Ընդդիմությունը վախեր ունի վարչապետի պոտենցիալ թեկնածուի անթերի, անբիծ, անեղծ լինելու հարցում, այդ պատճառով էլ չի շտապում հայտնել նրա անունը։
Ելենա Ազատյան
Ընդդիմությունը չի կարողանում վարչապետի «անբիծ» թեկնածու գտնել․ Ռուստամյանն առաջարկում է հրապարակում բաց քվեարկություն անել և հայտարարել, որ նախկինների վերադարձ չի լինելու
Իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես հայտնի է, մինչև այս պահը չի հայտնել վարչապետի իր թեկնածուի անունը։ Մինչդեռ Սահմանադրության պահանջն է՝ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու»: Դատելով «Հայաստան» խմբակցոության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում հայտնած որոշ մտքերից՝ ընդդիմությունը վախեր ունի վարչապետի պոտենցիալ թեկնածուի անթերի, անբիծ, անեղծ լինելու հարցում, այդ պատճառով էլ չի շտապում հայտնել նրա անունը, և բացի դրանից՝ չեն կարծում, որ թեկնածուի անձը կարող է նոր թափ հաղորդել շարժմանը։ ՀՅԴ-ական պատգամավորը հիշեցրել է ՀՓՇ-ի ժամանակները, երբ հայտարարվեց հստակ թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, սակայն, ինչպես Ռուստամյանն է ասում՝ «էլի նստեցին, հազար բան գտան»։ «Ում էլ գտնես (ասես-խմբ.)՝ մի բան կգտնեն։ Մեր վատն ի՞նչն է, մենք հերոս, որպես այդպիսին, շատ դժվար ենք ընդունում, մենք ազգային հերոսներ շատ քիչ ունենք, որը անբիծ, ամբողջ պատմության ընթացքում ընդունվում է, և բոլորս որպես օրինակ ուզում ենք նմանվել դրան։ Հազար բան կգտնեն վրեն»,- սրտնեղել է ՀՅԴ-ական պատգամավորը։
Փաստորեն, «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող հերոսներից մեկի՝ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի անունը դիմադրողականները միտումնավոր չեն շրջանառում, քանի որ վստահ չեն, որ «վրեն մի բիծ», ժողովրդական լեզվով ասած՝ կեղտ չի գտնվի։ Քոչարյանի դեպքում բանն իհարկե մեկ կամ մի քանի բծով չի սահմանափակվի, և գործ կունենանք բծերի մի մեծ համաստեղության հետ, իսկ ընդդիմությունը չի կարող նման ռիսկի գնալ՝ առաջադրել վարչապետի ոչ թե օրինակելի, այլ բծավոր թեկնածու։
Արմեն Ռուստամյանի պրպտուն միտքն այսքանով չի սահմանափակվել։ Նա կարծում է, որ չպետք է ինչ-որ խումբ նստի ու որոշի, թե ով է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, քանի որ «եթե այդպես եղավ՝ հաստատ չի անցնի, պետք է ժողովուրդը մասնակցի էդ պրոցեսին»։ Թե ինչպե՞ս՝ Ռուստամյանը օրիգինալ տարբերակ է առաջարկում՝ քվեաթերթիկ տպել, բաժանել հրապարակում հավաքված ժողովրդին, և թող ամեն մեկն իր ուզած թեկնածուի անունը գրի ու գցի համապատասխան արկղի մեջ։ «Առաջին 10-ը, ովքեր շատ ձայներ հավաքեցին, ես կարծում եմ, որ այդ 10-ի մեջ կլինեն անձինք, ովքեր հեղինակություն ունեցող անձինք են։ Եվ իհարկե պետք է դրվի, որ նախկինների վերադարձ չկա, ոչ ոք չի վերադառնալու նախկին ռեժիմով, էդ էլ պետք է ապահովել, որ էս թյուրըմբռնումներն էլ վերանան, որ էս բոլոր գործոնները, որոնք մեր ընդլայնումը լիարժեք չեն դարձրել, այդ բոլոր գործոնները չեզոքացնենք»։
Նախ՝ անդրադառնանք քվեաթերթիկների միջոցով թեկնածուին որոշելու ՀՅԴ-ական պատգամավորի առաջարկին. պարոն Ռուստամյանը երևի կարծում է, որ 2018-ի ֆենոմենը հնարավոր է կրկնել նաև 2022-ին, երբ հեղափոխական ալիքի վրա հրապարակում որոշվեց Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, այն էլ՝ ոչ քվեաթերթիկային քվեարկությամբ։ Բայց պարոն Ռուստամյանը հաշվի չի առել մի հանգամանք՝ Փաշինյանը մինչ այդ առաջնորդել էր համաժողովրդական շարժումն ու արդեն «պատրաստի» թեկնածուի կարգավիճակ ուներ, նրան մնում էր միայն առաջադրել։ Իսկ ահա դիմադրողական շարժումը հերիք չի՝ մարել է, դեռ, փաստորեն, նոր-նոր պետք է վարչապետացուի հարց լուծի, գցի-բռնի, թե ում առաջադրի, որ նվազագույնը խայտառակ չլինի։ Եթե, օրինակ, Ռուստամյանի ասած քվեաթերթիկներում ամենաշատ ձայներ հավաքած անձինք լինեն Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, կամ էլ, ասենք, Իշխան Սաղաթելյանը կամ Արմեն Գևորգյանը, նրանք նախկիննե՞ր են, թե՞ նորացված նախկիններ, անբիծ հեղինակություննե՞ր են, թե՞ մութ անցյալով պայծառ ապագա խոստացողներ և նախկին ռեժիմի վերադարձը բացառողներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տալը, վստահաբար, պարոն Ռուստամյանին անհարմար դրության մեջ կդնի։ Պարզվում է նաև, որ ՀՅԴ-ական գործիչը ունի սեփական նախընտրելի թեկնածուն, սակայն չի ուզում նրա անունը տալ, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «ատելի են անունները»։ «Ում անունն էլ տաս՝ հազար ֆեյք լրատվականներով ցեխ կլցնեն, ուստի չեմ ուզում այդ մարդուն ժամանակից շուտ ցեխարակման թիրախ սարքել»։ Փաստորեն, ընդդիմությունը բախվել է ոչ միայն հանրային վստահության, այլ նաև իր շարքերում հեղինակություն վայելող անձանց, լեգիտիմ վարչապետացուների դեֆիցիտին, չկա մեկը, որին ռիսկով առաջադրեն՝ առանց տհաճ հետևանքների և արձագանքների մասին անհանգստանալու։
Այդ դեպքում լեգիտիմ հարց է ծագում՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ընտրած՝ ժողովրդի վստահությունը վայելող վարչապետին ուզում եք փոխել և ո՞ւմ բերել։ Ոնց գցում-բռնում ենք, բծավոր մարդու անուն է գալիս մտքներիս։
Հոդվածը՝ civic.am կայքից։