Հայաստան

Անխոհեմ Դրսևորումը

Իսկ Հայաստանի եւ Արցախի քաղաքական սուբյեկտությունների «չնույնականացնելու» հանգամանքը ինքնին մեծ «ամբար» է բոլոր այն սուբյեկտների համար, որոնք մտադիր են խաղալ «հայաստանցի-արցախցի» զգայական հակադրության վրա:

Հակոբ Բադալյան

Ռուբեն Վարդանյանի արդեն հայտնի խոսքի առնչությամբ, մի քիչ երկար

Այն, որ Հայաստանում կան արցախահայության հանդեպ սուր, անգամ ատելության հատկանիշ պարունակող զգացում ունեցողներ, անկասկած է: Անկասկած է, որ Արցախում էլ կան Հայաստանի հանրային տարբեր շերտերի հանդեպ այդօրինակ զգացում ունեցողներ:

Սրա պատճառները քաղաքական են: Այդ զգացումները զուտ իրենց քաղաքական, խմբային, երբեմն անձնական պատճառներով սնուցել եւ «կերակրել» են տարբեր քաղաքական խմբեր, մերձքաղաքական անհատներ: Եվ դա մեծագույն ստորություն ու հանցանք է, որ որեւէ մեկը կարող է գործել սեփական ժողովրդի եւ պետության հանդեպ:

Այդ «սնուցումը», «կերակրումը» ունի նաեւ ավելի մեծ քաղաքական հաշվարկներ, պայմանավորված արդեն արտաքին կենտրոնների ռազմավարություններով: Ընդ որում, էստեղ կարող ենք փնտրել նաեւ Ռուսաստանի, զգալիորեն Ռուսաստանի, բայց եւ՝ ոչ միայն Ռուսաստանի ականջներ:

Բայց, ես չեմ կարծում, թե արդյունավետ է նստել ու ականջներ հաշվելը կամ «գուշակելը»:

Մեր խնդիրն է փնտրել այդ ամենը կանգնեցնելու, չեզոքացնելու, եւ այլեւս այդ մեխանիզմի աշխատանք թույլ չտալու լուծումներ գտնելը, այդ թվում հաշվի առնելով էն բարդ իրադրությունը, որ կա քաղաքական առումով: Իսկ քաղաքական առումով կա այն, որ հետպատերազմյան իրավիճակը հրամայական է դարձրել Հայաստանի եւ Արցախի քաղաքական սուբյեկտությունների «չնույնականացումը»: Որովհետեւ, առանց դրա հնարավոր չի լինելու վերականգնել Արցախի քաղաքական սուբյեկտությունը: Եթե դա չվերականգնվի, հնարավոր չի լինելու առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում արդյունավետ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմներով սպասարկել մեր խնդիրները:

Իսկ Հայաստանի եւ Արցախի քաղաքական սուբյեկտությունների «չնույնականացնելու» հանգամանքը ինքնին մեծ «ամբար» է բոլոր այն սուբյեկտների համար, որոնք մտադիր են խաղալ «հայաստանցի-արցախցի» զգայական հակադրության վրա:

Այդ իմաստով, մենք ունենք լուծելու բարդ խնդիր, որի մասին հնարավոր չէ չխոսել, բայց նաեւ պետք է խոսել չափազանց զգույշ ու ամեն բառի համար պատասխանատու, ամեն բառի եւ ձեւակերպումների հարցում մեծ բծախնդրությամբ:

Ցավոք, լավատես չեմ, թե ժամմանակակից տեղեկատվական միջավայրում ունենք այդ խնդրի լուծման արդյունավետ հնարավորություն, եւ լավատես չեմ, թե ունենք այդ խնդրի լուծման խորքային գիտակցում ունեցող հասարակական-քաղաքական վերնախավեր:

Ըստ այդմ համարում եմ, որ մինչ խնդրի վերաբերյալ հանրային բարձրաձայնումները, Ռուբեն Վարդանյանը, թե որեւէ այլ հանրային կամ քաղաքական գործիչ, պետք է փորձի ձեւավորել խնդրի լուծման «վերնախավային ազդեցիկ շրջանակ»՝ այսպես ասած վերքաղաքական, վերկուսակցական տրամաբանությամբ եւ կոնսենսուսով, եւ միայն հանգամանալից մշակումներ ունենալով անցնել հանրային դաշտում թեման շոշափելուն՝ արդեն զուտ որպես լուծման մեխանիզմների մաս, եթե լինի դրա անհրաժեշտությունը:

Հակառակ պարագայում, համարում եմ, որ Վարդանյանն արդեն իսկ թույլ է տվել, ինչպես առիթ եմ ունեցել ասելու՝ իր ողջունելի քայլի համատեքստում, այդուհանդերձ առաջին անխոհեմ դրսեւորումը: Ինքս հակված չեմ դրանից համազգային աղմուկի հերթական պատճառ մոգոնելուն, բայց ինչպես ասում է ժողովրդական միտքը՝ «խոսք ասվածը կլոր է, մտածիր՝ նոր գլորիր»:

Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *