Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

Ղարաբաղում հակադիր վիճակն էր: Այստեղ նախեւառաջ չկար միասնական կամք: Եթե Ղարաբաղի հայության մեծամասնությունը՝ գյուղական շրջանների բնակիչները, դեմ էին Ադրբեջանին միանալուն, ապա Ղարաբաղի մայրաքաղաք Շուշվա հայ մտավորականությունը եւ կուսակցական գործիչները նման վճռականություն չունեին, եւ պատրաստ էին «փոխզիջումների»:

Հրանտ Տէր Աբրահամյան

Ղարաբաղյան պատերազմ առանց Ղարաբաղի. Մաս I

Այլընտրանքային պատմությունՀրանտ Տէր-Աբրահամեան

ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Եթե ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը լիներ Սովետական Հայաստանի մաս, ապա մեր օրերի Հայաստանի պատմությունը լրիվ այլ կերպ կընթանար: Չէր լինի Ղարաբաղյան շարժումը, չէր լինի դրա ընդերքում եւ պայքարի տրամաբանությունից բխած անկախության պահանջը, չէր լինի Հայոց համազգային շարժումը եւ նրա ձեւավորած իշխանությունը, չէր լինի այդ շարժմամբ եւ հետագա պատերազմով ձեւավորված հայկական քաղաքական ու ռազմական վերնախավը: Հայաստանը կանկախանար, ինչպես եւ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները ԽՍՀՄ փլուզման փաստով, բայց առանց ներքին ջանքով ձեւակերպված եւ ապրված պահանջի:2019-03-1912,293

1. ՆԵՐԱԾԱԿԱՆ: ԹԵՄԱՅԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Այն, որ Լեռնային Ղարաբաղն  ի սկզբանե կարող էր լինել Սովետական Հայաստանի մաս, ամենեւին էլ անհնարին տարբերակ չէ: Այն պահից, երբ 1918-ի վերջից օսմանյան զորքերը սկսեցին հեռանալ Այսրկովկասից, եւ մինչեւ Հայաստանի վերջնական սովետականացումը 1921-ի ամռանը (Զանգեզուրում դիմադրության ճնշումից հետո), կարելի է գտնել մի քանի առանցքային կետ, որոնցում ԼՂ հարցը կարող էր վճռվել հօգուտ հայերի: Մենք չենք խորանա այդ բազմաթիվ տարբերակների մեջ, քանզի այն մեզ ստիպված կշեղեր դեպի մանրամասն եւ ծավալուն պատմական վերլուծություն: Միայն առանց մանրակրկիտ հիմնավորումների նշենք, որ մեր կարծիքով՝ Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման լավագույն հնարավորությունն 1918-21 թթ. ընկած էր 1919-ի առաջին կեսի սահմաններում, իսկ առավել անհավանականը՝ 1921-ին Ղարաբաղը հայերին «տալն» էր սովետական իշխանության կողմից: 

Այս հանգամանքը հատուկ ենք շեշտում, քանի որ վերջին տարիներին մի տեսակետ էին փորձում շրջանառել, թե իբր նույն Զանգեզուրի միացումը Հայաստանին կապված է ոչ թե Զանգեզուրի ժողովրդի եւ նրան տարբեր տարիներին առաջնորդած Անդրանիկի, Նժդեհի պայքարի հետ՝ ընդդեմ թուրքերի եւ ռուսների, այլ Սովետական Հայաստանի առաջին ղեկավարներից Մյասնիկյանի «դիվանագիտական» շնորհքն է, եւ դեռ ավելին. իբր, եթե չլիներ մինչեւ 1921-ի հուլիսը տեւած Զանգեզուրի դիմադրությունը, շնորհիվ նույն «դիվանագիտության»՝ գուցե Ղարաբաղն էլ հաջողվեր Հայաստանին միացնել (իբր Փետրվարյան ապստամբությունն ու դրա շարունակություն՝ Լեռնահայաստանի դիմադրությունն էր մեղավոր Հայաստանի վատ ճակատագրում):

Այստեղ գլխիվայր են շուռ տրվում ոչ միայն պարզապես կոնկրետ պատմական շրջանի, այլեւ ընդհանրապես համամարդկային պատմության ունիվերսալ եւ հիմնարար օրենքները:

Մյասնիկյանն իհարկե մեղավոր չէ, որ իրեն՝ ընդհանրապես իր արժանիքներն ու թերություններն ունեցող գործչին փորձում են վերագրել այն, ինչ հաստատապես նրա շնորհքը չէր:

ՀԱՐՑԸ, ԱՆՇՈՒՇՏ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՅՆ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀՐԱՄՑՆԵԼ ՄԻ ՏԵՍԱԿԵՏ, ԹԵ ԻԲՐ ԱՌԱՆՑ ՊԱՅՔԱՐԻ, ԱՌԱՆՑ ԿՌՎԻ, ԱՌԱՆՑ «ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԵԼՈՒ», ՄԻԱՅՆ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ», ՃԱՐՊԿՈՒԹՅԱՄԲ, ՃԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԵՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼ, ՎՃՌԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ:

Իրականում հենց Զանգեզուրի օրինակն էլ լավագույնս հուշում է այն տարբերակը, որով Ղարաբաղն էլ կարող էր մնալ Հայաստանի մաս: 1919-ի սկզբին անգլիացիները, որոնք մուտք էին գործել Այսրկովկաս, թուրքերի հեռանալուց հետո պահանջ էին դրել, որ Ադրբեջանին միացվեն ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Զանգեզուրը, իսկ հայերին խոստանում էին փոխհատուցել Արեւմտյան Հայաստանով: Սակայն Զանգեզուրում կար միասնական կամք՝ անգլիացիների որոշմանը չենթարկվելու, ինչն էլ երկու տարվա պայքարից հետո ստիպեց բոլորին՝ անգլիացիներին, ապա ռուսներին ու թուրքերին, ճանաչել Զանգեզուրը որպես Հայաստանի մաս: Մանրամասների մեջ կրկին չենք խորանում, բայց կարծում ենք, որ սա անհերքելի փաստ է:

Ղարաբաղում հակադիր վիճակն էր: Այստեղ նախեւառաջ չկար միասնական կամք: Եթե Ղարաբաղի հայության մեծամասնությունը՝ գյուղական շրջանների բնակիչները, դեմ էին Ադրբեջանին միանալուն, ապա Ղարաբաղի մայրաքաղաք Շուշվա հայ մտավորականությունը եւ կուսակցական գործիչները նման վճռականություն չունեին, եւ պատրաստ էին «փոխզիջումների»: Հայաստանի կառավարությունը նույնպես բավարար կամք չցուցաբերեց՝ տարված լինելով, կարծես, ավելի շատ Արեւմտյան Հայաստանի վերամիավորման հեռանկարով, քան Այսրկովկասի հայաբնակ տարածքների՝ Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղի, Ջավախքի, Զանգեզուրի, Նախիջեւանի հարցերում վճռականություն ցուցաբերելով: Բայց առաջնայինը հենց ներքին կամքն էր: Զանգեզուրում կար նախ ներքին միասնական կամք, եւ այդ կամքը 1919-21 թթ. օգնություն ստացավ «դրսից»՝ Անդրանիկից, նույն Հայաստանի կառավարությունից, Նժդեհից, եւ կարողացավ պարտադրել իրեն օտարներին՝ թուրքերին, անգլիացիներին եւ ռուսներին: Եթե Ղարաբաղում էլ հենց նույն 1919-ին լիներ այդ միասնական կամքը, ապա նրա ճակատագիրը եթե ոչ երաշխավորված, ապա շատ մեծ հավանականությամբ կլիներ նույնը, ինչ Զանգեզուրինը:

Այնպես որ, մեր այլընտրանքային պատմության հիմնավորման համար՝ որպես «իրական պատմությունից» տարբերակման կետ, կարող ենք ընտրել 1919 թվականի սկիզբը՝ պատկերացնելով, որ Ղարաբաղն ունեցավ նույն ճակատագիրը, ինչ Զանգեզուրը, այսինքն` սկզբում փաստացի եղավ, ապա ճանաչվեց որպես Հայաստանի մաս:

Տեսականորեն կարող էինք ընտրել եւ այլ տարբերակներ, օրինակ՝ 1920-ին Ղարաբաղում տեղի ունեցած ուշացած ապստամբության հնարավոր հաջողությունը: Բայց կարծես այդ ապստամբության անհաջողության պատճառն էլ ուշացած լինելն էր: 1920-ին արդեն ավելի բարդ էր իրականացնել այն, ինչի հիմքն ավելի հեշտորեն պետք է դրվեր 1919-ին:

Պարզելով մեր տարբերակման գլխավոր կետը՝ այժմ անցնենք տասնամյակների վրայով եւ պատկերացնենք մեզ 1991 թվականի մի Հայաստանում, որի մասն է ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը: Շարադրանքի պարզության համար պատկերացնենք, որ այն ունի մոտավորապես նույն սահմանները, ինչ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմում, գուցե մի փոքր փոփոխված, օրինակ` Լաչինով կամ այլ տեղով Հայաստանին միացող:

2. ՏԱԳՆԱՊԱԼԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1990-ԻՑ

Անկախության վախը

1991-ի աշունը Հայաստանում տագնապալի էր: Սովետական Միությունը փլուզվում էր, սովետական հանրապետությունները մեկը մյուսի հետեւից անկախություն էին հռչակում: Նրանցից որոշներում՝ Մերձբալթիկայում, Վրաստանում, մինչ այդ ծավալվել էին հուժկու անկախական, դեմոկրատական, զանգվածային շարժումներ: Մյուսներում, օրինակ՝ հարեւան Ադրբեջանում, թեեւ նման շարժում չկար, եւ արտաքուստ ամեն բան հանգիստ էր, եւ հանրությունն էլ՝ հավատարիմ սովետական կարգերին, սակայն չկար նաեւ վախ՝ կապված սովետական պետության փլուզման հետ. կարծում էին, որ եղբայրական Թուրքիան կլիներ նորանկախ Ադրբեջանի դաշնակիցն ու գործընկերը, իսկ Բաքվի նավթը կապահովեր տնտեսական ծաղկումը:


Այլ էր Հայաստանը: Պերեստրոյկայի ընթացքում նա մնաց ՍՍՀՄ առավել հանգիստ տարածքներից մեկը: Անկախության մասին այստեղ ոչ միայն չէին մտածում, այլեւ պարզապես վախենում էին: Արմատավորված էր այն պատկերացումը, որ եթե Հայաստանն անկախանա, ինչպես ժողովուրդն էր ասում, Թուրքիան եւ Իրանը անմիջապես կհարձակվեն մեզ վրա: Իսկ եթե նույնիսկ այդ հեռանկարին բառացի չէին էլ հավատում, միեւնույն է, անհանգիստ էին հատկապես Թուրքիայի հարցում, չէին պատկերացնում Հայաստանի անվտանգությունն առանց Ռուսաստանի, վախենում էին նաեւ իսլամական Իրանից, որ միջին սովետահայաստանցու համար ոչ թե հարեւան երկիր էր, այլ մի անորոշ, կիսահեքիաթային ուժ՝ մոտավորապես Շապուհի եւ Շահ Աբասի ժամանակներից: Այնպես որ, անկախության հեռանկարը, որը 1991-ին անսպասելիորեն եւ անհասկանալիորեն ուրվագծվում էր, ոչ միայն ոգեւորման առիթ չէր, այլ պարզապես վախի եւ տագնապի առարկա:

Հանրային ակտիվությունն ու կուսակցական ղեկավարությունը

Հանրային ակտիվությունը Հայաստանում պերեստրոյկայի շրջանում կենտրոնացած էր մի քանի հարցի շուրջ՝ բնապահպանություն, հայոց լեզու (ռուսական կրթության գերակայության խնդիրը), Ցեղասպանության ճանաչման խնդիր եւ այլն: Այս հարցերի շուրջ տեղի էին ունենում փոքրիկ միտինգներ, հավաքներ, քննարկումներ, հրապարակումներ, ձեւավորվում էին, այն ժամանակվա լեզվով ասած, ոչ ֆորմալ կազմակերպություններ: Դրանցից ոչ մեկը սակայն լայնածավալ համազգային շարժման առիթ չդարձավ եւ մնաց համեմատաբար սահմանափակ մտավորականության մի մասի օրակարգ:

1 «Թուրքիան եւ Իրանը կհարձակվեն մեզ վրա» «տեսությունը» ոչ թե հորինում եմ, այլ բառացի մեջբերում եմ 1985-86-ի կողմերը լսածս խոսակցություններից: Այն ժամանակ մոտ 10 տարեկան էի, բայց հիշում եմ մեծերի խոսակցություններն այդ թեմայով: Այսօրվա տեսակետից առավել զավեշտալին, իհարկե, «Իրանը կհարձակվի» մասն է: Բայց այդպիսին էր հայաստանցիների քաղաքական գիտակցության միջին մակարդակը Ղարաբաղյան շարժումից ընդամենը մի երկու-երեք տարի առաջ: Ընդ որում՝ այս խոսակցության մասնակիցները մարդիկ էին, որոնք սովետական կարգերի երկրպագու չէին եւ ցավով էին հիշում անկախ Հայաստանի անկումը 1920-ին: Այս՝ ինձ վրա տպավորություն թողած խոսացությունից եմ առաջին անգամ իմացել Կարսի անկման պատմության եւ դրանում հայ բոլշեւիկների դավաճանական դերի մասին՝ «հայ սպաներն ինքնասպան էին լինում», պատմում էր զրույցի մասնակիցներից մեկը, ում պապը եղել էր Նժդեհի զինվորներից: 

Անկախության հարցը փորձում էին բարձրացնել ընդհատակից դուրս եկած Ազգային միացյալ կուսակցության անդամները, սակայն նրանք ընդհանուր առմամբ մնում էին լուսանցքում, չնայած նրանց նկատմամբ հետաքրքրությունը որոշ չափով աճում էր, մանավանդ 1991-ի ընթացքում, երբ ՍՍՀՄ փլուզումն ակներեւ հեռանկար էր արդեն: Որոշ չափով շոշափվում էին Դաշտային Ղարաբաղում ապրող հայերի, նաեւ Հայաստանում ապրող ադրբեջանցիների խնդիրները, բարձրաձայնվում էր ջավախահայության հարցը, բայց սրանց ներուժն էլ սահմանափակ էր:

Քանի որ որեւէ ընդդիմադիր լուրջ շարժում 1986-91 թթ. Հայաստանում չծավալվեց, քաղաքական պայքարը սահմանափակվում էր իշխող Կոմկուսի ներքին ինտրիգներով: Ընդհանուր առմամբ հանրապետության ղեկավարությունը, ի դեմս առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի, փորձում էր չափավոր համահունչ լինել հանրային պահանջներին, մանավանդ որ, դրանք վտանգավոր չէին ղեկավարության տեսակետից՝ իշխանության հավակնություն չունենալով: Այս իմաստով Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ համարվում էր առավել բաց եւ ազատամիտ մյուս հանրապետությունների համեմատ: Այդուհանդերձ, բարձրաձայնված հանրային խնդիրներն առանձնապես լուրջ լուծում չէին ստանում: Հատկապես ռուսական դպրոցների գերակայության խնդիրն այդպես էլ չհաջողվեց լուծել, եւ Հայաստանն անկախանալուց էլ հետո մնաց ռուսական կրթության երկիր:

Չնայած Դեմիրճյանի ղեկավարության դեմ փորձում էին գործել թե՛ ներսից, թե՛ դրսից՝ Մոսկվայից, բայց որեւէ ամուր հանրային հենարան չունենալով, որեւէ լուրջ առիթ չգտնելով՝ նրան այդպես էլ չկարողացան զրկել իր պաշտոնից: Մոսկվան չէր ուզում գնալ կտրուկ եւ բաց քայլերի, իսկ ներսի պալատական ուժերն էլ թույլ էին: Դեմիրճյանը մնաց Հայաստանի ղեկավար անկախության շեմին եւ անկախությունը հռչակելուց հետո:

Պարտադրված անկախություն. տնտեսական անկում

Հայաստանի անկախությունը հռչակվեց բոլորից ուշ՝ 1991-ի դեկտեմբերին, երբ արդեն Սովետական Միություն պարզապես չկար:

Կարեն Դեմիրճյանը զգուշորեն առաջնորդում էր Հայաստանը նոր իրավիճակում: Ինչպես հետսովետական ամբողջ տարածքում, Հայաստանում եւս հնարավոր չեղավ խուսափել դեինդուստրիալիզացիայից եւ տնտեսական անկումից: Սովետական մեծ տնտեսական համակարգը, հատկապես ռազմարդյունաբերական համալիրը սպասարկող գործարանների մեծ մասը կամ կանգնեց, կամ աշխատում էր թույլ չափով: Որոշ բաներ հաջողվեց պահպանել, բայց ընդհանուր առմամբ երկիրը վերապրեց հասարակական կառուցվածի ու տնտեսական մոդելի արմատական վերափոխում: Արտադրող երկրից Հայաստանն աստիճանաբար վերափոխվեց համաշխարհային տրանզիտը սպասարկող, մասամբ հումք արտահանող երկրի: Այս անցումը կախված չէր որեւէ մեկի կամքից, այլ թելադրված էր մեծ՝ համաշխարհային ու տարածաշրջանային միջավայրի գործընթացներով:

Բավականին մեծ էր նաեւ արտագաղթի թիվը: Նոր տնտեսական համակարգն այլեւս ի զորու չէր փոքր Հայաստանում կենտրոնացած պահել 4 միլիոն բնակչություն: Արդեն Սովետական Միության ուշ շրջանում սկսվել էին արտագաղթի դանդաղ գործընթացներ, որոնք զսպվում էին սովետական փակ համակարգով: Նոր պայմաններում, հնարավորությունների բացվելուն պես արտագաղթի ալիքն ուժգնացավ թե՛ դեպի Արեւմուտք, թե՛ դեպի Ռուսաստան: Տարիների ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ լքեց Հայաստանը:

Թուրք-ադրբեջանական Մեծ շուկան եւ Հայաստանը

Տնտեսական քաղաքականության առանցքում ընկած էին հարաբերությունները հարեւանների, հատկապես՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԴԻՆԱՄԻԿ ՏԵՄՊԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՈՂՆ ԷՐ՝ ՇՆՈՐՀԻՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԷԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՅՍ ԳՈՐԾՈՆԻ ՇՈՒՐՋԸ: ՍՐԱՆՔ ԴԱՐՁԵԼ ԷԻՆ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ:

Թուրքիայի հետ հարաբերությունները զգուշորեն, բայց հետեւողականորեն զարգանում էին: Հանրության մեջ զգալի տագնապ կար այս առթով: Բայց մյուս կողմից տնտեսական շահերի թելադրանքը ստիպում էր կառավարությանն աստիճանաբար ներգրավվել թուրքերի հետ հարաբերությունների մեջ: Թուրքական էժան ապրանքը լցվում էր Հայաստան, որի հետ մրցակցությանը տեղական արտադրությունը չէր դիմանում, իսկ այն պաշտպանելու որեւէ հնարավորություն կառավարությունը չուներ: Հայաստանը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը միավորող տարանցիկ կետ էր, որն ուզած-չուզած ինտեգրվում էր իրենից ավելի հզոր երկու տնտեսությունների մեջ: Նույնն էր մոտավորապես նաեւ Վրաստանի դրությունը: Ստեղծվում էր տարածաշրջանային Մեծ շուկա, որին մասնակցությունն այլընտրանք չուներ, եւ այդ շուկան էլ թելադրում էր քաղաքականություն: Այս սխեմայի մեջ մտնում էր մասամբ նաեւ Իրանը, բայց նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը համեմատաբար ավելի փոքր էին:

Լարման առաջին կետը. քաղաքականապես թույլ Հայաստանը եւ հարստացող հայերը

Ադրբեջանի, մասամբ նաեւ Հայաստանի հայությունն ակտիվորեն ներգրավվում էր նոր տնտեսական իրականության մեջ: Այսրկովկասի տնտեսական ձգողական կենտրոնը, ինտեգրացիոն «մայրաքաղաքը» դառնում էր Բաքուն: Բաքվի եւ առհասարակ Ադրբեջանի հայությունը որոշակի դեր է սկսում խաղալ Ադրբեջանի տնտեսության մեջ, նախեւառաջ, պարզ է, նավթարդյունաբերությունում: Չնայած Ադրբեջանի հանրության այդ առիթով չթաքցվող տագնապների, նաեւ ղեկավարության զսպված, բայց հետեւողական քաղաքականության՝ չեզոքացնելու հայերի առաջխաղացումը, հնարավոր չէր այդ գործընթացն ամբողջովին կասեցնել: Բաքվում հայտնվում է մի քանի հայ մեծահարուստ: Նաեւ հարստանում են հայ մասնագետները: Հայաստանի հատկապես հարավային շրջաններից՝ Զանգեզուրից, Ղարաբաղից, բնակչության բավականին ակտիվ հոսք է գնում արագ զարգացող Բաքու, որոնք տեղում աշխատանք են փնտրում որպես բանվորներ կամ փորձում փոքր բիզնեսներ հիմնելով հարստանալ: Հարստացած հայերը ներդրումներ են անում տարածաշրջանային մակարդակում՝ բացի Հայաստանից նաեւ Վրաստանում: Ինչ-որ չափով, թեեւ ավելի զսպված, բայց կրկնվում է 20-րդ դարի սկզբի իրավիճակը, երբ հայերը հավակնում են դառնալ առաջատար տնտեսական գործոն Այսրկովկասում:

Այս իրավիճակի մեջ թաքնված էր աճող լարում ու հակասություն: Մի կողմից քաղաքականապես Հայաստանն առավել թույլ օղակ էր: Նա ռեսուրսային տեսակետից ամենաթույլն էր, չուներ բնական պաշարներ, ելք դեպի ծով, տարածքով եւ բնակչությամբ զիջում էր մյուսներին: Հոգեբանորեն նույնպես հայերը, ի տարբերություն Ադրբեջանի թուրքերի, հասկանալի պատճառներով ավելի ընկճված էին, քանի որ ազգային գիտակցությունը պահպանում էր թուրքական վտանգի մասին հիշողությունը:

ՄԱՍԸ ԴԱՌՆԱԼՈՎ ՄԵԾ ՇՈՒԿԱՅԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՆՎԱՆԱՊԵՍ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼՈՎ, ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԶՐԿՎՈՒՄ ԷՐ ԻՐ ՍՈՒԲՅԵԿՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԻՆՉՆ ԷԼ ՀԱՍԿԱՑՎՈՒՄ ԵՒ ԶԳԱՑՎՈՒՄ ԷՐ, ՉՆԱՅԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՉԷՐ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՒՄ: ԲԱՅՑ ԽՈՍՎՈՒՄ ԷՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՆԱԵՒ՝ ԿԵՆՑԱՂՈՒՄ:

Մյուս կողմից քաղաքականապես երկրորդական այս ազգը տնտեսական դիրքեր էր գրավում, իր միջից մեծահարուստներ էր դուրս բերում եւ մասնագետներ, որոնք գործում էին բուն կենտրոնում՝ Բաքվում, եւ այստեղից էլ հարստանալով՝ ազդեցություն տարածքում մյուս ուղղություններով:

Լարման երկրորդ կետը. Հայաստանի աճող եւ հարստացող թուրք բնակչությունը

Մյուս կողմից կար Հայաստանում ապրող թուրքերի գործոնը: ՍՍՀՄ փլուզման պահին Հայաստանում կար մոտ 200.000 ադրբեջանցի թուրք, ինչը չէր կազմում բնակչության նույնիսկ 10 տոկոսը: Նրանց բնակության կոմպակտ վայրերը զգալիորեն կրճատվել էին 20-րդ դարի ընթացքում: Նախկին մեծ արեաների փոխարեն մնացել էին փոքր կղզյակներ Մասիսի, Ամասիայի, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի, Ղափանի, Վարդենիսի եւ մի քանի այլ շրջաններում: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի թուրքերը, լինելով գերազանցապես գյուղաբնակ, աչքի էին ընկնում բնական աճի զգալիորեն բարձր ցուցանիշով, որը գերազանցում էր թե՛ միջին հայկականը, թե՛ նույնիսկ որոշ չափով միջին ադրբեջանականը բուն Ադրբեջանում: 1990-ականերին եւ հետագայում Հայաստանից արտագաղթի ալիքը, որի արդյունքում մի քանի 100 հազար մարդ լքեց երկիրը, գյուղաբնակ թուրքերին քիչ անդրադարձավ. նրանց մեծ մասը մնաց տեղում, եւ 2000-ի սկզբին Հայաստանում թուրքերի թիվը հասավ 300.000-ի՝ հետագայում ավելանալով եւ ձգտելով կես միլիոնի: Հաշվի առնելով, որ հայերի թիվը Հայաստանում նույն ընթացքում՝ բնական ավելի ցածր աճի եւ մյուս կողմից արտագաղթի համադրության արդյունքում չէր աճում, այլ մնում էր մոտավորապես նույնը եւ մի փոքր էլ ավելի ցածր մակարդակի՝ չանցնելով 3 միլիոնի սահմանը, ստացվում էր, որ տոկոսային առումով Հայաստանի թուրքերի թիվն աճում էր՝ հատելով 10 տոկոսի շեմը:

Ինքնին սա այնքան էլ մեծ թիվ չէր, սակայն, քանի որ տնտեսապես եւ դրա հիմքով փաստացի նաեւ քաղաքականապես Հայաստանը դարձել էր Թուրքիա-Ադրբեջան առանցքի շուրջը կայացող Մեծ շուկայի մաս, թուրք բնակչության գործոնը ստանում էր բացի քանակականից, նաեւ հավելյալ արժեք:

Հասկանալի է, որ հարստացող Ադրբեջանի, նաեւ զգալի չափով՝ Թուրքիայի քաղաքականության մասն էր ամեն կերպ ամրացնել իրենց ազգակիցների դիրքերը Հայաստանում, որի համար ծախսվում էին համապատասխան գումարներ: Տարիների ընթացքում դանդաղ, բայց հետեւողականորեն թուրք գյուղերը Հայաստանի առավել աղքատ եւ հետամնաց գյուղերից վերածվում էին առավել հարուստ ու բարեկեցիկ բնակավայրերի: Տարվում էր հատուկ քաղաքականություն թուրք գյուղացուն իր հողին ամրացնելու, «հայրենիքը» չլքելու ուղղությամբ: Հայկական գյուղերը՝ զրկված նման լայնամասշտաբ աջակցությունից, քանի որ հայկական պետությունն ի զորու չէր այս հարցում մրցել իրենից ավելի հարուստ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ ջանքերի հետ, աստիճանաբար պարտվում էր այս ոչ պաշտոնական մրցավազքում: Եթե ավանդաբար հայերը հպարտանում էին, որ հայ գյուղացին ավելի հարուստ եւ բարեկեցիկ է, քան իր թուրք հարեւանը, ապա այժմ պատկերը շրջվում էր:

Բնական է, որ այս կետում էլ լարվածություն էր կուտակվում: Չնայած դրան՝ Հայաստանը ստիպված էր աչք փակել, անտեսել այս խնդիրը՝ տնտեսապես, փաստացի եւ քաղաքականապես կախված լինելով թուրքական մեծ դաշինքից եւ չունենալով բնական դաշնակիցներ, որոնց աջակցությանը կարող էր հույս դնել:

Աճող տագնապը, գեղարվեստական գրականությունը, Դաշնակցությունը

Հայ հանրության աճող տագնապն ու դժգոհությունն իրավիճակից, չունենալով լիարժեք քաղաքական խողովակ, դրսեւորվում էր ավելի շատ գեղարվեստական գրականության, որոշ չափով նաեւ մամուլի մեջ: Որքան էլ զարգանում էին տնտեսական կապերը երկու թուրք հարեւանների հետ, հայերի մեջ ոչ միայն չէր դադարում, այլեւ՝ ելնելով իրավիճակից՝ ավելանում էր անհանգստությունը: Հայկական ազգային գիտակցությունը, ե՛ւ ավանդույթի ուժով, ե՛ւ ներկայի փաստերից ելնելով, չէր կարողանում մարսել նոր իրավիճակը, եւ փորձում էր իրեն հասու միջոցներով ելքեր գտնել, որոնք, սակայն չէին երեւում: Բոլոր բանական հաշվարկները դեմ էին իրավիճակից որեւէ ելք գտնելուն:

Քաղաքական ուժերից Դաշնակցությունը, որը վերադարձել էր Հայաստան, անկախացումից հետո միայն որոշ չափով էր փորձում արտահայտել կուտակվող դժգոհությունը, ինչին Հայաստանի ղեկավարությունը դեմ չէր: Սակայն այդ կեսպաշտոնական դժգոհությունը պետք է տեղավորվեր որոշակի սահմանների մեջ՝ չվնասելու համար պետական քաղաքականությունը, մանավանդ որ, թուրք եղբայրներն աչալուրջ հետեւում էին զարգացումներին եւ պատրաստ էին պատասխան հակահարվածների:

Դաշնակցության վերադարձը Հայաստան սկզբում ընդունել էին հետաքրքրությամբ եւ որոշ ոգեւորությամբ: Սակայն առարկայորեն այդ ուժը չէր կարող արդարացնել այն սպասումները, որոնք կապվում էին իր հետ: Նախ՝ իրավիճակն այնպիսին էր, որ ցանկացած ուժի, որը չէր ուզում հայտնվել լուսանցքում, թելադրում էր չափավոր դիրքորոշում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում: Երկրորդ՝ դեռ 1960-ականներից Դաշնակցության ղեկավարության նոր սերունդը, կապեր հաստատելով սովետական գաղտնի գործակալությունների հետ, այդ ժամանակվանից ի վեր արդեն նախկին ինքնուրույն ուժը չէր: Վերադառնալով Հայաստան՝ նրանք, ըստ էության, շարունակեցին այն համագործակցությունը նախկին կոմկուսի հետ, որը ձեւավորվել էր արդեն ՍՍՀՄ գոյության վերջին 20 տարում: Պարզապես այժմ գաղտնին, ոչ պաշտոնականը վերածվեց բացի եւ պաշտոնականի:

Դաշնակցությունն ամբողջովին չմիաձուլվեց իշխող ուժի՝ Ժողովրդական կուսակցություն վերանվանված նախկին Կոմկուսի հետ, այլ միշտ էլ մնաց չափավոր ընդդիմադիր դիրքերում: Սակայն դա ավելի շատ ոչ պաշտոնական համագործակցություն, քան լիարժեք ընդդիմություն էր. Դաշնակցությունը պետք էր իշխանությանը, իսկ իշխանությունը՝ Դաշնակցությանը:

Ինքնին դատապարտելի չէր այս ընթացքը, այլ բխում էր, ինչպես ասացինք, առարկայական պայմաններից. լուրջ հավակնություններ ունեցող եւ համեմատաբար լուրջ ռեսուրսների տեր քաղաքական ուժը չէր էլ կարող այլ դիրք գրավել: Ճիշտ է, դաշնակցականների հեռահար նպատակը մնում էր սեփական իշխանություն ձեւավորելը, բայց դա առայժմ թողնված էր ապագային, քանի որ ներկայում այն հնարավոր չէր ո՛չ ներքին, ոչ էլ արտաքին պատճառներով: Հետեւաբար Դաշնակցությանը մնում էր կամ հայտնվել լուսանցքում այդքան տարի երազած վերադարձից հետո, կամ էլ գտնել մի մոդուս վիվենդի Հայաստանի իշխող ուժի հետ: Քանի որ ձգտումը երկկողմանի էր, մոդուս վիվենդին կայացավ: Դաշնակցությունը իշխող Ժողովրդականից հետո երկրորդ ազդեցիկ ուժն էր: Մյուս քաղաքական ուժերն անհամեմատ թույլ էին, այդ թվում՝ նախկին ԱՄԿ-ի մի մասից ձեւավորված Հանրապետականը եւ այլք:

Արտաքին ազդակները

Արտաքին ուժերից Ռուսաստանը, որը 90-ականների անկումից հետո՝ 2000-ականներից, կայունանում է եւ սկսում մտածել հետսովետական տարածքում իր երբեմնի ազդեցության վերականգման մասին, որոշ չափով փորձում է աջակցել Հայաստանում հակաթուրքական տրամադրություններին: Սակայն ռուսների հնարավորությունները մեծ չէին, քանի որ այսրկովկասյան տնտեսական ու քաղաքական ինտեգրացիայի, փաստացի միասնության դեմ նրանց լծակներն այնքան էլ շատ չէին: Ըստ էության՝ ռուսները, եթե դուրս չէին մնացել տարածաշրջանային խաղից, ապա առաջնային դիրքեր հաստատ չունեին:

Իր մտահոգություններն ուներ նաեւ Իրանը, որի հնարավորություններն ավելի մեծ էին, բայց Իրանն էլ առժամանակ վարում էր զգուշավոր քաղաքականություն: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ամերիկացիների քաղաքականությունն էր այսրկովկասյան ինտեգրացիային աջակցելը եւ տարածաշրջանում հենարան ստեղծելը ռուսական հնարավոր վերադարձի, ինչպես նաեւ իրանական ազդեցության տարածման դեմ: Եվրոպացիները սեփական քաղաքականություն չունեին եւ չէին էլ կարող ունենալ որպես աշխարհաքաղաքական երբեմնի ազդեցությունից վաղուց զուրկ, փաստացի համաշխարհային գավառ, որի միակ փառքը մնացել էր սեփական իրավակարգով ու տնտեսությամբ հպարտանալը, քաղաքական իրական ուժը իրավական ճոռոմաբանությամբ փոխարինելը:

Ընդհանուր առմամբ համաշխարհային իրավիճակը մնում էր կայուն, մինչեւ 2010-ականների սկիզբը, եւ դա էր դարձել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը: Համաշխարհային իրավիճակի անկայունացման նշանները, որոնք երեւացին 2010-ականների սկզբին, սկսեցին խարխլել այդ երաշխիքը:

Հայաստանի ներսում կայունության երաշխիքը ոչ այնքան պետական ապարատը կամ կուսակցական համակարգն էր, որքան Կարեն Դեմիրճյանի անձը, որը, չնայած ծերացող տարիքին, շարունակում էր ամուր պահել բոլոր կարեւոր լծակները: Նրա կառավարման ոճը, չնայած միանձնյա դիրքին, նուրբ էր, իսկ կառուցած համակարգը՝ բազմաշերտ ու բավականին ճկուն, սակայն անձնակենտրոն լինելով՝ բնականաբար ուներ լուրջ թերություններ, որոնցից մեկը ժառանգորդի հարցն էր:

(Շարունակելի)

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *