Հայաստան

«Միջանցքի Դռները» Փակվեցին, Բայց «Քամին» Դեռ Փչում Է…

Մնում է հասկանալ, թե մինչև ե՞րբ ու մինչ ու՞ր է պատրաստ գնալ Ռուսաստանը՝ զոհաբերելով ու անտեսելով Հայաստանի շահերը և կարմիր գծերը՝ տարածաշրջանի պետությունների հետ իր հարաբերությունների կառուցման ու դիվիդենտների ստացման համատեքստում։

Դավիթ Կարապետյան

Վերջապե՛ս, պրծա՜նք դրանցից…
Այ, հիմա հաստատ, «միջանցք» Զանգեզուրով չի լինի, կասի շարքային լավատես քաղաքացին, լսելով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցմամբ, Իրանի տարածքով դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհի մեկնարկի մասին հայտարարությունը…

Հարգելինե՛րս, նախ մի շտապեք ուրախանալ, առավել ևս զբաղվել ինքնախաբեությամբ, քանի որ Ադրբեջանը բնավ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից և այն իրականացնելուց…
Խոսքը Հայաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհի մասին է:

Արցախի հարավային տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ադրբեջանա-իրանական պետական սահմանը երկարացել է:

Եթե մինչ այդ, բնականաբար, կար Իրանի տարածքով Նախիջևան գնացող և՛ ճանապարհ, և՛ մաքսակետ, որը միակ տարբերակն էր Ադրբեջանի համար՝ Նախիջևանի հետ ցամաքային կապն ու հաղորդակցությունն ապահովելու համար, ապա հիմա, նոր իրողությունների արդյունքում, Ադրբեջանի համար կոմունիկացիաների հարցում ստեղծվել է նոր բարենպաստ հնարավորություններ, որոնցից նա բնականաբար կօգտվի:

Ադրբեջանը, քանի որ նոր ճանապարհ է կառուցել Հորադիսից-Միջնավան, ապա այնտեղ, Արաքսի վրայով կառուցելով ընդամենը մեկ կամուրջ, շրջանցելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի Սյունիքի հարավային հատվածը, Իրանի տարածքով մուտք է գործում Նախիջևան:

Այսինքն՝ եթե մինչ այդ Ադրբեջանն ուներ Իրանի տարածքով Նախիջևան անցուդարձի մեկ ճանապարհ, որը բավականին երկար էր, հետևաբար՝ իրանական ճանապարհից որպես տրանզիտ օգտվելու ծախսերն էլ շատ, ապա հիմա, Ադրբեջանը կօգտվի Իրանով անցնող ճանապարհի ոչ ավել 50 կմ հատվածից:
Այդկերպ եռակի անգամ կկրճատի Իրանին վճարելիք տրանզիտային ծախսերը և երկակի անգամ ճանապարհի երկարությունն ու ժամանակը:

Սա արդեն իսկ կդառնա հիմնական ճանապարհը, հիմնականը՝ կլինի ալտերնատիվ:

Սակայն, այս ճանապարհի առկայությունը բնավ չի ենթադրում այն, թե այդկերպ բացառվելու է ՀՀ տարածքով նախատեսվող անցկացվելիք ճանապարհը:
Հետևաբար, Ադրբեջանն էլ այլևս չի խոսելու, առավել ևս չի պարտադրելու՝ ՀՀ տարածքով Նախիջևան երթուղի /«միջանցք» իրեն տրամադրելու պահանջից:

Ադրբեջանն ունի հստակ պահանջ:
Այն է՝ առանց որևէ սահմանափակման Ադրբեջանի արևմտյան շրջանների կապի ապահովում Նախիջևանի հետ։

Բայրամովն արդեն իսկ հայտարարեց, որ նրանք չեն հրաժարվում վերոնշյալ պահանջից, ավելին՝ նախանշեց այդ ծրագրի իրագործման մոտալուտ ժամանակը՝ անկախ ՀՀ իշխանությունների ընդդիմանալը կամ այն բացառելը:

Ադրբեջանի ԱԳ նախարարն ուղիղ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են բացել այս ճանապարհը։

Իսկ Ռաիսի-Փաշինյան՝ համատեղ շահերի հիման վրա դրսևորվող «սիմպատիան», առ այն, որ Իրանը անընդունելի է համարում ու վերջինիս համար կարմիր գիծ է Հայաստանի հետ սահմանի փոփոխությունը, որ չի հանդուրժի իր հյուսիսային հարևանի նկատմամբ ռազմական ոտնձգություն, պայմանավորված է ոչ միայն վերոնշյալ անթուլատրելի հանգամանքով, այլ նաև այն պարզ պատճառով, որ ՀՀ տարածքով Ադրբեջանին դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ երթուղու տրամադրումը ֆինանսական ահռելի կորուստների պատճառ կարող է հանդիսանալ իրենց իսկ համար:

Քանի որ դե ֆակտո այսօր Իրանն է «միջանցք» տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան և հակառակը, ապա շատ հավանական է, որ ՀՀ-ով ճանապարհը կդառնա ոչ թե պարզապես ալտերնատիվ իրանականին, այլ հիմնական անցուդարձի ճանապարհ:

Հետևաբար, Իրանն իր ճանապարհով այլևս գրավիչ չի լինի Ադրբեջանի համար:

Այնպես որ, Իրանին էլ է ձեռնտու, որ նախ կառուցվի կամուրջ, որը կրճատելով ճանապարհի երկարությունն ու ժամանակը, կապահովի իր երկրի տարածքով ավելի արագ տրանզիտ դեպի Նախիջևան և հակառակը, եվ հետո՝ որ առհասարակ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան ավտոճանապարհ չլինի:

Ի դեպ, Փաշինյանի այն հայտարարությունը, թե Նախիջևան հասնելու համար Ադրբեջանը հենց այսօր էլ կարող է ազատ օգտվել Հայաստանի մի շարք ճանապարհներից, նշելով մի քանի երթուղիներ, ենթադրում եմ, որ փորձ է արվում պարզապես շեղելով մանյովրել, քանի որ պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը միամիտ չէ և հասկանում է, որ այդ թվարկված երթուղիները երկար են ու ձեռնտու չեն, առավել ևս հետաքրքիր չեն, եթե կա կարճ՝ ընդամենը 45 կմ-նոց բաժանարար հատված (Մեղրի-Ագարակ հատվածը), որով նրանք կարող են այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր» կոչվող հատվածից հասնել Նախիջևան:

Ի դեպ, նրանց պայմաններից է, որ այդ ճանապարհին տեղակայված լինեն ռուս սահմանապահներ, որոնց վերահսկողության տակ է գտնվելու ենթադրյալ ճանապարհահատվածը և վերջիններիս է վերապահված լինելու Ադրբեջանի քաղաքացիների ու բեռների ապահով ու անվտանգ անցուդարձի կազմակերպումը:

Եվ եթե այն «միջանցքի» կարգավիճակ չունենա, ապա Լաչինի միջանցքի ռեժիմը միանշանակ կփոխվի:

Ենթադրվում է, որ Լաչինում կլինեն ադրբեջանական մաքսային և անձնագրային հսկողության անցակետեր, հետևաբար՝ մուտք ու ելքի թույլտվությունը կլինի բացառապես Ադրբեջանինը, իսկ ռուս խաղաղապահների խնդիրը լավագույն դեպքում կլինի անվտանգություն ապահվելը:

Մնում է հասկանալ, թե մինչև ե՞րբ ու մինչ ու՞ր է պատրաստ գնալ Ռուսաստանը՝ զոհաբերելով ու անտեսելով Հայաստանի շահերը և կարմիր գծերը՝ տարածաշրջանի պետությունների հետ իր հարաբերությունների կառուցման ու դիվիդենտների ստացման համատեքստում։

Նորից և կրկին, անկախ արտաքին ճնշումներից, Սյունիքի տարածքով «միջանցք» և միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի լինելու:
Բացառվելու է նման ցանկացած սցենար:

Հարգելի՛ ռուս սահմանապահներ, Հասկանում ենք, թե նարկոթրաֆիկի կանխարգելման ուժեղացված աշխատանքներ կոչվածի ներքո իրականում ինչ գործառույթ եք իրականացնում հայ-իրանական սահմանի ողջ երկայնքով…

Ի գիտություն բոլորի.
ՀՀ-ն սուվերեն պետություն է, և իր սուվերեն տարածքի ցանկացած հատվածում պետք է գործեն բացառապես ՀՀ օրենքները:
Իսկ ճանապարհների վերահսկողությունը և դրա հետ կապված ենթադրյալ բոլոր իրավական գործառույթները՝ առավել ևս մեր մենաշնորհն է:

Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *