Մեր երիտասարդ սերունդը շատ ավելի պատրաստ է փոփոխությունների։ Երիտասարդը հենց նա է, ով փոփոխվում է, սովորում է։
Ռուբեն Բաբայան
«Մեր արձանները ժամանակավրեպ են, բացարձակապես չեն համապատասխանում մեր ժամանակների պահանջներին. դրանց մեծ մասը գերեզմանաքարեր են հիշեցնում: Եթե նոր արձան ենք ուզում, այն պետք է լինի էքսկլյուզիվ: Քրիստոսի արձաններ աշխարհում արդեն կան, դրանք կրկնելը զբոսաշրջության տեսանկյունից նոր խոսք չի բերելու»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Նրա խոսքով` այն, ինչով ուզում ես գրավել ուրիշներին, պետք է լինի քոնը. «Իզուր չէ, որ զբոսաշրջիկները գերադասում են Գեղարդ գնալ. այն բացառիկ է: Իսկ ցուցամոլությունն իրական հավատքի հետ կապ չունի: Նույն կերպ անճաշակություն են Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղադրված տոնածառ հիշեցնող խաչերը: Այնպես է ստացվել, որ անճաշակությունը դարձել է պահանջված: Եթե կա փող, կա նաև թելադրանք, բայց դա ռեստորանում է այդպես: Երբ գործ ունես հանրության հետ, սեփական ճաշակը պարտադրելը` ելնելով պաշտոնից, գումարի չափից, անթույլատրելի է»: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին. «Որպեսզի ունենանք ամուր պետություն, պետք է առաջնորդվենք ոչ թե գեղջկական մոտեցումներով, այլ պետական շահերից ելնելով: Մենք ճկուն և ձևափոխությունների պատրաստ պետություն չենք: Խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին` յուրաքանչյուրս ինքներս մեզ նկատի չունենք, այլ միայն շրջապատին: Ամեն դեպքում, մեր երիտասարդ սերունդը շատ ավելի պատրաստ է փոփոխությունների: Երիտասարդը հենց նա է, ով փոփոխվում է, սովորում է»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն այն համոզման է, որ այն, ինչ չի սովորեցնում հաղթանակը, կարող է սովորեցնել պարտությունը . «Մեր հանրությունը պարտությունից հետո դարձավ իմաստուն, ազգայնական կոչերի հետևից չվազող: Հիմա նա ավելի խորն է մտածում ինչ-ինչ հարցերի շուրջ»: Ռուբեն Բաբայանը խոսում է նաև երկրի համար վճռորոշ պահերին մտավորականության դերի մասին. «Մտավորականը չպետք է խուսափի պատասխանատվությունից, «ես» ասելուց, իր սեփական տեսակետից` անկախ այն բանից, թե քանի կողմնակից ունի: Եթե նա փորձում է ընդհանուր հոսքի հետ գնալ, խուսափում է պատասխանատվությունից»: Մանրամասները` տեսանյութում:
Աննա Բաբաջանյան
Ամբողջական տեսանյութը՝
Հոդվածը՝ Factortv.am կայքից։