Հայաստան

Արցախի Հարցը Ռուս-Թրքականով Սահմանափակված ՉԷ

ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ իր համար կագավիճակի հարցն առաջնահերթություն է, Ղարաբաղի հարցը չի լուծվել, և տարածաշրջանը չի պատկանում Ռուսաստանին և Թուրքիային։

Կայծ Մինասյան

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, Բրյուսելում կայանալու է Փաշինյանի և Ալիևի հերթական հանդիպումը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ի՞նչ արդյունք են տալիս բրյուսելյան հանդիպումները։

Ծրագրված հանդիպում է սա, և Բրյուսելը շարունակում է իր դիվանագիտական աշխատանքը։ Առանձնահատուկ սպասելիք չունենք, բացի այն, որ Բրյուսելն ուզում է ցույց տալ, որ ներկա է այդ շրջանակներում, և միայն Մոսկվան ու Թուրքիան չեն զբաղվում հարցով։ Բրյուսելը փորձում է ցույց տալ, թե կարելի է նոր հանգրվան բացել բանակցություններում և շարունակել այն, ինչ սկսել են այդ եռակողմ հանդիպումներով։ Բայց վստահաբար Բրյուսելը կհարցնի, թե երբ կարելի է կոնկրետ աշխատանք ու քայլեր անել, իսկ դա կախված է Մոսկվայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունից։ Բայց դա դեռ հստակ չէ, գիտենք, որ ամեն ինչ կապված է Ուկրաինայի պատերազմի հետ։ Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ որպեսզի Թուրքիան դանդաղ ձևով մոտենա Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը։

ԱՄՆ-ն փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակեց, նա նաև Մինսկի խմբի նոր համանախագահն է լինելու։ Այս նշանակումն ինչպե՞ս եք գնահատում։

Ֆիլիպ Ռիքերը շատ կարևոր դիվանագետ է, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների համար Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլ դրանով նաև ամերիկացիները ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանը ոչ Թուրքիային է պատկանում, ոչ Ռուսաստանին, և Արևմուտքն իր ասելիքն ունի։

Հետևաբար, առաջիկայում նաև գործողություննե՞ր կլինեն։

Նայած թե ռուսներն ինչ պետք է ասեն ու անեն։ Եվ ես հույս ունեմ, որ ֆրանսիացիները նույնպես դեսպան կնշանակեն, որպեսզի ուժ տան Մինսկի խմբի համանախագահությանը, և որպեսզի ինչ-որ տեղ սրբագրվի նոյեմբերի 9-ի ապտակը, որն ստացան թե Ֆրանսիան, թե ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգները, նշանակելով Ֆիլիպ Ռիքերին, ուզում է ցույց տալ, որ չընդունեցին այդ ապտակը։ Ֆրանսիացիների քայլին դեռ սպասում ենք, մի տեսակ բացասական կեցվածք ունեն։ Եթե անգամ երկու երկրների արտաքին գործերի նախարարները հեռախոսային զրույց ունեցան, դա դեռ բավարար չէ։ Ես հույս ունեմ, որ ֆրանսիացիները Մինսկի խմբում ուրիշ դեսպան կնշանակեն որպես համանախագահ, որպեսզի Ֆրանսիան ցույց տա, որ խնդիրը լուծված չէ։

Արևմուտքը կամաց-կամաց անդրադառնում է այն հարցին, որ տարածաշրջանում ամենաօգտակար լծակն Արցախի կարգավիճակն է։ Երեսուն տարիների ընթացքում Արևմուտքը կարծում էր, թե հողերը հետ տալն էր առաջնահերթություն։ Ադրբեջանցիները համոզեցին Արևմուտքին՝ ասելով, թե պետք է նախ հայերը դուրս գան այդ շրջաններից։ Բայց, ցավոք սրտի, Արևմուտքը չանդրադարձավ կարգավիճակին, անձամբ ես բազմիցս ասել եմ, որ Արևմուտքի համար առաջնահերթությունը կարգավիճակը պետք է լիներ, ոչ հողերը, ոչ փախստականները։ Եվ հիմա՝ պատերազմից հետո Արևմուտքն անդրադառնում է հարցին, որ կարգավիճակն ամենակարևոր լծակն էր Արևմուտքի համար։ Եվ Ֆիլիպ Ռիքերի նշանակումը վստահաբար դա է նշանակում։ Ինչպես տեսանք՝ Ադրբեջանի պատասխանը շատ կոշտ ու տխուր եղավ, որովհետև ազերիները չկարողացան համոզել ամերիկացիներին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Ամերիկացիների կողմից Ֆիլիպ Ռիքերին նշանակելը ցույց է տալիս, որ ամերիկացիների համար կագավիճակի հարցն առաջնահերթություն է, Ղարաբաղի հարցը չի լուծվել, և տարածաշրջանը չի պատկանում Ռուսաստանին և Թուրքիային։ Եվ ամերիկացիները տակավին ներկայություն ունեն, որովհետև Իրանի հարց կա, նոր ճանապարհների հարց կա՝ Հայաստանի, Վրաստանի խողովակով։

Բայց, այդ նշանակումն անուղղակի կերպով ծառայելով հայկական շահերին, չի նշանակում, թե Արցախի կարգավիճակը պետք է լինի այն, ինչ սպասում են հայերը։ Սա էլ կարևոր է։ Այսինքն՝ ուրախությունը չի նշանակում միամտություն։ Նախ պետք է Մինսկի խմբի ձևաչափը վերականգնվի։ Ռուսները չեն ուզում, որ վերականգնվի այնպես, ինչպես ժամանակին էր։ Գիտենք, որ Հայաստանի համար կարևոր է Մինսկի խմբի  վերականգնումը, բայց ֆրանսիացիներն էլ պետք է քայլ անեն։ Այնպես, ինչպես ամերիկացիները ցույց տվեցին, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ֆրանսիացիներն էլ պետք է հնարավորինս շուտ ցույց տան, որ, այո, ճիշտ է, ապտակ կերանք, բայց պետք է անպայման սրբագրվի այդ ապտակը։ Ինչպե՞ս, արդեն ասացի, Մինսկի խմբում նշանակելով կարևոր դիվանագետներ։

Հոդվածը՝ lragir.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *