Հայաստան

Քենն Ու Ոխը Չարացնում Են Մեզ

Գուցե Նիցշե կարդալով մեր ընթերցողը կռահի, որ ոխը, վրեժն ու քենը մեզ չարացնում են, ինչի հետևանքը լինում է այն, որ չկարողանալով մեր պատմական վրեժին ու չարացածությանը պատմական հագուրդ տալ՝ մենք այն թափում ենք ինքներս մեզ վրա․․․ Սկսում ենք իրար «թուրք» ասել:

Հակոբ Մովսես

Գուցե Նիցշե կարդալով հասկանան, որ ոխը, վրեժն ու քենը մեզ չարացնում են. Հակոբ Մովսես

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը շուտով ընթերցողի դատին կհանձնի իր նոր՝ «Գործք» բանաստեղծությունների գիրքը, որի վրա ավելի քան 5-6 տարի աշխատել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում բանաստեղծը նկատեց՝ երբ ազգի մեջ հոգեւոր եւ մտավոր ճգնաժամ է, գրականությունը դառնում է այդ ճգնաժամի դրսեւորում.  այն կամ ընկնում է հիմար մի ավանդույթի մեջ, որից դուրս գալը դժվար է, ինչպես ճահիճից,  կամ՝ նույնքան հիմար մի ազատության մեջ, որը նույնպես ճահիճ է:

Հակոբ Մովսեսի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

– Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Ի՞նչ նորություն ունեք Ձեր ընթերցողների համար, տպարանում գրքեր կա՞ն:

– Շուտով, հույս ունեմ սեպտեմբեր-հոկտեմբերին, լույս կտեսնի իմ «Գործք» բանաստեղծությունների գիրքը։ Ես նրա վրա աշխատել եմ 5-6 տարի։ Ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան ստացվել է։

– Մի տեսակ հոգու  «տարերք» է դարձել Ձեր «Ֆլորա» բանաստեղծությունը: Այն ինչպե՞ս ծնվեց:

– Մի օր՝ գիշերվա կեսին «հանկարծ զարթնելով»․․․

– Ո՞վեք Դուք, ինչպե՞ս կներկայացնեք Ձեզ:

– Ինքս էլ շատ կուզենայի իմանալ։ Արգենտինացի մեծ գրող Խ․ Լ․ Բորխեսն ասում է. «Մենք բոլորին կարող ենք ճանաչել։ Անհնարինը մեզ ճանաչելն է»։ Կարծես նույնն է ակնարկում նաև հունական իմաստությունը՝ «Ճանաչիր քեզ»։

Ինչո՞ւ եք գրումո՞րն է Ձեր շարժառիթըինչի՞ եք ուզում հասնել գրելով:

–Պոեզիան նպատակաբանական հասկացություն չէ։ Շարժառիթ էլ չունի, հասնելու բան էլ չունի, ինչպես Սիրիուս աստղը։

– Ձեր երևակայությամբ՝ ո՞վ է Ձեր ընթերցողնինչպիսի՞ն եք նրան պատկերացնում:

– Դա ինձանից միանգամայն անկախ մեկն է, որը թույլ չի տա, որ որևէ մեկը, առաջին հերթին, իհարկե, ես, իրեն զգացմունքներով կամ դատողություններով մոլորեցնենք կամ հիմարեցնենք։

– Ի՞նչ է տեղի ունենում գրականության հետերբ ազգի մեջ հոգեւոր եւ մտավոր ճգնաժամ է:

– Գրականությունը դառնում է այդ ճգնաժամի դրսեւորում. այն կամ ընկնում է հիմար մի ավանդույթի մեջ, որից դուրս գալը դժվար է, ինչպես ճահիճից,  կամ նույնքան հիմար մի ազատության մեջ, որը նույնպես ճահիճ է: Ինչպես Ֆր․ Նիցշեն էր ասում՝ «Ազատվեք ազատությունից»։ Ավանդույթի նման՝ ազատությունը նույնպես կարող է  կապանք լինել։

– Դուք Ձեզ երբեմն միայնակ զգում ե՞ք:

– Գրողը միշտ մենակ է, հատկապես ընկերական բուռն հավաքների, հարսանիքների ու քեֆ-ուրախությունների ժամանակ։ Եթե մենակ չէ՝ ուրեմն իր կողքինների «պատվերի» տակ է։

Ասում են՝ երիտասարդ սերունդը անզգուշորեն «անջատվել» է Ձեր սերնդից, անջրպետ է առաջացելԻնչպե՞ս կմեկնաբանեք:

– Ձեր հարցին սպառիչ պատասխան տալ հնարավոր չէ։ Բայց երկու բան ես կարող եմ  նշել․ ասպարեզ է եկել մի սերունդ, որը ազատությունը պատկերացնում է կա՛մ իբրև մեխանիկական մի բան, կամ իբր պահվածք ու վարք, սակայն այն երկուսի հետ էլ կապ չունի։ Երկրորդը,  նա մակերեսային գրագիտություն ունի, ինչի հետևանքով գրողականությունը պատկերացնում է իբրև հենց ազատ վարքի դրսևորում․․․ Մի խոսքով՝ մի՛ նեղացեք, եթե ասեմ, որ «ձեր սերունդը» տգետ է․․․ Ձեր սերունդը չի կարող իր մեջից Լևոն Ներսիսյան հանել․․․ Հազիվ՝ անարխիստ ու հիպի․․․ Հանկարծ չնեղանաք․․․

– Ինչո՞ւ սկսեցիք Նիցշե թարգմանել:

– Մտածեցի, որ մեզանում նրա մի քանի հասկացությունների յուրացումը, օրինակ՝ ռեսենտիմենտի, կարող է օգտակար լինել։ Գուցե Նիցշե կարդալով մեր ընթերցողը կռահի, որ ոխը, վրեժն ու քենը մեզ չարացնում են, ինչի հետևանքը լինում է այն, որ չկարողանալով մեր պատմական վրեժին ու չարացածությանը պատմական հագուրդ տալ՝ մենք այն թափում ենք ինքներս մեզ վրա․․․ Սկսում ենք իրար «թուրք» ասել..․ Այո, հայ մարդը իր բոլոր պարտությունների վրեժը իրենից է լուծում․․․ Սա շատ տարողունակ թեմա է։ Մեր պատմական զայրույթը դրսում պարպում չգտնելով՝ ներս է քաշվում և պարպվում է ներսում․․․

Ինչպե՞ս կխոսեր Զրադաշտը այսօրվա հայ հասարակության մասին:

– Կասեր՝ այսօրվա հայ հասարակությունն ուզում է պետություն ստանալ, բայց այն արժանի՞ է պետության․․․

Կա՞ն նոր թարգմանություններկամ հեղինակներորոնց գործերը պիտի թարգմանեք:

– Մի երկու բան կա։ Բայց կհասցնե՞մ…

– Մի առիթով ասել եք՝ գրականությունը եղբայրություն էմարդուց մարդուն ուղարկվող դրական իմպուլս է։ Հայ ժամանակակից գրողները ստեղծու՞մ են այդպիսի գործեր,  ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Կարծես այդ հարցին արդեն պատասխանեցի։ Ժամանակակից հայ գրողները առայժմ զբաղված են «մակերեսներով», նրանք իրենց հոգևոր «բագաժով» առայժմ չեն կարող խորքեր իջնել։ Ինչպես՝ գնդակը ծովի մեջ։

– Ո՞վ է Ձեր գրական հերոսը:

– Չունեմ։

– Ձեր գրադարանի վերջին նոր գրքերը որո՞նք ենո՞ւմ եք շատ կարդում:

-Ես այժմ «Սարգիս Խաչենց» հրատարակության պատվերով գրում եմ ֆրանսիացի մեծ միստիկ Լեոն Բլուայի գրքի առաջաբանը։  Սեղանիս նրա գրքերն են, որոնք ինձ միշտ հիացրել են։

Զրուցեց՝ Լիանա Սարգսյանը

Հոդվածը՝ 1in.am կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *