ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հինգը Մեկում

Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ պետության ներսում՝ եկեղեցի-կառավարություն հակամարտությունն է, որ Հայաստանում նկատելի դարձավ հատկապես 2018-ից հետո։

Մեր Ուղին

Լուր տարածվեց, որ հանդիպել են ՀՀ ու ԱՀ նախկին նախագահներն ու կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Այդ հանդիպումը ներկայացվեց, որպես ինչ որ առասպելական մի բան՝ փրկության վերահաս գալուստի տոնով համեմված, ընդ որում իր մեջ պարունակելով մի այնպիսի պաթոս, ասես այդ հանդիպման արդյունքում է վճռվելու հայ ժողվրդի ապագան մոտ հազար տարով:

Հանդիպման մասին ասվում է, որ հրավերը կաթողիկոսի կողմից է եղել, տեղի է ունեցել Հայաստանի ներկայիս դրության առնչությամբ, որոշվել է էլի շարունակել հանդիպումները:

Շարունակել հանդիպումները ինչի՞ համար: Ի՞նչ հարց են լուծելու այս հավաքով: Սա ևս «Հայրենիքի փրկության շարժման» նման ինչ որ բան է, թե ոչ: Այն տպավորությունն է, որ արդեն ավանդույթ է դառնում հավաքվել նույն մարդկանցով և նոր անվամբ հանդես գալ, ասելով որ սա է իրականն ու ճշմարիտը, որ բերելու է փրկություն:

Եթե այդպես է, ապա տվյալ խմբի մարքեթոլոգները լավ չեն աշխատում, ավելին՝ շատ վատ են աշխատում: 

Նոյեմբերի 9-ից կազմակերպվող «փրկության» շարժումները սկզբունքորեն տապալվում են ոչ թե նրա համար, որ շարժման անունը լավը չի, կամ Նիկոլ Փաշինյանը իդեալական է, այլ պարզապես մարդկանց փորձ է արվում տարբեր փաթեթավորմամբ նույն բանը մատուցել: Անկախ նրանից, թե շարժումը կկոչվի փրկության թե միասնության, չի աշխատելու այնքան ժամանակ, քանի դեռ կազմակերպիչները նույն մարդիկ են, որոնց հանրությունը մերժել է դեռ իրենց իշխանություն եղած ժամանակ: Ու այստեղ գալիս է մի պահ, որ հասարակության մի ստվար հատված պատրաստ է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ակնառու հիմարություններն անգամ չնկատելու տալ, որովհետև իր առջև դրվում է երկընտրանք՝ կամ Նիկոլ Փաշինյանը կամ նախկինները: Ու շատ մարդիկ պատրաստ են նույնիսկ գիտակցաբար սխալ անել զուտ նրա համար, որ նախկինները չգան:

Բումերանգի ազդեցություն է: Այն ինչ տեղի ունեցավ2018-ին, ինչ որ առումով կրկնվում է հիմա: Այն ժամանակ մարդիկ ոչ թե ընտրեցին Փաշինյանին, այլ մերժեցին Սերժ Սարգսյանին՝ որպես մի ամբողջ դարաշրջան ամբողջացնող սկզբունքի: Հիմա էլ ոչ թե պաշտպանում են Փաշինյանին, այլ մերժում են նախկիններին: Իսկ ընտրության «մերժելու» սկզբունքը իրոք որ կարող է ողբալի հետևանքներ ունենալ ՀՀ ապագայի համար: Ժողովուրդը կարող է վրեժխնդիր լինել անգամ ինքն իրենից, կորցնել շատ, վճարել արյամբ, բայց շարունակել կառչել Փաշինյանից, որովհետև նախկիններից շատ խիստ է նեղված: Նեղված է նաև անձնական մակարդակով: Այդ է պատճառը, որ քաղաքական ընտրությունների ժամանակ հասարակ մարդիկ ոչ թե քաղաքական ընտրություն կատարեցին, այլ անձնական վրեժ լուծեցին նախկինների թիմից:

Հիմա եկեղեցու մասին: Անհերքելի փաստ է, որ հայոց եկեղեցին դարերով ամենալուրջ աշխատանք է կատարել կազմակերպչական ու մշակութային առումով: Ռազմական էլիտայից զրկված ժողովրդի միակ հույսը մնացել է եկեղեցին, որը սկսել է կատարել ոչ միայն հոգևոր-կրոնական, այլև վարչական-կազմակերպչական ու կրթական ֆունկցիաներ: Հենց եկեղեցու շնորհիվ է հնարավոր եղել նվաճված Հայաստանում չտրոհվել տարբեր կրոնական խմբերի, չուծացվել, այլ ընդհակառակը՝ ստեղծել ճարտարապետական հզոր մշակութային համակարգ, արվեստի ու կրթության, գիտության լուրջ ձեռքբերումներ ունենալ:

Այս սա փաստ է, և մեծ ուրախությամբ կարելի է արձանագրել, որ ունենք եկեղեցի, որը խնամել ու պաշտպանել է իր ժողովրդին շատ երկար ժամանակ:

Բայց ի՞նչ է կատարվում հիմա: Ո՞ւր է մնացել հայ եկեղեցու ազգային կեցվածքն ու տրամաբանությունը: Շատ շատ է խոսվել այն մասին, որ հայ եկեղեցին հեռացել է իր նախնական պարզ կեցվածքից, դարձել շնորհավաճառության ու ձևամոլության կենտրոն: Դեռևս Րաֆֆին իր ժամանակին նշել է եկեղեցական հատվածի բազում թերություններ և նույնիսկ արտահայտվել շատ կտրուկ, ասելով, որ «մենք լավ եկեղեցի չենք ունեցել, ունեցել ենք միայն անձնազոհ եկեղեցականներ»:

Ինչևէ: Այսօր հայ եկեղեցին չունի այն ազդեցությունը, ինչ և ընդամենը հարյուր տարի առաջ էր և պատճառը ոչ միայն գիտատեխնիկական, այսինքն աշխարհիկ կյանքի զարգացումն է, որի ժամանակ կրոնը սկսում է նահանջել իր դիրքերից, այլև հենց եկեղեցու խիստ չեզոք պահվածքը երկրում տեղի ունեցող իրադարձություններին կամ որ ավելի վատ է՝ լավ հարաբերություններ նախկինների հետ, վատ հարաբերություններ ներկաների հետ: Իսկ այդ ամենը եկեղեցու հոգևոր էությունը ջնջում ու դարձնում է քաղաքական, իսկ եկեղեցին չի կարող ներքաղաքական հարցերում խառնվել ու քրիստոնեությունն ընդհանրապես կապ չունի: Չի կարելի ամեն ինչ դնել հավատի շրջանակներում ու չընդունողին անիծել, ընդունողին ինդուլգենցիա վաճառել: Ոչ: Եկեղեցին իրեն պիտի շատ բարձր կեցվածք ընդունի, եթե ցանկանում է, որ իրեն ընդունեն ոչ թե քաղաքական ակումբի, այլ ազգային-հոգևոր առաջնորդարանի տեղ:

Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ պետության ներսում՝ եկեղեցի-կառավարություն հակամարտությունն է, որ Հայաստանում նկատելի դարձավ հատկապես 2018-ից հետո: 

Զերծ մնալով բամբասանքից, որ այս կամ այն եկեղեցական առաջնորդը գող է, կաշառակեր կամ բիզնեսմեն, կարելի է ասել, որ այսօր եկեղեցին զուրկ է ազգային հմայքից, եկեղեցին այլևս չունի մեծ ազդեցություն, չի կարողանում վերահսկել հասարակության հոգևոր կյանքը: Տասնյակներով կրոնական աղանդներ շարունակում են ծավալել իրենց քայքայիչ աշխատանքը և եկեղեցին պարզապես չի կարողանում կանգնեցնել նրանց հոգևեր ասպատակությունը:

Եվ այսքանից հետո, երբ բազմաթիվ անհայտներով հավասարում հանդիսացող եկեղեցու առաջնորդը, ում անունը ևս չի առաջացնում մեծ խանդավառություն, հանդիպում է նախկին սկանդալային քաղաքական առաջնորդների հետ, շատ սուր մեկնաբանություններ են առաջանում, շատ կոպիտ հարցեր, որոնց պատասխանները երբեմն անցնում են էթիկայի բոլոր սահմանները:

Երբ հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպել են ներկայիս իրավիճակի հարցով ու պայմանավորվել են էլի հանդիպել, երկու կարծիք  է առաջանում՝ շատ լավ են արել, որ հանդիպել են, գուցե կարողանան ինչ որ ընդհանուր հայտարարի գալ և մի լավ բան անեն երկրի համար ու մյուս կարծիքը՝ հանդիպել են, որ ի՞նչ անեն: Ի՞նչ պիտի անեն, որ չեն արել այսքան ժամանակ: Ի՞նչն էր խանգարում, որ այդ կազմով կամ ավելի մեծ կազմով հավաքվեին անընդհատ ու ինչո՞ւ այդ հավաքին ներկա չէր իշխանության որևէ ներկայացուցիչ: Չէր որ հանդիպումը ոչ թե քաղաքական է, այլ նվիրված է Հայաստանին: Իսկ նման կարգի հանդիպումներում անձնական քաղաքական հակակրանքն ու թշնամությունը միկողմ  պիտի դրվի: Այսինքն ոչ թե պիտի դրվի, այլ այդպես է ենթադրում միասնության մասին կարծիքը: Բայց այդ հանդիպմանը ներկա էին քաղաքական մի ուղղության ներկայացուցիչներ, ովքեր թշնամին են ներկաներին, իսկ արցախյան 44 օրյա պատերազմը, ներկայիս Ռուսաստան թե Ամերիկա կողմնորոշման ջատագովները ավելի են սրում իրավիճակը և այնպես է ստացվում, որ երեկ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ քաղաքական ընդդիմության հավաքն էր:

Իսկ ի՞նչ լինելու հետո: Ի՞նչ անունով ու լոզունգով են հանդես գալու այս անգամ: Արդյո՞ք սպասել հրաշքի, որ հայկական քաղաքական ծվատված դաշտը գուցե միավորվի, թե Հայաստանում մոտ օրերս ստեղծվելու է հերթական փրկության շարժումը, որով ոչ մի հարց չի լուծվելու:

Արք և տիկնա՛յք հայոց աշխարհի, մեր առջև Հայաստանի ապագան է, ոչ թե քաղաքական մեկ դեմքի կամ խմբի: Հայաստան՝ նշանակում է մենք բոլորս՝ հարուստները, աղքատները, քաղաքականները, ապաքաղաքականները, տգեղներն ու գեղեցիկները, նիհարներն ու գեր մարդիկ, բարձրահասակներն ու ցածրահասակները, ռոք և ռաբիզ լսողները, ջութակ ու քանոն նվագողները, ընդդիմադիրն ու դիմադիրը, գյուղացին ու քաղաքացին…բոլորը: 

Ու եթե այս տրամաբանությամբ լինի հավաք, գուցե և հավատ առաջանա, որ հավաքվում են հանուն հայի ու Հայաստանի, հակառակ դեպքում ինչպես էլ փաթաթեն ու անվանափոխեն, միևնույն է տակից միշտ երևալու է ժանգոտված հնի եզրը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *