Բայց մարդկության պատմություն ասածն ինքնին մի վերացականություն է: Մարդկության պատմությունն այլ բան չէ, քան ազգային պատմությունների հաշվեկշիռ: Պատմության սուբյեկտներն ազգերն են՝ ոչ վերացական մարդկությունն է ինքնին, ոչ էլ անհատ-մարդը:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Առաջին Հանրապետության
այլընտրանքային պատմություն
Մաս VI. Ընդմիջարկում՝ 1920-ը
հայոց պատմության մեջ
….Ղարսն եմ հիշում հեռավոր,- միշտ երբ կարդում եմ Տերյանը…
Մի՞թե կասեմ ես, որ հին է օրօրրան այդ սուրբ ցնորքի….
Ի՞նչ եմ անում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյանը.-
Ես երազում եմ լոկ ի՛մը,- այն որ տվեց իմ արյանը
Բույր ու երանգ հնօրյա,- երգ ու ցնորք անմեկին….
Այլ երգ չունի էլ հոգին իմ,- լոկ երբ կարդում եմ Տերյանը, –
Լոկ մանկականն ու նաիրյանը,- Ղարսն է հիշում իմ հոգին
Չարենց, 1937
1920 թվի աշունն ավելի ողբերգական ու անդառնալի էջ է հայոց նոր պատմության մեջ (եւ ճիշտն ասած՝ ամբողջ հայոց պատմության մեջ), քան նույնիսկ 1915-ը:
Մենք սիրում ենք ընդհանրապես մեր պատմությունը պատկերացնել եւ ներկայացնել որպես շարունակական ողբերգություն, բայց ընդհանուր առմամբ հայոց պատմությունը ոչնչով ավելի ողբերգական չէ, քան միջինում համաշխարհային պատմությունն է, քան այլ ազգերի պատմությունն է:
Պատմությունն ինչ որ առումով ինքնին մի մեծ Մատյան ողբերգություն է. այս դեպքում նկատի ունեմ բառիս ավելի հին հունական կամ թեկուզ հենց բուն նարեկյան բարձր իմաստը, կամ քան ողբերգությունը կենցաղային, «խեղճ» իմաստով: Այստեղ ողբերգությունը ոչ թե ինչ-որ «տխուր» բան է կամ թեկուզ մեծ աղետ, այլ խոշոր, տիտանական, միմյանց նկատմամբ ներհակ ուժերի, խառնվածքների, սկզբունքների, տիպերի բախում, որտեղ կարեւոր են ոչ թե ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի բարոյական սկզբունքները, այլ բարոյականից անդին՝ վիպական կամ դիցաբանական էսթետիկան:
Հունական ողբերգությունում չկա ճիշտ ու սխալ, արդար կամ անարդար, այլ կա կյանքի խորքային, էական հակասականության բացահայտում, ճակատագրականի բացահայտում, որի դեմ անզոր ու երկրորդական են ոչ միայն առանձին մարդը, այլեւ հանրային կանոնակարգումները, բարոյականը եւ այլն: Նարեկացու «Մատյան»-ում հունական այս իմաստը ձեւափոխվում է, տեղափոխվում մարդու ներքին աշխարհ, ինչպես նաեւ մարդ-Աստված հարաբերությունների տիրույթ, բայց էությունը նույնն է մնում՝ ներհակ, ինքնին տրված, սկզբունքային ուժերի անհաշտ ու անընդհատ, անհաղթահարելի բախում, անհաղթահարելի հակասություն առանց վերջնական լուծման, մարդու ներքին վեճ, կռիվ ինքն իր հետ եւ մարդու դատ Աստծու հետ եւ նույնիսկ … Աստծու դեմ: Պատմությունն իր ամենաընդհանուր ու բարձր մակարդակում հենց այս կերպ հասկացված ողբերգություն է:
Բայց մարդկության պատմություն ասածն ինքնին մի վերացականություն է: Մարդկության պատմությունն այլ բան չէ, քան ազգային պատմությունների հաշվեկշիռ: Պատմության սուբյեկտներն ազգերն են՝ ոչ վերացական մարդկությունն է ինքնին, ոչ էլ անհատ-մարդը: Եվ ամեն առանձին վերցրած ազգային պատմություն ավելի կամ պակաս ողբերգական չէ մյուսից, նույնիսկ եթե ողբերգականն այստեղ մի փոքր «իջեցնենք» հունականից դեպի ավելի «մարդամոտ»՝ «աղետներով լի, կորուստներով լի» կամ նույնիսկ «դարերով պետությունից զուրկ» իմաստը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՉԷ, ՔԱՆ, ԱՍԵՆՔ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ՉԻՆԱԿԱՆ, ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԼՆ:
Եթե հայոց պատմությունը լիներ միայն կորուստների ու ձախողումների պատմություն, մենք այսօր բնականաբար չէինք լինի: Չի կարող մի ժողովուրդ 2-3 հազար տարի շարունակ ձախողվել եւ այդուհանդերձ լինել: Հայոց պատմությունն այս առումով ուժի, այլ ոչ թե թուլության դրսեւորում է: Չի կարող այս աշխարհում որեւէ թույլ բան գոյատեւել, դա հակասում է բնության եւ պատմության հիմունքներին: Նույնիսկ ուժեղները կործանվում են, նույնիսկ ուժեղ լինելը բավական չէ մնալու համար, բայց թուլությունը ոչնչացվում է լույսի արագությամբ: Ցանկացած լինելություն ուժի դրսեւորում է, իսկ հայոց լինելությունը՝ բավականին պատկառելի ուժի դրսեւորում:
Մեր ամբողջ պատմության իրական միակ մեծ ողբերգությունը, իրական անդառնալի կորուստներն ընկնում են 1914-21 թթ. միջակայքում, չնայած նույնիսկ այդ արանքում ունեցանք ոչ միայն կորուստներ, այլեւ ձեռքբերումներ, եւ եթե այսօր էլ դեռ ունենք հայաբնակ Հայաստանի կտոր եւ պետություն, նույնպես ցուցիչ է, որ ուժ ենք, այլ ոչ մաքուր թուլություն: Թվում է, թե նոր բան չի ասվում այսքանով: Բայց խնդիրը ոչ թե, ըստ էության, նոր բան ասելն է, այլ նոր ու ճիշտ շեշտեր դնելն է թվացյալ իմացածի վրա, նոր ու ճիշտ կետադրությունն է, որը, ինչպես հայտնի է, կարող է էապես փոխել նախադասության իմաստը:
Ոչ թե 1915, այլ 1914-21-ի միջակայք (սահմանները որոշ չափով պայմանական են, կարող ենք մի փոքր ավելի լայնացնել կամ մի փոքր ավելի կրճատել, դա չի հարցը): Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե մի կողմից ինքնին պարզ է, որ հայոց պատմության մեծագույն, իսկ մեր կարծիքով՝ նաեւ միա՛կ իրական մեծ ողբերգությունն ու կորուստը Մեծ եղեռնն էր, ապա մյուս կողմից կարեւորն այն էր, որ դրա հետեւանքները՝ ոչ բոլորը, իհարկե, բայց հիմնական քաղաքական եւ պատմական հետեւանքները հաղթահարելի էին մինչեւ 1920 թվականի աշուն: Ավելի պարզ՝ եթե 1920-ին մենք հաղթեինք, ապա 1915-ն իր բոլոր անդառնալի կորուստներով հանդերձ, չէր լինի այն, ինչ է՛ այսօր, չէր լինի այն մեծ բաժանարար գիծը հայոց պատմության, որից ա՛յն կողմ դեռ ունեինք հազարամյակների հայրենիք, որը կորցրել ենք:
Մեր հայրենիքը կորցրել ենք ոչ թե 1915-ին, այլ 1920-ին:
Հարցը կարեւոր է եւ արդիական: Մեր պատմության շեշտը սխալ տեղում ենք դրել, իսկ պատմական սխալ շեշտադրումները միշտ էլ ստվերում են ու ազդում ներկայի քաղաքականությունը:
Կռվի փոխարեն շեշտը դրել ենք Ցեղասպանության վրա: Որով լռելյայն ենթադրում ենք, որ կորցրել ենք, ինչ կորցրել ենք կոտորածի, այլ ոչ թե կռվի արդյունքում պարտության պատճառով: Եվ ավելին ենք անում. բուն 1920 թվի հայ-թուրքական պատերազմը ներկայացնում ենք Մեծ եղեռնի պատմության ազդեցության տակ՝ որպես դրա դրվագ, շարունակություն, ճյուղավորում: Բայց հայ-թուրքական պատերազմում միմյանց բախվել են ոչ թե Օսմանյան կայսրության պետական բանակն ու հայկական փոքրաթիվ պարտիզանական կամ կամավորական միավորները, այլ թուրքական մի ապստամբական զորախումբ եւ հայկական պետության բանակ: Կռիվը մեծ հաշվով եղել է հավասարը հավասարի հետ, եւ պատմությունը մեզ տվել է հնարավորություն, եզակի, անկրկնելի հնարավորություն՝ կռվով, պայքարով լուծելու հարցը: Կարելի է անվերջ բողոքել արտաքին անբարենպաստ պայմաններից, ռուս-թուրքական դաշինքից եւ այլն, բայց փաստն այն է, որ պատմական հնարավորություն լուծելու հայկական հարցը դրա լուծման միակ հնարավոր ձեւով՝ պայքարով եւ վճռական ճակատամարով մենք ունեցել ենք եւ պարտվել ենք: Երբ պատմության շեշտը տեղափոխում ենք կռվից դեպի կոտորած, սխալ ուղերձ ենք ուղղում մեր ժողովրդին: Հերթական անգամ թաքցնում ենք նրանից, որ ժողովուրդների ճակատագիրը նրանց իսկ ձեռքին է, եւ որ պատմական-քաղաքական հարցերը լուծվում են պայքարով ու կռվով:
ՀԱՅ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒ ԴԱՌՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, 1920 ԹԻՎԸ:
Մինչ այսօր հայոց նոր պատմության ուսումնասիրությունը կենտրոնացած է 1915-ի վրա, եթե ոչ նույնացրած է դրա հետ: Բնականաբար ասվածը չի նշանակում, որ պետք է մոռանանք 1915 թվականը: Բայց կրկնեմ, շեշտերը պետք է ճիշտ դնենք, գլխավոր հարցը 1920-ի պատերազմն է:
Ցեղասպանագիտությունն այսօր մոդայիկ «թրենդ» է աշխարհում: Եթե դեռ 20-րդ դարի երկրորդ կեսին հիմնականում խոսում էին հրեական եւ որոշ չափով՝ հայկական ցեղասպանությունների մասին, ապա այսօր միտումն այն է, որ ամեն ազգ ունենա իր ցեղասպանությունը: Ամեն մեկը հուսով է իր հին ու նոր ցավերը քաղաքական աճուրդի հանելով մի բան ստանա, մի բան պոկի: Որքան բարոյապես տարակուսելի, անարժանապատիվ, նույնքան էլ գործնականորեն քիչ արդյունավետ մարտավարություն է սա:
Այստեղ, իմիջիայլոց, մի բարի խոսք պետք է ասենք անգլիական քաղաքականության մասին: Իրենց բոլոր թերություններով, մաքիավելիզմով հանդերձ անգլիական քաղաքականությունը, թերեւս, զարմանալիորեն ամենաազնիվն է նաեւ հայկական հարցում: 1920 թ. անգլիացիները միակն էին մեր «մեծ դաշնակիցներից»՝ ռուսներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, որոնք փորձեցին «տեր կանգնել» 1914-18-ին հայերին շռայլած խոստումներն, թեեւ խոստումներ շռայլողների թվում իրենք առաջին դիրքերում չէին: Անգլիական բաց պայմանն էր՝ մենք տալիս ենք ձեզ զենք ու հանդերձանք, դուք կազմում եք բանակ եւ կռվով հաղթում եք Քեմալին՝ իրագործելով Սեւրի դաշնագիրը: Ավել բան չեն խոստացել, բայց խոստացածն էլ արվել է: Բնականաբար անգլիական շահերը մեջը հաշվի առած: Ֆրանսիացիներն ամենակեղտետ կերպով են հայերի հետ վարվել Կիլիկիայում, ավելի զզվելի ու տմարդի բարդ է պատկերացնել: Ռուսների պատմությունը հայտնի է: Բայց անգլիացիները նաեւ այն միակ մեծ պետությունն են դեռ, որ երբեք Հայոց ցեղասպանության խնդիրը չեն դարձրել թուրքերի հետ առուծախի առարկա: Հայերի պարտությամբ նրանք հասկացել են, որ սխալ խաղադրույք են արել, կողմնորոշվել են դեպի Թուրքիա, բայց երբեք հայկական հարցը չեն կախել թուրքերի գլխին, ու մեր նահատակների հոգիների հանգիստը չեն խանգարել «ցեղասպանության ճանաչում» կոչված զզվելի չարչիությամբ: Շատ զարմանալի էլ չէ, քանի որ գոնե միջազգային քաղաքականության մեջ առավել ցինիկն ու անբարոյականը՝ որպես կանոն, իդեալիստներն են դուրս գալիս, իսկ ամենաազնիվն ու մարդկայինը մաքիավելիստները:
1920 թվին ի չիք եղավ եւ հայ-թուրքական պատվավոր խաղաղության հնարավորությունը: Խնդիրն այն է, որ իրական խաղաղություն երկու կողմի համար պատվարժան կարող է լինել միայն երկու համեմատաբար համարժեք ուժերի միջեւ: Ճիշտ է, որ 20-րդ դարի սկզբին հայերն ու թուրքերը բառացի համարժեք ուժեր չէին, այն ժամանակ էլ թե´ զուտ քանակապես, թե՛ այլ ցուցանիշներով թուրքերը մեզ գերազանցում էին: Բայց չկար այն բացարձակ անհամարժեքությունը, որը կա այսօր: Որքան էլ զարմանալի թվա այսօրվա տեսակետից, 20-րդ դարի սկզբին նույնիսկ տարածված էին խոսակցություններ այն մասին, որ թուրքերը մեռնող ժողովուրդ են, իսկ հայերը՝ աճող, քանի որ ծնելիության ու բնական աճի ցուցանիշներով հայերը գերազանցում էին թուրքերին: Բայց խնդիրը միայն քանակական ցուցանիշները չէին: Հայերը թուրքերի համար բավականին պատկառելի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ուժ էին: Ռուսների կամ մյուս մեծ պետությունների համար հայերը երբեք այդպիսին չէին: Արհամարհելի միավոր չէին, բայց նաեւ հավասարը հավասարի կռվելու կամ բանակցելու-պայմանավորվելու միավոր չէին: Թուրքերը հայերի ուժը հաշվի են առել, չէին կարող հաշվի չառնել՝ այդ ուժը նրանց ե´ւ վտանգ ու մարտահրավեր էր, ե´ւ որոշ պայմաններում ցանկալի դաշնակից: Այստեղից է բխում 1908 թվականին երիտթուրքերի գործակցությունը Դաշնակցության հետ, որն այսօր նույնիսկ դաշնակցականների համար մոռանալու էջ է, բայց ժամանակին հայերի ուժային գործոն դառնալու ցուցանիշ էր: Այստեղից է բխում 1914-ի օգոստոսին թուրքերի կողմից հայերի հետ բանակցելու փորձը: Բայց այստեղից է նաեւ հայերի ոչնչացման ծրագիրը, որն իրականացվեց 1915-ից: Մեզ կոտորեցին ոչ թե որովհետեւ խեղճ էինք ու ոչ մեկին պետք չէինք՝ խեղճ ժողովուրդներին չեն կոտորում, այլ շահագործում են, եկամուտ քամում, այլ որովհետեւ թուրքերի աչքին մենք իրական վտանգ էինք, գուցե նաեւ չափազանցված, բայց վտանգ էինք: Որքան էլ զարմանալի է, թուրքերը հայերից վախենում էին: Ի դեպ, հայերի կոտորածը ստրատեգիապես թուրքերին հօգուտ չեղավ: Արեւմտյան Հայաստանի մեծ մասը մնում է էթնիկապես ոչ թե թուրքական, այլ քրդական, իսկ հողը նրանն է, ով ապրում է այդտեղ: Ուշ թե շուտ այդտեղ լինելու է անկախ Քրդստան, միայն ժամանակի հարց է: Եվ եթե նախկինում թուրքերը կարողանում էին կառավարել իրավիճակը՝ հենվելով հայ-քրդական հակասության վրա՝ մերթ հայերին խրախուսելով, մերթ քրդերին, ապա այժմ այդ գործիքը չկա: Հայաստանի թուլացմամբ թուրքերը նաեւ, կարելի է ասել, հավերժացրին ռուսական գերիշխանությունն Այսրկովկասում գոնե այնքան ժամանակով, որքան Ռուսաստանը կգոյատեւի որպես մեծ տերություն:
Եթե հայ-թուրքական պատերազմը չավարտվեր մեր պարտությամբ, այլ գոնե պաշտպանական հաղթանակով, այսինքն՝ եթե գոնե կարողանայինք պահել մեր ձեռքի տակ եղածը, էլ չասած ավելինի մասին, ապա դրա արդյունքում կնքվելիք հայ-թուրքական հաշտությունը դառնալու էր ամուր հիմք հետագայի բնականոն հարաբերությունների, եթե ոչ դաշինքի: Ըստ որում՝ հայ-թուրքական կայուն խաղաղությունը նաեւ անխուսափելիորեն վերածվելու էր տարածաշրջանի ժողովուրդների անկախության կայուն հենարանի, որովհետեւ դադարեցվելու էր դրսի ուժերի միջամտության կարեւոր գործիքի ազդեցությունը:
1920 թվի պարտությունից հետո արդեն հայ-թուրքական հաշտությունն անհեռանկար կամ շատ բարդ իրագործելի նախագիծ պետք է համարվեր նաեւ այն պատճառով, որ Թուրքիան ու Հայաստանը չափազանց անհամարժեք միավորներ են, չափազանց մեծ է անհավասարությունը, իսկ նման դեպքերում կայուն եւ անկեղծ հաշտությունը բնական չէ: Ամուր հիմքերով լուծման համար անհրաժեշտ է ուժային հաշվեկշռի նոր փոփոխություն՝ ի վնաս թուրքերի ու հօգուտ հայերի, որպեսզի կողմերի ներուժը գոնե մի քիչ մոտենա իրար:
ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԹՎԱԼ ԱՍԱԾՍ, ԲԱՅՑ ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄՆ Ի ՑՈՒՅՑ Է ԴՆՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՏՐԿԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ:
Եվ ոչ միայն բուն փաստը, այլեւ դրա մեկնությունը կամ ընկալելու ձեւը երեկ եւ այսօր: Ի՞նչ նկատի ունեմ:
1914-ի աշնանը, երբ հայտարարվեց ռուս-թուրքական պատերազմը, եւ դեռ պատերազմի պաշտոնական մեկնարկից էլ շուտ ողջ Անդրկովկասով մեծ շուքով ծավալվեց հայկական կամավորական շարժումը՝ ի նպաստ ռուսական բանակի: Հարցն այն չէ, որ կամավորների թիվն իրականում այդքան էլ մեծ չէր՝ 2-3 հազարի մասին է խոսքը, իսկ ավելին ռուսներն էլ չէին ուզում, որպեսզի հայկական գործոնը չափից ավելի չուժեղացնեն: Հարցը քանակը չէ, այլ ընդգրկումը, համատարած աջակցությունը, կազմակերպվածությունը: Անխտիր բոլորը՝ եկեղեցին, Թիֆլիսի հայկական բուրժուազիան, մտավորականությունը, քաղաքական բոլոր ուժերը, գաղափարական բոլոր հոսանքները (բացի բոլշեւիկներից) լծվեցին կամավորական շարժման կազմակերպմանն ու քարոզին: Տեղին է նշել, որ բացի Դաշնակցությունից, մնացած բոլոր լծյալները աննշան մասնակցություն անգամ չեն ունեցել հայկական զինված ազատագրական շարժմանն Օսմանյան կայսրությունում, եթե չհաշվենք այն, որ կողքից անխնա քննադատողի դերում են եղել:
Ի դեպ, պետք է ասել, որ կամավորական շարժումը նաեւ կարեւոր առիթներից եղավ հայերի Ցեղասպանության (չենք ասում պատճառ, բայց կարեւոր առիթ): Սա կարեւոր է, որովհետեւ մոռանում ենք, որ Մեծ եղեռնը պատմական վակուումի մեջ չի տեղի ունեցել, այլ Առաջին համաշխարհայինի օրգանական մասն է: Կտրելով Մեծ եղեռնն իր այդ բնական միջավայրից, բնիկ պատմական շրջարկից՝ կամա թե ակամա կեղծում ենք մեր պատմությունը, պատում անորոշության մշուշով եւ թաքցնում մեր ժողովրդից կարեւոր փաստը. հայերը ոչնչացվել են ոչ թե հենց այնպես, զուտ որպես հայեր, այլ որպես Անտանտի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դաշնակիցներ: Մեկ միլիոն հայ զոհվել է հանուն Անտանտի…
Ի՞նչ եղավ 1920 թվին: Եթե հանուն ռուսական բանակի եւ հանուն համաշխարհային առաջադիմականության մարմնավորման՝ Անտանտի, ծավալվեց հայկական հուժկու կամավորական շարժումը, որին լծվեցին հայկական բոլոր շրջանակները, բոլոր կառույցները, բոլոր խավերը, ապա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ 1920 թվին, երբ վճռվում էր Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը, նույն այդ շրջանակները պետք է տասնապատիկ եռանդով լծվեին հայրենիքի պաշտպանության գործին, մի նոր՝ աննախադեպ կամավորական շարժման նախաձեռնող լինեին: Բնավ նման բան տեղի չունեցավ: Իհարկե, տաք-տաք խոսքեր ասվեցին, բայց Կարսի կռիվը մնաց առավելապես հայաստանցիների գործը, եթե չասենք հայաստանցիների «պրոբլեմը»: Մնացյալ բոլորը ֆուտբոլ դիտողի դերում էին՝ «Արարատ հուպ տուր, Դինամոյին կուլ տուր» կարգավիճակում: Ծիծաղելին այն է, որ որոշ թվով կամավորներ Թիֆլիսից այդուհանդերձ եկան: Բայց ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր էին դրանք եւ ի՞նչ նպատակներ ունեին: Այդ կամավորների զգալի մասը բոլշեւիկներ էին, որոնք մեկնել էին ճակատ այն նպատակով, որ համապատասխան քարոզչությամբ թուլացնեին հայկական բանակի դիմադրողականությունը՝ այդպիսի պատմական հեգնանք:
Հարցն այստեղ «ժողովրդի անտարբերությունը» եւ նման հռետորական վարժանքները չեն: Ժողովուրդներն իրենք իրենցով չեն կազմակերպվում: Նույնիսկ կամավորական շարժումները պետք է ունենան կազմակերպող՝ ոգեւորումից, գաղափարից սկսած մինչեւ զուտ կազմակերպչական աշխատանք: Հայ ժողովուրդը լավ կռվող է եղել բոլորի համար, լավը կլիներ նաեւ իր համար, եթե իրեն կազմակերպող ուժ լիներ: Բայց այստեղ է հայկական վերնախավի էությունը՝ հանուն Անտանտի, հանուն Ռուսաստանի՝ կամավորական շարժում, հանուն Հայաստանի՝ ո՛չ: Սա է հայ ժողովրդի ստրկության ցուցիչը՝ զոհվել հանուն այլոց շահերի՝ կազմակերպված սեփական վերնախավի կողմից, զոհվել կամավորապես կամ էլ զոհվել օտար պետության մեքենայի ստիպողական ուժով: Իսկ մեր հայրենիք՝ թշվառ, անտեր…
Պատմությունն ունի եւ շարունակություն: Կարսի անկումից 21 տարի անց Երկրորդ համաշխարհայինի մաս ռուս-գերմանական պատերազմում նույնպես զոհվեցին տասնյակհազարավոր հայեր: Չենք քննարկում մանրամասները: Դա անիմաստ է՝ ոչ ոք չէր էլ հարցնում մեր պապերին 1941-ին, նրանք պարտավոր էին որպես ՍՍՀՄ քաղաքացիներ մասնակցել պատերազմին: Բայց հարցն այն է, որ երբ հպարտանում ենք նրանց մասնակցությամբ, ամոթխած լռության ենք մատնում այն փաստը, որ 1920-ին, եթե տասնյակհազարավոր հայեր պատրաստ լինեին զոհվել Կարսի պատերի տակ, ապա մենք ոչ թե Կարս ու Էրզրում, ոչ թե ծովից ծով Հայաստան, այլ համաշխարհային տերություն էլ գուցե դառնայինք: Իրականում այդքան շատ զոհ, ինչքան տվել ենք օտար բանակներում երկու համաշխարհայինների ընթացքում, մեզ ամենեւին էլ պետք չէր 1920-ին: Մեր համեստ, ոչ համաշխարհային, զուտ հայկական ազգային նպատակների համար շատ ավելի համեստ թվերն էլ բավական էին հաղթելու համար: Եվ այդ դեպքում առանց այդ էլ մեծ զոհեր տված հայ ժողովուրդը կարիք չէր ունենա նոր զոհաբերությունների ոչ սովետական ռեպրեսիաների, ոչ, կներեք, հանուն «ֆաշիզմի դեմ հաղթանակի» (մի կերպ առանց մեզ այդ հարցը կլուծեին, վստահ եմ), ոչ էլ իսկ Ղարաբաղյան պատերազմում, որը պարզապես չէր լինի: Սա է գինը, որը վճարում են ստրկացված ժողովուրդները: Եվ թող կտրուկ հնչի խոսքս, բայց քանի դեռ մենք մեր ժողովրդին չենք ասում պարզ ճշմարտությունը, որ միլիոնից ավելի հայ ոչնչացել է որպես Անտանտի դաշնակից, որ եթե ռուս-գերմանական պատերազմում զոհվածների կեսի չափ մարդ 20 թվին պատրաստ լիներ զոհվելու Կարսի տակ, ապա Արեւմտյան Հայաստանի մեծ մասն այսօր մերն էր լինելու, եւ այլեւս պատերազմների կարիք Հայաստանը չէր ունենալու, ուղիղ այդքան ժամանակ շարունակելու ենք փաստացի ստրկություն քարոզել մեր ժողովրդին՝ լինել թնդանոթի միս մեծ տերությունների բախումներում: Մենք նույնիսկ այնքան չկանք, որ երբ հպարտանում ենք երկու համաշխարհայինում մեր զոհերով ու մասնակցությամբ, հարց տանք՝ իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Չէ՞ որ զոհաբերությունը, եթե ստրուկի զոհաբերություն, այլ սուբյեկտի՝ փոխհատուցելի է: Մեր վարձքը զրո է՝ դարի ամենամեծ զոհերի դիմաց:
Կարսի կռիվը բացարձակապես հայաստանցու գործ մնաց: Ու Հայաստանի կառավարությունն էլ չափազանց թույլ գտնվեց՝ կազմակերպելու համար իսկական ժողովրդական պատերազմ, որպիսին իր էությամբ պետք է լիներ 1920 թվի պատերազմը:
Բայց հայությունը նույնիսկ Կարսի անկումից չցնցվեց: Թվում էր՝ գոնե պարտությունը՝ բոլոր ազգային երազանքների վերջնական անկման վտանգը, պետք է տակնուվրա անի, մինչեւ հոգու խորքը ցնցի… Պատերազմը դեռ մոտ մի ամիս էլ շարունակվեց Կարսի անկումից հետո՝ հրաշալի հնարավորություն հայությանը ոտքի կանգնելու, ամեն բան մի կողմ թողնելու ու «ամենայն տեղ մահը մի է» երգելով գլխակորույս նետվելու կռվի մեջ: Չգիտեմ, զավեշտալի ասեմ, թե սարսափելի, բայց փաստ է, որ նույնիսկ ուրախացողներ կամ թեթեւ շունչ քաշողներ եղան… Չէ, խոսքը բոլշեւիկների մասին չէ: 1920-21 թթ. Սփյուռքի թերթերում հոդվածներ կան գրված այն ոճով, որ լավ է, վերջապես պրծանք էս Արարատյան հանրապետությունից, որը միայն խանգարում էր մեր ազգային իղձերի իրականացմանը, այ հիմա արդեն միջազգային հանրության օգնությամբ կհասնենք Սեւրի պայմանագրի իրագործմանը՝ Արեւմտյան Հայաստանում անկախ հայկական պետության ստեղծմանը՝ շնորհիվ Պողոս Նուբարի դիվանագիտական գործունեության, որին միայն խանգարում էր Հայաստանի Հանրապետությունը՝ չափավորելով հայկական պահանջները: Սա մարդիկ լուրջ գրում եւ մտածում էին:
Բայց մենք ցայսօր էլ իրապես չենք ցնցվել 20 թվի պարտությունից: Մեր սգո օրն այսօր էլ ապրիլի 24-ն է, ոչ թե հոկտեմբերի 30-ը՝ Կարսի անկման օրը, երբ իրապես կորցրինք մեր հայրենիքը, երբ հայությունը նորից դադարեց քաղաքական ազգ լինելուց (այստեղ մի փոքր չափազանցնում եմ՝ իրականում վերջնականապես չենք դադարել երբեք, բայց շատ-շատ բաներ ստիպված ենք եղել սկսել զրոյից՝ կորցնելով ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, օրինակ՝ 1936-38-ին, երբ գնդակահարվեց հայկական քաղաքական եւ մտավորական վերնախավի սերուցքն ի դեմս… հայ հին բոլշեւիկների, որոնք վերջինն էին հայկական ինքնուրույն քաղաքական սերնդի, եւ հենց դրա համար էլ ոչնչացվեցին՝ պարադոքսալ կերպով որպես հայ անկախականներ):
Չեմ ուզում ավարտել սգո նոտայով:
1920 թվի այլընտրանքային պատմությունը հենց նրա համար էլ պետք է, որ նորից վերապրենք եղածը, ազգային հոգեբանության անգիտակցական խորքերում թաքնված խնդիրը վեր հանենք դեպի գիտակցության լույս, նաեւ տեսնենք, որ իրական այլընտրանքը միշտ կա, որ ոչինչ կանխորոշված ու վերջնական չէ, որ սեփական ուժերին ապավինած եւ պայքարի պատրաստ ժողովուրդները երբեք էլ պարտված չեն վերջնականապես:
Նախորդ դարում ունեցանք ոչ միայն կորուստներ, այլեւ ձեռքբերումներ: Հարցը միայն այն չէ, որ պետություն ունեցանք: Ունեցանք նաեւ կոմպակտ հայաբնակ տարածք, որպիսին չունեինք: Այն, ինչ ունենք այսօր որպես Հայաստան (Ղարաբաղն էլ բնականաբար հետը, առանձին չեմ նշում), բոլորը ձեռք է բերված կռվով ու արյամբ: Ոչ մի միլիմետր հող ձրի չի հասել մեզ: Ունենք այնքան, որքան կարողացել ենք պահել: Թղթային որոշումները, որոնց հաճախ վերագրում ենք մեր այս կամ այն տարածքն ունենալ-չունենալը, միայն ամրագրել են այն, ինչ մինչ այդ պահվել է կամ կորսվել կռվով, կամ դրա բացակայությամբ (կորուստների մի մասը):
1918-20-ին եւ հետագայում չենք կարողացել մեկ գրոհով լուծել մեր մեծ խնդիրը: Բայց դա չի նշանակում խնդրի վերջնական փակում, այլ ընդամենը հետաձգում: Իսպանական ռեկոնկիստան տեւեց 800 տարի: Հայկական ռեկոնկիստան դեռ նոր է սկսվել:
1920 ԹՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆ ԹԵ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՆԱԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՑՆՈՂ Է, ԿԱՐԵՎՈՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐ ՀԱՆՈՂ:
Այն ցույց է տալիս, օրինակ, ռուսական գերիշխանության վերադարձի հիմնուղին՝ Բաքու-Ղարաբաղ-Հայաստան-Վրաստան շրջանակով: Այդ ուղին այսօր էլ արդիական է: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքի տեղադրման խնդիրը հենց այդ հիմնուղու խնդիրն է եւ ուրիշ ոչինչ, համենայնդեպս ո´չ Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ: Հայերի հետ հարցերի լուծման միջնորդավորված եղանակը թուրքերի, այդ թվում Ադրբեջանի թուրքերի միջոցով եւ հետո հայերի փրկության բեմադրությամբ, նույնպես ակտուալ է այսօր՝ 100 տարի անց, որի վկայություններից է, օրինակ, 2016-ի պատերազմը:
Մյուս տարի լրանում է Կարսի անկման 100-ամյակը: Ինչպե՞ս ենք այն դիմավորելու:
Եվ եթե պետք լինի ազգային նոր դիմադրություն, անկախության նոր պայքար, պատրա՞ստ ենք այսօր դրան:
Եթե կարիք լինի, պատրա՞ստ ենք 2020-ը դարձնել 1920-ի հակապատկեր եւ դրանով հաղթահարել 20-ի պարտության սինդրոմը:
Մենք դրա ներուժն ունենք: Բայց պետք է գիտակցենք, որ անկախությունը ձրի չէ, որ այն չի տրվում մեկ անգամ ու մեկընդմիշտ, այլ մշտական պայքարի՝ ստեղծագործ աշխատանքից մինչեւ հարկ եղած դեպքում զինված դիմադրություն, առարկա է:
Հեղինակ՝ Հրանտ Տէր-Աբրահամեան
Նկարազարդող՝ Դավիթ Փարթամյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։