Հայաստան

Հայաստանը Ոչ Էրոտիկ Երգ, Այլ Գաղափար Եվ Հավատամք

Մենք ոչ թե պետք է բավարարվենք զուտ ճռճռան հայրենասիրական բառերով, այլ Խաչատուր Աբովյանի նման զգանք մեր թիկունքին կանգնած Հայաստան-հրեշտակին, լինենք այդ հայրենիքը ոչ թե բառերով, այլ էությամբ, հոգով:

Հակոբ Մովսես

1inAM-ի հյուրն է մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Հայաստան գաղափարի ընդունմանն ու ընկալմանը որպես գաղափար, որպես մեծագույն նպատակ և առաքելություն:

Հակոբ Մովսեսը խոսեց այն մասին, թե ինչու և ինչպես 1991թ. անկախացած երկիրը մսխեց ԽՍՀՄ կողմից ստացած ողջ ժառանգությունը, թե ինչպես զարգանալու, ստեղծելու փոխարեն 30 տարի բավարարվեցինք խորհրդային թերմացքքներով: Հակոբ Մոսեսը նշեց, որ այդ ամենի հետևանք է նաև այն, որ դարերի ընթացքում ամենատարբեր ճնշումների ենթարկված հայ ժողովուրդը ինչ որ չափով նաև մոռացել է ինչ է նշանակում պետություն ասվածը: Մոռացել է նաև պետության ներսում գոյություն ունեցող օրենքի նշանակությունը, դրա համար էլ օրենքը ոչ թե դարձել է ապրելու սկզբունք, այլ ճնշելու և ճնշվելու միջոց, այդ իսկ պատճառով էլ կորցրել է իր նախնական էությունը և  չունի հավասարության սկզբունք: Օրենքը բոլորի թագավորն է: Նրան պիտի հավասարաչափ ենթարկվի և՛ գյուղացին, և՛ նախագահը: Եթե օրենքը բոլորի համար հավասար չէ, այլևս անպիտան է:

Խոսելով պետության և դրա ընդունման և ընկալման մասին, Հակոբ Մովսեսն անդրադարձավ ևս մեկ, բավական տարածված մի երևույթի մասին: Խոսքը վերաբերվում է այսպես կոչված Միութենական պետությանը, երբ դրա կողմնակիցները ասում են, որ ավելի լավ կլինի միանալ Ռուսաստանին և ապրել հանգիստ ու խաղաղ պայմաններում և ազատ լինել արտաքին քաղաքականության կամ նման այլ կարգի հարցերից: Հակոբ Մովսեսն ասաց, որ հենց այդ մտածելակերպը ցուցիչ է այն բանի, թե իրականում ինչ մեծ պատմահոգեբանական խնդիրներ ունենք մենք:

Բայց մենք հիմա ունենք պետություն: Ամեն ինչից բացի մենք ունենք 30 հազար ք/կմ տարածքով պետություն և նրա նկատմամաբ մեր վերաբերմունքը ավելի լուրջ պիտի լինի քան պարզապես տարածքի նկատմամբ: Մենք ոչ թե պետք է բավարարվենք զուտ ճռճռան հայրենասիրական բառերով, այլ Խաչատուր Աբովյանի նման զգանք մեր թիկունքին կանգնած Հայաստան-հրեշտակին, լինենք այդ հայրենիքը ոչ թե բառերով, այլ էությամբ, հոգով: Պետությունը մի ողջ կենսափիլիսոփայություն է, որի ուղեցույցը և մեծագույն հուշարարն ունենք: Այդ մեր պատմությունն է:

Հակոբ Մովսեսն անդրադարձավ նաև պետության փիլիսոփայությանը ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, այլ գաղափարական խորությամբ: Մեր պետությունը իր բնույթով, մեր ժողովուրդը ունի քրիստոնեական, ըստ դրա՝ հումանիստ-ժողովրդավարական փիլիսոփայություն: Հակոբ Մովսեսը նաև հիշեցրեց, որ այսօրվա եվրոպական արժեքները, որոնք ազդարարում են ամենահումանիստական կարգախոսները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, իրենց սկիզբն են առել ֆրանսիական հեղափոխությունից, որն էլ իր հերթին հիմնված քրիստոնեական հումանիզմի վրա:

Հակոբ Մովսեսն շեշտեց նաև, որ այդ ամենը, այդ ողջ գաղափարախոսությունը ոչ թե հենց այդպես օդից պիտի գա, այլ պիտի հստակ քաղաքականությամբ և գործողություններով ապահովի: Եվ այդ ամենին պիտի մասնակցի ողջ հասարակությունը: Մանկապարտեզից մինչև համալսարան, պետք է քարոզվի պետություն կառուցելու առաքելությունը:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *