⚙️

Ծպտյալ Հայերի Քաղաքական Ձգտումները

Մաս Առաջին

Ամենահամեստ հաշվարկներով այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում է ավելի քան 700 հազար իսլամացած, ծպտյալ հայ` չհաշված համշենահայության եւ պոնտահայության բազմահազարանոց տոհմական խմբերը, որոնց թվաքանակը գերազանցում է երկու միլիոնը։

Կարեն Խանլարի

Վերջերս լայն շրջանառություն գտավ մի ցավալի տեղեկություն, համաձայն որի Հայաստանի անվտանգության մարմինները Թուրքիայի ՄԻԹ-ին են հանձնել «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ երկու զինյալի։ Սույն տեղեկությունը տարատեսակ հակազդեցություններ է առաջացրել հայ և օտար լայն հանրայնության մեջ։

Արդ Արևմտայան Հայաստանում բազմահազար ծպտյալ հայերն արդյոք ի՞նչպես են վերաբերվում այս տեղեկության հետ․․․ անշուշտ կգա օրը, երբ կիմանանք այդ մասին․․․

Մինչ այդ սակայն, չորս մասից բաղկացած սույն գրառումը նվիրվում է հատկապես Թուրքիայի կողմից բռնագրավված հայապատկան տարածքներում գոյատևող ծպտյալ հայերի քաղաքական ծգտումների հիմնահարցին, որը կազմվել է երեք տասնամյակում հավաքագրված տվյալների հենքի վրա։

Նույն ուղղությամբ չափազանց արժեքավոր դաշտային և տեղեկութաբանական հետազոտություններ են կատարել նաև պարոնայք՝ Հայկազուն Ալվրցեանը, Hamo Haroutioun Moskofian-ը, Melkonyan Ruben-ը, Տիրան Լոքմագյոզյանը և տիկնայք՝ Լուսինե Սահակյանը, Մելինէ Անումեանը, Նայիրի Մկրտիչեանը և այլոք։


Ամենահամեստ հաշվարկներով այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում է ավելի քան 700 հազար իսլամացած, ծպտյալ հայ` չհաշված համշենահայության եւ պոնտահայության բազմահազարանոց տոհմական խմբերը, որոնց թվաքանակը գերազանցում է երկու միլիոնը։ Չափազանց բարդ է համապարփակ կերպով ամփոփել ծպտյալ հայերի քաղաքական, մտածողության և կողմնորոշումների հոլովույթը, նրանց հանդեպ ցուցաբերված հալածանքը, խտրականությունը, անարդարությունը եւ, իհարկե, նրանց մաքառումները:

Թուրքիայի հանրապետության կենտրոնական իշխանության եւ ծպտյալ հայության միջեւ, թերեւս, առաջին խոշոր ընդհարումը կարելի է համարել 1926թ. Սղերդի եւ Ռադվանի հայ-եզդիական խառը բնակչության ընդվզումը, ընդ որում` 10,000 հայ եւ եզդի զինյալները պարտության մատնեցին Բաղեշի երեսուն հազարանոց պետական զորքին:

Շեյխ Սայիդ փաշայի 1925թ. գլխավորած զինված ընդվզման հետքերով ընթացող 1930-1931թթ․ Արարատյան ապստամբությաներեք գլխավոր ղեկավարներն էին Իբրահիմ Հըսգե Թելի փաշան, Իհսան Նուրի փաշան եւ Զիլան բեյը (նույն ինքը Խնուսի Հարամիկ գյուղից, դաշնակցական գործիչ Արտաշես Մուրադյանը)։ Արտաշես Մուրադյանից բացի, սահմանափակ որոշ տեղեկությունների հիմա վրա, ևս գիտենք ՀՅԴ մարտական գործիչ՝ Վարդան Շահբազի (Մինաս Տոնիկյան) ակտիվ մասնակցության մասին։

Քեմալական իշխանությունների համոզմամբ, արարատյան շարժման մղիչ ուժն ու ոգեշնչողը հայությունն էր` իր վերապրող զանգվածներով։ Հետեւաբար, այս անգամ էլ իշխանությունները հարցի լուծման բանալին համարում էին հայության տեղահանումը, որը պետք է իրականացվեր առավելաբար կենցաղային անտանելի պայմանների ստեղծմամբ։ «Տիգրանակերտի քաղաքային խորհուրդը,- գրում է «Հայրենիք ամսագիրը» 1931թ.,- ընդունել է հետեւյալ որոշումները. հայերի հետ առեւտուր չանել, հայ գործավորներ բացարձակապես չգործածել, բռնի կերպով հայերից փողեր գանձել, նրանց գույքն առգրավել եւ այլն։

Պատմական մի վկայության համաձայն, 1929-30 թթ. միայն Խարբերդից, Տիգրանակերտից եւ Մարդինից տեղահանվել է շուրջ 30 հազար հայ։ Պրոֆ. Շավարշ Թորիկյանն այս տեղահանության կապակցությամբ մի իրավական մանրամասնություն է հաղորդում, ըստ որի` բռնագաղթի ենթարկված հայերի թուրքական անցագրերում դրվել է «Թուրքիա վերադարձն արտոնված չէ» գրությամբ կնիք։ Ավելացնենք նաեւ, որ Թուրքիայից անվերադարձ հեռանալու պարտադրանքը չի վերաբերվել միայն 1929թ. բռնագաղթին։ «Դրօշակի» ընթերցումներից պարզվում է, որ դեռեւս 1924թ. Սեբաստիայի առաջնորդ Սարգիս վարդապետը եպիսկոպոսական տիտղոս ստանալու նպատակով Էջմիածին մեկնելուց հետո զրկվել է Թուրքիա վերադառնալու իրավունքից։

Քեմալի իշխանության վերջին տարիներին, Դերսիմի զազա-ալեւիական ապստամբությունների մէջ գործուն դեր է ունեցել դերսիմի հայությունը։ «Հիմնվելով իրադրության ռազմական մանրամասն ուսումնասիրությունների վրա,- գրում է հոլանդացի արեւելագետ Մարտին Վան Բրույնեսենը,- դերսիմահայերը, որոնք վերապրել էին հայոց ջարդերը եւ ապրում էին Սիրիայում, քուրդ ազգայնականների հետ վերադարձան տարածաշրջան եւ տեղի ցեղախմբերին հաջողությամբ հրահրեցին ապստամբության»: Դերսիմի ապստամբության կազմակերպման համատեքստում, կարելի է հիշատակել Դերսիմ նահանգի Չմշկածագի Ձոր գյուղի բնակիչ, ՀՅԴ մարտական գործիչ՝ Մովսես (Ներսես) Փոթողլյանի նահատակությանը, որը տեղի ունեցավ Դերսիմի շրջակա քարայրներում, 1936թ.:

Իսմեթ Ինոնիուի գլխավորած իշխանությունների հատուկ որոշմամբ, 1942թ. նոյեմբերի 11-ին, էթնոկրոնական փոքրամասնությունների համար ճշտվեց «վարլըկ վերգիսի կանունու» կոչվող հարկային մի օրենք (բառացիորեն«ունեւորության հարկ»): «Թուրք առեւտրականը,- գրում են հետազոտողները,- պետք է վճարեր իր տարեկան եկամտի մոտ 5 տոկոսը, հույնը 150, հրեան179, իսկ հայը 232 տոկոսը»։ Իրանական «Իրանե մա» թերթը 1946թ. թողարկումներից մեկում շեշտում էր. «Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների մեջ ամենից ծանր վիճակում են հայերը»։

Հարկային այս անհեթեթ օրենքի դաժան գործադրմամբ, բռնի կրոնափոխության նոր ալիք առաջացավ, որի մասին Արսլան Գոթան անունով խարբերդցի ծպտյալ հայը, 1981թ. օգոստոսին, «Ջումհուրիեթի» թղթակցին պատմում է, թե ինչպես իր ընտանիքից պահանջում էին վճարել հազար ոսկիանոց «ունեւորության տուրք»։ Իսկ նրա հայրը, որ չէր կարողացել ամբողջ ունեցվածքը ծախելով հանդերձ վճարել տուրքը, ստիպված ընտանյոք իսլամ էր ընդունել։

Թուրքահայ գրող Մկրտիչ Մարկոսյանն իր գյուղագրական վեպերում նկարագրում է Տիգրանակերտի հայության կյանքը 1940-ականներին` եկեղեցական արարողություններ, հարսանյաց հանդեսներ եւ այլն։ Նա ասում է, որ. «Հայերը միայն արհեստավոր էին, որովհետեւ անելու այլ գործ չէր մնացել: Նրանք կորցրել էին իրենց հողամասերը եւ պաշտոնյա կամ զինվորական դառնալ էլ չէին կարող»:

Այսքանով կարելի է ասել, որ թուրքացման քաղաքականությունն ամենախոշոր չափերի է հասել Ինունյուի օրօք եւ պատճառ դարձել գավառներում ծպտյալ հայերի` մի նոր խմբաքանակի ձեւավորման։

Գրառումը՝ Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *