Ժողովրդավարությունն ուժեղ է, երբ այն պաշտպանված է: Անպաշտպան ժողովրդավարությունը չի կարող կենսունակ լինել:
Լիլիթ Գևորգյան
1inAM-ի հյուրն է IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Զրույցի ընթացքում շոշափվել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան և քննարկվել դրանից ակնկալվող հնարավոր աջակցություններն ու ռիսկերը:
Լիլիթ Գևորգյանը նախ անդրադարձավ այն բանին, որ Փելոսին այցելել էր Ծիծեռնակաբերդ և չէր կարողացել զսպել արցունքները և ասաց, որ ինքը չի հավատում, որ այդ արցունքները կեղծ են կամ կարող էին որպես շոու օգտագործվել: Նենսի Փելոսին այն մակարդակի քաղաքական գործիչը չէ, որ իր առջև դրված խնդիրների կատարմանը փորձի նման եղանակով հասնել: Ի վերջո պետք է հիշել նաև այն, որ Ցեղասպանության ճանաչման գործում մեծ ներդրում ունեն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունները և ինքը անձամբ Փելոսին:
Այն կարծիքները, որ Փելոսիի արցունքները կեղծ են, ավելի շատ ադրբեջանական քարոզի արդյունք են, որոնց նպատակն ամեն կերպ այդ այցը արժեզրկելն է: Ինչպես նաև էլի տարածվող մեկնաբանություններն առ այն, որ այդ այցը խոշոր հաշվով նպատակ ուներ ոչ թե աջակցելու Հայաստանին, այլ պայմանավորված առաջիկա ընտրություններով ԱՄՆ-ում, գրավել հայ համայնքի համակրությունն ու ստանալ նրանց ձայները:
Լիլիթ Գևորգյանն ընդգծեց, որ Դեմոկրատական կուսակցությունն այն վիճակում չէ, որ մնա բացառապես հայ համայնքի քվեների հույսին և Նենսի Փելոսին էլ այն կերպարը չէ, որ նման էժանագին մեթոդներով փորձ անի առաջիկա ընտրություններում ձայներ հավաքի: Մանավանդ, որ ԱՄՆ-ում հայ համայնքի ձայները ճնշող մեծամասնություն չունեն և հատկանշական է, որ հատկապես Կալիֆոռնիայում, ուր և բնակվում է հայ համայնքի մեծամասնությունը, Դեմոկրատական կուսակցությունը վերընտրվելու խնդիրներ չունի: Իսկ այդ ամենը նշանակում է, որ Փելոսիի այցը Հայաստան ոչ թե կրկես է, այլ բազմակողմանիորեն մշակված քայլերով ռեալ առաջարկ Հայաստանին:
Լիլիթ Գևորգյանը զարմանք արտահայտեց, որ Հայաստանում Փելոսիի այցը լուսաբանվեց բավական անխնամ կերպով, չթարգմանվեցին ամենակարևոր ակնարկները և ընդհանուր փորձագիտական կարծիքները շատ զուսպ էին, համարյա վախեցածության ու դանդաղաշարժության աստիճանի:
Փելոսին պարզ ասաց, որ դուռը բաց է և գնդակն էլ Հայաստանի դաշտում է: Հայերի փոխարեն ոչ ոք որոշում չի կայացնելու և հայերը պիտի որոշեն, թե ինչ են ուզում ապագայում:
Ըստ Լիլիթ Գևորգյանի՝ Փելոսիի այցի ժամանակ ամենակարևոր դրվագներից մեկն այն էր, որ վերջինս ասաց, որ ժողովրդավարությունն այո՛, արժեք է և մեծ արժեք, շատ ավելի կայուն քան ավտորիտար ռեժիմը, բայց ժողովրդավարությունն ուժեղ է, երբ այն պաշտպանված է: Անպաշտպան ժողովրդավարությունը չի կարող կենսունակ լինել: Իսկ Հայաստանում, հատկապես Փաշինյանի կառավարության կողմից փորձ է արվում կիրառել անգույն քաղաքականություն, ըստ որի Հայաստանը ինչ որ միավորային հարաբերություններ ունենա միջազգային հանրության, այսինքն, առավելապես պետք է հասկանալ Արևմուտքի հետ, բայց շարունակի մնալ ռուսական ճամբարում: Այդ քաղաքականությունը հնացած է ու ոչ կիրառելի: Դա չի աշխատել և չի էլ աշխատելու: Հայաստանն ի վերջո պիտի կարողանա հստակորեն ասել, թե ինչ է ինքը ուզում: Եթե շարունակվեց նույն դանդաղաշարժ քաղաքականությունը, ապա ապագայում տեղի ունեցող ողբերգությունների համար պատասխանատու է լինելու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն իր կառավարությամբ: Փաշինյանն արդեն իսկ բավական մեծ պատասխանատվություն ունի տեղի ունեցածի համար և նրա հետ պատասխանատու են նաև երեք նախագահներին հարող շրջանակներն ու հենց այդ նույն փորձագիտական խմբերը, որոնք կարծես, թե չեն կարողանում հասկանալ բաց տեքստով ասված խոսքերը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, Լիլիթ Գևորգյանը նախ խոսեց իրանական գործոնի մասին և ասաց, որ իրանական հայտարարություններն առ այն, որ իրենք չեն հանդուրժի ոչ միայն հայ-իրանական, այլև հայ-ադրբեջանական սահմանային փոփոխություններ, այլևս չեն աշխատում: Հայ-ադրբեջանական սահմաններն արդեն իսկ փոփոխվել են: Ադրբեջանցիները Ջերմուկից այդքան էլ հեռու չեն կանգնած: Ինչ էլ հայտարարի Իրանը, նրան առավելապես անհանգստացնում է միջանցքի հարցը, որը ռուսներն են հսկելու և դա իրեն ընդհանրապես ձեռք չի տալիս:
Լիլիթ Գևորգյանը կրկին շեշտեց, որ հայկական արտաքին քաղաքականությունը շատ վախվորած է և հիմնականում գործում է այն սկզբունքով, որ ոչ թե այսպես անենք, որովհետև դա մեզ պետք է, այլ չանենք, որ հանկարծ չնեղանան, լինեն իրանցիները, թե ռուսները:
Ամբողջական տեսանյութը՝