ԱՄՆ-ը ռուս-ամերիկյան հակամարտությունում Հայաստանին երբեք ընտրության առջև չի կանգնեցնելու: Հարգում են Հայաստանի ժողովրդի և նրա կողմից ընտրված ղեկավարության ցանկացած ընտրություն:
Սասուն Քոսյան
Խոսելով հայկական լոբբիի մասին սովորաբար այն ներկայացվում է որպես Հայ Դատ: Սակայն դա այդպես չէ, ԱՄՆ-ում հայկական լոբբին չի սահմանափակվում Հայ Դատով: Կարևոր դերակատարում ունի նաև Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ), որը հայտնի է իր ավելի հավասարակշռված, անկուսակցական դիրքորոշումով:
ԱՀՀ-ն այսօր հայ համայնքի համար կազմակերպել էր կարևոր և հետաքրքիր առցանց տեսակապ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի և պետքարտուղար Բլինքենի տեղակալի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Էրիկա Օլսոնի հետ:
Հիմնական թեման էր Հայ-Ամերիկյան հարաբերությունները և Արցախի հիմնախնդիրը: Նման հանդիպումները արժեքավոր են նրանով, որ լսում ես ԱՄՆ պաշտոնական տեսակետը ոչ պաշտոնական, ոչ ֆորմալ և ավելի անկեղծ միջավայրում, և հնարավորություն ունես տարբեր հարցեր ուղղելու: Ցավոք իմ հարցը ԱՄՆ-Հայաստանի ռազմական համագործակցության մասին չհնչեցվեց ժամանակի սղության պատճառով, բայց խոսակցությունից մոտավորապես պարզ էր ինչ կլիներ պատասխանը:
Շատ բաների մասին խոսվեց, բայց կուզենայի առանձնացնել մի քանի հիշարժան կետ:
- ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարությունը և մեծ վստահություն ունի Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ: Մասնավորապես բարձր են գնահատում հակա-կոռուպցիոն քաղաքականությունը և հակա-կոռուպցիոն մարմինների ստեղծումը: Հայաստանը առաջին անգամ հրավիրվել և մասնակցել է ժոլովրդավարության ԱՄՆ-ի գագաթնաժողովին, և հաջորդ անգամ նույնպես կմասնակցի:
- ԱՄՆ-ը բարձր է գնահատում վերջերս տեղի ունեցած Արարատ Միրզոյանի և Արմեն Գրիգորյանի այցելությունները ԱՄՆ և նրանց հետ հանդիպումները
- Այդ այցելությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկվել է նաև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հարցը (սա մամուլում էլ էր ասված): Մասնավորապես, քննարկել են Հայաստանում փոքր մոդուլյար ատոմային ռեակտորների տեղադրման հնարավորությունը: Զրուցակիցների համոզված էին, որ նման լուծումը Հայաստանի համար իդեալական կլինի: ես առաջին անգամ էի լսում այս թեման, և կարծում եմ այսպիսի փոքրիկ ատոմակայանների առկայությունը հիանալի հնարավորություն է Հայաստանի համար էներգետիկ անկախություն ունենալու, և ինչու չէ, նաև էներգիայի արտահանման համար: Սա ի հակադրություն կամ ի լրացում նոր ատոմակայան կառուցելու ռուսական ծրագրին:
- Ալիևին մի քանի անգամ դնգեցին այն բանի համար, որ նա Եվրոպայում հանդիպումների ժամանակ մի բան է խոսում, բայց հետո գնում է Ադրբեջան և պատմում է բոլորովին այլ բաների մասին (միջանցք և այլն): Այս հարցը վերջերս Փաշինյանն էր բարձրացրել Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ուրախալի է, որ ԱՄՆ-ը անմիջապես արձագանքել է և լիովին աջակցում է Հայաստանին այս հարցում: Հստակ և հասցեական հայտնում է իր դիրքորոշում: Ավելին, ԱՄՆ-ը այս հարցը արդեն իսկ բարձրացրել է և կդնի Ալիևի առջև առաջիկա Բաքու այցելությունների ընթացքում:
- Խոսվեց նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մասին: Սակայն, ուշադրություն՝ Շոֆերը ոչ թե նրանց անվանեց խաղաղապահներ, այլ «այսպես կոչված խաղաղապահներ»: Ես շատ զարմացած էի: Նման արտահայտություն ռուս խաղաղապահների մասին ԱՄՆ պաշտոնյայի կողմից ես համենայնդեպս առաջին անգամ էի լսում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը գոնե ոչ պաշտոնական ձևաչափով բայց պաշտոնյայի բերանով ռուսների խաղաղապահ գործունեությունը համարում է ոչ լեգիտիմ և/կամ ոչ անկեղծ:
- Չնայած, որ Մինսկի խումբը փաստացի չի աշխատում, ԱՄՆ-ը պատրաստ է ԼՂՀ հարցում աջակցել թե Մինսկի խմբի շրջանակում, և թե խմբից դուրս: ԱՄՆ-ը տեսնում է այդպիսի հնարավորություն, և ավելին՝ Շոֆերի խոսքով «պարտավորվածություն է զգում» օգնել կողմերին գտնել Արցախի հարցում լուծում: Սա ի’նչ է նշանակում: Դիվանագիտական խոսքով ասված սա նշանակում է, որ ԱՄՆ-ը եկել է և հստակ ներգրավվելու է Արցախի հարցում, ոչ ոք չփորձի նրան թույլ չտալ:
- Դատավորների վեթինգի թեմայի մասին կարծես թե մոռացել էինք, բայց այդ մասին ևս խոսվեց: ԱՄՆ-ը Հայաստանի հետ քննարկել է, թե ինչպես վեթինգ անեն ներկայումս գործող դատավորներին: Սպասենք, մի գուցե այդ հարցը մի օր լուծում գտնի:
- ԱՄՆ-ի մինչ այժմ Ադրբեջանին տրամադրած ռազմական օգնությունը չի ներգրավել մահացու զենքեր կամ այնպիսի միջոցներ, որոնքն կարող էին օգտագործվել Արցախի կամ Հայաստանի դեմ: Դրանք հիմնականում ուղղված են եղել Իրանի սահմաններին հսկողության և Կասպից ծովում օգտագործման համար: Ինչ վերաբերվում է հաջորդ տարի Ադրբեջանը ռազմական օգնություն կստանա, թե ոչ՝ այդ հարցը դեռևս պետքարտուղար Բլինքենը չի որոշվել:
- Ինչ վերաբերվում է ռուս-ուկրայինական պատերազմին և ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությանը, ապա ԱՄՆ-ը շատ լավ հասկացել է Ադրբեջանի փորձերը Հայաստանին ներկայացնել, թե իբր աջակցում է Ռուսաստանին: Լիովին ըմբռնում են, որ նրանց Ադրբեջանը և Թուրքիան կեղծ լուրեր են մատակարարել, և այդ ինֆորմացիաները արհամարել են ու կշարունակեն արհամարել: Նաև բարձր գնահատեցին, որ Հայատանը չի քվեարկել Ռուսաստանի օգտին: Այնպես որ, Հայաստանի քվերակություններին ԱՄՆը և Արևմուտքը ուշադիր հետևում են, և Հայաստանի չեզոք քաղաքականությունը բարձր է գնահատվում ԱՄՆ կողմից: Ի պատասխան մի հարցի ԱՄՆ պաշտոնյաները նաև հավաստիացրեցին, որ ԱՄՆ-ը ռուս-ամերիկյան հակամարտությունում Հայաստանին երբեք ընտրության առջև չի կանգնեցնելու: Հարգում են Հայաստանի ժողովրդի և նրա կողմից ընտրված ղեկավարության ցանկացած ընտրություն:
Միանշանակ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են և արդեն իսկ նոր մակարդակի վրա են գտնվում: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ը առաջիկայում ավելի մեծ ներգրավվածություն կունենա Արցախի հարցում: Եվ ես կարծում եմ, որ դա մեր շահերից է բխում: