Հայաստան

Նոյեմբերի 9-ի Թուղթը

Ադրբեջանը կառուցում է Լաչին քաղաքը շրջանցող հատվածը, սակայն հայկական կողմում կան մի շարք հարցեր, որոնք անկասկած լինելու են բարդ բանակցության թեմա:

Հակոբ Բադալյան

Ինչո՞ւ է խորհրդարանական ընդդիմությունը «հանձնում» նոյեմբերի 9-ի թուղթը և առաջ քաշում դեկլարատիվ թղթեր

Խորհրդարան վերադարձի ընդդիմության որոշումը կամ մտադրությունը հաջորդեց «Չեղարկման հռչակագրի» մասին գաղափարին, որ այդ ուժերը մտադիր են առաջարկել Հայաստանի քաղաքական դաշտին: Այն ունի հետևյալ իմաստը՝ Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարում են, որ չեղարկելու են ցանկացած համաձայնություն, որ արտաքին դաշտում կկայացնի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հասկանալի է, որ խոսքը հատկապես զգայուն հարցերի, կապված հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրի, հայ-թուրքական հարաբերության շրջանակին: Ընդ որում, այդ համատեքստում ուշագրավ է այն, որ ընդդիմությունը հայտարարում է, թե  նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկել չեն կարող, քանի որ բացի գերիների վերադարձի դրույթից, մնացյալ բոլոր կետերը իրականացվել են: Այստեղ կա մեղմ ասած բավականին բազմիմաստ վրիպում: Որևէ կերպ իրականացված չէ ոչ միայն գերիների վերադարձի կետը, այլ նաև իրականացված չէ հաղորդուղիների ապաշրջափակման մասին դրույթը:

Շարունակվում է այդ ուղղությամբ աշխատանքն ու բանակցությունը: Նույն կերպ իրագործված չէ Լաչինի միջանցքով նոր ճանապարհին առնչվող դրույթը: Ադրբեջանը կառուցում է Լաչին քաղաքը շրջանցող հատվածը, սակայն հայկական կողմում կան մի շարք հարցեր, որոնք անկասկած լինելու են բարդ բանակցության թեմա: Ադրբեջանը նաև շահարկում է Արցախում հայկական զինուժի վերաբերյալ արձանագրումները, պնդելով, թե ըստ նոյեմբերի 9-ի թղթի՝ Արցախում չպետք է լինի հայկական զինուժ, թեև այդ մասին չկա որևէ արձանագրում և դա Բաքվի կամայական մեկնաբանությունն է: Այլ կերպ ասած, նոյեմբերի 9-ի փաստաթղթի առումով կա աշխատանքի, քաղաքականության, դիվանագիտության հսկայական ծավալ, որ պետք է իրացվի:

Բայց, խոսելով այն մասին, որ բոլոր կետերը իրագործված են՝ գերիների վերադարձից բացի, խորհրդարանական ընդդիմությունը ըստ էության «հանձնում» է այդ փաստաթուղթը, միաժամանակ դրանով իսկ ակնառու դարձնելով, որ «Չեղարկման հռչակագիր» ասվածն այլ բան լինել չի կարող, քան պարզապես ներքաղաքական կոնյուկտուրա, որը դարձյալ՝ ոչ թե Հայաստանին կարող է բերել որևէ օգտակար արդյունք, այլ կարող է օգտակար դառնալ Հայաստանի դեմ որևէ նպատակ ունեցող արտաքին սուբյեկտների: Ըստ այդմ, եթե խորհրդարանական ընդդիմությունը դահլիճ վերադառնալու է այդ օրակարգով, դա առաջ մղելու համար, ապա դա վտանգավոր վերադարձ է: Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմությունը «վերադարձի» որոշմամբ կարող է անել օրակարգի վերափոխման փորձ: Բայց, խնդիրն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայումս թերևս գտնվում է ներքին հարաբերությունների պարզաբանման բավականին ակտիվ փուլում և այդ իմաստով այն հազիվ թե ի զորու է կատարել օրակարգի վերափոխման բովանդակային քայլ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *