Հայաստան

Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար

Մաս Գ

Նույն ժամանակ չափազանց մեծ դեր խաղացին նաեւ ռադիոկապը, շոգեշարժիչը, ներքին այրման շարժիչը, օդապարիկներն ու դրանց փոխարինած օդանավերը եւ այլն:

Արծրուն Հովհաննիսյան

«Վերդենի Մսաղացը», Սոմմայի Գործողությունը, «Տանկերի Տրիումֆը»

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

Արեւմտյան ճակատը շարունակում էր մնալ այս պատերազմի գլխավոր թատերաբեմը: Վերդենի մոտ գերմանական բանակը կրկին փորձեց իրականացնել մի վճռական հարձակում: Հարձակման հրետանային պատրաստությունը տեւեց 9 ժամ, ընդ որում՝ առաջին անգամ հակառակորդի հրետանին լռեցվում էր քիմիական զենքերով: Արդյունավետ էին ականանետները: Օդուժի վրա դրվեց երկաթուղային կայարանների ռմբակոծման պատասխանատվությունը: Օդուժն այդ ժամանակ բավականին աճել էր, կողմերն արդեն կիրառում էին հազարավոր ինքնաթիռներ ու դիրիժաբլներ: 

Չնայած այդ ահռելի կրակային ներգործությանը՝ գերմանացիներն առաջացան ընդամենը 5-6 կմ: Սա  չէր կարող  նշանակել որեւէ բնագծի ճեղքում: Մորտ-Օմմ ու 304 բարձունքների գրոհն ավարտվեց միայն մայիսին: Երեք ամիս տեւեց Վո բերդամասի պաշտպանությունը, ընդ որում՝ վերջին 5 օրում գերմանացիները բերդամասի վրա էին արձակում օրական ավելի քան 150.000 արկ: 

Դաժան ռմբակոծությունների գնով գերմանացիները հունիսի 24-ին գրավեցին Թիոմոն ու Ֆլերի բերդամասերը: Բոլորի հաշիվները խառնեց հզոր հարվածների դիմակայող Սովիլ բերդամասի հերոսական պաշտպանությունը: Գերմանացիների գրոհները սեպտեմբերին դադարեցվեցին, իսկ բրիտանա-ֆրանսիական զորքերը հակահարձակումով վերագրավեցին նախկինում կորցրած դիրքերը: Այս դաժան ճակատամարտը, որը կողմերից որևէ մեկին նշանակալի հաջողություն չտվեց, անգամ հաջորդ աշխարհամարտի մասշտաբների համար շատ արյունահեղ էր: Մոտավորապես 1 մլն սպանված կար (ֆրանսիական 95 դիվիզիայից՝ 65-ը, գերմանական 125-ից` 50-ը): Գերմանական դիվիզիաներն առաջին գծում մնում էին 1 ամիս, որից հետո հյուծված հանվում էին վերահամալրման, ֆրանսիական դիվիզիաները` 4-5-ից մինչեւ 10 օր: 

Եզրակացություն: Հարձակման խափանումով վերջ տրվեց գերմանացիների արագ հարձակողական ռազմավարությանը: Անտանտն օգտագործեց իր մեծ ներուժի խաղաքարտը, այսինքն՝ պատերազմը տեղափոխվեց հյուծման տիրույթ: Վերդենի գրավումով բացվում էր ճանապարհը դեպի Փարիզ, բայց հարվածը հասցվում էր անբավարար ուժերով, եւ արագացված գրոհը չհաջողվեց: Արագ հարձակումը վերջնական տեղի տվեց հյուծմանը: Կողմերն ուղղակի մարդկային ներուժով խեղդում էին բոլոր ճեղքումների փորձերը: Ռազմարվեստը կարծես մտել էր փակուղի, չէր կարողանում գտնել խոր էշելոնավորած պաշտպանությունը ճեղքելու բանալին: Ռազմական գործիչները փորձում էին նորանոր լուծումներ գտնել, նրանք հնարել էին  ամենաանհավանական լուծումները, սակայն անգամ գետնախոր անցումները չէին լուծում խնդիրը: Շուտով մարտի դաշտում պիտի հայտնվեին նոր մեքենաներ, որոնց հետ մեծ հույսեր կային կապված պաշտպանությունը ճեղքելու գործում: 

Գերմանացիները պայքարը տարան միջոցներն ու պահուստները հյուծելու ուղղությամբ, բայց իրենք հյուծվեցին, եւ փաստորեն, հարձակումը «մսաղացի» վերածվեց: Շատ նեղ էր հարձակման ճակատը` 15 կմ (ռազմական գործողության վերջում` 30 կմ), խորությունը` 10 կմ 10 ամսում: Նորություն էին գերմանացիների հրանետներն ու ֆրանսիացիների ձեռքի գնդացիրները, որոնք մեծ կրակային խտություն էին ապահովում: 

Սոմմայի ռազմական գործողությունը (1916թ. հուլիս-նոյեմբեր)

1916թ. ամռանն Անտանտի զորքերը փորձեցին իրականացնել վճռական հարձակում: Հարձակման ուղղությունը Սոմմա գետի հովիտն էր: Ճեղքման ճակատը 40 կմ էր: Յոթօրյա հրետանային պատրաստության ավերող թափն ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեցավ: Դա հրետանու կիրառության աննախադեպ մակարդակ էր: Կիրառվեց հրետանային աջակցության նոր տեսակ` կրակապատնեշ (1 հուլիսի 1916թ.): Սարսափելի հրետանային հեղեղի տակ ընկած գերմանական զորքերի հրամանատարները որոշեցին նահանջել` հեշտացնելով առաջին գծի փոխարինումը հետեւում դիրքավորվածներով: 

Սեպտեմբերի 15-ի գրոհի ժամանակ բրիտանական բանակը կիրառեց տանկեր, որոնց շնորհիվ խորացան 2 կմ, բայց հաջողությունը տեղային էր եւ չհանգեցրեց օպերատիվ ճեղքման: Այդուհանդերձ ապշեցնում է հոգեբանական ազդեցությունը, որ ունեցան կատարելությունից հեռու եւ դանդաղաշարժ այդ մեքենաները գերմանացի զինվորների վրա: Տանկերից մեկը մտավ եւ անկորուստ գրավեց Ֆլեր գյուղը, մյուսը, խրամատի երկայնքով գերմանացիների կրակադիրքերը ճնշելով, վերցրեց 300 գերի: 

Ռազմական գործողության ընթացքում անգլիացիները խորացան ամենաշատը 12 կմ, իսկ զոհերն ավելի շատ էին, քան Վերդենի մոտ (1.3 մլն մարդ): Փաստացի 1916թ. ցույց տվեց, որ երկու կողմերն էլ, չնայած կիրառվող զորքերի ու կրակային միջոցների ահռելի քանակին, ի վիճակի չեն իրականացնել վճռական հարձակում եւ ճեղքում:  

Մարտական գործողությունները ցույց էին տալիս, թե որքան էր փոխվում ռազմական գործը, ինչ նոր երեւույթներ էին ի հայտ գալիս, որքան մեծ մասսաներ էին ներգրավվում մարտական գործողություննրում, ինչ ահռելի դերակատարություն էին ստանում հրետանին, գնդացիրները, խուսավարությունը, քողարկումը, ինչպես էր հետընթաց ապրում հեծելազորը եւ այլն: Հասունանում էր, բայց դեռ թերի էր համազորային մարտը, անգամ հրետանին ու հետեւակը հազվադեպ էին  համակարգված աշխատում միասին: 

Եզրակացություն: Հարձակումների հետեւանքով 1916թ. վերջին գերմանական բլոկն անցավ ռազմավարական պաշտպանության: Վերդենի մոտ դժվարին ու վճռորոշ շրջանում հարձակումը գերմանացիներին ստիպեց ֆրանսիական ճակատից հանել 11 դիվիզիա: Բայց ճեղքումը չվերաճեց ընդհանուր հարձակման: Նորություն էր մի քանի հարվածներով ամուր պաշտպանության ճեղքումը: Հակառակորդը նետվում էր մի կետից մյուսը` 4-6 տեղամասերում հիմնական հարված սպասելով: Գլխավոր հարվածների տեղամասերում ճեղքման խտությունը կազմում էր 3-6  գումարտակ կամ 3-5 հազար սվին/կմ, 15-20 թնդանոթ/կմ, 10-15 հազար արկ/կմ:

Իր դերը չխաղաց ռազմաճակատի 60.000-անոց հեծելազորը, որը խրամատավորված էր, իսկ ռազմահենադաշտ կահավորող ինժեներական ծառայությունը մեծ դեր խաղաց: 

Արդյունքները: 1916թ. կիրառվեց երեք տեսակի ռազմավարական հարձակողական ռազմական գործողություն.

• հարված նեղ ճակատով («Վերդենի մսաղաց»), այս մարտավարական հնարքը հետագայում գերմանական դպրոցը լայնորեն կօգտագործի,

• հարված լայն ճակատով (Սոմմայի ռազմական գործողություն),

• մի քանի տեղամասում միաժամանակյա հարվածներ լայն ճակատով (Բրուսիլովյան ճեղքում): 

Սակայն դրանցից ոչ մեկն էլ մեծ հաջողությամբ չավարտվեց: Արդյունքում` գերմանական բլոկը սպառեց իր հարձակողական ներուժը եւ անցավ ռազմավարական պաշտպանության, իսկ Անտանտի դաշնակիցները դեռ որոշակի առավելություններ ունեին, սակայն դեռեւս մեծ հարձակումներ չէին կարող իրականացնել: Ստեղծվել էր անելանելի իրավիճակ, որից ելքը կգտնվեր միայն պատերազմում նոր պետության մասնակցությամբ: 

Պաշտպանության հիմքը սկսում է կազմվել երկու-երեք ամրությունների գծով. դա հնարավորություն էր տալիս «անմիջական» հարձակումները փոխարինել «խորքից» հակահարձակումներով: 

Հաստոցային գնդացիրները փոխարինվում էին ձեռքի թեթեւ գնդացիրներով (Լյուիսի, Մադսենի եւ այլ գնդացիրներ), որոնք անփոխարինելի էին հարձակողական մարտում: Մտցվեց գումարտակային հրետանի, որը հրամանատարներին մարտավարական իրավիճակի փոփոխությանն արագ արձագանքելու հնարավորություն էր տալիս: Կիրառվեց նաեւ հետեւակի կրակային աջակցության նոր տեսակ` շարժական արգելափակիչ կրակ: 

1917թ. Ավստրո-Հունգարիան Գերմանիայից գաղտնի բանակցություններ սկսեց Մեծ Բրիտանիայի հետ: 1917թ. ապրիլի 6-ին ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Գերմանիային: ԱՄՆ-ում համընդհանուր զինապարտության մասին (21-30 տարեկանների) օրենք ընդունվեց մայիսի 18-ին: Արդեն սեպտեմբերին ԱՄՆ ԶՈՒ-երը հասան 2.8 մլն-ի, իսկ պատերազմի վերջում` 4 մլն-ի, որից 2 մլն-ը` Եվրոպայում: Դա փրկեց հյուծված Եվրոպային: ԱՄՆ-ի մուտքը  ռազմական գործողությունների թատերաբեմ չափազանց կարեւոր էր, հատկապես այն բանից հետո, երբ Գերմանիային փաստացի հաջողվել էր խաղից հանել Ռուսաստանին եւ դրանով ստեղծել իր համար ավելի շահեկան վիճակ:  

1917թ. ռազմարվեստի զարգացման համար կարեւոր էին Միտավյան (1917թ. հունվար), ֆրանսիական ճակատի (Նիվելի ապրիլյան հարձակումը), Մեսինի (1917թ. հունիս), Իպրի (1917թ. հուլիս-նոյեմբեր), Մալմեզոնի (1917թ. հոկտեմբեր) ու Կամբրեի ռազմական գործողությունները (1917թ. նոյեմբեր-դեկտեմբեր): Վերջինս ռազմարվեստի պատմության մեջ ընդունված է անվանել «տանկերի տրի-ումֆ»:  Սա ցույց տրվեց, որ հարձակման ժամանակ հրետանու կրակից հետո հետեւակի գրոհը չի կարող հասնել հաջողության, եթե չլինեն տանկերի զրահային պաշտպանությունն ու կրակը: Սակայն պատերազմող պետություններն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ. հրաժարվեցին հրետանային պատրաստությունից: Ի վերջո, ռազմական գործողության համազորային ներդաշնակությունը չստացվեց:

Եզրակացություն: ԱՀՊ-ի ընդհանուր ընթացքի վրա ռազմական գործողության ազդեցությունը փոքր էր, քանի որ համազորային մարտը ձեւավորվում էր, սակայն անավարտ էր: Գրոհը զարգացնելու հարցը լուծված չէր, հետեւաբար ընդհանուր պատկեր չկար: Ծնվեց հակատանկային պաշտպանությունը: 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

Շարունակելի

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *