Նախիջեւանի Ազգային խորհրդի ներկայացուցիչները խնդրել էին Անդրանիկին շարժվել դեպի Նախիջեւան, որը թուրքական հարձակման սպառնալիքի տակ էր։
1918թ. ապրիլի 10-ին Ալեքսանդրապոլում կազմավորվել էր Հայկական առանձին հարվածային զորամասը, որի հրամանատարն էր Անդրանիկը։ Զորամասն ուներ շուրջ 1400 զինվոր ու սպա՝ բոլորն էլ Արեւմտյան Հայաստանից։
Արեւմտահայերից կամ, ինչպես այն ժամանակ ասում էին, թուրքահայերից զորամաս ստեղծելու փորձեր արվել էին դեռեւս 1917թ. ամռանը։ Հետագայում՝ 1917թ. դեկտեմբերին, երբ ստեղծվեց Հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, նրա կազմում ձեւավորվեց արեւմտահայերի առանձին դիվիզիա Անդրանիկի գլխավորությամբ։
1918թ. մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլի անկումից հետո, Անդրանիկը նահանջում է դեպի Ջալալօղլի (Ստեփանավան), այնուհետեւ՝ Լոռի եւ Դիլիջան։ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Անդրանիկի զորամասը թուրքական հնարավոր ներխուժումից պաշտպանում էր Դիլիջանը։ Ղարաքիլիսայի ճակատամարտին չմասնակցելու փաստը տեղիք է տալիս տարբեր մեկնաբանությունների՝ մասնավորապես հիշատակելով Անդրանիկի հակասությունները ինչպես Դաշնակցության, այնպես էլ գեներալ Նազարբեկյանի հետ։ Ժողովրդի մեծ սերն ու հարգանքը վայելող զորավարի կենսագիրներն անդրադարձել են այս հարցին, եւ գրեթե բոլորը պնդում են, թե Անդրանիկը կատարել է Դիլիջանը պաշտպանելու Նազարբեկյանի հրամանը։
Ղարաքիլիսայի ճակատամարտից եւ 1918թ. հունիսի 4-ին Բաթումի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Անդրանիկի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերությունները վերջնականապես խզվում են. զորավարը հրաժարվում է ճանաչել այդ պայմանագիրը։ Անդրանիկ Չելեպյանն իր «Զորավար Անդրանիկ եւ հայ հեղափոխական շարժումը. կենսագրական ակնարկ» (Երեւան, 1990) գրքում, մեջբերելով Ավետիս Թերզիբաշյանին, նկարագրում է Անդրանիկի վրդովմունքը Բաթումի պայմանագրի կետերին ծանոթանալուց հետո.
«Բաթումի Դաշնագրի պատճենը աչքի անցնելե ետք, Անդրանիկի սիրտը կխռովվի եւ հոգին կփոթորկի։
– Հայաստան, ուրեմն, առանց Ալեքսանդրապոլի, առանց Կարսի, առանց Սուրմալուի, առանց Ղարաբաղի, առանց Զանգեզուրի եւ առանց Նախիջեւանի։
Զորավարը կշարունակի դաշնագրին ընթերցումը.
– Հայաստանը պետք է ունենա միայն 1200 զինվոր, ան ալ թուրքի հակակշռին տակ, եւ միայն 13 կիլոմետր երկաթուղի։
Դաշնագրին 4-րդ հոդվածը կըսե.
– Արգիլված է զինված խումբերու կազմակերպումը Հայաստանի հողին վրա,- եւ Վեհիբ փաշան պայման դրած է նաեւ, որ ինքը՝ Անդրանիկ, պարտավոր է ցրել իր 1200 զինվորները»։
Անդրանիկի հեռագիրը
1918թ. հունիսի 4-ին Անդրանիկը հեռագիր է ուղարկում Հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանին, Ազգային խորհրդին եւ պաշտպանության խորհրդին՝ պահանջելով երեք օրվա ընթացքում փոխարինող զորամաս ուղարկել, որից հետո ինքը հեռանում է։
«Նկատի ունենալով, որ դուք ձեր սեփական ձեռքերով ձեզ գամել եք գերության հավիտենական շղթաներով, հայտնում եմ, որ իմ զինվորը այլեւս չի կարող անզեն մարտիկի դերում մնալ եւ լինել անձայն վկա, թե ինչպես է խարդախ հակառակորդը բզկտում իր բազմաչարչար հայրենիքի սուրբ մարմինը, ուստի իմ զորամասը այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան դուրս է գալու այստեղից։ Սեմյոնովկայում գտնվող զորամասին կարգադրեք տեղաշարժվել եւ գրավել այժմ իմ զորամասի զբաղեցրած դիրքը։ 4 հունիսի, 1918թ.։ Գեներալ Անդրանիկ» (Համբարձում Կարապետյան, Անդրանիկ։ Երեւան, 1994թ.)։
Անդրանիկի զորամասի թվակազմի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում։ Հունիսի սկզբին դուրս գալով Դիլիջանից՝ Անդրանիկն ուներ շուրջ 1400 զինվոր եւ սպա, որոնք շարժվում էին 15-20 հազար գաղթականի հետ։ Հետագայում զինվորների ու գաղթականների թիվը փոխվում է, եւ տարբեր աղբյուրներ նշում են մինչեւ 3500-5000 զինվոր եւ 30 հազար գաղթական։
Հին ու նոր հակասությունները
Անդրանիկի եւ Դաշնակցության հակասությունները հին էին, բայց կային նաեւ չհամագործակցելու այլ պատճառներ։ Արեւմտահայերն (թուրքահայերը) ու արեւելահայերը (ռուսահայերը) տարբեր կերպ էին պատկերացնում Հայաստանի ապագան։ Եթե արեւմտահայերի համար Հայաստանը Մուշը, Վանը, Սասունն ու Էրզրումն էին, ապա արեւելահայերի դեպքում Ռուսաստանի կազմում գտնվող Անդրկովկասը։ Բրեստ-Լիտովսկի, Բաթումի, Տրապիզոնի բանակցություններում թուրքերը կարողացել էին հետեւողականորեն դուրս մղել Արեւմտյան Հայաստանի՝ թեկուզ սահմանափակ ինքնավարության հնարավորությունը, եւ Բաթումի պայմագրում արդեն Թուրքահայաստանի մասին խոսք անգամ չկար։ Այս փաստը առաջացրել էր արեւմտահայերի հոծ զանգվածների մեծ դժգոհությունը, որը նկատելի էր Առաջին հանրապետության գոյության ողջ ընթացքում։
«Զորավար Անդրանիկի եւ առհասարակ բոլոր թրքահայ ղեկավարներուն եւ ժողովուրդին համար բուն Հայաստանը Հայկական լեռնաշխարհն էր – Էրզրումը, Վանը, Մուշն ու Սասունը։ Ռուսահայոց Երեւանյան փոքրիկ Հանրապետությունը, բուն Հայաստանի արեւելյան ծայրամասերուն վրա փոքրիկ նահանգ մըն էր… եւ այդ նահանգին ազատագրումը ոչ մեկ լուծում կբերեր Թրքահայաստանի ազատագրության։ Հայ հեղափոխական շարժման եւ հայ կուսակցություններու հետապնդած քաղաքական նպատակներուն առանցքը կկազմեր Հայկական լեռնաշխարհին ազատագրումը։ Անդրանիկ 30 տարի պայքարած էր, որպեսզի ազատագրե Մայր Հայաստանը» («Զորավար Անդրանիկ եւ հայ հեղափոխական շարժումը. կենսագրական ակնարկ» Երեւան, 1990):
Հայության երկու մասի բաժանված տարաձայնությունները շատ բնորոշ նկարագրել է նաեւ Սիմոն Վրացյանը «Հայաստանի Հանրապետություն» գրքում (Երեւան, 1993)։ Նկարագրելով 1919թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները՝ Վրացյանը գրում է, որ արեւմտահայությունը իրեն մեկուսացած էր պահում պետական կյանքից. «Պետական հիմնարկություններում, համեմատաբար, քիչ արեւմտահայ պաշտոնյաներ կային, արեւմտահայ երիտասարդությունը պարտադիր զինվորակոչից խուսափում էր, եւ առհասարակ արեւմտահայությունը հարազատ չէր զգում իրեն հանրապետության մեջ»։
«Անդրանիկը, որ ամրացել էր Զանգեզուրում՝ թշնամական դիրք բռնելով «թուրքերի ձեռքով ստեղծած» հանրապետության վերաբերմամբ, զգալի չափով արտահայտիչ էր արեւմտահայերի այն ժամանակվա մտայնությանը։ Ազգային պատվիրակությունը Փարիզում Պողոս Նուբարի գլխավորությամբ ավելի հեղինակություն էր վայելում արեւմտահայերի մեջ, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ «Հայաստանի Հանրապետություն» խոսքն էլ ընդունելի չէր շատերի համար, եղածը սոսկ «Արարատյան Հանրապետություն» էր»,- գրում է Վրացյանը։
Իրկուտսկից Նախիջեւան
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հազարավոր հայեր տարբեր երկրների կազմում կռվում էին ռուսական բանակի դեմ, եւ հարյուրհազարավոր գերիների թվում կային նաեւ մեր հայրենակիցները։ Ռուսական կառավարությունը ռազմագերիներին աքսորում էր Սիբիր եւ Հեռավոր Արեւելք։ Կովկասյան ռազմաճակատից գերեվարվածների թվում շատ էին արեւմտահայերը, որոնք պատերազմի առաջին տարիներին պատրաստ էին զինվորագրվել հայկական ջոկատներին, սակայն Ռուսաստանը մերժում էր նման նախաձեռնությունները։
Փետրվարյան հեղափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը ընթացք է տալիս այս հարցին, եւ 1917թ. աշնանը Իրկուտսկում հայ ռազմագերիներից վաշտ է ձեւավորվում՝ թվով 210 մարտիկ։ 1917թ. դեկտեմբերին Իրկուտսկի համար կատաղի մարտեր էին մղում բոլշեւիկները։ Դեկտեմբերի 8-17-ը քաղաքում զոհվում է 1500-ից ավելի մարդ, սկսվում է համատարած թալան եւ բռնություններ։
Հայկական վաշտը, որը չեզոքություն էր պահպանել, սկսում է ապահովել խաղաղ բնակիչների եւ կարեւոր օբյեկտների պահպանությունը։ Շուտով վաշտը ցանկություն է հայտնում վերադառնալ Հայաստան եւ անդամագրվել Անդրանիկի զորամասին։
«25 փետրվարի, 1918թ.
Սիրելի ընկեր Անդրանիկ
…Վաղը այստեղից դուրս են գալիս դեպի Թիֆլիս 150 հոգի կամավորներ՝ չորս սպաների հրամանատարության ներքո՝ Յակով Ռոմանովիչ Բորտ, Պյոտր Սիբիրցեւ, Ալեքսեյ Կոլմակով եւ Բորիս Վենգերցով։ Հայկական ռոտան Իրկուտսկում մեծ անուն ունեցավ իր անկեղծ եւ անշահասեր պաշտպանությամբ դեպի ժողովրդի շահերը։ Ամեն տեղ հայ անունը ժպիտով են ընդունում շնորհիվ այդ ռոտայի» (Ռուբեն Սիմոնյան, Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը, Երեւան, 2006թ.)։
Իրկուտսկից եկած վաշտի սպաներից մեկը՝ Ալեքսեյ Կոլմակովը, մասնակցում է Հայկական առանձին հարվածային զորամասի ողջ ռազմերթին։ Նրա հուշերը 1919թ. փետրվար-ապրիլ ամիսներին շարունակաբար տպագրվում են Բաքվի «Наше Время» թերթում՝ «Историческая армянская рота» վերնագրով։
Անդրանիկը ցանկանում էր իր զորամասով գնալ Պարսկաստան, միանալ արեւմտահայ բնակչությանը, շարժվել դեպի անգլիացիները եւ նրանց օգնությամբ պայքարել թուրքերի դեմ։ Զորամասը հունիսի սկզբին դուրս է գալիս Դիլիջանից եւ Նոր Բայազետով, Սելիմի լեռնանցքով անցնում է Դարալագյազ (Վայոց ձոր), իսկ հունիսի 19-ին արդեն Նախիջեւանում էր։ Անդրանիկը տեղեկություն չուներ իր ճանապարհին տեղակայված թուրքական ուժերի մասին, եւ զորաշարժը կազմակերպվում էր գյուղերից ստացված երբեմն ոչ ճիշտ ու հակասական տեղեկությունների հիման վրա։ Շարժվելով դեպի Ջուլֆա (Ջուղա)` Անդրանիկը թուրքական հետապնդումից խուսափելու համար հրամայում է պայթեցնել Շահթախտի կամուրջը, մի քանի թունել եւ որոշ հատվածներում քանդել երկաթուղին։ Հունիսի 20-ին առաջապահ ուժերը մոտենում են Ջուլֆային։
Դեպի թուրքերը՝ ջութակով ու սրինգով
Հայկական առանձին հարվածային զորամասի ռազմերթի մասին կարեւոր տեղեկություններ է հաղորդել ջոկատի մարտիկ Եղիշե Քաջունին, որի հուշերն առաջին անգամ լույս են տեսել Բոստոնում 1921 թվականին։ Նա նշում է, որ Արաքս գետի աջ ափին գտնվող թուրքական Ջուլֆայում տեղակայված ուժերի մասին իրենք պատկերացում չունեին, եւ Անդրանիկը դիմում է խորամանկության առանց աղմուկի թուրքական պահակախումբը վնասազերծելու համար։
«Ինքը ձիավոր հարյուրյակին առաջը անցած՝ կառաջանա դեպի կամուրջ՝ թրքական դիրքը։ Ձիավորներուն հետ կա ջութակ ու սրինգ, որը կնվագե թուրքական եղանակներ։ Առանց վարանելու Զորավար Անդրանիկ կանցնի կամուրջը։ Թուրք պահակապետը կհարցնե, թե ով եք դուք եւ թե չի կարելի անցնել։ Անդրանիկ կպատասխանե, թե ինք հայ զինվորական է, որ արդեն հաշտությունը կնքված է հայերոց եւ թուրքերու միջեւ եւ ինք պաշտոն ունի գաղթականությունը այդ գծով տանիլ երկիրը՝ Թուրքիա եւ թե ինք կզարմանա, որ Վեհիպ փաշան այդպիսի կարեւոր խնդրո մասին հեռագիր չէ տված Ջուլֆայի հրամանատարին։
Պահակապետը ժամանակ կխնդրե թելեֆոնով հարցնելու համար։ Սակայն մինչ այդ արդեն ձիավորները անցած են կամուրջը եւ շրջապատած պահակները։ Անմիջապես բոլորն ալ, մոտ 20, զինաթափ ընելով կղրկեն ռուսական Ջուլֆա։ Հետո միայն հասկցվեցավ, որ Ջուլֆայի մեջ թուրքերու ունեցած զինվորներուն թիվը 80-ը չանցնիր» (Եղիշե Քաջունի, Հայկական առանձին հարվածող զորամասը. Ժեներալ Անդրանիկ, Պոսթոն, 1921)։
Պորուչիկ Կոլմակովը նույն դեպքը նկարագրելով գրում է, որ թուրքական կայազորի զինվորներից մեկը, որը ճանաչում էր Անդրանիկին, փորձում է կրակել, սակայն Անդրանիկի հին զինվորներից մեկը՝ վանեցի Ասլանը, սրի է քաշում նրան։ Մի քանի օր անց զորքում բռնկված խոլերայից Ասլանը մահանում է։ Կոլմակովը պատմում է, որ Անդրանիկին ուղեկցում էր հայտնի ֆիդայի Աղբյուր Սերոբի կինը՝ Սոսեն, որի հետ ինքը ծանոթանում է։ «Այս կինը երեք անգամ վիրավորվել է։ Նա մասնակցել է ամուսնու բոլոր արշավանքներին։ Երբ ես 20 տարեկան էի,- պատմում է Անդրանիկը,- թուրքերը ցմահ տաժանակրության դատապարտեցին ինձ, եւ ես եկա Սերոբ փաշայի մոտ։ Ես տեսա ապշեցուցիչ գեղեցիկ այս կնոջը, որն ամուսնու հետ համարձակորեն մահվան էր գնում»,- Սոսեի մասին Անդրանիկի պատմությունը նկարագրում է Կոլմակովը։
Գումարտակները նահանջում են
Շուտով ջոկատը մոտենում է Խոյին եւ հունիսի 23-ին գրոհում։ Սկզբում թուրքերի դիմադրությունը թույլ էր, սակայն անսպասելիորեն նրանք օգնություն են ստանում եւ անցնում հակագրոհի։ Թուրքական հրետանին ճնշում է հայկական գումարտակները եւ անցնում հակահարձակման՝ փորձելով շրջապատել։ Փախստականների խմբերն էլ, տեսնելով հարձակումը, խուճապի են մատնվում եւ թողնելով ունեցվածքը՝ փախչում են։ Չկարողանալով դիմադրել թուրքերի հարձակմանը՝ գումարտակները նահանջում են, եւ Անդրանիկի հրամանով շարժվում են ետ՝ դեպի Ջուլֆա։ Դեռ մինչեւ Խոյի գրոհը Անդրանիկը իմանում է, որ Վանից նահանջած եւ Սալմաստում հաստատված հայերը թուրքերի ճնշման տակ հեռացել են Ուրմիա։ Նրանց հետ էին նաեւ ասորիների կամավորական զորաջոկատները։ Անդրանիկը հույս ուներ, որ ասորիների եւ վանեցիների լրացուցիչ ուժերով կհամալրի իր զորաջոկատը եւ կկարողանա շարժվել Բաղդադ՝ անգլիական բանակին ընդառաջ։
Զորաջոկատը եւ հազարավոր գաղթականներ սննդի եւ ջրի գրեթե լիակատար բացակայության պայմաններում մեծ զրկանքներ էին կրում։ Շուտով զորքում խոլերայի դեպքեր են լինում, որին զոհ էին գնում տասնյակ մարտիկներ։ Հաղթահարելով դժվարությունները՝ զորաջոկատը հուլիսի 3-ին հասնում է Գողթն գավառի Ցղնա գյուղը, իսկ այնտեղից էլ շարժվում դեպի Ապրակունիս։ Հուլիսի 11-ին Անդրանիկի մոտ է գալիս Ղարաբաղի Ազգային խորհրդի հատուկ պատվիրակ Արշակ Շիրինյանը եւ խնդրում նրան զորամասով տեղափոխվել Ղարաբաղ։ Շիրինյանը խոստանում է տեղում հոգալ զորամասի եւ փախստականների բոլոր կարիքները։ Մի քանի օր առաջ էլ Նախիջեւանի Ազգային խորհրդի ներկայացուցիչները խնդրել էին Անդրանիկին շարժվել դեպի Նախիջեւան, որը թուրքական հարձակման սպառնալիքի տակ էր։
Հուլիսի 13-ին Ապրակունիսի վանքում տեղի է ունենում խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ Նախիջեւանի Ազգային խորհրդի ներկայացուցիչները։ Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, Անդրանիկը հատուկ հայտարարություն է տարածում.
1. Այս թվականեն սկսյալ Անդրանիկ եւ իր զորամասը մաս կկազմեն Ռուսական Կենտրոնական կառավարության (Սովետական իշխանության) եւ կենթարկվին անոր։
2. Համաձայն Բրեստ-Լիտովսկի դաշնագրին՝ Նախիջեւանի շրջանը կհայտարարվի Ռուսաստանի անբաժան մաս։
3. Զինաթափում շրջանի ազգաբնակության՝ առանց ազգի խտրության։
4. Շրջանին մեջ կհայտարարվի զինվորական դրություն, եւ ամբողջ իշխանությունը կպատկանի զորավար Անդրանիկին՝ մինչեւ Ռուսական կենտրոնական կառավարության հետ կապվիլը։
Անդրանիկը սկսում է նաեւ զորակոչը շրջանի գյուղերում, սակայն չի կարողանում էապես ավելացնել իր զորամասի թիվը. «Խոստացված 4000 զինվորի փոխարեն միայն 100-200 զինվոր կա։ Ոչ մեկը կզոհաբերե հօգուտ զորամասի զինվորներուն, որոնք մերկ ու քաղցած եկած են պաշտպանելու իրենց երկիրը, տունը, պատիվը»,- գրում է Քաջունին։
Այդ ընթացքում թուրքերն արդեն գրոհում էին Նախիջեւանն ու Ջուլֆան, որի կամուրջը մեծ դժվարությամբ պահում էին հայերը։ Հուլիսի 20-ին Նախիջեւանից նահանջում է Անդրանիկի զորամասի 1-ին գումարտակը, եւ օրվա վերջին թուրքերը գրավում են քաղաքը։ Նույն օրը թուրքերին է անցնում նաեւ Ջուղան. զորամասը նահանջում է Ապրակունիս, իսկ թուրքահայ գաղթականներին ավելանում են նաեւ Նախիջեւանի փախստականները։
«Փափուկ կյանքի վարժված օրիորդներ ու տիկիններ, մանր երեխաներ, անգիտակից գալիք դժնդակություններուն, դեռ թեթեւորեն կքալեն։ Ոչ ոք հաշիվ կրնա տալ, թե ինչ պատահեցավ եւ վաղը ինչ պիտի պատահի։ Ոչ ոք կրնա ներկայացնել, թե ինչ հուզմունքներ, ինչ ապրումներ, ինչ վախճան ունեցավ այդ գաղթողներեն յուրաքանչյուրը։ Ոչ ոք կրնա ըսել, թե Նախիջեւանի այդ ճոխ, հարուստ ու բազմամարդ հայութենեն ինչքանը կորավ, ինչքանը մնաց եւ ինչքան հարստություն, կյանք փչացավ»,- գրում է Եղիշե Քաջունին։
Հուլիսի 23-ին վերջնականապես որոշվում է շարժվել Ղարաբաղ, եւ զորամասն ու հազարավոր գաղթականներ ճամփա են ընկնում։ Երեք օր անց մարդկանց հոգնած, հյուծված, սոված ու քայքայված խմբերը սկսում են հասնել Կապան, այնտեղից էլ՝ Գորիս։ Գորիսում Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհրդի անունից Անդրանիկին դիմավորում է Արշակ Շիրինյանը՝ խոստանալով ամեն ինչով ապահովել զորամասի եւ մարդկանց սնունդն ու կեցությունը։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։