Հայաստան

Ինչպե՜ս Են Փոխվել Հայերը

Հայաստանն այս հողերի իրական տերն է, հայն այն միակ եւ իրական բնակիչն է, որ պետք է ապրի այս տարածքում եւ Հայաստանն այն միակ պետությունն է, որը խանգարում է թշնամիների նպատակներին։

Էսամ Նագի

Հայաստանը սիրելու հայրենիք է, որովհետև ում ինքը սիրում է, շատ բուռն ու իրական սիրով է սիրում, ամբողջովին իրենով է անում ու շատ դժվար է լինում նրան թողնելը:
Ահա այս միտքն է արտահայտել եգիպտացի ռեժիսոր և լրագրող Էսամ Նագին Mediamax.am-ի տված իր հարցազրույցում:
Էսամ Նագին առաջին անգամ չէ, որ Հայաստանում է: Նա բազմիցս եղել է այստեղ, գրել ու նկարահանել Հայաստանի մասին: Նրա ֆիլմերից «Մոռացված Հայրենիքը» այս տարի ներկայացված է եղել «Ոսկե Ծիրանում»:

Հարցազրույցում Էսամ Նագին իր ցավն ու ափսոսանքն է հայտնում հայ ժողովրդի հետ կատարվածի համար, ապա և նշում, որ հայերը շատ հարուստ ու մեծ մշակույթ և պատմություն ունեն: Հայերը պիտի հասկանան, որ միայն ու միայն իրենցից է կախված իրենց երկրի ապագան: Այս մտքով Նագին ասես կրկնում է Թումանյանի այն տողերը, որ փրկությունը ներսից է գալու, որովհետև ներսից ենք փչացած:
Նագին շատ կապված է Հայաստանի հետ, հատկապես իրենց ավելի հարազատ է համարում Սյունիքը:
Նագին այն ահատներից է, որ կարողանում է քաղաքականությունից ու տնտեսական շահերից այն կողմ նայել և մարդու մեջ տեսնել մարդկայինը:
Նագիի այցն ու նրա աշխատանքը շատ կարևոր են հանրայնացնելու այն, ինչ հաճախ մենք չենք կարողանում՝ մեր ներքին կռիվներու վեճերով տարված լինելու ժամանակ: Նագին և իր նմաննները այն մարդիկ են, ովքեր այսօր մեզ ձեռք են մեկնում այն սրտաբացությամբ, ինչպես, որ մեզ օգնեցին նաև 1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ:
Նագիի շնորհիվ հասարակ մարդիկ դեռևս բարեկամներ ունեն անծանոթների մեջ:

Մեր Ուղին

Էսամ Նագի. «Հայե՛ր, դիմակներ մի կրեք ու ձեւացրեք, թե ամեն ինչ կարգին է»

Էսամ ՆագիԷսամ Նագի

Լուսանկարը` Նարեկացի արվեստի միություն

Եգիպտացի ռեժիսոր եւ լրագրող Էսամ Նագին հերթական անգամ Հայաստան էր ժամանել ներկայացնելու իր «Մոռացված հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը: 

Մեդիամաքսը զրուցել է Հայաստանին ու հայերին անչափ կապված Նագիի հետ, որը ցավով նկատում է, թե ինչպես է փոխվել ժողովուրդն ու ինչ կարող է լինել, եթե նա չկարողանա տեր կանգնել իր երկրին: 

– Դիտելով Ձեր ֆիլմերը, տեսնելով Ձեր վերաբերմունքն ու գիտելիքները Հայաստանի մասին, իսկապես, զարմանում եմ, թե ինչքան եք կապված մեր երկրին: Ինչպե՞ս ու ե՞րբ ծանոթացաք Հայաստանի հետ:

-Հայաստանը մշակույթով հարուստ երկիր է ու հանդիսանում է մարդկության պատմության հիմքը, բայց այն աշխարհի քարտեզի վրայից հեռացվել էր դեռեւս Ցեղասպանությունից առաջ: Կարծում եմ անկախությունից հետո Հայաստանը վերականգնեց իր տեղը, բայց միայն որոշ չափով, որովհետեւ աշխատելու դեռ շատ տեղ կար:

Առաջին անգամ Հայաստանի մասին իմացա Կահիրեում բնակվող լուսանկարիչ Լեւոն Տեր-Հակոբյանից: Այդ ժամանակ 16 տարեկան էի: 2017-ի ապրիլին առաջին անգամ եկա Հայաստան: Անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ իջա «Զվարթնոց» օդանավակայանում, հասկացա, որ կապված եմ եղել այս երկրին նույնիսկ մինչեւ այստեղ գալս: Մի անտեսանելի բան կա, որ կապում է ինձ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Հինգ անգամ եկել եմ ու վավերագրական երեք ֆիլմ եմ նկարել, որոնցից «Մոռացված հայրենիք»-ն այս տարի ներկայացվեց «Ոսկե Ծիրան» փառատոնում:

– Հայաստանում տարբեր վայրեր եք այցելել, ո՞րն եք ավելի շատ հավանել:

-Հայաստանի յուրաքանչյուր անկյունն իր բույրն ու պատմությունն ունի: Բայց Տաթեւի վանքն ու Գորիսը վայրեր են, որոնց ես պատկանում եմ: Ընդհանրապես, կապված եմ Սյունիքի հետ: Հայ ինքնության հիմքն ավելի շատ զգում եմ հարավային այս վայրերում: Այն զգացվում է ճարտարապետական կոթողներից եւ ներդաշնակությունից: Հայաստանում ինձ գրավում է ներդաշնակությունը. մշակույթի, արվեստի, լեզվի, երաժշտության, տաճարների, այբուբենի ներդաշնակությունը, որը ես ոչ մի այլ տեղ չեմ գտել, չնայած՝այցելել եմ ավելի քան 25 երկիր: Չնայած իր հետ պատահած արհավիրքներին՝ Հայաստանը ստեղծել եւ պահպանել է իր ուրույն մշակույթը: Կարծում եմ, երբ հայերը, իսկապես, հասկանան սրա կարեւորությունը, վերադառնան իրենց արմատներին, ապա կկարողանան վերստեղծել իրենց հայրենիքը:

-Ինչպե՞ս որոշեցիք նկարահանել «Մոռացված հայրենիք» ֆիլմը: 

– Պատերազմի ժամանակ ամեն րոպե հետեւում էի լուրերին: Սեպտեմբերի 28-ին մի լուսանկար տեսա, որտեղ ադրբեջանական փամփուշտը խոցել էր հայկական նուռը եւ վերջինիս կարմիր հյութն ամբողջությամբ դուրս էր հոսել:

Այդ ժամանակ գրեցի «Արնահոսող նուռ» հոդվածը: Մտածում էի, թե ինչ կարող եմ անել եւ մոտ չորս ամիս ծախսեցի պատրաստվելու վրա: 2021-ի ապրիլին ժամանեցինք Հայաստան ու տեղի թիմի հետ սկսեցինք նկարահանումները:

– Ֆիլմի հերոսներն իրական մարդիկ են, նրանք դերասաններ չեն: Յուրաքանչյուրի պատմությունը հուզիչ ու տխուր է: Ի՞նչ եք զգացել նկարահանման ժամանակ, Ձեզ համար հե՞շտ էր առերեսվել լսածների հետ:

-Իսկապես, ես խոնարհվում եմ իմ բոլոր կերպարների առջեւ: Հարութ Քոչարյանին նկարելիս իմացա, որ նա պատերազմից հետո ոչ մի բան չի խոսել իր ընտանիքի հետ ու առաջին անգամ հենց մեզ էր պատմում իր պատմությունը: Պատկերացրեք հուզմունքս, երբ նրա հետ նստած ենք պատշգամբում, իսկ իմ թիկունքում հավաքված է նրա ողջ ընտանիքն ու առաջին անգամ լսում է, թե ինչ է տեսել նա պատերազմի դաշտում: Հարութը մոտ 50 րոպե խոսեց ու ես նրան չէի ընդհատում:

Ֆիլմում չկանգնելու ոգին, տոկունությունը կտեսնեք ամեն տեղ՝ լավաշ պատրաստելիս, գորգ գործելիս: Թշնամիներին սա է զարմացնում, թե ինչպես եք դուք այսքան երկար տարիներ դիմանում՝ կլինի Ցեղասպանություն, թե պատերազմ, շարունակում եք ապրել:

– «Մոռացված հայրենիք»-ում հնչում են նաեւ տարբեր բանաստեղծություններ, որոնք շատ համահունչ են դառնում ընդհանուրը կառուցվածքի հետ ու լրացնում են հերոսներին: Կուզեի խոսել մեկի մասին, որտեղ հեղինակը կորցրել է իր սիրելիին՝ հայրենիքը:

-Դա «Հեռավոր իմ սեր»-ն է, որի հեղինակը ես եմ: Գրել եմ արաբերեն, հետո հայ ընկերս թարգմանեց հայերեն: «Էլեմենտ բենդ»-ի երաժիշտ Արա Դաբանջյանն էլ գրեց երաժշտությունը եւ այն հնչում է ֆիլմի վերջում: Բանաստեղծությունը հեռու գտնվող սիրո մասին է, այն Հայաստանն է, որը ոչ թե ինքն է հեռու մեզնից, այլ մենք ենք հեռու նրանից:

Օգտագործել եմ նաեւ Պարույր Սեւակի «Մոր ձեռքեր»-ը, քանի որ ֆիլմը հիմնականում կանանց մասին է, ովքեր հայ ընտանիքի պահող սյունն են: Հնչում է Գեւորգ Էմինի «Ես հայ եմ»-ը և հատվածներ Ժիլբեր Սինուէյի «Երեւան» վեպից:

– Երաժշտությունն այնքան ներդաշնակ է վիզուալ նյութի հետ, որ ստիպում է հուզված մնալ ողջ ընթացքում: 

-Իմ նպատակը մարդկանց զգայական լարերի վրա ազդելը չէր, ցանկացել եմ նրանց մտքին հասցնել ասելիքս: Ես հանդիսատեսին տալիս եմ ոչ թե ամբողջական սնունդ, որ ուտեն եւ կշտանան, այլ մտածելու տեղ եմ թողնում: Ես ընտրեցի կիթառը, քանի որ այն զինվորների շրջանում եւ անգամ մարտադաշտում օգտագործվող երաժշտական գործիք է: Իսկ ֆիլմում հնչող երգերից մեկը՝ «Ախ իմ հայրենիքի ջուր»-ը, կատարում է լավաշ թխող Կարինեն: Նա, ինչպես եւ ֆիլմի կանանց մեծ մասը, Արցախից են, բայց կորցնելով իրենց տունը՝ բնակվում են Սյունիքում:  

– Հայաստանը պատերազմից առաջ եւ հետո: Դուք մարդկանց մեջ տարբերություն զգացե՞լ եք: 

-Այո, ես զգացի, թե ինչպես են փոխվել հայերը, նրանց առօրյան: Հիմա հայերը կորցրել են հավատը, ունեն խորը հիասթափություն եւ չեմ կարողանում հասկանալ՝ ով եւ ինչպես է կարողացել այս դիմացկուն ժողովրդի մեջ սերմանել սա: Հայե՛ր, դուք ճկուն եւ դիմացկուն ժողովուրդ եք, սա ձեզ վայել չէ, վերագտե՛ք ձեր հավատը, վերադարձե՛ք ձեր ակունքներին, ձեր ինքնությանը եւ միայն այդ դեպքում կկարողանաք հաղթահարել այս ամենն ու դուրս գալ այս իրավիճակից:Էսամ ՆագիԷսամ Նագի

Լուսանկարը` Նարեկացի արվեստի միություն

Հիշե՛ք Վիլյամ Սարոյանին, Շիրազին, Գարեգին Նժդեհին, Կոմիտասին, ովքեր, իսկապես, հավատում էին այս ժողովրդի ինքնությանը, վերամիավորվե՛ք ձեր իրական արմատներին եւ այդ ժամանակ դուք կրկին կունենաք այսպիսի կերպարներ:

– Ձեր այս ուղերձը նկատելի է նաեւ «Մոռացված հայրենիք»-ում:

-Այո, «Մոռացված հայրենիք»-ը միայն 2020-ի պատերազմի մասին չէ, այն ցույց է տալիս, թե ինչ է իրականում Հայաստանը, վտանգը, որը մինչ այսօր կախված է Հայաստանի գլխին: Չեմ կարծում, որ մարդիկ հասկանում են, թե Սյունիքն ինչ կարեւորություն ունի Հայաստանի համար:

– Ձեր կարծիքով, ո՞րն է մեր անգործության ու անտարբերության պատճառը:

-Դուք պետք է հիշեք, որ միայն ու միայն ձեզնից է կախված ձեր հայրենիքի լինելիությունը: Ես երբեք հայերի մեջ այսքան շատ բացասական մտածողություն չեմ տեսել: Հայաստանում անհնարինը միշտ հնարավոր են դարձրել, հիմա էլ պետք է անեք դա: Ի՞նչ արեցիք 1915-ին՝ վերապրեցիք, իսկ 1918-ին Սարդարապատի հերոսամարտ ունեցաք, 1991-ին վերադարձրիք Արցախը: Գործե՛ք, զարթնե՛ք, ամեն ինչ ձեր ձեռքերում է:  

– Ցեղասպանությունից հետո եւս հայ ժողովուրդը թշնամուն տարածքներ զիջեց եւ Ձեր ասած Սարդարապատը կյանքի կոչեց երեք տարի հետո: Միգուցե հիմա էլ է մեզ ժամանակ պետք այս ողջ արհավիրքն ամբողջապես գիտակցելու ու ոտքի կանգնելու համար:

– Ոչ, դուք սպասելու ժամանակ չունեք: Պետք է գործեիք դեռ երեկ, ոչ թե այսօր, էլ ուր մնաց վաղը: Եթե չունեք անհատ, որը կկարողանա ձեզ հանել այս վիճակից, ապա սպասել պետք չէ, յուրաքանչյուրը կարող է դա անել: Ես հավատում եմ հայ ժողովրդին: Հայկական ոգին կորսված չէ, միգուցե խամրել է, բայց դեռ կա:

-Ասում եք, որ Հայաստանն աշխարհի պորտն է ու այստեղից է սկիզբ առել մարդկությունը: Սա հայ մարդը կամ աշխարհը գիտակցո՞ւմ է: 

-Հայաստանն այս հողերի իրական տերն է, հայն այն միակ եւ իրական բնակիչն է, որ պետք է ապրի այս տարածքում եւ Հայաստանն այն միակ պետությունն է, որը խանգարում է թշնամիների նպատակներին: Դա շատ լավ գիտեն ձեր ոխերիմ հարեւանները: Եվ հենց սա հասկանալով՝ Հայաստանը եւ սփյուռքը պետք է միավորեն իրենց ջանքերը եւ ըմբոստանան, քանի որ Հայաստանը յուրաքանչյուր օր ինչ-որ մի կտոր է կորցնում իր սեփական երկրից: Լավ, սրանից ավել էլ ի՞նչ է պետք, որպեսզի արթնանաք եւ գիտակցեք պահի լրջությունը: Չէ՞ որ պատմությունը ցույց է տալիս, որ դուք քանի-քանի անգամ եք կարողացել ոտքի կանգնել եւ գոյության համար պայքարել, ուրեմն ինչո՞ւ եք հիմա հանդուրժում ձեր երկրի կորուստը:

Անհասկանալի է տեսնել ժպտացող եւ անհոգ դեմքեր, որոնք ժամանակ են անցկացնում մի գավաթ գինի խմելով, ասես ոչինչ չի եղել: Ինչո՞ւ եք դիմակներ կրում եւ ձեւացնում, թե ամեն ինչ կարգին է: Ո՛չ, ոչինչ էլ կարգին չէ, որովհետեւ ես զգում եմ, որ ոչ մեկդ ուրախ չեք, ես տեսնում եմ տխրություն յուրաքանչյուր ծիծաղի հետեւում:

Մենք պետք է գործենք, որ կանխենք այս ամենը: Այո, ասում եմ՝ մենք, որովհետեւ ես ձեզնից մեկն եմ, որովհետեւ ես ինձ Հայաստանի մի մասնիկն եմ համարում, հենց դրա համար եմ նկարել «Մոռացված հայրենիք» ֆիլմը եւ եթե Հայաստանը չի հասկանում այս ամենը, ապա ես պետք է ինձնից եկող ամեն բան անեմ, որ օգնեմ ձեզ, լինեմ ձեզ հետ, հասկացնեմ, թե ով եք եղել դուք, ինչ կլինի ձեզ հետ եւ անգամ աշխարհի հետ, եթե կորցնենք Հայաստանը:

– Վերադառնալով ֆիլմին, որը դիտելուց հետո հասկացա, որ ինչ-որ տեղ նաեւ ես եմ մոռացել հայրենիքս: Իրականում, ո՞վ է մոռացել հայրենիքը:

– Ֆիլմի վերնագիրն իմ հարցն է ձեզ: Իմ կարծիքով բոլորս մեղքի մեր բաժինն ունենք: Հայաստանի հայերն են մոռացել Հայաստանը, ովքեր ամեն ինչ չէ, որ տալիս են իրենց երկրին, որովհետեւ եթե մեկը նվիրվում է, իսկ մյուսը ոչ, ապա պատմությունը հավաքական ձեւով ներկայացնելու է, որ հայերը ի վիճակի չեղան պաշտպանելու իրենց հայրենիքը:

Սփյուռքի հայերն են մեղավոր, ովքեր պարզապես դրամական օգնություն ուղարկելով՝ համարում են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարած, իսկ ֆիզիկապես մոռացել են եւ միայն ամառվա մի քանի օր են անցկացնում այստեղ խորոված կամ լավաշ ուտելու համար: Եթե չգիտակցեն, շատ շուտով գուցե հայրենիք չունենան եւ այլեւս չկարողանան իրենց ամառային արձակուրդը վայելելել այստեղ:

Այսօր սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Դա չպետք է այդպես լինի: Վերադարձե՛ք հայրենիք, բերե՛ք ձեր գիտելիքներն ու փորձն այստեղ, կառուցե՛ք ուժեղ եւ հաղթական երկիր: Դրսից խորհուրդներ մի՛ տվեք, եկե՛ք եւ ձեր օրինակով արեք դա:Էսամ ՆագիԷսամ Նագի

Լուսանկարը` Նարեկացի արվեստի միություն

Հայաստանը սիրելու հայրենիք է, որովհետեւ ինքն ում սիրում է, շատ բուռն ու իրական սիրով է սիրում, ամբողջովին իրենով է անում ու շատ դժվար է լինում նրան թողնելը:

Եվ, իհարկե, միջազգային հանրությունն է մոռացել: Ես, իսկապես, զարմանում եմ, թե ինչպես է աշխարհն արձագանքում Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, ինչպես են լրատվամիջոցները, վավերագրողները համախմբված ցույց տալիս ամեն ինչ: Բայց նման բան ոչ ոք չձեռնարկեց Հայաստանի համար, սա մեծ ցավով եմ ասում:

Իմ ֆիլմն արթնանալու կոչ է ներսի ու դրսի հայերին եւ միջազգային հանրությանը, որ իրավունք չունենք մոռացության տալու այս հողը:

Էսամ Նագիի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *