Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

Գերմանիայի հաղթանակը չէր նշանակելու համաշխարհային քաղաքակրթության ավարտ, սարսափների շարան, ժողովուրդների ստրկացում եւ ոչնչացում, ինչպես պնդում էր եւ է՛ հակագերմանական քարոզչությունը:

Հրանտ Տէր Աբրահամյան

Գերմանիայի 
հաղթանակը 
եւ Հայաստանը.
մաս Ա 

Ի՞նչ կլիներ, եթե Գերմանիան հաղթեր Երկրորդ համաշխարհայինում: Ամենագետ Վիքիպեդիան ասում է, որ սա այլընտրանքային պատմության՝ աշխարհում առավել տարածված թեման է: Դեռեւս 1940-ականներից սկսած՝ այս թեմայով գրեթե ամեն տարի ոչ միայն նոր գրքեր են լույս տեսնում, այլեւ ֆիլմեր, հեռուստասերիալներ, այսպես կոչված՝ կոմիկ գրքեր (այստեղ կոմիկը չի նշանակում ծիծաղելի, զվարճալի, այլ գիրք, որտեղ սյուժեն ներկայացված է ոչ թե տեքստով, այլ պատկերով, այսպես ասած՝ պատկերային գիրք): 


Այլընտրանքային պատմության մեր նախագիծը եւս չէր կարող մի օր չգալ այս կետին, եւ հաշվի առնելով թեմայի պոպուլյարությունը՝ բնական է, որ տողերիս հեղինակը հենց սկզբից էլ ունեցել է թեման իր նախնական ցանկում: Պարզ է, որ մեր դեպքում հարցը պետք է տեղայնացվի՝ ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Գերմանիան հաղթեր Երկրորդ համաշխարհայինում: 

Հաշվի առնելով, որ թեման ունի որոշ նրբություններ, պետք է միանգամից մի երկու խոսքով զգուշացնենք, այսպես ասած, առավել զգայուն ընթերցողներին: Մեր սկզբունքային վերաբերմունքը Երկրորդ համաշխարհայինին խիստ ռեալիստականէ: Դա նշանակում է, որ մեր պատկերացումը դուրս է որեւէ քաղաքական-քարոզչական միֆոլոգիայից. ԵՀ-ն բախում չէր համաշխարհային Բարու եւ Չարի միջեւ, հրեշտակների եւ սատանաների դիցաբանական տիտանոմաքիա չէր, ոչ էլ անգամ իդեոլոգիաների առճակատում (իդեոլոգիան միայն մակերեսային շերտն էր): 

ԵՀ-ն «սովորական» պատերազմ էր՝ մեկն այն բազմաթիվ պատերազմներից, որոնք վարվել են եվրոպական տերությունների միջեւ հանուն գերիշխանության Եվրոպայում կամ ավելի ուշ՝ նաեւ աշխարհում: Այն մեծ շղթայի մասն է, որի սկիզբը կարելի է դնել 16, 17 կամ 18-րդ դարում՝ ըստ ճաշակի, եւ որի մասն են Երեսնամյա պատերազմը, Իսպանական ժառանգության պատերազմը, Ավստրիական ժառանգության պատերազմը, Յոթնամյա պատերազմը, Ֆրանսիական հեղափոխական եւ Նապոլեոնյան պատերազմները, եւ իհարկե, Առաջին համաշխարհայինը:

Իրենց ժամանակին դրանց զգալի մասը, օրինակ՝ Նապոլեոնյան պատերազմները, դիտարկվել է նույն միֆոլոգիական կլիշեներով՝ Բարու եւ Չարի բախում, իդեոլոգիաների բախում եւ այլն: Դա բնական է, քանի որ նման կաղապարները մի կողմից պատերազմներում առավելագույն հանրային մոբիլիզացիա ապահովելու գործիք են, մյուս կողմից էլ՝ պատերազմների արդյունքում ստեղծված աշխարհակարգի արդարացում եւ հիմնավորում: Ավարտվում է որեւէ տվյալ աշխարհակարգ, եւ դրա հետ ավարտվում է նաեւ իրեն հիմնավորող միֆոլոգիան՝ Բարու եւ Չարի բախման մասին հերթական պատումը: Պատերազմները վերադառնում են իրենց «տուն»՝ պատմություն, իսկ նոր միֆոլոգիաները հյուսվում են նոր պատերազմների ու նոր աշխարհակարգերի շուրջ: Ոչ ոք հիմա դեմքի լուրջ արտահայտությամբ չի խոսում այն մասին, որ Իսպանական ժառանգության պատերազմում կամ Նապոլեոնի ռուսական արշավանքի ժամանակ իրար բախվում էին Չարն ու Բարին, այլ բոլորին էլ ինքնին պարզ է, որ սա մի սովորական պայքար էր մեծ տերությունների միջեւ հանուն գերիշխանության: Բայց ժամանակին, օրինակ, հականապոլեոնյան կոալիցիան կոչվում էր «Սրբազան միություն», եւ դա, անշուշտ, պատահականություն չէր, այլ արտահայտություն գրեթե կրոնական այն վերաբերմունքի, որը ժամանակակիցներն ունեին Նապոլեոնի դեմ պատերազմում: 

Պատահական չէր նաեւ կրկնվող գեոպոլիտիկ իրավիճակը՝ Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը Եվրոպայի միավորման դեմ Ֆրանսիայի կամ Գերմանիայի գերակայությամբ: Լիբերալ Անգլիան գործակցել է մեկ ցարական, մեկ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, չնայած առավելագույն գաղափարական հակադրությանը երկուսի միջեւ՝ մերթ ընդդեմ հեղափոխական Ֆրանսիայի, մերթ ընդդեմ նացիոնալ-լիբերալ Գերմանիայի (1914-18), մերթ էլ նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի, եւ այդ գեոպոլիտիկ ընդհանրությունը, իհարկե, հազարապատիկ ավելի էական է այս պատերազմների բուն իմաստը հասկանալու համար, քան դարեդար փոփոխական գաղափարական հիմնավորումները եւ աշխարհակարգերի միֆոլոգիաները: Կգա ժամանակը, կփոխվի այսօրվա աշխարհակարգը, որը հիմնված է ԵՀ արդյունքների վրա, եւ ԵՀ-ն նույնպես կկորցնի իր միֆական հմայքը ու կդիտվի որպես սովորական պատերազմ: Պետք է ասել, որ ակադեմիական պատմագիտական գրականության մեջ գերակայում է, իհարկե, հնարավորինս ռեալիստական մոտեցումը նաեւ այս պատերազմի խնդրին, եւ խոսքն առավելապես զանգվածային կարծիք ձեւավորող հաստատությունների՝ դպրոցների, ԶԼՄ-ների, քաղաքական խոսքի մասին է, ուր գերակայողը միֆական ընկալումներն են: 

Ուրեմն, մենք այստեղ ոչ թե հեքիաթներ ենք պատմելու, այլ պատմություն: Նշանակում է՝ պետք չէ այստեղ սպասել ոչ սարսափների, ոչ էլ փրկության մասին «կինոների»: Գերմանիայի հաղթանակը չէր նշանակելու համաշխարհային քաղաքակրթության ավարտ, սարսափների շարան, ժողովուրդների ստրկացում եւ ոչնչացում, ինչպես պնդում էր եւ է՛ հակագերմանական քարոզչությունը: Ոչ էլ դա նշանակելու էր ժողովուրդների փրկություն կամ ազատագրում եւ այլն, ինչպես ներկայացնում էին գերմանական եւ գերմանամետ քարոզչությունը: Չէր լինելու ոչ աշխարհի վերջը, ոչ «աշխարհի սկիզբը», այլ ընդամենը հերթական անգամ փոխվելու էր աշխարհակարգը՝ գեոպոլիտիկ բալանսը, ինչպես բազում անգամներ է փոխվել պատմության մեջ եւ դեռ փոխվելու է: Այդ նոր աշխարհակարգն ունենալու էր իր միֆոլոգիան, եւ միեւնույն մարդիկ, որոնք գուցե հիմա նեղվում են մեր սկեպտիցիզմից, միեւնույն կերպով նեղվելու էին մեր նույն սկեպտիցիզմից, բայց այս անգամ արդեն հակառակ նշանով, քանի որ նրանց համար նույնքան համոզիչ էր լինելու պատերազմի մասին հաղթած Գերմանիայի միֆոլոգիան, ոնց որ հիմա համոզիչ է հակադիրը: Այո´, աշխարհակարգերը փոխվում են, բայց «հավատացյալների» եւ «անհավատների» բաշխումը մոտավորապես նույնն է մնում բոլոր ժամանակներում: 

Վերջին տարիներին Հայաստանում ժամանակ առ ժամանակ ծագում են քննարկումներ ԵՀ-ում գերմանացիների հետ գործակցող հայերի մասին՝ Նժդեհի, Դրոյի, Հայկական լեգեոնի(ավելի քչերը գիտեն Բեռլինում այդ տարիներին գործող Ազգային խորհրդի մասին, որի կազմում էին անվանի մտավորականներ ու գործիչներ՝ Արտաշես Աբեղյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը եւ այլն): Այս քննարկումների առիթները հիմնականում արտաքին ազդակներն են՝ Ռուսաստանից եւ Ադրբեջանից եկող մեղադրանքները հիմնականում Նժդեհի մասին: Համապատասխանաբար պատասխաններն էլ մեր կողմից սովորաբար ջատագովական, պաշտպանական բնույթի էին, եւ շատ չէին խորանում հարցի էության մեջ: Բայց ժամանակն է, որ վերջապես ինքներս մեզ հարց տանք՝ հասկանալու համար մեր պատմության նաեւ այս էջը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կարող եմ փորձել միայն հետաքրքրություն առաջացնել թեմայի նկատմամբ, բայց բուն թեման ինձնից շատ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի տիրապետողներ կան Հայաստանում:

Նժդեհի եւ մյուսների մասին հաճախ օգտագործում են կոլաբորացիոնիստ եզրը: Ստույգ իմաստով այն կիրառելի չէ այն հայերի նկատմամբ, որոնք գործակցել են Գերմանիայի հետ ԵՀ-ում, բայց չեն եղել Սովետական միության կամ հակագերմանական կոալիցիայի այլ երկրների քաղաքացիներ: Այդուհանդերձ կոլաբորացիոնիզմի համառոտ դիտարկումը կարող է օգնել մեզ պատկերացնելու մեր խնդիրն լայն շրջարկում: 

Ահասարսուռ կոլաբորացիոնիզմը բառացի նշանակում է գործակցականություն, բայց, իհարկե, լավ է թարգմանենք ավելի պարզ՝ գործակցություն: Ստույգ իմաստով, ինչպես նշեցինք, նշանակում է գերմանացիների հետ գործակցություն այն երկրների քաղաքացիների կողմից, որոնք, ինչպես օրինակ Ֆրանսիան, Դանիան եւ այլն, գրավված են եղել Գերմանիայի կողմից պատերազմի ընթացքում: Կոլաբորացիոնիստ ստույգ իմաստով չեն կարող լինել, օրինակ, հունգարացիները, ռումինացիները, ֆինները, բուլղարացիները, սլովակները եւ այլն, որոնք եղել են Գերմանիայի պաշտոնական դաշնակիցները պատերազմում: 

Այդուհանդերձ, մեզ համար այստեղ կարեւոր է լայն հարցը՝ ի՞նչ մոտիվներով են այս կամ այն ժողովուրդների ներկայացուցիչները կամ նույնիսկ ամբողջ ժողովուրդներ գործակցել կամ էլ դաշնակցել Գերմանիայի հետ ԵՀ-ում: 

Կարելի է առանձնացնել երեք դասի պատճառ իրենց ենթապատճառներով՝ գաղափարական, ազգային-քաղաքական, գործնական: Խոսենք սրանց մասին առանձին-առանձին: 

Գաղափարական պատճառները: 1920-30-ականներին գրեթե ամբողջ Եվրոպայում, մասամբ նաեւ Եվրոպայից դուրս՝ Մերձավոր Արեւելքում, Ամերիկայում, ծավալվում են շարժումներ, որոնց ընդհանրական անունը մինչեւ այսօր էլ գիտության մեջ գտնված չէ, բայց որոնց շատ պայմանականորեն կարող ենք կոչել ֆաշիստական՝ իտալական ֆաշիզմի անվամբ, որը բոլորից առաջինը հասավ հաջողության: Սրանք ոչ միայն քաղաքական էին, այլեւ ընդգրկում էին եվրոպական ինտելեկտուալների բավականին մեծ խմբեր: Տանք միայն մի քանիսի անունները՝ գրողների, գիտնականների, փիլիսոփաների՝ Տոմազո Մարինետի, Գաբրիելե Դ’Անունիցիո, Ջովանի Ջենտիլե, Գոտֆրիդ Բենն, Դրիյո լա Ռոշել, Էզրա Փաունդ, Կնութ Համսուն, Միրչէ Էլիադե, Էմիլ Չորան, Մարտին Հայդեգեր, Էրնստ Յունգեր եւ շատ ուրիշներ: 

Ֆաշիզմն իր էպոխայի զավակն էր. ոչ այդ էպոխայից առաջ, ոչ էլ հետո երբեք չի եղել նման շարժում, որքան էլ փորձեն դա փնտրել այսօրվա կամ անցյալի մեջ: 1930-ականներին, եթե դու քննադատաբար էիր վերաբերվում աշխարհակարգին, տրամադրված էիր հեղափոխական, բայց միաժամանակ դեմ էիր մարքսիզմին, քո ամենահավանական ուղին ֆաշիզմն էր, որի միջուկն ի վերջո Առաջին համաշխարհայինից իր դիրքերը կորցրած եւ ցնցման ենթարկված միջին դասն էր՝ դրա առավել երիտասարդ մասը եւ հատկապես՝ ուսանողությունը, զգալի չափով էլ՝ բանվորությունն ու գյուղացիությունը, ինչպես նաեւ՝ պատերազմի վետերանները: 

Ֆաշիզմի նորույթներից մեկն էլ այն էր, որ ֆորմալ իմաստով լինելով աջ թեւի քաղաքական շարժում՝ այն շատ բան յուրացրել էր ձախ քաղաքական ավանդույթից, նախեւառաջ՝ քաղաքական գործունեության զանգվածային, հրապարակային կերպը եւ քաղաքական պայքարում բռնության օգտագործումը՝ տարրեր, որոնք մինչ այդ ձախ քաղաքականության մենաշնորհներն էին: 

Ասենք, որ ի տարբերություն մարքսիզմի կամ նույնիսկ լիբերալիզմի, անարխիզմի եւ դարի մյուս պոպուլյար հոսանքների՝ ֆաշիզմը չուներ միասնական դոկտրինալ հենք: Տարբեր երկրների «ֆաշիստական» շարժումները զգալիորեն տարբեր էին իրենց գաղափարներով ու ոճով: Հաճախ խոսքը նույնիսկ հակադրությունների մասին է: Այսպես՝ իտալական ֆաշիզմի նեոհեգելյան էտատիզմը՝ պետությունն է ձեւավորում ազգը սկզբունքով, եւ գերմանական ռասիզմը՝ ռասան գերակա է պետությունից սկզբունքով, նորվեգացի Քվինսլինգի նոր կրոն ստեղծելու հավակնություններն ու ռումինական Երկաթե գվարդիայի պրավոսլավ ֆունդամենտալիզմը, ֆրանսիական ֆաշիստների աթեիզմը եւ այլն: Նույնիսկ միեւնույն երկրում կարող էին գոյատեւել միմյանցից գաղափարներով ու ոճով տարբեր շարժումներ, օրինակ՝ Իսպանիայում՝ ֆալանգիստները (ազգային-սոցիալիստներ), նացիոնալ-սինդիկալիստները (ձախ ազգայնականներ), ֆրանկոիստները (պահպանողականներ), կարլիստները (տրադիցիոնալիստներ) եւ այլն:

Ֆաշիստական գլխավոր դեմքերից շատերը նախկին կոմունիստներ ու սոցիալիստներ էին, որոշ մասն էլ՝ նախկին լիբերալներ կամ մոնարխիստներ, իսկ հարավային՝ իտալական եւ իսպանական ֆաշիզմների կայացման գործում մեծ դեր է խաղացել նաեւ անարխո-սինդիկալիզմը (հատկապես՝ Ժորժ Սորելի ուսմունքը), էլ չասած զուտ արվեստի այնպիսի շարժումների դերի մասին, ինչպիսին, օրինակ, իտալական ֆուտուրիզմն էր (ֆուտուրիզմի հայր Մարինետին Մուսոլինիի հետ համահավասար կարող է համարվել ֆաշիզմի քաղաքական հիմնադիրներից): Այսինքն՝ այստեղ միավորված են եղել գրեթե բոլորը՝ անարխիստներից մինչեւ մոնարխիստներ: 

Սրա պատճառով էլ մինչեւ այսօր ակադեմիական գրականության մեջ չեն դադարում վեճերը՝ արդյոք ընդհանրապես կարելի՞ է խոսել միասնական երեւույթի մասին, եթե այո´, ապա ի՞նչն է հիմնական միավորողը, եւ ի՞նչ անուն տալ դրան: Այդուհանդերձ անկասկած է, որ չնայած տարբերություններին՝ որոշակի ընդհանուր շարժում այդ տարիներին եղել է, թեեւ դրա միասնությունը տարբեր է մյուս քաղաքական հոսանքների միասնությունից՝ ավելի ապակենտրոն, ավելի ֆրագմենտար, ավելի կապված ամեն երկրի ինքնության հետ: 

Բնական է, որ ԵՀ-ում այս շարժումների մասնակիցների մեծ մասը դարձավ գերմանացիներին դաշնակից կամ գործակցող: Հատկապես շատ էին, ի դեպ, նման խմբերը Ֆրանսիայում: Այստեղ կային նաեւ ակնհայտորեն ողբերգական ճակատագրեր, ինչպիսին Շարլ Մորասիննէր՝ ֆրանսիական ազգայնականության ճանաչված «հայրապետինը», որն անուն էր հանել իր արմատական հակագերմանական դիրքով դեռեւս 20-րդ դարի սկզբին. նա առաջ էր քաշում Գերմանիայի մասնատման ծրագիրը, բայց որը հավուր ծերության ավարտեց որպես գերմանասեր կոլաբորացիոնիստ եւ 1945 թվին դատվեց որպես ազգի դավաճան: Կան հետազոտողներ, ինչպես Էրնստ Նոլտկեն, որոնք ընդհանրապես Մորասին համարում են եվրոպական ֆաշիզմի նախահայր, որն առաջինը փոխառեց ձախ քաղաքականության մեթոդները դեռեւս մինչեւ 1914-ը, երբ ֆաշիզմ անունը ոչ ոք չէր լսել: Պետք է նշել նաեւ, որ Մորասի նման մարդիկ ոչ թե հենց սկզբից էին անցել գերմանասեր դիրքորոշման, այլ մասնակցելով սեփական երկրների պաշտպանությանը պատերազմի սկզբին՝ միայն պարտությունից հետո են հայտնվել գործակցողների ճամբարում: 

Մյուս մեծ խումբը, այսպես ասած, ազգային-քաղաքական նպատակներով գործակցողներն էին: Սրանք կարող էին ունենալ կամ չունենալ այս կամ այն չափի գաղափարական ընդհանրություններ նացիոնալ-սոցիալիզմի հետ, բայց հիմնականը դա չէր, այլ իրենց պատկերացրած ազգային-քաղաքական շահի համընկնումը գերմանականի հետ: Օրինակ՝ սլովակները, խորվաթները, սլովենացիները եւ այլք, որոնք երկար ժամանակ պայքարել են իրենց անկախության համար, գերմանական հաղթանակների շնորհիվ հնարավորություն ստացան անկախ պետություններ հռչակել: 

Այս նույն խմբի մեջ կարելի է դասել նաեւ Գերմանիայի բուն դաշնակիցներին՝ Հունգարիային, Ֆինլանդիային, Ռումինիային, Բուլղարիային եւ այլն: Այս բոլորին միավորում էր այն, որ նրանք կամ դժգոհ էին Առաջին համաշխարհայինի արդյունքներից եւ փնտրում էին ռեւանշի հնարավորություն, կամ էլ լուրջ վտանգ էին զգում Ռուսաստանից. երկու դեպքում էլ Գերմանիան իրենց բնական դաշնակիցն էր դառնում:

Նույն այս խմբի երրորդ «ճյուղն» արդեն բուն Սովետական միության ժողովուրդների ներկայացուցիչներն էին՝ սկսած հենց ռուսներից մինչեւ ուկրաինացիներ, Մերձբալթիկայի եւ Կովկասի ժողովուրդներ, որոնց ներկայացուցիչների մի մասն ի դեմ գերմանացիների տեսնում էր ստալինյան ռեժիմից ազատվելու գործիք: Ի դեպ, ռուսների մասնակցությունն աննախադեպ կարելի է համարել. երբեք իր՝ գոնե նոր պատմության մեջ Ռուսաստանը չի առնչվել այնպիսի դեպքի հետ, երբ ռուսների որեւէ զգալի քանակ պատերազմի մասնակցի իր իսկ հայրենիքի դեմ: Դատապարտենք թե արդարացնենք այս երեւույթը, փաստն այն է, որ այն, իհարկե, բավականին խոսուն է: Պատմականորեն ավելի սովորական է եղել հակառակը՝ ռուս-գերմանական նախորդ պատերազմներում երկու կողմից մասնակցող գերմանացի սպաներ: Օրինակ՝ 1914-ի արեւելապրուսական ճակատամարտում, ուր գերմանացիների բանակը գլխավորում էր գեներալ Լյուդենդորֆը, իսկ ռուսներինը՝ գեներալ Ռենենկամպֆը: Ի դեպ, եթե խոսքը գերմանառուսական սպայական դասի մասին է, իմիջիայլոց նշենք, որ Սարդարապատի ճակատամարտի պլանն էլ գծել է Սիլիկյանի շտաբի պետ Ալեքսանդր Շնոյերը՝ նույնպես ծագմամբ գերմանացի: 

Վերջապես այս նույն խմբի մեջ թերեւս դասենք եվրոպական այլեւայլ ազգերի այն ներկայացուցիչներին, որոնք՝ որպես կամավորներ, կռվել են Գերմանիայի կողմից Ռուսաստանի դեմ՝ ֆրանսիացիներ, հոլանդացիներ, սկանդինավներ, բելգիացիներ, իսպանացիներ եւ այլն, եւ որոնք ընկալել են իրենց պայքարը որպես պայքար հանուն Եվրոպայի ազատության ընդդեմ բոլշեւիկյան վտանգի: 

Այս խմբի հետ եւս կապված են դրամատիկ պատմություններ: Բանն այն է, որ Բեռլինի վերջին ճակատամարտում Գերմանիայի կողմից իրար գլխի էին հավաքվել Եվրոպայի ազգերի մեծ մասի ներկայացուցիչները՝ Վաֆեն ՍՍ-ի՝ ֆրանսիական, բելգիական, նորվեգական, դանիական ստորաբաժանումները, ինչպես նաեւ լատվիացիները, էստոնացիները, լիտվացիները, հունգարացիները, ուկրաինացիները: Առավել համառությամբ կռվել են լատվիացիները, որոնք շարունակել են դիմադրել նույնիսկ Գերմանիայի պաշտոնական կապիտուլյացիայից հետո, եւ Շարլեման (Կառլոս Մեծ) կամավորական դիվիզիայի ֆրանսիացիները: Ֆրանսիացիները գերմանական զորամասերի մնացորդների հետ նաեւ Ռայխստագի վերջին պաշտպաններն էին: Ֆրանսիացի կամավոր Էժեն Վալոն ապրիլի 29-ի մարտերի համար արժանացավ «Ասպետական խաչ» շքանշանի. նա վերջիններից մեկն էր, ով ստացավ այդ օրդենը: Մի քանի օր անց Վալոն մահացավ Բեռլինի մարտում: 

Շարլեման դիվիզիայի հրամանատար, Սորբոնի շրջանավարտ Անրի Ֆենենհետագայում գրում էր. «Բեռլինում կա Ֆրանսիական փողոց եւ ֆրանսիական եկեղեցի, որը կառուցել են այստեղ հետապնդումներից ապաստանած հուգենոտները: 20-րդ դարի կեսին այլ ֆրանսիացիներ էլ են պաշտպանել մայրաքաղաքը, որի կառուցմանը մասնակցել են իրենց նախնիները»: Մեկ այլ տեղ պատմել է Բեռլինի վերջին մարտերի մասին. «Մենք կորցրել էինք հույսն էլ, վախն էլ, նույնիսկ՝ ժամանակի զգացողությունը: Մենք զգում էինք ընդհանուր ուրախություն, մարտընկերների միասնության ուրախությունը եւ միմյանց անսահման վստահության զգացմունքը: Շքանշանակիրները շատ հպարտ էին: …Նրանք հենց սկզբից երազում էին դրա մասին՝ արժանանալ «Երկաթե խաչին»»։ Եվ որպեսզի հասկանալի լինի նաեւ այս մարդկանց մոտիվացիան, եւս մեկ մեջբերում նույն Ֆենեից. «1942-ի ավարտից, Ստալինգրադի ճակատամարտից հետո Եվրոպայի միասնության միտքը ընդդեմ բոլշեւիզմի՝ միակ միտքն էր, որն ինձ առաջնորդում էր: Այնպիսի արժեք, ինչպիսին է «Հայրենիքը», կարող էր փրկվել միայն միասնական Եվրոպայի ստեղծմամբ՝ Հայրենիքների Եվրոպայով: Եվրոպական ինքնությունը, ինչպես նաեւ առանձին ազգային ինքնությունները վտանգված էին լինելու, եթե ամերիկյան կապիտալիզմին կամ բոլշեւիզմին հաջողվեր իրենց գերիշխանությունը հաստատել Եվրոպայում»: 

Եվ վերջին խումբը՝ գործակցողների՝ գործնական նպատակներով կոլաբորացիոնիստներն էին: Սրանց դեպքը մի կողմից առավել պարզն է, մյուս կողմից էլ՝ հաճախ առավել բարդ բացատրելին: Երկրները, որոնք գրավվել էին գերմանացիների կողմից, պետք է կառավարվեին. երեխաները պետք է գնային դպրոց, աշխատեին հիվանդանոցները, երկաթուղին, փոստը, խանութները եւ այլն: Սա հասկանալը հեշտ է, բայց եթե իրավիճակը կոնկրետ ես պատկերացնում, այլ ոչ թե վերացականորեն, ինչպես հաճախ անում են դիվանին նստած հերոսները, որոնք կարծում են, որ, ասենք ամբողջ Ֆրանսիան մի մարդու պես պետք է մեռներ ու հերոսանար՝ մտնելով դիմադրության շարքերը: Նման տրամաբանությունը կարող է արդարացված լինել միայն ծայրահեղ դեպքերում, երբ իրական ֆիզիկական վտանգ է սպառնում ազգի գոյությանը, բայց պարզ է, որ գերմանական օկուպացիան նման վտանգ չուներ եվրոպական ժողովուրդների ճնշող մեծամասնության, առավել եւս արեւմտաեվրոպացիների համար: Դիմադրությունը, որն անհրաժեշտություն էր ազգի պատվի եւ հետագա ճակատագրի տեսակետից, բնականաբար փոքրամասնության դիրք էր, իսկ մեծամասնությունը պետք է ապրեր նոր պայմաններում: Պարզ է, որ բնականոն կյանքն ապահովելու համար պետք էին նաեւ մարդիկ, որոնք պատասխանատվություն կստանձնեին: Եվ նման պատասխանատվություն վերցնելը պակաս քաջություն չէր պահանջում, ի դեպ: Ոչ ոք չի ուզում ազգի դավաճան դառնալ հանուն ազգի կյանքի բնականոն ընթացքի: 

Եվ այստեղ նույնպես կան մեծ ողբերգություններ, ինչպես մարշալ Պետենի դեպքն է: Մարշալ Պետենը Ֆրանսիայի խորհրդանիշներից էր, Առաջին համաշխարհայինում ֆրանսիական հաղթանակի խորհրդանիշներից մարշալ Ժոֆրի հետ: Նա Վերդենի ճակատամարտի հերոսն էր, ուր նրա հրամանատարությամբ կանգնեցվեց գերմանական մեծ հարձակումը, որի համար ստացավ «Վերդենի առյուծ» մականունը: Եղել է ֆրանսիական գլխավոր շտաբի պետ, ֆրանսիական Ակադեմիայի անդամ: Այն ժամանակ դեռեւս լեյտենանտ դը Գոլը Պետենի հրամանատարության տակ էր Առաջին համաշխարհայինի ընթացքում: 

1940 թվականին Պետենն արդեն 85 տարեկան էր եւ, իհարկե, կարող էր վայելել թոշակառուի իր կյանքը, մանավանդ որ, հնարավորություն ուներ մնալ Իսպանիայում, ուր դեսպան էր, եւ չվերադառնալ Փարիզ: Ֆրանսիայի պարտության մեջ նա որեւէ մեղք չուներ: Պատերազմը տանուլ տվեցին քաղաքական գործիչները, որոնք տարիներ շարունակ ոչինչ չէին արել երկիրը պատերազմին պատրաստելու համար, բայց որոնք 1939-ին առյուծի կաթ էին խմել՝ որոշելով, որ հանուն Դանցիգի միջանցքի՝ կարելի է եվրոպական ազգերին ներքաշել եւս մեկ եղբայրասպան սպանդի մեջ: Միլիտարիստների վերածված նախկին պացիֆիստները Ֆրանսիան դատապարտեցին իր պատմության մեջ ամենախայտառակ պարտության: Հետագայում նրանցից շատերը հայտնվեցին Պետենին դատողների դերում: 

86-ամյա մարշալն իր մեջ ուժ գտավ ստանձնելու մի պատասխանատվություն, որից շատ-շատերը կխուսափեին. համաձայնեց գլխավորել ջախջախիչ պարտություն կրած երկրի կառավարությունը նրա պատմության ամենաանկումային ժամին: Համաձայնեց կրել ուրիշների ճակատագրական սխալների հետեւանքները: Վերդենի հաղթող մարշալը չէր կարող ավելի մեծ զոհողություն անել իր երկրի համար՝ այնպիսի զոհողություն, որը փառք ու պատիվ չի բերում, բայց որը պետք է անի ինչ-որ մեկը հանուն երկրի: Նա զոհաբերեց իր փառքը, անունը, որը պետք է վայելեր կյանքի վերջին տարիներին եւ հետմահու: Հետագայում նա ասում էր, որ ինքը Ֆրանսիայի վահանն էր, այն ժամանակ, երբ դը Գոլը նրա թուրն էր, եւ նա ճիշտ էր: Հետպատերազմական դատարանը նրան դատապարտեց մահվան 14 կողմ եւ 13 դեմ՝ գրեթե 50-50 կիսված ձայներով: Դը Գոլը ներում շնորհեց իր նախկին հրամանատարին: Եվ հետագայում՝ Վերդենի ճակատամարտի տարելիցին, միշտ ծաղկեպսակ էր դնում Պետենի գերեզմանին: Միայն կյանքի «դիալեկտիկայի» նկատմամբ շատ անզգա մեկը կարող է չտեսնել այստեղ խոր դրամատիզմ եւ ճակատագրի նշան: 

Սրանք էին եվրոպական «գործակցության» հիմնական ուղիները: Սրանց շրջարկում ավելի պարզ պետք է դառնան հայկական իրողությունները, որոնցից մի փոքր կխոսենք հոդվածի շարունակության մեջ:

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը ՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *