Մաս տասնհինգերորդ
Թուրքական արշավանքը Անդրկովկասի երեք ժողովուրդներից միայն հայերի համար էր սպառնալիք. թե՛ վրացիները, թե՛ առավել եւս՝ թաթարները, թուրքերին թշնամի չէին համարում, հետեւաբար պատերազմելու որեւէ մտադրություն չունեին:
1918թ. հունվարի վերջին Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առանցքում կրկին Բրեստ-Լիտովսկի բանակցություններն էին, որի երկրորդ փուլը սկսվել էր 1917թ. դեկտեմբերի վերջին եւ մասնակի ընդհատումներով շարունակվել մինչեւ 1918թ. հունվարի 28-ը։ Բրեստ-Լիտովսկում Տրոցկին հրաժարվում է ընդունել Գերմանիայի վերջնագիրը, չի ստորագրում որեւէ փաստաթուղթ եւ հայտարարում է, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է պատերազմը եւ ցրում զորքը։
Հաջորդ օրը զինվորներին ու սպաներին է դիմում գերագույն հրամանատար Կռիլենկոն՝ կոչ անելով զինվել համբերությամբ, պահպանել ռազմական տեխնիկան, չխոչընդոտել երկաթուղային շարժակազմերի ընթացքը եւ զորամաս առ զորամաս նահանջել։
Գերմանացիները ռուսական պատվիրակությանը հայտնում են, որ իրենց վերջնագիրը չընդունելը նշանակում է, որ երկու պետությունների միջեւ կնքված զինադադարը կորցնում է ուժը։ Չնայած բոլշեւիկների բողոքի նոտաներին՝ 1918թ. փետրվարի 5-ին գերմանական զորքերը բոլոր ուղղություններով անցնում են հարձակման, եւ մեկը մյուսի հետեւից գրավում ռուսական բնակավայրերն ու մոտենում Պետրոգրադին։ Մի քանի օրում գերմանական զորքերը, չհանդիպելով որեւէ դիմադրության, առաջանում են 200-300 կիլոմետր։
Գերմանական պատվիրակության ղեկավար Մաքս Հոֆմանը գրում էր. «Այդպիսի անհեթեթ պատերազմ ես դեռ չէի տեսել։ Մենք պատերազմում էինք գնացքների եւ մեքենաների մեջ։ Գնդացիրներով ու մեկ թնդանոթով մի խումբ զինվորների նստեցնում ես գնացք ու շարժվում դեպի հաջորդ բնակավայր։ Վերցնում ես կայարանը, ձերբակալում բոլշեւիկներին ու գնում առաջ»։
«Հորիզոն», 3 փետրվարի, 1918թ., թիվ 25
«Ազատ եւ հեղափոխական Ռուսաստանն այլեւս չկա – կա բանականությունը կորցրած մի խաժամուժ եւ մի քանի ցնորամիտ խուժանավարներ, որոնք հուղարկավորությունն են կատարում ռուսական հեղափոխական դեմոկրատիայի։ Հեղափոխական Ռուսաստանը կամովին հանձնվում է «գերմանական կապիտալիստների, բանկիրների եւ կալվածատերերի քմահաճույքին»։
Իրադրությունը Կովկասյան ռազմաճակատում
Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ձախողումն Անդրկովկասում ընդունում են տագնապով եւ անհանգստությամբ: Անդրկովկասյան կոմիսարիատը պետք է իր դիրքորոշումը հստակեցներ թուրքերի հետ առանձին հաշտություն կնքելու հարցում։ Փետրվարի 3-ին Կոմիսարիատը կոչ է անում բնակչությանը չտրվել սադրանքներին, անսասան մնալ հեղափոխական դիրքերում եւ հիշել, որ անիշխանությունը կարող է հանգեցնել մեծ արյունահեղության։
Բանակցությունների տապալումից եւ գերմանական զորքերի առաջխաղացումից անմիջապես օգտվում են թուրքերը։ Փետրվարի սկզբին Կովկասյան ռազմաճակատում թուրքական բանակի հրամանատար Վեհիբը հայտարարում է, որ անիշխանությանը վերջ տալու նպատակով իրենց բանակը պետք է առաջ շարժվի այնքան, քանի դեռ չի հանդիպել ռուսական զորքերին: Թուրքերը շատ լավ գիտեին, որ ռուսական ստորաբաժանումներին չի հանդիպելու այն պարզ պատճառով, որ այդպիսիք գոյություն չունեն։
«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23
«Օրըստօրե Տրապիզոնից հեռանում են ռուսական զորքերը, զինվորական եւ քաղաքացիական հիմնարկությունները, հիվանդանոցները: Այնտեղ կա մի փոքրիկ գունդ վրաց զինվորների, որոնց էլ թողնված է քաղաքի պաշտպանությունը: Քաղաքից հեռանում են նաեւ բոլոր հիմնարկությունների պաշտոնյաները, թե հայ, թե ռուս, թե հույն, թե վրացի:
Շրջանում թուրքական զորքեր չկան, ուստի եւ նրանց կողմից անմիջական վտանգ, բայց կան ավազակախմբեր (գուցե եւ ասկյարներ են ավազակների շորերով), որոնք պարբերաբար հարձակվում են հունաց գյուղերի եւ ռուս եւ վրաց զինվորների վրա, երբ սրանց հանդիպում են փոքրաթիվ խմբերով:
Տրապիզոնից դուրս գալը մեծ հերոսություն է: Այնտեղից մեկնող մարդը հանդիպում է մեծամեծ դժվարությունների, որովհետեւ նավեր քիչ են երթեւեկում, իսկ երթեւեկող նավերն էլ միշտ լեփ-լեցուն են զինվորներով:
Անիշխանությունը կատարյալ է: Շնորհիվ տրանսպորտի բացակայության եւ քաղաքից դուրս գալու դժվարության, հիմնարկությունները չեն կարողանում իրենց իրերը եւ ապրանքները փոխադրել Անդրկովկաս: Կամավորների ընտանիքները, մոտ 200 կին եւ երեխա հարկադրված էին վարձել մի մասնավոր հույնի՝ 25000 ռուբլով:
Շնորհիվ հեռացող զորքերի, քաղաքը գտնվում է սանիտարական ամենավատթար դրության մեջ: Ամեն տեղ եւ ամեն կողմը գարշահոտություն է տիրում: Ժանտախտը, որ բոլորովին թուլացել էր ցրտերի պատճառով, շնորհիվ առաջ եկած կեղտոտության, կարող է նորից իր գլուխը բարձրացնել գարնանը, երբ սկսվեն տաք օրերը: Ընդհանրապես դրությունը, ինչպես քաղաքում, նույնպես եւ շրջանում, շատ վտանգալից եւ ողբալի է»:
Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոս Ֆելիքս Սմիթը 1918թ. փետրվարի 12-ին հեռագրում էր ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին. «Ռուսական զորքերը փաստացի լքել են Կովկասյան ռազմաճակատը։ Էրզրում-Վան-Երզնկա գիծը գրավել են հայկական ուժերը։ Տրապիզոնից արեւելք եւ արեւմուտք զբաղեցնում են թուրքական անկանոն խմբերը։ Տրապիզոնի հսկայական զինապահեստներին սպառնում են քրդերը եւ տեղական մահմեդական բնակչությունը» (Armenia in Documents of the US Department of State 1917-1920, Yerevan, 2012):
Սպառնալիք՝ միայն հայերի համար
Անդրկովկասի հետ առանձին հաշտություն կնքելու թուրքական առաջարկը բարդ իրավիճակի առաջ կանգնեցրեց հայերին: Թուրքական արշավանքը Անդրկովկասի երեք ժողովուրդներից միայն հայերի համար էր սպառնալիք. թե՛ վրացիները, թե՛ առավել եւս՝ թաթարները, թուրքերին թշնամի չէին համարում, հետեւաբար պատերազմելու որեւէ մտադրություն չունեին:
Վրացական մամուլը, վերլուծելով իրադրությունը 1918թ. հունվարի վերջին, գրում էր, որ թուրքական հաշտության առաջարկը պետք է անմիջապես ընդունել: Թաթար հեղինակ Ախլիեւը մասնավորապես գրում էր.
«Անկասկած է, որ մենք տանուլ ենք տվել ներկա պատերազմը եւ շարունակել պատերազմը անկարող ենք, քանի որ չունենք այլեւս ոչ դրամ, ոչ զորաբանակ, ոչ փորձված հրամանատարական կազմ, ոչ կարգապահություն եւ ոգեւորություն, ոչ ռազմամթերք եւ ոչ եւս պատերազմի որոշ նպատակ: Պատերազմի որոշ նպատակ ունեն միայն հայերը, …եւ հազիվ թե մյուս ազգերը ջերմորեն պաշտպանեն այդ նպատակը: Վրացիները չեն գնա պատերազմելու թուրքերի դեմ, քանի որ թուրքերը անմիջապես չեն սպառնում Վրաստանին: Ռուսները իրենք են հեռանում ռազմաճակատից, իսկ մուսուլմանները նույնպես չեն գնա պատերազմելու թուրքերի դեմ»:
Իմպոտենտ իշխանություն
Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունից դժգոհությունը մեծ էր. քաղաքական նպատակների ու շահերի տարբերությունը կառույցի ներսում հանգեցնում էր մշտական բախումների ։ «Հորիզոնը», անդրադառնալով թուրքական առաջխաղացմանը, գրում էր, որ Կովկասյան իշխանությունն անճարակ է ու իմպոտենտ.
«Նա մատը մատին չխփեց ֆրոնտի պաշտպանությունը ապահովելու համար։ Ընդհակառակը, իր անհասկանալի ձգձգումներով նա ավելի եւս կազմալուծեց գոյություն ունեցող զորամասերը եւ թույլ չտվեց, որ կազմակերպվեն հայկական գնդերը։ Պետք է արձանագրել, որ Կովկասյան ֆրոնտի վերաբերմամբ Անդրկովկասյան կոմիսարիատը կատարեց նույն անառողջ դերը, ինչ որ բոլշեւիկները՝ գերմանական ֆրոնտում»։
Դժգոհություն կար նաեւ Ազգային խորհրդի գործունեությունից, որին քննադատում էին բոլորը։ Գրող Ալեքսանդր Շիրվանզադեն, նկարագրելով հայ հասարակական խմբերի գործունեությունը 1918թ. հունվար-փետրվար ամիսներին, գրում էր, որ Ազգային խորհուրդը չպետք է ուշադրություն դարձնի քննադատությանը, այլ կոնկրետ գործողությունների դիմի։
«Ամենքը քարոզում են, ամենքը խրատում, ամենքը քննադատում, եւ յուրաքանչյուրն աշխատում է իր անձը ապահովել, իր գրպանը լցնել եւ ամուր փակել: Այս պատկերն է ներկայացնում այժմ հայ հասարակությունը, գոնե Թիֆլիսում»:
Շիրվանզադեի թանաքամանը
Շիրվանզադեի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Թանաքամանը դրված է Ալեքսանդր Շիրվանզադեի աշխատասեղանին այնպես, ինչպես նրա թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակում է եղել: Նուրբ զարդանախշերով այս իրը նավակի տեսք ունի, որի մեջտեղի հատվածը գրիչների համար է նախատեսված: Կենտրոնում «Շ» գլխատառն է փորագրված: Թանաքամանը Ալեքսանդր Շիրվանզադեն նվեր է ստացել իր 50-ամյակի առթիվ: Արծաթե թերթիկի վրա գրված ընծայականից իմանում ենք, որ այս իրը գրողին են նվիրել Երեւանի պետական համալսարանի ուսանողները:
«Թող մի անգամ առ միշտ Ազգային խորհուրդը երես դարձնե այդ հասարակությունից: Թող արհամարհե եւ ծաղրի մատնե նրա խորհուրդներն էլ, նրա բողոքներն էլ, նրա քննադատությունն էլ: Եվ գործե այնպես, ինչպես իր խելքն ու զգացումներն են թելադրում: Թող մեր քաջերի սրբազան բանակը մոռանա այդ հասարակությունը եւ մի անգամ առ միշտ զգա, որ նրա համար չէ պատրաստվել իր կյանքը զոհելու: Ոչ: Այդ հասարակությունը բազմաչարչար, բայց ոչ թշվառ, ոչ, հազար անգամ ոչ, հայ ազգի խոցն է: Եվ որքան հայ ժողովուրդը շուտ պոկե իր առողջ մարմնից ու դեն շպրտե այդ խոցն, այնքան շուտ կբախտավորվի նա: Բավական է, որքան նա թունավորեց հայի եռանդը, ուժը, լույսերը եւ հավատը դեպի իր ապագան»,- գրում էր Շիրվանզադեն։
Ի տարբերություն Անդրկովկասում տիրող տրամադրությունների՝ թուրքերն առավել կազմակերպված էին, կարողացել էին կարգի բերել քայքայված ստորաբաժանումները եւ որոշ ուժեր կուտակել։ Հայերը հասկանում էին, որ մեծ է հավանականությունը, որ թուրքերը չեն բավարարվի Արեւմտյան Հայաստանի գրավումով եւ կշարունակեն առաջխաղացումը դեպի Կովկաս։
«Էնվեր փաշան ուզում է հետ ստանալ ոչ միայն Քյալքիթն ու Երզնկան, այլեւ Էրզրումը, Վանը, ով գիտե՝ ներս խուժել նաեւ Կովկաս։ Սակայն Էնվերը բավարար չափով ուժ չունի եւ ուզում է ռիսկ անել։ Նա չի հաջողի ոչ միայն Կովկասի դռներին մոտենալ, այլ Երզնկային ձեռք տալ, եթե մենք շտապենք այնտեղ հասցնել այն զինվորական մասերը, որոնք կազմ ու պատրաստ են արդեն թիկունքում, եթե մենք փութանք իրական մոբիլիզացիայի ենթարկել մեր բոլոր կենդանի ուժերը»,- գրում էր «Հորիզոնը»։
Պատասխան Վեհիբին
1918թ. փետրվարի սկզբին Անդրկովկասյան կոմիսարիատը վերջապես պատասխանում է հաշտություն կնքելու թուրքական առաջարկին։ Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Իլյա Օդիշելիձեն Գեգեչկորիի անունից հեռագրում է Էրզրում՝ թուրքական բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշային հաղորդելու, որ Կոմիսարիատը պատրաստ է բանակցությունները սկսելու եւ խնդրում է թուրք գեներալին հայտնել պատգամավորության կազմը։
Մինչ Կոմիսարիատը պատրաստվում էր բանակցությունների, թուրքերը կամաց-կամաց առաջանում էին։ Չունենալով դիմադրության որեւէ հնարավորություն՝ Կովկասյան զորքերի հրամանատար Լեբեդինսկին հեռագրում էր Վեհիբին՝ խնդրելով չխախտել սահմանաբաժան գիծը եւ թույլ չտալ թուրքական զորքերի առաջխաղացումը։ Լեբեդինսկին փորձում էր համոզել Վեհիբին, թե ռուսական բանակի հեռացած ստորաբաժանումներին փոխարինող ազգային զորամասերը նույնպես պետական են, իսկ մահմեդականներին հալածելու տեղեկությունները չափազանցված են։
Երզնկայի աղետը
Երզնկայում Սեբաստացի Մուրադի հրամանատարությամբ գործող հայկական զորաջոկատը որեւէ օգնություն չէր ստանում եւ փորձում էր հնարավորինս պահպանել սահմանագիծը։ Սակայն շուտով գեներալ Օդիշելիձեն հրամայում է Մուրադին եւ փոքրաթիվ ռուսական զորքին նահանջել Երզնկայից ուժերը որոշակի հատվածներում կենտրոնացնելու համար։ Մինչ այս իրադարձությունները Մուրադը փորձել էր կարգավորել հարաբերությունները շրջանի քրդերի հետ։ Նրանց առաջնորդներից մի քանիսին հրավիրել էին քաղաք, պատվել, զենք եւ սննդամթերք տվել։ Սակայն քրդերի վերջնական աջակցությունը ստանալ չհաջողվեց։ Այդ ընթացքում Տրապիզոնից Երզնկա են հասնում շուրջ 300 հույներ, որոնցից 110-ը զենք են ստանում Մուրադից եւ միանում հայկական ուժերին։
1918-ի հունվարի վերջին, չնայած քրդական սադրանքներին, վնասարար գործողություններին, Երզնկայի թուրք բնակչության կողմից հրահրվող անկայունությանը, Մուրադին հաջողվում է գոնե ժամանակավորապես կայունացնել իրավիճակը։ Սակայն ընդհանուր տագնապը, ռուսական բանակի նահանջն ազդում էր նաեւ հայկական ստորաբաժանումների վրա. կարգապահությունը ցածր էր, շատերը լքում էին դիրքերը եւ շտապում թիկունք։
Շուտով սկսվում է թուրքերի առաջին գրոհը. մոտ 300 զինվոր գրոհում է Չարտագլուի առաջապահ դիրքերը, որի պաշտպանները նահանջում են Երզնկա։ Թուրքական առաջապահ ստորաբաժանումները մոտենում են գերեզմանոցին. քաղաքում խուճապ է սկսվում։ Մուրադը հապճեպ սկսում է նախապատրաստել զորքի եւ մոտ 6 000 բնակչի նահանջը։
«Կին, երեխա, ծեր, մանուկ, պառավ, հիվանդ, բոկոտն Աստվա՜ծ, Աստվա՜ծ պոռալով շնչասպառ դեպի զորանոցները կվազեին։ Օդը սկսել էր ձյունել։ Համազարկը երթալով կսաստկանար, թշնամի բանակը հետզհետե կմոտենար քաղաքին։ Մուրադ եւ բժիշկ Ա. Պողոսյան, զորանոցեն սկսան կազմակերպել նահանջի կարավանը՝ հյուսիսային լեռան ստորոտը գտնվող նոր շինված կառուղիով ճամփու դնելով զանոնք։
Հունվարի երեսուն եւ մեկերորդ օրն էր՝ երբ նահանջի կարավանը շարժիլ սկսավ։ Զինվորների թիվին հետ 6000 հոգի կհաշվվեր նահանջողներու թիվը»,- այսպես է նկարագրում Երզնկայի նահանջին ականատես Արամ Ամիրխանյանը։
Քաղաքի թուրքերը, տեսնելով, որ հայերը հեռացել են, եւ թուրքական բանակը մոտենում է, դուրս են գալիս թաքստոցներից եւ սկսում հայկական թաղամասի թալանը։
Նահանջողները, սակայն, դեռ բազմաթիվ դժվարությունների պետք է հանդիպեին. ճանապարհին կային քրդական ջոկատներ, որոնք ողջ ընթացքում գնդակոծում էին նահանջի քարավանը։
«Երբ կարավանը Խան գյուղ հասավ, մութը կոխեց, եւ ձյունը դադրեցավ։ Պարզ ու վճիտ երկինք մը, հյուսիսային ցուրտ հով մը կփչեր։ Քրտինքներու մեջ լողացող ժողովուրդը րոպե մը չէր կրնալ նստիլ եւ շունչ մը առնելու պահուն կեցած տեղերնին իսկույն կսառեին»։
Շուտով քարավանը հասնում է Դերսիմի եւ Դերջանի կիրճը, որտեղ նրանց է միանում տեղի հայ պահակազորը, եւ շարունակում ճանապարհը դեպի Չիլեկ։ Շրջակա բնակավայրերի քրդերը շտապում էին Երզնկա՝ թալանի։
«Սոսկալի ցուրտը կծկտեցուցած էր ամենքը։ Գնդապետ Մորել գորգ մը առած ուսերուն վրա՝ տխուր երեւույթով նստած էր բաց օդին մեջ վառվող կրակի մը քով։ Մուրադ անոր մոտ երթալով պատմեց վերջին անցուդարձերը Երզնկայի, որ ինք հեռադիտակով տեսել էր Ձորի բերանի բլուրներուն վրայեն։ …Մուրադ գնդապետին հետ խորհրդակցելով, որոշեցին որ 100-ական զինվորներ լերանց վրայեն կարավանը հսկելով առաջանան դեպի Չորս, որ հինգ ժամ հեռու էր Չիլեկեն»։
Մուրադը դիմում է նահանջողներին եւ ասում, որ բոլորը պետք է զենք վերցնեն ու դիմադրելով նահանջեն, հակառակ դեպքում ոչ ոք ողջ չի մնա։ «Տղե՛րք, ի սեր Աստուծո եւ այս խեղճ փոքրիկներուն ու ձեր քույրերուն, զենք վերցուցե՛ք ու տղամարդու պես կռվիլ սորվեցեք։ Եթե այս կիրճերուն մեջ անվեհեր ու խիզախորեն չկրնանք կռվիլ, ամենքս էլ կորսված ենք։ Ահա իմ վերջին խոսքս»։
Հյուծված, սառած ու հոգնաբեկ խումբը Սանսար Դերսիմի մոտ ընկնում է քրդերի խաչաձեւ կրակի տակ, որոնք ամրացել էին մոտակա բարձունքներին։ Բաժանվելով խմբերի՝ հայերը սկսում են հուսահատ դիմադրել. շուտով Մուրադի հրամանով երկու թնդանոթները սկսում են կրակել քրդական ամրությունների վրա։
«Ռուսահայ Հակոբով եւ Տեր-Պետրոսով, երկու աշխույժ երիտասարդներ՝ գլուխը կեցած իրենց թնդանոթի թիրախներուն՝ անվեհեր դյուցազնությամբ – ռաս, դվա, տրի – պոռալով կքաշեին բլթակները թնդանոթներուն։ Որեւէ ռումբ չէր վրիպեր իր նպատակեն, եւ այնքան ուղիղ նշանառությամբ կծեծեին անոնց անառիկ դիրքերը, որ կես ժամեն գրեթե հաջողեցան լռության ենթարկել թշնամիին դիրքերը եւ ցրել զանոնք»։
Մեծագույն դժվարությամբ, տալով մոտ 1500 զոհ՝ Երզնկայի բնակիչներն ու զինվորները հասնում են Մամախաթուն։ Նույն օրերին Բաբերդից նահանջել էր նաեւ Սեպուհի զորաջոկատը։ Մուրադը մտահոգություն ուներ, որ Մամախաթունը եւս պահելու հնարավորություն չի լինելու, իսկ նահանջի քարավաններն արդեն ձգվում էին դեպի Էրզրում։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։