2008թ. հունվարին Աֆրիկյան միությունը Թուրքիան հայտարարեց իր ռազմավարական գործընկեր: Մինչ այդ նման կարգավիճակ էին ստացել միայն Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան:
Հայկ Գաբրիելյան
Հայկ Գաբրիելյան, ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
- 21-րդ դարում Թուրքիան շեշտակի ամրապնդել է սեփական դիրքերն Աֆրիկայում։
- Թուրքիան արդեն ձեռնամուխ է եղել Ասիայի «նվաճմանը»։
- Այս համատեքստում յուրահատուկ տեղ ունի Թյուրքական աշխարհի «նվաճումը»։
- Աֆրիկյան ու ասիական ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերը հիմք են ստեղծում Ասրիկա (Ասիա-Աֆրիկա) նախագծի իրագործման համար։
- Ասրիկա նախագծում «սոսնձի» դեր է խաղալու կրոնական բաղադրիչը՝ իսլամը։
- Խալիֆի հավակնություններով Էրդողանի նպատակն է ստեղծել հետմոդեռնիստական խալիֆաթ՝ Ստամբուլ կենտրոնով։
- Էրդողանը ձգտում է վերջնականապես ամրագրել սեփական տեղն ու հետքը Թուրքիայի և համաշխարհային պատմության մեջ։
1․ ԱՖՐԻԿԱ
1․1 Պատմական էքսկուրս
Թուրք–աֆրիկյան հարաբերությունների պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլն ընդգրկում է Աֆրիկայի հետ Օսմանյան կայսրության առնչությունը և ավարտվում է վերջինիս կործանմամբ ու 1923թ. Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադրմամբ: Երկրորդ փուլն առնչվում է 1923–1998թթ․, երբ գրանցվեց թուրք–աֆրիկյան հարաբերությունների ամենացածր մակարդակը: Թուրքիան անտարբերություն ցուցաբերեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած աֆրիկյան երկրների անկախանալու գործընթացի հանդեպ: Նա թեև ճանաչեց աֆրիկյան երկրների անկախությունը, սակայն առանձնակի ջանքեր չգործադրեց նրանց հետ հարաբերություններ հաստատելու և դրանք ամրապնդելու ուղղությամբ: Դա կապված էր Թուրքիայի արևմտականացման (արտաքին քաղաքականության ամերիկյան և եվրոպական ուղղվածության) հետ. «Սառը պատերազմի» ժամանակ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի համար բացասական է դիտվել աֆրիկյան երկրների հետ հարաբերություններ զարգացնելը, որոնց մեծ մասը Չմիավորման շարժման անդամ էր: Բացի այդ տվյալ շրջանում աֆրիկյան բազում երկրներում անկայուն վիճակ էր. 1960–1980թթ. աֆրիկյան երկրներում իրականացվել է ավելի քան 70 հեղաշրջում և պետության ղեկավարի նկատմամբ 13 մահափորձ: Թուրքիան այդպիսով բաց թողեց աֆրիկյան երկրների հետ քաղաքական, տնտեսական և առևտրային կապերը զարգացնելու հնարավորությունը: Իրավիճակը որոշակի փոխվեց 1960–1970–ականներին՝ կապված Կիպրոսի հարցի սրման հետ, որը վատթարացրեց Թուրքիայի և նրա արևմտյան մի շարք դաշնակիցների միջև հարաբերությունները: Կարիք ունենալով նոր երկրների աջակցության՝ Թուրքիան հայացքը գամեց Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վրա:
1998թ․-ից մեկնարկել և ընթացքի մեջ է երրորդ փուլը, որում նկատվում է թուրք–աֆրիկյան հարաբերությունների լայն զարգացում։ 21-րդ դարում Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենաուշագրավ կողմերից մեկը դարձավ աֆրիկյան ուղղությունը, Թուրքիայի կողմից հսկայական տեմպերով Աֆրիկա ներխուժելը։
«Սառը պատերազմի» և դրանից բխող պայմանների ավարտից հետո անխուսափելիորեն առաջ քաշվեց Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության վերանայման հարցը, և Թուրքիան 1990–ականներին ընդլայնեց արտաքին քաղաքականության աշխարհագրությունը` ներգրավելով նորանոր երկրներ և տարածաշրջաններ, այդ թվում և Աֆրիկայում: 1998թ. Թուրքիայում ընդունվեց Աֆրիկյան նախաձեռնությունների պլանը, որում խոսվում էր Թուրքիայի և աֆրիկյան երկրների միջև բարձրաստիճան այցերի, միջազգային տարբեր կառույցներում աֆրիկյան երկրների հետ քննարկումների մեծացման, Աֆրիկայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ավելացման, գործարարների փոխադարձ այցերի, տնտեսական, գիտատեխնիկական և առևտրային համագործակցության պայմանագրեր կնքելու անհրաժեշտության մասին:
Թուրքիան իր համար առաջին անգամ Աֆրիկան «բացահայտեց» Թուրգութ Օզալի ժամանակ, արտգործնախարար Իսմայիլ Ջեմի ժամանակ (1997–2002թթ.) մշակվեց Աֆրիկայի հետ մերձենալու հայեցակարգ, սակայն տվյալ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկվեցին միայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց (2002թ․ նոյեմբեր) հետո։ Հենց ԱԶԿ-ի ջանքերով էապես ուժգնացան Թուրքիայի դիրքերն Աֆրիկայում քաղաքական, տնտեսական, գաղափարական ու ռազմական տեսանկյուններից։
1․2 Քաղաքական-դիվանագիտական
ԱԶԿ-ը սկսեց դիվերսիֆիկացնել աֆրիկյան կապերը և Հյուսիսային Աֆրիկայից բացի ուշադրություն դարձնել նաև Սահարայից հարավ ընկած երկրներին (SAGA): 2003թ. Թուրքիայում ընդունվեց «Աֆրիկյան երկրների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման ռազմավարությունը», որի շրջանակներում մի շարք երկրներ դիտարկվեցին որպես դարպաս` մայրցամաքի հյուսիսային (Եգիպտոս, Լիբիա), արևմտյան (Սենեգալ, Նիգերիա), հյուսիսարևելյան (Եթովպիա, Սուդան), արևելաաֆրիկյան (Քենիա), հարավային (ՀԱՀ), կենտրոնական (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ԿԴՀ) շրջաններ ներթափանցելու համար։ 2005թ. Թուրքիայում հայտարարվեց «Աֆրիկայի տարի», Թուրքիան Աֆրիկյան միությունում ստացավ դիտորդի կարգավիճակ, իսկ Ադիս Աբեբայում նրա դեսպանատունը դարձավ այդ միությունում Թուրքիայի ներկայացուցչությունը: 2008թ. հունվարին Աֆրիկյան միությունը Թուրքիան հայտարարեց իր ռազմավարական գործընկեր: Մինչ այդ նման կարգավիճակ էին ստացել միայն Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան:
2009թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իշխող ԱԶԿ ընտրանու առաջ ունեցած ելույթում ազդարարեց երկրի աֆրիկյան պլանների, ինչպես նաև նեոօսմանիզմի քաղաքականությանն անցում կատարելու մասին. «Մենք նեոօսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով և անգամ Աֆրիկա ենք գնում: Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգություն: Մեզ նեոօսմաններ են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մեծ տերություններն այս ամենին հետևում են զարմացած: Նախևառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում: Ես արդեն հանձնարարել եմ, որ աֆրիկյան որ երկիր էլ որ գնա (Ֆրանսիայի նախագահ Նիկոլա) Սարկոզին, անհրաժեշտ է, որ ամեն անգամ բարձրացնելով իր աչքերը՝ նա տեսնի թուրքական դեսպանատունը և Թուրքիայի ծածանվող դրոշը»[1]:
Մեր կարծիքով՝ Դավութօղլուն այստեղ պատահական օր չէր ընտրել․ 1934թ․ նոյեմբերի 24-ին (Մ․ Ք․ Աթաթուրքի նախագահության ժամանակ) Օսմանյան կայսրության խորհրդանիշներից մեկը դարձած Սուրբ Սոֆիայի մզկիթը ստացավ թանգարանի կարգավիճակ։ Թերևս պատահական չէր նաև այն, որ թուրքական կողմը 2015թ․ հենց նոյեմբերի 24-ին Սիրիայի հետ սահմանին կործանեց ռուսական օդուժի Su-24M ռմբակոծիչը՝ չնայած նրան, որ Թուրքիան դեռ հոկտեմբերի առաջին օրերից էր դժգոհում Սիրիայում գործող ռուսական ավիախմբի կողմից իր օդային սահմանը խախտելուց (Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունը մեկնարկել է 2015թ․ սեպտեմբերի 30-ին)։
Ա) Գագաթնաժողովներ – Աֆրիկյան ուղղությունը զարգացնելու համար ԱԶԿ-ի առաջին քայլերից մեկը եղավ «Թուրքիա-Աֆրիկա» համատեղ գագաթնաժողովների անցկացումը։ Աֆրիկայի հետ գագաթնաժողով («Աֆրիկա+1») անցկացնելու ավանդույթը պատկանում է Ֆրանսիային, որը նման առաջին գագաթնաժողովն անցկացրել է 1973թ․։ Ֆրանսիայից հետո Աֆրիկայի հետ գագաթնաժողովներ անցկացրել են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Գերմանիան, Հարավային Կորեան ու Ռուսաստանը։
«Թուրքիա-Աֆրիկա» առաջին գագաթնաժողովն անցկացվեց 2008թ. օգոստոսի 18–21–ին Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Էրդողանը դրա շրջանակներում հանդիպումներ ունեցան աֆրիկյան 49 երկրների ներկայացուցիչների հետ, ինչն աննախադեպ էր: Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց 2 փաստաթուղթ` «Թուրքիա–Աֆրիկա համագործակցության ստամբուլյան հռչակագիր. համատեղ ապագայի համար համագործակցություն և փոխօգնություն» և «Թուրքիա–Աֆրիկա գործընկերության համագործակցության շրջանակներ»: Դրանք նախատեսում էին միջկառավարական համագործակցություն, փոխադարձ առևտուր և ներդրումներ, խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ համագործակցություն, ինչպես նաև շոշափում էին գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, ջրային պաշարների, առողջապահության, էներգետիկ, տրանսպորտային, կապի, կրթական, մշակութային, մեդիա ոլորտները:
Թուրք–աֆրիկյան առաջին գագաթնաժողովում Թուրքիան հետապնդում էր երկու հիմնական նպատակ: Առաջինն առնչվում էր Թուրքիայի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառության մեծացմանը, երկրորդը՝ աշնանը կայանալիք ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամների ընտրություններում Թուրքիայի թեկնածության հանդեպ աֆրիկյան երկրների աջակցությունը ստանալուն: Եվ, իսկապես, աֆրիկյան երկրների դերը շատ մեծ է Թուրքիայի` 2009–2010թթ. ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու հարցում: 2008թ. աշնանը տեղի ունեցած քվեարկության ժամանակ աֆրիկյան 54 երկրներից 52–ն իրենց քվեն տվել են Թուրքիայի օգտին: Դրանով իսկ Թուրքիան վերջին 47 տարում առաջին անգամ դարձավ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ ընդհանուր առմամբ ստանալով 151 ձայն: Ի դեպ, դա ՄԱԿ շրջանակներում Թուրքիայի ստացած ամենամեծ աջակցությունն է (ավելի վաղ Թուրքիան ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է դարձել 1951–1952թթ., 1954–1955թթ. և 1961թ.)[2]:
2014թ․ նոյեմբերի 19-21-ին Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում անցկացվեց «Թուրքիա-Աֆրիկա» երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեց 32 աֆրիկյան երկրի պատվիրակություն։ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց 2015-2019թթ․ «Համատեղ օգտագործման պլանը», որը նախատեսում էր բազմակողմ համագործակցություն բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև կրթություն, անվտանգությունից մինչև միջազգային հարցեր[3]։
2021թ․ դեկտեմբերի 16-18-ին Ստամբուլում անցկացվեց «Թուրքիա-Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովը, որի թեման էր «Գործընկերության ընդլայնումը՝ հանուն համատեղ զարգացման ու բարգավաճման»։ Դրան մասնակցեց աֆրիկյան 16 երկրի ղեկավար և 102 նախարար (որից 26-ը՝ արտգործնախարար)։ Ընդունվեց 2022-2026թթ․ կոնկրետ նախագծերի իրագործման գործողության պլանը, որոնք, ինչպես ակնկալվում է, Թուրքիայի աջակցությամբ կիրագործվեն առաջիկա տարիներին և օգտակար կլինեն Աֆրիկայի երկրների համար։ Հաջորդ գագաթնաժողովը ծրագրված է անցկացնել աֆրիկյան երկրներից որևէ մեկում։ Իր ելույթում ԹՀ նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս հայտնեց, որ «Թուրքիա-Աֆրիկա» գործընկերային գագաթնաժողովները կդառնան ավանդական։ Նրա խոսքերով՝ աֆրիկյան մայրցամաքը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, և Թուրքիան երբեք երես չի թեքի Աֆրիկայից ու նրա ժողովուրդներից[4]։
Բ) Դեսպանատներ – Թուրքիա-Աֆրիկա առաջին գագաթնաժողովից հետո սկսեց աճել Աֆրիկայում դեսպանատների թիվը։ Մինչև ԱԶԿ իշխանության գալը Թուրքիան Աֆրիկայում ուներ միայն 12 դեսպանատուն, որոնցից 7–ը՝ SAGA–ում: Աֆրիկայում Թուրքիայի առաջին դեսպանատունը բացվել է 1925թ․ Կահիրեում, իսկ SAGA–ում՝ 1926թ․ Ադիս Աբեբայում: 1954-1994թթ․ Թուրքիան դեսպանատներ է բացել նաև Լիբիայում, Մարոկկոյում, Թունիսում, Սուդանում, Նիգերիայում, Սենեգալում, Քենիայում, Կոնգոյում, Սոմալիում ու ՀԱՀ-ում։
2009-2019թթ․ Թուրքիայի դեսպանատներ բացվել են Կոնգոյում, Կոտ դԻվուարում, Անգոլայում, Գանայում, Մադագասկարում, Մալիում, Հասարակածային Գվինեայում, Մավրիկիոսում, Ուգանդայում, Կամերունում, Հարավային Սուդանում, Մավրիտանիայում, Մոզամբիկում, Զամբիայում, Զիմբաբվեում, Գամբիայում, Գաբոնում, Նամիբիայում, Նիգերում, Ջիբութիում, Չադում, Էրիթրեայում, Գվինեայում, Բենինում, Բոտսվանայում, Բուրկինա Ֆասոյում, Ռուանդայում, Բուրունդիում, Սիերա Լեոնեում, Տանզանիայում։
2021թ․ Թուրքիայի դեսպանատուն բացվեց Տոգոյում, որով աֆրիկյան մայրցամաքում Թուրքիայի դեսպանատների թիվը հասցվեց 43-ի։ ԹՀ-ն այդ ցուցանիշով բարձրացավ 4-րդ հորիզոնական Չինաստանից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից հետո։ Այդպիսով, 2009թ․-ից Թուրքիան Աֆրիկայում բացել է 31 դեսպանատուն և դարձել 21-րդ դարում Աֆրիկայում ամենաշատ դեսպանատներ բացած երկիրը։ Մոտ ժամանակներս ծրագրված է Թուրքիայի դեսպանատուն բացել Գվինեա Բիսաուում, իսկ Աֆրիկայում Թուրքիայի դեսպանատների թիվը հասցնել մինչև 50-ի (աֆրիկյան երկրների թիվը կազմում է 54)[5]։ 2021թ․ հոկտեմբերի 18-ին Էրդողանն Անգոլայում հայտարարեց, որ Թուրքիայում աֆրիկյան երկրների դեսպանատների թիվը հասել է 37-ի[6]։ Հարկ է նշել, որ մինչև ԱԶԿ իշխանության գալը Թուրքիայում դեսպանատուն ուներ աֆրիկյան միայն 10 երկիր, որոնցից 5-ը բաժին է ընկել SAGA–ին (Ալժիր, ՀԱՀ, Մարոկկո, Լիբիա, Եգիպտոս, Սուդան, Թունիս, Նիգերիա, Սենեգալ, Եթովպիա):
Գ) Բարձրաստիճան այցեր – ԱԶԿ կառավարման տարիներին ԹՀ-ի ու Աֆրիկայի միջև գրանցվեցին բարձր մակարդակի փոխադարձ այցեր։ Մինչև ԱԶԿ իշխանության գալն Անկարան հիմնականում սահմանափակվել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների, առաջին հերթին՝ Լիբիայի հետ հարաբերություններով, որին Թուրքիայում անվանում էին «աֆրիկյան դարպասներ»: Մինչև 2000-ականները Թուրքիայից SAGA իրականացվել է ամենաբարձր մակարդակի երկու այց․ 1969թ. դեկտեմբերի 17–22–ին Եթովպիա է այցելել Թուրքիայի նախկին (1966–1973թթ.) նախագահ Ջևդեթ Սունայը, իսկ 1996թ. հոկտեմբերի 7-8-ին Ն․ Էրբաքանն այցելել է Նիգերիա: Մինչդեռ միայն 2004-2013թթ. Էրդողանը և Գյուլը 38 այց են կատարել աֆրիկյան երկրներ, որոնց մեծ մասը եղել է աննախադեպ: 2011թ. Էրդողանը մեկնեց Մոգադիշո, որով դարձավ վերջին 20 տրավա ընթացքում Սոմալի այցելած, աֆրիկյան երկիր չհանդիսացող օտար առաջին երկրի առաջնորդ։
2021թ․ հոկտեմբերի 17-ին Էրդողանը քառօրյա այցով մեկնեց Անգոլա, Նիգերիա և Տոգո՝ այցելած աֆրիկյան երկրների թիվը հասցնելով 30-ի[7]։ Այս ամենին զուգահեռ՝ ավելանում է Թուրքիա աֆրիկյան երկրների առաջնորդների այցերի թիվը, որոնց մի զգալի մասը նույնպես աննախադեպ է[8]։ Օրինակ, միայն 2021թ․ Թուրքիա է այցելել աֆրիկյան միանգամից 5 երկրի (Եթովպիա, ԿԴՀ, Գվինեա, Սուդան, Անգոլա) առաջնորդ, ինչպես նաև Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը[9]։
Այդպիսով, Թուրքիային հաջողվել է 21-րդ դարում քաղաքական-դիվանագիտական ոլորտում Աֆրիկայում հասնել բավական լուրջ (աննախադեպ) հաջողությունների։ Անգամ դեսպանատների բացման համատեքստում կարելի է ասել, որ Թուրքիան առաջատար հնգյակում է և մոտենում է եզրագծին (54 երկրից 50-ում դեսպանատուն ունենալուն)։
1․3 Տնտեսական
Իր աֆրիկյան քաղաքականությունում Թուրքիան շեշտը դնում է աֆրիկյան երկրների հետ տնտեսական համագործակցության վրա: Աչք է զարնում այն, որ թուրք առաջնորդները սովորաբար աֆրիկյան երկրներ են այցելում հարյուրավոր գործարարների ուղեկցությամբ: Թեև Թուրքիային հետաքրքրում են աֆրիկյան երկրների բնական հարստությունները, այնուամենայնիվ, նա մեծ կարևորություն է տալիս նաև հարաբերությունների այլ տեսակներին: Դա, մասնավորապես, վերաբերում է թուրքական արտահանմանը և աֆրիկյան երկրներում ներդրումներ անելուն: Հաշվի է առնվում, որ Աֆրիկան մոտ 1․3 միլիարդ բնակչությամբ ու $3․4 տրիլիոն ծավալով հսկա շուկա է։
Աֆրիկայի հետ Թուրքիայի առևտրի մեծ մասը դեռ բաժին է ընկնում Հյուսիսային Աֆրիկայի երկրներին, որոնց հետ նա վաղեմի կապերի մեջ է: Թուրքիան և Աֆրիկան կանոնավորապես փոխանակվում են տնտեսական պատվիրակություններով: Մշտապես կազմակերպվում են թուրքական ապրանքների տոնավաճառներ ու ցուցահանդեսներ: TUSKON-ը (Թուրքիայի գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիա) կազմակերպում է բիզնես-գագաթնաժողովներ, որոնց մասնակցում են թուրք և Աֆրիկայի գրեթե բոլոր երկրների հազարավոր գործարարներ: 2008թ. ստեղծվել է Թուրք-աֆրիկյան առևտրային պալատը, որում Թուրքիան ներկայացնում է Առևտրային պալատների և ապրանքային բորսաների միությունը (TOBB): 1998թ․-ից Թուրքիան աֆրիկյան մայրցամաքում մասնակցում է միջազգային կառույցների (նաև ՀԲ-ի) նախագծերի իրագործմանը:
Թուրքիայի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Աֆրիկան չեն դիտարկում միայն որպես հումքի մատակարար և ապրանքների վաճառքի շուկա, որ շահագրգռված են լայնամասշտաբ համագործակցությամբ, այդ թվում նաև տեխնոլոգիաների, աֆրիկյան ապրանքները համաշխարհային շուկաներում հայտնվելու գործընթացը դյուրացնելու, մայրցամաքի զարգացման և այլ ոլորտներում: Թուրք ձեռնարկատերերն ակտիվորեն ներդրումներ են անում աֆրիկյան երկրներում: Հյուսիսային Աֆրիկայում թուրքական ներդրումների ծավալը զգալիորեն գերազանցում է SAGA-ում կատարված ներդրումների ծավալը, թեև այն վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել: Թուրքական ընկերություններն Աֆրիկայում լայնորեն օգտագործում են տեղի աշխատուժը: Հաշվի առնելով, որ աֆրիկյան երկրների մեծ մասում աշխատավարձի մակարդակը բարձր չէ, դա տվյալ երկրները դարձնում է առավել գրավիչ՝ այնտեղ տեղափոխելու համար մի շարք արտադրական հզորություններ, որոնք չեն պահանջում որակյալ աշխատանք[10]:
ԱԶԿ-ի ջանքերով զգալի աճել է Թուրքիայի ու Աֆրիկայի միջև առևտրի ծավալը։ Եթե 2003թ․ Թուրքիայի ու Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր $5․47 միլիարդ, ապա 2015թ․ այն արդեն եռապատկվել է՝ $17․5 միլիարդ, իսկ 2020թ․ կազմել $25․3 միլիարդ՝ չնայած կորոնավիրուսի համավարակին (2019թ․՝ $26․2 միլիարդ)։ Եթե 2003թ․ Աֆրիկայում Թուրքիայի ներդրումների ծավալը կազմում էր $100 միլիոն, ապա ներկայումս հասել է $6-7 միլիարդի, որով աշխատանքով ապահովվել է ավելի քան 25․000 աֆրիկացի[11]։
Ներկայումս Թուրքիան գործարար խորհուրդներ է ձևավորել շուրջ 45 աֆրիկյան երկրի հետ, $8․7 միլիարդ է ուղղել աֆրիկյան երկրների զարգացման նախագծերի իրագործմանը, 48 աֆրիկյան երկրի հետ ստորագրել է առևտրային ու տնտեսական համագործակցության, 32 երկրի հետ՝ ներդրումների փոխադարձ խթանման ու պաշտպանության, իսկ 16 երկրի հետ՝ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրեր։
Թուրքիայի գործարար շրջանակները գործադրում են բոլոր ջանքերն իրենց համար բացելու Աֆրիկայի շուկաները: Աֆրիկայի տնտեսական բարձր ներուժը և օտար երկրների առջև բաց դառնալու նրա ջանքերը Թուրքիայի համար ստեղծում են լայնամասշտաբ տնտեսական համագործակցության հնարավորություններ: Դա վերաբերում է նաև շինարարական ոլորտին։ Թուրք շինարարներն արտերկրում իրենց առաջին գործունեությունը ծավալել են Լիբիայում, որին 1972–1979թթ. բաժին է ընկել արտերկրում թուրքական շինարարական աշխատանքների 72.53%-ը, իսկ 1980–1989թթ.՝ 55.2%-ը[12]: Ներկա դրությամբ թուրքական կապալառու ընկերություններն Աֆրիկայում արդեն իրականացրել են ընդհանուր $78 միլիարդ ընդհանուր արժողությամբ 1686 նախագիծ։
ԱԶԿ իշխանության տարիներին «Թուրքական ավիաուղիները» (THY) զգալի մեծացրել է ավիաչվերթների աշխարհագրությունն Աֆրիկայում: Եթե 2002թ. THY–ն ուներ ընդամենը 4 աֆրիկյան ուղղություն, ապա 2013թ․ այն չվերթներ էր կատարում Աֆրիկայի 25 երկրի 36 կետեր, այդ ցուցանիշով այն Աֆրիկայում զիջում էր միայն Air France–ին (52 չվերթ)[13]: 2021թ․ աշնանը հաղորդվեց, որ Աֆրիկայում THY-ի ուղղությունների թիվը հասել է 61-ի (40 երկիր)[14], և որ THY-ին հաջողվել է գերազանցել նաև Air France–ին[15]։ Սա վկայում է, որ THY-ը «քայլում է» ԹՀ արտաքին քաղաքականությանը զուգահեռ (և նաև ԹՀ-ի «փափուկ ուժի» մաս է)։
Աֆրիկյան ռազմավարության մաս են կազմում Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) կազմակերպած «Թուրքիա-Աֆրիկա տնտեսական և գործարար ֆորումները» (TABEF)։ Ֆորումներին մասնակցում են աֆրիկյան երկրների նախարարներ, մասնավոր սեկտորում ներգրավված ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Աֆրիկյան Միության ու Աֆրիկյան զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, Աֆրիկյան տարածաշրջանի տնտեսական համայնքների գլխավոր քարտուղարը և այլք։ Առաջին TABEF-ը Ստամբուլում անցկացվել է 2016թ․ նոյեմբերի 2-3-ին, երկրորդը՝ 2018թ․ հոկտեմբերի 21-22-ին, իսկ երրորդը՝ 2021թ․ հոկտեմբերի 21-22-ին[16]։
Երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցել է 41 երկրի 250 ներկայացուցիչ, ավելի քան 3000 գործարար, որոնցից 1600-ը՝ Աֆրիկայից[17]։ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը ֆորումում հայտարարեց․ «Թուրքիայի արտահանումն Աֆրիկա $2․1 միլիարդից հասել է $15․2 միլիարդի, իսկ ներկրումը՝ $3․3 միլիարդից $10 միլիարդի։ Թուրքիան ու Աֆրիկան շարունակելու են առաջ ընթանալ «շահիր-շահիր» սկզբունքով»[18]։
Ֆորումում Էրդողանը հայտարարեց, որ Աֆրիկան ու Թուրքիան նպատակադրվել են ապրանքաշրջանառության ծավալը նախ հասցնել $50 միլիարդի, ապա $75 միլիարդի։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի վարչապետի ու նախագահի պաշտոնում ընդհանուր 50 այց է կատարել 30 աֆրիկյան երկիր։ Էրդողանը կարևորեց թուրքական ներդրումները նաև Աֆրիկայի առողջապահական ենթակառուցվածքներում, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում թուրքական TURKOVAC պատվաստանյութի կիրառումը (ծրագրված է Աֆրիկա ուղարկել 15 միլիոն չափաբաժին)։[19] Նշենք, որ 2014թ․ Մալաբոյում Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան $5 միլիոն է հատկացրել Էբոլայի դեմ պայքարին, Սուդանում բացել է 150, իսկ Սոմալիում՝ 200 մահճակալով հիվանդանոցներ։
Տանզանիայի Արդյունաբերական պալատի ղեկավար Փոլ Քովին ֆորումում հայտարարեց, որ թուրքական ապրանքները համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին, և միաժամանակ դրանց գինը մատչելի է, ինչն առավելություն է իրենց համար։ Եթովպական կողմին հետաքրքրել է թվային կրթության ոլորտում, իսկ Ուգանդային՝ ջրային ոլորտում Թուրքիայի ունեցած փորձը։ Ընդգծվեց, որ աշխարհում չշահագործվող տարածքների 60%-ը գտնվում է Աֆրիկայում։[20] Ֆորումում նշվեց, որ կարճ ժամանակ անց Աֆրիկայի բնակչությունը 1․3 միլիարդից հասնելու է 1․7 միլիարդի, և այդ համատեքստում կարևորվեց Թուրքիայի կողմից Աֆրիկայում որակյալ ենթակառուցվածքներ կառուցելը[21]։
Չնայած տնտեսական ոլորտում զգալի հաջողություններին՝ Թուրքիան դեռ բավական անելիքներ ունի մի շարք ուղղություններով․ Գերմանիայի ու Աֆրիկայի միջև առևտրի ծավալը կազմում է $50 միլիարդ, իսկ Չինաստանի ու Աֆրիկայի միջև՝ $190 միլիարդ։ Այնուամենայնիվ, Թուրքիան պարարտ է հող է ստեղծել տնտեսական կապերի հետագա խորացման համար, և թերևս անկասկած է, որ ժամանակի ընթացքում զգալի կմեծանա Թուրքիայի դերն Աֆրիկայի տնտեսական կյանքում (նաև ենթակառուցվածքներում)։
1․4 Գաղափարական, Փափուկ ուժ
21-րդ դարում Թուրքիայում մի շարք քայլեր ձեռնարկվեցին թուրք հասարակությանն Աֆրիկան ծանոթացնելու և Թուրքիան Աֆրիկային ծանոթացնելու ուղղությամբ: Այդ նպատակով «ուղեղային կենտրոնները» կազմակերպում էին սեմինարներ և կոնֆերանսներ, որոնցում ընդգծվում էր, որ Թուրքիան օտար երկիր չէ Աֆրիկայում (Օսմանյան կայսրություն): 2013թ. սկզբին Տնտեսական և սոցիալական հետազոտությունների միջազգային հիմնադրամը (UTESAV) կազմակերպեց «Աֆրիկայի ապագան և Թուրքիան» խորագրով միջազգային կոնֆերանս: Զեկուցողներից Չադում Թուրքիայի դեսպան, պրոֆեսոր Ահմեթ Քավասը հայտարարեց․ «Մալիում Ֆրանսիայի իրականացրած օպերացիան «Աֆրիկայում Մեծ խաղի» մասնիկն է, ինչի հիմքում ընկած է SAGA-ի էներգետիկ հարուստ պաշարներին և առաջին հերթին նավթին ու ուրանին տիրելը։ Արևմտյան երկրները քաջատեղյակ են Աֆրիկայի մասին, նրանք վաղուց տեղեկություններ ունեն Աֆրիկայի օգտակար հանածոների և գյուղատնտեսական արտադրանք արտադրելու համար բարենպաստ տարածքների մասին: Ընդ որում, աֆրիկացիները հաճախ տեղյակ չեն իրենց տարածաշրջանի պաշարների մեծ մասից: Արևմուտքը սխալ տեղեկություններ է հաղորդում Աֆրիկայի բնական հարստությունների մասին (սովորաբար աֆրիկյան հանքավայրերը շահագործման համար բավական մատչելի են և ունեն հարուստ բովանդակություն)։ Իրականում այդ պաշարները շատ ավելին են: Աֆրիկայի մասին մեր տեղեկությունները սահմանափակ են և սովորաբար հենված են արևմտյան աղբյուրների վրա: 21-րդ դարի երկրորդ կեսը կդառնա «Աֆրիկայի դար», և դրա հետ կապված` պետք է շեշտը դնել աֆրիկյան մայրցամաքում հետազոտություններ անցկացնելու կարևորության վրա»:
Թուրք սյունակագիր Սամի Քոհենը գրում է. «Այսօր Աֆրիկան վերածվել է բազում երկրների համար կատաղի մրցակցության գոտու: ԱՄՆ–ը և Եվրոպան ներկայացնող նրա նախկին գաղութարար երկրներն արդեն բավական երկար ժամանակ ներկայացված են տվյալ տարածաշրջանում: Վերջին շրջանում Աֆրիկայում զգալի ակտիվություն են ցուցաբերում Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Բրազիլիան: Այժմ Թուրքիան նույնպես միացել է այդ մրցակցությանը, և այդ պայքարում հաջողության հասնելու համար կարևոր է խաղալ որոշակի կանոններով: Աֆրիկայում դրված առաջադրանքների կատարման համար պետք է հիմնավորապես ճանաչել և՛ նրա պետությունները, որոնցից շատերում իշխում են բռնապետներն ու տիրում է կոռուպցիա, և՛ նրա ժողովուրդներին»։
Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիան մյուսների հետ համեմատ ավելի ուշ է միացել Աֆրիկայի համար մղվող պայքարին և հաջողության հասնելու համար պետք է ցուցաբերեր նորարարական մոտեցում։ Գիտակցելով, որ գաղութատիրական անցյալով արևմտյան երկրները բավական խոցելի են՝ թուրքական կողմն անմիջապես մասշտաբային քարոզչական գրոհ ձեռնարկեց տվյալ ուղղությամբ։ 2010թ. ԿԴՀ այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարեց. «Մեծ երկիր լինելը չի բնորոշվում միայն ուժեղ բանակ և ուժեղ տնտեսություն ունենալով: Դա բնորոշվում է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելով: Աֆրիկային Թուրքիայի մարդասիրական օգնության ծավալն անցել է $1 միլիարդից: Ի տարբերություն եվրոպական երկրների` Թուրքիան չունի գաղութատիրական անցյալ, թուրք-աֆրիկյան հարաբերությունները մաքուր են: Թուրքիան առանց որևէ ակնկալիքի հումանիտար օգնություն է ցուցաբերում Աֆրիկային»:
2011թ. Էրդողանը քննադատեց այն բոլոր երկրներին և միջազգային կառույցներին, որոնք անտարբեր են Սոմալիի խնդիրների նկատմամբ. «Աֆրիկայի բնական հարստությունների կողոպտիչները հանգիստ, առանց խղճի խայթի հետևում են աղետին: Սա թեստ է` ապացուցելու համար, որ արևմտյան արժեքները դատարկ հռետորաբանություն չեն»: 2013թ. սկզբին էլ Էրդողանը Գաբոնի խորհրդարանում հայտարարեց. «Նայելով Աֆրիկային` մենք ուշադրություն չենք դարձնում նրա հարստություններին, մենք տեսնում ենք միայն բարեկամություն և եղբայրություն: Կգա ժամանակ, երբ Աֆրիկան Արևմուտքից պատասխան կպահանջի առևանգած ալմաստների, ոսկու, ստորգետնյա հարստությունների և մարդավաճառության համար: Դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը դարձել է Աֆրիկայում բարեկամական և եղբայրական կյանքի խորհրդանիշ, նա մշտապես դեմ է եղել շահագործմանը և երբեք չի միջամտել այլ ժողովուրդների կրոնական, լեզվական, մշակութային գործերին: Թուրքիան և Աֆրիկան դժվարին ճանապարհ են հաղթահարել: Նայելով Աֆրիկային` մենք տեսնում ենք մեր ընդհանուր պատմությունը»:
2012թ. մայիսին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն Անկարայում «Թուրքիա-Աֆրիկա» մեդիա ֆորումում հայտարարեց. «Դարերի ընթացքում Աֆրիկան բազում տանջանքներ է տեսել, նրա ստորգետնյա և վերգետնյա բնական պաշարներն անխնա թալանվել և թալանվում են: Թուրքիայի և Աֆրիկայի միջև առկա են պատմական կապեր: Աֆրիկայի նկատմամբ մեր հետաքրքրությունը համեմատելի չէ մյուսների հետաքրքրության հետ, մեր հետաքրքրությունը բխում է մեր սրտերում առկա սիրո զգացումից: Մենք օգնում ենք անգամ Աֆրիկայի ամենահեռավոր մասերում բնակվող հասարակ քաղաքացիներին: Թուրքիան զգալիորեն ավելացրել է իր ներկայացուցչություններն աֆրիկյան երկրներում, ինչը վկայում է նրանց մեր տված մեծ նշանակության մասին»:
Թուրք առաջնորդների նմանատիպ հայտարարությունները միտված են աֆրիկացիների շրջանում Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելուն և առաջին հերթին Աֆրիկայում ամուր դիրքեր ունեցող եվրոպական երկրներին վարկաբեկելուն, նրանց դեմ ատելություն բորբոքելուն[22]: Այս գործելաոճը չի փոխվել նաև ներկայումս։ 2021թ․ հոկտեմբերին Էրդողանն Անգոլայի խորհրդարանում հայտարարեց․ «Մենք այնպիսի ազգ ենք, որի պատմության մեջ չկան գաղութատիրական հետքեր։ Այսօր մենք պայքարում ենք գլոբալ համակարգի անարդարության դեմ՝ հայտարարելով, թե աշխարհը հինգից մեծ է։ Մարդկության ճակատագիրը չպետք է գտնվի մի բուռ երկրների ձեռքում, որոնք հաղթել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Թեև Թուրքիայի ու Անգոլայի միջև աշխարհագրական հեռավորությունը կազմում է մոտ 6000 կմ, այնուամենայնիվ, անհնար է սահմաններ գծել մեր սրտերի միջև։ Թուրքիան տարբերակում չի մտցնում աֆրիկյան երկրների միջև, ցանկանում է Աֆրիկայի հետ առաջ գնալ ձեռք ձեռքի տված։ Մեր նպատակն է Աֆրիկայի հետ միասին հաղթել, զարգանալ, աճել ու հաղթահարել ճանապարհը»[23]։
Այդպիսով, Էրդողանը ձգտում է աֆրիկյան երկրներին շարունակ ցուցադրել իր «հակաիմպերիալիստական» ուղղվածությունը՝ ընդգծելով, որ «արդեն բավական է, որ պետք է վերջ դնել գաղութատիրությանը, որ Աֆրիկան կարող է դառնալ բարօրության մայրցամաք»։ Էրդողանը Թուրքիան ներկայացնում է որպես աֆրո-եվրասիական երկիր՝ հիշեցնելով, որ Օսմանյան կայսրության տարածքները տարածվել են Աֆրիկայում, Եվրոպայում ու Ասիայում։ Շատ կարևոր է այն, որ Աֆրիկայի մասին խոսելիս Էրդողանը շեշտը դնում է «արդարության վերականգնման» վրա՝ այդպիսով ներկայանալով որպես «արդարության համար պայքարի առաջամարտիկ» և աֆրիկյան երկրներին լարելով Արևմուտքի դեմ։
Եվ թուրքական կողմի այս գործունեությունը տալիս է իր պտուղները։ Ներկայացնենք մի քանի օրինակ։ 2021թ․ դեկտեմբերին «Անադոլուի» հետ զրույցում մավրիկացի պատմաբան Ասադ Բհուղլան նշեց. «Աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները հիմնված են մարդասիրության, եղբայրության և փոխադարձ համագործակցության վրա։ Թուրքիայի հետ հարաբերությունները տարբերվում են Աֆրիկայում գաղութատիրական պատմությամբ արևմտյան տերությունների պարտադրած միակողմանի հարաբերություններից։ Նախկին գաղութատիրական տերությունները շահագործեցին մայրցամաքի ռեսուրսներն ու հումքը՝ միաժամանակ հզորացնելով իրենց, մինչդեռ Թուրքիան ավելի մարդասեր է, ձգտում է, որ աֆրիկյան ժողովուրդներն օգտագործեն իրենց սեփական ռեսուրսները և իրենց ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքում»[24]:
Սենեգալյան Dakar Construction ընկերության սեփականատեր Բամբա Դիագնեն էլ «Անադոլուի» հետ զրույցում կարևորեց թուրքական ընկերությունների և ներդրողների կողմից հարգանքի ցուցաբերումը․ «Աֆրիկան այլևս չի հանդուրժում իրեն «վերևից նայող» գործընկերներին։ Մայրցամաքում թուրք ներդրողների ամենամեծ առավելությունն այն է, որ նրանք հարգում են իրենց զրուցակիցներին: Ես ամբարտավան վերաբերմունք չեմ զգում թուրքերի հետ աշխատելիս: Մենք դա հաճախ ենք զգում այլ գործընկերների հետ շփվելիս: Կարծում եմ, որ շատ լավ է նաև այն, որ մենք դավանում ենք նույն կրոնը։ Օրինակ, չինական ընկերությունների հետ լուրջ խնդիրներ կան կրոնի մասով։ Բայց թուրքերի զգայունությունն այս հարցում անվիճելի է։ Սենեգալում հավատքն առաջին տեղում է: Սենեգալում բիզնես անելիս հարկ է որոշակի զգայունություն ցուցաբերել կրոնական հարցերի նկատմամբ»[25]:
Յոհաննեսբուրգում գտնվող Media Review Network ուղեղային կենտրոնի գիտաշխատող Մուստաֆա Մեթանն «Անադոլուի» հետ զրույցում հայտնել է․ «Աֆրիկայի զարգացման հանդեպ Թուրքիայի մոտեցումը լիովին տարբերվում է մյուսներից: Այն հենված է իրական գործընկերության վրա, հենված չէ հարկադրանքի և մանիպուլյացիայի վրա, ինչպես որ արևմտյան որոշ երկրների դեպքում է։ Աֆրիկան կարիք ունի գործընկերների, ոչ թե տերերի։ Աֆրիկյան երկրների ներքին գործերին Թուրքիայի չմիջամտելը բարեկամության ակնհայտ ցուցիչ է։ Նա միջամտում է միայն այն ժամանակ, երբ իրեն խնդրում են այդ մասին»:
Քեյփթաունի համալսարանի դոկտորանտ Սաֆիե Յըլդըզի կարծիքով՝ ցուցաբերած հարգանքի շնորհիվ Թուրքիան կշարունակի դիրքեր գրավել մայրցամաքում․ «Օսմանյան կայսրությունը պատվավոր ժառանգություն է կտակել մայրցամաքին: Թուրք ժողովուրդն Աֆրիկան երբեք չի անվանել «սև մայրցամաք», ինչպես որ Արևմտյան աշխարհը։ Այն ժամանակ, երբ Աֆրիկայում գաղութարարները եկեղեցիները տարանջատում էին ըստ սպիտակամորթների և սևամորթների, օսմանները թուրք գիտնականներ էին ուղարկում Հարավային Աֆրիկա՝ անկախ մաշկի գույնից, մարդկանց ուսուցանելու համար»[26]:
21-րդ դարում Աֆրիկայում Թուրքիայի դիրքերի շեշտակի ամրապնդումը մեծապես հնարավոր է դարձել Թուրքիայի «փափուկ ուժի» գործիքակազմի հաջող կիրառման շնորհիվ։ Այստեղ, թերևս, պետք է առաջինը հիշատակել Թուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը (TIKA), որը գործում է Աֆրիկայի գրեթե 40 երկրում և իր գրասենյակներն է բացել աֆրիկյան 22 երկրում: TIKA-ն դրամաշնորհներ է տրամադրում Աֆրիկայում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցմանը։ Ի դեպ, TIKA–ն մեծ ուշադրություն է հատկացնում Աֆրիկայում ջրի խնդրի լուծմանը: TIKA–ն Թուրքիայի Ջրային ռեսուրսների գործակալության (DSI) հետ մեկտեղ 2010-ականների սկզբներին աֆրիկյան երկրներում արդեն բացել է 303 ջրհոր: TIKA–ն Աֆրիկայում նաև մասնակցում է ծառատունկերի` դրանով իսկ ներգրավվելով աֆրիկյան երկրների համար առանցքային մեկ այլ խնդրի լուծման մեջ (անապատացման դեմ պայքար): 2012թ. օգոստոսին աֆրիկյան այդ երկրում ստեղծվեց «Նիգեր–Թուրքիա բարեկամության անտառ»[27]:
1992թ․-ից ի վեր TİKA-ն 5 մայրցամաքում իրականացրել է մոտ 30.000 նախագիծ։ Այն իր 62 գրասենյակներն է բացել 60 երկրում (63-րդ գրասենյակը ծրագրված է բացել Նիգերիայում)։ Թերևս ավելորդ չէ ասել, թե Թուրքիայի վարկը որքան է բարձրանում տեղաբնակների ջրային սուր խնդիրները լուծելուց հետո (Թուրքիան նաև ջրատար մեքենաներով է խմելու ջուր հասցնում աֆրիկյան գյուղեր)։ 2021թ․ վերջին թուրքական մամուլը հայտնեց, որ Թուրքիան Ասիայում ու Աֆրիկայում խմելու ջրով ապահովել է 18 միլիոն մարդու, ընթացքի մեջ է ևս 7 միլիոն մարդու խմելու ջրով ապահովելու հարցը։ Միայն աֆրիկյան 22 երկրում թուրքական պետական ու քաղաքացիական կազմակերպությունները բացել են 34․297 ջրհոր, որոնք կծառայեն 15-25 տարի։ Ջրհորներ բացելու արժեքը կազմում է 80-2250 եվրո՝ կախված տարածաշրջանից։ Բացի այդ նրանք բազում կիլոմետրերով ջրագծեր ու ջրի մաքրման կայաններ են կառուցել այդ երկրներում, որտեղ տարեկան ավելի քան 485․000 մարդ է մահանում խոլերայից, դիզենտերիայից, տիֆից ու փորլուծությունից[28]։
Աֆրիկայում լայն գործունեություն են ծավալում Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), որը պայքարում է բնական ու մարդածին աղետների հետևանքների վերացման դեմ, Թուրքական Կարմիր մահիկը, Արտասահմանաբնակ թուրքերի ու ազգակից համայնքների վարչությունը (YTB), Թուրքիայի Կրոնական հիմնադրամը (TDV), Յունուս Էմրեի ինստիտուտը (YEE), Թուրքիայի Լուսավորման (Մաարիֆ) հիմնադրամն (TMV) ու բազում ՀԿ-ներ, Anadolu լրատվական գործակալությունը («փափուկ ուժի» գործիքակազմի մեջ են մտնում վերոնշյալ DEIK-ը և նաև THY-ը)։
YEE-ն զբաղված է տեղաբնակների շրջանում թուրքերեն լեզվի, թուրքական մշակույթի տարածմամբ, Թուրքիայի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելով (թուրքական հեռուստասերիալները մեծ տարածում ունեն Աֆրիկայում)։ Այն Աֆրիկայում ունի 10 գրասենյակ (որից 4-ը՝ Հյուսիսային Աֆրիկայում)։ YEE-ն այդպիսով հիշեցնում է Աֆրիկայում չինարենի ուսուցում իրականացնող Կոնֆուցիոսի կենտրոնները (աֆրիկյան 45 երկրում 61 գրասենյակ)։ TMV-ն էլ 25 աֆրիկյան երկրի 175 կրթական հիմնարկում մատուցում է կրթական ծառայություններ (դրանցում սովորում է 17․565 աշակերտ)։ Աֆրիկայում TMV-ն իր գործունեությունը բավական ընդլայնել է վերջին 5 տարում՝ 2016թ․ ամռանը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո, երբ Էրդողանը սկսեց իր վերահսկողության տակ առնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հայտնի դպրոցներն Աֆրիկայում (և ոչ միայն)։ Եթե 2016թ․ Աֆրիկայում TMV-ի տրամադրության տակ կար 18 ուսումնական հիմնարկ, ապա 2017թ․ այն հասավ 76-ի, 2018թ․՝ 125-ի, 2019թ․՝ 144-ի, 2020թ․՝ 151-ի, 2021թ․՝ 175 ի։ Այսօր աշխարհի 47 երկրում TMV-ի տրամադրության տակ առկա է 378 դպրոց, 1 համալսարան ու 14 կրթական կենտրոն, որոնցում սովորում է մոտ 45․000 աշակերտ ու ուսանող։ TMV-ի վարժարանների շրջանավարտները հետագայում դառնում են թուրքական բուհերի ուսանողներ։ Էրդողանի խոսքերով՝ ներկայումս Թուրքիայի բուհերում սովորում է աֆրիկյան ավելի քան 50 երկրի 5000 ուսանող, իսկ վերջին 25 տարում Թուրքիայում կրթություն ստացած աֆրիկացի ուսանողների թիվը գերազանցել է 14.000-ը[29]։
Էրդողանը «Թուրքիա-Աֆրիկա» 3-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեց Թուրքիայում ուսանող աֆրիկացի երիտասարդների հետ և հիշատակեց իր «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» խորագրով գիրքը․ «Ներկայիս աշխարհն արդար չէ, նրանում առկա է զուլում, որի մեղավորը ՄԱԿ ԱԽ-ն է։ Ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների թվում չկա մեկ մուսուլմանական երկիր, ինչո՞ւ Աֆրիկան ներկայացված չէ այնտեղ։ Ո՞վ է այս իրավիճակը փոխելու։ Դո՛ւք եք փոխելու։ Աֆրիկայի հետ միասին պետք է լուծենք հարցը, միասին պետք է պայքարենք ընդհուպ մինչև հաղթական ավարտ։ Իմ հանձնառությունը սա է, իսկ ձերը՝ դա»։ Էրդողանն աֆրիկացի երիտասարդներին խորհուրդ տվեց լինել ինքնավստահ, իրենց երկրներ վերադառնալուց հետո զբաղվել քաղաքականությամբ և խնդրի լուծմամբ[30]։
Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը նույնպես ակտիվորեն ներգրավված է Աֆրիկայում Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունն առաջ մղելով։ 2021թ․ աշնանը նա ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանից առաջ Նյու Յորքում կատարեց իր «Իմ ճամփորդություններն Աֆրիկայում» գրքի շնորհանդեսը, որի վաճառքից գոյացած գումարը ծրագրված է ուղղել Աֆրիկայում երեխաների կարիքների ապահովմանը: Ընդ որում, գրքի շնորհանդեսն անցկացվեց նորաբաց Թուրքական տանը, որն ունի 36 հարկ (թերևս խորհրդանշում է օսմանյան 36 սուլթաններին)։ Գրքում Է․ Էրդողանը պատմում է 2014-2020թթ. աֆրիկյան 23 երկիր կատարած այցերի մասին (Ալժիր, Հասարակածային Գվինեա, Եթովպիա, Ջիբութի, Սոմալի, Կոտ դ’Իվուար, Գանա, Նիգերիա, Գվինեա, Ուգանդա, Քենիա, Տանզանիա, Մոզամբիկ, Մադագասկար, Սուդան, Չադ, Թունիս, Մավրիտանիա, Մալի, ՀԱՀ, Զամբիա, Գամբիա, Սենեգալ)։ Գրքի շնորհանդեսի ժամանակ նա կարևորեց այն մտածելակերպի փոխվելը, երբ Աֆրիկա ասելիս մարդկանց մտքին առաջինը գալիս են «գաղութատիրություն, աղքատություն, ծարավ, սովալլուկ երեխաներ»։ Է․ Էրդողանի խոսքերով՝ ավելի քան 2000 լեզու և էթնիկ համայնք, ավելի քան 1 միլիարդ բնակչություն ունեցող Աֆրիկան դառնալու է 21-րդ դարի Ծագող աստղ։ Ծրագրված է նրա գիրքը թարգմանել նաև անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և սվահիլի (Աֆրիկայում ամենատարածված լեզուներից)[31]։
Հոկտեմբերին էլ նա Անգոլայում հայտարարեց, թե TIKA-ն Աֆրիկայում կառուցում է կանանց համար նախատեսված Պրոֆեսիոնալ կրթական կենտրոններ, ուր տեղաբնակ կանայք յուրացնում են վարսահարդարության, խոհարարության, կարուձևի, արվեստի տարբեր տեսակների, տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների վերամշակման գաղտնիքները․ «Մենք վերացնում ենք կանանց կրթության ու զբաղվածության առջև ընկած բոլոր խոչընդոտները։ Ես անկեղծ հավատում եմ, որ ապագան կառուցվելու է կնոջ ուժով։ Կանայք դաստիարակում են ապագա սերնդին։ Սերնդի որակը կախված է կնոջ ունեցած որակներից։ Աֆրիկացի կանայք կկանխորոշեն Աֆրիկայի ապագան»։ Էմինե Էրդողանը կարևորեց նաև Աֆրիկայում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Թուրքիայի աջակցությունը[32]։
Այս ամենին զուգահեռ Թուրքիան Աֆրիկայում ամրապնդում է բարերար երկրի իր կերպարը։ Թուրքիան 10 տարում 30 անգամ մեծացրել է արտաքին օգնության ծավալը՝ օգնություն ցուցաբերելով 5 մայրցամաքում գտնվող ավելի քան 100 երկրի․ եթե 2003թ. դրա ծավալը կազմել է $76 միլիոն, ապա 2012թ. այդ ցուցանիշը կազմել է $2533 միլիոն: 2012թ. Թուրքիան աշխարհում 161 երկրի մարդասիրական օգնության ցուցանիշով զբաղեցրել է 4–րդ տեղը: 2004–2012թթ. Թուրքիան ցուցաբերել է $7 միլիարդ և 481 միլիոնի օգնություն[33]։ Համաշխարհային մարդասիրական օգնության մասին 2018թ․ զեկույցի համաձայն՝ 2017թ․ Թուրքիան դարձել է աշխարհի ամենաառատաձեռն երկիրը՝ մեկ տարում ցուցաբերելով $8․07 միլիարդի օգնություն (ԱՄՆ-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ $6․68 միլիարդ ցուցանիշով)։ Թուրքիան մարդասիրական օգնությանն է ուղղում իր ազգային եկամտի 0․85-1․15%-ը[34]։
Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականության չափազանց կարևոր գործիք է TDV-ը, որն Աֆրիկայում (և այլուր) իրականացնում է բազմոլորտ գործունեություն։ TDV-ն Աֆրիկայի կարիքավորների համար հատկացրել է $111․6 միլիոն՝ կապված հրատապ մարդասիրական օգնության, սոցիալական, կրթական, մշակութային ոլորտների հետ։ TDV-ը նույնպես ներգրավված է ջրհորներ փորելու և աղբյուրներ բացելու գործընթացում (TDV-ն Աֆրիկայում բացել է 294 ջրհոր)։ Բացի այդ TDV-ը նպաստում Աֆրիկայում թուրքերենի դասընթացների անցկացմանը, ինչպես նաև Աֆրիկայում բացում է հաֆիզի (Ղուրանն անգիր սովորելու) դպրոցներ։ TDV-ը Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ 95․432 փաթեթ (զոհաբերության) միս է բաժանել Աֆրիկայում, Ռամադանի կապակցությամբ բաժանել է 331․436 սննդամթերքի փաթեթ, հրատապ մարդասիրական օգնություն է հասցրել բնական աղետներից տուժածներին։ Այն Աֆրիկայում իրականացնում է նաև մզկիթների կառուցում ու վերանորոգում, ինչպես նաև Աֆրիկայի 24 երկրում բաժանել է Ղուրանի օրինակներ՝ թարգմանված 9 լեզվով (այդ թվում նաև աֆրիկյան լեզուներով)[35]։
Այդպիսով, կարելի է փաստել, որ Թուրքիան «փափուկ ուժի» ողջ գործիքակազմը գործի է գցել Աֆրիկայում և այդ համատեքստում հասել է զգալի հաջողությունների՝ իր համար ամրապնդելով դրական լուրջ կերպար։ Զուր չէ, որ Էրդողանը հայտարարել է, թե իրենք YEE-ի, TIKA-ի ու նման բաների միջոցով Թուրքիան բացում են աշխարհի առջև և միաժամանակ աշխարհը տեղափոխում են Թուրքիա։
1․5 Ռազմական
Թուրք զինծառայողները 2016թ․-ից ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում գործում են Մալիում ու ԿԱՀ-ում։ Բացի այդ Թուրքիան իր ռազմակայաններն է բացել Սոմալիում (արտերկրում Թուրքիայի առաջին ռազմակայան)[36] ու Լիբիայում[37]։ Երկու դեպքում էլ Թուրքիային դա հաջողվել է նրանց ղեկավարություններին իրենից պարտական վիճակում դնելուց հետո․ Թուրքիան Սոմալիի դեպքում հսկայական հումանիտար օգնություն է ցուցաբերել, մշտապես զգայուն է եղել նրա խնդիրների հանդեպ, Լիբիայի դեպքում էլ Ֆայեզ Սարաջի կառավարությանը փրկել է Խալիֆա Հաֆթարի բանակի հարձակումներից։ Արդյունքում, Սոմալիի ու Լիբիայի ղեկավարություններն իրենց շնորհակալությունը Թուրքիային հայտնել են նաև նրանով, որ «կանաչ լույս» են վառել թուրքական ռազմակայանների տեղակայման առջև։ Մեր նախկին հոդվածներում Սոմալիում ու Լիբիայում թուրքական ռազմակայանների տեղակայման մասով նշել ենք, որ Թուրքիան հաշվի է առնում տվյալ երկրների աշխարհագրական ու աշխարհաքաղաքական կարևորությունը (օրինակ, Սոմալիի պարագայում հաշվի է առնում, որ նա գտնվում է մեծ կարևորություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ, որ Աֆրիկայում ունի ամենաերկար ափագիծը Մադագասկար կղզուց հետո)։ Դրանցում նաև ընդգծել ենք, որ Թուրքիայի համար առաջնահերթ է այն տարածաշրջաններում ու երկրներում ռազմակայաններ բացելը, որոնք նախկինում կազմել են Օսմանյան կայսրության մաս։ Թուրքիայի այդ քաղաքականությունը որակել էինք «ռազմակայանային քաղաքականություն»՝ այն համարելով որպես նեոօսմանիզմի քաղաքականության բաղադրիչ։ Նաև նշել էինք, որ Թուրքիան կարող է ռազմածովային բազա բացել Կարմիր ծովում գտնվող Սուակին կղզում, որը թուրքական կողմը 99 տարի ժամկետով վարձակալության է վերցրել՝ պաշտոնապես տեղի օսմանյան պատմամշակութային ժառանգությունը վերականգնելու նպատակով[38]։
Վերջին տարիներին Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության ռազմական բաղադրիչն ուժգնանում է նաև թուրքական զենքի մշակման ու արտահանման պլանում։ Վերջին տարիներին Թուրքիայի ռազմարդյունաբերությունը մեծ առաջընթաց է գրանցել և սկսել է տարեկան արտահանել $2-3 միլիարդի ռազմական արտադրանք։ Թուրքական կողմին հաջողվել է հասնել նրան, որ աֆրիկյան մի շարք երկրներ սկսել են գնել թուրքական մշակման ԱԹՍ-եր, որոնցից, թերևս, ամենահայտնի Bayraktar TB2-ը թուրքական կողմը կիրառել է Լիբիայում՝ ընդդեմ Հաֆթարի ուժերի։ Հայտնի է, որ Մարոկկոն[39] ու Եթովպիան[40] Թուրքիայից գնել են Bayraktar TB2, իսկ Թունիսը՝ ANKA-S[41] ԱԹՍ-եր։ Թուրքիան ծրագրում է ԱԹՍ-եր վաճառել նաև Նիգերիային և աֆրիկյան այլ երկրների։ Ուշագրավ է, որ Թուրքիան սկսել է Bayraktar TB2-ն ամենուրեք ներկայացնել որպես անջատողականների, ապստամբների, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի արդյունավետ գործիք՝ գիտակցելով, որ աֆրիկյան երկրների (և ոչ միայն) ապստամբները, առանց արտաքին լուրջ աջակցության, հազիվ թե կարողանան նշանակալից հակաքայլ գտնել Bayraktar TB2-ի դեմ[42]։
Թուրքիան, այդպիսով, ԱԹՍ-երի վաճառքի ոլորտում Աֆրիկայում և այլուր զգալի հաջողության է հասել, ինչը որակվում է որպես «դրոնային դիվանագիտության» արդյունք[43]։ Թուրք պաշտոնյաներն այսուհետ այս կամ այն երկիր այցելելիս շեշտը դնում են նաև թուրքական մշակման ԱԹՍ-երի, ինչպես նաև զրահատեխնիկայի ու այլ զինատեսակների (զրահատրանսպորտ[44], ականազերծող մեքենա[45] և այլն) գովազդի ու վաճառքի վրա։
Աֆրիկյան երկրներին զենք վաճառելը վկայում է, որ Թուրքիան «փափուկ ուժի» գործիքակազմի լայն կիրառման հետ մեկտեղ չի խորշում նաև «կոշտ ուժի» տարրեր կիրառելուց։ Ներկայումս Թուրքիան զենք է արտահանում 14 աֆրիկյան երկիր (Բուրկինա Ֆասո, Ալժիր, Չադ, Մարոկկո, Գանա, Քենիա, Մալի, Մավրիտանիա, Նիգեր, Նիգերիա, Սենեգալ, Սոմալի, Ռուանդա, Ուգանդա)։ Եթե 2020թ․ Աֆրիկա թուրքական զենքի արտահանումը կազմել է մոտ $83 միլիոն, ապա 2021թ․ առաջին 10 ամիսներին՝ $288 միլիոն։ Թեև Թուրքիային հաջողվել է որոշակի հաջողության հասնել այս ոլորտում, նրան դեռ զգալի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողականա փոքրիշատե կարևոր տեղ զբաղեցնել Աֆրիկայի զենքի շուկայում։ Վերջինիս կարիքների 35%-ն ապահովում է Ռուսաստանը (կապված «Սառը պատերազմի» ժամանակ խորհրդային զենք գործածելու ավանդույթը շարունակելու, դրա արդիականացման հարցով այդ երկրին Աֆրիկայի դիմելու հետ)։ Երկրորդ տեղում Չինաստանն է, ապա գալիս են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը[46]։
Մեր կարծիքով՝ Թուրքիայի հաջողություններն Աֆրիկայում և այլուր դեռ առջևում են՝ կապված Թուրքիայում ռազմական արտադրանքի ծավալների աճի ու բազմազանեցման հետ։ Դա մասնավորապես վերաբերում է թուրքական Akıncı և Aksungur նոր ԱԹՍ-երի, Hürkuş ուսումնական ինքնաթիռի, Hürjet թեթև գրոհիչ ինքնաթիռի, Atak (Atak 2) հարվածային ուղղաթիռի, Gökbey բազմանշանակ ուղղաթիռի և թուրքական այլ զինատեսակների հնարավոր վաճառքին։ Ակնառու է, որ աֆրիկյան երկրների կողմից թուրքական զենքը նախընտրելը մեծապես կապված է նաև գաղափարական, քարոզչական ոլորտում Թուրքիայի կատարած ծավալուն աշխատանքի հետ, որը տալիս է իր պտուղները։
Ամփոփելով աֆրիկյան հատվածը՝ կարող ենք արձանագրել Թուրքիայի աննախադեպ հաջողությունները վերոնշյալ բոլոր չորս կետերում և առանձնացնել 3 կարևոր դիվանագիտություն՝ լիդերի, առևտրային ու դրոնային։ Եվ սա, թերևս, միայն սկիզբն է․ թուրքական թափանիվը դեռ նոր է սկսում թափ հավաքել։ Առաջիկա տարիներին Թուրքիայի աֆրիկյան քաղաքականությունը կարձանագրի ավելի մեծ հաջողություններ վերոնշյալ բոլոր ուղղություններով Թուրքիայի կատարած նախապատրաստական ծավալուն ջանքերի հետ։ 2021թ․ հենց Էրդողանն է ընդգծել, որ իրենց ջանքերի գնով աֆրիկյան ուղղությամբ հաջողվել է հասնել այնպիսի արդյունքների, որոնց մասին անգամ հնարավոր չէր երազել 16 տարի առաջ (Էրդողանը հիմք է վերցրել 2005թ․ Թուրքիայում «Աֆրիկայի տարի» հայտարարելը)։
2․ ԱՍԻԱ
2․1 Ներածություն
Թուրքիայի ԱԳՆ-ի կայքի՝ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունները» բաժնում նշված է․ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՏ) վերջին 20 տարում սկսել է վերածվել մոլորակի աշխարհաքաղաքական կենտրոնի։ Դա փոխում է նաև ուժերի հավասարակշռությունը գլոբալ մակարդակում, ուր 21-րդ դարի վճռորոշ թեման ակնհայտորեն դառնալու է «Ասիայի վերելքը»։ Հիմնականում տնտեսական դինամիկայից սկսված այդ տրանսֆորմացիայի հավելյալ տարրերը դրսևորվում են քաղաքական, ռազմական ու մշակութային ոլորտներում։ Ասիային բաժին է ընկնում մոլորակի բնակչության 45%-ը և համաշխարհային տնտեսության 30%-ը։ Թուրքիան կարևորում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, օտար ուղիղ ներդրումներ ներգրավելը և միջազգային արենայում իր քաղաքական դիրքորոշումներին աջակցելը։ Թուրքիան 2010թ․-ից Չինաստանի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Մալայզիայի ու Սինգապուրի հետ իր հարաբերությունները հասցրել է ռազմավարական մակարդակի։ 2012թ․Թուրքիան դեսպանատներ է բացել Նեպիդոյում (Մյանմար), 2013թ․՝ Բանդար Սերի Բեգավանում (Բրունեյ) և Պնոմպենում (Կամբոջա), 2017թ․՝ Վիենտյանում (Լաոս)։ Այդպիսով, տարածաշրջանում Թուրքիայի դեսպանատների թիվը հասել է 15-ի։ ՄԱԿ-ից բացի Թուրքիան ասիական երկրների հետ գտնվում է նաև միջազգային այլ հարթակներում՝ G-20, ԻՀԿ և ՄԻԿՏԱ (Մեքսիկա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Ավստրալիա)։ 2013թ․սեպտեմբերին Թուրքիան Ասիական համագործակցության երկխոսության (ACD) անդամ է։ Թուրքիան ՇՀԿ-ում ունի Երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ 2010թ․ Թուրքիան դարձավ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) Բարեկամության և համագործակցության պայմանագրի (ASEAN/TAC) կողմ, որը տարածաշրջանի կարևորագույն միջազգային կազմակերպություններից է և ունի 8-րդ ամենամեծ տնտեսությունն աշխարհում։ Վերջին տարիներին աճել է ԱԽՏ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը։ Եթե 2004թ․ այն կազմում էր $17 միլիարդ, ապա 2017թ․՝ $70 միլիարդ։ Դրան զուգահեռ աճել են այդ տարածաշրջանից Թուրքիայում արվող ուղիղ ներդրումները․ 2002-2011թթ․ընդհանուր առմամբ արվել է $2․1 միլիարդի, իսկ 2017թ․ վերջին՝ $7․6 միլիարդի ուղիղ ներդրում»[47]։
2․2 «Վերստին Ասիա»
Թուրքիայի արտաքին քաղաքականությունում ասիական ուղղությունը համեմատաբար նոր է՝ աֆրիկյան ուղղության հետ համեմատ։ Դա ունի մի շարք պատճառներ, որոնց թվում կարող ենք նշել այն, որ ԱԶԿ-ից առաջ աֆրիկյան ուղղությունը եղել է բավական անտեսված, մինչդեռ ասիական ուղղությունն ավելի հագեցած է եղել։ Բացի այդ ԱԶԿ-ը, թերևս, տեսավ, որ Աֆրիկայում ավելի շատ են խոցելի (աղքատ) երկրները՝ Ասիայում գտնվողների հետ համեմատ, հետևաբար կա աշխատելու ավելի լայն դաշտ, տվյալ երկրներին Թուրքիայի ազդեցության տիրույթ բերելու հնարավորություն։ Հաշվի առնվեց նաև, որ Աֆրիկայում կան բազմաթիվ իսլամական երկրներ, որոնց հետ անհրաժեշտ է խորացնել կապերը։ Աֆրիկյան ուղղությամբ զգալի հաջողությունների հասնելը Թուրքիային հնարավորություն տվեց հայացքը բևեռել նաև ասիական ուղղությամբ։
2019թ․ օգոստոսի 3-9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում անցկացված Դեսպանների 11-րդ կոնֆերանսում հայտարարեց «Վերստին Ասիա» նախաձեռնության մեկնարկի մասին, որը պետք է մեծացնի Թուրքիայի ու ասիական երկրների երկխոսությունն առևտրային, ներդրումային, կրթական, ռազմարդյունաբերության, տեխնոլոգիական, մշակութային ու քաղաքական ոլորտներում։ Նախաձեռնությունը նաև նպաստելու է Թուրքիայի ֆինանսական ներդրումների աշխարհագրական բաշխվածության դիվերսիֆիկացմանը և մասնավոր սեկտորի գործունեության ընդլայնմանը։ Շեշտը դրվելու է աշխարհում առաջատար դիրքեր ունեցող Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ հիմնականում 3 ոլորտներում համագործակցության խորացման վրա․ բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա ու արդյունաբերություն[48]։
2019թ․ դեկտեմբերի 26-ին Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի ԱԳՆ-ին կից գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում (SAM) կազմակերպված «Վերստին Ասիա» խորագրով սեմինարի ժամանակ հայտարարեց, թե 21-րդ դարում Ասիան վերստին դարձել է աշխարհի ծանրության կենտրոն, և որ «Վերստին Ասիան» միտված է Ասիական դարաշրջանում Թուրքիան ճիշտ կետում դնելուն[49]։
Ասիայում Թուրքիայի զգալի ուշադրության կենտրոնում են նաև իսլամական երկրները։ 2020թ․ դեկտեմբերին Մ․ Չավուշօղլուն դիվանագիտական հարաբերությունների 70-ամյակի կապակցությամբ այցելեց Ինդոնեզիա, ուր հայտարարեց․ «Բարեկամական ու եղբայրական Ինդոնեզիան մեր առանցքային գործընկերն է Հարավ-Արևելյան Ասիայում։ Մոտ ապագայում երկու երկրների միջև կանցկացվի Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի առաջին նիստը, որի շրջանակներում կստորագրվի նաև պաշտպանական համագործակցության համաձայնագիր։ Մենք նպատակադրվել ենք ապրանքաշրջանառության ծավալը $1․5 միլիարդից հասցնել մինչև $10 միլիարդի»։ Չավուշօղլուն Ինդոնեզիայից մեկնեց Դաքքա, ուր հայտարարեց, որ Բանգլադեշը «Վերստին Ասիայի» շրջանակներում Թուրքիայի ամենակարևոր գործընկերներից է։ Նա Բանգլադեշը որակեց որպես Հարավային Ասիայի ծագող աստղ[50]։
2021թ․ հունվարին Մ. Չավուշօղլուն «Վերստին Ասիա» նախաձեռնությունը ներկայացրեց Անկարայում ASEAN-ի դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ դրա նպատակն Ասիայի հետ վերստին ուժեղ կապվելն է։ Նա ASEAN-ի գոտին կարևորեց տնտեսական անվտանգության տեսանկյունից և ընդգծեց, որ ապրանքաշրջանառությունը 27%-ով աճել է Թուրքիայի ու ASEAN-ի այն երկրների միջև, որոնցում Թուրքիան դեսպանատուն է հիմնել, կամ էլ այդ երկրներն են դեսպանատուն բացել Թուրքիայում։ Նրա խոսքերով՝ ASEAN-ը ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանական, անվտանգային ոլորտներում ակտիվ կազմակերպություն է, և որ Թուրքիան մտադիր է մասնակցել ASEAN-ի տարածաշրջանային ֆորումներին ու պաշտպանության նախարարների հանդիպմանը[51]։
2021թ․ հունվարին Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը DEİK-ի կազմակերպած «Վերստին Ասիա, Թուրքիայի ու Ասիական երկրների միջև առևտրի զարգացման նոր հեռանկարներ» ֆորումում հայտարարեց, որ եկել է ժամանակը, որպեսզի իրենք ԱԽՏ-ը և հատկապես Չինաստանն ու Հնդկաստանը դիտարկեն որպես արտահանման շուկաներ․ «Ինչպես ամեն առիթով նշում ենք, եթե այդ երկրները հեռու չեն ներկրում իրականացնելու համար, հետևաբար հեռու չեն նաև արտահանում իրականացնելու համար։ Որևէ խոչընդոտ չկա արտահանման նոր շուկաներ բացելու համար։ 2020թ․ «Վերստին Ասիա» նախաձեռնության երկրների մասնաբաժինը մեր արտահանման մեջ կազմել է 1․6%, իսկ ներկրման մեջ՝ 8․6%, ինչն անբավարար է և ոչ հավասարակշռված։ Պետք է շտկել դա։ 2019թ․-ից թուրք գործարարները տարածաշրջանում ներդրել են $3․5 միլիարդ, իսկ Թուրքիայում տարածաշրջանի երկրների ներդրումները կազմել են $17․5 միլիարդ։ Չնայած համավարակի առկայությանը՝ նախորդ տարի Առևտրի նախարարության ու DEİK-ի կոորդինացմամբ 131 գործարար միջոցառում է անցկացվել տվյալ աշխարհագրության 30 երկրում։ Ջանում ենք Հարավային Կորեայի, Մալայզիայի ու Սինգապուրի հետ ստորագրել նոր սերնդի 4 Ազատ առևտրի համաձայնագիր (STA)։ Ասիայում STA ստորագրել ենք 4 երկրի հետ՝ ներառյալ Վրաստանը, այժմ բանակցում ենք Ճապոնիայի, Ինդոնեզիայի ու Թայլանդի հետ STA կնքելու ուղղությամբ։ Բացի այդ Ադրբեջանի հետ ստորագրել ենք Արտոնյալ ռեժիմով առևտրային համաձայնագիր (TTA), որը շուտով կմտնի ուժի մեջ։ Իրանի հետ բանակցում ենք գործող TTA-ն ընդլայնելու ուղղությամբ։ STA-ից ու TTA-ից բացի տարածաշրջանի 27 երկրի հետ ստորագրել ենք Առևտրի, Տնտեսական ու Տեխնիկական համագործակցության համաձայնագիր (TEİ), 17 երկրի հետ ունենք Մաքսային թեմայով փոխադարձ վարչական օգնության ու համագործակցության համաձայնագրեր։
Մենք ջանքեր ենք գործադրում որպես ժամանակակից Մետաքսե ճանապարհ հայտնի Միջին տրանսպորտային միջանցքը գործարկելու և այդպիսով մեր երկիրը Չինաստանի ու Եվրոպայի միջև կամրջի վերածելու ուղղությամբ։ 2019թ․ «Վերստին Ասիա» գոտու երկրներից Թուրքիա է ժամանել 17․2 միլիոն զբոսաշրջիկ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս թիվը մեծացնելու ուղղությամբ։ «Վերստին Ասիայի» երկրները կարևոր ներուժ ունեն շինարարական ոլորտում։ Ցայժմ այս ռեգիոնի երկրներում իրականացրել ենք 5582 նախագիծ՝ $201․9 միլիարդ արժողությամբ։ Արժեքային պլանում դա համարժեք է աշխարհում մեր իրականացրած շինարարական նախագծերի 48%-ին, իսկ նախագծերի քանակով՝ 53%-ին։ Ռեգիոնում մեր մատուցած կապալառու ծառայությունների 70%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին ու Թուրքմենստանին, և եթե նրանց թվում ներառենք նաև Պակիստանը, Աֆղանստանն ու Վրաստանը, ապա կստանանք 90%»[52]։
2021թ․ մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Վերստին Ասիայի հարցերով կոորդինատոր Կ. Նիլվանա Դարաման «Անադոլուին» տված հարցազրույցում հայտարարեց, որ «Վերստին Ասիա» նախաձեռնությամբ ավելի կամրապնդվեն Թուրքիայի դիրքերն Ասիայում․ «2019թ․ «Վերստին Ասիա» նախաձեռնությունն առաջ է քաշվել Ասիայի զարգացումների ստեղծած հնարավորություններից օգտվելու և համագործակցության ներուժն ավելի մեծացնելու համար։ Խոսքն առաջադեմ տեխնոլոգիաների, տուրիզմի, ֆինանսական ու պաշտպանական սեկտորների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, լոգիստիկ ու էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին է։ Դրա հետ մեկտեղ ակնկալվում է խորացնել կապերը գիտական, կրթական, մշակութային, արվեստի ու սպորտի ոլորտներում։ Ի սկզբանե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եղել է բազմակողմ։ Թուրքիան եվրոպական երկիր լինելու հետ մեկտեղ Ասիական երկիր էլ է։ Մեր արմատներն Ասիայում են, որի երկրների հետ ունենք վաղեմի պատմական, մշակութային ու տնտեսական կապեր։ Այդ պատճառով էլ սա նոր ուղղություն չէ, անհրաժեշտ է սա («Վերստին Ասիա») համարել ավելի համապարփակ ու սիստեմատիկ մոտեցում տարածաշրջանի հանդեպ։ Ողջ աշխարհի հայացքը գամված է Ասիայի վրա։ 21-րդ դարը լինելու է Ասիայի դար»։
Դարաման նույնպես կարևորեց Միջին տրանսպորտային միջանցքի զարգացումը՝ հիշեցնելով, որ Թուրքիան եղել է առաջին երկիրը, ով ճանաչել է Միջին Ասիայի երկրների անկախությունը և եղել է այդ տարածաշրջանում դեսպանատներ բացած երկրների թվում առաջիններից մեկը․ «Միջին տրանսպորտային միջանցքը միտված է պատմական Մետաքսե ճանապարհը վերակենդանացնելուն։ Այն Թուրքիայից Վրաստանի, Ադրբեջանի ու Կասպից ծովի միջոցով դուրս է գալիս դեպի Ղազախստան ու Թուրքմենստան, որտեղից էլ դեպի Աֆղանստան, Պակիստան ու Չինաստան։ Այն տնտեսական լուրջ հնարավորություններ կառաջացնի տարածաշրջանի երկրների համար։ Մեր առաջ քաշած Միջին տրանսպորտային միջանցքը ներդաշնակ է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը»։
Դարաման Ասիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայության մեծացման թեմայով հայտարարել է․ «Վերստին Ասիա աշխարհագրությունում ունենք 30 դեսպանատուն։ 2003թ․-ից ի վեր Թուրքիան Ասիայում բացել է 17 նոր դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում 5 դեսպանատուն և 12 գլխավոր հյուպատոսություն։ Թուրքիան ակտիվ մասնակցում է նաև տարածաշրջանային կառույցներին ու ֆորումներին։ Թուրքիան նախագահել է Ասիայի խորհրդարանական ասամբլեայում (APA), Տնտեսական համագործակցության կազմակերպությունում, D-8-ում («Իսլամական ութնյակ»), Ասիական համագործակցության երկխոսությունում (AİD)։ Թուրքիան նաև ունի ՇՀԿ Երկխոսության գործընկերոջ ու ASEAN-ի ոլորտային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ»[53]։
Վերջին շրջանում Թուրքիան նույն «աֆրիկյան մեթոդներով» շարունակում է աշխատել Ասիայի իսլամական երկրներում։ Օրինակ, Թուրքիայի ղեկավարությունը մշտապես դատապարտում է Մյանմարի ռոհինյա մուսուլմանների դեմ հարձակումները, մարդասիրական օգնություն է ուղարկում նրանց, հումանիտար մեծ առաքելություն է իրականացնում նաև Աֆղանստանում՝ նպաստելով նաև տեղի կրթական խնդիրների լուծմանը։ Բացի այդ Էրդողանը համարվում է պաղեստինցիների իրավունքների համար պայքարի առաջամարտիկ և շարունակ խստորեն դատապարտում է մուսուլմաններին առնչվող Իսրայելի գործողությունները։ Թուրքիայի ուշադրության կենտրոնում են նաև Եմենի ու Սիրիայի հումանիտար խնդիրները։
Ասիայում քաղաքական, տնտեսական ու գաղափարական ոլորտներում Թուրքիայի գործադրած ջանքերն արդեն արդյունքներ են գրանցում, ինչն արտացոլվում է նաև ռազմական ոլորտում։ Ասիայի իսլամական երկրները սկսել են ռազմական համագործակցություն հաստատել (կամ խորացնել) Թուրքիայի հետ, գնել թուրքական ռազմական արտադրանք, Թուրքիան մասնակցում է նրանց սպառազինությունների արդիականացմանը։ Օրինակ, Բանգլադեշը կարող է Թուրքիայից գնել հրթիռային համակարգեր[54], ինչպես նաև ռազմանավեր[55]։ Ինդոնեզիան հետաքրքրված է ավիացիոն[56] և ռազմածովային[57] ոլորտներում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությամբ։ Պակիստանի ու Քաթարի հետ Թուրքիայի ռազմական խորը կապերը բավական հայտնի են (Քաթարում է Մերձավոր Արևելքում Թուրքիայի առաջին ռազմակայանը)։
Այդպիսով, ի տարբերություն աֆրիկյան երկրների, «Վերստին Ասիա» նախաձեռնության գոտում կան բավական զարգացած ու հարուստ երկրներ և նաև գերտերություններ (միջուկային զենքով)։ Սա Թուրքիայից պահանջում է «աֆրիկյան մեթոդներից» բացի գործադրել հավելյալ գործիքակազմ՝ հաջողության հասնելու համար։ Այս գոտում Թուրքիան շեշտը դրել է տնտեսական ոլորտի տարբեր ուղղություններով ասիական առաջադեմ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման, ինչպես նաև նրա իսլամական անդամների թվում իր կշիռը մեծացնելու վրա։ Վերջին հանգամանքն ակնառու է դառնում Թյուրքական աշխարհի հետ Թուրքիայի փոխհարաբերություններում։
2․3 Թյուրքական աշխարհ
Մոտ 4.5 միլիոն կմ2 տարածքով Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (կրճատ՝ Թյուրքական խորհրդի) երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործուն քայլ կատարվեց 2021թ. աշնանը։ Նոյեմբերի 11-ին Ստամբուլում անցկացվեց Թյուրքական խորհրդի երկրների արտգործնախարարների հանդիպումը, որում Մ. Չավուշօղլուն հայտարարեց, թե իրենք նույն արմատներով ծառի տարբեր ճյուղեր են, և չպետք է մոռանան այդ արմատների մասին։ Նույն օրը Թուրքիայի առևտրի նախարարությունն ու DEİK-ը Ստամբուլում կազմակերպեցին Թյուրքական երկրների անկախության 30-ամյակին նվիրված կոնֆերանս, որում Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը նշեց. «Եթե 1992թ. Թուրքիայի ու Թյուրքական աշխարհի միջև առևտրի ծավալը կազմում էր $55 միլիարդ, ապա 2020թ. այն տասնապատկվել է՝ հասցվելով մինչև $545 միլիարդի։ Բոլոր 6 թյուրքալեզու երկրներն ունեն մեծ պոտենցիալ՝ ավելի քան $1 տրիլիոն ՀՆԱ և 160 միլիոն երիտասարդ բնակչություն ունենալու շնորհիվ։ 1991թ․-ից թուրքական ընկերությունները թյուրքական երկրներում իրականացրել են $98.4 միլիարդի 2344 նախագիծ։ Թյուրքական երկրներում օտար ուղիղ ներդրումների հոսքը 2000թ. վերջին կազմել է $33 միլիարդ, իսկ 2020թ. այն աճել է ավելի քան 13 անգամ՝ մինչև $450 միլիարդի։ Թյուրքական երկրներում Թուրքիայի ներդրումների մասնաբաժինը հասել է $7.7 միլիարդի»։
Նոյեմբերի 12-ին էլ Ստամբուլում կայացավ Թյուրքական խորհրդի առաջնորդների 8-րդ գագաթնաժողովը, որի արդյունքներով ընդունվեց ստամբուլյան հռչակագիրը` բաղկացած 121 կետից[58]։ Թյուրքական խորհուրդը ստացավ միջազգային կազմակերպության կարգավիճակ՝ վերածվելով Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ)։ Կազմակերպության պաշտոնական անվանումից վերացվեց լեզվական շեշտադրումը («թյուրքալեզու»), փոխարենը շեշտվեց քաղաքակրթական ասպեկտը։ Ընդ որում, թուրքերեն անվանման մեջ չկա «թուրք» և «թյուրք» տարբերակում, թուրքերենում երկու դեպքում էլ գրվում է türk, և հետևաբար նրա անվանումը կարելի է ընկալել որպես Թուրքական պետությունների կազմակերպություն։ Գագաթնաժողովի արդյունքներով Թուրքմենստանը ստացավ դիտորդի կարգավիճակ, ստեղծվեց կազմակերպության գործընկեր երկրի հաստիք, որը կարող է դառնալ Ուկրաինան (2020թ. օգոստոսին Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջեփարը հայտարարել է, թե Ուկրաինան ցանկանում է դիտորդ դառնալ ԹՊԿ-ում[59])։ Ըստ ստամբուլյան հռչակագրի 7-րդ կետի՝ ԹՊԿ հաջորդ գագաթնաժողովին նախատեսվում է դիտարկել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասնակցությունը։ Գագաթնաժողովի արդյունքներով մշակվել է «Թյուրքական աշխարհի տեսլական – 2040»-ը[60], որը նախատեսում է թյուրքական երկրների միջև համագործակցության խորացում գրեթե բոլոր ոլորտներում։
Նոյեմբերի 12-ի գագաթնաժողովն այդպիսով կոչված է լինել բեկումնային, որը նոր մակարդակի պետք է հասցնի թյուրքական երկրների համագործակցությունը, նրանց դարձնի նոր դերակատար ռեգիոնում։ Մեր կարծիքով՝ Էրդողանը չէր կարող պատահական օր ընտրել նման գագաթնաժողովի համար. այսպես կոչված Արևելյան Թուրքեստանի (որի կազմում ընդգրկվել է ներկայիս Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի մի մասը) թյուրքերը 1933թ. նոյեմբերի 12-ին և 1944թ. նոյեմբերի 12-ին երկու անգամ անկախ պետություն են հռչակել (նոյեմբերի 12-ը համարվում է «Արևելյան Թուրքեստանի ազգային օր»)։ Ընդ որում՝ Էրդողանն այդպիսով ուղերձ է հղում ոչ միայն Չինաստանին, այլև Ռուսաստանին, քանի որ ԽՍՀՄ-ն ույղուրների այդ ապստամբությունները ճնշելու հարցում զգալի աջակցել է Չինաստանին:
Նոյեմբերի 12-ը խորհրդանշական օր է նաև Ղրիմի (ՌԴ) կապակցությամբ։ 1772թ. նոյեմբերի 12-ին Ռուսական կայսրության ու Ղրիմի խանության միջև ստորագրվել է Կարասուբազարի Խաղաղության ու միութենական տրակտատը. Օսմանյան կայսրության հանդեպ ռուսական կողմի հաղթանակից հետո Ղրիմի խանը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, որով Ղրիմն ազատվել է օսմանյան տիրապետությունից և անցել Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Մեր կարծիքով՝ «անխորտակելի ավիակիր» Ղրիմի հարցում Էրդողանի զգայունությունը չի բխում միայն ռազմաքաղաքական, տնտեսական և այլ պլանում թերակղզու ներկայացրած կարևորությունից․ կարևոր է նաև պատմական գործոնը։ Ղրիմը մուսուլմանական գերակշռող բնակչությամբ առաջին տարածքն է, որն Օսմանյան կայսրությունը հարկադրաբար զիջել է քրիստոնեական երկրի՝ Ռուսաստանին[61]։ Ուշագրավ է, որ նոյեմբերի 17-ին Էրդողանը, նախագահական նստավայրում ընդունելով «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին, նրա հետ լուսանկարվել է Թյուրքական աշխարհի քարտեզի խորապատկերին[62], որում ընդգրկվել են ՌԴ մի շարք շրջաններ (որոշ հաշվարկներով գրեթե 20 սուբյեկտ), ինչպես նաև Ղրիմը, Չինաստանի արևմտյան (Սինձյան-Ուղուրյան մարզ) և Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները:
Ստամբուլյան գագաթնաժողովի պատմական ենթատեքստը, սակայն, չի ավարտվում այսքանով։ «Թյուրքական աշխարհի տեսլականի» 2040թ․, թերևս, խորհրդանշում է 1040թ․ Դանդանականի ճակատամարտում Ղազնևիների դեմ սելջուկների տարած հաղթանակն ու դրա արդյունքներով սելջուկյան պետության ստեղծման 1000-ամյակը (Թյուրքական խորհրդի տարածքը զգալի հիշեցնում է Սելջուկյան կայսրության տարածքը)։
Մեր կարծիքով՝ Ստամբուլյան գագաթնաժողովը պետք է գրանցել Թուրքիայի մեծ ակտիվում, նրան հաջողվեց որոշակիորեն իր կողմ բեկել էներգետիկ ու տրանսպորտային առումներով չափազանց կարևոր Թուրքմենստանին, ով հետագայում կարող է ստանալ ԹՊԿ լիիրավ անդամի կարգավիճակ։ 2018թ․ Թուրքիային հաջողվել էր հասնել նրան, որ Ուզբեկստանը դառնա Թյուրքական խորհրդի լիիրավ անդամ։ Այժմ միջինասիական թյուրքական երկրները սկսել են Թուրքիան ավելի շատ ընկալել որպես ավագ եղբայր և/կամ ՌԴ-ին այլընտրանք, ՌԴ-ի հետ հարաբերություններում մանևրելու հնարավորություն։ Թուրքիան, ըստ էության, պատրաստվում է նույն «ադրբեջանական մեթոդներով»[63] էապես մեծացնել սեփական դիրքերը Միջին Ասիայի թյուրքական երկրներում («մեկ ազգ, վեց պետություն»)։ Խոսքը քաղաքական, տնտեսական, գաղափարական, պատմական, մշակութային և ռազմական գործոնների կիրառման մասին է։ Ի դեպ, Թուրքիան գործուն քայլեր է ձեռնարկում նրանցում իսլամի դերի մեծացման ուղղությամբ, ինչը պետք է հանգեցնի սեփական ազդեցության աճին։ Օրինակ, TDV-ը 2017թ․ Ղրղզստանում կառուցել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթը (արժեցել է $35 միլիոն)[64], 2021թ․ Ուզբեկստան է ուղարկել ուզբեկերեն թարգմանած 30.000 օրինակ Ղուրան[65] և այլն։ Տվյալ ուղղությամբ Թուրքիայի հաջողությունների թվում կարելի է նշել նաև 2017թ․ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի որոշումը կիրիլյան այբուբենից լատինատառին անցում կատարելու մասին, թյուրքական ընդհանուր այբուբենի մշակման ուղղությամբ կատարվող քայլերը և այլն։
Թուրքիան «ադրբեջանական մեթոդներով» նախ էականորեն մեծացրեց իր դիրքերը Կասպից ծովի արևմտյան հատվածում և հիմա էլ հայացքը բևեռել է Կասպիցի արևելյան հատվածի վրա։ Ակնկալում ենք, որ շուտով Միջին Ասիայի թյուրքական երկրներն էլ լուրջ գործոն կդառնան Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում՝ դառնալով լարվածության նոր օջախ (առնվազն Էրդողանի նախագահության պահպանման դեպքում), ինչպես որ Ուկրաինան է լուրջ գործոն դարձել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում։
Մեր կարծիքով՝ Թյուրքական աշխարհի ուղղությամբ Թուրքիայի այս վերջին հաջողություններում մեծ դեր ունի երկու գործոն․ 1. 2020թ․ հուլիսին Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը և դրան Ռուսաստանի չափազանց թույլ արձագանքը (արձագանքի բացակայությունը)։ 2. Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները/դրանում Թուրքիայի (վճռորոշ) մասնակցության աստիճանը և դրան Ռուսաստանի թույլ արձագանքը:
Ի դեպ, հենց Արցախյան երկրորդ պատերազմից ամիսներ անց նախ Թուրքմենստանը գնեց Bayraktar TB2 ԱԹՍ-ներ և դրանք ցուցադրեց անկախության զորահանդեսի ժամանակ[66]։ Ապա Թուրքիայից Bayraktar TB2 գնեց ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը[67], իսկ ՀԱՊԿ մեկ այլ անդամ Ղազախստանը Թուրքիայից գնում է ANKA-S ԱԹՍ-եր[68]։ Հատկանշական է, որ հետխորհրդային տիրույթում (օրինակ, Ադրբեջանում ու Ուկրաինայում) Bayraktar TB2-ը որակվում է որպես ռազմի դաշտում ռուսական սպառազինությանը հաղթած զենք, նրա գնումը՝ Ռուսաստանին զայրացնող քայլ, ինչը և մեծացնում է այն գնելու գրավչությունը։
Այն, որ թուրքական կողմը վերջին շրջանում սկսել է հայացքն ավելի շատ հառել դեպի Թյուրքական աշխարհ, մեր կարծիքով՝ ունի մի քանի բացատրություն․
- Նեոօսմանիզմի քաղաքականության որոշակի տապալումը՝ արաբական երկրների կողմից Թուրքիան որպես ավագ գործընկեր չընկալելը, Թուրքիայի քայլերին հաջող հակազդելը։ Թյուրքական աշխարհում առաջատարի դեր ստանձնելու հարցում Թուրքիայի համար ներկայումս կան շատ ավելի մեծ նախադրյալներ ու հնարավորություններ։
- 2018թ․ հունիսի 24-ին Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողան-Բահչելի ընտրական դաշինքի ձևավորումը, Բահչելիի ընտրազանգվածի շնորհիվ Էրդողանի հաղթանակը, Բահչելիին Էրդողանի պարտական լինելը և նրանից մեծ կախվածություն ձեռք բերելն անգամ ընտրություններից հետո (եթե Բահչելին դուրս գա իշխանական կոալիցիայից, ապա Թուրքիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ)։ Զուր չէ, որ Բահչելիին անվանում են Թուրքիայի «ստվերային նախագահ»։
- Էներգետիկ (գազային) ու տրանսպորտային (երկաթուղային) հանգույց դառնալու Թուրքիայի ձգտումներում մեծ դեր ունի Միջին Ասիան։ Թուրքիայի նախաձեռնած Միջին տրանսպորտային միջանցքը Չինաստանից դեպի Եվրոպա ձգվելու է Թյուրքական աշխարհով։ Նույն կերպ Թուրքիան հավակնում է առաջին հերթին թուրքմենական գազ ներկրելուն ու թուրքմենական գազի համար տարանցիկ երկիր դառնալուն։ Սա նշանակում է, որ առաջիկայում Կասպից ծովի համար պայքարը բորբոքվելու է նոր ուժով։
- Միգուցե դեր ունի նաև այն, որ, ինչպես երբեմն նշում են որոշ թուրք փորձագետներ, թյուրքերը ժամանակին դեպի արևմուտք են շարժվել Կենտրոնական Ասիայից, և, այժմ չեն մոռանում այդ մասին, որ արևելքը նրանց արյան մեջ է, որ կարոտախտ ունեն իրենց նախնիների ապրած տարածքների հանդեպ ու բնազդաբար հայացքը հառում են դեպի արևելք։
Մեր կարծիքով՝ Թուրքիան Միջին Ասիայի թյուրքական երկրների հանդեպ ունի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլաններ։
Կարճաժամկետ – Սա, թերևս, Միջին միջանցքի գործարկումն է, երբ Չինաստանի ու Եվրոպայի միջև արվող տարեկան մոտ $700 միլիարդի առևտրի մի զգալի մասը կիրականացվի այս երթուղով։ Թուրքական կողմի մտահղացմամբ՝ Միջին միջանցքի գործարկման շնորհիվ Թուրքիան ապագայում հնարավորություն կունենա տեղ զբաղեցնելու տնտեսապես ամենազարգացած 10 երկրների թվում։
Միջնաժամկետ – Սա կարող է առնչվել Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներին մեծապես ինտեգրելուն՝ «1 ազգ, 6 պետություն» սկզբունքով։ Այդպիսով կարող է ստեղծվել «հետմոդեռնիստական (վիրտուալ) Սելջուկյան սուլթանություն»։ Օսմանյան կայսրության «վերստեղծման» փորձի ձախողումից հետո հերթը, թերևս, հասել է Սելջուկյան կայսրության «վերստեղծմանը»։ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ թուրքերը պատմության ընթացքում ստեղծել են երկու խոշոր կայսրություն՝ Սելջուկյան ու Օսմանյան։
Երկարաժամկետ – Այստեղ թուրքական կողմի թիրախում կարող են հայտնվել արդեն ՌԴ-ի ու Չինաստանի առանձին հատվածներ, որոնք տեղ էին զբաղեցրել նոյեմբերի 17-ին Էրդողանի ու Բահչելիի ցուցադրած քարտեզում։
3․ ԱՍՐԻԿԱ/ԱՖՐԱՍԻԱ
3․1 Ադնան Թանրըվերդի
Բուն «Ասրիկա-Աֆրասիա» նախագծին անդրադառնալուց առաջ հարկ է մի փոքր անդրադառնալ տվյալ գաղափարի հեղինակ, պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդիին, ով Թուրքիայի զինված ուժերում (ԹԶՈւ) իր ծառայությունը սկսել է 1960-ականներին և հետագայում աչքի ընկել զինվորականին ոչ հարիր կրոնական հակվածությամբ։ ԹԶՈւ ԳՇ Հետախուզական վարչության նախկին (2007-2012թթ․) ղեկավար Իսմայիլ Հաքքը Փեքինը նրա մասին նշել է․ «Թանրըվերդին ԹԶՈւ-ում ծառայելիս կրոնն օգտագործում էր որպես գործիք սեփական նպատակներն առաջ մղելու համար։ Նա Ստամբուլի նահանգում բրիգադի հրամանատարություն իրականացնելիս կրոնը բերեց զորանոցներ, ստեղծեց կրոնական խմբեր, զանգվածային աղոթքներ իրականացրեց զորանոցներում»[69]։
Նշենք, որ Թանրըվերդին 1992-1995թթ․՝ 3 տարի, եղել է Ստամբուլի նահանգում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար և պաշտոնանկ է արվել 1996թ․ օգոստոսի 30-ին։ 2004թ․ նոյեմբերի 28-ին Թանրըվերդին պաշտոնաթող այլ սպաների հետ ձևավորում է Արդարության պաշտպանների ասոցիացիա՝ ASDER (Adaleti Savunanlar Dernegi), որում նախագահում է մինչև 2009թ․ նոյեմբերի 22-ը, և որի պատվավոր նախագահն է ցայսօր։ 2012թ․ փետրվարի 28-ին Թանրըվերդին հիմնում է SADAT մասնավոր ռազմական ընկերությունը պաշտոնապես միջազգային պաշտպանական խորհրդակցությունների համար։ Իրականում SADAT-ը վերածվել է Թուրքիայի պրոքսի ուժերից մեկի (զբաղված է իսլամական երկրներին հակապարտիզանական պայքարի ու ոչ ավանդական մարտական նախապատրաստության ուսուցմամբ) և Էրդողանի անձնական բանակի։ Աչք է զարնում SADAT-ի ստեղծման օրը․ 1997թ․ փետրվարի 28-ին Թուրքիայում գրանցվել է հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջում, որի հետևանքով Ստամբուլի քաղաքապետ Էրդողանը մի քանի ամիս անցկացրել է բանտում։ 2013թ․ մայիսի 24-ին էլ Թանրըվերդին հիմնել է ASSAM-ը (Adaleti Savunanlar Stratejik Araştırmalar Merkezi, Արդարության պաշտպաններ ռազմավարական հետազոտությունների կենտրոն), որը համալրել է Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականության գործիքակազմը (1040թ․ մայիսի 24-ին ստեղծվել է Սելջուկյան պետությունը)։
Ուշագրավ է, որ այս ամենին զուգահեռ զարգացել է նաև Թանրըվերդիի քաղաքական կարիերան․ 2016թ․ հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ օգոստոսի 17-ին, Թանրըվերդին նշանակվել է Էրդողանի գլխավոր խորհրդական և կատարել է մասշտաբային աշխատանք՝ ուղղված ԹԶՈւ-ի ու երկրի քաղաքական համակարգի վերափոխմանը։ Այդ կապակցությամբ նա 2019թ․ դեկտեմբերին հայտարարել է․ «Մենք խորհուրդ ենք տվել ռազմական բոլոր դպրոցները դնել ՊՆ-ի հովանու ներքո։ Դա կատարվել է։ Մենք ասել ենք, որ Ժանդարմերիան պետք է ենթարկեցվի ՆԳՆ-ին։ Դա կատարվել է։ Մենք խորհուրդ ենք տվել փոխել Բարձրագույն ռազմական խորհրդի կազմը և վերացնել բարձրագույն ռազմական դատարանները։ Դա նույնպես կատարվել է։ Մենք առաջարկել ենք անցնել կառավարման նախագահական համակարգին։ Դա էլ է արվել»[70]։
3․2 ASSAM-ի համագումարներ
Թանրըվերդին միաժամանակ գործուն քայլեր է ձեռնարկել Ասրիկա/Աֆրասիա նախագծի իրագործման ուղղությամբ՝ գումարելով ASSAM-ի ամենամյա համագումարներ։ Մինչ համագումարներին անցնելը, նշենք, որ ASSAM-ն Ասրիկայի համար արդեն մշակել է Սահմանադրության մոդել, որը բաղկացած է 6 մասից ու 182 հոդվածից (62 էջ)։ Ի դեպ, Սահմանադրությունը գրել է Ա․ Թանրըվերդիի որդին՝ Մելիհ Թանրըվերդին։ Առաջին մասը կոչվում է «Ընդհանուր տեղեկություններ», երկրորդ մասը՝ «Հիմնական իրավունքներ ու պարտականություններ», երրորդ մասը՝ «Համադաշնային հանրապետության հիմնական մարմիններ», չորրորդ մասը՝ «Ֆինանսական և տնտեսական դրույթներ», հինգերորդ մասը՝ «Վերջնական դրույթներ», վեցերորդ մասը՝ «Ժամանակավոր դրույթներ»։
Առաջին կետում նշված է, որ պետության անվանումն է Ասրիկա Իսլամական պետությունների միություն, որը համադաշնային հանրապետություն է։ 2-րդ հոդվածում ներկայացված են նրա աշխարհագրական սահմանները, իսկ 6-րդ հոդվածում նշված է, որ Ասրիկայի պետական լեզուն, դրոշի գույնը և ձևը, կառավարության կենտրոնը հստակեցվելու են Ասրիկայի Ներկայացուցիչների ժողովի կողմից։ Չնայած դրան՝ արդեն կան որոշ տեղեկություններ, որ տվյալ պետության մայրաքաղաք պետք է դառնա Ստամբուլը, իսկ պաշտոնական լեզուն՝ արաբերենը։ Դրոշը պետք է ունենա հետևյալ տեսքը՝ կանաչ-կարմիր խորապատկերին սպիտակ կիսալուսին (Օսմանյան կայսրության դրոշի նման)՝ նրա կազմում ընդգրկված ազգային պետությունների քանակին համապատասխան աստղերի քանակով[71]։
ASSAM-ի 1-ին համագումարնանցկացվել է 2017թ․ նոյեմբերի 23-24-ին (նոյեմբերի 24-ի խորհրդանշական կարևորության մասին արդեն նշել ենք)։ Դրա գլխավոր թեման եղել է «Իսլամական միության կառավարման ձևն ու մարմինների օրենսդրության որոշումը»։ Բացման ելույթում Թանրըվերդին կատարեց պատմա-աշխարհագրական լայն էքսկուրս։ Ներկայացնելով պատմության ընթացքում ստեղծված իսլամական երկրները (Մուհամմեդ մարգարեի և 4 խալիֆների պետությունները, Օմայանների ու Աբասյանների խալիֆայությունը՝ դարերի ընթացքում նրանց աշխարհագրական սահմանների ծավալումը, ապա Խորեզմշահերի, Այուբյանների, Մամլուքների պետությունները)՝ Թանրըվերդին կարևորեց նրանցից հատկապես վերջինը՝ Օսմանյան կայսրությունը․ «Օսմանյան կայսրության փլուզումից հետո անկառավարելի մնացած մուսուլմանական աշխարհը բաժանվեց փոքր երկրների, որոնք կորցրեցին միասնականությունը և վերածվեցին գլոբալ ուժերի գաղութի։ Փլուզումից հետո Օսմանյան կայսրության տարածքներում գոյացավ 64 պետություն, որոնցից 28-ը՝ Եվրոպայում, 22-ը՝ Աֆրիկայում, 14-ը՝ Ասիայում։ Օսմանյան կայսրությունից կախյալ տարածաշրջաններում էլ ստեղծվեց 8 պետություն, ընդհանուր՝ 72 պետություն։ Այս բաժանումը քիչ է, գլոբալ ուժերը ցանկացան հաջորդիվ 100 տարում ավելի մասնատել այդ երկրները՝ թիրախավորելով էթնիկ և դավանաբական նկատառումներով»։
Կարևորելով Իսլամական աշխարհի միավորումը՝ Թանրըվերդին ընդգծեց․ «Եթե ներկայումս վերացվեն իսլամական երկրների միջև սահմանները, ապա այդ ողջ գոտին կարելի կլինի կոչել Ասրիկա կամ Աֆրասիա, որն էլ դառնալու է որպես «համաշխարհային կղզի» հայտնի Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի կենտրոն։ Ասրիկա/Աֆրասիան վերահսկելու է աշխարհի մեծագույն ներքին ծովերից Միջերկրական ծովի, Կարմիր ծովի, Սև ծովի մուտքերը՝ Ջիբրալթարի, Բաբ էլ Մանդեբի, Դարդանելի ու Բոսֆորի նեղուցները, ինչպես նաև Սուեզի ջրանցքը։ Նրա սահմանները Հնդկական օվկիանոսից ձգվում են մինչև Ատլանտյան օվկիանոս ու Կասպից ծով։ Ցամաքով այն սահմանակից է Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին ու ԵՄ-ին, իսկ օվկիանոսով՝ ԱՄՆ-ին»։ Թանըրվերդին կարծում է, որ չնայած իսլամական երկրների ներուժին՝ այսօր ամենաշատ միջամտությանն են ենթարկվում հենց մուսուլմանական երկրները․ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը, որի նպատակն էր արդարության ու անվտանգության, տնտեսական զարգացման ու սոցիալական հավասարության ապահովումը։ Սակայն իրականում այն վերածվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը շահած երկրների շահերին համապատասխանող կառույցի։ Մեր նախագահը քանիցս արտահայտվել է այդ անարդարության դեմ՝ ընդգծելով, թե աշխարհը մեծ է հինգից, որ անհրաժեշտ է ձևավորել նոր համակարգ, որում պաշտպանված կլինեն իսլամական աշխարհի իրավունքները»։
Թանրըվերդին հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած «Սառը պատերազմի» ժամանակ երկու կողմն էլ (կապիտալիստական ու կոմունիստական աշխարհներ) կատաղի պայքար են մղել նորանկախ մուսուլմանական երկրների տարածքներում․ «Երկրորդ համաշխահային պատերազմից հետո գրանցվեց 27-րդ խաչակրաց արշավանքը, երբ քրիստոնեական աշխարհի աջակցությամբ Պաղեստինում ստեղծվեց Իսրայելը, որը դաշույնի նման մխրճվեց իսլամական աշխարհի սրտում։ Դարավերջին ԽՍՀՄ-ը ներխուժեց Աֆղանստան, իսկ այս դարի սկզբին առանց մրցակից մնացած, համաշխարհային ժանդարմի դեր ստանձնած ԱՄՆ-ն օկուպացրեց Աֆղանստանն ու Իրաքը, ապա Մեծ Մերձավոր Արևելքի նախագծի շրջանակներում անկայունություն հրահրեց իսլամական աշխարհի երկրներում՝ Թունիս, Եգիպտոս, Լիբիա, Եմեն, Սոմալի, Իրաք, Սիրիա։ Վերստին ուժ հավաքող ու ակտիվություն ցուցաբերող Ռուսաստանն ու Չինաստանն իսլամական աշխարհի հարցում վարագույրի հետևում դաշինքի մեջ են մտել Արևմուտքի հետ։ Իսլամական աշխարհը վերածվել է չհայտարարված, գաղտնի, անհամաչափ Երրորդ համաշխարհային պատերազմի ոլորտի։ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ը, ԱՊՀ-ն իսլամական աշխարհագրությունը ձեռք գցելու նպատակով սկսել են վարել անհամաչափ պատերազմ՝ իսլամական երկրներում աջակցելով ահաբեկչական բազում խմբավորումների։ Իսլամական աշխարհը մեծ ցավեր է վերապրում, միլիոնավոր մուսուլմաններ դարձել են հարկադիր վերաբնակներ ու փախստականներ։ 2003թ․-ից ի վեր Իրաքում զոհվել է 650․000 քաղաքացիական անձ, Աֆղանստանում ամեն տարի զոհվում են հազարավոր քաղաքացիական անձինք, Պաղեստինում արդեն 60 տարի է, ինչ չի դադարում արյունահեղությունը, իսկ 2011թ․-ից Սիրիայում զոհվել է 400․000 մարդ, 6․5 միլիոնն էլ արտագաղթել է։ Չհայտարարված Երրորդ համաշխարհային պատերազմը, որն ուղղված է իսլամական երկրների դեմ, շարունակվում է»։ Թանրըվերդին մի շարք մեջբերումներ արեց Ղուրանից` նշելով, որ «եթե իսլամական երկրները ժամանակին ստեղծած լինեին համադաշնություն, ճգնաժամերի հաղթահարման միասնական կենտրոն, ապա չէին լինի «Արաբական գարնան» զարգացումները»։
ASSAM-ի առաջին համագումարի արդյունքներով ընդունվեց «Իսլամական երկրների համադաշնություն» հռչակագիրը, որում ընդգծվեց, որ Իսլամական միության ստեղծման ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Իսլամական երկրների խորհրդարան ստեղծելը, որը կարտահայտի իսլամական երկրների միասնական կամքը (դրանում իսլամական երկրների ներկայացուցիչների քանակը կախված կլինի նրանց բնակչության քանակից)։ Կարևորվեց նաև իսլամական յուրաքանչյուր երկրի կառավարությունում Իսլամական միության նախարարության ստեղծումը[72]։
ASSAM-ի 2-րդ համագումարնանցկացվեց 2018թ․ նոյեմբերի 2-3-ին, որի թեման էր «Իսլամական միության համար տնտեսական համագործակցության ընթացակարգերի և սկզբունքների որոշումը» (ԱԶԿ-ն իշխանության է եկել 2002թ․ նոյեմբերի 3-ին)։ Դրա արդյունքներով ընդունված հռչակագրում կարևորվում էր Իսլամական երկրների միջև Տնտեսական համագործակցության համակարգի ստեղծումը[73]․
- Իսլամական երկրների միջև մաքսային միության ստեղծում,
- Իսլամական երկրների միջև ընդհանուր շուկայի հիմնում,
- Իսլամական երկրների միջև արժութային միության ստեղծում,
- Իսլամական երկրների միջև առևտրային գոտիների ստեղծում,
- (մուսուլմանների համար) Պարտադիր նվիրատվությունների (զեքյաթ) վերահսկողությունը պետությունից հանրային վերահսկողության հանձնում և այդ նպատակով ընդհանուր հիմնադրամի ստեղծում,
- Առևտրա-արդյունաբերական պալատների, Կոմերցիոն դատարանների, իսլամական էլեկտրոնային արժույթի (ASRIKA Dinar) ստեղծում,
- Համատեղ արտադրության և Ar-Ge (հետազոտում ու մշակում) ոլորտի խթանման հիմնադրամի ստեղծում,
- Ընդհանուր ներդրումային հիմնադրամի ձևավորում,
- Ar-Ge-ի ու նորարարությունների ոլորտի գործունեության համար ընդհանուր կառույցի ձևավորում,
- Իսլամական երկրների միջև զբոսաշրջային ներուժի զարգացում, առողջապահական և այլ բնույթի զբոսաշրջության համար մոդելի ու ծրագրերի մշակում,
- Իսլամական երկրների միջև հանքարդյունաբերության, էներգետիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային, հեռահաղորդակցային ու սննդի ոլորտներում կոոպերատիվների միության ստեղծում և իսլամական բանքինգի կարգախոսով ֆինանսական կառույցների աջակցում,
- Իսլամական կանոններին համապատասխան ֆինանսական համատեղ հիմնարկի ու SWIFT համակարգի ստեղծում,
- Իսլամական երկրների միջև բարտերային առևտրի զարգացում ու խթանում,
- Իսլամական երկրներում աղքատության կրճատման դեմ ջանքերի ակտիվացում։
Ի դեպ, 2021թ․ ապրիլին Էրդողանն «Իսլամական ութնյակի» առաջնորդների 10-րդ գագաթնաժողովում իրագործելի որակեց Իսլամական մեգաբանկի ստեղծումը, որի գործունեությունն ուղղված կլինի իսլամական ֆինանսական ինստիտուտների իրացվելիության ապահովմանը, ինչպես նաև իսլամական երկրներում ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը[74]։
ASSAM-ի 3-րդ համագումարնանցկացվեց 2019թ․ դեկտեմբերի 20-ին (1915թ․ այդ օրը Գալիպոլի թերակղզին սկսել են լքել անգլիական ու Anzak-ի (Ավստրալիա և Նոր Զելանդիա) զորքերի վերջին ստորաբաժանումները)։ Այս համագումարի համար թեմա է ընտրվել «Իսլամական միության համար պաշտպանական արդյունաբերության համագործակցության ընթացակարգերի և սկզբունքների որոշումը»։ Երրորդ համագումարի արդյունքներով ընդունված հռչակագիրը պարունակում է 5 կետ։ Առաջին կետում (անվանվել է Նպատակ), Իսլամական երկրների խորհրդարանի և Իսլամական տնտեսության հիման վրա Իսլամական երկրների Տնտեսական համագործակցության համակարգի ստեղծումից բացի կարևորվում է նաև Համատեղ ռազմարդյունաբերության հիմնումը։ Հռչակագրի երկրորդ կետում (անվանվել է Ընդհանուր), ընդգծվում է, որ Ասրիկան բաղկացած է լինելու 61 իսլամական երկրից, որից 27-ը՝ Ասիայում, 28-ը՝ Աֆրիկայում, 4-ը՝ Եվրոպայում, 2-ը՝ Հարավային Ամերիկայում։ Այդ համատեքստում կարևորվում է Իսլամական միության ստեղծումը համադաշնության կառուցվածքով, որն ունենալու է 9 ռեգիոնալ դաշնություն։ Այդ 9 գոտիներից 1-ինն (ODBIF) ընդգրկում է Մերձավոր Արևելքը (12 երկիր, Բահրեյն, ԱՄԷ, Պաղեստին, Իրաք, Քաթար, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Օման, Հորդանան, Եմեն), 2-րդ գոտին (OABIF)՝ Միջին Ասիան (8 երկիր, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան, (ինքնահռչակ) ՀԿԹՀ-ը, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքիա, Թուրքմենստան), 3-րդ գոտին (YDABIF)՝ Մերձակա Արևելքը (4 երկիր, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Բանգլադեշ), 4-րդ գոտին (GDABIF)՝ Հարավ-Արևելյան Ասիան (4 երկիր, Ինդոնեզիա, Մալայզիա, Բրունեյ, Մալդիվներ), 5-րդ գոտին (KABIF)՝ Հյուսիսային Աֆրիկան (6 երկիր, Ալժիր, Չադ, Մարոկկո, Լիբիա, Եգիպտոս, Թունիս), 6-րդ գոտին (DABIF)՝ Արևելյան Աֆրիկան (Կարմիր ծովի գոտի, 6 երկիր, Ջիբութի, Էրիթրեա, Կոմորյան կղզիներ, Մոզամբիկ, Սոմալի, Սուդան), 7-րդ գոտին (KBABIF)՝ Հյուսիս-Արևմտյան Աֆրիկան (Օվկիանոսային գոտի, 9 երկիր, Գամբիա, Գվինեա, Գվինեա-Բիսաու, Մալի, Մավրիտանիա, Սենեգալ, Սիեռա Լեոնե, Գայանա, Սուրինամ՝ վերջին երկուսը՝ Հարավային Ամերիկայում), 8-րդ գոտին (GBABIF)՝ Հարավ-Արևմտյան Աֆրիկան (Օվկիանոսային գոտի, 8 երկիր, Բենին, Բուրկինա-Ֆասո, Կոտ դ’Իվուար, Գաբոն, Կամերուն, Նիգեր, Նիգերիա, Տոգո), 9-րդ գոտին (ABIF)՝ Եվրոպային (4 երկիր, Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա, Կոսովո, (Հյուսիսային) Մակեդոնիա)։ Հարկ է նշել, որ մի շարք աղբյուրներում նշվում է, որ GDABIF-ն ունի 3 երկիր (առանց Մալդիվների), իսկ KBABIF-ը՝ 10 երկիր (ներառյալ Արևմտյան Սահարան)։
Հռչակագրում նշվում է, որ Ասրիկան ունակ է դառնալ գերուժ․ «Ասրիկային է բաժին ընկնում ՄԱԿ-ի անդամ 193 երկրից 61-ը (31%), մոլորակի 7․63 միլիարդ բնակչությունից 1․85 միլիարդը (24․1%), ցամաքի 150 միլիոն կմ2 տարածքից 30․9 միլիոն կմ2-ը (20․6%)։ Իսլամական աշխարհին բաժին է ընկնում նավթի համաշխարհային պաշարների 55․5%-ը և արդյունահանման 65%-ը, բնական գազի համաշխարհային պաշարների 64․1%-ը և արդյունահանման 40%-ը։ Համաշխարհային ռազմական ծախսերը կազմում են $1 տրիլիոն 770 միլիարդ, առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ $716 միլիարդ, երկրորդ տեղում Չինաստանն է՝ $224 միլիարդ, իսկ երրորդ տեղում իսլամական 61 երկրներն են՝ $191 միլիարդ։ Ապա գալիս են Մեծ Բրիտանիան՝ $47.5 միլիարդ, Ռուսաստանը՝ $44 միլիարդ և Ֆրանսիան՝ $40․5 միլիարդ։ Իսլամական աշխարհը զինծառայողների (4․707․550), տանկերի (28․760), զրահատեխնիկայի (84․063), հրանոթների (26․184) և ռազմանավերի (2577) քանակով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։ Իսկ ահա մարտական ինքնաթիռների (10․986) և ուղղաթիռների (3937) քանակով այն զբաղեցնում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո»։
Հռչակագրի երրորդ կետն առնչվել է (Ասրիկայի շրջանակներում) Իսլամական երկրների միության՝ կենտրոնից կառավարվող գործունեության ոլորտները։ Այդ համատեքստում նշվում է 3 մակարդակ․
1․ Իսլամական երկրների համադաշնությունն ունի գործունեության 5 հիմնական ոլորտ՝ արտաքին գործեր, ներքին գործեր, արդարադատություն, պաշտպանություն, ռազմարդյունաբերություն։
- Իսլամական երկրների ռեգիոնալ դաշնություններն ունեն գործունեության 6 ոլորտ՝ առևտուր և մաքսային ծառայություն, տրանսպորտ ու նավագնացություն, տնտեսություն, գիտություն, արդյունաբերություն ու տեխնոլոգիաներ, զարգացում, մշակույթ և տուրիզմ։
- Ազգային երկրներն էլ ունեն գործունեության 10 ոլորտ՝ կրթություն, ֆինանս, էներգետիկա ու բնական պաշարներ, առողջապահություն, գյուղատնտեսություն ու անասնապահություն, սպորտ և երիտասարդություն, անտառտնտեսություն ու ջրային ռեսուրսներ, զբաղվածություն և սոցիալական անվտանգություն, սոցիալական քաղաքականություն, շրջակա միջավայր։
Չորրոrդ կետը կոչվում է Իսլամական երկրների կողմից Ասրիկայի համատեղ ռազմարդյունաբերության ուսումնասիրում։ Դրանում կարևորվում է ռազմարդյունաբերության ոլորտում գործադրվող ջանքերի կոորդինացումը։ Նպատակահարմար է համարվում, որ Իսլամական երկրների համադաշնության 5 նախարարական պորտֆելներից մեկը կազմի Ռազմարդյունաբերության նախարարի պորտֆելը, որն ունենալու է 9 ռեգիոնալ վարչություն։ Ռազմարդյունաբերության նախարարության գործունեության կենտրոնում պետք է գտնվի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային, ՀՕՊ, տիեզերական, կիբեր ու էլեկտրոնային պաշտպանության համար նախատեսված արտադրանք արտադրելը։ Կարևորվում է Համատեղ ռազմարդյունաբերության աջակցման հիմնադրամի, Համատեղ տիեզերական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը և գիտական հետազոտությունների շրջանակում՝ Մասնիկների արագացման կենտրոնի ստեղծումը։
5-րդ կետում էլ խոսք է գնում Ասրիկայի օրենսդրական մոդելի մասին, կարևորվում են հետևյալ 4 կետերը, որոնք պետք է ձևավորեն միասնական կամք․ Պաշտպանության միացյալ համակարգ, Համատեղ արտաքին քաղաքականություն, Համատեղ արդարադատության համակարգ, Ընդհանուր արդարադատություն ու անվտանգություն[75]։
ASSAM-ի 4-րդ գագաթնաժողովնառցանց ռեժիմով անցկացվել է 2020թ․ դեկտեմբերի 12-ին (1997թ․ այդ օրը Էրդողանը Սղերթում արտասանել է 1912թ․ Բալկանյան պատերազմի համար Զիա Գյոք Ալփի գրած Զինվորի աղոթքը բանաստեղծության փոփոխված տարբերակը, որի համար 1999թ․ հայտնվել է բանտում («Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»): 4-րդ գագաթնաժողովի թեման էր «Իսլամական միության համար ընդհանուր պաշտպանական համակարգի սկզբունքների և ընթացակարգերի որոշումը»։ Դրա արդյունքներով ընդունված հռչակագրում ռազմական ոլորտներում համագործակցության մեծացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նախատեսվում է՝
- Ցամաքային զորքերում ստեղծել 36 Կորպուսի հրամանատարություն,
- Ռազմածովային ուժերում՝ 3 Նավատորմի, 3 Նավատորմիկի ու 3 Նեղուցի հրամանատարություն,
- Ռազմաօդային ուժերում՝ 9 ՌՕՈւ Ռազմավարական հրամանատարություն, 9 ՌՕՈՒ տակտիկական հրամանատարություն և 9 ՀՀՊ (հրթիռային) հրամանատարություն,
- ՀՕՊ ուժերում՝ 9 Ռադարային բազայի հրամանատարություն և 9 ՀՕՊ ու ՀՀՊ հրամանատարություն,
- Կիբեր և էլեկտրոնային անվտանգության ուժերում՝ 9 Կիբերանվտանգության ու 9 Էլեկտրոնային պատերազմի հրամանատարություն։
Մարտական աջակցության նպատակով նախատեսվում է․
1․ ՑԶ, ՌԾՈւ, ՌՕՈւ, ՀՕՊ և ՀՀՊ, Կիբեր և Էլեկտրոնային ուժերի հրամանատարություններում ստեղծել 9-ական Լոգիստիկ աջակցության հրամանատարություն։
2․ ՌԾՈւ-ի համար ձևավորել 4-ական Կրթական հրամանատարություն, իսկ մյուս Զորատեսակների հրամանատարություններից յուրաքանչյուրի համար՝ 9-ական Կրթական հրամանատարություն։
3․ ՌԾՈւ հրամանատարությունում ստեղծել 9-ական Բազային ու նավահանգստային հրամանատարություն, իսկ ՌՕՈւ հրամանատարությունում՝ 9-ական Բազային ու օդանավակայանային հրամանատարություն[76]։
Նշենք, որ հաճախ հանդիպող 9 թիվը կապված է նրա հետ, որ Ասրիկան ունենալու է 9 Ռեգիոնալ դաշնություն։
ASSAM-ի 5-րդ գագաթնաժողովնանցկացվեց 2021թ․ դեկտեմբերի 18-19-ին՝ վերստին առցանց ռեժիմով (1918թ․ դեկտեմբերի 19-ին Հաթայում ֆրանսիական ուժերի դեմ արձակվել է առաջին կրակոցը, իսկ 2016թ․ այդ օրն Անկարայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը)։ 5-րդ գագաթնաժողովի թեման էր «Իսլամական միության համար ընդհանուր արտաքին քաղաքականության ընթացակարգերի և սկզբունքների որոշումը», որը կոչված է Իսլամական երկրների միության համար մշակել Արտաքին քաղաքականության ընդհանուր ընթացակարգեր և սկզբունքներ։ Թանրըվերդին 5-րդ գագաթնաժողովում էլ հայտարարեց, որ այսօր ամենաշատ արտաքին միջամտության ենթարկվում է հենց իսլամական աշխարհը, ինչն առաջացնում է նրա երկրների քաղաքական, սոցիալական ու տնտեսական խաթարում, եկամուտների բաշխվածության խախտում, ներքին խնդիրների թեժացում։ Արտաքին քաղաքական ոլորտում Թանրըվերդին կարևորեց Ասրիկայի իսլամական երկրների աշխարհաքաղաքական դիրքի ու նրանց հանդեպ գլոբալ ուժերի հետապնդած նպատակների գնահատումը։ Այս համատեքստում նա առանձնացրել է հետևյալ կետերը․
- Իսլամատյացություն,
- Արևելյան Թուրքեստանի հարց և անհրաժեշտ քաղաքականության մշակում,
- Քաշմիրի հարց և անհրաժեշտ քաղաքականության մշակում,
- Աֆղանստանի հարց և անհրաժեշտ քաղաքականության մշակում,
- Չինաստանի Մետաքսե ճանապարհ նախագծի ազդեցությունն իսլամական աշխարհի վրա,
- Մերձավոր Արևելքի հարց և անհրաժեշտ քաղաքականության մշակում,
- Լիբիայի հարց և անհրաժեշտ քաղաքականության մշակում,
- ՀԿԹՀ-ի ու Արևելյան Միջերկրականի հարց ու անհրաժեշտ քաղաքականության մշակում,
- Գլոբալ ուժերի ազդեցությունն Աֆրիկայի մուսուլմանական երկրների վրա։
Այս կետերի հերթականությունը, թերևս, պատահական չէ․ առաջին հորիզոնականում տեղ է գտել համամուսուլմանական խնդիր, որի մասին Թուրքիան ամենուրեք շարունակ բարձրաձայնում է և անգամ սկսել է տպել իսլամատյացության վերաբերյալ տարեկան զեկույցներ։ Եվ եթե այն ուղղված չէ կոնկրետ երկրի դեմ, ապա երկրորդ կետն ուղիղ առնչվում է Չինաստանին։ Այլ կերպ ասած՝ թուրքական կողմը ծրագրում է, որ իսլամական աշխարհի թիվ մեկ թիրախում պետք է լինի Չինաստանը։ Դրա պատճառը, թերևս, այն է, որ թուրքական կողմի կարծիքով՝ մուսուլմանները ողջ աշխարհի մասշտաբով ամենամեծ հալածանքների արժանանում են հենց Չինաստանում։ Ի դեպ, Չինաստանին էլ հաջորդում է Հնդկաստանը, որն ունի 150-300 միլիոն մուսուլման բնակչություն։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդեն հայտնի են հետագայում կայանալիք ASSAM-ի վերջին երկու գագաթնաժողովների թեմաները․ վեցերորդի թեման է «Իսլամական միության համար միասնական արդարադատության համակարգի սկզբունքների և ընթացակարգերի որոշումը» (2022թ.), իսկ յոթերորդի թեման՝ «Իսլամական միության համար ընդհանուր հասարակական կարգի և անվտանգության ընթացակարգերի և սկզբունքների որոշումը» (2023թ.)։
Աֆրիկայի ու Ասիայի ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի գործադրած ջանքերը լավ նախադրյալ կարող են ծառայել Ասրիկայի հռչակման համար։ Ընդ որում՝ նրա անվանման աչք է զարնում այն, որ նախագիծն առաջին հերթին անվանում է Ասրիկա և ոչ թե Աֆրասիա, ինչը թերևս վկայում է, որ թուրքական կողմի համար առաջնահերթն ասիական ուղղությունն է (պայմանավորված Ասիայի վերելքով)։
Ասրիկայի հռչակմանը հասնելու համար Էրդողանին անհրաժեշտ է նախ շարունակել իր պաշտոնավարությունը ներկայիս պաշտոնում, ինչպես նաև ինտեգրացիոն այդ նախագծի օգտակարության հարցում համոզել Արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչներին ու Իրանին, հրապուրել նրանց գերուժի մաս դառնալու հեռանկարով, ինչը չափազանց բարդ է։ Էրդողանը փորձում է մերձենալ այդ երկրների հետ և որակական նոր ժամանակաշրջան բացել նրանց ու Թուրքիայի փոխհարաբերություններում։ Հակված ենք կարծել, որ Էրդողանի այս փորձերը չունեն միայն ֆինանսա-տնտեսական ենթատեքստ (ներդրումներ բերելու և Թուրքիայի ֆինանսական ծանր դրությունը շտկելու համար), որ դրանք կապված են նաև Ասրիկայի նախագծի իրագործման հետ։
Իհարկե, Ասրիկայի հռչակումը կախված է նաև Թուրքիայից դուրս բազում գործոններից (Արաբական աշխարհի, Իրանի, Պակիստանի և իսլամական այլ երկրների դիրքորոշումներ, դրանցում տիրող ներքաղաքական իրավիճակի փոփոխություններ, գերտերությունների կողմից նախագծին հակազդելու կամ աջակցելու փորձեր և այլն)։ Ամեն դեպքում չենք կարծում, թե Էրդողանը շատ կտխրի, եթե առնվազն սկզբնական շրջանում Իրանն ու Արաբական աշխարհի ամենակարկառուն ներկայացուցիչները հրաժարվեն մաս կազմել թուրքական այս նախաձեռնությանը (նա անգամ կարող է գոհ լինել Թուրքիայի մրցակիցներին այդ կառույցում չտեսնելուց)։ Էրդողանի ակտիվում կարելի կլինի գրանցել, եթե սկզբնական շրջանում Ասրիկան ունենա ոչ թե 61 անդամ, այլ՝ առնվազն դրա կեսից ավելին, ասենք 36 անդամ (հետագայում Ասրիկայի անդամների թիվը կարող է աճել)։
Վերջին տարիներին Էրդողանը համայն աշխարհում մուսուլմանների իրավունքների համար ամենաշատը պայքարած[77], նրանց սոցիալական-հումանիտար խնդիրներին ամենաշատն ուշադրություն դարձրած[78], մուսուլմանական աշխարհն ամենաշատը գովաբանած[79] մուսուլման առաջնորդն է։ Մեր կարծիքով՝ եթե աշխարհի մասշտաբով մուսուլմանների շրջանում հարցախույզ անցկացվեր ամենաակնառու մուսուլման առաջնորդին ընտրելու թեմայով, ապա Էրդողանը միանշանակ կզբաղեցներ առաջին տեղը։
2020թ․ Էրդողանը տվյալ ուղղությամբ գործեց ևս մեկ կարևոր քայլ, երբ ի հակադրություն ողջ քրիստոնեական աշխարհի՝ Սուրբ Սոֆիան վերածեց մզկիթի՝ դառնալով «Երկրորդ Ֆաթիհ» (Ստամբուլի նվաճող՝ 21-րդ դարում)։ Ընդ որում՝ նա առաջին նամազը նշանակել էր տվել հուլիսի 24-ին, որն ուրբաթ էր (Էրդողանը թերևս այդ պատճառով այդ քայլին գնաց հենց 2020թ․, երբ հուլիսի 24-ը համընկնում է ուրբաթին)։ Մեր կարծիքով՝ Էրդողանն այդ օրն ընտրել է ոչ թե կամ ոչ այնքան նրա համար, որ այն համընկնում է 1923թ․ Լոզանի համաձայնագրի կնքմանը, այլ՝ նրա համար, որ 1999թ․ այդ օրը դուրս է եկել բանտից (վերոնշյալ քառատողի համար): Նա ընդգծում էր, որ, երբ օսմանները (15-րդ դարում) Սուրբ Սոֆիան վերածեցին մզկիթի, այդ քայլը նրանց (Թուրքիային) մեծ հաջողություն բերեց հետագայում (16-րդ դարը համարվում է Օսմանյան կայսրության ոսկեդար)։ Եվ Էրդողանը փաստացի ակնարկում է, որ բանտից իր ազատվելն էլ Թուրքիային պարգևեց մեծ նվաճումներ, մեծ հաջողություններ, և դա կշարունակվի՝ Սուրբ Սոֆիան վերստին մզկիթի վերածելով: Ընդ որում, Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուց հետո Աֆրիկայում Թուրքիայի կառավարությունից սնվող ՀԿ-ները սկսեցին լայն քարոզչություն անել՝ պնդելով, թե Էրդողանը գործեց մուսուլմանական աշխարհի առաջնորդին հարիր քայլ:
Հատկանշական է նաև այն, որ ASSAM-ի երրորդ համագումարում Թանրըվերդին հայտարարել էր, որ Իսլամական միությունը վաղ թե ուշ ստեղծվելու է, և որ դա հնարավոր է դառնալու Մահդիի գալով (իսլամի համաձայն՝ Մահդին մարդ է, ով աշխարհի կործանումից առաջ պետք է գլխավորի չարիքի դեմ պայքարը)։ Նրա խոսքերով՝ ASSAM-ը պետք է նախապատրաստի համապատասխան միջավայր՝ Մահդիի գալստյանը։
Չենք բացառում, որ Թանրըվերդին որպես Մահդի տեսնում է հենց Էրդողանին, ինչը կարող է ունենալ երկու հիմնավորում․ ա) Նրա պնդումներն այն մասին, որ «աշխարհում ամենաշատ արտաքին միջամտության են ենթարկվում իսլամական աշխարհը, որի դեմ ընթանում է չհայտարարված, անհամաչափ Երրորդ համաշխարհային պատերազմը»։ Թանրըվերդին այդպիսով թերևս ակնարկում է այն, որ «Իսլամական աշխարհն այժմ հայտնվել է կործանման շեմին և կարիք ունի փրկչի՝ Մահդիի գալստյան», բ) Անկասկած է, որ Թանրըվերդին հենց Էրդողանին է համարում «իսլամական աշխարհի իրավունքների ու արդարության համար պայքարի առաջամարտիկ»՝ գտնելով, որ հենց նա կարող է իսլամական աշխարհը դուրս բերել ներկայիս ճգնաժամային իրավիճակից։
Ակնկալում ենք, որ խալիֆի հավակնություններով Էրդողանը հաջողության դեպքում կփորձի Ասրիկայի (հետմոդեռնիստական խալիֆաթի) ստեղծման մասին հայտարարել ASSAM-ի 7-րդ գագաթնաժողովից քիչ անց՝ 2024թ․ մարտի 3-ին (1924թ․ այդ օրը Աթաթուրքի հրահանգով թուրքական խորհրդարանը որոշում է կայացրել խալիֆայության վերացման օգտին)։ Ասրիկան ուշագրավ է նաև Էրդողանի սուլթանական հավակնությունների առումով․ այն իրենում ներառում է նաև նախկին Սելջուկյան ու Օսմանյան կայսրությունների տարածքները։ Ասրիկայի (անգամ մասնակի) ստեղծմամբ Էրդողանը կկարողանա գերազանցել սելջուկյան ու օսմանյան բոլոր սուլթաններին, քանի որ տարածքային և այլ առումներով Ասրիկան կգերազանցի այդ երկու կայսրությունները։
Ասրիկայի իրագործմամբ Էրդողանը ձգտում է կատարել իր ողջ կարիերայի ամենահնչեղ քայլը։ Նրա գերնպատակն է Թուրքիայի, նաև իսլամական աշխարհի և այդպիսով համաշխարհային պատմության մեջ սեփական հետքը հնարավորինս խորը թողնելն է։ Էրդողանը, ըստ ամենայնի, ձգտում է Ասրիկայի իրագործմամբ կատարել իր կուռք, մտավոր մուսա, ԱԶԿ-ի նախահայր ու գաղափարախոսական ճարտարապետ, թուրք պոետ ու իսլամիստ գաղափարախոս Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի պատգամն իսլամական հեղափոխության մասին (վերջինիս կարծիքով՝ «թուրք ազգի առաջադրանքն իսլամը պաշտպանելն է ու արևմտյան իմպերիալիզմի դեմ նրա սուրը և վահանը դառնալը»)։ Եվ վերջապես, Ասրիկայի իրագործմամբ Էրդողանը կկարողանա գերազանցել իր քաղաքական դաստիարակ, Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանին, որին 1990-ականներին հաջողվել էր ձևավորել միայն «Իսլամական ութնյակ»։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության շուրջ, Տարածաշրջանային խնդիրներ, Թիվ 1/2014.
[2] Նույն տեղում։
[3] Türkiye-Afrika Ortaklık Zirvesi, TCCB․
[4] Cumhurbaşkanı Erdoğan İstanbul’da Afrika zirvesinde önemli mesajlar verdi: Artık tepeleri değil dağları aşmak istiyoruz, Yeni Şafak, 18.12.2021.
[5] Türkiye’nin 43 Afrika ülkesinde büyükelçiliği var, TRT Haber, 16.10.2021.
[6] Cumhurbaşkanı Erdoğan: Afrika kıtasındaki halkları ayrım yapmadan bağrımıza basıyoruz, Anadolu Ajansı, 18.10.2021.
[7] Türkiye’nin Afrika’da etkisi artıyor, Anadolu Ajansı, 18.10.2021.
[8] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության շուրջ, Տարածաշրջանային խնդիրներ, Թիվ 1/2014.
[9] Afrikalı liderlerin yeni rotası “Türkiye”, Anadolu Ajansı, 18.10.2021.
[10] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության շուրջ, Տարածաշրջանային խնդիրներ, Թիվ 1/2014.
[11] Türkiye-Afrika Forumu’nun 50 milyar dolarlık ticaret hedefine katkı sağlaması bekleniyor, Anadolu Ajansı, 23.10.2021.
[12] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության շուրջ, Տարածաշրջանային խնդիրներ, Թիվ 1/2014.
[13] THY: Dünyayı nakış gibi örüyoruz, Dünya, 15.03.2014.
[14] THY, Afrika’da 61’inci uçuş noktasına ulaştı, Dünya, 13.10.2021.
[15] THY, Afrika pazarında lider, Oda TV, 03.11.2021.
[16] Türkiye-Afrika Ekonomi ve İş Forumu gerçekleşti, Hürriyet, 08.10.2020.
[17] 3. Türkiye-Afrika Ekonomi ve İş Forumu İstanbul’da gerçekleştirilecek, Anadolu Ajansı, 20.10.2021.
[18] Ticaret Bakanı Muş: Türkiye-Afrika ticaret hacmi 25,3 milyar dolara ulaştı, Anadolu Ajansı, 21.10.2021.
[19] Cumhurbaşkanı Erdoğan: Hedefimiz Afrika ülkeleriyle ticaretimizi 75 milyar dolara taşımak, Anadolu Ajansı, 22.10.2021.
[20] Afrikalı iş insanları İstanbul’da yeni ortaklarını arıyor, Anadolu Ajansı, 22.10.2021.
[21] Ticaret Bakanı Muş: Türkiye ile Afrika arasındaki dış ticaret hacmi 9 ayda 20,7 milyar dolara ulaştı, Anadolu Ajansı, 22.10.2021.
[22] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության շուրջ, Տարածաշրջանային խնդիրներ, Թիվ 1/2014։
[23] Angola Meclisi’nde Yaptıkları Konuşma,TCCB, 18.10.2021.
[24] ‘Turkey’s ties with Africa humanitarian, based on mutual partnership’, Daily Sabah, 13․12․2021․
[25] Senegalli iş insanlarına göre Afrika’nın ideal partneri Türkiye, Anadolu Agency, 14․12․2021․
[26] Turkey winning hearts, minds in Africa: Experts, Anadolu Agency, 13․12․2021․
[27] Հայկ Գաբրիելյան, 21-րդ դարում Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության շուրջ, Տարածաշրջանային խնդիրներ, Թիվ 1/2014։
[28] Afrika ve Asya’da 18 milyon insanı suyla buluşturduk, Yeni Şafak, 21.12.2021.
[29] Türkiye Maarif Vakfı, Afrika’da 25 ülkede eğitim veriyor, Anadolu Ajansı, 18․10․2021․
[30] Cumhurbaşkanı Erdoğan, Afrikalı gençlerle buluştu, TRT Haber, 17․12․2021․
[31] Emine Erdoğan ‘Afrika Seyahatlerim’ adlı ilk kitabının tanıtımını New York’ta yaptı, Hürriyet,18․10․2021․
[32] Emine Erdoğan: Kadınların tüm dünyada desteklenmesi aydınlık geleceğe en önemli katkıdır, Anadolu Ajansı, 18․10․2021․
[33] Türkiye acil insani yardımlarda dünya 4’üncüsü oldu, Anadolu Ajansı, 10․12․2013․
[34] Küresel İnsani Yardım Raporu: Dünyanın ‘en cömert ülkesi’ Türkiye, Anadolu Ajansı, 21․06․2018․
[35] TDV’nin Afrika yardımı hız kesmedi, Anadolu Ajansı, 24․10․2019․
[36] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականության շուրջ, Նորավանք, 30․06․2016․
[37] Հայկ Գաբրիելյան, Լիբիայում թուրքական ռազմակայանների բացման հիմնախնդիրը, ՄԱՀՀԻ, 15․07․2020․
[38] Հայկ Գաբրիելյան, Կարմիր ծովում Թուրքիայի ռազմական ներկայության հաստատման խնդրի շուրջ, Նորավանք, «21-րդ ԴԱՐ» N 1, 21.03.2018․
[39] Fas, 6 adet daha Bayraktar TB2 tedarik edebilir, Savunma TR, 02․12․2021․
[40] Etiyopya’ya Bayraktar TB2 teslim edildiği iddiası, Savunma Sanayi, 19․11․2021․
[41] ‘Tunus İlk ANKA-S İHA’yı Teslim Aldı’ İddiası, Savunma Sanayi, 10․10․2021․
[42] Bayraktar TB2 Etiyopya görevine başladı:Ülkeyi parçalanmaktan kurtarabilecek mi?, TRHaber, 21․11․2021․
[43] Drone diplomacy? Turkey’s growing presence in Africa, France 24, 20․10․2021․
[44] Afrika’ya Türk zırhlıları ihraç ediliyor, Aydınlık, 03․06․2021․
[45] Türkiye’den Togo’ya 2 Mekanik Mayın Temizleme Teçhizatı teslim edildi, Anadolu Ajansı, 20․10․2021․
[47] Asya-Pasifik Ülkeleri İle İlişkiler, MFA
[48] Çavuşoğlu: Yeniden Asya açılımını ilan ediyoruz!, Habertürk, 06․08․2019․
[49] Sayın Bakanımızın Yeniden Asya Çalıştayı Hitabı, MFA, 26.12.2019․
[50] Cenk Tamer, “Yeniden Asya Girişimi” Çerçevesinde Dışişleri Bakanı Çavuşoğlu’nun Güneydoğu Asya Ziyaretleri, ANKASAM, 05.01.2021․
[51] Bakan Çavuşoğlu: Yeniden Asya girişiminin amacı Asya ile daha güçlü bağlanmak, TRT Haber, 05.01.2021․
[52] Bakan Pekcan, DEİK’in “Yeniden Asya” Toplantısı’nda Konuştu, TC Ticaret Bakanlığı, 18.01.2021.
[53] ‘Yeniden Asya’ girişimi, Türkiye’nin Asya’yla ilişkilerini bütüncül şekilde güçlendirmeyi hedefliyor, Anadolu Ajansı, 14.05.2021.
[54] Türkiye’den Bangladeş’e yeni askerî donanım ihracatı iddiası, Defence Turk, 22.01.2021.
[55] Bangladeş Türkiye’den “fırkateyn” satın alabilir, Yeni Akit, 29.07.2021.
[56] TUSAŞ ve Endonezyalı Havacılık Devi PTDI Arasında MoU İmzalandı, Savunma Sanayi, 21.09.2021.
[57] Endonezya’nın Tercihi Havelsan’ın ADVENT Savaş Yönetim Sistemi, Savunma Sanayi, 19.11.2021.
[58] 8. Zirve Deklarasyonu, Türk Devletleri Teşkilatı 8. Zirvesi İstanbul Bildirisi․
[59] Ukrayna, Türk Konseyinde gözlemci ülke olmak istiyor, Anadolu, 22․08․2020․
[60] Türk Dünyası 2040 Vizyonu, Türk Devletleri Teşkilatı 8. Zirvesi․
[61] Soner Cagaptay, Erdogan’s Empire: Turkey And The Politics Of The Middle East, London, 2020, p. 153․
[62] Erdoğan ve Bahçeli’nin poz verdiği harita zorlarına gitti, Haber7, 19․11․2021.
[63] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «ադրբեջանական գրոհը», ՄԱՀՀԻ, 14․10․2020.
[64] Orta Asya’nın en büyük camisi Kırgızistan’da tamamlandı, Anadolu Ajansı, 25․06․2017.
[65] Diyanet İşleri Başkanlığı Özbekistan’da 30 bin Özbek Türkçesi mealli Kur’an-ı Kerim dağıttı, TRT Avaz, 14․09․2021.
[66] Türkmenistan satın aldıkları Türk SİHA’larını ilk kez gösterdi, Yeni Çağ, 29․09.2021.
[67] Türk SİHA’ları o ülkede! Bayraktar TB2’ler Kırgızistan görevine başladı, TRT Haber, 18․12․2021.
[68] Kazakhstan buys 3 Turkish Aerospace-made Anka UCAVs:Report, Daily Sabah, 25․11․2021.
[69] Ali Tartanoğlu, Adnan Tanrıverdi’yi kim general yaptı?, Cumhuriyet, 07.01.2020.
[70] TSK ve askeri okullar, ‘Mehdi bekleyen’ Adnan Tanrıverdi’ye göre dizayn edilmiş, Cumhuriyet, 07.01.2020.
[71] Adnan Tanrıverdi’nin anayasa modeli: Başkent İstanbul, resmi dil Arapça!, Yeni Çağ, 09.01.2020
[72] 2017 Kongre Deklarasyonu, ASSAM.
[73] 2018 Kongre Deklarasyonu, ASSAM.
[74] Erdoğan promotes Islamic ‘megabank’ idea within D-8 bloc, Daily Sabah, 08.04.2021
[75] 2019 Kongre Deklarasyonu, ASSAM․
[76] 2020 Kongre Deklarasyonu, ASSAM.
[77] Իսլամատյացության խնդիր աշխարհում, պաղեստինցիների, ույղուրների, ռոհինյա մուսուլմանների իրավունքներ, ՄԱԿ ԱԽ-ում մուսուլմանական երկրի բացակայություն, մուսուլմանական աշխարհի ներքին գործերին միջամտություն, ԱՄՆ-ում ու Եվրոպայում բնակվող մուսուլմանների խնդիրներ և այլն։
[78] Ամենամեծ թվով փախստականների (4 միլիոն մարդ) հյուրընկալում, Աֆրիկայում ու Ասիայում գտնվող իսլամական աշխարհի տարբեր երկրներին հումանիտար աջակցության ցուցաբերում, նրանց համար հանգանակությունների կազմակերպում, նրանց խնդիրների բարձրաձայնում և այլն։
[79] «Կոլումբուսից 314 տարի առաջ մուսուլմանների կողմից Ամերիկան հայտնաբերելու», «Գալիլեյից 700-800 տարի առաջ մուսուլման 71 գիտնականների կողմից Երկրագնդի կլոր լինելը բացահայտելու», «Ավիցենայի ժամանակ բժշկության մակարդակով Եվրոպային իսլամական աշխարհի գերազանցելու», «մուսուլմանն անկարող է գործել ցեղասպանություն» և նման այլ թեզերի առաջ քաշում։
Հոդվածը՝ hetq.am կայքից։