Մաս տասներեքերորդ
Իրենք հնարավորություն չունեն Թուրքիայի հետ պատերազմելու, ուստի պատասխանը պետք է այնպես կազմված լինի, որ առիթ չտա թուրքերին խախտելու զինադադարը եւ Կովկասի դեմոկրատիային կորստյան մատնելու։
1918թ. հունվարի 9-ից Բրեստ-Լիտովսկում վերսկսվում են հաշտության բանակցությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավարն արդեն Լեւ Տրոցկին էր, որը փորձում էր ամեն կերպ ժամանակ շահել՝ հույս ունենալով, թե Գերմանիայում եւ Ավստրիայում շուտով հեղափոխություն է լինելու։
Սակայն հեղափոխությունը ոչ մի կերպ չէր սկսվում, իսկ Գերմանիայի պահանջներն ավելի ու ավելի ծանր ու ստորացուցիչ էին դառնում: Լենինն ու Տրոցկին հարկադրված էին հայտարարել, թե «Եվրոպայի հեղափոխական մասաները մեզ օգնության չեկան, որի պատճառով պատերազմի շարունակությունը անխուսափելի է»։
Հունվարի սկզբին Կովկասում տեղեկություններ են տարածվում, թե Թուրքիան ցանկանում է առանձին հաշտություն կնքել Անդրկովկասյան կոմիսարիատի հետ։ «Մշակը» ահազանգում էր, որ Թուրքիան գարնանը կարող է սկսել առաջխաղացումը, եւ քանի որ ազգային զորամասերը կազմավորված չէին, այն կարող էր աղետալի հետեւանքներ ունենալ։ Եթե նույնիսկ ազգային զորամասերը կարողանային պաշտպանել Կովկասի սահմանները, ապա Թուրքահայաստանի պաշտպանությունը գրեթե անհնարին էր։
«Անկասկած է, որ Հայաստանի փրկությունը վտանգված է, եւ հավանորեն նա կվերադարձվի Թուրքիային կամ Լենին-Տրոցկիի կառավարության կամ Անդրկովկասի կոմիսարիատի ձեռքով»,- գրում էր թերթը:
Բանակցություններ «Կովկասյան անկախ կառավարության» հետ
1918թ. հունվարի 3-ին Կովկասյան ռազմաճակատի հրամանատար Իլյա Օդիշելիձեն հայտնում է, որ Կովկասյան ճակատում թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան առաջարկել է բանակցություններ սկսել «Կովկասյան անկախ կառավարության» հետ։
Հունվարի 4-ին Կոմիսարիատն անդրադառնում է թուրքական առաջարկին․ Գեգեչկորին զեկուցում է, որ թուրքերը պատրաստ են հաշտություն կնքել Կովկասի հետ։ Քննարկման արդյունքում Կոմիսարիատը հայտարարում է, որ իրենք ժամանակավոր մարմին են, հարցի վերաբերյալ «կարծիք չունեն» եւ որոշում ընդունելու պատասխանատվությունը թողնում են երկրային կենտրոնին։
Գեգեչկորին հայտնում է նաեւ, որ զինադադարի բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակության ներկայացուցիչ գեներալ Վիշինսկին էր օգտագործել «Կովկասյան անկախ կառավարություն» արտահայտությունը, ինչից էլ այժմ օգտվում են թուրքերը։ Բուռն քննարկման արդյունքում որոշում են թուրքերին ասել, որ իրենք պատրաստվում են մասնակցելու Հիմնադիր ժողովին, որտեղ էլ որոշվելու է հաշտության հարցը։ Ռամիշվիլին նկատում է, որ զինադադարի խախտման դեպքում «իրենք հնարավորություն չունեն Թուրքիայի հետ պատերազմելու, ուստի պատասխանը պետք է այնպես կազմված լինի, որ առիթ չտա թուրքերին խախտելու զինադադարը եւ Կովկասի դեմոկրատիային կորստյան մատնելու»։
«Զինադադարը կնքելե քանի մը օր հետո Վեհիբ փաշան նոր դիմում մը կընե Կովկասի բանակի հրամանատար Օդիշելիձեին, հաղորդելով, որ Էնվեր փաշան կփափագի գիտնալ, թե ինչ ճամփով կարելի է վերանորոգել հարաբերությունները անկախ Կովկասի հետ։ Էնվերի այնքան խորամանկությամբ մեջտեղ նետած «անկախ Կովկաս» խայծին բանվորական, զինվորական եւ գյուղացիական պատգամավորների խորհուրդը կպատասխանե.- Մենք մասն ենք Ռուսական հանրապետության, խաղաղության համար ձեզի հետ կրնանք բանակցել Սահմանադիր ժողովի տալիք որոշումներեն հետո» (Աստվածատուր Խաչատրյան, Արեւելահայ եւ թուրք դիվանագիտական հարաբերությունները, 1917, նոյեմբեր 30 – 30 հոկտեմբեր, 1918, Երեւան, 1920: Հրատարակվել է Երեւանում, 2010թ.)։
Հունվարի 15-ին Անդրկովկասյան կոմիսարիատը պատասխան է ուղարկում Վեհիբին.
«Պ. Գեներալ, գլխավոր զորահրամանատար Էնվեր փաշայի հաղորդագրության էության առիթով անդրկովկասյան իշխանությունը խնդրում է ձեզ հավաստի լինել, որ Կոմիսարիատը միանգամայն համերաշխ է օսմանյան զորքի գլխավոր հրամանատարի հետ՝ նրա մարդասեր ձգտման մեջ՝ շուտով վերականգնելու փոխադարձաբար ցանկալի հաշտարար հարաբերությունները երկու երկրների միջեւ»։
Նամակում Կոմիսարիատը Էնվերին տեղեկացնում էր, որ պատերազմն ավարտելու համար իրենք պետք է բանակցեն նաեւ ռուսական հանրապետության ինքնավար մյուս կառավարությունների հետ, ուստի խնդրում էր ժամանակ հատկացնել։
«Անդրկովկասյան կառավարությունը հույս ունի, թե երեք շաբաթ ժամանակամիջոցը չի դժվարացնի ձեզ, պ. գեներալ, սպասել։ Խնդրում եմ հավատացած լինել դեպի ձեզ տածած գերազանց հարգանքի մեջ»,- այսպես էր ավարտվում Գեգեչկորիի ստորագրությամբ նամակը Էնվերին։
Թաթարներն անհամբեր սպասում էին թուրքերին
Թեեւ Անդրկովկասը հանդես էր գալիս որպես մեկ միասնական միավոր, սակայն ակնհայտ էր, որ հայերի, վրացիների եւ թաթարների նպատակներն էապես տարբերվում էին։ Եթե թուրքական արշավանքը հայերի համար միանշանակ ոչնչացում էր նշանակում, ապա թաթարներն անհամբեր սպասում էին թուրքերին։ Վրացիները նույնպես թուրքական հնարավոր արշավանքից առանձնապես տագնապներ չունեին։
«Եթե չափազանցություն է ըսել, թե թաթարները կուզեին տաճկական տիրապետություն, բայց կարելի է անվարան ըսել, թե կցանկանային տաճիկների հաջողությունը Տաճկահայաստանում եւ նրանց հովանավորությունը ինչպես իրենց, նույնպես եւ Անդրկովկասի վրա։ Դա հիմնովին հակառակ էր հայկական բաղձանքներին եւ նպատակներին։ Վրացիները տաճկական հովանավորություն չէին ուզեր, բայց հայերի կշիռը չնչին դարձնելու համար Անդրկովկասում, կբաղձային, որ տաճիկները խլեն հայերի ձեռքից Տաճկահայաստանը, եւ այդ ուղղությամբ կովկասյան ճակատի հրամանատար Վեհիբ փաշայի խնամի Օդեշելիձեի միջոցով հարկ եղածը կտնօրինեին»,- գրում էր Ռուբեն Տեր-Մինասյանը (Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակներ, հ. 7, Երեւան, 1990թ.)։
Հող են նախապատրաստում հարձակման համար
Թուրքերը, սակայն, հիանալի տեղյակ լինելով ռուսական բանակի նահանջի, Անդրկովկասում առկա ներքին խնդիրների մասին (որոնց մի մասը տեղի էր ունենում հենց իրենց հրահրմամբ), աստիճանաբար հող էին նախապատրաստում հարձակման համար։ 1918թ. հունվարի 9-ին նրանք հեռագրում են Օդիշելիձեին, թե իբր հայերը բռնություններ են իրականացրել մահմեդական բնակչության նկատմամբ։
Գեներալ Նազարբեկյանը, իր հուշերում անդրադառնալով այս միջադեպին, նշում էր, որ այդ հեռագիրը Թիֆլիս է հասնում միայն հունվարի 18-ին։
«Այդ նամակի հիման վրա Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի կողմից հրաման տրվեց, որպեսզի անմիջապես դադարեցվեն ամեն տեսակի բռնությունները մուսուլման բնակչության նկատմամբ։ Հունվարի 16-ին Վեհիբ փաշան կրկին նամակ հղեց գլխավոր հրամանատարին, բողոքելով հայերի դաժանություններից, որոնք իբր թե սպանում էին բնակիչների» («Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի։ Գեներալ Թ. Նազարբեկյանի հուշերը», Երեւան, 1994թ.)։
Թեեւ Վեհիբին հայտնում են, որ իր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատում էին նաեւ Երզնկայի ջոկատի հրամանատար գնդապետ Մորելն ու Բաբերդի կոմիսարը, թուրքական բանակը հունվարի վերջին անցնում է հարձակման։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։