Դրա փոխարեն նրանք սպասում էին փրկության ուրիշ տեղից և ծաղրում էին ազգային-ազատագրական գործունեության գրեթե բոլոր փորձերը: Նրանք զբաղված էին թունավոր վեճերով և պառակտված էին փոխադարձ թշնամանքով, մանր դավերով և ինտրիգներով:
Հրանտ Տէր-Աբրահամյան
Մաս 6-րդ (սկիզբը նախորդ համարներում)
Շարունակելով առաջին համաշխարհային պատերազմի թեման Հրանտ Տէր-Աբրահամյանն այս հատվածում ըստ էության փորձեց որոշակիացնել նախորդ մասերում շոշափված դեպքերի իրադարձային նշանակությունները:
Եվ այսպես: Եկավ 1916թ-ը և ռուսները տարվա սկզբում միայն կարողացան ուժեղացնել ճնշումը կովկասյան ճակատում: Դա իհարկե պայմանավորված էր արևմտյան ճակատում դիրքերը որոշակիորեն բարելավելու հետ կապված: Ռուսները կարողացան գրավել Էրզրումը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի ստրատեգիական կարևորագույն կենտրոններից մեկը: Մյուս կարևոր կետը համարվում էր Բաղեշ(Բիթլիս): Զարգացնելով իրենց հաջողությունները նրանք կարողացան հասնել մինչև Երզնկա ու ըստ էության գրավեցին գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: Վանը նրանք նորից գրավել էին դեռևս 1915թ.: Ռուսական զորրքերի առաջխաղացումը կանգ առավ Խարբերդ չհասած և դա ուներ իր պատճառները: Խոսքն այստեղ գնում է այն գաղտնի համաձայնագրի մասին, որ միմյանց միջև կնքել էին ռուսները, անգլիացիները և ֆրանսիացիները: Համաձայնությունը վերաբերում էր օսմանյան ժառանգությունը կիսելուն: Կողմերը գաղտնի համաձայնության էին եկել, թե հաղթանակից հետո ինչպես են բաժանելու միմյանց միջև Օսմանյան կայսրության հողերը: Ըստ այդ պայմանագրի՝ ռուսները եկել և կանգնել էին այնտեղ և չէին շարունակել, քանի որ Կիլիկան պիտի ստանար Ֆրանսիան: Բնականաբար հայերը տեղյակ չէին այդ ամենից և շարունակում էին հավատալ, որ ինքնավարություն են ստանալու:
Ռուսները գրավեցին Արևմտյան Հայաստանը…բայց այնտեղ այլևս հայեր չէին մնացել: Ցեղասպանությունն արդեն տեղի էր ունեցել: Հայկական էլիտաների ցանկությունն իրականացավ, բայց շատ ավելի ուշ, քան նրանք պատկերացնում էին: Նրանց կարծիքով ռուսները շատ արագ պիտի մտնեին Արևմտյան Հայաստան, բայց ինչպես գիտենք, դա տեղի չունեցավ:
Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ ռուսական իշխանությունները այնքան էլ դժգոհ չէին այդ ամենից: Ինչպես գրում է իր նամակում արքայական ընտանիքի մերձավորներից մեկը. «Այն ինչ տեղի է ունեցել[ցեղասպանությունը] և որի համար պետք է մեղադրել միայն հայերին, օգտակար է այնքանով, որ թուրքերը մեզ թողեցին Հայաստան՝ առանց հայերի»:
Անշուշտ այս ամենի մասին հայկական էլիտաները չգիտեին և շարունակում էին առաջնորդվել իրենց միակողմանի քաղաքականությամբ ու պատկերացումներով: Այդ միակողմանիության հիմնական թերություններից մեկը ոչ միայն այն էր, որ նրանք անվերապահ ընտրել էին ռուսական կողմնորոշում, այլև հայոց ազատագրման ողջ հույսը դնելով ուրիշների վրա, ձեռքերը ծալած նստել և սպասում էին փրկության: Հայկական մտավորական էլիտան, բուրժուազիան հիմնականում չի մասնակցել ազգային ազատագրական գործունեության, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց հարկադրել են որոշակի դրամական միջոցներ հատկացնել: Դրա փոխարեն նրանք սպասում էին փրկության ուրիշ տեղից և ծաղրում էին ազգային-ազատագրական գործունեության գրեթե բոլոր փորձերը: Նրանք զբաղված էին թունավոր վեճերով և պառակտված էին փոխադարձ թշնամանքով, մանր դավերով և ինտրիգներով:
Թերևս դժվար է գտնել ավելի խայտաբղետ բան քան այդ ժամանակների հայ բուրժուազիան:
Իրավիճակը նույնն էր նաև Օսմանյան Կայսրությունում: Այնտեղի հայ վաճառականության, դրամատերերի, գործարանատերերի և արտադրողների մեծագույն մասը զբաղված էր միայն անձնական կարիքներով և թուրքական վարչախմբի հետ ձեռք-ձեռքի տված շահագործում էին հայերին: Զուր չէ, որ Րաֆֆին նշում է, որ արևմտահայ վաճառականությունը չի խորշում ոչ մի հանցանքից ու զբաղված է սեփական հայրենակիցների ամենաստոր հարստահարությամբ:
Ինչևէ: Հայ էլիտայի այս պահվածքը ոչնչով չէր խոչնդոտում հայոց թշնամիներին իրենց պլաններն իրականացնելու հարցում:
Հրանտ Տէր-Աբրահամյանը մի կարևոր հարցի նկատմամաբ միտք արտահայտեց. Հայերը ցեղասպանության ենթարկվեցին ոչ միայն ու ոչ թե զուտ հայեր, այլորպես Անտանտի դաշնակիցներ:
Եվ իրոք: Հայկական էլիտան նախընտրեց լինել հաղթողների շարքում բայց անտեր թողեց ժողովրդին: Իհարկե պետք չէ մտածել, որ թուրքերը հայերին կոտորեցին բացառապես այն պատճառով, որ հայերը ռուսական կողմնորոշում ունեին: Սխալ է նաև այն միֆը, որ արևելահայ գործիչները արևմտահայերին դրդեցին ապստամբությունների և դրեցին թուրքական յաթաղանի տակ: Թուրքերը միշտ էլ ճնշել են և դեռ Աբդուլ Համիդի ժամանակներում էլ տեղի էր ունենում ամենազարհուրելի կոտորածներ:
Հրանտ Տէր-Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ բոլոր կայսրությունները ունեցել են այդ կոտորելու, ճնշելու պրակտիկան: Հենց նույն ռուսական կայսրությունում, նույն ժամանակ երբ Թուրքայում կոտորում էին հայերին, այստեղ էլ փակում էին հայկական դպրոցներ, եկեղեցիների ունեցվածքը բռնագրավում, իսկ հետո էլ կովկասյան թաթարների ձեռքով կոտորած 1905-07թթ:
Ավարտելով այդ հատվածը, Հրանտ Տէր-Աբրահամյանը նկատեց, որ քաղաքական հարցերում զուտ հաշվարկներով հնարավոր չի և փաստերով է պետք առաջնորդվել: Իսկ հայերը որևէ ոսկե միջին մակարդակով հաշվարկ էին անում և սպասում որ այդպես լինի: Տապալման դեպքում էլ չէին հասցնում կանխել հանկարծական աղետը:
Տեսանյութը՝