ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անբավարարվածություն

Հայերի համար կայսերական Ռուսաստանում սոցիալիստական շարժմանը միանալը գեղեցիկ է և ազնիվ, բայց և միամիտ մի շարժում էր, որի ընթացքում ֆեոդալներն ու բուրժուաները այդպես էլ սոցիալիստ չդարձան, ինչպես նաև թքած ունեցան ազգային կոչվածի վրա:

Արայիկ Մկրտումյան

Հայաստանում առայժմ շարունակվում է ընդհանուր իներցիոն քաոսը: Ինչ որ բան կատարվում է, բայց թե ինչ, որտեղ, երբ…լիովին հասկանալի չէ: Ու քանի որ ամեն ինչ տանում հասցնում է քաղաքականության, ես էլի ստիպված եմ շոշափել ամեն ինչի՝ քաղաքական կողմը: 

Հիմա, երբ ամեն ինչ այնքան աղավաղված է ու սահմանները կորցված, տեսական մաքուր գիտությունն իր տեղը զիջել է փչացած պրակտիկային, այլևս հնարավոր չի լինում որևէ քննարկում անել հասկանալու, որպես երևույթ մեկնաբանելու, և ըստ տրամաբանության՝ գործելու համար:

Ընդհանրապես քաղաքակրթական ընթացքը ցույց է տվել, որ նախ հումանիտար-տեսական ցանկություն-երազանք-նպատակն է ծնվում կարիքից ու անհրաժեշտությունից, պակասից ու հետո այդ ամենը փորձ է արվում բերել իրական դաշտ, այսինքն իրացնել: Հակառակը չեն անում, անիմաստ է: Օրինակ մարդը երազեց սավառնել և ի վերջո ստեղծեց ինքնաթիռ: Երազանքը դարձավ պրակտիկ գործողություն: Բայց օրինակ ոչ ոք երբևէ չի փորձում ինքնաթիռը ցույց տալ և բացատրել, որ այդ ինքնաթիռ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, հասկանում են, գիտեն: Ինքնաթիռն այս դեպքում արդեն հաստատված փաստ է, աքսիոմա, որն այլևս ապացուցման կարիք չունի:

Իսկ ի՞նչ կապ ունի ինքնաթիռը հայկական քաղաքական դաշտի հետ: Կապն այն է, որ Հայաստանում հիմա մարդիկ փորձում են իրար բացատրել այն, ինչը կամ բոլորի աչքի առաջ դրված է, կամ էլ ընդհանրապես գոյություն չունի: Ու դրանից սկսվում է հերթական մի կաթիլ մեղրը, որի փուլային ավարտից հետո մենք նստում և մտածում ենք, թե էլ ինչ թեմայով կարելի է իրար միս կրծել:

Հայկական քաղաքական առօրյան, ինքն իրենով մի գնահատելի բան չէ, բայց արդեն իսկ հասցրել է այնքան առասպելներ ու հեքիաթներ հնարել, որ հաճախ այլևս հնարավոր չի լինում հասկանալ, թե որ հատվածում է ստի ամենամեծ դոզան: Մենք կփորձենք ցորենն առանձնացնել մոլախոտից, ինչքան էլ որ անպտուղ ու անիմաստ է թվում այդ ամենը:

Ընդհանրապես հայկական քաղաքականության ամենահայկական մասն այն է, որ այն երբեք հայկական ուղղվածության չի եղել: Հայկական քաղաքականությունը մեծ մասամբ օտար ուղղություններ պաշտպանելն է ու ներսում իրար ատելը, որին անվանում են քաղաքական պայքար: Իհարկե ողբերգություն է այս ամենը, բայց հարկավոր է հասկանալ, որ այն ինչ այսօր կա, մի օրում և նույնիսկ մեկ տասնամյակում չի ստեղծվել, այլ ունի իր երկարատև ու բարդ ձևավորման ընթացքը:

Առաջին փուլ՝ արձագանք:

Հայկական քաղաքական դաշտը, որ կարելի է ասել փորձեց կայանալ 1880-ականների վերջից, ծնունդ տվեց երեք կուսակցության, որոնք միաբերան որդեգրեցին ինտերնացիոնալ գաղափարախոսությունը, սոցիալիստական տնտեսվարությունը ու էլի բավական ճոխ բառերով արտահայտվող իդեալներ, որոնք ավազի վրա ցանված սերմի էին նման, քանի որ պտուղ չտվին: Իսկ ինչո՞ւ: Դե որովհետև այն ինչի համը հայերը նոր էին տեսնում 1880-ականների վերջում, եվրոպացիներն արդեն հասցրել էին զզվել դրանից: Եվրոպայում նույնիսկ դրանից 100 տարի առաջ արդեն իսկ հասցրել էին պատմության ամենամեծ, ամենահրաշալի, ամենաարյունահեղ ու սարսափելի հեղափոխություններից մեկն անել, որն էլ ինքն իրենով դարձավ մեր ժամանակակից ժողովրդավարության, ազատության, հավասարության և օրենքի գերակայություն քարոզող պետության մոդելի նախասկիզբը: 

Հայերի համար կայսերական Ռուսաստանում սոցիալիստական շարժմանը միանալը գեղեցիկ և ազնիվ, բայց և միամիտ մի շարժում էր, որի ընթացքում ֆեոդալներն ու բուրժուաները այդպես էլ սոցիալիստ չդարձան, ինչպես նաև թքած ունեցան ազգային կոչվածի վրա: 

Այն ինչ կատարվում էր 1880-ականներից մինչև 1920թ. ոչ թե գործընթաց էր, այլ արձագանք: Հայերը ուշացումով և կիսատ պռատ արձագանքում էին համաշխարհային իրողություններին:

Հետո եկավ ԽՍՀՄ ժամանակաշրջանը և հայկական քաղաքականության հայաստանյան հատվածը մտավ «կատարողական» դաշտ, երբ քաղաքականություն ըստ էության չկար՝ Մոսկվան հրամայում էր, Երևանը՝ կատարում: Իհարկե այդ ընթացքում չէին մոռանում երկարաշունչ ժողովներն ու հսկայական պլենումները, քննարկումները, որ ոչ ոքի հետաքրքիր չէին, քվեարկությունները, որի արդյուքները նախապես որոշված էր և այլն, և այլն, և այլն: Այդ կրկեսը, որի պաշտոնական անունը սոցիալիզմ էր, որի շարունակությունը կոմունիզմը պիտի լիներ, այլանդակեց ու այլասերեց քաղաքականություն կոչված մշակույթն ամբողջովին, վերջում էլ իր դատարկությունից ինքն էլ փլվեց ու հայերին կանգնեցրեց նոր սթրեսի առաջ:

Սկսվեց մեր անկախության ժամանակաշրջանը և սկսվեց նաև երրորդ փուլը՝

Իմիտացիա կամ նմանակում:

Սկսվեց մի հերթական ընթացք, որի ժամանակ հայ քաղաքական միտքը չէր արձագանքում և չէր կատարում (որովհետև մշակութային տեր չկար, հակառակը՝ անտերություն էր սկսվել) այլ իմիտացիա: Մենք սկսեցինք ինչ որ բան անել, հավատացնելով, որ իրոք ինչ որ բան ենք անում: Նման այն հեքիաթին, որ երբ կալվածատերը գնում է ծառային հսկելու, որ վերջինս լավ աշխատի, դեռ հեռվից տեսնում է, որ ծառան քափ-քրտինք մտած հնձում է: Ուրախացած մոտենում է և տեսնում, որ ծառան չի հնձում, այլ փայտի մի կտոր թափահարում է, թե իբր հնձում է: Ի պատասխան տիրոջ գոռգոռոցներին, ծառան պատասխանում է. «Կարևորը հարևանները կարծում են թե հնձում եմ»: 

Մենք այլևս չգիտենք, թե ինչ անել: Մերը, եթե սրանից մի քանի տարի առաջ իմիտացիա էր ու մենք մեզ համոզում էինք, որ ինչ որ բան ենք անում, հիմա չարացած նստած գլորվում ենք ոչ մի տեղ: Մերը հիմա չորրորդ փուլն է՝ քաոսը: Իսկ քաոսը շարունակվում է այնքան, մինչև այդ պտույտի ընթացքում ծնվի որևէ կայծ, լինի մեծ բախումն ու ծնվի մի նոր աշխարհ: 

Մինչ այդ մենք շարունակելու ենք որպես հասարակություն ապրել 45 տարեկան մարդու նման: Հայերի կարծիքով այդ տարիքում ճգնաժամ է առաջանում մարդու մոտ: Երեխաներն արդեն մեծացել են և իր օգնության կարիքը գրեթե չունեն, ծնողները դեռևս ողջ առողջ են, դեռ մի 15 տարի հանգիստ կապրեն, ֆուտբոլը նույն վիճակում է, աշխատատեղում ամեն օր նույն բանն է, տնօրենն էլ մի կողմից է զզվեցնում, արժե հաջորդ ժողովին մի լավ փակել այդ ամբարտավան մեծամիտի բերանը…ու մարդը չի հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Կարծես, թե ամեն ինչ լավ է, բայց մյուս կողմից էլ ինչ որ անորոշ անպետքության զգացում կա:

Մեզ մոտ նույնպես: Մինչև 2020 թ. պատերազմը մեր իմիտացիան ավելի էր փչել ուռացրել մեր թթված ինքնագնահատականը ու հանկարծ բո՛ւմ…պատերազմ: Արցախը ծվեն-ծվեն է եղած, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, «մեծ ախպեր ռուսը չպաշտպանեց», «Եվրոպան չպաշտպանեց»: Իհարկե քաղտեխնոլոգները հազար ու մի հիմնավոր ու անհիմն պատճառներ են ուզում բերել, որ այսպես և այնպես, բայց իրականությունն այն է, որ մեզ ուղղակի շան նման ծեծեցին, որ թողեցին, որ գայլերը գզեն: Որովհետև մենք ոչ ոքի պետք չէինք: Ու այդ զգացումն ավելի ծանր էր, քան կարելի է պատկերացնել:

Հենց հիմա էլ փողոցում ու ԱԺ-ում սիրտ խառնող մշակութային անբավարարվածություն է: Հասարակ մարդիկ էլ արդեն զզվել են մշտական նևրոզից: Դարձել ենք ծեր ու փնթփնթան, մենք մեզ և՛ անօգնական ենք զգում, և՛ ավելորդ:

Արդյո՞ք այդպես է: Ինչ որ չափով իհարկե այո: Մենք չափից ավելի մեծ կարծիք ունեինք մեր մասին ու այդ միրաժը միանգամից ցնդեց: Հիմա էլ չենք կարողանում հարմարվել իրականությանը: 

Բայց մինչև ե՞րբ: Ու ելք կա՞: Ելք իհարկե կա: Այդ ելքը մենք ենք, միայն մենք: Միայն թե, նորից մենք դառնալու համար դեռ երկար չափով պիտի մեր վրայից քերենք օտար փոշին ու դադարեցնենք այս ողջ կրկեսը: Քաղաքական գործիչները հեչ, «կմթնեն ու անց կկենան», բայց բոլոր այն մարդիկ, ովքեր հայրենքը սիրում են ուղղակի որովհետև այն իրենցն է, իրենք չունեն ոչ մեծ գումար, ոչ էլ շահեր, նրանք այսպես թե այնպես փրկելու են Հայաստանը, նույնիսկ առանց հասկանալու:

Քաոսին միշտ հաջորդում է կարգ ու կանոնը, նույնիսկ քաոսը արդեն որոշակիորեն սխեմավորված է:

Մինչ այդ դեռևս շատ աղմուկ է հնչելու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *