Այսքան արհավիրքներից հետո, այսօր և այսուհետ, ավելի քան երբեք, պետք է միասնական, թևութիկունք մեկմեկու լինենք, սատար կանգնենք մեկս մյուսին:
Դավիթ Կարապետյան
Բա թե՝ «Մեկ ազգ, երկու պետություն»…
Երբ Չավուշօղլին հայտարարում է, թե հայ-ադրբեջանական երկխոսության համատեքստում «անկախ նրանից հայաստանցիներին դուր կգա թե ոչ, միևնույն է, մենք բոլոր գործընթացները համակարգում ու նախապես համաձայնեցնում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն», ես այն ըմբռնումով եմ մոտենում, ավելին՝ «ողջունում»՝ սինխրոն աշխատելու, պետական ու ազգային շահերը չտարանջատելու, հայացքները մեկտեղելու, դրանք հստակեցնելու, ծանր ու թեթև անելու, կարմիր ու սպիտակ գծեր հաստատելու, ավարտական ու անբեկանելի դիրքորոշում ունենալու համար:
Ու սա է միանշանակ ճիշտը…
Ակամա, հարց է առաջանում:
Հարգելի՛ ՀՀ և ԱՀ իշխանություններ.
իսկ դուք նույնպե՞ս համատեղ ու սինխրոն եք աշխատում, թե՞ ամեն մեկդ «ձեր գլխի տերն եք, ձեր խոսքի տերը»…
Արդյո՞ք, ընդհանուր են ձեր շահերը, խնդիրները, արդյո՞ք, կան ընդհանուր մեկտեղված կարմիր գծեր, հստակեցված՝ թույլատրելին ու անթուլատրելին:
Արդյո՞ք կա կոնսենսուս՝ հետագա խրթին հարցերին համատեղ լուծում տալու, մարտահրավերներին միասին դիմագրավելու, ձեր առջև ծառացած բարդ ու ճակատագրական հարցերում երկուստեք որոշումներ կայացնելու և այդ որոշումներից բխող պատասխանատվությունը միասին կիսելու ու կրելու հարցում:
Ընդհանրապես, դուք իրարից տեղյա՞կ եք, իրար հաշվետու՞ եք, թե այդ ամենը կա, սակայն՝ «սիրողական», դեմոնստրատիվ մակարդակում…
Եվ հետո….
Բա մենք՝ «մեկ ազգ, երկու պետություն» չե՞նք…
Թե՛ էինք, հիմա չէնք…
Բա՞ն է փոխվել…
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը մենք չէի՞նք թմբկահարում 30 տարի շարունակ, թե արդեն մեկս մյուսից ձեռքերներս լվացել ենք ու թողել բախտի ու թուրք-ազերի քմահաճույքի՞ն…
Ո՞վ է այս արհեստական ջրբաժանի, անտագոնիզմի, պառակտման ու կոնֆրոնտացիայի պատասխանատուն, դրա հովանավորը…
Մեզ համար այն ի՞նչ է՝ բանաձև՞, զուտ կարգախո՞ս, ինքնախաբեությու՞ն, թե՞ արդեն իսկ աբսուրդի ժանրից է…
Հասկանում եմ, որ արժեհամակարգ է փոխվել, գենետիկ բնազդով անգամ հիմա առաջվա միասնականությունը հետ չես բերի…
Ես իմ ողջ գիտակցական կյանքում, գիտեմ ու դեռ հավատում եմ, որ դա աներկբա այդպես է…
Ու թեև «88-ի միացումը» այլ նպատակով էր, ու այլ հանգրվանի պետք է հասցվեր, բայց և այնպես՝ թեկուզ այսպես…
Այդուհանդերձ, ազգը պիտի միասնական լինի, դա աքսիոմա է…
Ինչևէ…
«Մեկ ազգ, երկու պետություն»-ը՝ թուրքի համար հետայսու ստատուս է, բրենդ է:
Ազգը, իհարկե, ազգ չեն, քոչվոր են, բայց որ պետություն ունեն, մեկի տեղն էլ երկուսը, այն էլ մեր պապերի հող ու ջրի վրա, այրունով ստեղծած՝ փաստ է…
Փաստ է նաև այն, որ այդ կարգախոսով էլ փորձում են միավորել այդ երկու պետությունները:
Իհարկե՝ նորից մեր հաշվին…
Նրանք անում են մի բան, որը մենք նախաձեռնեցինք, հիմքերը դրեցինք, բայց այդպես էլ չարեցինք, ընձեռված հնարավորությունն էլ մսխեցինք…
Այսքան արհավիրքներից հետո, այսօր և այսուհետ, ավելի քան երբեք, պետք է միասնական, թևութիկունք մեկմեկու լինենք, սատար կանգնենք մեկս մյուսին:
Անհամաձայնությունները, էժանագին ու հայրենաքանդ ամբիցիաները մի կողմ դրե՛ք, հայրենիքի պաշտպանման ու պահպանման սուրբ գործին տրվե՛ք:
Ու դա արեք համատեղ:
Մենք ուրիշ հայրենիք չունենք, ու սա մեր վերջին հայրենիքն է…
Խելքի եկե՛ք, ՀՀ և ԱՀ իշխանավորներ…
Իսկ դու՛, հայ ժողովուրդ՝ սթափվի՛ր…
Քո այսօրը, ապագայի պարծանքի կամ նսեմության պատրվագ դարձած անցյալն է, իսկ պատմությունը սայթաքումի ներման հոդվածներ չունի…
ԺՀավատում եմ՝ վերածնվելու է երբեմնի միասնականությունն ու համախմբվածությունը:
Աստված պահապան մեր ազգին, Հայաստանին ու Արցախին:
Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։