Հայաստան

Հանրապետություն

Մաս Դ

«Ալեքսանդր Խատիսյանը «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հուշագրությունում գրում է. «Հաճախ անոնք կծախեին իրենց զենքերը, նույնիսկ իրենց սուրբերու պատկերները»»։

Հրանտ Տէր-Աբրահամյան

1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությունը որոշում է խրախուսել ազգային զորամիավորումների ստեղծումը, որի նպատակը ռազմաճակատներում որոշակի կայունությունը հաստատելն էր, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարում հենարան ունենալը։

1917թ. մայիսին Պետրոգրադում ստեղծվում է Հայ զինվորական միությունը (ՀԶՄ), որը փորձում էր միավորել տարբեր ռազմաճակատներում մարտնչող հայ զինվորներին եւ կենտրոնացնել Կովկասյան ռազմաճակատում։ ՀԶՄ կենտրոնական կոմիտեի կազմում ընտրվում են Արսեն Շահմազյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, կապիտան Աբազյանը, Տիգրան Բեկզադյանը եւ ուրիշներ։ Կոմիտեի նախագահ է ընտրվում Արսեն Շահմազյանը։

1917թ. նոյեմբերին, երբ իրադրությունը Կովկասյան ռազմաճակատում դառնում է օրհասական, Հայ զինվորական միությունը Երեւանում համագումար է հրավիրում, որը պետք է գնահատեր իրավիճակը, սահմաներ հայ զինվորականության գործելակերպը, ինչպես նաեւ քննարկեր ազգային զորամիավորման ստեղծման հնարավորությունը։ Համագումարը նաեւ իր դիրքորոշումն է հայտնում բոլշեւիկյան ապստամբության վերաբերյալ՝ հայտարարելով, թե իրենք «դատապարտում են մի խումբ անպատասխանատու քաղաքացիների ավանտյուրան, որը հանգեցրել է եղբայրասպան կռվի»։

Հայ Զինվորական միության համագումարը Երեւանում

1917թ. նոյեմբերի 20-ին Երեւանի քաղաքային խորհրդի դահլիճում բացվում է համագումարը:

Հայ զինվորական միության մասնաճյուղեր կային որոշ մարզերում՝ Եկատերինոդարում, Բաթումում, ինչպես նաեւ առանձին գնդերում ու զորամասերում։ ՀԶՄ-ն հիմնադրում է «Ռազմիկ» թերթը՝ նվիրված զինվորականության ընթացիկ հարցերին։ Թերթի առաջին համարում Նիկոլ Աղբալյանը գրում էր.

«Ռազմիկ», 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1.

«[…Ռուսաստանի մեջ հայը պետք է ապահովված զգա իր ազգային կերպարանքը: Իր զենքը անձնվիրաբար տրամադրելով մեծ Ռուսաստանի ամբողջության եւ նրա հանուր շահերին, նա պետք է մնա հենարան արդարության եւ իրավունքի ազգամիջյան հարաբերությունների մեջ: Նա զորավիգն է պետության եւ ոչ այս կամ այն ազգի. նա հենարանն է հանրաճանաչ կառավարության եւ ոչ այս կամ այն դասակարգի. նա գործադիրն է հանրային օրինական կամքի եւ ոչ այս ու այն խմբակի ցանկության»:

Աղբալյանը նշում էր, որ հայկական զորքը պետք է լինի ապակուսակցական, չպետք է ներկայացնի որեւէ դասակարգի շահերը։ Միաժամանակ հայ ազգային զորամիավորումները պետք է ներկայանային հեղափոխության եւ պետության պաշտպանության դիրքերից։

«Նա ազգային զորություն է եւ ոչ կուսակցական կամ դասակարգային. ազգային զորություն – ռուսական եւ հայկական իմաստով: Ռուս պետության եւ հայ ժողովրդի զինական ուժն է դա, որ պետք է ծառայե համայն Ռուսաստանի, հետեւապես եւ նրա բոլոր ազգերի բարօրության: Նա պետք է մշտական սպառնալիք մնա բոլոր անջատ նկրտումների համար, լինեն ազգային, դասակարգային, թե խմբակցական: Նա պետք է մարմնացնե Ռուսաստանի ամբողջությունը իբր պետական զորք եւ հայության ամբողջությունը իբր ապադասակարգային եւ ազգային միություն»:

Հայ զինվորական միությունն իր կանոնադրության մեջ ներկայացնում էր հիմնական նպատակները։ Հայկական զորամասերում բարձր կարգապահության հաստատումը եւ դասալքության դեմ հետեւողական պայքարը ամենակարեւոր խնդիրներն էին։ Հայկական բանակը պետք է ունենար երեք հիմնական զորատեսակ՝ հետեւակ, հեծելազոր եւ հրետանի։ Ուշագրավ է, որ ընդամենը 6 ամիս գոյատեւած Զինվորական միությունը հատուկ տեղ էր հատկացնում մշակութային-կրթական հարցերին՝ խիստ կարեւորելով դրանց նշանակությունը երկրի պաշտպանության հարցում։ Հատուկ ուշադրություն էր դարձվում հայ զինվորականների ու նրանց ընտանիքների իրավական ու բժշկական պաշտպանությանը:

Միության նպատակն ու խնդիրները

Ա. Զորքի ռազմական ոգու եւ ուժի վերականգնումն ու ուժեղացումը

  1. Կովկասյան զորքում կազմակերպել բոլոր երեք տեսակի զինված հայկական նոր զորամասեր:
  2. Կովկասյան զորքում գոյություն ունեցող հայ զորամասերն ուժեղացնել:
  3. Նպաստել զորքը վերափոխելու նոր դեմոկրատական սկզբունքներով:
  4. Զորքի մեջ հաստատել հեղափոխական դիսցիպլինա:
  5. Սպաների եւ զինվորների մեջ հաստատել միություն:
  6. Կռվել մասնավոր անհատների ու կազմակերպությունների դեմ, որոնք պրոպագանդա են մղում կազմալուծելու զորքի ռազմական ոգին:

Բ. Կռիվ դասալքության դեմ

Գ. Կուլտուրական-կրթական գործունեություն եւ հեղափոխական-սոցիալիստական պրոպագանդա մղել հայ զորքի շարքերում

  1. Բացել հայկական դպրոցներ գրագիտություն սովորեցնելու:
  2. Բացել հայկական ժողովրդական համալսարաններ:
  3. Կազմակերպել դասախոսություններ, զրույցներ եւ այլն:
  4. Հրատարակել ու տարածել լրագրեր, գրքեր ու գրքույկներ:
  5. Պատրաստություն Հիմնադիր ժողովին:

Զ. Իրավական օգնություն հայ զինվորականներին եւ նրանց ընտանիքներին:

Է. Բժշկական օգնություն հայ զինվորության ընտանիքներին։

Օգնության հայրենիքին՝ ամբողջ ուժով

«Ռազմիկ»-ը տպագրում էր նաեւ հայկական տարբեր զորամասերի զինվորական խորհուրդների կոչերն ու հայտարարությունները, որտեղ դատապարտվում էր բոլշեւիկյան ապստամբությունը։

Օրինակ, 5-րդ Հայկական հրացանաձիգ մահվան գունդը՝ տեղեկանալով բոլշեւիկյան հեղաշրջման մասին, կոչ էր հղել հայրենքին հավատարիմ զինվորներին, որում, մասնավորապես, ասված էր.

«Ընկերնե՛ր, մենք, որպես ազատ Ռուսաստանի հեղափոխական զորքի մեկ մասնիկը, չենք կարող հանդուրժել մեր դավաճան ընկերներու արարքներու դեմ եւ պետք է օգնության հասնենք հայրենիքին մեր ամբոջ ուժով: Մի մոռացեք, ընկերնե՛ր, որ մենք երդվել ենք պաշտպանել հայրենիքը եւ ազատությունը ներքին եւ արտաքին թշնամիներեն եւ այսօր վտանգի ժամին պետք է, որ մեր ուժեղ ձայնը հասցուցած ըլլանք պետության»:

Արսեն Շահմազյանը՝ ուսուցիչ եւ մարտիկ

Հայ Զինվորական Միության նախագահ Արսեն Շահմազյանը մարտական հարուստ փորձ ուներ, 1905թ. հայ-թաթարական բախումների ժամանակ Համազասպի ջոկատում մասնակցել էր Գանձակի հայերի ինքնապաշտպանական մարտերին: 1915-ին Արարատյան գնդի կազմում հասել էր Վան, Քեռիի հրամանատարությամբ գործող 4-րդ կամավորական ջոկատի երկրորդ վաշտի հրամանատարն էր։ Երկու անգամ ծանր վիրավորվել էր, արժանացել պարգեւների։

Արսեն Շահմազյանը ոչ միայն զինվոր ու հրամանատար էր, այլեւ՝ ուսուցիչ: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում նա նկարչություն եւ ձեռարվեստ էր դասավանդում:

1907 թվականի դեկտեմբերին ձերբակալվում է Դաշնակցության գործով, իսկ ազատվելուց հետո նորից դասավանդում է Ներսիսյան եւ Հովնանյան դպրոցներում: 1909թ. դարձյալ բանտարկվում է եւ 9 ամսից աքսորվում: Ազատություն է ստանում 1912-ին եւ վերադառնում Կովկաս:

Ահա թե ինչ է գրում գեներալ Նիկոլաեւը Ոստանի ճակատամարտում Արսենի մասնակցության մասին.

«Մյուս օրը առավոտյան լուր եմ ստանում, որ թշնամին փախչում է կատարյալ խուճապի մատնված եւ սպա Շահմազյանը թուրքերից վերցրել է երկու դաշտային թնդանոթ: Ականատեսների վկայությամբ հաստատում եմ, որ դրուժինայի ամենակրիտիկական րոպեին Շահմազյանը ոգեւորելով իր շուրջը գտնված կամավորներին ու հավաքելով նրանց, հարձակման է դիմում դեպի թուրքերի դիրքերը, հանում է դիրքերից եւ չնայած, որ ծանր վիրավորվում է, շարունակում է գրոհը եւ գերեվարում երկու թնդանոթ»:

Զորքերի կառավարումն ու կարգապահությունը

Հայ Զինվորական Միության նոյեմբերյան համագումարին ողջույնի հեռագրեր են ուղարկում Անդրկովկասյան Կոմիսարիատի անդամները, Կովկասյան ռազմաճակատի կոմիսար Դմիտրի Դոնսկոյը, Կովկասյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Միխայիլ Պրժեւալսկին, Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը եւ ուրիշներ։

Երեւանի գնդի կրծքանշանը

Թովմաս Նազարբեկյանը 1877-1878 թվականներին Երեւանի գնդի կազմում մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին:

Բացման արարողությունից եւ ողջույնի խոսքերից հետո համագումարը սկսում է առանձին խմբերով աշխատանքը։ Հատկապես կարեւոր էր գնդապետ Տիգրանյանի զեկույցը զորքերի կառավարման եւ կարգապահության վերաբերյալ։ Մասնակիցներից մի քանիսն առաջարկում են վերականգնել անհրաժեշտության դեպքում պատժելու որոշում կայացնելու հրամատարների իրավունքը։ Այդ իրավունքը վերացվել էր Փետրվարյան հեղափոխությունից հետո եւ զինվորական օրինախախտումները քննվում էին զինվորական խորհուրդների եւ սպաների մասնակցությամբ։ Ռուսական բանակի քայքայումը մեծապես սկսվել էր այս որոշումներից հետո, եւ զինվորական կարգապահությունը խիստ  ընկած էր։ Հասկանալով Հայաստանին սպառնացող վտանգը եւ կարգապահության բարձրացման կարեւորությունը ռազմաճակատի պահպանության համար՝ հայ զինվորականները փորձում են քննարկել այդ խնդիրը։ Սակայն որոշվում է պատժի կիրառման իրավունքի հարցը հանել համագումարի օրակարգից, քանի որ գնդային պատվիրակները նման որոշում կայացնելու լիազորություն չունեին։

Համագումարի քննարկման առարկա է դառնում նաեւ դասալքության հարցը։ Դասալքության եւ թիկունքային ապահովման մասին առանձին զեկույց է ներկայացնում Դրոն՝ նշելով, որ դասալիքների մեջ հանդիպում են նաեւ մարդասպանությամբ ու ավազակությամբ զբաղվողներ, որոնց նկատմամբ պետք է ամենախիստ միջոցները կիրառել։

Մշակ, 29 նոյեմբերի, 1917թ., թիվ 255. Երեւան, 23 նոյեմբերի.

«Թիկունքի ապահովության սեկցիայում զեկուցում է կարդում պ. Դրոն, որ անապահովության գլխավոր ազդակները համարում է դասալիքները, սրանց բաժանում է չորս կատեգորիայի. դասալիքներ, որ պարապում են մարդասպանությամբ եւ ավազակությամբ, պարապում են առեւտրով, գտնվում են իրանց ընտանիքի մոտ եւ այլն:

Ավազակությամբ պարապող եւ դիմադրություն ցույց տվողներին զեկուցանողը առաջարկում է գնդակահարել, մյուսներին զենքի կանչելու համար կազմել ձիավոր միլիցիոներական խմբեր՝ նման կոզակների ստանիցաների ունեցածին. դրանց ծախսը ժողովել հարուստներից, աղքատների ապահովության համար նշանակել ընդհանուր տուրք եւ այլն»:

Ռուսական բանակը շտապ հեռանում էր

Մինչ հայ հանրությունը ջանք էր գործադրում զինվորական կառույցներ ստեղծելու եւ Կովկասյան ռազմաճակատը պահելու համար, ռուսական բանակը շտապ հեռանում էր։ Ոչինչ այլեւս չէր կարող կանգնեցնել զինվորներին, ովքեր թողնում էին առաջնագիծը, մեծ ու փոքր խմբերով բոլոր հնարավոր ճանապարհներով հասնում էին քաղաքներ ու շտապում Ռուսաստան՝ հեղափոխության «բարիքներից» օգտվելու։

Ալեքսանդր Խատիսյանը «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հուշագրությունում գրում է.

«Հաճախ անոնք կծախեին իրենց զենքերը, նույնիսկ իրենց սուրբերու պատկերները»

«Հաճախ անոնք կծախեին իրենց զենքերը, նույնիսկ իրենց սուրբերու պատկերները»

«Ամբողջ երկու ամիս կհետեւեի այդ զորքերու փախուստին, որ կկատարվեր երեք ուղղությամբ՝ միանալով Ալեքսանդրապոլի մեջ. կու գային երկաթուղիով Երեւանի վրայով Պարսկաստանեն, Կարսի վրայով Էրզրումեն եւ խճուղիով Ելենովկայեն։ Հաճախ անոնք կծախեին իրենց զենքերը, նույնիսկ իրենց սուրբերու պատկերները, կծախեին զինվորական կառքերը, հագուստները եւ այն ամենը, ինչ որ կրնային ծախել։ Բոլորն ալ ինքզինքնին պոլշեւիկ կհամարեին՝ հայտարարելով, թե իրենք կպատկանին այն կուսակցության որ զիրենք դեպի տուն կհրավիրե։ Բոլորն ալ ունեին այն համոզումը, թե իրենց հայրենիքին մեջ արդեն հողերը կբաժնվեին, եւ տուն կշտապեին իրենց բաժնեն չզրկվելու համար։

Ալեքսանդրապոլ նստած՝ մենք ստիպված էինք երկու գործ ընել միաժամանակ. մեկ կողմեն կընդունեինք ճակատեն փախչող ռուս զորքը, որոնք բարոյալքում եւ խուճապ կառաջացնեին, մյուս կողմեն հապճեպ կերպով հայկական զորքեր կհավաքեինք ու կուղարկեինք ռազմաճակատ»։

Գեներալ Նազարբեկյանի ժամանումը

Ստանալով Հայկական կորպուսը ղեկավարելու առաջարկությունը՝ գեներալ Նազարբեկյանը 1917թ. նոյեմբերի սկզբին Վանից ժամանում է Թիֆլիս։ Հայկական Կորպուսի կայացման եւ կառուցվածքային առանձնահատկությունների մասին Նազարբեկյանը մանրամասն տեղեկությունն էր հաղորդել իր հուշերում:

Սուրբ Ստանիսլավի 3րդ աստիճանի շքանշանը

1877 թվականի մայիսին Արդահանի բերդի գրավման ընթացքում ցուցաբերած խիզախության համար Թովմաս Նազարբեկյանը պարգեւատրվել էր Սուրբ Ստանիսլավի 3րդ աստիճանի շքանշանով

«1917թ. հոկտեմբերի երկրորդ կեսին Քուրմուջում էի (գյուղ Վանա լճի արեւմտյան ափին), որտեղ տեղակայված էր Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի շտաբը», երբ հետեւյալ հեռագիրը ստացա. «Հայկական կորպուս կազմավորելու համար սպասում ենք Ձեր ժամանմանը։ Պապաջանով»։ Հեռագիրը Թիֆլիսից էր։ Ես, իհարկե, շատ զարմացա, քանի որ ոչինչ չգիտեի ազգային կորպուսների՝ այդ թվում՝ հայկականի կազմավորման մասին։ Պապաջանովին հեռագրեցի, որ հոկտեմբերի վերջին պատրաստվում եմ արձակուրդ վերցնել, եւ կարծում եմ՝ ինձ չեն մերժի, որովհետեւ ամբողջ պատերազմի ընթացքում արձակուրդից երբեք չեմ օգտվել, եւ կգամ Թիֆլիս։

[…Թիֆլիս հասանք երեկոյան 10-ին։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 3-ին, առավոտյան ժամը 7-ին (ընդունելության ժամին) ներկայացա զորքի գլխավոր հրամանատար գեներալ Պրժեւալսկուն։ Նրան առաջին անգամ էի տեսնում։ Իր պարզությամբ հաճելի տպավորություն թողեց։ Ասաց, որ կորպուսի հրամանատարի թեկնածու եմ, եւ հարցրեց, թե որն եմ նախընտրում՝ ռուսակա՞նը, թե նոր կազմավորվող հայկականը։ Ես խնդրեցի, որ հնարավորության դեպքում ինձ տան նոր կազմավորվող հայկականը։ Մոտ կես ժամ զրուցելուց հետո գնացի տուն։

Ժամը 1-ին գնացի Պապաջանովի բնակարան, սակայն նա տանը չէր։ Ընդունեց կինը եւ ասաց, որ ամուսինը պալատում է։ Խոսեց հետը հեռախոսով եւ հաղորդեց, որ ամուսինն այս պահին զբաղված է եւ չի կարող հանդիպել, սակայն երեկոյան անպայման կայցելի ինձ։

Երեկոյան Պապաջանովը եկավ։ Նրան առաջին անգամ էի տեսնում. որպես Պետական Դումայի պատգամավոր միայն թերթերից էի ծանոթ։ Շատ հաճելի տպավորություն թողեց։ Հաղորդեց, որ որոշվել է ինձ նշանակել հայկական կորպուսի հրամանատար։ Դեռ պաշտոնական որոշումը չկա, սակայն գլխավոր հրամանատարն արդեն ուղարկել է միջնորդությունը։

Զարմանալի էր, որ վրացական եւ մուսուլմանական կորպուսներն ունեին պաշտոնական թույլտվություն եւ ձեռնամուխ էին եղել կազմավորմանը։

Երկու կորպուսներն էլ, եթե չհաշվենք վրացական մեկ գունդը, պատերազմի ընթացքում ոչ մի զորամաս չէին ունեցել, մինչդեռ հայերն ունեին 6 գումարտակ, որոնք հետագայում վերածվեցին գնդերի, հեեւաբար հայերն ավելի շատ իրավունք ունեին ազգային կորպուս կազմավորելու։

Մեր խոսակցությունից 4 օր անց Պապաջանովը հաղորդեց, որ հայ զինվորական սեկցիան (Հայ Զինվորական Միությունը – հեղ.) ինձ միաձայն ընտրել է հայկական կորպուսի հրամանատար եւ հայ զինվորական սեկցիայի նախագահ Արսեն Շահմազյանն ինձ անձամբ կհաղորդի որոշումը։ Հաջորդ օրը զինվորական սեկցիայի երկու ներկայացուցիչների հետ եկավ Արսեն Շահմազյանը, հայտնեց իմ ընտրվելու մասին եւ շնորհավորեց։ Ես շնորհակալություն հայտնեցի եւ ասացի, որ ուժերիս ներածին չափ ամեն ինչ կանեմ,  նրանց վստահությունն արդարացնելու համար։ Հայկական կորպուսի կազմավորման թույլտվությունը դեռ չկար, չկար նաեւ իմ նշանակման հրամանը, որը պետք է լիներ Զորակայանից (Ставка, զորքերի գլխավոր հրամանատարության տեղակայման վայրը – հեղ.)։

Հայոց Ազգային խորհուրդը հաստատեց կորպուսի հրամանատարի իմ թեկնածությունը։ Ես գնացի Ազգային խորհուրդ եւ շնորհակալություն հայտնեցի։ Հաջորդ օրը հանդիպեցի խորհրդի նախագահ Ահարոնյանի հետ»։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *