Հայաստան

Շարժման մասին

Մաս երկրորդ

80-ական թվականներին ղարաբաղյան շարժման գաղափարն ընկած էր շատ բարենպաստ հողի վրա։ Հայ հասարակության մեջ, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում, հաստատուն տիրապետում էր խորհրդային գաղափարախոսությունը, համայնքային գոյության սկզբունքը, ազգային հավաքական մտածությունը, որը որոշված էր ոչ միայն ազգային, այլև՝ խորհրդային խանդավառությամբ։

Իգոր Մուրադյան

1987 թ․ նոյեմբերի 2-ից Մ․ Յուզբաշյանն իր՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ին և Հայաստանի ԿԿ կենտկոմին ուղղված զեկույցներում կանոնավորապես օգտվել է վստահելի բնույթի տեղեկություններից, որ ստանում էր շարժման կազմակերպիչներից։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին, Չարդախլու գյուղում՝ «երկու մարաջախտների հայրենիքում» իրականացված Ադրբեջանի ղեկավարության գործունեության առնչությամբ, որտեղ մարշալ Բաղրամյանի 90-ամյակի օրը ադրբեջանական ոստիկանության երկու ջոկատ իրականացրել էին հայ բնակչության զանգվածային ծեծ։ Այդ պահից սկսած՝ Մ․ Յուզբաշյանը մշտապես պնդում էր Ադրբեջան՝ մթնոլորտի շիկացման կամ ընդհարման վայր գործուղել Հայաստանի ԿԳԲ-ի սպաներին։ Ուղիղ կես տարի անց Մ․ Յուզբաշյանն սկսեց անվստահություն զգալ (փոխվեց նրա առաջին տեղակալը), իսկ մեկ տարի հետո նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Մինչև նրան պաշտոնից ազատելը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում միայն մեկ հայ ձերբակալվեց «քաղաքական» նկատառումներով։ Միամտություն կլինի կարծել, թե 1988 թ․ փետրվարից սկսած՝ կալանումների բացակայությունը նրա աշխատանքի շնորհիվ էր․ կալանումների բացակայությունը մինչև փետրվար, իսկապես, շատ բանով պայմանավորված է նրա դիրքորոշումով։

Շարժման մասնակիցներից առանձին մարդկանց (հատկապես Լեռնային Ղարաբաղում) անվտանգության ապահովման հիմնախնդիրը միշտ եղել է շարժման կազմակերպիչների մտահոգության առարկան։ Եվ կազմակերպիչները մանրամասնորեն հավաքում, իրավապահ ու կուսակցական մարմիններին էին հանձնում տեղեկատվություն հայերին, հատկապես Ադրբեջանում գործիչներին հետապնդելու ամեն մի փորձի վերաբերյալ մինչև 1988 թվականի փետրվարը։ Ընդ որում, առատ կերպով օգտագործվում էին հրապարակայնության և ժողովրդավարության կարգախոսները։ Պետք է ասել, որ և՛ տեղերում, և՛ Լեռնային Ղարաբաղում գործիչներն ու մարդիկ զգում էին, որ իրենց վտանգ չի սպառնում։

Կուսակցական և կոմերիտական կառույցը, ինչպես նաև տարբեր մակարդակների վարչակազմը միանշանակորեն չէին ընկալում ղարաբաղյան շարժման գործողությունները՝ որոշակիորեն արտացոլելով հասարակության տրամադրությունները։ Նոմենկլատուրայից գրեթե ոչ ոք շարժմանն առանձնակի մասնակցություն չբերեց։ Ներկայումս նախկին նոմենկլատուրային աշխատողների՝ իրենց և միմյանց հասցեին արվող գովերգող հայտարարությունները որևէ հիմքից զուրկ են։ Որոշակի դրական տրամադրություն էին շարժման նկատմամբ ցույց տալիս Զանգեզուրի որոշ շրջանային քարտուղարներ, ներքին գործերի դատախազության առանձին աշխատակիցներ, խոշոր ձեռնարկությունների, գիտա-հետազոտական հիմնարկների առանձին ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնի վարիչներ, նոմենկլատուրայի նախկին շատ անդամներ, որոնք առաջներում նշանակալի պաշտոններ էին գրավում և ունեին լավ կապեր: Մտավորականության առաջատար ներկայացուցիչներ, որ անմիջական կապ ունեին շարժմանը մինչև 1988 թվականի փետրվարը (Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, ակադեմիկոս Սուրեն Երեմյանը, պատմական գիտությունների դոկտորներ Լենդրուշ Խուրշուդյանը, Մերի Քոչարը, Վլադիմիր Բարխուդարյանը, Վարագ Առաքելյանը, Պարույր Մուրադյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Բենիկ Եղիազարյանը, մի քանի տասնյակ այլ գիտնականներ) մասնակցությունը սահմանափակվում էր գուցե խիստ արժեքավոր, սակայն միայն պահերով:

Զորի Բալայանի մասնակցությունը շարժմանն առանձնահատուկ էր: Նախ նրա աշխույժ մասնակցությունը շարժմանը «օրինականացրեց» մյուս մասնակիցներին և շարժումն ինքը, թույլ տվեց կասկածի չենթարկել շարժման ոչ լուսանցքայնությունը և ստեղծեց «ձեռնարկման» պատկառելիության անհրաժեշտ պատրանք: Նրա հանրաճանաչությունը, հասարակության հետ լայն կապերը մյուսներին թույլ տվեցին բավական բարդ կազմակերպչական խնդիրներ լուծել, ապահովել ակադեմիական և ուսումնական տարբեր հաստատությունների մուտք գործելը: Զորի Բալայանի կերպարի ընկալումը՝ որպես իսկական ղարաբաղցու, որ պայքարում էր Լեռնային Ղարաբաղի շահերի համար, իդեալական պայմաններ էին ստեղծում ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում աշխատելու առումով: Քարոզչական (բովանդակության հետ բացառապես ոչ համահունչ) մեծ նշանակություն ունեցավ նրա այցելությունը Մ. Նահանգներ՝ Գորբաչով զույգի այնտեղ գտնվելու ժամանակ՝ նկատի ունենալով հայկական համայնքի կողմից ԽՍՀՄ ղեկավարին հնագույն ձեռագիր գրքի հանձնման հայտնի գործողությունը: Այս կատակերգությունը հսկայական տպավորություն թողեց ոչ միայն հայաստանաբնակների, այլև՝ այն մարդկանց վրա, որոնք թվում է, թե «մտածող» են: Զորի Բալայանը կարողանում էր բավական շարքային միջոցառումները ներկայացնել գրեթե պատմական նշանակություն ունեցող: Հասարակության վրա, անգամ կրթվածների, անջնջելի տպավորություն թողեց այդ: Նա կարող էր ոչինչ չնշանակող մարդկանց «պատմական մեծագույն իրողություններին» մասնակից ներկայացնել, ինչի համար մարդիկ չափազանց երախտապարտ էին նրան: Այս մարդու՝ անհատին արարքի սադրող գյուտարարությունը սահման չուներ: Երևանում ոչ բոլորն էին նրան գնահատում: Շատերը համարում էին արկածախնդիր: Նախևառաջ դա վերաբերում է Վազգեն Մանուկյանի բարեկամներին, նրա աներոջը՝ Ռաֆայել Իշխանյանին, ինչպես նաև՝ երևանյան սրճարանների մշտական հաճախորդներին, ում հայրենասիրությունն ու բարոյախոսությունը խառնվում էր «իմաստուն» տրամաբանության շրջանակներում, «հանկարծ մի բան դուրս չգա»: Հատկապես այդ սրճարաններում էլ տիրում էր Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) տրամաբանությունը, բարոյականությունն ու ոճը:

Շարժման օրինականության համար կարևոր նշանակություն ունեցավ Սիլվա Կապուտիկյանի մասնակցությունը, որը կարող էր ավելի արմատական արարքներ գործել, քան որևէ մեկն այդ ժամանակահատվածում: Շարժմանը Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի մասնակցությունը թույլ տվեց, որ երևանյան հասարակության մեջ տիրապետող դիրքորոշումներից հաղթի անբանականությունը: Իսկ բանականությունը, որն այնուհետև դարձավ հայ նորահայտ քաղքենիության ու նրա դրածո ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, 1988 թ. փետրվարին պարտություն կրեց: Այդպիսին էր իրադարձությունների տրամաբանությունն այն ժամանակ:

Ի՞նչ դիրքորոշում ուներ հայրենական մաֆիան, ինչի մասին այնքան շատ էին խոսում այնուհետև մամուլի կենտրոնական օրգանները և հեռուստատեսությունը:

Մաֆիաները, եթե նկատի ունենանք դրանց պարզունակ խմբավորումները, Ղարաբաղով հետաքրքրվելու ժամանակ չունեին: Այն գլխովին մտել էր համագործակցականների ոլորտ, ինչը բուռն զարգացում էր ապրում Մ. Գորբաչովի բարեփոխումներին համապատասխան: Այս առումով շարժման մասնակիցների բախտը բանեց, քանզի մաֆիան նրանցով զբաղվելու ժամանակը չուներ: Սակայն իշխանության համար պայքարի ոլորտում Հայաստանում զանազան խմբակցություններ էին ստեղծվել, որոնք ղեկավարում էին նախկին և արդի պաշտոնյաները և այլ նոմենկլատուրականներ: Որպես առավելապես «գաղափարականացված» խմբակցություն՝ Կարեն Դեմիրճյանին անձնապես ընդդիմադիր տրամադրված եղավ Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնից ազատված Ալեքսան Կիրակոսյանի խմբակը՝ փառաբանված իր հայրենասիրությամբ և «հայացքների լայնությամբ»: Լինելով չափազանց խելացի և քաղաքականապես մտածող մարդ՝ Ալեքսան Կիրակոսյանը հասկանում էր, որ «վերակառուցման» տվյալ իրավիճակում առավել ընդունելի ու ոչ պարտվողական է Հայաստանում ինչ-որ հասարակական շարժման կազմակերպումը՝ ի աջակցություն «վերակառուցմանը»՝ ուղղված վերակառուցման «չարագործ թշնամու»՝ Դեմիրճյանի դեմ:  Բնականաբար, այն կարող էր ձեռնտու լիներ Մոսկվային, որը կօգտվեր դրանից: Մինչ այդ Մոսկվան մի շարք հարվածներ էր հասցրել Դեմիրճյանին՝ գնահատական տալով նրա կադրային քաղաքականությանը, Հայաստանի Գրողների Միության համագումարում արտասանած ճառերին և այլն: Շարժման համար հող կար:

Իրադարձությունների մակերես մղվեց պատկառելի պետական պաշտոնյայի մի կերպար, որն աչքի էր ընկնում փառասիրությամբ ու ինքնասիրահարվածությամբ: Այն Հայաստանի ԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Հայկ Քոթանջյանն էր, ում շատ էր գնահատում Ա. Կիրակոսյանը և տեսնում էր նրան որպես Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Սակայն Հայկ Քոթանջյանը միայն ժողովրդային կերպար էր, նրա խմբակում էին «Ղարաբաղ» կոմիտեի ապագա անդամներ Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստանը, Ալեքսան Հակոբյանը և այլ տղաներ՝ երիտասարդ շառավիղից: «Վերակառուցողական» խմբակը, որն անձնական տհաճություն ուներ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, ստորագրություններ էր հավաքում նրան պաշտոնից հանելու պահանջով, զանազան զրպարտագրեր էր սարքում՝ուղղված մոսկովյան ատյաններին: Գործը հետագայում չէր կարող այդպես շարունակվել: Չնայած Դեմիրճյանն այդ խմբակի վրա ճնշում գործադրելու լծակներ ուներ, սակայն երևանյան հասարակայնությանն այդքան էլ չէր հետաքրքրում պալատական դավադրությունը, և պետք է ասել նաև, որ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը բավականին  հանրաճանաչ էր զանգվածների մոտ:

Ղարաբաղյան շարժմանն իրենց վերաբերմունքը «խմբակի» վերոգրյալ երեք կերպարները մոտավորապես այսպես էին արտահայտում. «Հիմա այդ ղարաբաղյան շարժումը շատ վտանգավոր է և պետք չէ, քանզի Կ. Դեմիրճյանը զեկուցում է Մոսկվային, թե Հայաստանում ազգայնականության պայթյուն գոյություն ունի, և միայն «ես» եմ ընդունակ ճնշելու այդ պայթյունը»:  Ա. Մանուչարյանը, Հ. Գալստանը և Ա. Հակոբյանը ղարաբաղյան շարժման կազմակերպիչներին, նաև Մանվել Սարգսյանի միջոցով (ԼՂՀ ապագա դեսպանը Հայաստանում) խնդրեցին, որպեսզի կանգնեցնեն շարժումը: Այսպիսով, շարժման բախտը բերեց, որ ընդդիմության այդ քաղաքական գործիչները Երևանում զբաղված էին իշխանության խնդիրներով և չկարողացան մտնել «Փետրվար» իրենց համոզմունքներով:

«Ինչ վերաբերում է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս մասին, այսինքն Վազգեն Մանուկյանի խմբին, ապա մինչև  «Փետրվար» նրանք վարում էին հիմնականում սպասողական քաղաքականություն՝ հոռետեսորեն վերաբերելով «ղարաբաղյան գործի» հեռանկարներին: Ընդ որում՝ անձամբ Վազգեն Մանուկյանը և Լյուդվիգ Խաչատրյանը շարժմանը ցույց տվեցին կազմակերպական անգնահատելի օգնություն՝ մասնակցելով «անհաղթահարելի հեռանկարով» գործողություններին՝ 1987 թվականի աշնան առաջին միտինգներին, Մոսկվա՝ ղարաբաղյան պատվիրակությունների կազմակերպմանը և դրամական միջոցների հավաքմանը: Վազգեն Մանուկյանի միջոցով շարժման ղեկավարներին հաջողվեց կապեր հաստատել երևանյան մտավորականության շատ ներկայացուցիչների հետ, ինչը չափազանց օգտակար էր:

1988-ի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին ԿԳԲ-ին հայտնի դարձավ շարժման կազմակերպիչների և Հ.Յ. Դաշնակցության միջև կապերի և շփումների առկայությունը, ինչպես նաև այն, որ Դաշնակցություն կուսակցությունն արդեն ոչ օրինական ներկայություն ունի հանրապետությունում և որոշում է ընդունել իր կառույցները հայրենիքում ծավալելու մասին: Անհրաժեշտություն առաջացավ այդ կուսակցությանը և Հայաստանում քաղաքական ազգայնականության զարգացմանը հակազդել ինչ-որ այլընտրանքային, բավական լայն շարժում՝ ժողովրդավարական կարգախոսներով և ազատական արժեքներով: Վազգեն Մանուկյանի և Աշոտ Մանուչարյանի խմբերի միավորումը եղավ տրամաբանական և ճիշտ ժամանակին: Այսպես, 1988 թ․ մայիսի վերջին ի հայտ եկավ կազմակերպական նոր կառուցվածք՝ «Ղարաբաղ» կոմիտեն՝ խիստ համապատասխան երևանյան հասարակայնության բնույթին ու պահվածքին:  Բայց որոշակի ժամանակ էր պետք, որպեսզի իշխանությունները և տվյալ շարժումները հարմարվեն ստեղծված պայմաններին:

1986-1987թթ. ազատության մեջ էին գտնվում բոլոր հայ այլախոհները, որոնք տարբեր հայացքների տեր էին, սակայն նրանց մեծամասնությունը չէր ցանկանում մասնակցություն ունենալ շարժմանը: Նրանց առանձին արտահայտություններից կարելի էր ենթադրել, որ նրանք շարժումը համարում էին ԿԳԲ-ի հրահրածը և դրանում մասնակցությունը համարում էին անիմաստ: Բացառություն էր միայն Հովիկ Վասիլյանի խումբը, որը կրում էր «Հայ Դատ» անունը: 15-25 մարդուց բաղկացած այս ոչ մեծ խումբը ինքն առաջարկեց իր ծառայությունները շարժման ղեկավարներին և իր վրա աշխատանքային շատ ծանր բեռ վերցրեց։ Վասիլյանի խմբի առանձնահատուկ արժեքն այն էր, որ նրանց միջոցով կապ էր հաստատվել Հայկական Սփյուռքի շատ մարդկանց հետ, «Ազատություն» ռադիոկակայանի և քաղաքականապես ազդեցիկ մարդկանց նշանակալի շերտի հետ։

Սակայն, այնուամենայնիվ, կազմակերպության հիմքը կազմում էին Լեռնային Ղարաբաղի մարդիկ։ Այստեղ ամեն մի շրջանում կար առանցքային մարդ, որը պատասխանատու էր շարժման ծավալման համար։ Ասկերանի շրջանում Սլավիկ Առուշանյանն ու Սլավիկ Միրզոյանն էին, Մարտունու շրջանում՝ Գրիգոր Ուլուբաբյանն ու Վլադիմիր Պողոսյանը, ինչպես նաև՝ Կամո Սաֆարյանը, Լորենց Առուշանյանը, Հադրութի շրջանում՝ Էմիլ Աբրահամյանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Մկրտչյանը, Մարտակերտի շրջանում՝ Վիգեն Շիրինյանը, Ստեփանակերտում և ողջ Լեռնային Ղարաբաղում շարժումը կազմակերպելու գործում առանձնահատուկ դեր էր կատարում Արկադի Կարապետյանը։ Նա, լինելով մարզային կոմերիտական կազմակերպության հրահանգիչը, հնարավորություն ուներ կազմակերպական լայն աշխատանքներ տանել և կարճ ժամանակամիջոցում (մոտավորապես կես տարի) կարողացավ շարժման մեջ ընդգրկել շատ երիտասարդների։ Շուտով նա դարձավ բոլոր առավել կարևոր գործողությունների հիմնական համակարգողը Լեռնային Ղարաբաղում։ «Փետրվարից» հետո նա դարձավ նաև հիմնական կազմակերպիչը ինքնապաշտպանության զինված ջոկատների։ Այս մարդու միակ «թերությունը» անհրաժեշտ փառասիրության և իշխանության ձգտելու բացակայությունն էր։ Հնարավոր է, որ այդ պատճառով 1988 թ․ հունվար սկզբին Ստեփանակերտում ի հայտ եկան նոր առաջնորդներ, այսպես կոչված, տնօրենների «Կռունկ» ապագա կոմիտեն, որը ներառում էր ստեփանակերտյան ձեռնարկությունների և հաստատությունների տնօրեններին։ Դա ինքնին արդեն մեծ հաջողություն էր։ Այս մարդկանց հաջողվեց անասելի ծանր պայմաններում նախապատրաստել և փետրվարի 20-ին անցկացնել ԼՂԻՄ մարզային խորհրդի պատմական նիստը։ Այս մարդկանց շարքերում էին Արկադի Մանուչարովը, Մաքսիմ Միրզոյանը, Վասիլի Աթաջանյանը, Ռազմիկ Պետրոսյանը և ուրիշներ։

Լեռնային Ղարաբաղի կուսակցական կառույցից շարժման կազմակերպիչներին աջակցության մեծ առանձնակի դեր խաղացին Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը և Հենրիկ Պողոսյանը։ Տեղի վարչակարգի աջակցությունը հսկայական նշանակություն ունեցավ բնակչության կազմակերպման առումով։ 1988 թ․ հունվարին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում նախապատրաստվեց և անցկացվեց կոլխոզների 40 նախագահների և այդ շրջանի գյուղական խորհուրդների նախագահների ժողովը՝ նպատակ ունենալով գործողությունների համակարգում զանգվածային ելույթի համար։ Այդ ժողովը մեծ նշանակություն ունեցավ ինչպես ըստ էության շարժման, այնպես էլ հենց կազմակերպիչների համար, քանզի հասկացվեց գլխավորը․ Ղարաբաղը պատրաստ է կազմակերպված ելույթի։ Այս ժողովի մասին տեղեկատվությունը հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կազմակերպական նշանակություն ուներ։ Բացի այդ, շատ կարևոր էր Ասկերանի շրջանի բնակչության կազմակերպվածությունը՝ Ստեփանակերտի հնարավոր գործողության աջակցության առումով։

Այժմ շատ են խոսում այն մասին, թե ճիշտ ժամանակի՞ն արդյոք սկսվեց ղարաբաղյան շարժումը։ Սակայն այն օրերին ակնհայտ էր դառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող դիմակայությունն ամբողջությամբ։ Մասիսի շրջանում, Չարդախլու գյուղում ընդհարումները, բազմաթիվ վեճերը սահմանների վրա և Լեռնային Ղարաբաղում վերջին տարիների ընթացքում ադրբեջանական ղեկավարությունը չէր հապաղի օգտվել հանգուցային պահից Ադրբեջանում «հայկական հարցը» վերջնականապես լուծելու համար։ Շարժման ժամանակին լինելու մասին «հետին թվով» դատողություններ անողները պետք է հասկանան, որ երբ սկսվեց կայսրության փլուզումը, անհնար էր հաշված ամիսների կամ շաբաթների ընթացքում կազմակերպել ժողովրդի զինված պայքարը՝ իր նախնիների երկրում ապրելու համար։ Այդ նույն մարդիկ, որ հայտնի պայմաններում դարձան զինված պայքարի հերոսներ, «դանդաղ ընթացող» տեղահանության պայմաններում հանգիստ և ամենայն պատրաստակամությամբ կհավաքեին իրենց կահ-կարասին և կտեղահանվեին՝ երևանյան սրճարանների հասարակության և «վերակառուցման» ծածկույթով ժողովրդավարական պարագլուխների հոգոցների տակ։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ ազգային ազատագրական պայքարի տատանումների համար 2 տարուց ոչ քիչ պահանջվեց։

Որքան էլ տարօրինակ է, հարց է առաջանում նաև ղարաբաղյան շարժման համապատասխանության վերաբերյալ՝ հայ ժողովրդի համազգային խնդիրներին և հնարավորություններին, ինչպես նաև՝ նրա ուժերին։ Ղարաբաղյան շարժումը հայ ազգի զարգացման բնական ճանապարհը եղավ, լիովին համապատասխանում էր նրա ուժերին, փիլիսոփայությանը և հոգեկերտվածքին։ Ավելի՛ն, շարժումն արտահայտում էր ժողովրդի ահագնացող աշխուժացումը, նրա հոգեկերտվածքի և աշխարհահայացքի արմատական փոփոխությունը։ Խնդիրը ժողովրդի և հասարակության մեջ չէ, նրանց պարագայում ամեն ինչ կարգին է։ Շարժման մշտական խնդիրը նրա առաջնորդների ու «ժողովրդի հայրերի» աշխարհահայացքի անհամապատասխանությունն է։ Այդ խնդիրը չի վերացել, այն շարունակում է գոյություն ունենալ և առավել վառ դրսևորվեց ամենավերջին ժամանակներս՝ Կոպենհագենի հայտնի հանդիպման ժամանակ։

Եվ վերջապես մի հարց էլ․ մասնակի՞ց են արդյոք ղարաբաղյան շարժմանը հատուկ ծառայությունները։ Հարցը, որ կարծես «համոզիչ» և անշրջելի կերպով լուծված է հայրենական և արտասահմանյան վերլուծաբանների կողմից, շարունակում է տեղաբնակների մտքերը հուզել։ Ուզում եմ երկու փաստ բերել։ 1988 թ․ մարտի սկզբին նախագահ Ռոնալդ Ռեյգանը «շշպռեց» ամերիկյան հատուկ ծառայություններին այն բանի համար, որ նրանք չէին կարողացել գուշակել ղարաբաղյան շարժումը։ Իսկ 1989 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ Չեպրիգովը Հայաստանի ԿԳԲ-ի նախագահի հետ զրույցում հասավ այնտեղ, որ վճռականորեն պահանջեց պատասխան տալ՝ «ինչպե՞ս ստացվեց, որ Երևանում զանգվածային միտինգներ սկսվեցին, ինչպե՞ս հնարավոր եղավ այդ շարժումն ընդհանրապես» հարցերին Մ․ Յուզբաշյանը հարցով պատասխանեց․ «Մինչ վերակառուցում հայտարարելը միտինգներ տեղի ունենու՞մ էին»։ «Ղարաբաղ» կոմիտեի մոսկովյան մեկուսարաններում գտնվելու ժամանակ շարժումն ու նրա առաջնորդներին ուսումնասիրելու համար ԽՍՀՄ ԿԿ-ում ստեղծված հատուկ խումբը կարողացավ պատասխանել իր ղեկավարության արմատական հարցերին, այդ նու՛յն հարցերին։

Երբ տեղի է ունենում զանգվածային շարժում հասարակական լուրջ հողի վրա, որևէ մեկը և ինչ-որ տեղ դրանից օգտվում է, ինչպես, օրինակ, օգտվեց ԽՍՀՄ ղեկավարությունը ադրբեջանական բնակչությանը տեղահանելու համար սահմանամերձ գոտուց (Թուրքիայի հետ սահմանի երկայնքով) և ռազմականորեն կարևոր լեռնանցքներից 1988 թ․ դեկտեմբերին): Եվ այդ օգտվողների ակամա դաշնակիցներն են դառնում իրենց ազգի ուժին չհավատացողները (իսկ ենթագիտակցության մեջ գիտակցում են իրենց մարդկային անկարողությունը)։ Հիմա՝ այսքան տարի հետո, երբ գոյություն չունեն ոչ Քաղբյուրոն, ոչ ԿԳԲ-ն, ոչ շատ ուրիշ բաներ, Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի։

80-ական թվականներին ղարաբաղյան շարժման գաղափարն ընկած էր շատ բարենպաստ հողի վրա։ Հայ հասարակության մեջ, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում, հաստատուն տիրապետում էր խորհրդային գաղափարախոսությունը, համայնքային գոյության սկզբունքը, ազգային հավաքական մտածությունը, որը որոշված էր ոչ միայն ազգային, այլև՝ խորհրդային խանդավառությամբ։ Հավասարության և ընկերային արդարության խորհրդային սկզբունքներն ամուր, չնայած նաև՝ հայտնի չափով խեղաթյուրված, թափանցեցին Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ողջ կյանքի մեջ։ Դրանով հպարտանում էին, և ինչ-որ շատ կարևոր մասով այն չէին խախտում։ Հայկական անհատապաշտությունը իր իրականացումը գտավ հատկապես համայնքային սկզբունքների տիրապետության պայմաններում։

Ստեփանակերտը 80-ականների իսկական կենտրոն էր։ Այն արդյունաբերական քաղաք էր, ուր հավաքվում էր մինչև 11 հազար արդյունաբերական բանվոր։ Քաղաքը, ինչպես ողջ Լեռնային Ղարաբաղը, ամենաբարենպաստ միջավայրն էր Դաշնակցական կուսակցության իդեալների իրականացման համար, այսինքն՝ ազգային և ընկերային արդարության համադրություն։ Ստեփանակերտում այն ժամանակ դեռ առաջին քայլերն էր կատարում քաղքենիական գաղափարախոսությունը։ Գոյություն ուներ համայնք, համայնք՝ լավագույն հասկացությամբ։ Այժմ, երբ Ստեփանակերտը դիմակայում է ծանրագույն արտաքին քաղաքական ճնշում, գուցե ամենախոցելի և ամենաբարդ խնդիրը ՀԱՄԱՅՆՔԻ բացակայությունն է։ Նա, ով տարվում է իշխանության կենտրոնացմամբ և դա արդարացնում է ռազմական ժամանակով, դրանով իսկ ոչնչացնում է ամենաարժեքավորը՝ ՀԱՄԱՅՆՔԸ։ Նա իրեն զրկում է հողից, նա իր տունը կառուցում է ավազի վրա։

Ավարտին հիշենք ընկերների՝ ղարաբաղյան շարժման կազմակերպիչների և առաջնորդների մասին, որոնք հավատարիմ էին միմյանց և գաղափարին, այսինքն՝ նրանց մասին, ովքեր մեզ հետ էին մինչև «Փետրվարը»։ Նրանց թիվը հասնում էր մոտ 100-ի։ Այժմ մնացել է միայն 72 անուն, որոնց ճակատագրի մասին հայտնի է մեզ։ Ինչպիսին է 72-ի ճակատագիրը։ Կյանքից հեռացել է 15 մարդ, նրանցից քաջի մահով ընկան 7 հոգի, Հայաստանի կամ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներ դարձան 16-ը, գործադիր իշխանության մեջ պաշտոններ գրավեցին 12-ը, զգալի կարողություն կուտակեց 4 մարդ, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից դուրս են ապրում 6-ը, Դաշնակցություն կուսակցության մեջ էին կամ են 32-ը, շարունակում են զբաղվել քաղաքականությամբ՝ 9-ը։

Աղբյուրը՝ Lragir.am:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *