Հայերի եւ թուրքերի բախումները Գառնիբասարում եւ Զանգիբասարում շարունակվում են մինչեւ հուլիսի վերջը, երբ հայ բնակչությունը տեղափոխվում է պայմանագրով թուրքերին անցած սահմանագծից։
Անկախության հռչակումը հայ հանրությունը խանդավառությամբ ու ոգեւորությամբ չընդունեց, իսկ ընդամենը մի քանի օր անց ստորագրված Բաթումի հաշտության պայմանագիրը հարցականի տակ դրեց նորանկախ Հայաստանի գոյատեւման կենսական հնարավորությունը։
Նկարագրելով Հայաստանի դրությունը՝ Սիմոն Վրացյանը գրում էր. «Փաստորեն հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ՝ հազիվ 12 քառ կիլոմետր աղքատ ու կիսակործան մի երկիր՝ կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական։ Սով ու հիվանդություն, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ»։
Բաթումի պայմանագիրը դիտարկվում էր որպես ժամանակավոր լուծում. հույս կար, որ հետագա բանակցությունների միջոցով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության տարածքը մեծացնել։ Բաթումում որոշվել էր, որ հայ-թուրքական սահմանների վերջնական լուծումը տրվելու էր Պոլսում կայանալիք մեծ խորհրդաժողովում, որին մասնակցելու էին նաեւ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Բուլղարիան։
«Մշակը» 1918թ. հունիսի 4-ին գրում էր, որ պետք է ոչ թե հուսահատվել, այլ փորձել հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
«Մշակ», 4 հունիսի, 1918թ., թիվ 103
«Մենք կարծում ենք, որ դեռ ամեն բան կորսված չէ մեզ համար, որ դեռ հույս կա, թե մենք կարող ենք կազդուրվել, ոտքի կանգնել։ Մենք անհնարին չենք գտնում, որ փոխադարձ զիջողությունների համաձայնություններով մենք համոզենք մեր հարեւան թուրքերին զիջել մեզ հայկական ապագա երկրի համար Դարալագյազը եւ Ղարաբաղի հայաբնակ մասերը։ Մանավանդ առանց Ղարաբաղի, որ հայության ողնաշարն է կազմում, անհնարին է կենդանի պահել հայ մարմինը»։
Տարածքային հավակնություններ
Անդրկովկասի երեք հանրապետություններն ունեին ներքին սահմանային տարաձայնություններ, որոնք, ինչպես կտեսնենք հետագայում, վերածվում են ռազմական երկարատեւ բախումների ու պատերազմների։ Բաթումի բանակցությունների ժամանակ թուրքերն առաջարկում են հայերին միջնորդել եւ կարգավորել սահմանային ներքին հարցերը։
Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ այդ օրերին քննարկման առարկա էր Լոռիի, Ղազախի, Զանգեզուրի, Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը։ «Ադրբեջանցիները եւս, որոնք վեճ ունեին վրացիներու հետ Զաքաթալայի շրջանի եւ Բորչալուի գավառի մեկ մասի վերաբերյալ, հույս ունեին թուրքերու աջակցության վրա։ Բայց վրացիները հատուկ գրությամբ խնդրեցին թուրքերեն չխառնվիլ Անդրկովկասյան հանրապետությանց սահմանային վեճերուն մեջ»,- գրում է Խատիսյանը։
Արդեն հունիսի 15-ին «Մշակը» գրում էր, որ վրացիները տարածքային հավակնություններ ունեն Բորչալուի, Ղազախի եւ Ալեքսանդրապոլի գավառների վրա։ «Վրաց հանրապետական կառավարությունը… պահանջ է հայտնել եւ որոշել գրավել Բորչալուի ամբողջ գավառը, Ղազախի գավառը եւ Ալեքսանդրապոլի գավառի մի մասը։ Բորչալուն գրեթե ամբողջովին հայաբնակ է, եւ ուրեմն մեր պատմական Սանահին-Հաղպատը, Լոռին անցնելու են Վրաստանին»,- գրում էր թերթը։
Վրաստանի կառավարությունը հենվում էր 1783 թվականի սահմանների վրա, պահանջում էր նաեւ Ախալքալաքի եւ Ախալցխայի գավառները։ Մամուլը գրում էր նաեւ, որ այս պահանջները դեմոկրատական չեն եւ «այսօր երկրների, պետությունների բախտը որոշվում է բոլորովին այլ հիմունքներով եւ սկզբունքներով, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»։
Հայկական հասարակական որոշ շրջանակներ կարծում էին, որ ստեղծված պայմաններում պետք է արագորեն բարելավել հարաբերությունները Անդրկովկասի մահմեդականների՝ թաթարների հետ, վերացնել թշնամանքը։ Հայերի ու թաթարների միջեւ բախումներն ու արյունահեղությունը համարվում էին ցարական իշխանությունների պառակտիչ գործելակերպի հետեւանք։
«Հորիզոն» թերթն այսպես էր գնահատում շուրջ կես տարի շարունակվող հայ-թաթարական արյունալի պատերազմը։
«Հաշտությունը այլեւս կնքված է, եւ ուրեմն հայ ժողովուրդը այսօր այլեւս թշնամի չունի։ Հայ եւ թուրք մասսաները Անդրկովկասում երկար տարիներ ապրել են կողք-կողքի եւ եղել են միշտ բարեկամներ։ Նախկին հայ-թաթարական ընդհարումները եղել են հետեւանք ցարիզմի դավանած ազգամիջյան ընդհարումներով ժողովուրդներին ջլատելու դավադիր քաղաքականության, իսկ վերջին ընդհարումներն ու աղետալի դեպքերը մասամբ արդյունք են եղել անպատասխանատու չարամիտ տարրերի քարոզչության, մասամբ էլ եղել են թիկունքում կազմակերպված եւ նույն նպատակ ունեցող պատերազմական գործողություններ»:
Իբր թե հայ-տաճկական պատերազմը վերջացել էր
Մինչ քաղաքական որոշ ուժեր քննարկում էին թուրքերի ու թաթարների հետ բարեկամանալու հնարավորությունները, տարբեր շրջաններում ռազմական գործողությունները շարունակվում էին, եւ Բաթումի պայմանագրի ստորագրումը չէր նշանակում, թե խաղաղություն էր հաստատվել։
Սարդարապատում մայիսի 22-24-ին պարտություն կրելուց հետո թուրքական բանակը նահանջել էր։ Մայիսի 25-ին սակայն թուրքերը կրկին առաջացել էին, տեղի էին ունեցել թեժ մարտեր, բայց ստանալով բանակցություններին ընդառաջ ռազմական գործողությունները դադարեցնելու հրաման՝ հայկական ուժերը կրկին հետ էին քաշվել Սարդարապատ։
Հովակիմ Մելիքյանը գրում է, որ այդ օրերին թուրքերը հաճախ հագնում էին հայկական բանակի թողած համազգեստը եւ լրտեսում։ «Մեր հետախույզներից մեկը հանդիպում է մի հեծյալ ասկյարի, որը ենթադրում է, թե իրեն հանդիպողն ասկյար է, սիրով տալիս է խնդրած ծխախոտը ու խոսում, հարցեր տալիս, որպես ասկյարի։ Մեր զինվորը լուցկի է խնդրում, երբ նա պատրաստվում է լուցկին հանելու, այդ ժամանակ մեր զինվորը իսկույն հանում է ատրճանակը եւ պահանջում զինաթափ լինել, հետո ասկյարին առաջը գցած բերում է հրամանատարի մոտ։ Քննությունից պարզվեց, որ ասկյար կոչվածը Երեւանի գիմնազիայի նախկին աշակերտ Բալոշ բեկ Սուլթանովն էր, որն ինչպես կամավոր մտել էր տաճկական բանակ» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, 1925թ., թիվ 7, Բոստոն)։
Մելիքյանը նաեւ գրում է, որ իրենց ստորաբաժանումը, որը տեղակայված էր Թալին-Մաստարա գծում, զինվորական հրամանատարության պահանջով վերադառնում է Սարդարապատ, դիրքավորվում Կարա-Բուրունի բարձունքներում, որտեղից պետք է հարձակվեին Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Սակայն մայիսի 29-ի գիշերը ստացվում է թուրքերի հետ զինադադար կնքելու եւ Բաթումի բանակցությունները վերսկսելու մասին տեղեկությունը։ Հունիսի 3-ին զորքերը հրաման են ստանում ռազմաճակատի տարբեր ուղղություններում բանակցություններ սկսել հակառակորդի հետ։ Թալինում տեղակայված հայկական զորքերի պատվիրակությունը հունիսի 3-ին՝ ժամը 11-ին, սպիտակ դրոշով ընդառաջ է շարժվում թուրքական դիրքերի ուղղությամբ։
«Հազար քայլ մերոնք առաջ գնացին, հազար քայլ նրանք եւ ճիշտ տարածության կենտրոնում հանդիպեցին իրար։ Երիվարները թիկնապահ զինվորներին հանձնելով, մոտեցան եւ իրար ձեռք տվին։ Մոտ 10 րոպե խոսելուց հետո կրկին իրար ձեռք սեղմելով, հեռացան միմյանցից։ Վերադառնալով՝ մերոնք զեկուցեցին, թե թուրքերը խոստացել են հաջորդ օրը պատասխան բերել» (Խորեն Մուրադյան, Ամերիկահայ կամավորականի հուշերը, Հայրենիք, 1967թ., թիվ 1):
Թուրքերի հետ ռազմաճակատային հանդիպումները շարունակվում են մինչեւ հունիսի 11-ը, երբ Ալագյազ կայարանում հայկական ներկայացուցիչներին են հանձնում Բաթումի հաշտության համաձայնագիրը։ Հունիսի 14-ին ռազմաճակատի հրամանատար Բեկ-Փիրումյանը սպաներին հայտնում է պայմանագրի մանրամասները։
«Ըստ պայմանագրի՝ Սարդարապատի կայարանը պետք է ազատ լիներ մինչեւ Նախիջեւան, որպեսզի թուրքերը կարողանային կապ պահել Թավրիզի հետ։ Մինչեւ Սեւ Ջուր, այնտեղից էլ դեպի Գառնիբասարի վերջավորությունը, ուր հայ բնակչություն կար, երկաթուղագծից դեպի ձախ 7 վերստի վրա, պիտի մնար թուրքերին։ Այդ պայմանները շատ ավելի ծանր էին, քան թե այն ժամանակ, երբ թշնամին դեռ Սարդարապատում չէր ջարդվել։ Հունիսի 14-ին՝ ժամը 12-ին, Սարդարապատից մեկնեցինք Երեւան։ Իբր թե հայ-տաճկական պատերազմը վերջացել էր»,- գրում է Խորեն Մուրադյանը։
Արամ Մանուկյանի հանձնարարությամբ Մուրադյանը հունիսի 15-ից շրջում է Գառնիբասարի գյուղերում՝ փորձելով համոզել տեղի հայ բնակչությանը, որպեսզի չլքեն բնակավայրերը։ Հունիսի 21-ին կայարան են գալիս առաջին թուրքական ստորաբաժանումները։ Ղամարլուում (Արտաշատ) մոտ 60 թուրք զինվոր փորձում է առաջանալ, սակայն Ղոյլասար գյուղի բնակիչները շրջապատում եւ ոչնչացնում են նրանց։ Հայերի եւ թուրքերի բախումները Գառնիբասարում եւ Զանգիբասարում շարունակվում են մինչեւ հուլիսի վերջը, երբ հայ բնակչությունը տեղափոխվում է պայմանագրով թուրքերին անցած սահմանագծից։
Ալեքսանդրապոլում
1918թ. հունիսի սկզբին Արամ Մանուկյանի հանձնարարությամբ պատգամավորական մեկ այլ խումբ մեկնում է Ալեքսանդրապոլ՝ թուրքերի հետ բանակցելու։ Պատգամավորների կազմում էին զինվորականներ Տեր-Հակոբյանը, գնդապետ Քիշմիշյանը, փոխգնդապետ Վեքիլյանը, Հովակիմ Մելիքյանը, Ազգային խորհրդի ներկայացուցիչներ։
Ալեքսանդրապոլում տեղակայված թուրքական զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ քննարկվելու էր մի քանի հրատապ հարց՝ գաղթականների վերադարձը, գերիների փոխանակումը, թուրքական բանակի՝ Հայաստանի տարածքով անցնելու միջոցները, երկաթուղու հանձնման խնդիրը։ Ալեքսանդրապոլ հասնելուց հետո հայ պատվիրակները տեղավորվում են բժիշկ Պապիկյանի բնակարանում։ «Դրսի դռան առաջ պահակը թույլ չէր տալիս առանց թույլտվության անցուդարձը։ Առհասարակ տաճիկների վերաբերմունքը դեպի մեզ շատ քաղաքավարի ու կիրթ էր։ Կերակրում էին բավականին ճոխ. տալիս էին մեծ մասամբ տաճկական կերակուրներ, պատրաստված հայերից թալանված մթերքից»,- գրում է Հովակիմ Մելիքյանը։
Բանակցությունների սկզբնական փուլում թուրքերը հրաժարվում են քննարկել գաղթականների տեղավորման հարցը, սակայն մի քանի օր անց ստացվում է Վեհիբի հեռագիրը, որով թուրքերը համաձայնում էին ազատ արձակել հիվանդ ու վիրավոր զինվորներին, իսկ գաղթականների հետ վերադարձի հարցը պետք է քննարկվեր Պոլսում կայանալիք հանդիպման ժամանակ։ Թուրքերին առավելապես հետաքրքրում էր երկաթուղու հարցը, եւ նրանք պնդում էին, որ շարժակազմերի մեծ մասը պետք է մնար իրենց ձեռքին։ «Դուք ունիք ընդամենը 7 կիլոմետր տարածությամբ երկաթուղագիծ։ Այդքան տարածության համար հարկարվոր են միայն մեկ շոգեկառք, երեք վագոն եւ մի քանի ցիստերն։ Մնացածը պահանջում էին հանձնել»։
Հայ պատվիրակները Կարաբեքիրից ստանում են քաղաքում շրջելու թույլտվություն եւ տեսնում են թուրքական գերության մեջ մնացած հայերի ծանր դրությունը. չկար կյանքի եւ ունեցվածքի որեւէ անվտանգություն, իսկ թալանն ու բռնությունը գրեթե ամենօրյա էին։
«Յուրաքանչյուր օր, 200-300 հոգի, քաղաքից ու շրջանի գյուղերից դուրս էին բերվում աշխատացնելու պատրվակով։ Նրանք գնում էին, բայց վերադարձ չկար։ Բավական էր, որ մի ասկյար գնար մի գյուղ սայլեր կամ 200-300 մարդ պահանջելու, գյուղացին անմռունչ ու անմիջապես հրամանը կատարում էր. այն գյուղացին, որ մեր իշխանության ժամանակ մեծ դժվարությամբ էր մի հիվանդի կամ մի ուրիշ անհրաժեշտ բանի փոխադրության համար մի սայլ տալիս» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, 1925թ., թիվ 7, Բոստոն)։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։