ՄԵՐ ՈՒՂԻՆ

Խաղաղություն Խրճիթներին, Պատերազմ Պալատներին

Հայաստանում հեղափոխությունը դեռևս չի գիտակցում իր ընդհանուր փիլիսոփայական տրամաբանությունը: Չի գիտակցում նաև հեղափոխական տրամաբանության փիլիսոփայությունը: Փոխանակ գաղափարական և կազմակերպական առումով ձուլվելու պետական ապարատին և դառնալու իրական իշխանություն, մեզ մոտ դեռևս խարխափող հեղափոխություն է, որի շարունակությունը ոչ թե անհրաժեշտաբար պրագմատիզմն է այլ ինքնաբերաբար իներցիան:

Արայիկ Մկրտումյան

Ժամանակակից հասարակություններում դեռևս թարմ է «չար հարուստի» և «բարի աղքատի» արխետիպը: Այդ մի մտածմունք է, որով հարուստները որակվում են չար, իսկ աղքատները՝ բարի: Այդ մտայնությունը նաև բերում է այնտեղ, որ հեղափոխությունների ժամանակ «բարի աղքատները», որոնց զրկել են «չար հարուստները», ապստամբություն են անում և հաղթում չարիքին, որ արդարություն հաստատեն: Իհարկե այստեղ էլ տարբերություններ կան, քանի որ ամեն ժամանակ և հասարակություն ունի արդարության իր ձևաչափը:

Հեղափոխությունները, որպես կանոն, ճգնաժամի հետևանք են: Կայուն հասարակություններում հեղափոխություններ չեն լինում, և կայուն հասարակություններ ևս գոյություն չունեն, քանի որ ամեն ինչի հավասարակշռությունն ի վերջո խախտվում է: Այստեղ ևս կա այդ ամենի գիտական բացատրությունները, որոնք թեև ճշմարիտ են, բայց լայն մասսայի համար ոչ համոզիչ: Եվ հարցն էլ այն է, որ ամեն հեղափոխությունից հետո հաստատված արդարությունը սովորաբար մի որոշ ժամանակ հետո մերժվում է և ընտրվում որևէ նոր ձևաչափ: Այդպես է եղել դարեր ի վեր, այդպես է լինելու նաև ապագայում:

Օրուելն իր «1984» գրքում ունի մի հատված, որտեղ վեպի չարագործ համարվող Գոլսթեյնին վերաբերվող գրքում կան  հեղափոխությունների վերաբերվող դրույթներ: Գոլդսթեյնն ասում է, որ սովորաբար ապստամբում են միջին օղակները, միջին դասը: Միջին դասը իր կողմն է քաշում ստորին դասին, միավորվում և հաղթում պայքարը, որից հետո հաղթած միջին խավը դառնում է բարձր, իսկ ստորինը շարունակում է մնալ ստորին: Այդ ընթացքում ձևավորվում է նոր միջին դաս, որն ապագայում իր բաժին հեղափոխությունը պիտի անի: Անվերջ պտույտ, որից մարդկային հասարակությունը չի կարողանում դուրս գալ:

Հեղափոխությունների փիլիսոփայությունները ենթադրում են տվյալ վիճակի ախտորոշում, գնահատում, ապա և տեսականորեն, իսկ հետո նաև պրակտիկ քայլերով իրականացնել բարեփոխումների սեփական ծրագրերը, որոնք երբեմն կարող են անարյուն անցնել, ինչպես օրինակ 2018թ. Հայաստանում, կամ էլ ծայրահեղ դաժան, ինչպես օրինակ ֆրանսիական մեծ հեղափոխությունը կամ Ռուսաստանում 1917թ. փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները:
Հեղափոխությունների աֆեկտի տակ շատ հարցեր սովորաբար ոչ միայն լուծում չեն ստանում, այլև մոռացության են մատնվում, որից հետո, մի որոշ ժամանակ անց՝ այդ հարցրերը նորից ու նոր ուժով են բարձրացվում: Սովորաբար հարցերի բարձրացման համար կիրառվում է ստորին խավերի անթաքույց դժգոհությունը, քանի որ ստորին խավերը որպես այդպիսին, դժգոհ են բոլորից ու միշտ, քանի որ նրանց խնդիրները սովորոբար չեն լուծվում, կամ էլ լուծումը լինում է ոչ թե այնպես ինչպես իրենք էին կարծում և սպասում, այլ՝ ստիպողաբար, ինչն էլ հանգեցնում է հեղափոխական նոր ալիքի բռնկմանը: Ժամկետները տարբեր են, և նոր հեղափոխությունը, հեղաշրջումը, իշխանափոխությունը կարող են հասունանալ մի քանի ամսից մինչև մի քանի տասնամյակ հետո:

Սովորաբար հեղափոխությունների միջին տարիքը, որտեղ դրանք ամենաշատն են ռիսկի ու վտանգի ենթարկվում, 3-5 տարին է: Եթե այդ ընթացքում հեղափոխական տարրը կարողանում է դիմագրավել իր ուղղությամբ նետված հարվածներին, ապա նա հնարավորություն ունի ոչ միայն շարունակել իշխանություն պահելը, այլև քաղաքական նոր սկզբունքի և էության հիմք դնելը: Լայն զանգվածների համար հիմնականում անհասկանալի է, թե ինչու հեղափոխությունը միանգամից չի իրագործում իր ծրագրերը: Այն պարզ պատճառով, որ նրան դեռևս հիմնավորվելու և պետական ապարատի հետ սերտաճելու ժամանակ է պետք: Լենինն ինքը նշում էր, որ իշխանությունը գրավելը հեշտ չէ, բայց ավելի դժվար է պահել այդ իշխանությունը: Եթե համեմատության համար նայենք հեղափոխություններին ու առաջնորդներին, ապա նկատում ենք, որ միջին հաշվով ամեն հեղափոխության ժամանակ առաջնորդների 5-ից երեքը, որոշ դեպքերում չորսը կամ չեն կարողանում պահել այդ իշխանությունը կամ զոհ են գնում իրենց իսկ թիմին:

Հեղափոխությունները գերկուտակված էմոցիոնալ պայթյուններ են, որոնց հետևում է արդեն ավելի սառը և հանգիստ գործիչների գալուստը: Առաջին դեմքերը սովորաբար հետ են քաշվում և նրանց փոխարինում են ավելի համակարգային մարդիկ: Օրինակ ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Այն իրականացրին մի խումբ մարդիկ, որոնցից ոչ ոք նույնիսկ տասը տարի էլ չապրեց իր հեղափոխությունից հետո: Մարատը, Ռոբեսպիեր եղբայրները, Ժյուստը և շատ շատերը փոխարինվեցին ավելի պրագմատիկ թերմիդորականներով, որոնց էլ փոխարինեց նախ կոնսուլի, ապա կայսրի տիտղոսով Նապոլեոն Բոնապարտը: Նա այն բացառիկ գործիչներից էր, որ իր մեջ քաջություն գտավ ասելու, որ հեղափոխությունն ավարտված է, որով նախ փորձեց վերջ դնել անընդհատ եռացող մի երևույթի և փորձեց պետական համակարգն անջատել այն տրամադրություններից, որոնք կարող են նոր հեղափոխություններ առաջ բերել: Լավ էր այդ, թե վատ, մեկ այլ հարց է արդեն: Նույնը և ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները: Փետրվարյանն ընդհանրապես չապրեց, քանի որ չկարողացավ կենսունակ գտնվել, իսկ հոկտեմբերյան հեղափոխության գլխավոր առաջնորդները իրենց դիրքերը զիջեցին մինչ այդ ընդամենը Լենինի օգնական համարվող Իոսիֆ Ստալինին: Լենինը, Տրոցկին, Զեմենևը, Կամենևը, Բուխարինը, Կիրովը, Օրջոնիկիձեն և շատ ու շատ այլ ականավոր բոլշևիկներ փոխարինվեցին նրանցից շատ ավելի հաշվենկատ Ստալինով: Ստալինը հատկանշական է նրանով, որ ողջ ԽՍՀՄ-ը դողում էր պետական աստիճանավոր, ՆԳԺԿ Լավրենտի Բերիայի առաջ: Կարելի է զավեշտ համարել այն, որ Ստալինի հեռացումից հետո նրան փոխարինեց ոչ թե փառավոր մարշալ Ժուկովը կամ այլ հայտնի ու ընդունված կերպար, կամ էլ ոչ թե նույնիսկ արնախում Բերիան, այլ պարզապես ավելի սառը և հաշվենկատ մի մարդ՝ Խրուշչովը:

Նույնը և շատ ուրիշ հեղափոխություններում, կլինի այդ հռոմեական հանրապետության կամ անգլիական 1649թ, հեղափոխությունները, կամ էլ նույնիսկ չինական կոմունիստական հեղափոխությունը, երբ Մաոն կարողացավ մնալ իշխանության ղեկին ոչ թե իր թունդ գաղափարականության շնորհիվ, այլ դաժանության ու զարմանալի չէ, որ չինական մաոյան «բոլշևիզմին» փոխարինեց շատ ավելի զուսպ, բայց շատ ավելի պրագմատիկ «սյաոպինյան» ուղղությունը:

Հեղափոխություններում կա ևս մի առասպել, որ եթե այսինչ կերպարը չսպանվեր ու նա մնար, ապա ամեն ինչ շատ ավելի լավ էր լինելու: Իրականության մեջ այդ ամենը ցանկալի առասպել է միայն: Վերցնենք ցանկացած հեղափոխություն, փորձենք փոխել հետագա ղեկավարների անունները և հաճախ կարող ենք շատ ավելի վատ հետևանք ստանալ: Ենթադրենք Ռոբեսպիեռ եղբայրները ողջ մնային: Եթե հաշվի առնենք այն մոլեռանդությունը, որով առաջնորդվում էին նրանք և առավելապես ավագ Ռոբեսպիեռը, ապա գոնե տեսական մակարդակով կարող ենք ասել, որ Ֆրանսիայում արյունոտ հեղեղը շարունակվելու էր ու գուցե շատ ավելի վատ լիներ, քան այն ինչ եղավ հետո Սեն-Գրևյան հրապարակում: 

Կամ տարածված կարծիք կա, որ եթե Լենինին փոխարիներ ոչ թե Ստալինը այլ Տրոցկին, ապա ավելի լավ էր լինելու: Չէր լինելու ո՛չ աքսորներ, ոչ հազարավոր գնդակահարություններ: Իրականում ամեն ինչ կարող էր շատ ավելի աղետալի լինել: Տրոցկին ևս ֆանատիկ էր և հեղափոխության ու ահաբեկչության մասին իր աշխատության մեջ նա լրիվ ընդունելի էր համարում մասսայական տեռորի միջոցով սարսափ տարածելն ու հեղափոխությունն ամրացնելը: Ստալինը մասսայական սարսափի իր գործողություններն իրականացրեց հենց Տրոցկու ծրագրերի հիմա վրա:

Սահմանափակվենք այսքանով և անցնենք հայաստանյան դաշտ:

Ինչո՞ւ այսքան խորացանք:

Պատճառն այն է, որ հիմա երբ խոսվում է հեղափոխության տապալման կամ անհաջողության մասին, պետք է նշել, որ հայաստանյան հեղափոխությունը կրկնում է ընդհանուր հեղափոխական խնդիրների տրամաբանությունը: Հարցն այստեղ ոչ թե անհատ անձի ոչ պրոֆեսիոնալիզմն է կամ անհատական սրիկայությունը, որից իհարկե խուսափել չի ստացվում, այլ, ինչպես արդեն նշեցի վերևում, հեղափոխության իրացման հարցը: Հեղափոխության գաղափարը գործողության վերածելու, պրակտիկ դարձնելու հարցն է կարևոր: Կարևոր է նաև այն, որ հեղափոխությունը կարողանա ձուլվել պետական ապարատին, կարողանա դառնալ իշխանություն: Դադարի լինել էմոցիոնալ շարժում և վերածվի հստակ գործողությունների: Ավարտվի որպես անկանոն էմոցիա և սկսվի որպես հստակ կանոնակարգ:

Հեղափոխությունը չի կարող անընդմեջ շարունակվել: Հեղափոխությունը պիտի շատ արագ ավարտվի և շարունակվի որպես ղեկավարում և կառավարում: Հեղափոխությունը պիտի մի կողմ դնի իր էմոցիան ու սկսի սառը աշխատանքը:

Հայաստանում հեղափոխությունը դեռևս չի գիտակցում իր ընդհանուր փիլիսոփայական տրամաբանությունը: Չի գիտակցում նաև հեղափոխական տրամաբանության փիլիսոփայությունը: Փոխանակ գաղափարական և կազմակերպական առումով ձուլվելու պետական ապարատին և դառնալու իրական իշխանություն, մեզ մոտ դեռևս խարխափող հեղափոխություն է, որի շարունակությունը ոչ թե անհրաժեշտաբար պրագմատիզմն է այլ ինքնաբերաբար իներցիան: 

Եթե հայաստանյան հեղափոխականները չհարմարվեն պետությանն ու իշխանությանը և չդառնան իրական կառավարիչներ, այլ շարունակեն մնալ «Ռոբին Հուդ», ապա նրանց նկատմամբ իրական դժգոհությունը կձևավորվի դասական ձևով, որին կհաջորդի մի նոր հեղափոխություն: Իսկ ամեն հեղափոխության ճգնաժամի հետևանք է, ցնցում երկրի ու սթրես բնակչության համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *