Մաս Զ
Իշխանության ճգնաժամը եւ քաղաքացիական պատերազմը, որ բռնկվեց բոլշեւիկների Պետրոգրադում, Մոսկվայում հարուցած ապստամբությունից հետո, կտրեց դրանց մնացյալ Ռուսաստանից: Լենինի առաջարկած անջատ հաշտությունը առաջ բերեց ամերիկյան կառավարության հայտարարությունը, որ բոլորովին դադարեցնում է Ռուսաստանին հայթայթել՝ ինչ որ անհրաժեշտ է պատերազմը շարունակելու համար, դրա թվում եւ դրամ:
Հրանտ Տէր- Աբրահամյան
Զինադադար Թուրքերի Հետ՝ «Հեղափոխությունը Կոչնչացնի Պատերազմը»
Անդրկովկասյան կոմիսարիատը երկու հիմնական խնդիր էր առաջ քաշել. առաջինը Անդրկովկասում Սահմանադիր ժողովի ընտրությունների անցկացումն էր, որը տեղի ունեցավ առանց էական ցնցումների։ Երկրորդը Թուրքիայի հետ հաշտության բանակցություններն էին, որոնք ողբերգական հետեւանքներ ունեցան հայ ժողովրդի համար։
Արդեն նշել ենք, որ բոլշեւիկյան հեղաշրջման հաջողության հիմնական պայմաններից մեկը պատերազմն անհապաղ դադարեցնելու եւ հաշտություն կնքելու խոստումն էր։ 1917թ. հոկտեմբերի 26-ին Հաշտության մասին դեկրետի ընդունումից հետո բոլշեւիկները հետեւողականորեն սկսում են իրականացնել իրենց ծրագիրը։
1917թ. նոյեմբերի 15-ին զինադադարի բանակցություններ սկսելու բոլշեւիկների առաջարկին արձագանքում է Գերմանիան։ Նույն օրը Լենինն ու Տրոցկին դիմում են Ռուսաստանի դաշնակից պետություններին եւ հնգօրյա վերջնագիր ներկայացնում պատերազմը համատեղ դադարեցնելու առաջարկով։
«Մենք՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդս, այս հարցով դիմում ենք մեր բոլոր դաշնակիցներին՝ Ֆրանսիային, Անգլիային, Իտալիային, Ամերիկային, Բելգիային, Սերբիային, Ռումինիային, Ճապոնիային եւ Չինաստանին: Մենք իրենց սեփական ժողովուրդների առաջ, ամբողջ աշխարհի առաջ հարցնում ենք նրանց՝ համաձա՞յն են մեզ հետ, դեկտեմբերի 1-ին հաշտության բանակցություններ սկսելու:
Մենք՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդս, դիմում ենք դաշնակից ժողովուրդներին եւ ամենից առաջ նրանց աշխատավոր մասսաներին, թե համաձա՞յն են արդյոք նրանք շարունակելու այս արյան բաղնիքը՝ անմիտ ու աննպատակ, որ կործանում է Եվրոպայի կուլտուրան: Անմիջապես պահանջում ենք դաշնակից երկրների բանվորական կուսակցություններին պատասխան տալ, թե կամենո՞ւմ են արդյոք հաշտության բանակցություններ սկսել»,- ասված էր հայտարարության մեջ։
Պրժեւալսկին կոչ է անում ըմբռնումով մոտենալ
Զինադադարի հաստատմանը մեծ վրդովմունքով են արձագանքում Ռուսաստանի դաշնակից պետությունները։ Նրանք հիշեցնում էին, որ Ռուսաստանը դեռեւս պատերազմի սկզբին համաձայնագիր էր ստորագրել դաշնակիցների հետ եւ պարտավորվել սեպարատ բանակցություններ չվարել ու հաշտություն չկնքել։ ԱՄՆ-ը, որը նոր էր միացել դաշնակիցներին եւ հսկայական ֆինանսական օգնություն էր հատկացնում Ռուսաստանին, հայտարարում է, որ հրաժարվում է գումարի ու ապրանքների մատակարարումից, մինչեւ Ռուսաստանում չհաստատվի ամբողջ երկիրը ներկայացնող իշխանություն։
Այնինչ բոլշեւիկյան հեղաշրջումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ ամերիկացի դիվանագետները տարբերակներ էին փնտրում Թուրքիային հավելյալ դժվարություններ պատճառելու համար: Ներկայացնում ենք Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոս Ֆելիքս Սմիթի նամակը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Դէվիդ Ֆրենսիսին:
Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոսը (Սմիթ)՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին (Ֆրէնսիս)
Թիֆլիս, 1917 թվականի հոկտեմբերի 4
Պարոն, պատիվ ունեմ զեկուցել, որ տարբեր աղբյուրներից ստացված հուսալի տեղեկատվության համաձայն հնարավոր է դառնում բանակցություններ սկսել Քրդստանի քրդական ցեղերի հետ՝ թուրքերի դեմ ապստամբություն սկսելու նպատակով եւ դաշնակիցների հետ նրանց համագործակցությունը հասցնել նույն մակարդակին, ինչպիսին է Մեքքայի շեյխի գլխավորությամբ արաբների համագործակցությունը դաշնակից երկրների հետ: Բանակցությունները կարող են սկսվել Վանում: Սակայն, հարկավոր կլինի նրանց անկախություն խոստանալ: Հայ առաջնորդները լիովին աջակցում են այս ծրագրին, որը, ըստ իրենց, բարդ չէ իրագործել: Քրդական օգնությունը զգալի առավելություն կլինի այդ ճակատում եւ կարդարացնի փոքրիկ զոհողությունը: Այդ բանակցությունների եւ քրդերի շրջանում քարոզչության գինը չնչին կլինի:
Ամերիկայի օգնության դադարեցումը բացասաբար էր անդրադառնում նաեւ Կովկասյան բանակի մատակարարման վրա։ Բացի այդ, բոլշեւիկները Պետրոգրադում բռնագրավել էին պետական դրամատունը եւ դադարեցրել ֆինանսական միջոցների հատկացումը Անդրկովկասին։
1917թ. նոյեմբերի 15-ին Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Միխայիլ Պրժեւալսկին հարկադրված էր կոչով դիմել զինվորներին ու սպաներին՝ ըմբռնումով մոտենալու ֆինանսական եւ մատակարարման դժվարություններին։
Միխայիլ Պրժեւալսկի
Գեներալ Պրժեւալսկին 1914 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Սարիղամիշի օպերացիայի գլխավոր դերակատարներից մեկն էր: Այդ օպերացիայի համար նա պարգեւատրվեց Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով: Պրժեւալսկու դերը մեծ է նաեւ Էրզրումի եւ Երզնկայի օպերացիաներում:
1917 թվականի ապրիլի 3-ին Պրժեւալսկին նշանակվել էր Կովկասյան բանակի հրամանատար, իսկ մայիսի 31-ին՝ Կովկասյան ճակատի զորքերի գլխավոր հրամանատար՝ փոխարինելով գեներալ Յուդենիչին:
1917 թվականի դեկտեմբերի 28-ին գեներալ Պրժեւալսկին վայր դրեց գլխավոր հրամանատարի լիազորությունները եւ հեռացավ գործող բանակից: Իր վերջին հրամանագրերից մեկով նա առանձին Հայկական բանակային կորպուսի հրամանատար նշանակեց Թովմաս Նազարբեկյանին:
Պրժեւալսկին միացավ Սպիտակ բանակին եւ 1918 թվականի վերջին Դենիկինի կողմից նշանակվեց Կովկասում կամավորական զորքերի հրամանատար: Մահացել է 1934 թվականի դեկտեմբերի 13-ին Բելգրադում:
«Պրժեւալսկին հազվադեպ հանդիպող հրամանատարի տեսակ էր, որի մեջ միահյուսված էին մարդկային բարի եւ ազնիվ սիրտը, զինվորի քաջությունը եւ հրամանատարի մեծ տաղանդը: Իր հանդեպ զորքի մեծ սիրուն պատասխանում էր նույնպիսի սիրով, հոգատարությամբ եւ ջանասիրությամբ»,- իր հուշերում գրում է հոգեւորական Գեորգի Շավելսկին:
«Իշխանության ճգնաժամը եւ քաղաքացիական պատերազմը, որ բռնկվեց բոլշեւիկների Պետրոգրադում, Մոսկվայում հարուցած ապստամբությունից հետո, կտրեց դրանց մնացյալ Ռուսաստանից: Լենինի առաջարկած անջատ հաշտությունը առաջ բերեց ամերիկյան կառավարության հայտարարությունը, որ բոլորովին դադարեցնում է Ռուսաստանին հայթայթել՝ ինչ որ անհրաժեշտ է պատերազմը շարունակելու համար, դրա թվում եւ դրամ: Կան ժողովրդական կյանքի այնպիսի կողմեր, որոնք կարող են դեռ գործել՝ չնայելով իրենց ընդհատման, բայց կան այնպիսիները, որոնց վրա անմիջապես պետք է ազդե հարաբերությունների ընդհատումը կենտրոնի հետ եւ առաջ բերե աշխատելու կատարյալ անհնարինություն»,- ասված էր Պրժեւալսկու կոչում։
Բանակցությունների մեկնարկը
1917թ. նոյեմբերի 19-ին «Մշակ» թերթը առաջին նախնական տեղեկություններն է հաղորդում թուրքերի հետ զինադադարի բանակցությունների մասին։
Մշակ, 19 նոյեմբերի, 1917թ., թիվ 248
«Թիֆլիսում ոչ պաշտոնական տեղեկություններ են ստացվել, որ գերմանական շտաբի գլխավոր հրամանատար Հինդենբուրգը ճանաչել է Լենինի կառավարությունը եւ ընդունել նրա առաջարկը՝ զինադադար կնքելու երեք ամսով: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, նշանակված է հրավիրակների տեսակցությունը՝ բանակցություններ սկսելու: Բանակցություններ վարելու են այսօր եւ թուրքական ֆրոնտի վրա՝ թուրք բանակի հետ, Էրզրումի եւ շրջակա շրջանների մեջտեղ որոշված տեղում: Թե որքան ճիշտ են այդ տեղեկությունները, չգիտենք»:
Մի քանի օր անց տեղեկությունը հաստատվում է՝ թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշան դիմել էր Կովկասյան բանակի հրամանատարին՝ զինադադար կնքելու առաջարկով։
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250
«Թիֆլիսում լուր տարածվեց, որ թուրքական գեներալներից մեկը դիմել է Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Պրժեւալսկիին եւ հայտնելով թե թուրքական զորքը իմացել է, որ Ռուսաստանի այժմյան կառավարությունը հաշտություն է կամենում կնքել, առաջարկել է բանակցություններ սկսել թուրքական զորահրամանատարության հետ զինադադարի մասին:
Գեներալ Պրժեւալսկին թուրք գեներալի այս դիմումը ենթարկել է երկրային կենտրոնների (զինվ., բանվ. եւ գյուղացիական խորհուրդների) քննության, ինչպես եւ Անդրկովկասյան կոմիսարիատի քննության: Եվ թե՛ կենտրոնները, թե՛ Կոմիսարիատը միաձայն որոշել են ընդունել թուրք գեներալի առաջարկությունը եւ ուղարկել պատգամախոսներ զինադադարի մասին բանակցություններ սկսելու:
Հաղորդում են նույնպես, որ իբր դաշնակից պետությունները համաձայնել են, որ Ռուսաստանը կնքե Գերմանիայի եւ Թուրքիայի հետ սեպարատ հաշտություն, բայց պայմանով, որ վերջինները պարտավորվեն իրենց զորքերը ճակատից չտանել այլ ճակատ:
Այսպես ուրեմն՝ շուտով կլինի զինադադար թուրք զորքի հետ, եւ երեք ամիս (այս ժամանակամիջոցն է պայման դրվում) պատերազմը կդադարի»:
Կարգադրություն Էրզրումի զորքերի հրամանատարին
Խնդրում եմ պարլամենտյորի միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ Մահմեդ փաշային իմ հետեւյալ պատասխանը նրա նամակին.
«Ձեր նամակը, պարոն գեներալ, զինադադարի առաջարկով՝ ստացա եւ շտապում եմ Ձեզ հայտնել, որ ես պատրաստ եմ ընդառաջ գնալ Ձեր մարդասիրական առաջարկին: Այդ նպատակով ես առաջարկում եմ մեր երկու բանակներին, որ կռվում են միմյանց հետ Կովկասյան ճակատում, դադարեցնել ռազմական գործողությունները եւ չկատարել ոչ մի ռազմագիտական խմբավորում՝ մնալով այժմ բռնած դիրքերում եւ սպասել զինադադարը կնքելուն:
Այս պայմանին համաձայնելու դեպքում ես առաջարկում եմ, ձեզանից բարեհամբավ պատասխան ստանալով, կազմել թուրք եւ ռուս բանակի ներկայացուցիչներից հատուկ հանձնաժողով, որին կհանձնվի մանրամասն մշակել կողմերի համար ընդունելի զինադադարի պայմաններ: Մեր այս գրության մասին, ես իմ պարտքն եմ համարում հայտնել ի գիտություն Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին:
Խնդրում եմ Ձեզ, գեներալ, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը:
Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Պրժեւալսկի
Կովկասյան շտաբի զորքերի շտաբի պետ՝ գեներալ-մայոր Լեբեդինսկի
Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին ուղղված նամակում Պրժեւալսկին մասնավորապես գրում է, որ Ֆերիկ Վեհիբ փաշային պայման է դրել՝ չկատարել զորքերի որեւէ տեղափոխություն, որը կարող է վնասել անգլիական զորքերին: «Ես անխախտ որոշել եմ զինադադարի պայմանները մշակելու ժամանակ պաշտպանել ձեր քաջարի բանակի շահերը եւ միջոցներ ձեռք առնել, որ ձեր դեմ եղած թուրքական զորքերը չուժեղացվեն ի հաշիվ Կովկասյան ճակատում կռվողների»,- գրել էր նա:
Վեհիբ փաշան
Մեհմեդ Վեհիբ փաշան Կովկասյան ճակատի Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատարն էր: «Հայկական բռնություններից մուսուլմանների շահերի պաշտպանության» պատճառաբանությամբ 1917թվականի հունվարի 30-ին հարձակում է սկսում Կովկասյան ճակատում:
1918 թվականին Վեհիբ փաշայի զորքերը գրավում են Երզնկան, Տրապիզոնը, Ալեքսանդրապոլը։ Սարդարապատի մոտ սակայն հայկական զորքերը նրան պարտության են մատնում: Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո Վեհիբ փաշան խոստովանում է.
«Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:
Խալիլ եւ Նուրի փաշաների հետ իրականացրել է հայկական կոտորածներ Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։
Որպես քեմալական շարժման հակառակորդ՝ 1923 թվականին հեռացվել է բանակից, զրկվել քաղաքացիությունից՝ դառնալով վտարանդի:
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250
«Վրա է հասնում Ռուսաստանի եւ ժողովուրդների պատմության մեծագույն վայրկյանը: Մեր անդորրությունից, կազմակերպվածությունից եւ միաբանությունից է կախված հեղափոխության, հայրենիքի եւ ապագա սերունդների բախտը: Զինադադարի միջոցին կգումարվի Համառուսական սահմանադիր ժողովը, որը կմշակի հաշտության պայմանները – արդար, դեմոկրատական հաշտության – եւ կառաջարկի բոլոր կռվողներին: Պատերազմը ծնեց հեղափոխություն, մեծ հեղափոխությունը կոչնչացնի պատերազմը»:
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից: