Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

Համարել, որ դիմադրությունը պատժելի է, իսկ հանձնվելը՝ պարգեւատրելի, հակասում է պատմական փորձի առնվազն մի զգալի մասին:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Պե՞տք էր արդյոք 1920-ին հանձնվել բոլշեւիկներին 
(մաս Բ)

Այսօրվա այլընտրանքային պատմությունը մի փոքր առանձնահատկություն կունենա: Մենք նախ կքննարկենք ոչ թե մեր առաջադրած այլընտրանքային սցենարը, այլ արդեն գոյություն ունեցողը, գոնե դա կդարձնենք խոսակցության առիթը: Ինչպես նշել ենք նախորդ հատվածում, Մայիսյան ապստամբության մասին կա մի տեսակետ, որի համաձայն ճիշտն այն է, որ 1920 թվի մայիսին Հայաստանի կառավարությունը ոչ թե ճնշեր բոլշեւիկյան խռովությունները, այլ իշխանությունը հանձներ նրանց: Իբր այդ դեպքում Հայաստանը կխուսափեր այն կորուստներից, որ եղան 1920-ի աշնանը՝ Կարսի կորուստ եւ այլն: Հայաստանի կազմում կպահպանվեր ոչ միայն նույն Կարսը, այլեւ Ղարաբաղն ու Նախիջեւանը: Որպես լիարժեք այլընտրանքային տեսակետ՝ սա չի զարգացվել երբեւէ, բայց տարբեր շրջանակներում հնչեցվել է տարբեր մարդկանց կողմից: Ընդ որում՝ թվում է՝ այստեղ կա որոշակի տրամաբանություն: 

Այդ տրամաբանությունը հետեւյալն է: Եթե 1920-ի մայիսին հայերը, կոպիտ ասած, հանձնվեին ռուսներին, ինչպես դա արեց նույն Ադրբեջանը 1920-ի ապրիլին, ապա ռուսները չէին թույլատրի հայ-թուրքական պատերազմը, համապատասխանաբար չէին լինի պարտություններ ու տարածքային կորուստներ, իսկ ի հատուցում մեր հանձնման՝ մեզ կթողնվեր Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը: Իբր միեւնույն է՝ Հայաստանի սովետականացումն անխուսափելի էր, իսկ դիմադրությամբ ընդամենը երկարացրինք «տանջանքները» եւ ավելին՝ վճարեցինք կորուստներով: 

Տեսնենք արդյոք այս տրամաբանությունն աշխատո՞ւմ է: Մանավանդ որ սա պարապ հարց չէ եւ միայն 1920 թվի մայիսին չի վերաբերում, այլ մեծ հաշվով ցանկացած քաղաքական իրավիճակի, ուր խնդիր է դրված՝ ի՞նչ անել այն իրավիճակներում, երբ որեւէ մեծ պետություն փորձում է իր գերիշխանությունը հաստատել ավելի փոքր ազգերի նկատմամբ եւ օգտագործում է դրա համար իրեն հասու բոլոր միջոցները: Անշուշտ, նման հարցին չի կարող լինել միանշանակ ունիվերսալ պատասխան, որովհետեւ քաղաքականության մեջ այնքան տարբեր իրավիճակներ են լինում, որ ամեն մեկը եզակի մոտեցում կարող է ենթադրել, սակայն այդուհանդերձ կա նաեւ իրավիճակների որոշակի տիպաբանություն, ասենք՝ 3-4 տիպ, որոնք քիչ թե շատ նմանությամբ պարբերաբար կրկնվում են: 

Նախ՝ կուզեի խոսել այս մոտեցման ընդհանուր տրամաբանության մասին եւ հետո նոր միայն անցնել ավելի կոնկրետ վերլուծության: 

Ըստ այդմ՝ ստացվում է, որ շահում է ոչ թե դիմադրող ազգը, այլ հակառակը՝ հանձնվողը: Անշուշտ կարող են լինել եւ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ցանկացած դիմադրություն անիմաստ է ու ավելորդ: Բայց համարել, որ դիմադրությունը պատժելի է, իսկ հանձնվելը՝ պարգեւատրելի, հակասում է պատմական փորձի առնվազն մի զգալի մասին: Եվ ճիշտ հակառակը, պատմական փորձի զգալի մասը վկայում է, որ պարգեւատրվում է դիմադրությունը, այդ թվում հենց նրա կողմից, ով դիմադրության առարկան է, իսկ պատժվում է չափից ավելի ստրկական հավատարմությունը: Դիմադրողը հաստատում է իր սուբյեկտ լինելը, իսկ «հավատարիմը» գործիք է, որը եթե չաշխատեց, ապա ենթակա է փոխարինման: Հեռու չգնանք, օրինակները հենց մեր սեփական փորձից վերցնենք: 

Օրինակ՝ 1988 թվականին նույն տրամաբանությամբ հայ հանրությունը չպետք է բարձրաձայներ Ղարաբաղյան խնդիրը, համենայնդեպս այն պահից, երբ պարզվեց, որ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Մոսկվայի հետ է առճակատման մեջ մտնելու դրա պատճառով: Իսկ դա պարզվեց շատ արագ՝ հենց 88-ի փետրվարին: Եվ այն ժամանակ եղան Հայաստանում առաջին հայացքից շատ խոհեմ կոչեր այդ տրամաբանությամբ ոչ միայն ժամանակի հայկական բարձրաստիճան ղեկավարության, այլեւ մտավորականության կողմից: Ասել, որ դրանք լրիվ սխալ էին՝ սուտ կլինի: Պատմությունն այնպես դասավորվեց, որ մենք շահեցինք այդ առճակատման մեջ: Բայց կարող էր նաեւ հակառակը ստացվել, եւ հիմա որպես վերջին իմաստություն հիշվեին հենց այդ խոհեմ կոչերը: Բայց էական տարբերություն այդուհանդերձ կա: Չանսալով խոհեմ կոչերին՝ հայ ժողովուրդը ստացավ ազատագրված Արցախ, իսկ լսելու դեպքում, միեւնույն է, նույն արդյունքն էր ունենալու, ինչ պայքարի պարտության դեպքում: Բայց նույնիսկ սա չէ տվյալ դեպքում կարեւոր:

Այլ այն, որ պայքարի մեջ մտնելով իր ուժերը բազմակի անգամ գերազանցող սովետական կենտրոնի դեմ՝ հայ ժողովուրդն ի վերջո ձեռք բերեց դաշնակցի՝ ի դեմս… նույն Մոսկվայի: Այ այստեղ է ամենակարեւոր հետեւանքը, որը պարադոքս է թվում կենցաղային տրամաբանության տեսակետից, բայց օրինաչափ է պայքարի տրամաբանության տեսակետից, քանի որ պայքարի տրամաբանությունն իր էությամբ դիալեկտիկ է, այսինքն՝ զարգանում է հակասություններով: Ղարաբաղյան շարժումը դարձավ Ռուսաստանում, այսպես կոչված, դեմոկրատական ուժերի դաշնակիցը, իսկ այդ դեմոկրատական ուժերն էլ գալով իշխանության՝ նույն Ռուսաստանում 1990-ականներին դարձան Հայաստանի դաշնակիցը: Այսինքն՝ դիմադրությունը հանգեցրեց դաշինքի: Չենք խորանում հիմա այդ դաշինքի մանրամասների մեջ, ինքնին պարզ է, որ մեծ տերության հետ դաշինքն ունի առանձնահատկություններ, բայց մենք այստեղ միայն բուն չոր փաստն ենք արձանագրում: 

Կա հարցի մյուս կողմը: Ովքե՞ր դարձան 1988-ին սկսած Երեւան-Մոսկվա դիմակայության առաջին զոհերը: Օրինակ՝ Ղարաբաղի կոմկուսի առաջին քարտուղար Կեւորկովը, որը Մոսկվայի առավել հավատարիմ գործիքն էր, եւ որը հրաժարական էր ստիպված տալ դեպքերի հենց սկզբում: Այդ հրաժարականը Մոսկվայի առաջին զիջումն էր հայերին: Հետագայում ստիպված էին հրաժարական տալ նաեւ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարները՝ Դեմիրճյանն ու Հարությունյանը: Ոչ թե որովհետեւ նրանք գլխավորում էին հայկական դիմադրությունը, այլ ճիշտ հակառակը, որովհետեւ այս կամ այն կերպով փորձում էին տանել հավատարմության գիծը (իհարկե ոչ թե որպես վատ հայեր, այլ որպես մարդիկ, որոնք այդպես էին տեսնում ազգային քաղաքականության առավել արդյունավետ տարբերակը), իսկ նրանց հրաժարականները փաստացի զիջումներ էին հայկական ժողովրդական կազմակերպված պայքարին: 

Ես բերեցի այս օրինակները, որովհետեւ սրանք համեմատաբար մոտ են մեր սերնդին, շատերն են այդ փորձով անցել: Բայց հայոց եւ համաշխարհային պատմություններից կարելի է նման օրինակների անվերջություն բերել: Դրանց տրամաբանությունը մեկն է՝ դիմադրողը ոչ թե պատժվում է, այլ հաջող դիմադրության դեպքում դառնում պարտնյոր կամ նույնիսկ դաշնակից հենց այն ուժի, որին դիմադրում է, իսկ հանձնվողը ոչ թե պարգեւատրվում է, այլ ըստ հանգամանքների զոհաբերվում է՝ ի զիջում նրա, ով դիմադրում է: 1920 թվին հայ ժողովուրդը կորցրեց ոչ թե որովհետեւ դիմադրեց, այլ որովհետեւ բավականաչափ ուժեղ դիմադրություն չկարողացավ ցույց տալ, քիչ դիմադրեց: Դրա մանրամասները տվել ենք այլընտրանքային պատմության այն շարքում, որը նվիրված էր Առաջին Հանրապետության վերջին: 

Հիմա գանք ավելի կոնկրետ խնդիրներին:

Ենթադրենք՝ 1920 թվի մայիսին Հայաստանում ոչ թե ճնշվում է բոլշեւիկյան ապստամբությունը, այլ իշխանությունը հանձնվում է բոլշեւիկներին: Նախորդ հատվածում արդեն նշել ենք, որ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունում կային մարդիկ, այն էլ՝ շատ ազդեցիկ, որոնք դեմ չէին բոլշեւիկների հետ հարցը լուծել, այսպես ասած, խաղաղ ճանապարհով՝ պայմանավորվելով, բանակցելով եւ կոալիցիոն կառավարության ինչ-որ ձեւաչափ ստեղծելով: Բայց խնդիրն այն էր, որ հակառակ կողմից նման նպատակ չկար, այլ որոշված էր հարցը լուծել ուժով, առանց փոխզիջումների, ինչպես որ դա մասամբ տեղի ունեցավ, օրինակ, նույն Ադրբեջանում: Բայց խնդիրը նույնիսկ այս մանրամասները չեն: 

Խնդիրն այն է, որ ժամանակի հայ-ռուսական, թուրք-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերությունները ոչ թե հայերի դիրքորոշումից էին կախված՝ դիմադրողական, թե զիջողական կամ նույնիսկ հանձնվողական, այլ շատ ավելի լայն համաշխարհային շրջարկով: Այդ շրջարկը հայտնի է. բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական շարժումը Թուրքիայում, երկուսն էլ որպես թշնամի ունենալով անգլիական քաղաքականությունը, բնական դաշնակիցներ էին դարձել: Հայ ժողովուրդն այդտեղ մեղք չուներ, ոչինչ չէր կարող փոխել: Հայ ժողովրդի միակ «մեղքն» այն էր, որ իր քաղաքական նպատակները համընկնում էին ժամանակի անգլիական ուղղության հետ եւ հակադրված էին ռուս-թուրքականին: Սա ընտրության հարց չէր, այլ առարկայական փաստ: Հայաստան պետություն կամ նույնիսկ պարզապես հայկական ազգային տարածք ստեղծելու եւ ունենալու համար պետք էր հակադրվել ռուս-թուրքական դաշինքին: Խնդիրը, իհարկե, չափազանց բարդ էր, ծանր էր, բայց որքան էլ այսօր զարմանալի թվա՝ որոշ չափով լուծելի: Բացի ամենից նշեմ, որ երբ ասում ենք 1919-20 թթ. ռուս-թուրքական դաշինք, պետք չէ պատկերացնել այսօրվա Ռուսաստանն ու Թուրքիան կամ նախկին Ռուսական եւ Օսմանյան կայսրությունները: Այլ՝ շատ ավելի համեստ ուժերի տեր, համաշխարհային լեգիտիմությունից զուրկ, քաղաքականապես, տնտեսապես եւ ռազմական իմաստով անհամեմատ թույլ միավորների դաշինք: Հայաստանի համեմատ այն, իհարկե, էլի հզոր էր, բայց տոտալ գերազանցություն չունեցող, այլապես անկախ Հայաստան էլ չէր լինի: Եվ ինքը երկուսի՝ դաշինք էլ այնքան էլ անխնդիր չէր:

Այս հայտնի փաստերը հիշեցնում ենք միայն մի պատճառով, որ պարզ դառնա, որ եթե նույնիսկ Հայաստանը 1920-ի մայիսին «հանձնվեր», ապա տարածքային հարցերը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների հարցերը չէին լուծվելու զուտ հայ-ռուսական ձեւաչափով: Օրինակ՝ Ղարաբաղն ու Նախիջեւանը ոչ թե այն պատճառով հայտնվեցին Ադրբեջանի կազմում, որովհետեւ Ադրբեջանը կամովին բոլշեւիկյան դարձավ, իսկ Հայաստանը դիմադրեց բոլշեւիկներին: Ո՛չ, որովհետեւ այդ հարցը լուծվել էր լրիվ այլ՝ ավելի մեծ տրամաբանության մեջ: Ավելին՝ կարող էր է՛լ ավելի վատ լուծվել Հայաստանի համար, եթե չլիներ այն դիմադրությունը, որը եղավ հայերի կողմից 1920-ին: Ղարաբաղն ու Նախիջեւանը դարձան Ադրբեջանի մաս՝ ռուս-թուրքական մեծ դաշինքի տրամաբանությամբ, իսկ Ադրբեջանը կամովին «հանձնվեց» նույն այդ տրամաբանության մեջ: 

Ի՞նչ կլիներ, եթե 1920-ին Հայաստանը դառնար բոլշեւիկյան՝ կամովին կամ թեկուզ Մայիսյան ապստամբության արդյունքում: Նախ՝ Ղարաբաղն ու Նախիջեւանը Հայաստանի կազմից դուրս էին մնալու, ինչպես որ դուրս մնացին: Այս հարցերը պատկերացնելու համար պետք է մի սկզբունք պատկերացնել. Հայաստանի կազմում ի վերջո մնացին այն տարածքները, որոնք սեփական ուժերով կարողացել ենք պահել: Ոչ ոք մեզ ոչինչ ոչ տվել է, ոչ էլ մեծ հաշվով խլել: 1920-ի մայիսի դրությամբ Ղարաբաղն ու Նախիջեւանը հայկական վերահսկողությունից դուրս էին եւ դուրս էլ մնացին: Բայց եթե բոլշեւիկյան ապստամբությունը 1920-ին հաղթեր, դուրս կմնային Հայաստանի կազմից ոչ միայն այդ երկուսը: 

Նախ՝ ամենայն հավանականությամբ Հայաստանի կազմից դուրս կմնար Զանգեզուրը: Խնդիրն այն է, որ Զանգեզուրի հարցը՝ հօգուտ Հայաստանի սահմաններում մնալու, լուծվեց հենց 1920-ի ուշ գարնանից մինչեւ 1921-ի ամառը տեւած համառ պայքարում, որը Նժդեհը կոչում է հայ-բոլշեւիկյան պատերազմ: Սա մաս էր հայ-բոլշեւիկյան ավելի լայն, այսօրվա լեզվով ասած՝ հիբրիդային պատերազմի, որը ծավալվում էր այդ ժամանակ: Ճիշտ է, 1920-ի մայիսի դրությամբ Զանգեզուրը հայկական վերահսկողության տակ էր, սակայն հետագայում իրավիճակը փոխվել է. 1920-ի ամռանը բոլշեւիկները գրավեցին Գորիսը, Սիսիանը, ապա՝ Կապանը: Նժդեհը քաշվեց լեռները: 

Միայն 1920-ի հոկտեմբերին՝ հայ-թուրքական պատերազմին զուգահեռ, Նժդեհի ուժերը հետ վերցրին Կապանն ու Գորիսը՝ իջնելով Խուստուփի լեռներից: 1920-ի նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը վերջապես սովետական հռչակվեց, Ադրբեջանը հայտարարեց, որ Նախիջեւանը, Զանգեզուրն ու Ղարաբաղը ճանաչում է Հայաստանի մաս: Այդ խոստումը երբեք էլ ամբողջովին չիրականացավ՝ այն պարզ պատճառով, որ նման հարցերը խոստումներով են լուծվում: Իրապես Հայաստանի մաս ճանաչվեց միայն Զանգեզուրը՝ նույնպես այն պարզ պատճառով, որ այդ կարգավիճակը նվաճվեց համառ դիմադրությամբ: Այսօր կան մարդիկ, որոնք պնդում են, թե Զանգեզուրի հայտնվելը Հայաստանի կազմում Նժդեհի շնորհքը չէ, այլ Մյասնիկյանի դիվանագիտական ջանքերի: Ամենեւին էլ չթերագնահատելով Մյասնիկյանի դերը, որը, ինչպես Սովետական Հայաստանի այլ ղեկավարներ, իր կարողությունների սահմաններում արել է հնարավորը եւ ողբերգական ճակատագիր է ունեցել, նաեւ երկար տարիներ գիտակցված մոռացության է մատնվել սովետական քարոզչության կողմից (մինչեւ 1950-ականները), բայց մեծագույն սխալ է նման պնդումը: Դիվանագիտական ջանքերով հնարավոր չէ տարածք պահել կամ ազատագրել, եթե դիվանագիտականն ապահովված չէ ուժով: Եթե դիվանագիտությամբ հնար լիներ այսպիսի հարցեր լուծել, ապա նույն Մյասնիկյանը մնացած տարածքներն էլ Հայաստանի կազմում կկարողանար պահել, բայց զարմանալի զուգադիպությամբ դիվանագիտական ջանքը հաջողել է միայն այնտեղ, ուր նախապես ապահովվել է դիմադրություն: Այս կարճ վերլուծության հիմամբ ուրեմն կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ եթե Մայիսյան ապստամբությունը 1920-ին չճնշվեր, Զանգեզուրը չէր լինի Հայաստանի կազմում, եթե, իհարկե, նույնիսկ այդ պայմաններում Նժդեհը չշարունակեր դիմադրությունը, բայց հարց է՝ կունենա՞ր այդ հնարավորությունը, որովհետեւ 1920-ի աշնանը մի քիչ այլ պայմաններ կային:

Բայց միայն Զանգեզուրի խնդիրը չէ: Ինչպես նշել ենք, արդեն 1920-ի մայիսի դրությամբ Հայաստանին փաստացի չէր ենթարկվում, չնայած ձեւականորեն Հայաստանի կազմում էին, մի քանի խոշոր թրքաբնակ շրջան, այդ թվում Զանգիբասարը (ապագա Մասիսի շրջանը), Վեդին, Սեւանա լճի արեւելյան ափը եւ այլն: Այս բոլոր շրջաններն ապստամբել էին դեռեւս 1919-ի ամառվանից, որոնցից Զանգիբասարը՝ առավել մեծն ու հարուստը՝ Երեւանի քթի տակ: 1920-ի Մայիսյան ապստամբության ճնշման շարունակությունը եղավ այն, որ 1920-ի հունիսից հերթով ճնշվեցին եւ հայկական վերահսկողության տակ անցան նաեւ սրանք: Եվ սա պատահական չէր իհարկե, քանի որ թրքաբնակ ապստամբ շրջանները մասն էին ռուս-քեմալական մեծ դաշինքի, եւ բոլշեւիկյան ապստամբության ճնշման տրամաբանական հետեւանքն էր սրանց վերացումը: Մաքրելով Զանգիբասարն ու Վեդին՝ հայկական զորքերը հասան Շարուրի եւ Նախիջեւանի սահմաններին, որոնք նույնպես ձեւականորեն Հայաստանի մասն էին, սակայն փաստացի ապստամբ վիճակում էին: Այստեղ էլ առաջխաղացումը կանգ առավ ռուսական միջամտությամբ (մանրամասներն այստեղ մի կողմ ենք թողնում): 

Սա նշանակում է, որ եթե Հայաստանը 20 թվի մայիսին դառնար սովետական, շատ մեծ հավանականությամբ նրա կազմում չէին լինի նաեւ Վեդին ու Զանգիբասարը, ինչպես նաեւ Սեւանա լճի արեւելյան ափը: Որեւէ տրամաբանություն չկա այլ կերպ մտածելու: Նախիջեւանի հանրապետության տարածքն այսօր Հայաստանի կազմում չէ ճիշտ այն պատճառով, որ ժամանակին հայկական զորքերը կանգնեցին հենց դրա սահմաններին: Եթե կանգնեին, օրինակ, Վեդիի սահմաններին, որը կպած է Նախիջեւանի հանրապետությանը, ապա Վեդին նույնպես լինելու էր Նախիջեւանի հանրապետության մասը: Զանգիբասարը կտրված է Վեդիից նախկին Ղամարլուով՝ ներկայի Արտաշատով, որը հայաբնակ էր, բայց կարող էր եւս մեկ անկլավային տարածք դառնալ, ինչպես հենց Նախիջեւանն է անկլավային՝ չունենալով սահման բուն Ադրբեջանի Հանրապետության հետ: Իսկ Սեւանի արեւելյան ափն էլ շատ հանգիստ կարող էր միացվել Ադրբեջանին, եւ, կներեք մի քիչ անհամ կատակս, կարող էինք մի օր հայ-ադրբեջանական ծովային մարտեր ունենալ Սեւանա լճում: Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ Զանգեզուրից Զանգիբասար Հայաստանի սահմաններն այսօր այլ կլինեին, եթե Մայիսյան ապստամբությունը հաջողության հասներ, կամ եթե Հայաստանը կամովին դառնար սովետական 1920-ի մայիսին, եւ տարբերությունը գոնե նշյալ շրջաններում կլինեին ի վնաս մեզ: Նույնը կլիներ, եթե Մայիսյան ապստամբության ճնշումից հետո Հայաստանի կառավարությունը չանցներ թրքաբնակ շրջանների ապստամբությունների ճնշմանը, եւ եթե Նժդեհը չշարունակեր դիմադրությունը Զանգեզուրում: Այնպես որ, Հայաստանի դիմադրությունը 1920-ին հանգեցրել է շատ կոնկրետ արդյունքների, որոնց շնորհիվ ոչ միայն նշյալ տարածքները, այլեւ Ղարաբաղն է այսօր մերը, որովհետեւ ինքնին պարզ է, որ Ղարաբաղի ազատագրումը հնարավոր չէր լինի առանց առնվազն Զանգեզուրի վերահսկողության: Էլ չենք ասում, թե ինչի նման կլիներ Զանգեզուրի եւ Վայոց ձորի հայկական վերահսկողությունը, եթե ոչ միայն Նախիջեւանը, այլեւ, ասենք, Վեդին ու Վարդենիսն էլ լինեին Ադրբեջանի կազմում. պատկերացրեք այն ճանապարհը, որով Երեւանից պետք է հասնեինք Եղեգնաձոր՝ շրջանցելով թրքաբնակ տարածքները: 

Ավելի բարդ է պատասխանել Կարսի եւ Իգդիրի հետ կապված հարցերին: Իհարկե, եթե Հայաստանը 1920-ի մայիսին դառնար սովետական, պատճառ չպետք է լիներ հայ-թուրքական պատերազմի, հետեւաբար Կարսն ու Իգդիրը կարող էին մնալ Հայաստանի կազմում՝ ի տարբերություն Զանգեզուրի եւ մյուսների: Մյուս կողմից՝ միանշանակ սա պնդել չենք կարող: Ամեն բան կախված կլիներ արդեն ռուս-թուրքական հարաբերություններից, իսկ հայերն այլեւս գործոն չէին լինի, քանի որ «հանձնվածը» գործոն չէ: Եթե որոշվեր, որ, օրինակ, Իգդիրը պետք է լինի Ադրբեջանի կազմում, որպեսզի կապ ապահովի Նախիջեւանի հետ, ապա բարդ չէր լինի դա իրագործել, քանի որ Իգդիր քաղաքից դուրս այդ շրջանի հայկական վերահսկողությունն այսպես թե այնպես խնդրահարույց էր: Բայց այս հարցը մանրամասն չենք քննի՝ թողնելով սա էլ «հանձնման» կողմնակիցներին փեշքեշ: Համարենք, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կկորցներ Զանգեզուրը, Արարատյան դաշտի զգալի մասը, Սեւանի արեւելյան ափը, բայց հավանաբար կպահեր Կարսը ու երեւի թե Իգդիրը: Թե որն է ավելի լավ, թող որոշողը որոշի: Հարցը սակայն այս տարածքային մաթեմատիկան չէ: Հարցն այն է, որ հաստատապես դիմադրության արդյունքում է պահվել այն, ինչ կարողացել ենք պահել, եւ մյուս կողմից Կարսի ու Իգդիրի, ինչպես նաեւ Նախիջեւանի ու Ղարաբաղի կորուստը արդյունք են դիմադրության ոչ բավարար չափի: Ինչպես ցույց ենք տվել մեր այս շարքի նախորդ թեմաներից մեկում, մեր կարծիքով՝ հնարավոր էր 1920-ի աշնանը պահել Կարսը եւ չպարտվել հայ-թուրքական պատերազմում: 

Վերջապես փորձենք հասկանալ կապը 1920-ի մայիսի եւ 1920-ի աշնան՝ հայ-թուրքական պատերազմի եւ Կարսի անկման հետ: Պարզունակ կապեր փնտրողների կարծիքով, քանի որ Կարսի անկումը հետեւել է ժամանակի մեջ Մայիսյան ապստամբության ճնշմանը, եւ ընդհանրապես մեկ մեծ պայքարի մասն է եղել միեւնույն ուժերի դեմ, ապա Մայիսյան ապստամբության ճնշումն ուղիղ պատճառներից մեկն է Կարսի անկման: Այ, եթե չճնշեինք, չէինք էլ ստանա Կարսը: Մասամբ մենք արդեն հերքեցինք այս տրամաբանությունը եւ ցույց տվեցինք, թե ինչեր է իրականում հայ ժողովուրդը շահել 1920-ի մայիս-հունիսի հաղթանակների շնորհիվ: Բայց հիմա մի փոքր ավելի մանրամասնենք մի քանի կարեւոր խնդիր եւս: 

Ընդհանրապես, իհարկե, նման վերացական մտածողությունը տեղ չպետք է ունենա քաղաքական վերլուծության մեջ: Որքան էլ միմյանց հետ կապված լինեն 1920-ի գարնան-ամռան եւ աշնան իրադարձությունները, ճիշտ հետեւություններ անելու, այլ ոչ թե վերացական «իմաստություններ» ստանալու համար պետք է յուրաքանչյուրը վերլուծել առանձին-առանձին իր ներքին տրամաբանության, այլեւ՝ դեպքերի զարգացման, դինամիկայի մեջ: 

Մայիսյան ապստամբության ճնշմամբ եւ դրան հետեւած գործողություններով Հայաստանի կառավարությունը բռնել էր ճիշտ ուղղություն: Այդ ուղղությունը մեկ թերություն ուներ՝ այն բավականաչափ հետեւողական չէր: Եթե լիներ, ապա մեր կարծիքով՝ Կարսի պարտությունն էլ կարող էր չլինել, եւ նույնիսկ Հայաստանի սովետականացումը: Խնդիրն ուրեմն ոչ թե դիմադրությունն էր կամ դիմադրության կոշտությունը, այլ ոչ բավարար ու հետեւողական դիմադրությունը: Բացատրեմ: 

1920 թվի մայիսին Հայաստանում ստեղծվեց նոր կառավարություն, այսպես կոչված՝ Բյուրո կառավարությունը, որով իշխանությունն անթաքույց անցավ Դաշնակցության կուսակցության գերագույն մարմնին, այսինքն՝ փաստացի հռչակվեց կուսակցական դիկտատուրա, ինչը ստեղծված իրավիճակում ոչ միայն դրական, այլեւ միակ հնարավոր ելքն էր: Բայց այլ հարց է, որ իրական, հետեւողական դիկտատուրա Հայաստանում չհաստատվեց, եւ դա էր գլխավոր քաղաքական պարտության պատճառը: Ընթերցողը միգուցե զարմանա՝ կարծելով, որ տողերիս հեղինակը դիկտատուրաների կողմնակից է: Բնավ ոչ: Դիկտատուրայի կողմնակից կամ հակառակորդ լինելը, մեր մեջ ասած, քաղաքական դատարկություն է: Դիկտատուրան գործիք է, այլ ոչ թե գաղափար կամ նպատակ: Գործիք, որոնցով որոշ՝ ծայրահեղ իրավիճակներում պետք է լուծվեն շատ կոնկրետ հարցեր: Օրինակ՝ պատերազմների ժամանակ դիկտատուրայի որոշ տարրեր անհրաժեշտ են նույնիսկ առավել ազատ հանրություններում: Չի կարելի ընդհանրապես կողմ կամ դեմ լինել գործիքներին: Նույնն է, որ ասես, թե ես կողմ եմ մուրճերին եւ դեմ՝ հարթաշուրթերին: Նայած ինչ գործ ես ուզում անել՝ ըստ այդմ էլ ընտրում ես գործիքը։ 

Ո՞րն էր նոր կառավարության էական տարբերությունը նախորդ՝ Խատիսյանի կառավարությունից, որը գործեց 1918-ի վերջից: Եթե կարճ ձեւակերպենք, ապա Խատիսյանի կառավարության քաղաքականությունը «դիվանագիտությունն էր», իսկ նոր կառավարության հռչակած նպատակը՝ հեղափոխականությունը: Ի՞նչ է սա նշանակում: Խատիսյանի կառավարության հիմնական քաղաքական ակնկալիքը երկրից դուրս էր. սպասում էին, որ մեծ տերությունները կորոշեն Հայոց հարցը, կգծեն Հայաստանի սահմանները, եւ դրանից հետո մեծերի օգնությամբ էլ Հայաստանը կանցնի գործողությունների՝ իրացնելու համար իր հիմնական քաղաքական նպատակները: Ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանի հարցում անորոշ, սպասողական քաղաքականություն էր վարվում: Մինչ սպասում էին, թե երբ Անտանտը պետք է որոշի Արեւմտյան Հայաստանի սահմանները, Արեւելյան Հայաստանի բազմաթիվ շրջաններ, ինչպես ասացինք, ապստամբ վիճակում էին Հայաստանի կառավարության դեմ: Տաճկահայ տասնյակհազարավոր փախստականներ ամեն օր սովից մեռնում էին Երեւանի փողոցներում, բայց Երեւանից մի երկու քայլ այն կողմ հարուստ թուրքական գյուղերն իրենց անկախ էին համարում: Ի դեպ, նույն Արեւմտյան Հայաստանում այդ ժամանակ դեռ անորոշ վիճակ էր. քեմալական շարժումը դեռ նորմալ չէր ծավալվել, եւ իրավիճակի տերերը քրդերն էին: Ամբողջ 1919 թիվն անցավ այս անորոշ սպասման մեջ: Ինչպես մի առիթով գրել եմ այս նույն շարքում, 19 թիվը մեր նորագույն պատմության առանցքային տարին է, որին քիչ ուշադրություն է դարձվում, քանի որ հիմնական իրադարձությունները ծավալվեցին 20 թվին, բայց որը՝ 1919-ը, ըստ էության՝ կորսված տարի էր, որի քաղաքականությունը ցայսօր վճռեց մեր բախտը շատ հարցերում: Խատիսյանի կառավարության քաղաքականության փիլիսոփայությունը նորույթ չէր, այլ ուղիղ շարունակություն նախորդ տասնամյակների թիֆլիսահայ լիբերալ քաղաքական ուղղության՝ «զագրանիցա նամ պոմոժետ» պարզ տրամաբանության մեջ: Ցավոք, սա հայ ազգային-ազատագրական պայքարի չհաղթահարված երկվությունն էր. անվամբ հեղափոխական Դաշնակցությունը երբեք էլ մինչեւ վերջ հեղափոխական չդարձավ եւ միշտ էլ մնաց կես-լիբերալ, կես-հեղափոխական, միշտ էլ պարտվեց այնտեղ, ուր մնաց լիբերալ, եւ հաղթեց այնտեղ, ուր եղավ իրապես հեղափոխական: 

Բյուրո կառավարության քաղաքական տրամաբանությունը հակառակ էր Խատիսյանի «դիվանագիտությանը»: Որպես հեղափոխական տրամաբանության արտահայտություն՝ նրա գլխավոր հենարանը ոչ թե դրսում պետք է լիներ, այլ ներսում: Համապատասխանաբար գլխավոր քաղաքական գործիքը պետք է լինեին հեղափոխական կուսակցությունն ու ազատագրական պայքարի բովով անցած զինված խմբերը: Իսկ քաղաքականության մեխը ոչ թե սպասողականությունը, այլ նախաձեռնողությունն էր: Այդ տրամաբանության մեջ էլ նոր կառավարությունը սկսեց Արեւելյան Հայաստանի վերամիավորման գործընթացը: 

Մայիսյան ապստամբությունը ճնշվեց ոչ այնքան կանոնավոր բանակի, որքան տաճկահայ խմբապետների ու խմբերի ձեռամբ: Իսկ բանակի կադրային սպաները, ինչպես ասացինք, բավականին երկիմաստ դեր ունեցան ապստամբության օրերին: Եթե ձեռքի տակ չլինեին հեղափոխական ուղի անցած մարտական խմբերը, ապա ապստամբությունը ամենայն հավանականությամբ կհաղթեր: Բայց հենց բանակի հարցում էլ նոր կառավարությունն առավել անհետեւողական եղավ: Բանակի բոլոր գլխավոր դերակատարները մնացին իրենց տեղերում: Ռուսական կադրային սպաների եւ հեղափոխական տաճկահայ խմբերի ճիշտ բալանսով կազմավորված հայկական բանակն այդպես էլ չստեղծվեց: Փոխարենը կար փաստացի երկու բանակ, ընդ որում՝ գերիշխողը ռուսական կադրայինն էր, որի համար մյուսը վայրենիների հավաքածու էր: Այս առումով, օրինակ, Երրորդ Հանրապետության փորձը բանակաշինության գործում շատ ավելի հաջողակ էր. ճիշտ բալանսը պրոֆեսիոնալիզմի եւ հեղափոխականության այստեղ գտնվեց ու աշխատեց: 

Հենց այստեղ էլ Կարսի պարտության բանալին է: Հազարավոր էջեր են նվիրվել այդ թեմային՝ թե ինչու ընկավ Կարսը: Եթե ուզում ենք կարճ պատասխանն իմանալ, ապա հետեւյալն է՝ իրապես հեղափոխական կառավարությունը պետք է հայ-թուրքական պատերազմը վարեր որպես ժողովրդական, հայրենական պատերազմ, եւ դա կլիներ հաղթանակի գրավականը: Ցավոք, իրականում պատերազմը ոչ թե հայ-թուրքական էր, այլ ռուս-թուրքական, այն իմաստով, որ հայկական կողմից կռվող ուժը ոչ այնքան իրապես հայկական բանակն էր, այլ ռուսական բանակի հայկական մի ստորաբաժանում: Դա ինքնին վատ չէ, սակայն հայրենական պատերազմում հաղթելու համար՝ ոչ բավարար: 

Եվ ուրեմն, կապը 1920-ի մայիսյան դեպքերի եւ Կարսի անկման միջեւ ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես կարող է թվալ զուտ վերացական մոտեցման դեպքում: Իրական պատճառահետեւանքային կապն այն է, որ Մայիսյան ապստամբության ճնշմամբ սկսած հաղթանակների շարքը շարունակություն չստացավ 1920-ի երկրորդ կեսին, քանի որ բավականաչափ հետեւողականություն չեղավ սկսածը շարունակելու նույն հեղափոխական ոգով: Եվ այդուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում մայիսյան եւ հունիսյան հաղթանակները՝ բոլշեւիկյան ապստամբության ճնշումն ու թրքաբնակ շրջանների վերամիավորումը Հայաստանին, անհետեւանք չանցան. այսօրվա մեր տարածքի զգալի մասն ունենք շնորհիվ դրանց: 

Եվ վերջապես, եթե մեկն ուզում է ստուգել մեր այս պնդումները, թող վերհիշի, որ հայ-թուրքական պատերազմին զուգահեռ ընթանում էր Զանգեզուրի ինքնապաշտպանությունը, ուր նույն՝ 1920 թվի հոկտեմբերին Նժդեհն իր փոքրաթիվ ժողովրդական ուժերով հաղթում էր Կարմիր բանակին: 

Մայիսյան ապստամբության պատմության դրական այլընտրանք ուրեմն չկա: Իսկ այն, ինչ առաջարկվում է որոշ դեպքերում որպես այդպիսին, որպես հետեւանք՝ բերելու էր մի Հայաստանի, որի կազմում չէին լինելու Զանգեզուրը, Արարատյան դաշտի զգալի մասը եւ Սեւանի արեւելյան ափը: Շատ հնարավոր է, նաեւ այլ տարածքներ (օրինակ՝ Վայոց ձորը):

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *