Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

Սակայն 1-3-րդ դդ. հայոց թագավորի իշխանությունը թույլ է եղել ավելի քան երբեւէ դրանից առաջ ու հետո, քանի որ առաջին Արշակունիները ոչ թե իշխում էին հայոց գահին ժառանգաբար՝ հորից որդի, ոչ էլ նույնիսկ ամեն թագավոր պարտադիր ցմահ մնում էր հայոց գահին, այլ ամեն անգամ պարթեւ Արշակունիներից մեկը տիրում էր հայոց գահին՝ ըստ իրանական արքունիքի տվյալ պահի ներքին դասավորության:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը

Մաս I. Պատմագիտական ներածական. 
Պապ թագավորի ժամանակը

Պապ թագավորի, ինչպես եւ ընդհանրապես վերջին Արշակունի թագավորների մասին մեզ տեղեկություններ տվող հիմնական աղբյուրները (Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն», մասամբ՝ Խորենացու «Հայոց պատմություն») ծայրահեղ կողմնակալ եւ կուսակցականացված են: Փավստոսի «Պատմությունն» արտահայտում է Մամիկոնյանների, ինչպես նաեւ Լուսավորչի տան «կուսակցական» քարոզչական տեսակետները եւ ծայրահեղ բացասական է տրամադրված վերջին Արշակունիների դեմ: 

Դա, ըստ էության, դասական սեւ քարոզչության օրինակ է, որի նպատակն է հետին թվով հնարավորինս թաքցնել կամ էլ անուղղակիորեն արդարացնել Մամիկոնյանների դավաճանական դիրքը վերջին հայոց թագավորների դեմ: 

Չնայած Մամիկոնյանների ստեղծած սեւ լեգենդի շրջանակում սեւացվել են Տրդատ Մեծին հաջորդած գրեթե բոլոր հայ գահակալները, բայց սեւացման կիզակետում հենց Պապ թագավորի կերպարն է, որի նկատմամբ կիրառվել են առավել ծայրահեղ միջոցները՝ ընդհուպ մինչեւ սեռական այլասերվածության եւ կախարդության մեղադրանք: Վերջիններս տիպական են բոլոր ժամանակների սեւ քարոզչության ծայրահեղ դրսեւորումների համար եւ կարող են համարձակորեն համարվել բացարձակ կեղծիք: 

Սեւ քարոզչության կիզակետում Պապի հայտնվելը բացատրվում է նրանով, որ հայոց արքան նենգաբար սպանվել է բյուզանդացիների կողմից սարքված դավադրության արդյունքում, որին մասնակցել է նաեւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, ինչպես երեւում է հենց Փավստոսի հետագա շարադրանքից Վարազդատ արքայի մասին պատմող հատվածներում: Որպեսզի Պապի նենգ սպանության դեռ թարմ տպավորությունը գոնե որոշ չափով մեղմվի, երիտասարդ թագավորին վերագրվում են աշխարհի բոլոր հնարավոր արատները, մեղքերը, ինչպես նաեւ անհեթեթ քաղաքական քայլերը՝ որբանոցներ ու հիվանդանոցներ փակելը, բյուզանդացիներից «հայկական հողեր» հետ պահանջելը եւ այլն:

Այդպիսով, Պապ թագավորի մասին բոլոր տեղեկություններին պետք է վերաբերվել շատ զգուշությամբ եւ ուշադիր վերլուծությամբ առանձնացնել ստույգն անստույգից: Չնայած նրան, որ աղբյուրները շարադրված են սեւ լեգենդի ոճով, սակայն ճշմարտության կարեւոր մասը հնարավոր է վերհանել նաեւ դրանցից՝ համարժեք վերլուծության դեպքում:  

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 Պապ թագավորն ու վերջին հայ Արշակունիները գործել են միջազգային համակարգի արմատական փոփոխության մեծ անցումային մի շրջանում (3-4 դդ.): Այդ ընթացքում հերթով քանդվում ու նորից հավաքվում էին հին աշխարհի բոլոր կարեւոր համակարգերը թե՛ ներպետական, թե՛ արտաքին հարաբերություններում: Արմատապես վերափոխվում էին կառավարման, տնտեսական, հգեւոր-կրոնական, մշակութային, միջազգային հարաբերությունների համակարգերը: Գրեթե բոլոր ոլորտներում փոփոխությունների հիմնական միտումը հին համակարգերի քայքայումն էր, ապա նոր հիմքերով նոր կենտրոնացումը, ընդ որում՝ նոր կենտրոնացումն իր որակով ավելի կոշտ ձեւեր է ստանում, քան նախկինում եղածն ու արդեն քայքայվածը: 

Այս՝ արմատական փոփոխության  շրջանին նախորդել է 2-րդ դարի «Ոսկե դարը»՝ մի փուլ Արեւմտյան Եվրասիայի պատմության, երբ համեմատաբար ավելի մեղմ ու ազատ կառավարումը, միջազգային մեծ առեւտրի եւ դրամային շրջանառությամբ պայմանավորված մեծ քաղաքների ու տնտեսության վերելքը, համեմատական բարեկեցությունը, գիտության, արվեստի եւ գրականության ծաղկումը, համեմատական խաղաղությունը միջազգային ասպարեզում առիթ էր տվել ժամանակակիցներին գիտակցել իրենց ապրած ժամանակը որպես Ոսկե դար եւ մարդկային իղձերի իրացման ժամանակ:

Ոսկե դարի ճգնաժամը սկսվում է 2-րդ դարի վերջից, խորանում ու գագաթնակետին հասնում 3-ում եւ սկսում լուծումներ ստանալ 3-ի վերջից: 

Տնտեսությունը ճգնաժամ է ապրում եւ փոխում իր բնույթը դեպի ավելի բնատնտեսական՝ մի կողմից, եւ մասնավորից դեպի ավելի կենտրոնացած-պետական՝ մյուս կողմից: Միջին եւ փոքր քաղաքների մեծ մասն անկում են ապրում, իսկ խոշորները մի կողմից ավելի խոշորանում են ի հաշիվ փոքրերի, բայց նաեւ կորցնում են ինքնավարությունը: 

Կառավարման համակարգը նույնպես խոշոր ճգնաժամ է ապրում Հռոմեական կայսրությունում եւ Իրանում՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմներ ու տերությունների բաժանում մի քանի մասի: Քաոտիկ շրջանից հետո կառավարման համակարգը վերածնվում է ավելի կենտրոնացված եւ կոշտ թե՛ Հռոմում, թե՛ Իրանում (Իրանում հաստատվում է նոր թագավորական հարստություն՝ Սասանյանները): 

Կրոնական համակարգը նույնպես արմատական փոփոխություններ է կրում, որի հիմնական միտումն է ամբողջ պետությունների համար մեկ միասնական կրոնական ուսմունքի հաստատումը՝ ի հեճուկս նախորդ շրջանի բազմազանության: 

Հռոմում՝ որպես այդպիսի միասնական կրոն, ընդունվում է քրիստոնեությունը, ընդ որում՝ քրիստոնեության մեջ էլ աստիճանաբար վերացվում է ներքին բազմազանությունը եւ պետության միջամտությամբ ու պատվերով ձեւավորվում միակ ճշմարիտ եւ պարտադիր դավանանք (4-րդ դար): 

Իրանում նույնպես կրոնական քաղաքականության փորձեր են դրվում: Նախ՝ փորձ է արվում քրիստոնեությանը հակադրել իրանական հիմքով համաշխարհային նորաստեղծ կրոնը՝ մանիքեությունը, հետո այդ փորձից հրաժարվելուց հետո արտաքուստ վերականգնվում է ավանդական զրադաշտականությունը, սակայն իրականում դա ենթարկվում է լուրջ փոփոխությունների՝ վերածվելով թե´ գաղափարապես, թե´ ծիսականորեն, թե´ կազմակերպման առումով ավելի կենտրոնացած, կոշտ համակարգի: 

 Միջազգային հարաբերությունները նույնպես փոխվում են դեպի ավելի կենտրոնացած եւ կոշտ համակարգի: «Ոսկե դարում» եւ նախորդիվ կայացած միջազգային համակարգը բաղկացած էր միմյանց հավասարակշռող երկու գերտերությունից՝ Հռոմից ու Իրանից, որոնց միջակայքում՝ սահմանային գոտում, գոյատեւում էին այս կամ այն չափով անկախ եւ կիսանկախ միջին ու փոքր պետություններ: 

Այդ սահմանային համակարգի առավել խոշոր պետությունն էլ Մեծ Հայքի թագավորությունն էր, որն այսօրվա եզրաբանությամբ կարելի է կոչել միջին տերություն (ինչպիսիք այսօրվա Թուրքիան են, Իրանը եւ այլն): 3-րդ դարի ճգնաժամին հետեւած նոր կենտրոնացումը փոփոխության է ենթարկում նաեւ այս համակարգը:

Մեկը մյուսի հետեւից կորցնում են իրենց անկախ կամ կիսանկախ կարգավիճակը սահմանային փոքր եւ միջին պետությունները՝ Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոյենեն եւ այլն:

Սահմանային պետություններից միայն Մեծ Հայքն ու նրանից հյուսիս ընկած փոքրիկ Վիրքն են առժամանակ պահպանում իրենց անկախությունը: 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՎԵՐՋԻՆ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

 Նոր միջազգային իրավիճակում խնդիր է դառնում Մեծ Հայքի ինքնիշխանության պահպանումը՝ հակառակ «սահմանային գոտում» անկախությունների վերացման միտման, նաեւ ներքին համակարգի վերակառուցումը՝ համապատասխան նոր համաշխարհային միտումների՝ դեպի կենտրոնացման ավելացում: 

Քանի որ Մեծ Հայքն առավել մեծն ու հզորն էր «սահմանային գոտու» պետություններից, նրա հնարավորություններն ավելի մեծ էին ներգծվելու նոր համակարգի մեջ: Եթե ընդհանուր առմամբ սահմանային գոտու միավորների անկախությունը հիմնականում վերացվեց 3-րդ դարի ընթացքում, ապա Մեծ Հայքի թագավորությունը նոր պայմաններում գոյատեւեց եւս մոտ մեկ-մեկուկես դար եւ նույնիսկ թագավորության անկումից հետո էլ չկորցրեց իր ներքին անկախությունն ու ինքնությունը: 

Նախորդ շրջանում՝ 1-2-րդ դդ. Մեծ Հայքի անկախության հիմնական երաշխիքը արտաքին միջավայրի հավասարակշռությունն էր: Հայքի թագավորներն ընտրվում էին իրանական թագավորական տնից եւ հաստատվում գահի վրա Հռոմի կայսեր կողմից՝ համաձայն 66 թվի պայմանագրի: Չնայած ժամանակ առ ժամանակ այս պայմանագրի դրույթները խախտվում էին հռոմա-պարթեւական նոր պատերազմների ընթացքում, սակայն ի վերջո իրավիճակը միշտ վերադառնում էր սկզբնակետին: 

Հայոց թագավորի իշխանությունը երբեք չի ունեցել բացարձակ բնույթ, այլ միշտ սահմանափակված է եղել հայոց իշխանների ու ազատների ժողովով, որն ուներ թագավորի հետ համատեղ կարեւոր հարցերում որոշումներ ընդունելու իրավունք եւ այլն: Հայքը միշտ իր էությամբ եղել է բազմիշխան երկիր, ուր թագավորը եղել է ոչ թե միակ իշխանությունը, այլ գերիշխողը: 

Սակայն 1-3-րդ դդ. հայոց թագավորի իշխանությունը թույլ է եղել ավելի քան երբեւէ դրանից առաջ ու հետո, քանի որ առաջին Արշակունիները ոչ թե իշխում էին հայոց գահին ժառանգաբար՝ հորից որդի, ոչ էլ նույնիսկ ամեն թագավոր պարտադիր ցմահ մնում էր հայոց գահին, այլ ամեն անգամ պարթեւ Արշակունիներից մեկը տիրում էր հայոց գահին՝ ըստ իրանական արքունիքի տվյալ պահի ներքին դասավորության: 

Միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությամբ 3-4-րդ դդ. փոխվում է նաեւ Հայքի ներքին իրավիճակը: Նախ՝ Իրանում Արշակունիների գահընկեցությամբ հայոց Արշակունիներն «ազգայնացվում են»: Այժմ նրանք ժառանգում են գահը հորից որդի, արագ «հայանում» են եւ բնականաբար ավելի կապվում երկրին: Իրանը հարազատ, բարեկամ երկրից վերածվում է բնական թշնամու: Հայքի Արշակունիները դառնում են Հռոմի դաշնակից արդեն ոչ միայն ձեւական, այլեւ հանուն ընդհանուր շահի: 

Ֆորմալ իմաստով հայոց Արշակունիները մնում են իրանական գահի հավակնորդներ ընդդեմ ուզուրպատոր Սասանյանների, իսկ այդ հռչակագրային նպատակից դուրս նրանց կենսական շահն այժմ դառնում է Հայքի ներսում թագավորական իշխանության ամրապնդումը: Դա նաեւ համընկնում էր միջազգային միտման հետ՝ դեպի ավելի կենտրոնացված համակարգերի ստեղծում: 

Նոր իրավիճակն ամրապնդվում է Տրդատ Գ-ի գահ բարձրանալով: Տրդատը գահ է բարձրանում որպես Հռոմի դաշնակից: Նրա գահակալությունը ստիպված ճանաչում է նաեւ Իրանը, որը մինչ այդ փորձում էր վերացնել Արշակունիների գերիշխանությունը Հայքում եւ ժամանակավոր հաջողել էր այդ նպատակում: 

Գահակալության սկզբին Տրդատը փորձում էր ամրապնդել ու թարմացնել հին հայկական կրոնական համակարգը (հեթանոսությունը), բայց հետագայում ընդունեց քրիստոնեացման տարբերակը, որը Հռոմի հետ դաշնակցային հարաբերությունների արտահայտություններից մեկն էր:

ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ ՏՐԴԱՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿ

 Տրդատի եւ իր հաջորդների առջեւ դրված էին հետեւյալ խնդիրները: Մի փոքր ավելի կայունացած միջազգային իրավիճակի պայմաններում մնալով Հռոմին դաշնակից՝ հնարավորինս ամրապնդել երկրի անկախությունը, որի համար ազգայնացնել եկեղեցին, ամրապնդել թագավորական տան դիրքերն ու գերիշխանությունը, փորձել հավասարակշռել հարաբերություններն Իրանի հետ: 

Եկեղեցական քաղաքականության մեջ Արշակունիները հենվում էին նախկին քրմական տոհմերից սերող հոգեւորականների վրա, որոնց մեջ առաջին տեղ էր գրավում Աղբիանոսյանների տունը: Այս տան ներկայացուցիչները հաճախ են նստել կաթողիկոսական գահին, որի համար պայքարում մրցակից էին բյուզանդամետ Լուսավորչի տոհմին:

Այս շրջանում փորձ է արվում նաեւ ավելի ամուր գաղափարական հիմքով կապել Արշակունիների հարստությունը հայոց հողի հետ, ինչպես նաեւ ամրացնել համահայկական ինքնությունը: Ձեւավորվում է հետագա դարերի աղբյուրներից հայտնի այն ավանդույթը, համաձայն որի՝ Արշակունիները հորից որդի ժառանգաբար տիրում են հայկական գահին դեռ մեր թվարկությունից առաջ սկսած ժամանակից: Արտաշիսյանների հարստությունը, այդ թվում Արտաշեսն ու Տիգրան Մեծը համարվում են այս ավանդույթով Արշակունիներ: Արշակունյաց տոհմն անվանվում է հայոց բնիկ տեր: 

Հավանաբար նաեւ հայոց պատմություն կազմելու առաջին փորձերն են արվում: Ըստ մի վարկածի՝ հնարավոր է, որ այդ փորձերից մեկը՝ ստեղծել համընդհանուր հայոց պատմություն, իրականացվել է հենց Պապ թագավորի օրոք եւ նրա պատվերով: Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի անուններով մեզ հասած պատմությունները  հնարավոր է Արշակունիների շրջանում ստեղծած պատմությունների խիստ կողմնակալ խմբագրություններ են, որոնք հիմնովին աղավաղել են այդ պատմությունների նախնական իմաստը՝ հօգուտ նոր քաղաքական պատվիրատուների՝ Մամիկոնյանների եւ Լուսավորչի տան: 

Արտաքին քաղաքականության մեջ Արշակունիները, մնալով հռոմեացիներին դաշնակից, փորձում էին հարաբերությունները կարգավորել Իրանի հետ, ինչը նրանց որոշ չափով հաջողվում էր, սակայն հայցում էր հռոմեացիների կասկածները: Բացի այդ, ունենալով դաշնակցային պարտավորություններ, հայոց արքաներին չէր հաջողվում խուսափել հռոմա-պարսկական պատերազմների մեջ ներգրավումից, որոնք թեեւ ավելի հազվադեպ էին կրկնվում, քան նախորդ դարում, սակայն շարունակում էին Մեծ Հայքում իրավիճակի հիմնական ապակայունացնող գործոնը լինել: 

Որքան էլ զարմանալի է, բայց Հայոց թագավորության ինքնիշխանության գլխավոր մարտահրավերը տարբեր պատճառներով գալիս էր ավելի շատ դաշնակից Հռոմեական կայսրությունից, քան պաշտոնական թշնամի Իրանից: 

Հռոմեական եւ հայկական համակարգերն իրար հիմնովին հակադիր էին եւ անհամատեղելի. մեկը կենտրոնացած բյուրոկրատական սիստեմ էր, իսկ մյուսը՝ հայկականը, ի բնե բազմիշխան, ազնվապետական: 

Հռոմեական աշխարհայացքի տեսակետից քրիստոնյա աշխարհում կարող էր լինել միայն մեկ լեգիտիմ թագավոր ու թագավորություն, իսկ մնացածներն «իշխանիկներ» էին, որոնք պետք է ենթարկվեին մեկ թագավորի: Պարսկական համակարգն իր էությամբ ավելի մոտ էր հայկականին, եւ հատկանշական է, որ երբ Հայքը բաժանվեց երկուսի միջեւ, հռոմեական մասում արագ վերացվեց հայկական ներքին կազմակերպվածությունն ու անկախությունը, իսկ պարսկականում գոյատեւեց եւ նույնիսկ ամրապնդվեց դարերի ընթացքում: 

Հռոմեական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի ներսում իրացվում էր ոչ թե ուղիղ բախման կամ նվաճողական պատերազմների, այլ երկրի ներսում ազդեցության ցանցերի ստեղծման եւ դրանց միջոցով դավադրությունների կազմակերպման միջոցով: Բազմիշխան երկրում, ինչպիսին Հայքն էր, միշտ ուժեղ է եղել ներքին մրցակցությունը, բաժանումը տարբեր «կուսակցությունների»: Այս բնիկ բաժանման մեջ ներթափանցելով՝ արտաքին ուժերին հաջողվում էր ներսից չհայտարարված պատերազմ վարել հայոց թագավորների դեմ, որոնց դիրքը ստիպում էր հավասարակշռություն փնտրել եւ ստեղծել մրցակցող խմբավորումների միջեւ: 

Հռոմեական քաղաքականության գործիքների էին աստիճանաբար վերածվում Մամիկոնյանների հզոր տոհմը, որը ժառանգաբար վարում էր սպարապետության գործակալությունը, եւ Լուսավորչի տոհմը՝ եկեղեցու ներսում: 

Պետք է նկատել, որ Հայոց եկեղեցին միասնական քաղաքականություն չի ունեցել, ներսից բաժանված է եղել տարբեր խմբերի՝ ըստ այս կամ այն իշխանական տան ազդեցության: Եկեղեցու ներսում եղած քաղաքական խմբերն արտացոլում էին իշխանական տների քաղաքական բաժանումը: 

Սահմաններն իշխանական հոսանքների մեջ միշտ չէ, որ հստակ էին, հաճախ սահուն էին, իսկ որոշ դեպքերում արտաքին տարբեր կողմնորոշում ունեցողները կարող էին նույնիսկ միավորվել ընդդեմ կենտրոնամետ հոսանքի, ինչպես եղավ 428 թ., երբ հայոց բոլոր իշխանները, փաստացի դավադրության մեջ մտնելով Պարսից արքունիքի հետ, գահընկեց արին վերջին Արշակունի Արտաշես Գ-ին, երբ կենտրոնամետ դիրքն արդեն թուլացած էր՝ վերանալու աստիճանի: 

Հակասությունները հատապես սրվում են Պապի հոր՝ Արշակ թագավորի օրոք: Արշակը գահ է բարձրանում որպես հռոմեացիների դաշնակից: Նա իր թագավորության սկզբում հաշտարար քաղաքականություն է վարում իշխանական բոլոր հոսանքների հետ: Նրա հոր՝ Տիրանի օրոք արքունիքից հեռացրած հռոմեամետ խմբակցության պարագլուխները վերադառնում են իրենց պաշտոններին: Մամիկոնյաններին վերադարձվում է սպարապետության իշխանությունը, իսկ Գրիգորի տան ներկայացուցիչ Ներսեսը բազմում է եպիսկոպոսապետի գահին (Տիրանի թագավորության վերջին շրջանում հոգեւոր առաջնորդությունը տրված էր Աղբիանոսյաններին): 

Սակայն իրավիճակը սրվում է որոշ ժամանակ անց: Այսպես՝ Բյուզանդիայից վերադարձած Արշակի եղբորորդի Գնելի գլխավորությամբ մեծ դավադրություն է կազմվում Արշակի դեմ: Փավստոսի պատմության մեջ սա ներկայացված է որպես սիրային հողի վրա ծագած բախում, սակայն նույն պատմության ուշադիր վերլուծությունը պետք է բացահայտի, որ եղածը արտաքին հետքով քաղաքական դավադրություն էր, որին մասնակցում էր նաեւ եպիսկոպոսապետ Ներսեսը: Դավադրության ճնշումից հետո Ներսեսը հեռացվում է արքունիքից (ըստ Փավստոսի՝ իբր հեռանում է ինքնակամ՝ հանդիմանելով Արշակին Գնելի սպանության պատճառով, ինչը թույլ մանկամիտ փորձ է՝ թաքցնելու իրականությունը. Ներսեսը Գնելի կուսակիցն էր, եւ հեռացվում է արքունիկից դավադրության բացահայտման պատճառով): 

Արշակը փորձում է հարաբերություններ հաստատել Պարսից արքայի հետ, սակայն ի վերջո նրան չի հաջողվում խուսափել հերթական հռոմա-պարսկական պատերազմի մեջ ներքաշումից, որի զոհն էլ դառնում է հայոց գահակալը: Ներքաշելով հայերին պատերազմի մեջ՝ հռոմեացիները կայսր Հուլիանոսի մահվանից հետո հաշտություն են կնքում պարսիկների հետ, որով իրենց դաշնակից Արշակին լքում են եւ մենակ թողնում՝ վրեժի զգացումով լցված պարսիկների դեմ:

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Պապ թագավորի պատմությունն անասելիորեն աղավաղված է աղբյուրներում: Նման կարգի աղավաղված պատմությունները հնարավոր չէ վերականգնել մանրամասներով, բայց դրա փոխարեն բարդ չէ ընդհանուր գծերով ճշմարտության եւ կեղծիքի տարանջատումն ու իսկության վերականգնումը, քանի որ կուսակցական պատվերով պատմության շարադրանքները միշտ էլ կիրառում են մոտավորապես նույն հնարքները՝ քողարկելու իրականությունը: Որպես կանոն՝ կեղծված շարադրանքներն ինքնամատնող են: Տվյալ դեպքում մեր հիմնական աղբյուրը՝ Փավստոսի «Պատմությունը», նաեւ բավականաչափ միամիտ եւ պարզունակ կեղծող է, ինչն օգնում է բացահայտելու իսկությունը: 

Ինչ վերաբերում է մյուս հիմնական աղբյուր համարվող Խորենացու «Պատմությանը», ապա դա պետք է անարժեք համարել այս դեպքում, քանի որ Խորենացին ընդամենը խմբագրում է Փավստոսին՝ փորձելով մի կողմից ռացիոնալիզացնել Փավստոսի չափազանց վիպական շարադրանքը, մյուս կողմից՝ հետապնդելով իր քաղաքական նպատակը՝ հնարավորինս վերացնել Մամիկոնյանների հիշատակը հայոց պատմությունից, բարձրացնելու համար Բագրատունիներին: Խորենացու հավելյալ տվյալները Պապի վերաբերյալ բացարձակ մտացածին են, եւ դրանք պետք է պարզապես անտեսել:

Պապը գահ է բարձրանում հռոմեացիների օգնությամբ: Պապի գահ բարձրանալուց հետո հռոմեական մի զորամաս մնում է Հայքում՝ աննախադեպ երեւույթ, որը նախորդ պարսկա-հռոմեական պատերազմներից հետո չէր եղել: Առիթը Հայաստանի պաշտպանությունն էր պարսկական հնարավոր նոր ոտնձգություններից: Իրական նպատակն էր Հայաստանի ներքին գործերին առավել մոտիկից միջամտելը, Հայաստանն անմիջական վերահսկողության տակ դնելը, հավանաբար հայոց ինքնիշխանության վերացումը եւ երկրի կցումը կայսրությանը որպես վերջնանպատակ: Հավանաբար բյուզանդացիք որոշել էին, որ ժամանակն է վերջնականապես լուծել Մեծ Հայքի խնդիրը հօգուտ իրենց: 

Պապի գահ բարձրանալու առաջին տարիներին արքունիք է վերադառնում Ներսեսը: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ նրանք դառնում են Հայքում հռոմեական ազդեցության ցանցի հզոր կենտրոնը: Միամիտ խաբեբա Փավստոսը (կամ հավանաբար իրական Փավստոսի խմբագիրը) փորձում է այնպես ներկայացնել, թե Պապն ի սկզբանե ինչ որ անհիմն կասկածներ ուներ Մուշեղի նկատմամբ: Մեր պատմիչը հյուսում է իրեն բնորոշ գեղեցիկ վիպական պատմություններ, որոնցով, բացի այս ամենից, փորձում է խառնել իրականությունն այնպես, թե իբր Պապը կասկածում էր Մուշեղին պարսից արքայի հետ կապերի մեջ: Դրանով Փավստոսը հավանաբար ուզում է կորցնել հետքերը: 

Մուշեղի միջոցով իրացվելիք հիմնական ծրագիրը բացահայտվում է նույն պատմիչի կողմից ավելի ուշ, երբ նա շարադրում է արդեն Պապի մահվանը հաջորդած դեպքերը: Մուշեղն առաջարկում էր ողջ երկրով մեկ՝ Հայքի բոլոր գավառներում տեղադրել բյուզանդական կայազորներ՝ իբր երկիրը պարսիկներից պաշտպանելու նպատակով: Սա երկիրը բյուզանդացիներին հանձնելու եւ օկուպացիայի տակ դնելու, Հայքի ինքնիշխանությունը վերացնելու անսքող ծրագիր էր: Պարզ է, որ այս ծրագրի իրական հեղինակը Մուշեղը չէր, այլ հենց Հռոմեական կայսրությունը, իսկ հայոց սպարապետն այստեղ խաղում էր հռոմեական բացահայտ գործակալի եւ թագավորության դավաճանի անպատվաբեր դերը, որի համար էլ, ի դեպ, մահապատժի ենթարկվեց Վարազդատ թագավորի օրոք: 

Ամենայն հավանականությամբ այս ծրագիրը գոյացել էր Վարազդատի թագավորությունից ավելի շուտ՝ հենց Պապի օրոք: Եվ հենց Պապի անհամաձայնությունը հանգեցրել էր հայոց թագավորի սպանությանը: 

Հավանաբար հռոմեացիների եւ նրանց ցանցի սկզբնական հաշվարկն այն էր, որ երիտասարդ Պապ թագավորը, որը գահ է բարձրացել հռոմեացիների օգնությամբ, ժառանգել է պատերազմից ավերված երկիր՝ ո՛չ հմտություն, ոչ էլ ցանկության դեպքում հնարավորություն կունենա դիմադրելու եւ ձախողելու կայսրության ծրագրերն ու ապահովելու Մեծ Հայքի ինքնիշխանությունը, մանավանդ որ երկրի առավել հզոր դիրքեր զբաղեցնողներից հոգեւոր պետն ու սպարապետը մասն էին կայսերական դավադրության, իսկ երկրում տեղակայված էր հռոմեական զորախումբ: Բայց այդ հաշվարկը սխալ էր: 

Պապի դիմադրության քաղաքականության հիմնական խնդիրներն էին՝ եկեղեցու միջոցով բյուզանդական ազդեցության տարածման չեզոքացումը, հունական զորքերը Հայաստանում տեղադրելու եւ հայոց զորքը հռոմեական փողով պահելու ծրագրերի մերժումը, հռոմեական զորական ներկայության վերացումը, պարսից արքունիքի հետ լեզու գտնելը, հայոց ինքնության ամրապնդումը, հայկական զինվորական ուժի ամրապնդումը: Բոլոր ուղղություններով նա էլ քայլեր է ձեռնարկում՝ հենվելով Մեծ Հայքի՝ դեռեւս բավականին հզոր հնարավորությունների եւ իրեն հավատարիմ տոհմերի վրա: 

Պապի եկեղեցական քաղաքականության մասին տեղեկություններն առավել աղավաղվածներից են: Ստույգ պետք է համարել, որ Պապի օրոք վարվել է եկեղեցու ազգայնացման քաղաքականություն: Ներսեսի մահից հետո կաթողիկոսական գահին նորից բարձրանում են Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչները: Վերացվում է Հայոց եկեղեցու կախվածությունը Կեսարիայից, որով հետագա դարերի անկախ եկեղացական կառույցի հիմքն է դրվում: Ստույգ պետք է համարել նաեւ հօգուտ եկեղեցու գանձվող հարկերի կրճատումը, ինչպես նաեւ եկեղեցական կալվածքների եւ դրանց վրա ու դրանց հաշվին ապրող եկեղեցական սպասավորնորի մեծ մասի «պետականացումը»: 

Վերջին կետը չափազանց կարեւոր էր, քանի որ այն ժամանակվա Հայքում, որ գերազանցապես բնատնտեսական երկիր էր, հողը գլխավոր հարստությունն էր, եւ գլխավոր այն միջոցները, որով թագավորներն ու իշխանները կարող էին պահել իրենց զինվորներին: Գրավելով եկեղեցական կալվածքների ավելցուկը հարքունիս՝ Պապը ստեղծում էր իր համար հավելյալ զինվորական ուժ այն մանր հողատերերից, որոնց հատկացված էին այդ հողերը, եւ որոնք եկեղեցական ծառայությունից անցնում էին արքունականի, այսինքն՝ զինվորականի: Այս մանր ազնվական-զինվորական դասակարգը պետք է թագավորական իշխանության նոր ու կարեւոր հենարանը դառնար, մանավանդ հայոց մեծ իշխանների մի մասի ու սպարապետի անհավատարմության պարագայում: Պապի այս քայլը կարեւոր էր ոչ միայն եկեղեցական քաղաքականության շրջանակում: Հավելյալ զինվորագրմամբ Պապը փաստացի պատասխանում էր հայոց զորքը հռոմեացիների հաշվին պահելու, նաեւ հայկական գավառներում հռոմեական կայազորներ տեղադրելու Մուշեղի ու Կայսրության ծրագրին:

 Պապի եկեղեցական քաղաքականության մասին մյուս տվյալները՝ աղքատների համար հաստատությունների, հյուրանոցների, որբանոցների, վանքերի փակում եւ այլն, եթե ոչ լրիվ անստույգ են, ապա կրում են ակնհայտ չափազանցված հռետորաբանական բնույթ: Այդ չափազանցության խնդիրներից է երկար-բարակ  հուզական ավելորդաբանություններով քողարկել Պապի ռեֆորմների առավել կարեւոր մասը՝ հարկերի ու հողերի հետ կապված, որոնց մասին հիշատակվում է ավելի կարճ, քանի որ դրանք հայ ազնվականության սրտին մոտ էին եւ չէին կարող լուրջ հակաքարոզչության հիմք ծառայել: Դրա համար Փավստոսի «Պատմությունը» շեշտը դնում է հուզական եւ ամենայն հավանականությամբ հորինովի հատվածների վրա՝ որբերի, աղքատների, ճամփորդների եւ միանձնուհիների մասին: Խիստ կասկածելի է, որ այն ժամանակվա Հայաստանում ոչ միայն լուրջ քանակի որբանոցներ, հիվանդանոցներ եւ նման այլ հաստատություններ լինեին, այլեւ ընդհանրապես դրանց կարիքը զգալի լիներ գերազանցապես բնատնտեսությամբ ապրող երկրում: 

Չի բացառվում, որ Պապի օրոք ստեղծվել կամ ավարտին են հասցվել համընդհանուր հայոց պատմություն ստեղծելու փորձերը, նաեւ Արշակունիներին հին ներկայություն վերագրելը Հայաստանում, նրանց բնիկացնելը: Դրա մասին կարող են վկայել, օրինակ, Պապի երկու որդու անունները՝ Արշակ եւ Վաղարշակ, որոնք կրկնում են Հայաստանում Արշակունիների լեգենդար հիմնադիրների անունները, ինչպես նաեւ այլ փաստեր, որոնք այստեղ շարադրելը երկար կլիներ: Չի բացառվում, որ Պապի օրոք են կազմվել նաեւ Ագաթանգեղոսի եւ Փավստոսի անվամբ հայտնի հայոց պատմությունները, որոնք հետագայում անշնորհք են խմբագրվել եւ աղավաղվել են Մամիկոնյանների եւ Լուսավորչի տան պատվերով: 

Պապի դեմ հակաքարոզչությունը սկսվել է հավանաբար հենց նրա թագավորության օրոք: Տեսնելով, որ Պապը ոչ միայն չի պատրաստվում զիջել իր թագավորության ինքնիշխանությունը, այլեւ հաջողությամբ պաշտպանում եւ ամրապնդում է այն, բյուզանդական ցանցը հավանաբար սկսում է տարածել Պապին վարկաբեկող լուրեր: Փավստոսի «Պատմության» մեջ ներկայացված Պապի մասին սեւ լեգենդը կառուցված է հին ժամանակների հակաքարոզչության կանոններով (օրինակ, Տակիտոսի եւ Սվետոնիուսի պատումները առաջին հռոմեական կայսրերի մասին՝ գրված Անտոնինոսների օրոք եւ պատվերով), ինչը հուշում է, որ դրա հիմնական տարրերը կարող էին պատրաստված լինել բյուզանդական հմուտ մասնագետների կողմից, որին հավելվել են ավելի միամիտ հայ խմբագրի ինքնամատնող եւ վիպական արդարացումները: 

Պապին մեղադրում են Ներսեսին թունավորելու, Մուշեղին անտեղի կասկածելու եւ նման այլ մեղքերի մեջ: Այն, որ քարոզչության արմատները կարող են տանել դեպի բյուզանդական արքունիք, վկայում են այնպիսի մեղադրանքները, ինչպիսիք են Հռոմեական կայսրության նկատմամբ Պապի՝ իբր ունեցած տարածքային պահանջների մասին պատմությունը, նաեւ պարսից արքունիքի հետ կապեր հաստատելը: Հողային պահանջներ ներկայացնելու մասին պատմությունը բացարձակ անհեթեթություն է, բայց որպես մեղադրանք՝ կարող է հնչել միայն բյուզանդական, այլ ոչ հայկական ականջի համար: Ի հավելումն այս ամենի՝ հայոց թագավորին ներկայացվում են նաեւ նման դեպքերում ստանդարտ՝ սեռական այլասերվածության եւ մոգության կամ կախարդանքի, ինչպես նաեւ կռապաշտության մեղադրանքները: Դրանք ավելին չեն, քան սովորական հռետորական վարժանքներ՝ առանց նյութական որեւէ հիմքի: 

Պապի դեմ հակաքարոզչությունն ինքնանպատակ չէր, այլ նախապատրաստում էր հայոց թագավորի դեմ քստմնելի դավադրությունը: Պետք էր այդ հանցանքը նախապես հնարավորինս արդարացնել: 

Այն, որ բյուզանդացիները ստիպված եղան ի վերջո բացահայտ սպանել հայոց արքային, ուղիղ վկայությունն է այն հանգամանքի, որ Պապը հաղթում էր իր պայքարում, եւ կայսերական ծրագրերը Հայաստանի վերաբերյալ ձախողման եզրին էին: Որպես կանոն՝ համաշխարհային պատմության մեջ ցայսօր մեծ տերությունների կողմից խիստ պատժի են արժանանում այն առաջնորդները, որոնք պայքարում են հանուն իրենց երկրների ինքնիշխանության չափի բարձրացման: Կախված այդ պայքարի սրությունից՝ կարող են կիրառվել տարբեր պատիժներ: Առավել դաժանը սպանությունն է, որը՝ որպես կանոն, ուղեկցվում է սպանվածի անխնա սեւացմամբ, նրա անվան շուրջ սեւ լեգենդի հյուսմամբ եւ «սատանայականացմամբ»: Դա դեպքերի մեծ մասում ցուցիչ է, որ տվյալ առաջնորդը պայքարել է իր երկրի անկախության համար: 

Հայոց թագավորին սպանելը ծայրահեղ քայլ էր, որին դիմեցին բյուզանդացիները Մուշեղ սպարապետի գործակցությամբ, քանի որ հայ-հռոմեական «չհայտարարված պատերազմում» հաջողությունը Պապի կողմն էր. նա հաջողությամբ ոչ միայն դիմակայում է Մեծ Հայքը Բյուզանդիային կցելու ծրագրին, այլեւ կարողանում է ամրապնդել երկրի ինքնիշխանությունը: Հայքի դեմ բաց պատերազմի պաշտոնական դաշնակից բյուզանդացիները չէին կարող գնալ: Նախ՝ ինքնին խնդիր էր դաշնակցի դեմ պատերազմելը, երկրորդ՝ հռոմեական այն ժամանակվա զինուժն այնքան էլ ուժեղ ու անհաղթ չէր, իսկ Հայքն էլ հեշտ նվաճվող երկիր չէր, վերջապես՝ անխուսափելի էր պարսից զինված միջամտությունը հայ-հռոմեական կոնֆլիկտին: Մնում էր միայն հայոց արքային մեջտեղից վերացնելու քայլը: 

Այն, որ Պապի սպանության կազմակերպման մեջ անմիջականորեն ներգրավված է եղել հայոց սպարապետ Մուշեղը, հաստատվում է այն հանգամանքով, որ Պապի հաջորդ՝ Վարազդատ թագավորի օրոք, Մուշեղը մահապատժի է ենթարկվում հենց այդ մեղադրանքով: Նման մեղադրանք չէր կարող առաջ քաշվել Մուշեղի պես ազդեցիկ ու հզոր իշխանի դեմ, եթե չլիներ բավարար վստահություն: 

Չնայած Պապի թագավորությունն ավարտվեց արքայի ողբերգական մահվամբ, սակայն նրա ջանքերը զուր չանցան: 

Լիովին տապալվեց Մեծ Հայքը գրավելու բյուզանդական ծրագիրը: Ճիշտ է, Պապի մահից մի քանի տարի անց Մեծ Հայքը բաժանվում է Բյուզանդիայի եւ Իրանի միջ, իսկ հետագայում վերանում է Հայոց թագավորությունը, սակայն այդ բաժանմամբ Հայքի մեծ մասը հասնում է ոչ թե հռոմեացիներին, այլ պարսիկներին: Այսինքն՝ բյուզանդացիք ստիպված են լինում հրաժարվել ամբողջ Հայաստանը գրավելու մտքից եւ ընդունում են կոմպրոմիսային տարբերակ: Այդ տարբերակն էլ կարող էր չիրագործվել, եթե Պապին կամ նրա հաջորդ Վարազդատին հաջողվեր ավելի տեւական ու վճռական դիմադրություն կազմակերպել: Սակայն Հայքի բաժանումն ավելի ընդունելի տարբերակ էր, քան ամբողջական գրավումը բյուզանդացիների կողմից, քանի որ, ի տարբերություն հռոմեականի, իրանական գերիշխանությունը չէր միջամտում իրեն ենթակա երկրների ներքին կարգի մեջ: Եթե Հայքի բյուզանդական մասում բավական արագ վերացավ ոչ միայն թագավորությունը, այլեւ երկրի ներքին անկախությունը, ապա պարսից, հետագայում՝ արաբական տիրապետության տակ Հայաստանը պահպանեց իր ներքին անկախությունը, իր ներքին բոլոր համակարգերը՝ սեփական զինված ուժեր, սեփական պաշտոնավարություն, ինքնուրույն եկեղեցի եւ այլն: Միայն այս ներքին անկախության հանգամանքի շնորհիվ հայոց ինքնությունը պահպանվեց եւ ամրապնդվեց հետագա դարերում: Այս արդյունքը Պապի դիմադրության անմիջական հետեւանքներից էր: 

Պապի քաղաքականության տրամաբանությունը որոշ չափով իր շարունակությունն ունեցավ նրա հաջորդների օրոք: 

Հայոց եկեղեցու ինքնուրույնացման հիմքը դրվեց նրա օրոք, իսկ հետագայում դա ավելի ու ավելի ամրապնդվեց՝ ընդհուպ մինչեւ դավանաբանական վերջնական բաժանում: Թե ինչ կլիներ, եթե Հայոց եկեղեցին չառանձնանար նույնիսկ այսօր, կարելի է պատկերացնել՝ ուսումնասիրելով որոշ «պրավոսլավ» երկրների, օրինակ՝ Մոլդովայի կամ Ուկրաինայի հենց մեր օրերի փորձը: 

Պապի հաջորդներից մեկի՝ Վռամշապուհի օրոք եւ նրա պատվերով ստեղծվեց հայկական այբուբենը, որը նույնպես քրիստոնյա աշխարհում հայոց ինքնուրույնության հաստատման քաղաքականության տրամաբանական շղթաներից մեկն էր: 

Կարելի է ընդհանրապես ձեւակերպել, որ Պապի օրոք եւ Պապի ջանքերով հիմք դրվեց նոր՝ համաշխարհային կրոնների եւ համաշխարհային ուսմունքների գերիշխանության աշխարհի պայմաններում հայոց ինքնուրույնության պահպանման ու զարգացման հիմքը, ինչն անշուշտ արդիական է ցայսօր: 

Շարունակելի

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *