Միայն անցած տարի Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին կազմել է 136 մլրդ դրամ, այս տարի նախատեսվում է այդ թիվը հասցնել 144-ի:
Վահագն Ալեքսանյան
Պետրոս Ղազարյանի հյուրն է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Զրույցի ընթացքում խոսվել է օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն արտահայտության մասին, որ միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել նշաձողերը Արցախի անկախության հարցում, և այդ դեպքում Հայաստանը լայն աջակցություն կստանա:
Պետրոս Ղազարյանն ասաց, որ ընդդիմությունը հիմա մեղադրում է իշխանությանը, որ վերջինս լվացել է ձեռքերը Արցախի հարցով և հրաժարվում է Արցախից: Վահագն Ալեքսանյանը սրիկայություն որակեց այդ արտահայտությունները և ասաց, որ իրենք ոչ հրաժարվել են և ոչ էլ պատրաստվում են հրաժարվել Արցախից: Ընդհակառակը, միայն անցած տարի Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին կազմել է 136 մլրդ դրամ, այս տարի նախատեսվում է այդ թիվը հասցնել 144-ի: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ եթե Արցախի բյուջեն(որը կազմված է ոչ միայն ՀՀ կողմից տրամադրվող գումարներից) բաժանվի Արցախի 120 հազար բնակչության թվին, ապա ամեն բնակչին բաժին է ընկնում տարեկան մոտ 3.300 դոլար, իսկ եթե ՀՀ բյուջեն բաժանվի ՀՀ բնակչության վրա, ապա այն կազմում է տարեկան մոտ 1500 դոլար: Վահագն Ալեքսանյանը ասաց, որ հենց այդպես էլ պիտի լինի, այդ ամենը նորմալ է, և իրենք ամեն կերպ շարունակելու են մեծացնել Արցախին տրվող աջակցությունը:
Ի պատասխան, Պետրոս Ղազարյանը կրկին արծարծեց այն, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է Արցախի անկախությունից հրաժարվելու մեջ: Եթե Արցախը մաս կազմեց Ադրբեջանին, ապա այն կհայաթափեն, որտե՞ղ է այն երաշխիքները, որ Ադրբեջանը ինչ որ պայմանավորվածություն կամ պայմանագիր կհարգի, եթե նույնիսկ գրավոր պայմանագրերը խախտում է ընդամենը մի քանի օր անց, և օրինակ բերվեց 2022թ. փետրվարի ռուս-թուրքական պայմանագիրը:
Վահագն Ալեքսանյանը նշեց, որ խոսքը հենց դրա մասին է գնում և իրենց իրոք լուրջ երաշխիքներ են պետք, որ Արցախը հանկարծ Փարուխի օրը չընկնի: Իսկ այդ երաշխիքները շատ լուրջ ու ծանրակշիռ պետք է լինեն, ընդհուպ մինչև ԵԱՀԿ Մինսկի երկու նախագահի երաշխավորություն, ՄԱԿ անվերապահ աջակցություն: Այդ դեպքում Ադրբեջանին պարզապես թույլ չեն տա որևէ բան անել:
Վահագն Ալեքսանյանը նաև ներկայացրեց, որ 1997, 1998 թվականներին բանակցային գործընթացներում երբևէ չի քննարկվել Արցախի անկախության հարցը այլ եղել է փուլային և փաթեթային եղանակով տարածքները վերադարձնելու և պատերազմը հետաձգելու հարց միայն, իսկ Արցախի անկախության մասին ոչինչ չի եղել: Միայն 2001թ. Քի Վեսթում է քննարկվել, որ Արցախը միանա ու մաս կազմի Հայաստանին, բայց այդ ժամանակ էլ Արցախի դիմաց ադրբեջանցիները ստանալու էին Մեղրին: Հետո եկան Մադրիդյան սկզբունքները, դրանից հետո Կազանի փաստաթղթերը: Դրանք համեմատաբար ավելի հաջող հնարավորություններ էին տալիս, հատկապես որ առաջ էր քաշվում նաև ինքնորոշման հարցը: Իսկ հանրաքվեով ինքնորոշվելու ժամանակ ժողովրդագրական պատկերը պիտի հետ գար 1988թ. վիճակին, բայց Ադրբեջանը դրան չհամաձայնեց և սկսեց զինվել:
Ի պատասխան ընդդիմությանը, Ալեքսանյանը հարց տվեց, թե ինչով էին զբաղված նրանք, երբ Ադրբեջանը հզորանում էր ռազմապես ու տնտեսապես ու Ադրբեջանի ռազմական բյուջեն միայն ավելի շատ էր, քան ՀՀ ողջ բյուջեն:
Ամբողջական տեսանյութը՝