Մաս 8-րդ
Օգտվելով այս ողջ խառնաշփոթից ու ռուսների, պատերազմից դուրս գալու տրամադրությունից, թուրքերը որոշեցին մաքրել Անդրկովկասի հարցերը և նախ 1917թ. դեկտեմբերին վերջնագիր ներկայացրին, որին պիտի հետևեր արդեն ռազմական գործողությունները:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Շարունակում ենք ներկայացնել Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից կազմակերպված պատմավերլուծական «Ռուս-թուրքական վանդակ» ծրագրի ութերորդ մասը:
Տէր-Աբրահամյանը նախ նշեց, որ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ անդրադառնալ ամեն ինչին և մանրամասն, քանի որ այդ ժամանակահատվածին վերաբերվող իրադարձություններն այնքան խիտ և հագեցած են, որ դրանից ամեն մեկը առաձին ուսումնասիրություն է պահանջում: Խնդրահարույց է նաև այն, որ ամեն ինչ չէ, որ մանրազնին ուսումնասիրված է: Շատ ենթաճյուղեր գտնվում են մոռացության կամ թերուշադրության ներքո և դրանց ոչ համաչափ ուսումնասիրությունները թույլ չեն տալիս ամբողջական պատկեր ներկայացնելու: Այդ է պատճառը, որ ժամանակաշրջանի մասին խոսելիս հնարավոր են բացեր թողնելու տպավորություն առաջանա:
«Ռուս-թուրքական վանդակի» այս հատվածը վերաբերում է 1917թ., որը նշանավորվել է ռուսական հեղափոխություններով և առաջին համաշխարհային պատերազմում արձանագրված ռուսական ճակատի բեկումով, որն անմիջական և ուղղակիորեն իր ազդեցությունն ունեցավ նաև հայ ժողովրդի վրա:
1917-ը նշանավորվեց նախ փետրվարյան, ապա և հոկտեմբերյան հեղափոխություններով:
Փետրվարյան հեղափոխությունը, ինչպես նշեց Հրանտ Տէր-Աբրահամյանը, հնարավոր է ոչ միայն պատերազմի ընթացքն ու հետևանքն էր, այլև դրա, արտաքին միջամտության հնարավոր հետևանք: Բանն այն է, որ առաջին համաշխարհայինի ընթացքում ռուսական բանակը արդեն իսկ հասցրել էր բավականաչափ զրկանքներ քաշել, դրան նախորդած քաղաքական անկայունությունները էապես թուլացրել էին ռուսական կառավարման ադմինիստրացիայի դիրքերը՝ ցարական միապետությանը: Ուրիշ խնդիրներ էլ կային: 1917թ. հունվարի դրությամբ ռուսական քաղաքական դաշտը ուներ հիմնականում երկու տրամադրվածություն՝ պատերազմի շարունակում և խաղաղության հաստատում: Պատերազմը շարունակելուն տրամադրված էին կադետները(սահմանադրական միապետության կողմնակիցները), աջերի մի մասը, իսկ սոցիալիստական ուղղությունները հիմնականում տրամադրված էին խաղաղության հաստատմանը: Նաև կար այն նրբությունը, որ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության մի մասը տրամադրված չէր Թուրքիան վերջնականապես ոչնչացնելուն և գտնում էին, որ իրենք թուրքերից արդեն իսկ ստացել են այն ինչ հնարավոր էր ու թուրքական պետության վերջնական անկումը իրենց ձեռնտու չէ: Ավելի հակված էին ձևավորել իրենց կողմից հսկվող սահմաններում գոյություն ունեցող ազգային ուժեղ Թուրքիա: Մենք այստեղ տեսնում ենք, որ թուրքերի նկատմամբ այս քաղաքականությունը, այսինքն աջակցությունը Թուրքիային, ոչ միայն կոմունիստական, բոլշևիկյան նորություն էր, այլ ռուսական պետության կողմից մշտապես ակտիվ պահվող արտաքին քաղաքական գիծ:
Բացի այս ամենից աղետ էր հասնունանում կովկասյան ճակատում: Հեղափոխությունը բարոյազրկել էր զինվորներին, որոնք զանգվածային լքում էին ճակատի գիծը: Այդ ամենին ուշադիր հետևում էին նաև թուրքերը: Թեև նրանք ևս ծանրագույն վիճակում էին, քանի որ նրանք ևս համաշխարհային պատերազմի ժամանակ ծանր կորուստներ էին կրել, բայց ռուսական զորքերի զանգվածային փախուստն ազատում էր նրանց ձեռքերը ռուսների հետ նորից ճակատ-ճակատի դուրս գալուց: Ռուսական նահանջը նաև անվտանգության սպառնալիքներ էր ստեղծում Արևմտյան Հայաստանի ու Անդրկովկասի համար ընդհանրապես:
Մինչ այդ, Անդրկովկասում կազմավորված կոալիցիոն կառավարությունը՝ Սեյմը, ըստ էության իրեն անջատ չհռչակեց ռուսական պետությունից, այլ, կարելի է ասել, որ սպասում էին, թե ինչով և ինչպես է ավարտվելու Ռուսաստանում բռնկված քաղաքացիական պատերազմը: Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելում էին էսէռներ, ոչ թե բոլշևիկները, բայց բոլշևիկները միակն էին, որ ունեին կենտրոնացված կառավարման համակարգ և նրանց «Խաղաղություն ամեն գնով» թեզն ի վերջո հաղթանակ տարավ Ռուսաստանում, որտեղ տարբեր խմբավորումներ միմյանց դեմ էին պայքարում:
Օգտվելով այս ողջ խառնաշփոթից ու ռուսների, պատերազմից դուրս գալու տրամադրությունից, թուրքերը որոշեցին մաքրել Անդրկովկասի հարցերը և նախ 1917թ. դեկտեմբերին վերջնագիր ներկայացրին, որին պիտի հետևեր արդեն ռազմական գործողությունները:
Այս ողջ քաոսի ընթացքում հայ քաղաքական միտքը գործում էր միակողմանիության ու շատ նեղ աշխարհահայացքի տրամաբանությամբ, որը բնորոշ է մեզ նաև այսօր:
[շարունակելի]
Ամբողջական տեսանյութը՝