Հայաստան

Հանրապետություն

1918թ. ամռանը հայ-թուրքական պատերազմի թատերաբեմ է դառնում Բաքուն, որտեղ բախվում էին խոշոր պետությունների աշխարհաքաղաքական շահերը։ Բաքվում կային մեծ թվով հայեր, որոնք որքան էլ տարաձայնություններ ունենային բոլշեւիկյան իշխանության հետ, շատ լավ գիտակցում էին, որ պաշտպանում են իրենց հայրենակիցներին։

Բոլշեւիկյան հեղաշրջումից, բանակի կազմալուծումից եւ համընդհանուր նահանջի օրերին հայերը ռազմաճակատներից վերադառնում էին Սեւ ծովով Թիֆլիս ու Հայաստան եւ Վլադիկովկասյան երկաթուղով Բաքու, այնուհետեւ՝ դեպի Զանգեզուր, Ղարաբաղ ու Հայաստանի մյուս շրջանները։ Սակայն երկաթուղային հաղորդակցության խափանման եւ մշտական հարձակումների պատճառով զինվորների մեծ մասը չէր կարողանում հեռանալ Բաքվից, եւ շուտով այնտեղ է կենտրոնանում շուրջ 10 հազար հայ մարտիկ։

Բաքուն դարձել էր բոլշեւիկյան միակ հենարանը Անդրկովկասում։ 1918թ. փետրվարի վերջին Թիֆլիսից գաղտնի Բաքու է հասնում Ստեփան Շահումյանը, որտեղ էլ ապրիլի վերջին ստեղծվում է ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որը հայտնի է Բաքվի կոմունա անունով։ Բացի Կոմունայից, նավթային քաղաքում կային ազգային խորհուրդներ, որոնց թվում էր Հայոց ազգային խորհուրդը՝ բաղկացած տարբեր մեծ ու փոքր կառույցներից։ Թեեւ բոլշեւիկներն ու դաշնակցականները գաղափարական հակասություններ ունեին, այնուամենայնիվ, 1918թ. մայիսից նրանք սկսում են համագործակցել, քանի որ թուրքական բանակի արշավանքը սպառնալիք էր բոլորի համար։

Թուրքական Կովկասյան 5-րդ հետեւակային դիվիզիայի շտաբի պետ փոխգնդապետ Ռյուշտուն իր հուշերում գրել է, որ Կովկասի հարցերում գերմանացիների ու թուրքերի միջեւ տարաձայնություններ կային, եւ նրանք դաշնակիցներ չէին։ «Կովկասյան գործերում նրանք դժվարություններ են ստեղծել օսմանցիների համար եւ մեր դեմ են լարել կովկասյան մի քանի ազգությունների։ Նրանք չեն ցանկացել, որպեսզի նավթով ամենահարուստ եւ մեծ քաղաք Բաքուն լինի միայն օսմանցիների ձեռքում։

Դա բխում էր նրանց քաղաքականությունից, որն ուղղված է նրան, որ այդ քաղաքը լինի իրենց ձեռքում, իսկ եթե չհաջողվի, գրավեն այն օսմանցիների հետ միասին։ Մի խոսքով, օսմանյան բանակի գլխավոր շտաբը չի կարողացել այդ հարցում համաձայնության գալ գերմանական գլխավոր շտաբի հետ» (Ա. Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. եւ ինքնապաշտպանական կռիվները, Երեւան, 1984թ., էջ 218)։

Գերմանացիները թուրքերից պահանջում են դադարեցնել արշավանքը դեպի Բաքու՝ ասելով, որ այնտեղ են գնալու իրենց զորքերը եւ «նավթային մասնագետները»։ Սակայն 1918թ. ամռանը Գերմանիան արդեն լուրջ պարտություններ էր կրում արեւմտյան ռազմաճակատում եւ աստիճանաբար կորցնում էր հեղինակությունը, ուստի թուրքերը չեն ենթարկվում նրանց։

«Քրիստոնյաների կողմից կոտորվող մահմեդականներ»

Բաքվի վրա արշավելու համար թուրքերին թեկուզ ձեւականորեն պատրվակ էր անհրաժեշտ եւ շուտով ի հայտ են գալիս «քրիստոնյաների կողմից կոտորվող մահմեդականներին» օգնություն ցուցաբերելու հայտարարությունները։

Միաժամանակ Ելիզավետպոլի ադրբեջանցիները դիմում են Թիֆլիս՝ պահանջելով թույլ տալ թուրքական բանակին Թիֆլիսից անցնել Ելիզավետպոլ։ Համալրելով իրենց ստորաբաժանումները տեղի մահմեդականների ուժերով եւ միավորելով դրանք մեկ ընդհանուր զորամասի կազմում՝ 1918թ. հունիսի 9-ին Էնվերի հրամանով ստեղծվում է Արեւելքի զորքերի խումբը Վեհիբ փաշայի գլխավորությամբ։ Բաքվի բոլշեւիկյան իշխանությունն այդ օրերին իր տրամադրության տակ ուներ 18 000 զինվոր, որոնց մոտ 70 տոկոսը հայեր էին։

1918-ի ապրիլի վերջին Շահումյանը սկսում է Կարմիր բանակի շարքերում հավաքագրել ռազմաճակատներից վերադարձած եւ Բաքվում կուտակված հայ զինվորներին։ Սերգեյ Մելիք-Յոլչյանը գրում է, որ Շահումյանի նախաձեռնությունը էական հաջողության չի հասնում։ «Հրավիրվում են կամավորներ մտնելու կարմիր գումարտակները, բայց շատ քչերն են համաձայնվում գրվել. գրվում են անտուն, անտեր, գերմանական ճակատներից վերադարձած հազիվ մի քանի տասնյակ հայ զինվորներ։ Խոշոր գումարներով Շահումյանը գրավում է Թադեւոս Ամիրյանին եւ նրա միջոցով կազմակերպում է մեկ գումարտակ»,- գրում է Մելիք-Յոլչյանը (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բագուի հերոսամարտը, Հայրենիք, 1925թ., թիվ 8, Բոստոն)։

Ըստ նրա՝ Շահումյանը սպառնալիքներով կարողանում է ստանալ Դաշնակցության համաձայնությունը Ազգային խորհրդի ջոկատները Կարմիր բանակի կազմում ընդգրկելու համար։ Հնարավոր արյունահեղությունից ու նոր վտանգներից խուսափելու համար ՀՅԴ կենտրոնական կոմիտեն իշխանությանն է հանձնում Համազասպի գլխավորությամբ կազմավորված բրիգադը, որն ուներ 4 գումարտակ։

Թուրքական բանակի արշավանքի տեղեկությունը ստանալուց հետո Բաքվում հայկական ուժերը համալրվում են ու առավել կազմակերպված դառնում։

«Շուտով կազմվեց մի ամբողջ բանակ, որը բաղկացած էր 15 հազար հայ զինվորներից, բոլոր տեսակի զենքերով՝ հրետանի, հեծելազոր եւ հետեւակ։ Զինվորները, բոլորն էլ հրաշալի մարզված էին եւ լավ պատրաստված, ունենալով երկար տարիների փորձառություն, մասնավորապես ռուս-գերմանական ճակատների վրա։ Նրանք կազմում էին Ղարաբաղի եւ Զանգեզուրի համարյա ամբողջ երիտասարդությունը։

…Բանակը բաժանվեց երեք բրիգադայի. մեկը, ղեկավարությամբ Համազասպի, ուներ 6 000 հոգի, երկրորդը, գնդապետ Հարությունյանի հրամանի տակ, բաղկացած էր 5 000 հոգուց, իսկ երրորդը, փոխգնդապետ Բեկ-Զարուբյանի գլխավորությամբ, կազմված էր 4 000 հոգուց։ Ընդհանուր հրամանատար նշանակվեց գնդապետ Ղազարյանը, իսկ գլխավոր շտաբի պետ՝ ռուսական մեծ շտաբի պետ գնդապետ Ավետիսյանը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բագուի հերոսամարտը, Հայրենիք, 1925թ., թիվ 8, Բոստոն)։

Բաքվի կոմունայի մարտավարությունը

1918թ. մայիսի կեսին բոլշեւիկները որոշում են նախահարձակ լինել եւ շարժվել դեպի Գանձակ՝ կանխելու թուրքական ուժերի հարձակումը, ինչպես նաեւ հեռահար նպատակ ունենալով շարժվել դեպի Թիֆլիս եւ այնտեղ նույնպես խորհրդային կարգեր հաստատել։ Բաքվի Կոմունայի ուժերը շարժվում են դեպի Քյուրդամիր։ Նրանց առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով թուրքերն ու թաթարները Եվլախ եւ Լյաքի կայարանների մոտ քանդում են Քուռ գետի ամբարտակները եւ բաց թողնում ջուրը՝ հեղեղելով ու կանգնեցնելով առաջխաղացումը։

Թուրքական բանակը մոբիլիզացնում է Կովկասում եղած բոլոր հնարավոր ուժերը, ավելացնում զենքի, սննդամթերքի եւ սպառազինության մատակարարումը։ Հունիսի վերջին թուրքերը հարձակում են սկսում եւ բոլշեւիկյան ուժերին ստիպում նահանջել։ Հուլիսի առաջին օրերին Բաքվի իշխանության ուժերը կարողանում են դիմադրել թուրքական հարձակմանը Քյուրդամիրի ուղղությամբ, սակայն ուժերի հարաբերակցությունն արդեն շրջվել էր թուրքերի օգտին։

Կարմիրներն օգնության չեն գալիս

Ռազմաճակատի պարտությունները, հսկայական մարդկային կորուստները, սննդամթերքի գրեթե լիակատար բացակայությունն ու սովի սպառնալիքը, ներքին հակասությունները թուլացնում են Շահումյանի դիրքերը Բաքվում։

Հուլիսի 26-ին Շահումյանը հեռագրում է Լենինին եւ Ստալինին. «Թախանձալից խնդրում եմ բոլոր միջոցները ձեռք առնել անմիջապես կանոնավոր զորամասեր ուղարկելու համար։ Մեր դեմ կռվում են թուրքական կանոնավոր զորքերը, կան գերմանական հրահանգիչներ»։ Երկու օր անց Բաքվում ստացվում է Լենինի հեռագիրը. «Զորքեր ուղարկելու համար միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստատապես խոսք տալ չենք կարող» (Գեւորգ Ստեփանյան, Հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանական մարտերը Բաքվի նահանգում 1918-1920թթ.):

Գնդապետ Ավետիսյանն ասում է, որ զինվորները ծայրահեղ հոգնած են, եւ օգնության կարիք կա։ «Շահումյանի մշտական խոստումները չեն արդարանում. Ռուսաստանից կարմիր ուժեր չեն գալիս, չեն էլ գա, որովհետեւ այդպիսիններ չկան, եւ եթե կան էլ՝ զբաղված են այնտեղ։ Ճակատը պահելու համար հարկավոր են նոր ուժեր։ Հրապարակի վրա ես տեսնում եմ միայն անգլիացիներին, որոնք գտնվում են հարեւան Պարսկաստանում։ Պետք է դիմել նրանց»,- ասում է Ավետիսյանը։

Բանվորների եւ զինվորների խորհրդում քննարկվում է իրադրությունը եւ անգլիացիներից օգնություն խնդրելու հարցը։ Շահումյանը կտրականապես դեմ էր, եւ քաղաքի տարբեր մասերում հանրահավաքներ է անցկացնում՝ ի պաշտպանություն իր տեսակետի։ Սակայն իրադրությունն օրհասական էր, եւ մարդիկ այլեւս չէին աջակցում նրան։

Շահումյանը հանձնում է իշխանությունը

1918թ. հուլիսի 27-ին տեղի է ունենում բանվորների, զինվորների եւ նավաստիների խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվում է Կոմունային իշխանությունից զրկելու հարցը։ Մելիք-Յոլչյանի վկայությամբ՝ մթնոլորտը շիկացել էր եւ «մի փոքր կայծ, եւ հրդեհը կարող էր բռնկվել ու գազազած զանգվածները կարող էին ջարդ ու փշուր անել իրար»։ Խորհրդի նիստում սոցիալիստ-հեղափոխականները (էսէռները), սոցիալ-դեմոկրատ մենշեւիկները եւ դաշնակցականները գտնում էին, որ իրավիճակը օրհասական է եւ պետք է դիմել անգլիացիներին։ Բոլշեւիկներն ու ձախ էսէռները պահանջում էին ճանաչել Խորհուրդների իշխանությունը եւ հրաժարվել անգլիացիների օգնությունից։ Երկար բանավեճից, բանակցություններից ու սպառնալիքներից հետո բոլշեւիկների տեսակետը մերժվում է։ «Կատաղում են բոլշեւիկները եւ թափում են մեր գլխին իրենց հատուկ հայհոյանքները։ Բարկանում է Շահումյանը եւ մեծ սպառնալիքներով ու սոսկալի անեծքներով ներկայացնում է կառավարության հրաժարականը»,- գրում է Մելիք-Յոլչյանը։

Կոմունայի տապալումից հետո Բաքվում ստեղծվում է Կասպիական նավատորմի կենտրոնական կոմիտեի եւ բանվորների, զինվորների, նավաստիների խորհրդի դիկտատուրա, որը հայտնի է «Ցենտրոկասպիի դիկտատուրա» անվամբ։ Նոր կառավարության կազմում էսէռների եւ Դաշնակցության ներկայացուցիչներն էին։

Ողջ ծանրությունը հայերի ուսին էր

Օգոստոսի առաջին օրերին հայկական ջոկատները շարունակում էին համառ դիմադրությունը թուրքերի հարձակումներին։ Օգոստոսի 3-ին Բիբի Հեյբաթի ուղղությամբ գրոհին դիմադրում էին Սեբաստացի Մուրադի եւ հնչակյան Պողոս Տեր-Դավթյանի խմբերը։ Այդ մարտերում էլ զոհվում է Սեբաստացի Մուրադը, գեներալ Հակոբ Բագրատունին ծանր վիրավորվում է։

«Օդը սոսկալի տաքացել էր. գետինը թնդանոթների շուրջը կրակ էր դարձել. Թնդանոթաձիգները մեքենա էին դարձել. նրանք տաքից այրվում էին, հանել էին զգեստները եւ մերկ էին գործում։

Հարյուրավոր մարդիկ ջուր էին կրում եւ անդադար շաղում թնդանոթների վրա։ Կռվի դաշտը իրենից ներկայացնում էր մի հրաբխային գետին։ Օդը վառվում էր, արյունը հոսում եւ իսկույն չորանում։ Կայծակնահար որոտները խլացնում էին ամեն ինչ. մահը կլանում էր բոլորին եւ կարծես տոնում իր հաջողությունը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բագուի հերոսամարտը, Հայրենիք, 1925թ., թիվ 8, Բոստոն)։

Թուրքական հուժկու գրոհը հետ է մղվում օգոստոսի 5-ին, եւ քաղաքն այս անգամ փրկվում է կործանումից։ Օգոստոսի 4-ին Էնզելիից օգնության է գալիս անգլիական առաջին փոքրաթիվ զորաջոկատը գնդապետ Սթոքսի հրամանատարությամբ։

Օգոստոսի 17-ին Բաքու է ժամանում նաեւ անգլիական ուժերի հրամանատար գեներալ-մայոր Դանստերվիլը, եւ անգլիական զորքերի թիվը հասնում է 1600-ի, որից մարտական գործողություններին մասնակցում էին 900-ը։

«Միայն հինգերորդ օրը մտավ քաղաք անգլիական գնդապետ Ստոքսը քառասուն զանազան պաշտոնյաներով, թիկնապահներով եւ կապիկներով (զինվորներից մի քանիսը իրենց զվարճության համար պահում էին իրենց մոտ փոքրիկ կապիկներ)։ …Բայց ի՞նչ օգուտ։ Թշնամին երկաթուղու գծով Թիֆլիսի վրայով եւ Հայաստանի միջով Աղստաֆա կայարանով անդադար ստանում էր նոր ուժեր, որոնց շպրտում էր կռվի դաշտը»,- գրում է Մելիք-Յոլչյանը:

Բոլշեւիկները հեռանում են

1918թ. օգոստոսի 14-ին բոլշեւիկները գույքը բարձում են շոգենավերին եւ շարժվում Աստրախան։ Դերբենտի մոտ ուժգին փոթորիկ է սկսվում, եւ Շահումյանն ու իր համախոհները չեն կարողանում շարժվել առաջ։ Ցենտրոկասպիի դիկտատուրան դերծովակալ Տակայիշվիլիին հանձնարարում է հետապնդել նրանց եւ վերադարձնել։ Տակայիշվիլին միայն երրորդ օրն է կարողանում գտնել փախստականներին Ապշերոնի թերակղզու «Ժիլոյ Օստրով» ծովածոցում։ Նա երեք անգամ առաջարկում է վերադառնալ, սակայն մերժում է ստանում։ Կապ հաստատելով Բաքվի իշխանության հետ՝ դերծովակալը ստանում է կրակ բացելու հրաման եւ մի քանի անգամ գնդակոծում փախստականներին՝ չհանձնվելու դեպքում սպառնալով ոչնչացնել նավերը, եւ բոլշեւիկները սպիտակ դրոշ են բարձրացնում։ Բաքու վերադառնալուց հետո Շահումյանին ու նրա ընկերներին կալանավորում եւ հանձնում են ռազմադաշտային դատարանին, որտեղ էլ նրանք մնում են մինչեւ սեպտեմբեր։

Օգոստոսի առաջին օրերի ծանր ու արյունալի մարտերից հետո թուրքական բանակը նոր գործողություններ չի ձեռնարկում, սակայն օգոստոսի 29-ին համալրում ստանալով՝ կրկին նետվում է գրոհի։ Կոտրելով դիմադրությունը՝ սեպտեմբերի 1-ին թուրքերը գրավում են Բալախանի, Սաբունչի, Սուրախան եւ Խրդալան գյուղերը՝ ցամաքից ամբողջովին շրջապատելով Բաքուն։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ mediamax.am կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *