Ավետիս Թերզիբաշյանը, նկարագրելով հայերի ռազմական ուժերը, գրում էր, որ քաղաքում կատարյալ քաոս էր, եւ բոլորը բոլորին հրամայում էին. «Չհրամայող մը չկա, որպեսզի ես ալ անոր հրամայեմ։
1918թ. հունվարի վերջին՝ Երզնկայի անկումից հետո, թուրքական բանակն մեկը մյուսի հետեւից գրավում էր նախկինում ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջանները եւ շարժվում դեպի Էրզրում։ Հզոր բերդաքաղաքը, որը համարվում էր Թուրքահայաստանի բանալին, ռուսական 25-հազարանոց բանակը գրավել էր 1916թ. փետրվարի սկզբին։
Թուրքական հարձակումը զուգահեռ պետք է շարունակվեր նաեւ Արդահան-Բաթում, Տրապիզոն-Բաթում, Բաթում-Թիֆլիս ուղղություններով։ Փետրվարի 10-ին թուրքերը մուտք են գործում Տրապիզոն, որտեղ մի քանի օր անց սկսվում է Անդրկովկասյան պատվիրակությունների հետ բանակցությունների հերթական փուլը, որի ամբողջ ընթացքում թուրքական բանակը շարունակում էր ռազմական գործողությունները։
«Ամեն մեկը մյուսին համար անսիրելի»
1918թ. փետրվարին Էրզրումում կենտրոնացել էին հայկական մի քանի զինվորական ստորաբաժանումներ, մեծ թվով փախստականներ, Երզնկայից եւ այլ վայրերից նահանջած հայկական ուժեր։
Փետրվարի սկզբին Էրզրում է գործուղվում Անդրանիկը, որին շուտով սկսում են միանալ հիմնականում արեւմտահայերից կազմված կամավորական տարբեր ջոկատներ։ Քաղաքի ներքին դրությունն անկայուն էր. նահանջի ընդհանուր տրամադրությունը, զորքի բարոյալքումը, կենտրոնական ղեկավարության ու հրամանատարության բացակայությունը քայքայել էր պաշտպանունակությունը։ Բացի այդ, Էրզրումում կար բավականին լավ զինված շուրջ 25 հազար թուրք բնակչություն, որն անհամբեր սպասում էր Վեհիբ փաշայի բանակին։
Գրող Վահան Թոթովենցը, որն Անդրանիկի զորամասերի կազմում մասնակցել է ռազմական գործողություններին, «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները» գրքում նկարագրում է Էրզրումում ստեղծված դրությունը.
«Կար այստեղ Մոսկվայի հայկական կոմիտեն իր լիազորով։ Ասիկա կես քաղաքական մարմին էր, որովհետեւ մեկ քանի տարի է ի վերջո գործած էր Կարնո մեջ եւ վարկ ձեռք բերած։ Կոմիտեն իր ձեռքին տակ ուներ մթերանոցներ եւ զորք։
Կար այստեղ Ազգային խորհուրդը, կար այստեղ Հայաստանի ապահովության խորհուրդը, Թորգոմը իր գունդով եւ երկյակ պաշտոնով։ Օդիշելիձեն իր վերջին հեղինակությամբ։
Մուրադի սպայակազմը, Քղիի գունդը իր մեծով, Երզնկայի գունդն իր մեծով, Բաբերդի գունդն իր մեծով։ Այս բոլորն իրարու հետ վեճի եւ պայքարի մեջ, ամեն մեկը մյուսին համար անսիրելի»։
«Զանազան եւ զարմանազան իշխանություններ»
Թոթովենցը գրում է, որ Էրզրումում կային «զանազան եւ զարմանազան իշխանություններ, գունդեր, աշիրեթներ, միահեծանություններ»։ Նա հատկապես բացասաբար է խոսում Տիգրան Աղամալյանի մասին, որը «մի վարժապետ էր, որ անխղճություն ունեցած էր խառնվելու զինվորական գործի մեջ։ Այս մարդն ուներ զանազան պաշտոններ՝ Կարնո շրջանի կառավարիչ, Կարնո կոմիսար, Ազգային խորհրդի Կարնո մասնաճյուղի նախագահ» եւ այլն։ Տիգրան Աղամալյանը, ըստ տարբեր աղբյուրների, զբաղվում էր զենքի եւ այլ ապրանքների վաճառքով։
Արամ Ամիրխանյանն իր հուշերում գրում է, որ «Աղամալյանի համար կխոսվեր, որ 75 արկղ Մոսին հրացան, 60 000 փամփուշտով ծախած էր թուրքերուն»։
Աղամալյանը ֆինանսական մութ գործերում համագործակցում էր գեներալ Օդիշելիձեի հետ, որն այդ օրերին արդեն լքել էր Էրզրումը։ Թոթովենցը գրում է, որ Օդիշելիձեն հեռանալիս հետը տարել էր 5 միլիոն ռուբլի։
«Աղամալյանի համար կխոսվեր, որ 75 արկղ Մոսին հրացան, 60 000 փամփուշտով ծախած էր թուրքերուն»
Աղամալյանն Անդրանիկի դեմ է սկսում տրամադրել Էրզրումում եղած զինվորներին՝ ասելով, որ իրենք չպետք է ենթարկվեն Անդրանիկի նման ոչ զինվորականի հրամաններին.
«Աղամալյանը, իբրեւ Ազգային խորհուրդի տեղական նախագահ, Ա. եւ Դ. գունդերը թունավորած էր ետ քաշվելու գաղափարով։ «Ի զուր է Կարնո մեջ դիմադրություն փորձել. Ազգային խորհուրդը որոշած է 1914-ի սահմանը նահանջել, ամրանալ Կարսի մեջ, եւ եթե թշնամին խզե զինադադարը, Կարսի առաջ կարելի է ետ մղել թուրք հարձակողականը»։ Աղամալյանի մաֆիան, ռազմագիտական այս բարձր տեսության պրոպագանդան ընելով, երբ իմացավ Անդրանիկի գալուստը, Ա. եւ Դ. գնդերու սպաներուն եւ զինվորներուն հրահանգ կուտար չանսալ Անդրանիկի պես ոչ-զինվորականի մը հրամաններուն» (Անդրանիկ Չելեպյան, Զորավար Անդրանիկ եւ հայ հեղափոխական շարժումը, Երեւան, 1990թ.):
«Չհրամայող մը չկա»
Էրզրումն ուներ ամուր պարիսպներ ու հզոր հրետանի. բերդի շուրջ 400 թնդանոթը նախատեսված էր երկարատեւ պաշտպանության եւ պաշարման համար։ Սակայն տարբեր հեղափոխություններին հաջորդած եւ ամիսներ տեւող բարոյալքման ու թալանի հետեւանքով բերդի հրետանու մեծ մասը շարքից դուրս էր եկել։
Ավետիս Թերզիբաշյանը, նկարագրելով հայերի ռազմական ուժերը, գրում էր, որ քաղաքում կատարյալ քաոս էր, եւ բոլորը բոլորին հրամայում էին. «Չհրամայող մը չկա, որպեսզի ես ալ անոր հրամայեմ»։
«Մոտ 2000 հոգի շարքի կեցան, բայց երբ Անդրանիկ գնաց զանոնք զորանոց առաջնորդելու, միայն 25 հոգի մնացած էին»
«Չորս հազար կանոնավոր, նույնքան ալ անկանոն հետեւակ զորք ունինք, հինգ հարյուր կանոնավոր, նույնքան անկանոն ձիավոր եւ թեեւ ամրությանց 400 թնդանոթներեն 200-ին բանալիները չկան մեջտեղ, 100-ը ձյուներու մեջ թաղված են, 100-ը անգործածելի, բայց ունինք լավ վիճակի մեջ լեռնային եւ դաշտային տասնյակ մը թնդանոթներ»,- գրում էր նա։
Ընդհանուր բարոյալքումն ու հավատի բացակայությունը ակներեւ է դառնում, երբ Կարսում Անդրանիկը դիմում է իրեն դիմավորելու եկած հազարավոր մարդկանց՝ ասելով. «Ես ծեր զինվոր մըն եմ, կերթամ մեր հայրենի երկիրը պաշտպանելու։ Ձեզմե ո՞վ կը միանա ինծի»։ «Մոտ 2000 հոգի շարքի կեցան, բայց երբ Անդրանիկ գնաց զանոնք զորանոց առաջնորդելու, միայն 25 հոգի մնացած էին» (Վահան Թոթովենց, «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները»)։
«Թուրքը տիսիփլին ունի»
Անդրանիկի ժամանումը Էրզրում գեներալ Նազարբեկյանի համար անսպասելի էր: Ասում էր, որ պատահմամբ է իմացել Անդրանիկի եւ սպայակույտի (շտաբ) պետ Զինկեւիչի Էրզրում մեկնելու մասին։ «…Նա նշանակվել էր Էրզրումի ջոկատի պետ եւ Էրզրում ամրոցի պարետ, գնդապետ Մորելի փոխարեն։ Իմ անձնական կարծիքն է, որ Անդրանիկի նշանակումը սխալ էր»։
Անդրանիկը, իհարկե, շատ լավ հասկանում էր, որ ստեղծված անիշխանության պայմաններում դժվար կլինի կազմակերպել բերդաքաղաքի պաշտպանությունը։ Դեռ ամիսներ առաջ Նազարբեկյանի եւ Արեշյանի հետ քննարկելով հայերի ու թուրքերի ռազմական կարողությունները՝ Անդրանիկն ասել էր. «Թուրքը ունի բան մը, որ մենք չունինք եւ այդ պատճառով ան մեզի պիտի հաղթե։ Այդ բանը՝ տիսիփլինն է (դիսցիպլինա, կարգապահություն – հեղ.), եւ բանակի մեջ տիսիփլինը մահապատիժով կըլլա»:
Էրզրումում Անդրանիկը փորձում էր կիրառել մեկ այլ մարտավարություն։ Նա կարծում էր, որ եթե թուրքերը մոտենան եւ շրջապատեն քաղաքը, ապա տարբեր քաղաքական ու ռազմական ղեկավարները ստիպված կմիավորվեն եւ կդիմեն պաշտպանության։ «Թորգոմ, քեզի հայտնեմ գաղտնիքս, թող մարդ չգիտնա։ Ես որոշած եմ պաշարվիլ այս բոլոր դասալիք երիտասարդներով Կարնո պարիսպներուն մեջ։ Այն ատեն կը տեսնես թե ինչպես կը կռվին՝ ուզեն չուզեն»,- խմբապետ Թորգոմին ասել էր զորավարը։
«Զորք այլեւս չկար։ Այն դարձել էր ամբոխ»
Փետրվարի 23-ին սկսվում են բախումները թուրքական առաջապահ ստորաբաժանումների հետ։ Մոտ 300 թուրք զինվոր եւ 200 հեծյալ, լեռնային երկու թնդանոթներով եւ գնդացիրներով գրոհում են Արչիկ, Արինքարա գյուղերի ուղղությամբ։ Նույն պահին մոտ 150 թուրք գրոհում է Իսավանքը։ Անդրանիկը գնում է առաջնագիծ՝ անձամբ ղեկավարելով մարտը։ Հայերը կարողանում են հետ շպրտել թուրքերին։
Էրզրումի դեմ թուրքերը կենտրոնացրել էին մեկ կանոնավոր դիվիզիա՝ 3000 սվին, 12 գնդացիր, 12 լեռնային հրանոթ, մոտ 400 ոչ կանոնավոր զորք եւ շուրջ 2000 քուրդ։ Հայկական կողմն ուներ 2000 սվին, 300 հեծյալ, 8 լեռնային եւ 20 դաշտային հրանոթ։ Այս ուժերով թերեւս հնարավոր լիներ դիմակայել թուրքերի գրոհը, եթե լիներ կազմակերպվածություն եւ բերդաքաղաքը պահելու վճռականություն։ Սակայն այդ ամենը չկար. զինվորներն ավելի ու ավելի մեծ խմբերով էին թողնում դիրքերը։
Փետրվարի 26-ի երեկոյան Անդրանիկը խորհրդակցություն է հրավիրում, որտեղ քննարկում են ռազմաճակատի դրությունը. ներկա էին գնդապետներ Զինկեւիչը, Դոլուխանովը, բժիշկ Զավրիեւը եւ մյուս ղեկավարները։ Բոլորն ընդունում են այն միտքը, ըստ որի՝ քանի որ զինվորները չեն ցանկանում կռվել, ապա լավագույն լուծումը նահանջելն է՝ փրկելով քաղաքի բնակչությանն ու փախստականներին։ Փետրվարի 27-ի վաղ առավոտյան հրետանային լավ նախապատրաստությունից հետո թուրքական բանակն անցնում է հարձակման։ Հայերը սկսում են նահանջել դեպի Հասանկալա։ Անդրանիկը փորձում է կանգնեցնել նահանջող զինվորներին, սակայն ապարդյուն։
«Զորք այլեւս չկար։ Այն դարձել էր ամբոխ։ Մի կերպ, որոշ սպաների օգնությամբ Անդրանիկին հաջողվեց կանգնեցնել առանձին ստորաբաժանումներ՝ գաղթականության փոխադրումը գեթ նվազագույն չափով ապահովելու համար»։ (Աշոտ Հովսեփյան, «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. եւ ինքնապաշտպանական կռիվները», Երեւան, 1984թ.)
Նույն օրերին նահանջում են նաեւ Վանի շրջանում եղած հայկական ուժերը։ Բոլորը վերադառնում էին դեպի 1914թ. նախապատերազմական սահմանը՝ կարծելով, թե թուրքերն այնտեղ կանգ են առնելու:
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը Mediamax.am կայքից։