նպատակը, որոնց համար դրանք սկսվել են:

Երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ հետսովետական տարածքի նոր ինտեգրացիայի ռուսական մեծ ծրագիրը:

Ուկրաինայի դեպքում դա ավելի ակնհայտ է, և հիմնավորված է Պուտինի նախապատերազմյան ելույթի ուղերձներով, ինչպես նաև նրա անցած տարվա հոդվածով, որտեղ նա պդնում է ռուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական միասնության մասին, այլ կերպ ասած ժխտում է ուկրաինական առանձին ինքնությունը, և հիմնավորում նոր քաղաքական միասնության նախագիծը: Այլ բան է, որ պատերազմի ընթացքն արդեն փաստացի հետ մղեց այս մեծ նպատակը, բայց սկզբնական խնդիրը հենց սա էր՝ Ուկրաինայի «վերաֆորատավորում», նրա՝ այս կամ այն ձևաչափով միացում ռուսական ազդեցության գոտուն:

Բայց նույնն է եղել նաև 2020 թվականի պատերազմի նպատակը, որը մենք սխալմամբ կոչում ենք Արցախյան կամ Ղարաբաղյան, և հենց այս սխալից սկսվում է մեր պարտությունը:

Արցախյան պաըերազմի գլխավոր քաղաքական նպատակը՝ ռուսական «խաղաղապահ» զորքի տեղադրումն էր Արցախում, ինչի մասին շատ ու շատ անգամ գրել եմ թե՛ պատերազմից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ հետո:

Իսկ զորքի տեղադրումն էլ արդեն գործիք է, որի օգնությամբ հետագա քայլերով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ներգրավվեն ռուսական նոր մեծ ինտեգրացիոն նախագծի մեջ՝ այս կամ այն ձևաչափով ու այս կամ այն ժամկետներում:

Այստեղ կարևոր է հասկանալ, որ խնդիրը միայն Հայաստանը չէ: Միայն Հայաստանին ներգրավել նոր ինտեգրացիայի մեջ՝ Միութենական պետության կամ այլ որևէ կերպով ինքնին հարց չի լուծում: Պետք են Հայաստանն ու Ադրբեջանը միասին (որից հետո արդեն պետք է լուծվի Վրաստանի հարցը): Երկուսի ներգրավման ձևաչափերը կարող են տարբեր լինել, բայց տրամաբանությունը նույնն է: Բնականաբար չկա ավելի հարմար կետ քան Արցախ և Արցախում ռուսական զինված ներկայությունը՝ միաժամանակ երկուսի ուղղությամբ գործելու համար: Սրա մասին շատ եմ խոսացել, այժմ, չմնարմասնեմ:

Ի տարբերություն Ուկրաինայի, ռուսները կարիք չունեին Հայաստանի դեմ անմիջական պատերազմ սկսելու: Կա արդեն առնվազն մեկուկես դար գործող դասական մեխանիզմ՝ երբ պետք է հայերի հարցերը լուծել, գործի է դրվում թուրքական կամ ադրբեջանական գործոնը: Այպես եղել է, օրինակ, 1905-07 թթ.-ին, երբ թաթարերի ձեռքով ջարդվել են հայերը Ռուսական կայսրությունում, այդպես եղել է 1920 թվականին, այդպես եղել է 1988-91-ին: Ոչ մի զարմանալի կամ նոր բան այստեղ չկա: Զարմանալին միայն հայի չհասկացող ու անմեղ աչուկներն են նման իրավիճակներում՝ ամեն անգամ, ինչպես առաջին անգամ: Շատ հազվադեպ են ռուսներն անմիջապես գործում հայերի դեմ՝ միայն 1920-ի և 1991 ի էպիզոդներում, բայց նույնիսկ այս դեպքերում գերակշռող գործոնը եղել են մեծ ու փոքր զույգ թուրքերը:

Ի դեպ, ռուս-թուրքական բարդ, բազմաշերտ ու դիալեկտիկ հարաբերությունը երանգավորում է նաև ուկրաինական պատերազմը: Հավանաբար նկատել եք Թուրքիայի բալսնավորված դիրքավորումն այս հարցում, և միջնորդ լինելու նրա լուրջ ու բավականին հաջող ջանքերը: Իհարկե, Թուրքիայի դիրքավորումն այստեղ տարբեր է մեր դեպքից, բայց տվյալ դեպքում կարևոր է արձանագրել ռուս-թուրքական յուրահատուկ գործակցություն-մրցակցությունը նաև Ուկրաինայի հարցում:

Առավել կարևորը:

2020 թվականի պատերազմն անկախության պատերազմ էր:

Ոչ թե Ղարաբաղյան պատերազմ, այլ Հայաստանյան պատերազմ:

Սա՛ էր, որ չէինք հասկացել, չենք հասկանում ու չենք էլ ուզում հասկանալ:

Սա չի հասկացել իշխող խումբը, չի հասկացել ընդդիմությունը, չի հասկացել լայն հանրությունը:

Իսկ առանց պատերազմի էության հասկացության, անիմաստ է այն վարել, և անհնար է սահմանել հաղթանակն ու պարտությունը:

Մենք վարեցինք տարածքային պատերազմ, և կորցնելով որոշ տարածքներ, համաձայնեցինք պարտություն ընդունելու:

Պատերազմը վարելու տրամաբանությունը լրիվ այլ կլիներ, եթե այն վարվեր ոչ թե որպես տարածքային, այլ որպես անկախության և Հայաստանյան պատերազմ: Ընդ որում հենց սկզբից՝ այլ:

Իմ և մի քանիսի որոշ փորձերը սրա վրա ուշադրություն դարձնելու հենց պատերազմի օրերին, անհույս էին ի սկզբանե, բայց անհարեժշտ էին ապագայի համար՝ առնվազն պատմության համար արձանագրելու համար, բայց նաև ապագա քաղաքականություն կառուցելու հիմքերի համար:

Հարցը միայն երեկը չէ, այլև այսօրը:

Խնդիրն այն է, որ պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է:

Եվ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական գլխավոր նպատակը չի լուծվել կամ չի հանվել օրակարգից:

Այսինքն՝ Հայաստանի անկախության հարցն, ինչպես դրված է եղել, այնպես էլ դրված է:

Մեզ հետ և մեր շուրջը կատարվող իրադարձություների բացատրության բանալին մնում է այստեղ:

Մենք պատկերացնելով տարածքային պատերազմ կամ միայն Արցախյան պատերազմ, ենթադրում էինք, որ հաշտության կնքմամբ այն կավարտվի, և կգա խաղաղություն՝ պարտության ծանր գնով: Բայց փաստ է, որ խաղաղություն չկա: Դա հիմա տեսնում են բոլորը: Պատերազմն այս պահին ինտենսիվ չէ, բայց շարունակվում է որպես թշնամական գործողություններ, սադրանքներ, տեղական բախումներ, քաղաքական ճնշում և այլն: Եվ հենց միայն այսքանն էլ ապացուցում է, որ 2020-ին ոչ թե Ղարաբաղի կամ տարածքների, այլ անկախության և Հայաստանի խնդիր էր, և է՛: Իսկ թե ո՛ր պահին պատերազմը կարող է նորից դառնալ ինտենսիվ, սա բազմաթիվ քիչ կանխատեսելի գործոնների և սցենարների հարց է:

Եվ այստեղ է, որ նորից ուկրաինական պատերազմը կարող է ամենա տարբեր հետևանքներն ունենալ նաև մեր իրավիճակի վրա:

Երկու պատերազմներներն իրոք նույն կինոյի տարբեր սերիաներն են: Եվ հաջորդ սերիայի բովանդակությունը կախված է այժմ ինտենսիվ ընթացող ուկրաինական սերիայի ավարտից:

Սա է իրականությունը, և այս իրականությունից, պետք է պատկերացնենք և կառուցենք մեր քայլերը:

Պատերազմը շարունակվում է, և մենք պետք է մտածենք, խոսենք ու գործենք համապատասխան:

Ես գիտեմ, քաջ գիտակցում եմ, որ այս իրականության ընդունումը հոգեբանորեն շատ բարդ է: Իմ ասածները հեշտ է հասկանալ տրամաբանությամբ, ոչ մի բարդ բան չկա: Բայց դժվար է ընդունել հոգեբանորեն: Մարդկանց զգալի մասին ավելի հեշտ է ընդունել մի որևէ պատրանքային, ուտոպիստական մեկնաբանություն, բացատրություն, միայն թե խուսափեն դաժան այն իրականությունից, որ պայքարը անկախ մեր կամքից շարունակվում է, և պետք է դրան պատրաստ լինել: Մարդիկ ցանկալին ուզում են իրականի տեղ դնել, և այդ հարցում ունեն բազմաթիվ «օգնողներ», որոնք վաճառում են այլևայլ ուտոպիաներ իրականության տեղ:

Այդիսկ պատճառով այն, թեկուզ, փոքրամասնությունը, որը մի կողմից հասկանում է, թե ինչ է իրականում կատարվում մեր շուրջ և մեզ հետ, և մյուս կողմից բավականաչափ հոգեբանական ուժ ունի ընդունելու իրականությունն այնպես, ինչպես դա կա, պետք է գիտակցի պատմական պատասխանատվության իր բաժինը: Այսօ՛ր է պահը, որպեսզի այդպիսի փոքրամասնությունը ոչ թե սպասի, երբ հանրության մեծ մասը կգա իրականության գիտակցմանը, այլ ինքնակազմակերպվի, իրեն դիրքավորի որպես ավանգարդ, որպես մեկ քայլ առաջ տեսնող ու գործող ու գործի պատմության մեջ՝ այսինքն իրենց պատասխանատու զգա ոչ միայն և ոչ այնքան ներկա հանրության, այլ՝ մի կողմից անցյալի հերոսների, և մյուս կողմից ապագայի սերունդների առջև։

Հոդվածը՝ Ազատ Հայաստան կայքէջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *